Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Ժամանակ
Սպասվում են թանկացումներ Նոյեմբեր 30, 2011 | 11:17

Թերթի հետ զրույցում Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ սովորաբար Հայաստանում նախատոնական օրերին տեղի է ունենում 2-2,5 տոկոս գնաճ:«Դժվար է որեւէ կանխատեսում անել, բայց կլինի գնային որոշակի փոփոխություններ, հատկապես սննդի ոլորտում»,- ասաց նա` հավելելով, որ անհրաժեշտ է մի փոքր հետեւողական լինել, որ նախորդ տարվա սցենարը չկրկնվի եւ չառաջանա դեֆիցիտ.«Սովորաբար դա առեւտրային քաղաքականություն է: Ապրանքը պահում են, որ թանկ գներով իրացնեն: Հայաստանում դա կարծես ավանդույթ է դարձել»,- ընդգծեց Պողոսյանը:

Մարտի 1-ի դեմքը` ԲՀԿ շտաբի պետ Նոյեմբեր 29, 2011 | 11:02

Թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Արարատի մարզի ԲՀԿ շտաբի ղեկավար է նշանակվել մարտի 1-ի կարկառուն դեմքրեից մեկը` ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Նա վերջերս է անդամագրվել ԲՀԿ-ին: «Գրիգորյանը զբաղեցրած պաշտոնը լքեց 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո: Հենց նա էր մարտի 1-ին ղեկավարում ոստիկանության զորքերը»,- գրել է «Ժամանակը»:

Սամվել Ալեքսանյանի ընկերությունները զիջում են իրենց դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում Նոյեմբեր 11, 2011 | 11:11

Թերթը գրում է, որ Սամվել Ալեքսանյանի բազմաթիվ ընկերություններից խոշոր հարկատու հանդիսացող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն այս տարի հետզհետե զիջում է իր դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում եւ, 2010 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 2-րդ հորիզոնականից ետ մղվելով, այս տարի սեպտեմբերի դրությամբ 4-րդ տեղում է: «Ալեքս Գրիգ»-ը այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել է 11 մլրդ 900 մլն 981 հազար դրամ հարկ՝ 1 տարվա կտրվածքով հարկային մուտքերը պակասեցնելով 689 մլն 429 հազար դրամով: «Խոշոր հարկատուների ցուցակում է նաեւ «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցը, որը սակայն նույնպես նվազեցրել է իր ցուցանիշները. 2011 թ. սեպտեմբերին այն 45-րդ հորիզոնականում է, դիրքերը զիջելով 10 տեղով, իսկ հարկային մուտքերը պակասեցրել է 93 մլն 619 հազար դրամով՝ այս տարվա 9 ամսում վճարելով 1 մլրդ 273 մլն 147 հազար դրամ»,- գրել է «Ժամանակը»:

Լավանդայի Արայիկը տեղյակ չէ նախագահի հայտարարություններից Նոյեմբեր 02, 2011 | 10:23

Թերթը զրուցել է ՕԵԿ անդամ Արայիկ Հայրապետյանի հետ ( Լավանդայի Արայիկ): Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Անձամբ Սերժ Սարգսյանն էր ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել,որ խորհրդարանում գործարարներ չպետք է լինեն:

Ճիշտն ասած, տեղյակ չեմ. մեր ՕԵԿ-ի քաղխորհրդի բոլոր քննարկումների ժամանակ նման հարցադրումը ընդհանրապես չի էլ քննարկվել:

Այսինքն` Դուք շարունակո՞ւմ եք ղեկավարել ՕԵԿ գրասենյակը:

Միանշանակ, Սարյան 35-ում նորմալ աշխատում ենք եւ մինչեւ վերջ պետք է աշխատենք: Մենք կանգնած մարդ ենք եւ միասին մինչեւ վերջ պետք է գնանք:

Հիմա Դուք առաջադրելո՞  ւ եք Ձեր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններին, թե՞ոչ:

