Գիտական աստիճանների և կոչումների շնորհման համակարգում տեղաշարժեր են խոստացել, սակայն արդյունքն առայժմ անտեսանելի է: Բավական է նշել, որ փետրվարի 24-ին Բարձագույն որակավորման հանձնաժողովը հաստատեց ՀՊՏՀ-ի 014 մասնագիտական խորհրդի որոշումը՝ Երևանի քաղաքապետին տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան շնորհելու մասին: Փաստորեն, «բարեփոխվող» ԲՈՀ-ը հաստատեց կանոնակարգային խախտմամբ տեղի ունեցած սկանդալային, ապօրինի պաշտպանությունը, իսկ տվյալ մասնագիտական խորհրդի ղեկավար Յուրի Սուվարյանը շարունակեց գլխավորել «Ժողի» խորհուրդը: Երեկ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Հարություն Կարապետյանին խնդրեցինք մեկնաբանել իրավիճակը: Նա երկար տարիներ ուսումնասիրել է Հայաստանի գիտության վիճակը, իսկ 2007 թվականին, համաշխարհային հայտնի շտեմարաններից օգտվելով, կազմել է հայ գիտնականների վարկանիշային աղյուսակը:
— Կանխատեսել էիք, որ ԲՈՀ-ի տնտեսագիտության գծով մասնագիտական խորհուրդներում փոփոխություն չի լինելու, և իրոք, ԵՊՀ-ի և Տնտեսագիտական համալսարանի խորհուրդներում փոփոխություններ չեղան, բայց ստեղծվեց երրորդ խորհուրդը՝ Սլավոնական համալսարանում: Սա կարո՞ղ է փոխել ատենախոսությունների որակը:
— Իհարկե ոչ: Ենթադրենք, երրորդ խորհուրդը շատ լավն է, և լավ աշխատանքներն են պաշտպանվելու, պարզ չի՞, որ մնացած աշխատանքները տանելու են մյուս խորհուրդներ, որոնք արդեն կոնվեյերի պես անորակ աշխատանք են թողարկում և ոչ միայն անորակ, այլև պրոցեդուրային խախտումներով: Տարոն Մարգարյանի դեպքում էլ այդպես արեցին, չէ՞: ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը հրապարակեց, որ ինքը Տարոն Մարգարյանի պաշտպանությունից առաջ զանգել և զգուշացրել է պետական տնտեսագիտականի ռեկտորին, որը նաև ԲՈՀ-ի կոլեգիայի անդամ է՝ Աթոյան Կորյունին, որ պետք է ապահովել բաց պաշտպանություն: Կորյուն Աթոյանը, փաստորեն, հրոսակների միջոցով ամեն ինչ փակեց և ոչ մի պատիժ էլ չկրեց: Ես չգիտեմ, թե ինչ բարոյական իրավունք ունի այդ մարդը մնալու ԲՈՀ-ի կոլեգիայում:
— Այնուամենայնիվ, ԲՈՀ-ը հաստատեց քաղաքապետի ատենախոսությունը:
— Չէին կարող չհաստատել, և այստեղ մի ԲՈՀ-ի նախագահն ի՞նչ աներ: ԲՈՀ-ի կոլեգիան է հաստատում: Նայեք, թե ովքեր են. Ռադիկ Մարտիրոսյան, Աթոյան Կորյուն, Ղազարյան Էդիկ: Ո՞վ կխոսի քաղաքապետի դեմ: Կորյուն Աթոյանն անցյալ անգամ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ դառնալու համար էր դիմել, չանցավ: Հիմա կանցնի՝ 100 տոկոսով: Խորհրդի նախագահը՝ Սուվարյանը, թղթակից անդամ էր, չորս տարի հետո դարձավ ակադեմիկոս: Ի՞նչ գործ է արել այս արանքում: Ոչ մի բան: Առաջխաղացում կունենան այս մարդիկ, և այս համակարգի դեմ ԲՈՀ-ի նախագահը ոչինչ չի անի: Երկրի նախագահը պետք է քաղաքական կամք ունենա ամեն ինչ տեղը դնելու:
— Կարելի՞ է Ձեր ասածից եզրակացնել, որ գիտական աստիճանների և կոչումների շնորհման համակարգն այնպիսին է, որ մարդիկ դառնում են հանցագործ:
— Այո: Գիտե՞ք մի մարդու պաշտպանության համար քանի հոգի է հանցագործ դառնում: Մոտ 30-40 մարդ:
— Գիտական ղեկավարին, օպոնենտների՞ն նկատի ունեք:
— Գիտական ղեկավարին չեմ հաշվում: Ասենք թե մի հոգի է, համակերպվել է: Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի ղեկավարը նրա տեղակալն էր՝ Աշոտ Մարկոսյանը: Պարզ չի՞, որ նա է գրել դիսերտացիան: Կամ՝ Սեյրան Օհանյանի ղեկավարը նրա տեղակալն է: Սա գոնե պաշտոնական դիրքի չարաշահում չի՞: Հայցորդն անգլերենի, ինֆորմատիկայի քննություն պետք է հանձնի: Սրան գումարած մասնագիտական քննությունները: Պաշտոնյաները հիմնականում բոլորը մասնագիտացումն են փոխել, հետևապես, պետք է և ընդհանուր, և մասնագիտական քննություններ հանձնեն: Քաղաքապետը, օրինակ, ավարտել է Գյուղակադեմիայի ինչ-որ ագրարային բաժին, հետո դարձել է տնտեսագետ: Գալուստ Սահակյանի տղան ավարտել է արվեստի գծով, բայց դարձել է տնտեսագետ: Թեման հաստատվել է գիտխորհրդում, որտեղ մի 20 հոգի եղել են: Նախնական նեյտրալ պաշտպանությունն անցել է մի ուրիշ տեղ՝ մի 20 հոգի գիտխորհուրդ էլ այնտեղ: Վերջում էլ 20-25 հոգու առաջ պաշտպանել է: Ստացվեց, որ առնվազն մի 60 հոգի մասնակցել է այս պրոցեսին: Եթե գոնե սրանց կեսը դրական են արտահայտվել, ուրեմն, այս 30 հոգին հանցագործություն են կատարել: Ահա ինչու գիտությունն այլասերողները հենց իրենք՝ գիտնականներն են: Մեկը չկար այս 60-ի մեջ, որ ասեր. սա ի՞նչ աշխատանք է:
— Ի՞նչը կփոխեիք որակավորման համակարգում:
— Այս վիճակում ԲՈՀ-ն անկախացնելը կլիներ մեծ գործ: Սա պետք է անկախ մարմին լինի, կառավարությանը կից, ինչպես արտասահմանում, և չմտնի կրթության և գիտության նախարարության մեջ: ԲՈՀ-ի ամեն քայլի համար ԿԳ նախարարի թույլտվությունն է պետք, իսկ նախարարը քաղաքական պաշտոն է:
— Իսկ մասնագիտական խորհուրդներն ինչպե՞ս պետք է վերափոխել, որ կոռուպցիա չլինի:
— Մասնագիտական խորհուրդներում նախ պետք է մասնագետներ լինեն: Բայց հիմա որտեղ նայում եք, դոկտոր ու ակադեմիկոս են: Մի հատ նայեք WOS-ով, թե այդ մարդիկ ինչ են արել: Մենք 4 տարի պայքարեցինք, որպեսզի այս տեղեկատվական շտեմարանը՝ «Web of Science»-ը, մտնի Հայաստան, և մտավ: Այսօր ակադեմիկոս են ընտրվում, գրում են՝ համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, բայց նայում ես՝ այդ մարդու անունը WOS-ում չկա:
— Բայց Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հարցազրույց տվեց և ասաց, որ տվյալ գիտնականի օգտակար գործունեությունը պետք է գնահատվի՝ հաշվի առնեն նրա դերը հասարակության մեջ, ինչպիսի պաշտոններ է զբաղեցրել, ինչպիսի պարգևներ է ստացել:
— Թաղի տղերք են, էլի: Մի հատ գիտության հետ կապված կետ չի նշում: Լավ է չի գրել՝ ինչքան փող ունի: Եթե այս ցուցանիշով նայենք, Տարոն Մարգարյանն ակադեմիկոս է: 13 պետական պարգև ունի:
— Այսինքն, մեր գիտնականները, ասենք, մասնագիտական խորհուրդների անդամները ոչ մի միջազգային չափանիշների չե՞ն դիմանում, վարկանիշային սանդղակներին չե՞ն համապատասխանում:
— 2007 թվականին, երբ որ իմ տրամադրության տակ եղել են և Scopus-ը, և Web of Science-ը՝ աշխարհում ընդունված երկու մրցակից պաշտոնական վարկանիշային բազաներ, ես նայեցի, թե մեր գիտնականները, ակադեմիկոսներն այս համակարգերով ինչ արժեն: Ստացվեց, որ մեր ակադեմիկոսների 50 տոկոսի անունը չկա այդ շտեմարաններում, մի 25-30 տոկոսն էլ կան, բայց նրանց անվան առաջ «0» վարկանիշ է նշված:
— Մասնագիտական խորհուրդ մտնելու համար ի՞նչ վարկանիշ է պետք:
— Առնվազն «5» պետք է լինի, ինչը նշանակում է, որ տվյալ անձը 5 հոդված պետք է ունենա, որոնցից յուրաքանչյուրի վրա 5 հղում պետք է արված լինի: Սա միջազգային չափանիշով ասպիրանտի մակարդակ է:
— Ինչո՞ւ մեզ մոտ այսպիսի չափանիշներ չեն գործում:
— Մեզ մոտ չափանիշներ չկան: Կա «հանճարեղ գիտնական», «հանրահայտ գիտնական», «մեծ աշխատանքների հեղինակ»՝ բաժակաճառից բացի բան չկա: Որովհետև բավական է մի որևէ աշխարհում ընդունված սանդղակ մտցնեն, թեկուզ ոչ մասնագիտական, ասենք, «Google Schoolar»-ը, բարդակը, քաոսը կվերանան: Իսկ իրենց պետք չի, որ բարդակը վերանա:
Սյուզան Սիմոնյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.