05.12.2019 | 15:10

05.12.2019 | 14:10

05.12.2019 | 13:20

05.12.2019 | 12:46

05.12.2019 | 12:10

05.12.2019 | 11:10

04.12.2019 | 15:10

04.12.2019 | 14:05

04.12.2019 | 13:10

04.12.2019 | 12:10

04.12.2019 | 11:10

03.12.2019 | 14:50

03.12.2019 | 14:10

03.12.2019 | 13:10

03.12.2019 | 12:10

03.12.2019 | 11:10

02.12.2019 | 16:12

02.12.2019 | 14:10

02.12.2019 | 13:10

02.12.2019 | 12:10

02.12.2019 | 11:10

30.11.2019 | 14:50

30.11.2019 | 14:10

30.11.2019 | 13:10

30.11.2019 | 12:10

30.11.2019 | 11:10

29.11.2019 | 14:10

29.11.2019 | 13:10

29.11.2019 | 12:10

29.11.2019 | 11:10

28.11.2019 | 15:10

28.11.2019 | 14:10

28.11.2019 | 13:10

28.11.2019 | 12:10

28.11.2019 | 11:10

27.11.2019 | 15:34

27.11.2019 | 14:10

27.11.2019 | 13:10

27.11.2019 | 12:10

27.11.2019 | 11:10

Կրթության և գիտության նախարարությունը բավական լուրջ «քիմմաքրում» է իրականացրել բարձրագույն կրթական հաստատություններում:
Սակայն դա արվել է ոչ այնքան կիսատ գործը շարունակելու, և համակարգն առողջացնելու միտումով որքան, հաջորդ տարի պետական և ԿԳՆ-ի սրտացավության շրջանակներում պետական բուհերի համար շրջանավարտ ապահովելու համար։ Բանն այն է որ հաջորդ տարի դպրոցները շրջանավարտներ չեն ունենալու։ Ելնելով դրանից` «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստում որոշվել է մի շարք բուհերի զրկել լիցենզիայից:
Այդ հրապարակման շնորհիվ հայ հանրությանը վերջապես բախտ վիճակվեց տեղեկանալ, որ Հայաստանում նման անվամբ բուհեր գոյություն ունեն, որոնք այլևս չեն գործելու. Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտ, «Մյուդ» իրավաբանական ինստիտուտ, «ԷյԱյՅու» Արիա միջազգային համալսարան, Վանեվան» ինստիտուտ, Արմավիրի «Արարատ» համալսարանն, որն ունի սեփական շենք և հրաշալի պայմաններ ու դասախոսական կազմ, «Քավենդիշ»-ը, որ Գրանդ Տոբակո ընկերությունը ստեղծել էր բիզնեսի այդ տեսակն էլ ունենալու համար, չհաջողելով փակեց համալսարանը, Արտաշատի «Արտաշատ» համալսարանում ինչ-որ դեպքեր սարքվեցին` բերելով լուծարման:
Հանձնաժողովի «դամոկլյան սուրը» վերջնականապես իջել է նաև մի քանի բուհերի որոշ ֆակուլտետների վրա. այդպես, այլևս առոչինչ են դառնում Երևանի «Մենեջմենթի» համալսարանի Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, Լրագրություն, Իրավագիտություն, Թարգմանչական գործ, «Գալիք» համալսարանի Իրավագիտություն, Կառավարում, Օտար լեզու և գրականություն, «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանի» Իրավագիտություն, Օտար լեզու և գրականություն, Մանկավարժություն և հոգեբանություն, Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, Գեղանկարչություն, «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան» Ֆիզկուլտուրա և սպորտ, Մանկավարժություն և մեթոդիկա, Ֆինանսներ, Իրավագիտություն, Երևանի «Էկոլոգիայի տնտեսագիտության և իրավունքի հայկական ինստիտուտի» Ֆինանսներ, Իրավագիտություն, Օտար լեզու և գրականություն, «Երևանի մշակույթի համալսարանի» Լրագրություն ֆակուլտետները: Սրանով կարծես հիմք է դրվում այս բուհերի դանդաղ փակման գործընթացի։
Բացի վիրահատական ճանապարհով Հայաստանի կրթական համակարգից հիշյալ բուհերը կտրել-գցելուց, հանձնաժողովը մի քանիսին էլ դեղին քարտ է ցույց տվել. նախազգուշացումներ են ստացել Երևանի Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանը, Երևանի հումանիտար ինստիտուտը և «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը` հանձնաժողովը նրանց պարտավորեցրել է վերացնել բացահայտված թերացումները` հաջորդ անգամ սև ցուցակի մեջ չհայտնվելու համար:
Ընդհանուր առմամբ, կասեցվել է 8 կազմակերպության լիցենզիաների գործողությունը. 2010թ. մարտին դադարեցվել էր Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի, իսկ մասնակի` 6 կազմակերպության բարձրագույն մասնագիտական ծրագրերի իրականացման լիցենզիաների գործողությունները:
Կրթության նախարարությունը միաժամանակ հավաստիացրել է այս բուհերում սովորող ուսանողներին, որ նրանք կարող են իրենց կրթությունը շարունակել ոչ պետական հավատարմագրված բուհերի և պետական բուհերի նույն կամ հարակից մասնագիտությունների համապատասխան կուրսերում: Այս երգը երգվեց նաև նախորդ փակման գործընթացը սկսելուց առաջ, երբ ամեն ինչ դեռ նոր –նոր էր կազմակերպվում ու ուսանողներին կանգնեցրին փաստի առջև։
Պետական բուհերում սովորելու հնարավորության հավաստիացումները ուղղակի քաղցր հաբեր են ուսանողներին` այդ պահին շոկից դուրս բերելու հարցում, որի զորությունը տևում է մինչև տեղափոխման դիմում գրելը։ Դրանից հետո նրանք արագ հասկանում են, որ խաբված են ու ոչ միայն պետական, այլև քիչ թե շատ հեղինակավոր բուհ չեն կարող դիմել։
Նախարար Աշոտյանը չի խուսափում գնահատականներ տալուց, շեշտելով, որ ոչ պետական բուհերը չեն կարող համեմատվել պետականների հետ, քանի որ մեր կրթական համակարգը չի զարգացել այնքան, որ մասնավոր բուհը համարժեք մակարդակ ունենա:
Իհարկե, լավ է, որ Կրթության և գիտության նախարարությունում, թեկուզ հազվադեպ, բայց ինչ-որ դրական բան արվում է, բայց ամբողջ հարցն այն է`թե ինչպե՞ս է դա արվում։
Եվ որ ամենակարևորն է, ո՞վ պետք է պատասխան տա «գրդոնի» համար, որ այսքան տարի անխափան հոսել է որոշ մարդկանց գրպանները։ ՀՀ կրթական համակարգն այն աստիճան է այլասերվել, ու բուհերում` լինի դա պետական, թե մասնավոր, բարքերի այնպիսի անկում է, որ այստեղ ոչ թե տեղային վիրահատական միջամտություններով է կարելի ինչ-որ բան շտկել, այլ` համակարգային բուժմամբ:
Լուսինե Կեսոյան
Շատ հարմար է ապրել մի շենքում, որի տակ խանութ կա, ավելի լավ, եթե դա սուպերմարկետ է, բայց Կոմիտաս 54/1 բնակիչները բոլորովին ուրախ չեն այդ հանգամանքից, քանի որ նրանց բակը վեր է ածվել աղբանոցի:
Սա SAS-ի բակի կողմն է: Ամենուր թափթփած են արկղեր, զանազան տարաներ, ժամկետն անցած սննդի մնացորդներ, որոնք հոտում են, գրավում «բոմժերին» ու թափառական շներին: Սուպերմարկետը սեփական աղբամաններ չունի, իր աղբը թափում է բակում տեղադրված 3 բավականին փոքր աղբամանների մեջ:
SAS սուպերմարկետների ցանցը համարվում է քաղաքակիրթ, բարձր որակի սպասարկում ու ապրանքի տեսականի ունեցող խանութների ցանց: Ինչպե՞ս կարող էր խոշոր տնտեսվարող սուբյեկտը թույլ տալ այսպիսի իրավիճակ: Շենքի բնակիչ Վարդի Քեշիշյանի խնդրանքով ես սկսեցի պարզել իրողությունը:
«Մեր բակը դառել է աղբանոց, մուտքն է փակվում, աղբահանող մեքենաները, որոնց համար նրանք ասում են, որ վճարում են, տանում է միայն տնտեսական աղբը՝ արկղերը, պլաստիկե տոպրակներն ու զանազան այլ տարաներ: Ժամկետանց սնունդը ևս թափվում է մեր բակում, ու երբ վերևից հավաքում ու տանում են էդ տարաները, հոտած սննդի հոտն տարածվում է բակով մեկ: Հակասանիտարական վիճակ է բակում: Ես արդեն մեկուկես ամիս է փորձում եմ ինչ-որ բան կարգավորել, դիմել եմ և´ SAS-ի ղեկավարությանը, և´ համատիրություն, և´ կոմունալ ծառայությունների վարչություն, որը զբաղվում է աղբահանության կազմակերպմամբ: SAS-ում առաջին անգամ քաղաքավարի արձագանքեցին, ասացին, որ կշտկեն, կկարգավորեն: Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ ոչինչ չի փոխվում նորից դիմեցի: Այս անգամ պակաս բարեհամբույր ընդունելության արժանացա: Առաջարկեցի Գրիբոյեդովի նրբանցքում տեղադրել խանութի համար աղբամաններ, առաջարկս համարեցին խելքին մոտ ու ասացին, որ ընթացք կստանա: Բայց մինչ օրս շարունակում են աղբը թափել շենքի աղբանոցը: Դիմեցի համատիրություն, այնտեղ ինձ ասացին. «Գիտե՞ս ում հետ ես ոտք գցում»: Ասացին, որ խանութն իրենց ոչինչ չի վճարում: Մենք ի՞նչ անենք, մենք ինչի՞ պիտի մեր օրը սկսենք ու վերջացնենք աղբակույտի կողքին: Երեկոները թափառական շներից ու բոմժերից ենք վախենում, որոնք գալիս են աղբը քրքրելու:
Արաբկիրի կոմունալ վարչությունն ասաց, որ եթե աղբահանությունը ժամանակին կատարվում է, ապա դա իրենց պրոբլեմը չէ:
SAS-ի տնօրինությունը` ի դեմս աշխատակցուհի Էլենի ինձ ասաց, որ այդ բակն աղբանոց էր մինչև իրենց այդ շենքում հաստատվելը, ու իրենց վճարած ամսական 90 000 գումարի շնորհիվ, շենքի բակից աղբը տեղահանվում է օրական երկու անգամ: Նրանք պայմանագիր ունեն աղբ տեղափոխող կազմակերպության հետ:
Այդ կազմակերպությունը, ինչպես պարզեցի, «Էկոառ»-ն է, որը զբաղվում է «լայնածավալ ու շինարարական աղբի տեղափոխմամբ», այսինքն՝ փչացած մթերքի տեղափոխումը, եթե այն կոնկրետ արկղերի վրա չի, կամ թափթփած է կողքերը, նրանց պայմանագրային պարտավորությունների մեջ չի մտնում: Նաև պնդում է, որ իրենց կողմից բակը չի աղտոտվում, աղբը նետվում է միայն տեղադրված 3 արկղերի մեջ, ինչին հակադարձնում են բնակիչները, ասելով, որ նույնիսկ տեխնիկական աշխատողներն են խանութի աղբը խանութի հետնամուտքի փոքրիկ դռնակից դուրս շպրտում: «Էկոառ»-ում ասացին, որ նրանց մեքենաները գրաֆիկով են աշխատում, ու իրենց կողմից սպասարկվող յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ գիտի իր ժամը, և կարող է նման անախորժություններից խուսափելու համար հավաքել իր աղբը խանութի ներսում, ու հետո միանգամից բեռնել աղբատարի մեջ: Գրիբոյեդովի նրբանցքում հատուկ SAS-ի համար մեծ կոնտեյներներ տեղադրելու առաջարկս խանութի ղեկավարության ընդունվել է։ Ինձ այսօր հեռախոսով SAS ցանցի տնօրինության անունից հայտնեցին, որ մոտ ժամանակներս աղբահանության վիճակը կկարգավորվի. Տնօրինությունը կդիմի քաղաքապետարան՝ կոնտեյներներ տեղադրելու պահանջով: Սպասենք՝ տեսնենք:
Քաղաքակիրթ երկրներում աղբահանության հարցը վաղուց կարգավորված է: Փողոցներում դրված են մարդաբոյի՝ տնտեսական թափոնների ու մթերքի մնացորդների համար առանձին հատկացված կոնտեյներներ, բնակչությունն էլ գիտակից է, մերոնց նման իր տան շեմից աղբը մաքրող ու հարևանի դռան դեմը քշող չի՝ ամեն տեսակի աղբ գցում է իրեն հատկացված տեղը: Եթե ժողովրդից մեկ առ մեկ չենք կարող պահանջել հետևել քաղաքակրթության նորմերին, ապա տնտեսվարող սուբյեկտներից ու կազմակերպություններից պարտավոր ենք՝ մե´ր քաղաքն է, մե´նք պիտի հետևենք ու տեր կանգնեք մեր քաղաքի մաքրությանը:
Շենքերի աղբարկղերը իրենց թափոնների համար միայն SAS-ը չի օգտագործում, ուղղակի մեծ սուպերմարկետի աղբը շատ է, ու հասցրած անհարմարություններն էլ հետը, դրա համար էլ բողոք է առաջացրել: Բայց այն, որ քաղաքում աղբահանությունը մնում է շատ ցածր մակարդակի, որ մենք բոլորս ամեն օր հայհոյելով չգիտես ում, իսկ եթե չգիտես ում, ապա՝ իշխանություններին, անցնում ենք աղբակույտերի մոտով, փաստ է: Այս կոնկրետ դեպքը բարձրաձայնելով, երկու-երեք օր բոլոր պատասխանատու կառույցները՝ քաղաքապետարանի կոմունալ վարչություն, սուպերմարկետ, աղբահանող կազմակերպություն խառնելով իրար հարցը գոնե լսելի դարձավ: Մենք հետամուտ կլինենք, թե ինչպե՞ս է կատարում SAS-ն իր խոստումը, ու տեղյակ կպահենք ընթերցողին:
Յուրաքանչյուր երկրի քաղաքակրթության մակարդակը որոշվում է իր հանրային տարածքների աղբատեղերի, զուգարանների մաքրության շեմով: Ու մինչև այդ տարածքը չմաքրվի՝ մենք չենք մաքրվի:
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Երեկոյան դեմ, երբ գնացի լուսանկարելու, Վարդն ասաց, որ այսօր երեք անգամ են տեղափոխել աղբը, բայց բակն էլի կեղտոտ է՝ հոտած մթերք կա թափթփած, աղբարկղերն էլ լիքն են, այսինքն` տարել են միայն SAS-ի տարաները: Արաբկիրի կոմունալ վարչությունը, ասելով, որ իրենց պարտավորությունը կատարում են , սուտ դուրս եկավ, որովհետև շենքի աղբը այդ պահին դեռ տեղում է (լուսանկարները կցված են):
Իսկապես մտահոգիչ է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների առողջական վիճակը: Այս հարցում առաջատարը, թերևս, վարչապետն է. նա ամենաբազմազբաղն է։ Գործադիրի ղեկավարը առողջական խնդիրներ ունի, և, ըստ պաշտոնական տեղեկատվության, Տիգրան Սարգսյանն իր կարճատև արձակուրդը կանցկացնի բուժման մեջ։ Առողջական խնդիրները լուծելու նպատակով արտերկիր են մեկնում այլ` ոչ պակաս բարձրաստիճանավորներ, բայց սովորաբար այդ մասին չի խոսվում։ Մեր ունեցած տվյալներով, նրանց մոտ գերիշխողը արյան հետ կապված հիվանդություններն են։
Այն, որ հայ գործադիր և օրենսդիր մարմինների համարյա բոլոր անդամները հիվանդ են, բավական մտահոգիչ է: Մոտ մեկ ամիս առաջ իր կարևորագույն պոստն էր լքել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Մարդիկ մտածում էին, թե նա կայֆերով ամառ է անցկացնում Հավայան կղզիներում, մինչդեռ ոստիկանապետը, դարձյալ ՀՀ անխոնջ պաշտոնյայի ճակատագրին հավատարիմ, արձակուրդն անցկացնում էր նախորդ կայֆերի ժամանակ վնասած ուսը կարգի բերելով:
Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև մեր պաշտոնյաների մարմինների «թույլ» օղակները. քանի որ ՀՀ ոստիկանությունը, մասնավորապես ՀՀ ոստիկանապետն իր ուսերին է վերցրել ՀՀ քաղաքացիների անվտանգության պահպանման պատասխանատու գործը, որը նվիրական լինելով հանդերձ նույնքան ծանր է ու դժվարին, Ալիկ Սարգսյանի մոտ խնդիրներ էին ծագել հենց ուսի շրջանում, դրա համար էլ նա ստիպված իր արձակուրդի թանկ օրերը հատկացրեց ուսի վիրահատության բարդ գործընթացը կազմակերպելուն:
ՀՀ գործադիրների և օրենսդիրների` որոշ օրգանների շարքից դուրս գալը անհատական առանձնահատկություններ էլ ունի. պինդ ոսկորները մի փոքր ավելի երկար են դիմանում, ովքեր մի քիչ ավելի փխրուն են, միանգամից տեղի են տալիս: Օրինակ` ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մոտ գլխի հետ կապված խնդիրներ ծագեցին նախարարական բարձր պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց. բնական է, կրթությունն ու գիտությունը հիմնականում գլխով լուծելի ոլորտներ են, դրա համար էլ ՀՀ գործադիրի այս անդամի «թույլ օղակը» հենց գլխի հատվածում էր առաջացել:
Լինում են նաև դեպքեր, երբ առողջական խնդիրներն ավելի քան տեղին են հայտնվում և փրկում մեր բարձրաստիճաններին մի շարք` ոչ հաճելի պարտականություններից: Այդպես, անցյալ տարի համաներման արդյունքում 2008թ. Մարտի 1-ի հետևանքով ազատազրկման մեջ հայտնվածներից շատերը ազատ արձակվեցին: Նրանց մեջ էին նաև ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, որոնք զրկվեցին մանդատներից: Քանի որ նրանք հալածյալի կարգավիճակում էին հայտնվել ընդդիմադիր գործունեության համար, ենթադրվում էր, որ բանտից դուրս գալուց հետո էլ պետք է շարունակեին գործունեությունը: Բայց նրանք ընդդիմադիր գետի հորձանուտն երկրորդ անգամ մտնել չէին ցանկանում: Եվ այստեղ պաշտոնաթող օրենսդիրներին օգնելու եկան առողջական խնդիրները: Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ) միանգամից մեկնեցին արտասահման` առողջությունը վերականգնելու, և մինչ այժմ այնտեղ ինտենսիվ զբաղվում են առողջական խնդիրների լուծմամբ:
ՀՀ գործադիրների և օրենսդիրների մեջ լինում են նաև տխուր բացառություններ: ՀՀ ամենահետաքրքիր բացառությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է: Նա իր առողջական խնդիրները լուծելու համար ոչ միայն չի հետևում ՀՀ վարչապետի և ոստիկանապետի օրինակին և դրանք կազմակերպում արձակուրդի ընթացքում, այլև ավելին, առողջական խնդիրներն օգտագործում է պատվերով հիվանդանալու բարի ավանդույթների համաձայն: Վարդանիկը այս տարվա մայիսին մեկնեց Ֆրանսիա` առողջական խնդիրները կարգավորելու: Սակայն մինչ այդ էլ նա պարբերաբար լքում էր պոստը` պատճառաբանելով առողջության վերականգնումը: Վարդանիկը բացառություն է նաև «թույլ օղակի» առումով. անհնար է ասել, թե Գյումրու քաղաքապետը հատկապես մարմնի ո՞ր մասին է «զոռ տալիս», անհնար է գուշակել անգամ, թե մեկնումների ժամանակ հատկապես իր ի՞նչն է բուժում Վարդանիկը: Ամբողջ իռացիոնալությամբ հանդերձ, Վարդանիկի պարբերական բուժումներն ու այդ նպատակով ձեռնարկված ուղևորությունները մի ուշագրավ
առանձնահատկություն ունեն. դրանք ձեռնարկվում են հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանի երկրորդ քաղաքում լուրջ խնդիրներ են ծագում և հատկապես, երբ սև ամպեր են կուտակվում Ղուկասյանի գլխին:
ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչային տարկետման իրավունք տալ 4 հոգու: Որպես կանոն, նման բախտի արժանանում են միայն ընտրյալները կամ իսկապես առանձնահատուկ տաղանդով օժտվածները, կամ առանձնաշնորհյալների զավակները: Կրթության և գիտության նախարարության կրթության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը սիրահոժար տրամադրեց տարկետման իրավունք ստացածների տվյալները. դրանք դրված են նաև նախարարության www.edu.am կայքում, այնպես որ ցանկացած ոք կարող է պարզել, թե ում է ՀՀ գործադիրն ազատել զինվորական ծառայությունից:
Տարկետման հնարավորություն ստացածները հիմնականում բնակվում են «գոլդ» հասցեներում և ընդունվել են արտերկրի բուհեր: Այդպես, Գոռ Գասպարի Հովակիմյանը` 1992թ. ծնված, որ բնակվում է Երևանի Վարդանանց 2 հասցեում, ընդունվել է Լոնդոնի Գլուսիստերշիրի համալսարան` «Գործարարության կառավարում» մասնագիտությամբ: Երևանի Չարենցի փողոցում բնակվող Դավիթ Նորայրի Հակոբյանը ընդունվել է Ստոկհոլմի ԿԹՀ Տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտ, Թումանյան 1-ում բնակվող Արտավազդ Մյասնիկի Գրիգորյանը` Պրահայի ինտերնացիոնալ համալսարան: Իսկ ահա Արշակունյաց պողոտայում բնակվող Նարեկ Տիգրանի Աբգարյանի ընդունվելու վայրն անհայտ է:
Եթե այս երիտասարդներն իսկապես իրենց ուժերով են ընդունվել արտերկրի հեղինակավոր բուհեր և կառավարությունն ընդառաջ է գնացել նրանց` թույլ տալով հանգիստ կրթվել` առանց պարտադիր զինծառայության պարտքը կատարելու, ապա այս երիտասարդներին և գործադիրին կարելի է միայն ողջունել: Սակայն, ցավոք, ոչ միշտ է, որ այդպես է լինում: Սովորաբար նման հնարավորություն ստանում են հենց պաշտոնյաների երեխաները. օրինակ, կառավարության անցած նիստին գործադիրը տարկետման իրավունք էր տվել Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդուն: Իհարկե, լավ է, որ երիտասարդները ձգտում են կրթություն ստանալ աշխարհի հեղինակավոր բուհերում, սակայն վատն այն է, որ ՀՀ բուհերն այն աստիճան են կորցրել հեղինակությունը, որ ով կարողանում է, նախընտրում է արտերկրի բուհերը: Վատ է այն, որ նման հնարավորություն ունեն միայն երկրում եղանակ փոխող մարդիկ, այն մարդիկ` ովքեր ի զորու են ազդել ՀՀ կրթական համակարգը կիսամեռ վիճակից դուրս բերելու հարցում, բայց նրանք, ներսում դրությունը շտկելու փոխարեն, իրենց երեխաներին դուրս են տանում երկրից, ՀՀ քաղաքացիների մոտ էլ ավելի ամրապնդելով կարծիք, թե ՀՀ կրթական համակարգի վերափոխման համար դեռ շատ ջուր պիտի հոսի:
Լուսինե Կեսոյան
Այսօր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Վարչարարության թափանցիկություն և հակակոռուպցիոն բաղադրիչ» լոզունգի ներքո հանրակրթության ասպարեզ է ներմուծել բիզնեսի մի տեսակ, որ կարելի է անվանել «փողով օրագիր»: Սրա էությունը ոչ թե այն է, որ դպրոցներում սկսելու են օրագրեր վաճառել կամ փող տալով օրագրում բարձր գնահատական նշանակել տալ, այլ որ բարձր տեխնոլորգիաները ներխուժելու են նաև դպրոց` այնտեղից դուրս քշելով թղթից օրագիր կոչվածը: Նախարարը ներկա է եղել «dasaran.am» կայքի շնորհանդեսին։
Կայքի միջոցով 2009-2010 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին Երևանի թիվ 114 և 177 դպրոցներում ներդրվել է վիրտուալ օրագրերի համակարգը: Սրա միջոցով յուրաքանչյուր ծնող կարող է օնլայն եղանակով ծանոթանալ իր երեխայի առաջադիմությանը, վարքին, ընթացիկ հանձնարարություններին և այլն:
Տեղեկատվության մեջ նշված էր, որ սույն ծառայությունը լինելու է կամավոր հիմունքներով, ամսական 2000 դրամ վճարով: Երբ ԿԳՆ Կրթության վարչության պետ Արթուր Բաղդասարյանից հետաքրքվեցինք, թե արդյոք շատ չէ՞ 2000 դրամը, վերջինս սկսեց բացատրել, որ իրենք ձգտելու են խիստ տարբերակված մոտեցում հանդես բերել, որ գումարը կտատանվի` ելնելով դպրոցի և այնտեղ սովորող աշակերտների թվից, որ այդ ծառայությունն ապահովող ընկերությունը հոգալու է նաև կորպորատիվ, սոցիալական (անապահովների համար) փաթեթների մասին:
Ընդ որում, կանխիկ փողի հետ դպրոցներում շփումը բացառելու համար բոլոր վճարումները կատարվելու են բանկերում: Մի հետաքրքիր հանգամանք. մեր հարցումից հետո նախարարության կայքից վիրտուալ օրագրի համար սահմանվելիք վճարի մասին տեղեկատվությունը հանվեց:
Պ-ն Բաղդասարյանի խոսքից կարելի է եզրակացնել, որ բավական լուրջ խտրականություն է գնալու դպրոցների հարցում: Դեռ նախնական, փորձնական փուլում ընտրվել են միայն երկու դպրոց, մեկը` անգլիական թեքումով 114 դպրոցը, որը համարվում է թիվ 1 էլիտար դպրոցը և քաղաքի ծայրամասում` Ավանի Դուրյան թաղամասում գտնվող 177-րդ շարքային հանրակրթական դպրոցը: Հնարավոր է, որ հետագայում վարչապետ Տիգրան Սարգսյանը կարողանա իրագործել իր հերթական ուտոպիստական ծրագիրն ու անգամ ամենահեռավոր գյուղերում ինտերներտը դառնա հասանելի, իսկ ծնողները` այնքան գերժամանակակից, որ կարողանան օնլայն եղանակով ստուգել իրենց երեխաների առաջադիմությունը, սակայն այս պահին արդարացի չի նման մոտեցումը։ Երեխան մեղավոր չի, որ ինքը ոչ թե երևանում է ծնվել այլ հեռվոր մարզում։ Իսկ որ առայժմ գյուղական բնակավայրի դպրոցականը չի կարող օնլայնով օրագիր պահել կասկածի տեղիք չի տալիս։
Բացի այդ, հնարավո՞ր է, ասենք Կալինինոյի շրջանի գյուղերից մեկի մի քանի հոգանոց աշակերտ ունեցող դպրոցից նույն գումարը հավաքել, ինչ Չեխովի կամ Պուշկինի դպրոցների աշակերտներից:
Սա իմիջիայլոց, վատ բիզնես չէ: Եթե հիմա սովորական օրագրի արժեքը սկսվում է, ենթադրենք, 300 դրամից, ապա օնլայնի դեպքում ստացվում է, որ այն կարժենա 18000 դրամ (9 ամիս` բազմապատկած 2000 դրամով): Այս օրագրերը անհատական են լինելու և ծնողներն այնտեղ մուտք կունենան միայն հատուկ գաղտնագրի ներմուծմամբ։ «Վերջին ժամանակահատվածում նախարարությունը խիստ կարևորում է կրթական ոլորտի բարեփոխումներում հասարակական և մասնավոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանը, վարչարարության թափանցիկությանը, ունեն հակակոռուպցիոն բաղադրիչ»-,նշել է նախարարը: Փաստորեն, 18 հազար դրամանոց օրագրեր ներմուծելով Կրթության և գիտության նախարարությունը հույս ունի բարձրացնել կրթության որակը, վարչարարությունը դարձնել թափանցիկ, և դպրոցը զերծ պահել կոռուպցիայից:
Լ.Կ.
Վերջին շրջանում բավական ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում, թե հարկային մարմիններն ինտենսիվ ստուգումներ են սկսել Արարատի մարզում գտնվող Հովիկ Աբրահամյանին պատկանող օբյեկտներում:
Ազգային ժողովի խոսնակը հատկապես ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին խնամիանալուց և քոչարյանական խաղեր տալուց հետո մի տեսակ ընդգրկվեց ՀՀ «հալածյալների» ցանկում և եթե այս տեմպերով շարունակվի, չի բացառվում, որ մի օր էլ նա դառնա թունդ ընդիմադիր կամ հռչակվի ՀՀ հերթական «քաղբանտարկյալ»:
Տեսնենք, թե ի՞նչ ստուգումներ են և արդյո՞ք իրականությանը համապատասխանում են դրանց վերաբերյալ խոսակցությունները: Մենք նախ փորձեցինք Պետեկամուտների կոմիտեից հավաստի ինֆորմացիա ստանալ (որպեսզի հետո չմեղադրվենք ստահոդ լուրեր փոխանցելու մեջ) կատարված ստուգումների վերաբերյալ, թե մարզի ո՞ր օբյեկտներն են ստուգվել, չարաշահումներ հայտնաբերվել են, թե ոչ, եթե այո, ապա ի՞նչ կարգի, սակայն ՊԵԿ լրատվական ծառայությունը` իր աշխատաոճին հավատարիմ, այդպես էլ անպատասխան թողեց հարցումը, թեև չբացառեց էլ, որ մոտ ապագայում առաջադրված հարցերի պատասխաններն անպայման կլինեն։
Այդպես, պաշտոնական տեղեկատվություն չստանալով, փորձեցինք հասկանալ, թե այդ ի՞նչ ստուգումներ էին, որ նախաձեռնել էին առյուծի սիրտ կերած հարկային մարմինները, և ի՞նչ առնչություն ունի այս ամենի հետ ԱԺ նախագահը։
Ասում են` Ազգային ժողովի ներկայիս խոսնակն իր գործարար տաղանդը դրսևորել է դեռ վաղ երիտասարդության շրջանում` Երևանում ծաղիկ ծախելով: Ասում են, որ ճարպկությունը` իր առաջխաղացման գրավականը, նա դրսևորել է դեռ այն ժամանակ, երբ օպերայի մոտ իր մայրիկի հետ ծաղիկ էր վաճառում։ Այն ժամանակ դա հարգանքի արժանի վաստակ չէր, և Սերգեյիչն էլ ոստիկան չէր, ու շարքային ոստիկանները արգելում էին մարդկանց փողոցային առևտուրը: Ու քանի որ Բեգլարյանն էլ թաղապետ չէր, հայհոյելով քշում էին նրան տարածքից. չանցած երկու րոպե, ժիր պատանին ծաղիկներով հայտնվում էր նույն Օպերայի հակառակ կողմում և շարունակում իր գործունեությունը: Այսօր Աբրահամյանն արդեն միայն հարսանեկան արարողությունների ծաղիկների վրա հազարավոր դոլարներ է ծախսում:
Արտաշատի գինու գործարանը վաճառելուց հետո Արգամիչը իր հայրենի գյուղում կառուցեց Մխչյանի գինու և կոնյակի գործարանը: Մարզում Աբրահամյանների սեփականության ցանկում կան նաև ավազի հանքեր, որտեղից օրական 40 մեքենա ավազ է վաճառվում: Նախկինում Աբրահամյանը գյուղապետերին պարտադրում էր իր հանքերից գնել նաև ավազի խոշոր մնացորդները և օգտագործել որպես շեբեն, սակայն, հիմա այլևս դրանք հատուկ տեխնոլոգիայով մանրացվում են և շատ ավելի թանկ գնով վաճառվում շինարարական կազմակերպություններին` գյուղապետերին ազատելով գոնե այդ գլխացավանքից:
Արարատում ասում են, որ իր ունեցվածքի մեծ մասին Աբրահամյանը հասել է սրանից-նրանից խլելու ճանապարհով. վկան` այլևս հանգուցյալ նրա առաջին գործընկերը`գինեգործ Զորիկը, որի մահից հետո Աբրահամյանն իր դստերը կնության տվեց նրա տղային:
ԱԺ խոսնակը մարզում հասցրել է իրենով անել նաև հարյուրավոր հեկտարներով հողակտորներ` մոտավորապես խոսվում է 700-800 հա մասին: Աբրահամյանը 50 տոկոս փայատեր է նաև մի շարք գազալցակայաններում:
ԱԺ խոսնակը բավական օրիգինալ կարգ է մտցրել մարզում. եթե որևէ մեկը ցանկանում է գործ սկսել, ապա դրա ամենակարևոր նախապայմանն է` բոլոր աշխատանքները, ներդրումները սեփական ուժերով կատարել-հաղթահարելուց հետո Աբրահամյանին «պրիզնատ գալ» որպես փայատեր։
Սա բավական ընդունելի մոտեցում է Հայաստանի Հանրապետությունում` որոշ ժամանակից սկսած, նման մարտավարությամբ են գործում գրեթե բոլոր տեղական ֆեոդալները, այնպես որ Մխչյանի հերոսը չէր կարող բացառություն լինել:
«Չկա էստեղ մի բան, որ նա փայ չունենա»,- ասում են արտաշատցիները:
2007թ. Հանրահավաքներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ ՀՀ փոխվարչապետի աթոռի շեմը հաղթահարած Հովիկ Աբրահամյանի մասին ասել է: «Փորձեք հիշել կամ պարզել, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետևյալ ձեռնարկությունները. Արտաշատի գինու գործարանը, նույն քաղաքի մեխանիկական գործարանը, Շահումյան գյուղի շարժական մեքենայացված շարասյունը, այդ գյուղում տեղակայված գյուղշին 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի կենցաղսպասարկման շենքը՝ վերածված կազինոյի, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը, նույն քաղաքի հյուրանոցի ռեստորանը, Մխչյան գյուղի գինու գործարանը, շրջանի բոլոր գազալցակայանները, Մխչյանի ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արաքս գետի երեք ավազահանքեր, հազարավոր հեկտար կազմող հողատարածքներ ու հանքավայրեր Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Գոռավան գյուղերում և Արարատի մարզի այլ բնակավայրերում»:
Հենց այս ամենը հաշվի առնելով էլ հարց է ծագում` ի՞նչ ստուգումների մասին կարող է խոսք լինել. Պետեկամուտների կոմիտեի սովորական ստուգումները, որ նրանք պարտավոր են ժամանակ առ ժամանակ կատարել այս կամ այն մարզում, կարելի է հանգիստ խղճով որակել զուտ Աբրահամյանների ունեցվածքի ստուգում, քանի որ Արարատի մարզում շատ քիչ օբյեկտներ կհանդիպես, որոնցում ԱԺ նախագահը մաս չունենա: Այստեղ ՊԵԿ-ը, ինչ էլ անի մեխանիկորեն որակվելու է ոտնձգություն և փորձ` ճնշելու քոչարյանական թևին պատկանող և Գագիկ Ծառուկյանի խնամիության պատվին արժանացած Աբրահամյանին: Այլ հարց է, որ Պեկ-ին այդքան էլ հաճախ «դաբրո» չի տրվում քիթը խոթել ԱԺ նախագահի բիզնեսների մեջ ու նման հազվադեպ փորձերը անմիջապես քաղաքական աստառ են ստանում։
Իսկ արարատցիներն առանձնապես չեն ըմբոստանում Աբրահամյանի փայատիրական նկրտումների դեմ և ենթարկվում են մարզում նրա հաստատած կարգուկանոնին` հասկանալով, որ մի բան է` Հայաստանում լինել շարքային քաղաքացի — գործարար, այլ բան` ունենալ նման հզոր ու ճարպիկ պաշտպան:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ երկուստեք հետևողական աշխատանքի և պարբերական հանդիպումների շնորհիվ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում և ակնկալվող արդյունքները շուտով տեսանելի կլինեն: Անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարության մշակման հարցում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցության տրամադրելու պատրաստակամությանը` Ա. Աշոտյանը նշել է. : Նախարարը բարձր է գնահատել նաև նախարարության կարողությունների գնահատմանը միտված ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախագիծը, այն դիտարկելով որպես գործունեության արդյունավետության բարձրացման համար կարևոր հիմք:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, արտահայտելով իր գոհունակությունն արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ բոլոր զարգացած երկրներում էլ հասարակական դիմադրություն կա կրթության և առողջապահության բնագավառներում իրականցվող բարեփոխումների առումով: Նա հավելել է, որ իրականցվող ծրագրերը հնարավորություն կտան ընդգծել բարեփոխումների առավելությունները` բարենպաստ պայմաններ ստեղծելով հասարակական կարծիքի ձևավորման համար: Տիկին Գերչևան տեղեկացրել է, որ նախատեսվող ծրագրերի մեկնարկը կտրվի սեպտեմբերին, երբ Հայաստան կժամանեն բարձրակարգ միջազգային փորձագետները: Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ երկու ծրագրերի իրականացման ուղղությամբ նախարարությունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես նախարարության կարողությունների վերլուծման, ինտերնետային նոր կայքի ստեղծման, ինչպես նաև կրթական հեռուստահաղորդաշարերի և կրթական թեմաներով սոցիալական գովազդների պատրաստման և հեռարձակման հնարավորությունների առումով:
Աստղագետները մեծացրել են 1999 RQ36 աստերոիդի հետ Երկիր մոլորակի հետ բախման հավանակնությունը XXII դարում:
Հաշվարկների համաձայն այդ երկնային մարմինը կարող է բախվել Երկրի հետ մեկը հազարի հավանականությամբ: Հետազոտության մանրամասները նշված են գիտության և տեխնիկայի իսպանական հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ:
Աստերոիդների շարժումը ուսումնասիրող իսպանացի հետազոտողները պարզել են, որ 1999 RQ36-ը կարող է բախվել Երկրի հետ մեկը հազարի հավանականությամբ 2182 թվականին:
Իրենց հաշվարկների համար գիտնականները օգտագործել են հավանականության մոդելները, որոնք սովորաբար օգտագործվում են Երկրի և այլ երկնային մարմինների հանդիպման հնարավորությունները հաշվարկելու համար:
1999 RQ36 աստերոիդի տրամագիծը 560մ է: Իսկ հայտնի Ապոֆիս-99942 աստերոիդինը՝ ընդամենը 270մ:
1999 RQ36-ը առաջին անգամ հայտնաբերել է 1999թ, սակայն այն ժամանակ նրան Երկրի համար վտանգավոր չեն համարել:
Հետագա հաշվարկները ցույց են տվել, որ 1400-ից մեկ հնարավորություն կա, որ 1999 RQ36-ը կարող է բախել Երկրի հետ 2169-2199 թ. ընթացքում:
Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան այսօր հայտարարել է, թե այն երևույթները, որ տեղի ունեցան Հայաստանի տնտեսությունում 2003-2008թթ, այլևս չեն կրկնվի:
«Նկատի ունեմ մի շարք դրական շոկերը, որոնք տեղի ունեցան Հայաստանի տնտեսության պարագայում` 2003-2008թթ: Ապագա հատվածում իրավիճակը տարբերվելու է»,- ասել է նա: 2003-2008թթ. Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանն էր, որի ժամանակ Հայաստանն աշխարհին էր ներկայանում իբրև մի երկիր, որը փաստացի գտնվելով շրջափակման մեջ, հաջողացնում էր երկնիշ տնտեսական աճ ապահովել:
Սա շատերին էր զարմանալի թվում, իսկ այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հայաստանը անվանեց «Կովկասյան վագր» ու համոզում էր, միայն պարծենալ վագրի թռիչքներով, երկնիշ տնտեսական աճը համարելով նորմալ երևույթ։
Կյանքը, սակայն ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունն իրականում ոչ թե վագր, այլ կատու էլ չի, քանի որ տնտեսություն, որպես այդպիսին, այսօր չկա, իսկ «կովկասյան վագրի թռիչքները» պարզապես երազախաբություն էին, երկնիշ թվերը` ընդամենը փուչիկ, որ Քոչարյանի կառավարման հետ հրաժեշտ տվեցին Հայաստանին:
ԱՄՀ ներկայացուցիչը հայտարարել է, թե հիմա Հայաստանի տնտեսությունում նկատվող զարգացումները հիմնականում համահունչ են իրենց կանխատեսումներին. «Կանխատեսումը նույնն է, ինչ արել էինք մայիսին՝ 2010թ. համար 4,8 տոկոս։ Նաև մինչև տարեվերջ ակնկալում ենք գնաճի ցուցանիշի նվազում: Առաջին եռամսյակում շատ բարձր աճ արձանագրվեց՝ պայմանավորված մի շարք արտառոց հանգամանքներով։ Հիմա աճը պարզապես նորմալացել է»:
ԱՄՀ ներկայացուցիչը այս անգամ ևս շեշտել է ՀՀ կառավարության քաղաքականության կարևորությունը: ԱՄՀ-ՀՀ կառավարություն հարաբերությունները, ինչպես հայտնի է, բավականին հակասական են. ԱՄՀ ներկայացուցիչները նախկինում էլ անընդհատ քննադատում էին ՀՀ կառավարության սխալ քաղաքակությունը, տնտեսության մոնոպոլիզացիան, սակայն քննադատելով հանդերձ, շարունակում էին Հայաստանին տրամադրել միլիոնավոր դոլարի վարկեր` լավ իմանալով, որ դրանց զգալի մասը չի ծառայելու նպատակին, փոշիացվելու է, վերածվելու օլիգարխների դղյակների կամ շքեղ ավտոմեքենաների:
ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը իրենց հաշիվներն ունեն. քննադատելով հանդերձ շարունակում են վարկեր տրամադրել, քանի որ մեծացնելով Հայաստանի, և նման երկրների պետական պարտքը, ամրապնդում են այս երկրների` պարտապանի կարգավիճակը` զրկելով նրանց ինքնուրույն քաղաքականություն վարելու ցանկացած հնարավորությունից:
Կառավարության աշխատանքը քննադատող հայտարարություններ բազմիցս արել է նաև Հայաստանում ԱՄՀ նախկին ներկայացուցիչ Նինկե Օմեսը, այսօր այդ գործը շարունակում է Գիերմո Տոլոսան: «Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի կառավարությունը պատշաճ քաղաքականություն որդեգրի, որպեսզի պատշաճ արձագանքի մարտահրավերներին»,- «Բարի ավանդույթները» շարունակել է նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի` վտանգավոր շեմի հասած պետական պարտքին, Տոլոսան շարունակել է հանգստացնել. «Մեր սցենարներում պետական պարտքի մակարդակի հետ կապված որևէ ռիսկ չենք տեսնում»:
Արժույթի միջազգային հիմնադրամն, իհարկե, որևէ ռիսկ կարող է չունենալ, կարող է նաև շատ հետաքրքիր սցենարներ մշակած լինել, ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք ԱՄՀ-ի մշակած սցենարը կարող է ձեռնտու լինել Հայաստանի համար:
Լուսինե Կեսոյան
Հայաստանում ձվի բիզնեսը ևս այսուհետ պաշտոնապես մենաշնորհված է:
Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ԱԺ պատգամավոր Խաչիկ Խաչիկյանին պաշտոնապես ճանաչել է Հայաստանում ձվի մոնոպոլիստ, քանի որ «Արաքս» և «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունները ներառվեցին նրան պատկանող «X-Group»-ի մեջ։ Ձվի շուկայում մինչ վերջերս գերիշխող դիրք զբաղեցնող էր համարվում «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան»՝ 42,2 տոկոս մասնաբաժնով։ Սակայն այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փոխեց գերիշխող դիրք զբաղեցնողին։ Ըստ 2010 թ. առաջին կիսամյակի տվյալների՝ Լուսակերտի տոհմային ֆաբրիկայի մասնաբաժինն իրացման ծավալներում իջել է մինչեւ 26,06 տոկոս։