Ճիշտն ասած,ես այս վայրկյանին չեմ կարող ասել: Բայց Ձեզ խոստանում եմ, որ Նոր տարուց հետո Ձեր այդ հարցին հստակ կպատասխանեմ:

 

 

«Սև» երկուշաբթի Նոյեմբեր 01, 2011 | 12:26

Հոկտեմբերի 31-ը Հայաստանի ընթացիկ ներքաղաքական զարգացումներում թերևս կարող է անվանվել«սև» երկուշաբթի: Բանն այն է, որ երկուշաբթին խիստ անբարենպաստ օր էր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, և ինչ որ տեղ նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի համար:

Բանն այն է, որ երեկ օրվա վերջում հայկական մեդիայով տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Իսկ դրանից առաջ, մամուլում հայտնվեց Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, որտեղ Ծառուկյանը այսպես ասած վերաճանաչում էր փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագիրը, ուր համաձայնություն կա, որ կոալիցիան միմյանցից տեղեր չի խլելու խորհրդարանական ընտրություններում, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ էլ սատարելու է Սերժ Սարգսյանին:

Եվ այսպես, երեկ կարելի է ասել, որ Հայաստանի քաղաքական կյանքում երկու բավական կարևոր իրադարձություն է տեղի ունեցել` նախ փոխվում է Հայաստանի ոստիկանության ղեկավարը, իսկ ոստիկանությունը թե ներկայիս իշխանական համակարգում ընդհանրապես, թե նախընտրական ժամանակահատվածներում մասնավորապես ունի առանցքային դերակատարում, և բացի այդ էլ ներիշխանական գլխավոր ինտրիգը ինչ որ չափով հանգուցալուծվում է հօգուտ Սերժ Սարգսյանի:

Եթե սրան ենք գումարում նաև Երևանի քաղաքապետի փոփոխությունը, որտեղ ՀՀԿ-ն երեկ որոշել է առաջադրել Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ապա մենք փաստորեն ականատես ենք դառնում բավական լայնամասշտաբ մանևրների, որ անում է Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո: Սա կամ հիշեցնում է այսպես ասած մոսկովյան լոյալություն սեփական ծրագրերի հանդեպ, որ կարողացել է հաջողացնել Սերժ Սարգսյանը, կամ էլ Մոսկվայում հենց այդ լայնամասշտաբ փոփոխությունների դիմաց են համաձայնել աջակցել Սերժ Սարգսյանի ընտրական ծրագրերին:

Սակայն, չպետք է բացառել թերևս նաև արևմտյան գործոնը, որը վերջին շրջանում ևս ակտիվորեն առկա էր Հայաստանի իշխանության գործողություններում` այցեր Արևմուտք, Սարկոզիի այցը Երևան: Այսինքն, չի բացառվում, որ ներկայիս լայնամասշտաբ իշխանական շարժերը հենց այդ պայմանավորվածությունների արդյունք են, որոնք Սերժ Սարգսյանը կարողացել է նաև Մոսկվայում հավանության արժանացնել, ու վերադառնալով Երևան անցնել գործի:

Իհարկե այս ամենի արդյունքում մի բան է կարևոր՝ թե այդ գործից մեծ հաշվով ի՞նչ է շահելու պետությունը, հասարակությունը, շարքային քաղաքացին, որ հայտնվել է չափազանց ծանր վիճակում: Այս տեսանկյունից, կարծես թե առայժմ հուսադրող միտումներ չկան: Առայժմ Հայաստանում մենք տեսնում ենք զուտ իշխանական խմորումներ, այսինքն խմորումներ, որոնք միտված են առայժմ իշխանության հարցը լուծելուն:

Պարզ է, որ հասարակության օրակարգում բոլորովին այլ հարցեր են և այնտեղ գերական ոչ թե իշխանության, այլ պարզ գոյության խնդիրն է:

Աննախադեպ կրոնաքաղաքականություն Հոկտեմբեր 22, 2011 | 11:30

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ըստ էության, աննախադեպ քաղաքական իրադարձություն է տեղի ունեցել: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Սա իսկապես հետաքրքրական իրադարձություն է, որը թերևս նույնիսկ կարելի է համարել կրոնաքաղաքական:

Թե ինչ է նշանակում այս հանդիպումը, որպիսին կարծես թե երբեք չի եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության և ղարաբաղյան կարգավորման ընթացքում, գուցե առավել տեսանելի կդառնա առաջիկայում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորման գործընթացի ակտիվության նոր ելքեր են փնտրում: Դա եթե դիվանագիտական լեզվից վերածենք, այսպես ասած, ռեալ պոլիտիկի լեզվի, նշանակում է` թերևս փնտրում են իմիտացիոն գործընթացը շարունակելու նոր հնարավորություններ:

Եվ երևի թե այդպիսին է դիտվում կարգավորման գործընթացում որոշակի նոր բաղադրիչների, այդ թվում` հոգևոր կառույցների ներգրավումը: Այստեղ, իհարկե, իմիտացիոն հնարավորություններն ընդլայնվում են, կարող են ընդլայնվել, գործընթացը կարող է որոշակիորեն դուրս գալ փակուղուց, և համանախագահներն, ըստ երևույթին, փորձում են ուսումնասիրել այդ հնարավորությունը: Սակայն, միևնույն ժամանակ, պարզ է, որ այդ բաղադրիչը բավական նուրբ է և կարող է հակամարտությանը մեկ էլ տալ կրոնական երանգ, ինչը կլինի թերևս շատ անցանկալի մի զարգացում, և այդ դեպքում արդեն նոր փակուղին կարող է շատ ավելի պայթյունավտանգ լինել, քան դիվանագիտական փակուղին: Սակայն, այդ ամենից բացի, չի բացառվում նաև, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումը ունի բոլորովին այլ նպատակներ, որոնք չեն առնչվում Ղարաբաղի խնդրին:

Բանն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի համար վերածվել է մի ֆորմատի, որտեղ դե յուրե Ղարաբաղի հակամարտությունն է հոսում, բայց դե ֆակտո քննարկվում են տարածաշրջանային ավելի լայն խնդիրներ, որոնք ուղղակիորեն կարող են նույնիսկ չառնչվել Ղարաբաղի խնդրին: Հնարավոր է, որ Կաթողիկոսի հետ հանդիպումն, ասենք, կապ ուներ հայ-վրացական խնդրին, որը բավական լարվեց նրա` հենց Վրաստան կատարած այցից հետո, և որում կարծես թե նկատելի լարվածությունը պահպանվում է: Դրա ապացույցն էր այն, որ Վրաստանը հայտարարեց Հայաստանի նախագահի Թբիլիսի այցի մասին, իսկ Հայաստանն էլ հայտարարեց, որ այդպիսի այց ծրագրված չէ:

Չի բացառվում, որ հայ-վրացական տիրույթում առկա իրավիճակը անհանգստացրել է համանախագահներին, և նրանք փորձել են իրավիճակը, առկա լարվածությունը հասկանալ կամ պատկերացնել որոշակիորեն արմատից, ինչպիսին կարելի է համարել Կաթողիկոսի այցը Վրաստան:

Ուժայիններին լիցքաթափում են Հոկտեմբեր 21, 2011 | 11:14

Ոստիկանությունը երեկ բերման է ենթարկել, իսկ հետո ձերբակալել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ով մասնակցել է «Բանակն իրականում» նախաձեռնության բողոքի ակցիային, որն իրականացվել է կառավարության շենքի դիմաց: Այդպիսով, Գասպարին, այսպես ասած, երկխոսությունից հետո Հայ ազգային կոնգրեսի երկրորդ ակտիվիստն է, որ ձերբակալված է:

Առաջինը ներկայումս կալանքի տակ գտնվող, դեռևս օգոստոսին ձերբակալված Տիգրան Առաքելյանն է: Իհարկե, ոստիկանությունը Առաքելյանի հետ նաև մի քանի այլ ակտիվիստ երիտասարդների էր ձերբակալել, բայց եռօրյա կալանքի ժամկետը լրանալուց հետո նրանց բաց թողեցին, իսկ Տիգրան Առաքելյանին պահում են մինչ այժմ: Այժմ նրան է միացել նաև Գասպարին: Սակայն Գասպարիի ձերբակալությունը մեկ այլ բանով էլ հատկանշական է: Բանն այն է, որ նա ձերբակալվում է Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների ակցիայից հետո:

Այսինքն` Կոնգրեսի ակտիվիստի ձերբակալությունը ինչ-որ առումով կարելի է նաև իշխանության արձագանքը, պատասխանը համարել այդ շուրջօրյա ակցիային: Այսինքն` իշխանությունը, փաստորեն, ուզում է ասել, որ շուրջօրյա ութնօրյա հանրահավաքները չեն վախեցրել իրեն, և չնայած սպառնալիքին, որ անհրաժեշտության դեպքում Կոնգրեսը կրկին կդիմի այդ ակցիային, իշխանությունը չի վախենում կոշտ քայլեր անելուց և առիթն օգտագործում է Կոնգրեսի ակտիվիստին ձերբակալելու համար: Սակայն, իհարկե, այդ իմաստով հետաքրքրական է, թե ի՞նչ կանեն եռօրյա ժամկետը լրանալուց հետո` կկալանավորե՞ն Գասպարիին, թե՞ ազատ կարձակեն:

Մյուս կողմից, սակայն, դժվար է իհարկե տեղի ունեցածը միանշանակ իշխանության ուժի ցուցադրում որակելը: Բանն այն է, որ դա կարող է նաև վկայել իշխանության սնանկության մասին, երբ պարզապես ռեսուրս են կուտակում հետագա գործընթացներում ընդդիմությանն անելիք զիջումների համար` գիտակցելով, որ այդ զիջումներն անխուսափելի են լինելու:

Չի բացառվում նաև, որ ձերբակալությունն ընդամենը ոստիկանության կամայականություն է, իսկ բարձրագույն իշխանությունը նրանց պարզապես թույլ է տվել մի երեք օր հագուրդ տալ սեփական փառասիրությանը` փուքսը թողնելու համար, որովհետև ակնհայտ է, որ իշխանական համակարգում, հատկապես ուժային կառույցներում, երկրում առկա ներքաղաքական իրավիճակը և հատկապես ներիշխանական խմորումները` երբ իշխանության մի մասը դուրս է գալիս մյուսի դեմ, ստեղծել են չափազանց լարված իրավիճակ, և Սերժ Սարգսյանի համար այդ իրավիճակը լիցաքաթափելու միակ ելքը թերևս մնում է ուժայիններին ընդդիմադիր ակտիվիստների հանդեպ ազատություն տալը, ինչը սակայն, մյուս կողմից, է՛լ ավելի է լարում իրավիճակը:

Զինվորները սպանվում են. նախարարի հրամանը հոգևորականին ուղղված հորդոր է հիշեցնում Հոկտեմբեր 20, 2011 | 11:28

Մի առիթով պատահմամբ ականատես եղա մի պաշտոնյա անձի և նրանից որոշակի կախվածություն ունեցող պայմանագրային մի զինծառայողի զրույցի, որի ժամանակ վերջինս «շանտաժի» և տղայական մակարդակի խոսակցության միջոցով ուզում էր իր ակնկալիքն իրականացնել` բանակում ավելի բարձր պաշտոններ ստանալու համար: Իհարկե պաշտոնյան այնքան խելացի և համբերատար գտնվեց, որ նրան բացատրեց, որ ինքը հարգում է իր մասնագիտությունը և դիմացինի ակնկալիքը չի կարող իրականություն դարձնել, որովհետև, ի վերջո, պահանջվելիք չափանիշները բարեխղճորեն ու իր հնարավորությունների սահմաններում ապահովել է պետք:

Բայց ինձ, որպես բանակային իրականությունը շատերից քիչ թե շատ ավելի ճանաչող անձի, այնքան զայրացրեց այդ սպայի հայացքն ու պահվածքը, որ եթե հանկարծ նրա մասին մի հոդված գրած լինեի, ու գար խմբագրություն ու հանկարծ այդ տոնով ինձ հետ խոսեր ու ինչ-որ պատասխան պահանջեր` շատ հնարավոր է, որ մի բան տայի գլխին ու մի քանի հատ էլ հայհոյանք ասեի: Որովհետև ես պատկերացնում եմ, որ այդ նույն սպան  ավելի վատ տոնով խոսում է իր ենթակա զինվորների հետ, գուցե նվաստացնում ու ծեծում նրանց, որոնց հետևանքն էլ մահվան դեպքերն են լինում… Եվ դա չի կարող չզայրացնել հասարակությանը, ինձ` հասարակության իրավունքը պաշտպանող լրագրողիս, ով ընտրելով այս  կոնֆլիկտային մասնագիտությունը` կոչված է վեր հանել խնդիրը, գտնել ծնող պատճառը և փորձել լուծել բանակի ու հասարակության միջև առկա կոնֆլիկտը: Բայց այն նույնիսկ պաշտպանության նախարարը չի կարողանում լուծել:

Այս տարվա սեպտեմբերի 24-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարգապահական ուղեցույցին կից մի հրաման էր ուղարկել զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներին և պարտադրել, որ սպաներն այդ ուղեցույցներն ունենան իրենց գրպաններում, հաճախակի կարդան, որ կարողանան կարգուկանոն հաստատել իրենց լիազորությունների շրջանակներում: Հրամայել էր  այդ ամենը հասցնել ողջ անձնակազմին` սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 2-ը:

Նախարարը այս ուղեցույցը հղել էր կրկնակի անգամ` ուսումնական տարվա առաջին կիսամյակում հայտարարված «կարգապահական ամրապնդման կիսամյակի» ընթացքում ունեցած հաջողություններից հետո: Դրա անհրաժեշտությունն առաջացել է արդեն երկրորդ կիսամյակում, նախարարի բնորոշմամբ` անցումային շրջանում առաջացած թերությունների, բացթողումների արդյունքում բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարներից, հանցագործություններից հետո, որոնք առանձնապես սրել են հասարակության ուշադրությունը և բողոքի ալիք բարձրացրել: Բայց վերջին շրջանում տեղի ունեցած զինվորների մահվան դեպքերը ցույց տվեցին, որ այդ հրամաններից հետո դեպքերը շատանում են: Երևի այդ ցուցումներից զորամասերում որոշ հրամանատարներ կատաղում և ճիշտ հակառակն են անում:

Սպազմե՞ր, թե՞ իմիտացիա Հոկտեմբեր 18, 2011 | 11:45

Ըստ ամենայնի` առաջիկայում հանրային շրջանակներում կրկին հրատապ կամ առաջնային է դառնալու այն հարցը, թե արդյո՞ք խաղ է ներիշխանական ճամբարում առկա հակասությունը՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Իսկ որ հակասությունը հասունանում է, և այն առաջիկայում կարող է վերածվել անգամ կոալիցիայի պառակտման, թերևս բավական շոշափելի և նաև հավանական է:

Հենց միայն այն, որ Հայաստանում այլևս ակնհայտորեն խախտվում են ընթացիկ տարվա փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հուշագրի դրույթները, և ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարում են միմյանց հետ մրցակցելու մասին, վկայում է, որ իշխանական ճամբարում կատարվում են լուրջ գործընթացներ, որոնք միտված են առաջիկա ընտրական փուլի նախապատրաստությանը: Եվ հարցն այստեղ լինելու է այն, թե անհամաձայնություն կամ մրցակցություն խաղալն այդ կուսակցությունների համատեղ նախապատրաստության ծրագրի մա՞ս է, թե՞, այդուհանդերձ, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իսկապես ինչ-որ բան չեն կարողանում կիսել կամ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել:

