23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Առնվազն 15 աշխատակիցներ օրերս վերջնագիր են ներկայացրել հիմնարկի ղեկավարությանը։ Նրանք զգուշացրել են, որ «Հայփոստի» տնօրինությունը եթե չդադարեցնի ապօրինի գործելակերպը, ապա կոլեկտիվն իր իրավունքները կպաշտպանի դատական կարգով։ «Հայփոստի» աշխատողների դատական հայցերը, բողոքները վատ վերաբերմունքի, ցածր աշխատավարձի և աշխատանքային վատ պայմանների պատճառով՝ նորություն չեն։ Այս հիմնարկի աշխատողները բաժանված են երկու խմբի։ Առաջինը «սևամորթ ճորտերի» խումբն է, որը մեծամասնություն է կազմում։ Նրանք են ծանրագույն աշխատանքի դիմաց ստանում, օրինակ, 50-60 հազար դրամ։ Մարզերում շատ ավելի ցածր ստացող օպերատորներ կան։ Նրանց աշխատանքային պայմաններն անհամեմատ ավելի վատ են, քան Երևանում։ Իսկ «սպիտակամորթ» փոքրաթիվ պարոնների աշխատավարձը սկսվում է 600 հազարից։ Կան 800 հազար, մեկ և մեկուկես մլն դրամ ստացողներ։ Հնարավոր էր այս գումարներն արդարացված համարել, եթե ղեկավարությունը կատարեր իր խոստումները։ Արդեն մի քանի տարի է, ինչ «փոստային» չինովնիկները «լոլոներ» են պատմում ՀՀ քաղաքացիներին սուրհանդակային և այլ ծառայությունների աննկարագրելի թռիչքների մասին՝ արդիականացում, առաջատար դիրք ողջ տարածաշրջանում և այլն, բայց դրանցից ավելի շուտ հնացած PR-ի հոտ է փչում։ Կոլեկտիվի ներսում լուրեր են պտտվում, որ, օրինակ, «Հայփոստի» տնօրենը մոտ 7 մլն դրամ աշխատավարձ է ստանում։ Այդքան էր փոստից ամեն ամիս տանում անգրագիտությամբ և անդաստիարակությամբ, աշխատակիցների նկատմամբ վատ վերաբերմունքով աչքի ընկնորղ «ջահել» Խուան Պաբլո Գեչիջյանը, որը հայտնի էր որպես «Էռնեկյանի ձեռք»։ Այն բանից հետո, երբ հավատարմագրային կառավարիչ, մութ ֆինանսական անցյալ ունեցող արգենտինացի Էռնեկյանը եկավ Հայաստան և, տեսնելով, որ բանը բանից անցել է, դժգոհեց «Հայփոստից», ու «ջահելին» հեռացրեցին «լուրջ» հիմնարկի կառավարումից։ Սակայն աշխատակիցները վստահեցնում են, որ Խուանը շարունակում է ինչ-որ «անտեսանելի» ազդեցություն ունենալ և հարցեր լուծել։ Հիմա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, որը խոստացել է շտկել իրավիճակը։ Կոլեկտիվում այս փոփոխությունները կապում են ՀՀ նախագահի ցանկության հետ՝ վերջ տալ հոլանդացիների թալանին և ապաշնորհ կառավարմանը։ Միաժամանակ կադրային ջարդի նոր ալիք են սպասում, ինչպիսին եղավ հոլադացիների տխրահռչակ տիրապետության սկզբում։ Մարդիկ որոշել են, որ այս անգամ չեն հանձնվելու և ապօրինությունների դեմ պայքարելու են միահամուռ։
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հերթական հրամանագիրն է ստորագրել` հերթական բուհերի ռեկտորներին թողնելով իրենց տեղերում: Տեղում մնալու հրամանագրեր են «շնորհվել» Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանին` հռչակավոր Ապարիկին: Այս անձինք, ըստ կարգի, աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամաններ են ստացել` փոխադրվելով ռեկտորի պաշտոնակատարի կարգավիճակի՝ մինչև որ կկազմակերպվեն ընտրություններ, և կորոշվի նրանց հետագա պաշտոնավարման հարցը:
Կարելի է չկասկածել, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի, և նույն մարդիկ կրկին կպաշտոնավարեն` անկախ ամեն ինչից, անկախ այն բանից, որ ամբողջ Գյումրիում թնդում է Վարդևան Գրիգորյանի ջանքերով Մանկավարժականի մակարդակը մինչև անվերջություն իջեցնելու խայտառակ փաստը, և որ այս ԲՈՒՀ կոչվածում դիպլոմ են ստանում երիտասարդներ, որոնք նույնիսկ չգիտեն՝ որտեղ են սովորում, հետագայում ի՞նչ է անելու իրենց «սովորած» ֆակուլտետն ավարտողը: Գյումրիում բազմաթիվ անեկդոտներ են շրջում Ապարիկի արկածների մասին, որոնց նախարար Աշոտյանը կարող է ծանոթանալ` օրվա խնդիրներից թեթևակի լիցքաթափվելու նպատակով:
Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում գիտական միտքը իսպառ վերացել է, ավելի ճիշտ` կրթության ոլորտում անհնար է գտնել որևէ խելքը գլխին կազմակերպիչ, ինչի հետևանքով էլ նույն մարդիկ տարիներ շարունակ մնում են իրենց աթոռներին գամված: Նույնը տեղի ունեցավ նաև Երևանի պետական համալսարանի ռեկտորի պարագայում: Չնայած Արամ Սիմոնյանի աղաղակող ու մեծ աղմուկ հանած գործունեությանը, մեր տեղեկություններով, նույն կերպ լուծվելու է նաև նրա հարցը: Ինչու՞: Այլ թեկնածու չկա՞: Իսկ ինչու՞ հանկարծ այնպես ստացվեց, որ ամլացավ գիտության արգանդը, ինչու՞ Հայաստանում նորմալ մարդ են փնտրում ու չեն գտնում ԲՈՒՀ ղեկավարելու համար, ինչպե՞ս է ստացվում, որ հենց արամսիմոնյաններին է հաջողվում դա, ի՞նչ հնարքով է Վարդևան Գրիգորյանը շարունակում իր պաշտոնը պահել, կրթամակարդակի բարձրացման մասին ճռճռան ճառեր ասողներին, կարծես, չի հետաքրքրում:
Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անձնական պրոյեկտ «Երիտասարդ խորհրդարանի» ձևավորման ընթացքից: Պարզվում է` սկզբում այս պատգամավորացուներին տվել են այլ տեսակի պատգամավորական վկայականներ: Սակայն նորելուկ պատգամավորացուները բողոքել են՝ իրենց սրտով չեն եղել այդ վկայականները, պահանջել են նոր` ավելի «լուրջ տեսքով» վկայականներ տալ (hայտնի չէ` նախկին վկայականների հատկապես ի՞նչը դուր չի եկել երիտասարդներին` գու՞յնը, չա՞փը…): Ու քանի որ Հովիկ Աբրահամյանի հավեսը դեռ չի փախել իր այս խաղալիքից, ընդառաջ է գնացել և կարգադրել՝ կատարել երիտասարդների ցանկությունը. Արդյունքում` երիտասարդ խորհրդարանականների վկայականներն արտաքնապես նման են իրական պատգամավորների վկայականներին` նույն բորդո գույնի, նույն չափի, ներսում էլ գրված է անուն-ազգանուն և «Երիտասարդ խորհրդարանի» պատգամավոր:
Որ պատգամավորացուները ահագին լուրջ են ընդունել իրենց մասնակցությամբ բեմադրված ներկայացումը և չեն էլ կասկածում, որ ընդամենը խաղալիք են, գուցե այդքան էլ վատ չէ: Հնարավոր է, որ հենց առաջին օրից չափից ավելի մեծ եռանդով պատգամավորի դերի մեջ մտած երիտասարդների նման եռանդից ինչ-որ օգուտ լինի, հնարավոր է, որ իսկապես պետությանն օգնելու, ճշմարիտ օրենսդրական գործունեություն ծավալելու ցանկությունը մղի նրանց` հասարակության կյանքը բարելավելուն միտված օրինագծեր մշակել, առաջարկներ անել, սակայն դատելով երիտասարդ պատգամավորացուների` հենց առաջին օրից իրենց անձեռնմխելի զգալու և պատգամավորի արտաքին ատրիբուտներին տուրք տալու մղումից, դժվար թե որևէ օգուտ լինի: Կարելի է միայն պատկերացնել Ճանապարհային ոստիկանության փառապանծ ոստիկաններին պատած զարմանքն ու սարսափը, երբ ավտոմեքենա կանգնեցնելու դեպքում մի երիտասարդ հանկարծ սկսի պատիվ պահանջել` հայտարարելով, թե ինքը պատգամավոր է, և դեռ քիչ է հայտարարելը, դեռ մի բան էլ ոստիկանի աչքը մտցնի պատգամավորի վկայականից չտարբերվող վկայականը: Ճանապարհային ոստիկաններից շատերն էլ, որոնց «գիտելիքների» մասին լեգենդներ են հյուսվում, հավանաբար դրանից հետո աշխատանքից դուրս գալու դիմում գրեն` հասկանալով, որ ի վիճակի չեն այլևս այդքան թվով պաշտոնյաների մտապահել և կողմնորոշվել` ու՞մ կարելի է տուգանել, ում` ոչ:
Շաբաթ օրը «Փարվանա» ռեստորանային համալիրում հերթական «Էլիտար» ամուսնությունն էր: Սամվել Ալեքսանյանն այս անգամ հաջողեցրել էր իր քրոջ որդուն ամուսնացնել Սամվել Կարապետյանի` Կալուգայի Սամոյի դստեր հետ: Հարսանեկան արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահը:
Հաշվարկով ամուսնություններն ավելի քան հաջող գործիք են հայաստանյան ներկա վերնախավի ձեռքին: Խնամիական կամ քավոր-սանիկային հարաբերությունների շնորհիվ օլիգարխիատի անդամները կարողանում են հասնել այն ամենին, ինչին երևի թե չէին կարողանա հասնել այլ միջոցներով: Սա միշտ էլ եղել է ոչ միայն հայ, այլև համաշխարհային պատմության մեջ: Սեպտեմբերին Ալեքսանյանն ամուսնացրեց իր եղբոր որդուն. հարսնացուն ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանի` Բելաջիոյի Գրիշի դուստրն էր: Ինչպես տեսնում ենք, Ալեքսանյանի հաջողեցրած ամուսնական գործարքների մակարդակը օրեցօր բարձրանում է: Հիշենք, որ նրա քրոջ մյուս փեսան Կորյուն Նահապետյանն է, որն ընդամենը նորմալ կրթություն ստացած հարևանի խելոք տղա էր, իսկ փեսա ընտրելուց հետո Ալեքսանյանը դարձրեց նաև ԱԺ պատգամավոր` Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) պատգամավորական լիազորությունների դադարեցումից հետո այդ տեղամասում անցկացնել տալով անհայտ երիտասարդին: Ալեքսանյանի երեխաները դեռ փոքր են, սակայն հաշվի առնելով, թե այսօր իսկ ինչեր է անում այս օլիգարխը, կարելի է միայն երևակայել, թե նրանց մեծանալուց հետո ինչպիսի~ կապեր կարող է հաստատել: Այս դեպքում անգամ Գագիկ Ծառուկյանն իր խնամիների ու քավորների ցանցով երևի թե նահանջի (Ծառուկյանի մի դուստրը ամուսնացել է Մուրադ Գուլոյանի որդու, մյուսը` տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի որդու, երրորդը` Հովիկ Աբրահամյանի որդու հետ: Ընդ որում, մեկի քավորը Սեյրան Սարոյանն էր, մյուսինը` Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն):
Չի կարելի բացառել, որ նույն «կրուգի» երիտասարդները, հաճախելով նույն ակումբները, նույն փարթիները, նույն հարսանիքները, հրապուրվեն իրարով, սիրահարվեն, հետո էլ որոշեն ընտանիք կազմել: Սա, իհարկե, հնարավոր է, բայց ցավոք, նման երևույթները ավելի ու ավելի են դասվում բացառությունների շարքին` տեղը զիջելով արդեն ձևավորված «դինաստիական» ամուսնությունների մեխանիզմին, որի դեպքում գլխավոր շարժիչ ուժը շահն է և ռեսուրսները մի քանի հոգու ձեռքում կենտրոնացնելու մղումը:
Իշխանություն-ՀԱԿ երկխոսության շուրջ անորոշությունն այնքան մեծ է, որ իրական գործընթացն իր տեղը զիջում է ասեկոսեներին, ենթադրություններին, լավագույն դեպքում` վարկածներին:
ՀԱԿ-ում լավատեսներն ասում են, որ երկխոսությունը դեռ չի սկսվել և անպայման տեղի կունենա, ընդ որում` ՀԱԿ օրակարգով: Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստեց, որ` քանի դեռ Սերժ Սարգսյանը կարծիք չի հայտնել, ժամանակավրեպ է եզրահանգումներ անելը: Այս տեսակետը գուցե ճիշտ է ֆորմալ առումով, բայց իրականության հետ շատ քիչ աղերս ունի, որովհետև նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդը գիտի, վստահ է, որ առանց Սարգսյանի «դաբրոյի»` նրա թիմի որևէ ներկայացուցիչ չի կարող կարծիք հայտնել, այն էլ` այնպիսի սկզբունքային հարցում, ինչպիսին` ընդդիմության հետ հարաբերություններն են:
Հոռետեսներն ասում են, որ իշխանությունը խաբել է ընդդիմությանն ու այլևս երկխոսության անհրաժեշտություն չունի, ըստ այդմ` պահանջում են ՀԱԿ վարքագծի արմատականացում: Իհարկե, մարդկանց այս խումբն էլ չի մանրամասնում կամ չգիտի, թե ինչպես կարելի է իրականացնել հեղափոխություն: Ամենակարևորը` անպատասխան է մնում այն հարցը, թե ի՞նչ է հաջորդելու հեղափոխության փորձի հնարավոր տապալմանը:
Մարդկանց մի խումբ էլ ասում է, որ երկխոսությունը վաղուց սկսված է, ու հարկ չկա դրա ֆորմալացման շուրջ աղմուկ բարձրացնել: Օրինակ, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը սրա մասին հրապարակավ հայտարարեց իր հայտարարության մեջ: Գրեթե նույն կարծիքն ունի նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն նա տեսակետ է արտահայտում, որ երկխոսությունը թերևս ձախողվել է: «Ես կարծում եմ, որ որոշակի երկխոսություն արդեն տեղի ունեցել է, և երկխոսության ձախողման մասին միայն շահագրգիռ կողմերը կարող են խոսել: Ըստ երևույթին, հանրությունը, որը թեև ունի շատ ավելի առաջնահերթ խնդիրներ, սպասում է հասկանալու, թե ովքեր են այդ երկխոսության կողմերը` դրանք մարդի՞կ են, նախկին և ներկա իշխանավորնե՞ր են, կուսակցություննե՞ր են: Այդ ընթացակարգն է հիմա, որ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է»,- ասում է Հովհաննիսյանը:
Ինչպես ասում են` կարծիքների պակաս չկա: Ու այս ամենն այն բանի հետևանք է, որ իշխանության և ՀԱԿ դերակատարները մինչև վերջ անկեղծ չեն իրենց կողմնակիցների, հասարակության հետ:
Մի բան էլ է ակնհայտ` անկախ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հերքումների:
Ըստ ամենայնի, մեր քաղաքական սուբյեկտները գարնան ընթացքում միջնորդավորված բանակցել են` արտաքին և ներքին ուժերի քաղաքական հովանավորությամբ: Դրա մասին է վկայում ընդդիմության առաջ քաշած պահանջների ու իշխանության կողմից դրանց կատարման ներդաշնակությունը:
Ըստ ամենայնի, երեք պահանջների կատարումից հետո` միջնորդն իր առաքելությունը կատարված է համարում, իսկ մեր անտագոնիստական քաղաքական համակարգի սուբյեկտներն ավտոնոմ երկխոսություն վարելու ռեսուրս չունեն ու հիմա ժամանակ են ձգում` իրենց անելիքները որոշակիացնելու համար:
Հովհաննես Իշխանյանը գիրք է հրատարակել՝ «Ուվալյնատի օրը», հիմնականում բանակային պատմությունների ժողովածու: Բոլորս էլ գիտենք, թե ինչ բարքեր են տիրում մեր բանակում, և ինչ բառապաշար է օգտագործվում այնտեղ: Հեղինակը գրում է բանակային պատմություններ՝ բանակային լեզվով: Նա չի րաֆինացնում, ցենզուրայի չի ենթարկում լեզուն, որով գրում է: Նա այլ խնդիր ունի: Բանակի կյանքն ու աբսուրդն իրական գույներով փոխանցող այլ գիրք ես չեմ հանդիպել դեռ: Հետևաբար՝ ոչ նորմատիվ բառապաշարն արդարացված է այս պարագայում, քանի որ հեղինակն ուզում է տեղ հասցնել իր «մեսիջը» ու հասցնում է, և այդ «ականջ ծակող» ու «բարոյականությունը վիրավորող» բանակային լեքսիկոնը դրան միայն նպաստում է:
Բայց էստեղ հարցն էդքան էլ բառապաշարը չի կամ ինչպես գրելը:
Տարիներ առաջ էր, երբ Երևանի երկու գրախանութներում Կարեն Ղարսլյանի վեպը հանեցին վաճառքից: Դրա մասին գրեցին, խոսեցին, բայց ոչ ոք չպայքարեց, հարցը չդարձավ գլոբալ, դուրս չեկավ կոնկրետ այդ գրքի հետ կապված կոնտեքստից, և դրա հետևանքով այսօր մենք ունենք այն, ինչ ունենք՝ Հովհաննես Իշխանյանի «Ուվալյնատի օրը» գիրքը «Բուկինիստ» գրախանութում հանել են վաճառքից ոչ նորմատիվ բառապաշարի առկայության պատճառաբանությամբ: Այսինքն՝ ենթարկել են գրաքննության:
«Չեն ասել նախապես, որ հանում են: Ընկերուհիներիցս գնացին, որ առնեն գիրքը, ասեցին՝ հանված ա վաճառքից ու վերադարձ արված հեղինակին: Ես զանգեցի, տնօրենն ասեց, որ հանել ենք, հա, մենք հակապետական ու պոռնոգրաֆիկ գրքեր չենք վաճառում: Ասեցի՝ բայց դուք ինձ չե՛ք զգուշացրել (պայմանագրի մեջ նշված է, որ գրավաճառն իրավունք ունի հանել գիրքը վաճառքից, սակայն երկու օր առաջ պետք է զգուշացնի մյուս կողմին ու վերադարձնի գրքերը), ասեց՝ դե՛ հիմա եմ զգուշացնում, ու անջատեց հեռախոսը: Եթե ես չզանգեի, ու ասենք՝ մարդ չգնար ու չհարցներ գիրքը, ես կարող է չիմանայի, որ հանել են: Անհատ տնտեսվարողն իրավունք ունի ընտրելու իր վաճառքի տեսականին, ես դեմ չեմ բիզնես վարելու էդ ոճին, ես դեմ եմ էն վերաբերմունքին, որ իրենք ցենզուրայի միջոցով անձնավորում են գրողին ու թքած ունեն, թե ինչ ճակատագիր կունենա գիրքը», — ասում է Հովհաննես Իշխանյանը:
Հովհաննեսի ընթերցողները Ֆեյսբուքում խումբ են բացել՝ Արգելված գրքերի աշխարհ:
«Խմբի նպատակն է պայքարել ՀԱՅ ԳՐՔԻ նկատմամբ անհանդուրժողականության, գրաշուկայում տիրող կամայականության, անհարգալից վերաբերմունքի բոլոր դրսևորումների դեմ` պաշտպանելով ԳՐՔԻ խոսքի և արտահայտվելու ազատությունը:
Հայաստանում հրատարակվող յուրաքանչյուր ԳԻՐՔ պետք է գտնի իր ընթերցողին, և նրանք, ովքեր խոչընդոտում են գիրք-ընթերցող կապի կայացմանը, միայն դատապարտման են արժանի: Գրավաճառը, որ գիրքն ընթերցողին հասցնելու իր բուն պարտականության փոխարեն ինքնակամ ստանձնել է գրաքննիչի և գրքի վաճառքն արգելողի անփառունակ դերը, ոչնչով չի տարբերվում հանցագործին չբռնող ոստիկանից, օրենքն անարգող պատգամավորից ու մեզ քաջածանոթ հայկական աբսուրդի թատրոնի մյուս գործող անձանցից: Մինչդեռ ամեն ինչ շատ պարզ լուծում ունի. թող ամեն մեկն զբաղվի իր գործով, գրողը` գրի, գրավաճառողը` վաճառի, ընթերցողն էլ որոշի` գնել, թե չգնել»:
Խմբի նախաձեռնողներից մեկը`Արմեն Օհանյանը, իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում պատմում է.
«Երբ իմացանք, որ Հովոյի գիրքը հանել են վաճառքից, գնացինք «Բուկինիստ»՝ «արգելված գրականություն» գնելու: Արգելվածն էլ Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուն էր, որ գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանին դուր չէր եկել և որոշել էր իր գրախանութում չվաճառել՝ խախտելով իր և մատակարարի միջև առկա պայմանագրի առնվազն մեկ կետ. վաճառքից գիրքը հանելուց առաջ մյուս կողմին զլացել էր իրազեկել: Պարոն Վարդանյանին հայտնեցին, որ մենք պատրաստ ենք գնել վաճառքից հանված, բայց դեռևս ետդարձ չարված ողջ տպաքանակը, և նա, բնականաբար, հետաքրքրություն դրսևորեց ու բարեհաճեց զրուցել մեզ հետ: Շատ շուտով նա համոզվեց, որ ոչ ֆորմալ լեքսիկայի նկատմամբ իր բարեպաշտական վախը մենք չենք կիսում և հանդես ենք գալիս որպես գրքի սպառող՝ ոտնահարված իրավունքներով: Իրավական դաշտում իր կամայականության հիմնավորումը չգտնելով՝ պարոն Վարդանյանը փորձեց մեզ համոզել, որ իր գրախանութում նման բառերով գրքեր չեն վաճառվում, ինչին ի պատասխան ընկերուհիս բերեց Բուկովսկու ռուսերեն թարգմանություններից մեկը և դրեց պարոն տնօրենի քթի տակ: Նա դժկամությամբ կարդաց «трахнуть» և «жопа» բառերը և հայտարարեց, որ դրանք ամեն օր լսում ենք հեռուստաեթերից, իսկ Հովհաննեսի գործածածները՝ ոչ, և ընդհանրապես մեր մենթալիտետն ուրիշ է: Մենք էլի երկար զրուցեցինք ամենատարբեր հետաքրքրական թեմաներով, և, երբ պարոն Վարդանյանի բարեպաշտ համբերության փխրուն բաժակը վերջնականապես լցվեց, նա աղաղակեց. «Ստեղ իմ ուզածով ա, ինչ կուզեմ՝ կանեմ», ինչին ի պատասխան ես հիշատակեցի, որ Ստալինն էլ էր մտածում, որ ամեն ինչ իր ուզածով պիտի լինի:
Ներքևում ժամանակակից հայ գրողների դարակում աչքովս ընկավ ընկերոջս՝ Արամ Պաչյանի առաջին գիրքը, որտեղ շատ չէ, բայց մի քֆուր հաստատ հիշում եմ, որ կա. (Էջ 117, «Վայ ձեր տիրոջ մերը…, էս ի՞նչ գիշերանոց եք հագցրել»), և մտածեցի, որ Արամը հենց Արցախից վերադառնա, անպայման կգնանք միասին պարոն Վ.-ին տեսակցության այդ առիթով: Եւ մնացած բոլոր ծանոթ-անծանոթ-ընկեր-չընկեր գրողներին էլ, ովքեր իրենց տեքստերում գեթ մեկ անգամ անպարկեշտ բառ գործածելու հանդգնություն են ունեցել, խնդրում եմ ներկայանալ «Բուկինիստ» և զրուցել պարոն Վարդանյանի հետ»:
Ազատ շուկայի պայմաններում կարող է լինել ամեն ինչ, այդ թվում նաև ցենզուրա: Բայց սա ազատ շուկայի հետ ոչ մի կապ չունի. ազատ շուկան ձևավորվում է առաջարկ-պահանջարկի հիման վրա: Հիմա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում գրախանութից ոչ նորմատիվ լեքսիկայի պատճառով գիրքը վաճառքից հանելն առնվազն անհեթեթություն է: Եթե մտածում ենք մեր երեխաների «հայեցիության ու բարոյականության» մասին, ապա առաջին հերթին պետք է ցենզուրայի ենթարկվեն հեռուստատեսային այլանդակ ու անճաշակ հաղորդումներն ու սերիալները, որոնք ոչ մի լավ բան մեր նոր սերնդին չեն սովորեցնում: Իսկ գիրքը վաճառքից հանելն այն պատճառաբանությամբ, որ իբր սերունդը «չփչանա», նման է այն իրավիճակին, երբ 16-ը նոր բոլորած տղային «բոզի» են տանում փարաջայով պոռնիկի մոտ: Այսինքն՝ «Բուկինիստ»-ը դժվար թե կարողանա այսօր ինչ-որ գրքի մատչելիությանը խոչընդոտել:
Ապագա սերնդի մեջ մարդկայնություն է պետք մտցնել, հայությունը բոլ-բոլ կա, ու եթե դրա համար պետք է բանակի անասուն վիճակը նկարագրել ոչ նորմատիվ լեքսիկոնով, ուրեմն՝ պետք է, եթե գրողը մի բան է փոխում, առավել ևս՝ եթե գրում է մի թեմայով, որ չի էլ գրվել, ու ներկայացնում է իրականությունը, լիքը բան ասում ու տալիս, ինձ համար մեկ է, թե ինչ բառապաշար է օգտագործվել…
Ու հարցն էստեղ կոնկրետ գրքի գրելաոճը չի, այլ որ՝ ցենզուրան կիրառվում է մի գրքի հանդեպ, իսկ մյուսների հանդեպ՝ ոչ, և որ ընդհանրապես ցենզուրա կա: Հիմա էլ սովետ չկա, գլավլիտ չկա, որ գրաքննի: Հարցը նաև սպառողի իրավունքների խախտումն է. բարոյական վերահսկողության ժողովրդական կոմիտեներն ու գլավլիտի ցենզուրան չկան, դրանց վրա չեն կարող բարդել, ուրեմն ի՞նչ է ստացվում՝ տնտեսվարողի կամայականություն:
Մի տղա, որը դեմ էր խոսում ոչ նորմատիվ բառապաշարով գրականությանը, որին հնարավոր եղավ հասկացնել, որ կռիվն ուրիշ բան է, ոչ միայն՝ ցենզուրան, գրել էր.
«Մի անգամ նույն «Բուկինիստ» գրախանութում փնտրում էի Տիգրան Մեծի ռազմավարության մասին գիրքը, պատահաբար ձեռքիս տակ ընկավ մի գիրք՝ հեղինակ Ջեննա Ջեմսոն՝ պոռնո աստղ: Գրքի անվանումը՝ «Ինչպես են սեքսով զբաղվում պոռնո աստղերը», ու այս գիրքը դրված էր պատմության և կինոարվեստի բաժնում»:
Դե իհարկե, ծախվում է՝ դրել են: Հովոն ո՞վ է որ, գրածն ի՞նչ է, իսկ էստեղ՝ սեքս կա, աստղեր են, սա կարելի է ծախել, իսկ Հովոյինը՝ ոչ, որովհետև Հովոն շահութաբեր չի, համ էլ Հովոն «քֆուր»-ով է գրում, համ էլ կարող է մեր թայֆից չի, համ էլ հայ է, ամոթ է, մեզ սազական չի…
Ցանկացած ցենզուրա, ցանկացած արգելք խանգարում է առաջընթացին ու խթանում սանձարձակությունը, երբ փակած պահում են, հետո՝ բաց թողնում: Ազատությունը լկտիություն եթե ծնում էլ է, ապա տարիքային՝ անցողիկ, այնինչ ցենզուրան ծնում է շարունակական արգելքներ, հետևաբար՝ գայթակղություններ, հետևաբար՝ մնացածը, ինչ ունենք, կեղծ բարոյականությամբ ներծծված հասարակություն:
Իհարկե, ոչ նորմատիվ լեքսիկայով գրականությունը կարող է շոկ առաջացնել, կան հեղինակներ անշուշտ, որոնց թվում է՝ հայհոյանք կգրեն ու իրենց մասին կասեն՝ «ժամանակակից ա»: Բայց Հովհաննես Իշխանյանը դրանց մեջ չի: Նա ուղղակի գրում է ապրելու լեզվով: Բանակային կյանքն էր էդպիսին, ու ոչ միայն բանակայինը…
Ինչ մնայուն է՝ մնում է, ինչ արժեք չի, մոդա է՝ անցնում գնում է: Բայց մի կողմ դնենք նախասիրություններն ու, էսպես ասած, բարոյախոսությունները, ու եկեք կողմնորոշվենք. մենք չենք ուզում ցենզուրա` ինչի՞, որովհետև մենք անամոթ ենք ու ուզում ենք ազգը դառնա անամոթ ու կործանվի՞: Չէ, բոլորովին, մենք ցենզուրա չենք ուզում, որովհետև ուզում ենք ընտրելու իրավունք ունենանք: Կան բաներ, որոնք քրեական օրենսգրքով արգելվում են… Լեքսիկայի մասով օրենքում բան չկա:
Երևի մեր օրերում չկա կենդանի մեկ այլ լեզու, որում խոսակցականը գրականից այդ աստիճան տարբեր լինի:
Ոչ ոք ոչ մեկին չի կարող պարտադրել կարդալ ինչ-որ բան, որ չի ուզում: Բայց պարտադրելը ուրիշ է՝ տվյալ դեպքում մարդն ինքն է ընտրում էդ գիրքը, ու գրավաճառը չի, որ պետք է որոշի իր փոխարեն՝ ինքն էդ գիրքը կարդա, թե չէ:
Գրականության դերը նաև այն է, որ բացահայտի հասարակության մեջ տեղ գտած արատները, եթե կեղտ կա՝ խոսել դրա մասին. կեղտը պետք է մաքրել, ոչ թե կոծկել անկյուններում` վատ տանտիրուհու պես:
Արգելված կարող են լինել, այն էլ՝ օրենքով, միայն ֆաշիստական և ագրեսիա առաջացնող գրքերը, Հովհաննես Իշխանյանի գրքից հաստատ ոչ մեկի հոտն է գալիս, ոչ էլ՝ մյուսի: Թե չէ աուտոդաֆե են սարքել 21-րդ դարում…
ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների դովիլյան հայտարարությունը, դրան հաջորդած եռանախագահների տարածաշրջանային այցը որոշակի ինտրիգ են հաղորդել Կազանում հունիսի 25-ին նախատեսված Դմիտր Մեդվեդև-Սերժ Սարգսյան-Իհլամ Ալիև եռակողմ հանդիպմանը:
Ի դեպ, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները ևս չեն բացառում, որ Կազանում կարող է բեկում արձանագրվել կարգավորման գործընթացում: Մասնավորապես, անցած շաբաթ օրը Մոսկվայում աշխատանքային հանդիպում են ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Հանդիպումից հետո նրանք սահմանափակվել են լակոնիկ հայտարարություններով, որոնց իմաստն այն է, որ կողմերի դիրքորոշումները Հիմնարար սկզբունքների որոշ խնդիրների շուրջ ավելի մոտեցել են: Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևն էլ երեկ լավատեսական նոտայով է խոսել կազանյան հանդիպման մասին:
Ակնահայտ է, որ այս պահին բանակցային սեղանին կոնկրետ փաստաթուղթ է ու կողմերի դատողությունն էլ կարգավորման կոնկրետ տարբերակի շուրջ է:
Մի քանի իրողություն կարող ենք արձանագրել:
Առաջին, իսկապես միջազգային հանրությունը, համանախագահները կողմերի նկատմամբ ճնշումներ են գործադրում` Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու նպատակով:
Երկրորդ, միջնորդների մոտեցումներն ու քայլերն առավելագույնս համաձայնեցված են:
Երրորդ, հակամարտության կողմերը խոսում են խաղաղության անհրաժեշտության մասին, սակայն իրականում պատրաստ չեն կարգավորման և յուրաքանչյուրը հույսը դրել է նրա վրա, որ հատկապես դիմացինը կհրաժարվի որևէ փաստաթուղթ ստորագրելուց կամ համաձայնության գալուց:
Չորրորդ, եթե նույնիսկ Կազանում փաստաթուղթ ստորագրվի, դա միայն իրական կարգավորման մեկնարկը կլինի, որովհետև այդ փաստաթուղթն ընդամենն ամրագրելու է սկզբունքները, որոնցից յուրաքանչյուն ավելի ուշ մեկնաբանվելու է կամ պարզաբանվելու է կարգավորման գործընթացի հաջորդ փուլերում:
Հինգերորդ, եթե անգամ Կազանում փաստաթուղթ չստորագրվի, ակնհայտ է, որ ստատուս քվոյի պահպանման ռեսուրսները սպառված են, ու առաջիկա ամիսներին մենք ականատես ենք լինելու զարգացումների:
Այս ամենը հանրագումարի բերելով` Կազանի հանդիպումն իրոք շարքային չէ, սակայն չի կարելի գերագնահատել դրա նշանակությունը ոչ կարգավորման գործընթացում և ոչ էլ` երկու երկրների ներքաղաքական զարգացումների վրա:
Կառավարության երեկվա նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երկու հարց էր ներկայացնում. Մեկը` ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի, բնակչության պաշտպանության միջոցառումների կառավարման սխեմայի և այլնի վերաբերյալ, մյուսով հաստատվելու էր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակը ազգային դիտացանցը արդի միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն է: Կառավարությունը երկու որոշումն էլ ընդունեց և, բնական է, որ համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացրեց դրանց իրականացման համար:
Մենք արդեն անդրադարձել էինք սեյսմակայուն շինարարության ինստիտուտին, ավելի շուտ նրան, թե ինչ է մնացել այդ ինստիտուտից: Երկու տարի առաջ տեղի ունեցած գործարքի արդյունքում 2 մլրդ 240 միլիոն դրամ արժեքով ինստիտուտի տարածքը վաճառվել էր 560 միլիոն դրամով: Ընդ որում, այդ գումարի մի մասը պետք է ուղղվեր պահպանված ինստիտուտի տեխնիկական վերազինմանը, սակայն այդպես էլ որևէ բան չարվեց: Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարը փորձում է զրոյից ինչ-որ բաներ ստեղծել, ռազմավարություն է մշակում, դիտացանցեր հիմնում, ներկայացնում, թե ինչպիսի դժվարությամբ է կարողանում չեղած տեղից մի բան ստանալ, երբ ժամանակին այդ ոլորտում ավելի քան պրոֆեսիոնալ կառույց էր գործում, որ ժամանակի ընթացքում ուղղակի անտերության մատնվելով նետվեց աղբանոց:
Երբ կառավարության նիստից հետո հարց ուղղեցինք նախարար Արմեն Երիցյանին հիշյալ ինստիտուտի վերաբերյալ, նախարարը նախ զարմացավ, հետո հայտնեց, թե տեղյակ չէր կատարվածից և ուղղակի ասաց. «Այդ ինստիտուտը մերը չէ, դա քաղաքաշինության ոլորտն է, իրենց ինստիտուտն է եղել և դա մեր նախարարության հետ բացարձակ կապ չունի»:
Անցյալ տարի ԱԻՆ-ը սեյսմիկ պաշտպանության վերաբերյալ ռազմավարություն ներկայացրեց: Նախարարն ասում է, թե ավելի լավ է իմանալ ճշմարտությունը, թե ինչ ունենք այսօր, որքան էլ դա սարսափելի լինի, քան վաղը կանգնենք փաստի առաջ: Իսկ որ Հայաստանը երկրաշարժային վտանգավոր գոտում է գտնվում, ոչ մեկի համար էլ նորություն չէ: Թե ինչպես է պատրաստվում ԱԻՆ-ն իրագործել իր պաշտպանությունը, երբ թեկուզ քաղաքաշինության նախարարության ենթակայության տակ գործող սեյսմակայուն շինարարության ինստիտուտը նման վիճակում է, երբ ԱԻՆ-ում ոչ միայն չեն համագործակցում այս ինստիուտի հետ, այլև չգիտեն էլ, որ նման բան կա, դժվար է ասել: Մեզ մնում է մեկ հույս` վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆենոմենալ լավատեսությունը. «Ֆուկուսիմա- 1» ատոմակայանի վթարի ժամանակ վարչապետը հանգստացրեց հայ ժողովրդին` Մեծամորի ատոմակայի հետ կապված` հայտնելով, թե մեր ատոմակայանին ոչինչ չի սպառնում, քանի որ «Ֆուկուսիմա»-ում աղետը եղավ ոչ թե երկրաշարժի հետևանքով, այլ 10 բալանոց ցունամիի, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, ցունամի չի լինի: Միակ ելքն այն է, որ նույն լավատեսությամբ վարչապետը կարողանա հավատացնել բոլորին, որ ամենաանորակ շինարարության դեպքում անգամ Հայաստանին որևէ երկրաշարժ չի կարող սպառնալ, քանի որ… սա արդեն մեր խելքի բանը չէ, հանճարեղ փաստարկումները միայն Տիգրան Սարգսյանն է ի զորու հորինել:
«Այս մեկ-երկու օրն արդեն կանցնի աշխատանքի»,- այսօր կառավարությունում «բացվեց» արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Խոսքը Նորայր Փանոսյանի՝ Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի ավագ օգնականի մասին է: «Հայկական վարկածը» արդեն գրել է դրա մասին: Կառուցվածքային բարեփոխումների հետևանքով նոտարական բաժինը լուծարելուց հետո այս նախարարությունում ստեղծվում է, այսպես կոչված, Օրինականության վերահսկողության տեսչություն, որը պետք է ղեկավարի Փանոսյանը: Կառավարության որոշմամբ տեսչությունն արդեն իսկ ստեղծված է, ամեն ինչ պատրաստ է, մնում է անցնել աշխատանքի:
Ըստ մեր տեղեկությունների, նախարարությունն իր դիրքերն ամրապնդում է նոր վերահսկող կառույցներ ստեղծելով, որոնք եթե իրոք ծառայեն նպատակին, կարող են իսկապես օգուտ բերել կոռուպցիայի մեջ թաղված համակարգին: Նույնատիպ մի վերահսկողական ծառայություն է ստեղծվել ՀԿ-ների և հիմնադրամների համար, որը ղեկավարելու է ՔԿՀ-ից հեռացած Արսեն Բաբայանը:
Իսկ այս կառույցը վերահսկելու է ոչ միայն նոտարիատի աշխատանքը, այլև հետևելու է ԶԱԳՍ-երի, ԴԱՀԿ-ի, պետական ռեգիստրի, քաղաքացիներին ծառայություններ մատուցող մյուս նմանատիպ կառույցների աշխատանքին: Իսկ որ նման ծառայությունները մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են առանց պահպանելու օրինականության պահանջները, փաստ է:
Արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ տեսչության գործունեության մեկնարկը կարող է ուղեկցվել մի քանի աղմկահարույց պաշտոնանկություններով: Մնում է հուսալ, որ այս դեպքում նույնպես թացը չորին չի խառնվի, և զուտ հայկական տարբերակով աշխատանքից չեն ազատվի անցանկալիները: Տեսչությունն ունենալու է առանձին ուղղություններով մասնագիտացված բաժիններ, որոնց միջոցով էլ կիրականացվի վերահսկողությունը:
Ճիշտ է, Փանոսյանի նշանակման պարագայում առաջին պլան է մղվում նրա` «Գլաձոր» համալսարանի շրջանավարտ լինելու գործոնը, այսինքն՝ այն, որ Հրայր Թովմասյանի հետ եղել են գրեթե կուրսեցիներ (Թովմասյանը սովորել Միջազգային իրավունքի ֆակուլտետում, Փանոսյանը` իրավագիտության): Ասել, թե նախարարը պաշտոններից ազատում է ոչ յուրայիններին` փոխարենը համակարգը լցնելով իր մարդկանցով, այնքան էլ արդարացի չէ. դատելով Փանոսյանի կենսագրությունից, նա նոր մարդ չէ համակարգում: Ճիշտ է, ուսանելու առումով նրա կենսագրությունն այդքան էլ խոստումնալից չէ, բայց այսօր ոչ պետական բուհերի որոշ շրջանավարտներ նույնիսկ դատավորի պաշտոն են զբաղեցնում, դրանից բացի՝ վաղուց անցել են այն ժամանակները, երբ պետական բուհը կրթության որակի չափանիշ էր: Ավելին, բացի «Գլաձոր»-ից, Փանոսյանը սովորել է նաև Ռուսաստանի Դաշնության Էմանուել Կանտի անվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, ասպիրանտուրան անցել է ՀՀ ԳԱԱ-ում, բայց թեկնածուական թեզը պաշտպանել է Մոսկվայում: Փանոսյանը մի քանի տարի աշխատել է արդարադատության նախարարությունում՝ որպես իրավախորհրդատու, հետո՝ բաժնի վարիչ, կադրերի վերապատրաստման գծով դասախոս, որից հետո տեղափոխվել է դատական համակարգ` ստանձնելով Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնականի պաշտոնը, միաժամանակ եղել է նաև արդարադատության նախարարության կադրերի վերապատրաստման ամբիոնի վարիչ, դասավանդել է ոստիկանական ակադեմիայում: Փանոսյանի հաջորդ և մինչ օրս վերջին անցումը ՀՀ նախագահի աշխատակազմն էր, որտեղ և աշխատում է մինչ օրս` որպես Գառնիկ Իսագուլյանի ավագ օգնական: Ի դեպ, նա իր ուղին անցել է ինքնուրույն` առանց քեռիների, դուրս գալով սովորական բանվորական ընտանիքից:
Անօգուտ տեսչություններ ստեղծելուց մեր իշխանությունները չհագեցան ու չխրատվեցին. իրականում նրանց գործը բարդ է ու դժվարին, սակայն մեզանում դա ասոցացվում է փողեր լվանալու կամ կոռուպցիայի հետ և՝ ոչ անարդարացիորեն: Ամեն դեպքում Փանոսյանը կարծես վճռական է տրամադրված: Վճռականությունը՝ վճռականություն, բայց երևի թե լավ կլինի սպասել և տեսնել, թե ինչ կստացվի տարիներ շարունակ իրենց հանձնված «բոստաններում» իրենց ուզածը անել սովոր պաշտոնյաներին վերահսկելուց, և նոր միայն եզրակացություններ անել:
Հայաստանի օլիգարխների շուրջն օղակը օրեցօր ավելի է սեղմվում: Հազիվ էին օլիգարխները փրկվել վարչապետ Տիգրան Սարգսյանի` օլիգոպոլիաների դեմ անհաշտ պայքարի ճիրաններից, երբ հերթական փորձանքն է սպառնում նրանց: Մեր օլիգարխներն արդեն դժվար թե դիմանան սրան: Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանն այսօր ասել է, թե երկրում առկա մենաշնորհներից ազատվելու համար կա´մ պետք է կրթել հայ օլիգարխին, կա´մ գնալ կտրուկ ճանապարհով: Քանի որ Հայաստանում արդեն այն վիճակն է, որ կտրուկ ճանապարհը կտանի անդունդ այն պարզ պատճառով, որ մի բուռ երկիրը կենտրոնացած է կես բուռ մարդու ձեռքում, Մակարյանը ավելի նախընտրելի է համարել նրանց հետ կրթադաստիարակչական պրոցեդուրաներ անցկացնել, ինչի շնորհիվ օլիգարխների մտածելակերպը կփոխվի:
«Այսօր այն մտածելակերպը կա, թե օլիգարխ և մոնոպոլիստ լինելը հեշտ է և ժողովրդի կողմից ընկալելի, սակայն ժամանակի ընթացքում կփոխվի այդ մտածելակերպը: Անվստահության խնդիր կա դաշտում: Հայ բիզնեսմենի մոտ արագ հարստանալու տենչ կա: Բիզնեսի օրենքներին չեն հետևում, այլ կտրուկ, անհամբեր քայլեր են անում: Գործարարների մեծ մասը բախտի-բրախտի է իր գործը անում»,-ասել է Գագիկ Մակարյանը:
Հետաքրքիր է, որ մերօրյա օլիգարխներին քիչ թե շատ ճանաչող Մակարյանի գլխում նման միտք է ծագել: Եվ դա բավական չէ, միտքը բարձրաձայն արտահայտելու համարձակություն էլ է եղել: Սա քիչ բան չէ: Բայց տեսնենք, թե նման մտքերը կարո՞ղ են հույս փայփայել, որ կյանքի կկոչվեն:
Հիմա տեսնենք, թե ինչ շանս ունի Մակարյանը, կամ՝ նրա նման բարի ցանկություն ունեցողներն ու միամիտները: Սամվել Ալեքսանյանը, ինչպես հայտնի է, իր կարիերան սկսել է Մալաթիայի շուկայում կանացի ներքնազգեստի վաճառքով, որտեղ էլ վաստակել է իր մականունը` Լֆիկ Սամո: Հետո, իր գործարար հատկությունների շնորհիվ, նա «տիր» է բացել ու հետո անցել այլ` առևտրի ոլորտ: Կարելի՞ է կրթել Ալեքսանյանին: Մի անգամ նա արդեն փորձ կատարել է կրթվելու` 2002 թ. ձեռք բերելով գյուղատնտեսական ակադեմիայի դիպլոմ` տնտեսագետի որակավորմամբ, և գործուղվել խորհրդարան` օրինաստեղծ գործունեության:
Օրինաստեղծ գործունեությամբ է զբաղված նաև Գագիկ Ծառուկյանը, որը, ասում են, սովետական միլիցիայի օպեր աշխատած տարիներին նույնիսկ դատապարտվել է բռնաբարության համար: Ճիշտ է, ի համեմատություն մյուսների, Ծառուկյանը ժողովրդի մեջ բավականին դրական վարկանիշ ունի, հետն էլ՝ ֆիզկուլտինստիտուտի դիպլոմ, բայց հուսալ, թե Գագիկ Մակարյանը կամ որևէ մեկը կկարողանա կրթել Հայաստանի «առյուծ արքային», իրատեսական չէ:
Հայաստանի օլիգարխներից Գագիկ Մակարյանի կրթադաստիարակչական պրոցեդուրաների մեջ չտեղավորվող հաջորդ պերսոնան զինվորական օլիգարխիայի ամենասարսափազդու ներկայացուցիչ գեներալ Մանվելն է: Գեներալ Մանվելի կրթության տարիներն անցել են Լենինականի տեքստիլ կոմբինատի ռետուզները թևին գցած գյուղերը շրջելով և գյուղի կնանիքին դրանք առաջարկելով, ինչպես նաև՝ «Կռազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդությամբ: Էջմիածնեցի գեներալ-օլիգարխների հետ կապված մի անեկդոտ կա. Սեյրան Սարոյանը դիմում է Մանվել Գրիգորյանին. «Արա´, ես էլ եմ կռազի շոֆեռ էղել, դու էլ, էդ ո՞նց էղավ, որ դու դառար գեներալ-լեյտենանտ, ես` գեներալ մայոր»: Գեներալ Մանվելը տալիս է ավելի քան համոզիչ պատասխան. «Տո, ա´յ խիար, ես պրիցեպով կռազ եմ քշել»: Գեներալ Սեյրանը այսօր խորհրդարանում է, իսկ պրիցեպով կռազի նախկին վարորդը այս անգամ պատրաստվում է, եղբոր որդու փոխարեն, Ազգային ժողով գործուղել նախկին ազատամարտիկ կնոջն ու որդուն:
Հայաստանի Ազգային ժողովում հայտնված օլիգարխներից Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) իր կարիերան սկսել է բուֆետապանի գործից, Աշոտ Արսենյանը (Քլոս)` խոզապահությունից: Հետաքրքիր է պատկերացնել, թե ինչպես է ընթանալու Արզաքանցյան Տիգրանի կամ Առաքել Մովսիսյանի կրթության գործը: Հայ օրենսդիրներից Պուրտոյան Արմենը եղել է սիգարետի սպեկուլյանտ, Սարգսյան Լևոնը (Ալրաղացի Լյով)` բանվոր:
Այս շարքը շարունակելի է. Հայաստանում` հատկապես նախընտրական շրջանում ակտիվանում են յուրահատուկ «կրթություն» ստացածները, այնպես որ մենք դեռ էլի կանդրադառնանք այս խնդրին: Իսկ բոլոր նրանց, ովքեր կփորձեն ըմբոստանալ` ասելով, թե ոչ մի վատ բան էլ չկա կռազի շոֆեր կամ սպեկուլյանտ լինելու մեջ, ասենք, որ մենք էլ ենք այդ կարծիքին, որ դրանցում իսկապես ոչ մի վատ բան չկա: Բոլոր մասնագիտությունները հարգի են, սակայն այստեղ խոսքը ոչ թե տվյալ մասնագիտության լավ կամ վատ լինելու մասին է, այլ այն իրողության, որ դրա կրողները և իրենց նախնական մակարդակին մնացածներն այսօր հայտնվել են իշխանական բուրգի գագաթին և կռազի շոֆերի հոգեբանությամբ փորձում են օրենսդրություն ձևավորել կամ իրենց ձևավորածը կիրառել:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.