«Արաքսի» եւ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկաների մասնաբաժիններն, ընդհակառակը, ավելացել են՝ հասնելով համապատասխանաբար 15,7 եւ 13,46 տոկոսի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 2 ընկերություններն ունեն միևնույն սեփականատերը, հանձնաժողովը նրանց համարեց «անձանց խումբ» եւ գրանցեց որպես գերիշխող դիրք զբաղեցնող՝ 29,16 տոկոս ընդհանուր մասնաբաժնով։
Խոսակցություններ կան, որ Խաչիկ Խաչիկյանը պատրաստվում է ձվի արտադրությամբ զբաղվող ևս երեք ֆաբրիկա ձեռք բերել` այդ թվում` Խաչիկ Մանուկյանին և Հարություն Փամբուկյանին պատկանողները։ «Լուսակերտի» (սա Հայաստանում ձվի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերությունն է)և Գուրգեն Արսենյանին պատկանող «Գնդեվազի» թռչնաբուծարանների մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի հրապարակվել. վաճառող կողմն ասում է, թե բանակցություններ են տարվում, մինչդեռ գնորդը հերքում է:
Այս փաստերի հաստատման դեպքում ձվի օլիգարխ-պատգամավորի` շուկայում գրաված դիրքը, բնականաբար, կփոփոխվի, այնպես որ նա կարող է հավակնել ՏՄՊՊՀ-ի «բացարձակ ձվատեր» տիտղոսին:
Խաչիկ Խաչիկյանի համար ՏՄՊՊՀ-ի այսօրվա նիստը բարենպաստ էր նաև այնքանով, որ նա հաջողացրեց խնայել 500 հազար դրամ: Ճիշտ այդքան էր կազմելու այս հանձնաժողովի տուգանքը, եթե հաստատվեր, որ «X-Group»-ը, օգտվելով իր գերիշխող դիրքից, օգտագործելով իր մյուս բիզնեսներից ստացվող եկամուտների ընձեռած հնարավորությունները (Խաչիկյանին է պատկանում նաև «Ջրաշխարհը», «Վալենսիա» հյուրանոցային համալիրը, «Կլայկ» խանութների ցանցը և այլն), դեմպինգային քաղաքականություն է իրականացրել, այսինքն` դիտավորյալ իջեցրել է ձվի գինը շուկայում` ծանր կացության մեջ դնելով մյուս արտադրողներին, որոնք էլ ստիպված են եղել բանակցություններ վարել` այլևս շահույթ չապահովող ձեռնարկությունները վաճառելու համար:
ՏՄՊՊՀ-ն այս հարցում կանգնեց «X-Group»-ի թիկունքին` գտնելով, որ պարզապես գերարտադրությունն է հանգեցրել գների իջեցման:
Ինչևէ, անկախ նրանից` Խաչիկ Խաչիկյանը կդառնա շուկայի միակ «ձվատուն», թե կբավարարվի այլ կարգավիճակով, իրականություն է, որ կառավարության, մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանի`մենաշնորհների դեմ պայքարի, դրանց վերացման անհրաժեշտության վերաբերյալ բոլոր ելույթները, հավաստիացումներն ու սպառնալիքները պարզապես փուչիկ են և ոչ ավելի:
Իսկ դատարկ երևակայությունից այս կողմ իրական Հայաստանն է, որի տնտեսությունը, որ դժվար է տնտեսություն համարել, իսկ մի կերպ, միայն ինքն իրեն սնող օլիգարխային կերատաշտը հիմնովին կենտրանացված է մի քանիսի ձեռքում։
Ձվի բիզնեսը այն եզակի ոլորտներից էր, որ դեռևս զերծ էր այդ ամենից, սակայն, ինչպես տեսնում ենք, բավական էր մի քանի դրամով գների իջեցում, (որ չի բացառվում,որ արվեց հենց այդ նպատակով) ու այս շուկայում էլ հարցերը «կարգավորվեցին»: Հիմա արդեն ձվի գինը բարձրացել է և շուտով 20 դրամանոց ձվի մասին հնարավոր կլինի միայն հիշել` իբրև արտառոց մի երևույթ մեր պետությունում:
Հ.Գ. Հայաստանում գործում են 6 խոշոր թռչնաֆաբրիկաներ, որոնց ընդհանուր մասնաբաժինը շուկայում գերազանցում է 95 տոկոսը։ 2010 թ. առաջին կիսամյակում արտադրվել է 145,8 մլն հատ ձու, որը 6 մլն-ով գերազանցում է 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
-
-
30.11.2019 | 12:10
Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլեւս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն. Հայկ Սարգսյան -
30.11.2019 | 01:10
«Հիսուսի բարդո՞ւյթ». նման ձևակերպում առաջին անգամ եմ լսում. Տեր Եսային՝ վարչապետի արտահայտության մասին -
30.11.2019 | 02:50
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ -
02.12.2019 | 01:10
Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվում շրջել -
04.12.2019 | 12:10
ՀՅԴ երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, իշխանությունը պետք է պատասխանը տա․Արծվիկ Մինասյան -
03.12.2019 | 11:10
Վիտալի Բալասանյանի գրասենյակի մոտ տեղի է ունեցել առևանգման փորձ․ ահազանգ -
02.12.2019 | 12:10
Ցածր աշխատավարձերի դեպքում՝ նոր հա՞րկ. այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, 6 տոկոսի չափով -
05.12.2019 | 12:46
Հրազենով, դանակով և էլեկտրաշոկով զինված եւ դիմակավորված անձինք ավազակային հարձակում են կատարել. թալանվել է «Ֆլեշ» բենզալցակայանը -
30.11.2019 | 11:10
Առանց Ղարաբաղի հարցի կարգավորման Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի. Չավուշօղլու -
04.12.2019 | 02:05
«Ով ա սպանել իմ բալին, բերեք»․ հրազենային վիրավորում ստացած զինվորի մայրը ուշագնաց եղավ (ուղիղ)
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` [email protected] -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.