Այս հարցը՝ խաղ թե իրականություն, կա 2006 թվականից, երբ ստեղծվեց ԲՀԿ-ն և սկսեց հայտարարել ՀՀԿ-ից ավելի մեծ կուսակցական թիվ ունենալու մասին: Բայց հետո ԲՀԿ-ն ընդամենը մի քանի մանդատ ստացավ և ՀՀԿ-ի գթառատության շնորհիվ կազմեց կոալիցիայի մաս: Ստացվեց, որ նախընտրական հատվածում նրա սուր հակադրությունը թատրոն էր: Իրականում մենք, թերևս, շտապում ենք՝ այդպիսի եզրակացություններ անելով: Եթե ԲՀԿ-ն, ասենք, 2006 թվականի ընտրությանը ՀՀԿ-ի հետ կոշտ մրցակցում էր նախընտրական հատվածում, իսկ հետո մաս կազմեց կոալիցիային՝ առանց որևէ բողոքի, դա դեռ չի նշանակում, որ նախընտրական թեժ հակադրությունը նրանց բեմադրած թատրոնն էր: Մինչ այդ, իհարկե, հենց սկզբից պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանության մեջ որքան էլ սուր լինեն անհամաձայնություններն ու մրցակցությունը, միևնույն է, դրանք չեն վերածվի վերջնական և կոշտ առճակատման:

Դա բացառվում է, և կարող է լինել միայն տոտալ քաղաքացիական պատերազմի դեպքում, ինչը Հայաստանում չեն հանդուրժի առաջին հերթին համաշխարհային քաղաքականության հզոր կենտրոնները՝ Մոսկվան, Փարիզ-Բրյուսելն ու Վաշինգտոնը: Իսկ մնացյալ դեպքերում, ներիշխանական հակադրությունը կրելու է փուլային բնույթ, երբ կողմերը կվիճեն, բայց մոտենալով վեճի կրիտիկական կետին, կսթափվեն ու կգան նոր պայմանավորվածության՝ «համատեղ հանցանքի» սկզբունքի վրա ձևավորված համակարգը ճակատագրորեն չվտանգելու համար: Սակայն, ամեն մի նոր, ամեն մի հերթական փուլում, կողմերը վեճից հետո առավել դժվար են պայմանավորվելու, և այդ պայմանավորվածությունն առավել կարճ է տևելու, առավել դժվար է լինելու պահել:

Դրա վկայությունը հենց այն է, որ եթե Հայաստանի իշխանության առաջին կոալիցիոն համաձայնությունը տևեց երեք տարի՝ 2003-2006 թվականները, ապա երկրորդը տևեց արդեն մոտ մեկ տարի՝ 2007-2008-ը, քանի որ ՀՅԴ-ն երկրորդ անգամ կոալիցիա կազմելիս հայտարարեց, որ դա անում է մեկ տարվա համար՝ մինչև նախագահի ընտրություն: Իսկ հիմա էլ մենք տեսնում ենք, թե ինչպես շատ կարճ է տևում ընթացիկ տարվա փետրվարի 17-ի նոր պայմանավորվածության հարգումը կամ պահպանումը:

Արամ Մելքոնյանն ինքնասպանությունից հինգ րոպե առաջ մորը խնդրել է քրոջն ու հորը լավ նայել Հոկտեմբեր 15, 2011 | 11:36

Որքան էլ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը հավաստիացնում է, որ բանակում մահվան դեպքերի աճ չի գրանցվել, ավելին` խոստանում է փաստերով ապացուցել, որ բանակում մահվան դեպքերը տարեցտարի նվազում են, այնուամենայնիվ, վերջին չորս օրերի ընթացքում բանակում կատարվածը բոլորովին այլ բան է ցույց տալիս:

Չորս օրերի ընթացքում երեք զինվորի մահ արձանագրվեց` Մատաղիսի զորամասում` 19-ամյա Յուրիկ Ներսիսյանի, Իջևանի զորամասում` 21-ամյա Արամ Մելքոնյանի և 92-ին ծնված Վլադիմիր Ասատրյանի մահվան դեպքերը, երեքն էլ` ինքնասպանության վարկածով:

2011թ. հունիսի 17-ին բանակ զորակոչված ժամկետային զինծառայող 21-ամյա Արամ Աշոտի Մելքոնյանի դին դեռ ծնողներին չեն հանձնել: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին` ժամը 15:00-ի սահմաններում: Արամ Մելքոնյանի մայրը` Հռիփսիմեն, որդու հետ խոսել է դեպքից հինգ րոպե առաջ: Որդու վերջին խոսքերն են եղել. «Մամ, ձեզ լավ նայեք, Լուիզային (քրոջը) լավ նայի, պապային էլ լավ նայի, որ առողջանա, ասացի` Արամ, խելոք մնա, վաղը կգանք, ու… անջատեց, հինգ րոպե հետո ինքնասպան է եղել»,- պատմեց Արամի մայրը:

Արամ Մելքոնյանը 2011-ին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի բաժինը և մեկնել հայկական բանակ: Այս ամիսների ընթացքում մորը տեղեկացրել է բանակում տիրող վարք ու բարքի, սպայական կազմի անտարբերության, զինվորների մեջ առկա տարաբնույթ վիճաբանությունների մասին: Լինելով կրթված անձնավորություն` բանակում չի հաշտվել հատկապես տգիտության հետ: Մայրը` տիկին Հռիփսիմեն, պատմում է, որ երբ մի անգամ Արամն օգտագործել է «մարտկոց» բառը, զինվորները չեն հասկացել: Տղան հաճախ է ձանձրացել բանակում, անգամ գիրք չի եղել ընթերցելու, քանի որ գրքի թերթերը բանակում օգտագործում են կարիքները հոգալու համար: Արամ Մելքոնյանը հաճախ է ասել, որ բանակում կարգուկանոն չկա, «բանակ չի, բարդակ ա, բարդակ»: Տիկին Հռիփսիմեն պատմում է, որ տղան կարող էր նաև բանակ չգնալ, սրտանոթային խնդիրներ ուներ, բայց ծնողներն ասել են` դու որոշիր, իսկ նա որոշել է ամեն դեպքում գնալ:

Արամը շատ մաքրասեր էր, բանակի ճաշերը, փնթի վիճակը չէր հանդուրժում, ամեն ինչ ճակատին ասող էր, խորամանկել էլ չգիտեր: Մոր խոսքերով` արդարություն էր ուզում, ազնիվ էր, չափից ավելի, բայց արդեն չէր դիմանում այդ կարգերին:
Քրոջ` Լուիզայի պատմելով` Արամը ե՛ւ ուզում էր գնալ բանակ, ե՛ւ չէր ուզում. «Բարդ բնավորություն ուներ, հոգեպես ճնշված է եղել, իրեն մենակ է զգացել, և որևէ հոգեբան չի եղել, որ նրան օգնի»,- ասաց Լուիզան: Մի անգամ էլ պատմել է, որ իրեն ասել են` «Ախպեր, քեզ չենք հասկանում», այսինքն` այնքան անգրագետ են եղել, որ Արամի բառապաշարը չեն հասկացել:

«Թե ումից էր դժգոհ, անուններ Արամը չէր տալիս, զինվորներից էր ավելի դժգոհ, հիմա ասում են` ընկերուհու հետ է կռվել, այս բոլորը սուտ է: Ինչքան են հասցրել հոգուն, որ նա նման բան է արել»,- ասաց Լուիզան:
Բարեկամները վստահ են, որ հոգեբանական ճնշում գործադրելով են Արամին հասցրել ինքնասպանության:

Արամի տատիկը պահանջում է այդ համակարգում բոլոր պաշտոնյաների հրաժարականները` սկսած նախարարից, նախագահից, մինչև վերջին պաշտոնյան, այլապես հետո էլ չեն կանխվի բանակում նման դեպքերը:
Արամը մահվանից առաջ սրտի մոտ գրել է մոր անունը` Հռիփսիմե և վրան սպիտակ վարդ դրել:

Վիդեո

Top լուրեր
Հարցում
  • ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը միասնակա՞ն ցուցակով կգնան ընտրությունների, թե՞ առանձին-առանձին:

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...