22.02.2012 | 18:53
22.02.2012 | 18:48
22.02.2012 | 17:17
22.02.2012 | 17:08
22.02.2012 | 16:04
22.02.2012 | 14:23
22.02.2012 | 14:16
22.02.2012 | 14:04
22.02.2012 | 12:45
22.02.2012 | 12:37
22.02.2012 | 12:32
22.02.2012 | 12:26
22.02.2012 | 12:13
22.02.2012 | 11:53
22.02.2012 | 11:47
Փետրվարի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և փետրվարի 15-ին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ երկու հանդիպումներից հետո «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն արձանագրում է հետևյալը. 1. Մաշտոցի այգու բետոնապատման համար քաղաքապետարանի կողմից ոչ մի օրինական հիմք այդպես էլ չի ներկայացվել և քաղաքացիներին կոչ է արվել «օրենքից չխոսել», 2. Ակնհայտ դարձավ, որ քաղաքապետարանը կամայական որոշում է կայացրել ի օգուտ մի քանի սեփականատերերի և ի հաշիվ Երևանի հանրության, 3. «Հին Երևան» նախագիծը մոտ ապագայում իրագործման որևէ շանս չունի և այն օգտագործվում է միայն որևէ կերպ արդարացնելու համար այգու ապօրինի կառուցապատումը, 4. Քաղաքապետարանի ներկայացուցիչները նաև չկարողացան բացատրել ինչու են մեկ հանրային տարածքից ապամոնտաժված կառույցները տեղադրել նոր հանրային այգում և այն էլ կանաչապատ գոտում, 5. Դրանց ժամանակավոր լինելու հանգամանքը չի ազատում օրենքի պահպանման պարտավորությունից և չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ կառույցները ժամանակավոր չեն, այլ հիմնավոր են ու նախատեսված են երկար տարիներով, 6. Քաղաքապետարանի ընկալման մեջ տեղ չունեն ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ և ՀԱՆՐԱՅԻՆ ԱՅԳԻ հասկացությունները և առաջնահերթություն է տրվում խանութների տերերին: Ելնելով այս ամենից՝ հայտարարում ենք, որ Եթե Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում շարժվել օրենքով, ապա Մաշտոցի այգում օրեր շարունակ հերթապահող քաղաքացիներն ունեն այդ օրենքի գիտակցումը և այլ ելք չեն տեսնում, քան շարունակել անժամկետ նստացույցը մինչև այգու վերջնական ազատումը: Միաժամանակ տեղեկացնում ենք նստացույցի մասնակիցների դեմ սկսած սադրանքների մասին և պատկան բոլոր մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռք առնել` ապահովելու համար նրանց անվտանգությունը: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Երեւանի քաղաքապետարանը ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է տարածում ձյան մաքրման հետ կապաված աշխատանքների կատարման մասին, էլ ավելի բորբոքելով կրքերը. Ուշագրավն այն է, որ չնայած հավաստիացումներին քաղաքում մաքրված փողոցներ որևէ մեկը չի տեսնում. Նույնիսկ կենտրոնական փողոցները խայտառակ վիճակում են:
Ի դեպ շատ լավ կլինի, որ քաղաքապետարանը նշի թե կոնկրետ ո՞ր փողոցներն է մաքրել օր ու գիշեր աշխատող տեխնիկան:
Որ վարչական շրջանի, ո՞ր կենտրոնական փողոցներն են մաքրել, որ հասել են մայթերին ու բակերին: Այս տեղեկություններն են, որ հետաքրքիր է մայրաքաղաքի բնակչին, քանի որ քաղաքի սուղ բյուջեից դուրս գրվող հսկայածավալ վառելիքը և մաքրման համար անհրաժեշտ մյուս ռեսուրսները, դուրս են գալու նրա գրպանից մինչդեռ սառցապատ կամ ցեխաջով լցված փողոցներով ու մայթերով ինքն է ստիպված քայլել, կրելով դրանից բխող բոլոր անհարմարությունները:
Ի դեպ եղանակները տաքանալուն պես մի այլ խնդրի առջև ենք կանգնելու, ինչպես այսօր երբ արևից հալվեց ձյունը. այն տեղ չունի լցվելու, քանի որ փողոցների դիտահորերը չգիտես ինչ նկատառումներով, տարիներ առաջ փակվեցին. (մենք այս թեմային անդրադարձել ենք) Թե ո՞ւմ անպատասխանատու որոշման արդյունքն էր դա, այդպես էլ չպարզվեց, սակայն այսօր Երևանի բնակիչը կանգնած է փաստի առջև: Գիշերվա սառնամանիքը փողոց լցված ջուրը սառույց է դարձնելու ու վաղն առավոտյան մենք ունենալու ենք շատ տխուր պատկեր:
Սրա մասին է պետք մտածել. լուծեք դիտահորերի խնդիրը, քանի որ տարվա վեց ամիսը դա անհրաժեշտ է հետիոտն երևանցուն: Ձյունն ու անձրևը նրան է անհարմարություն պատճառում, այլ ոչ այն մարդկանց ովքեր ոչ ձյունապատ ու շատ վատանգավոր թեքահարթակներն են ստիպված հաղթահարել, ոչ էլ դուրս են գալիս սելավապատ փողոց:
Իսկ քաղաքապետարանը այս ամենին անհաղորդ տարածում է իր հերթական իրականության չհամապատասխանող հաղորդագրությունը.
Բոլոր վարչական շրջաններում փետրվարի 10-ի լույս 1-ի գիշերը, ձյան տեղումների դադարից հետո էլ շարունակվել են մաքրման աշխատանքները, գրում է քաղաքապետարանը: Անցած գիշերվա ընթացքում համապատասխան մեքենամեխանիզմներով նախ գլխավոր եւ երկրորդական փողոցներում մաքրվել եւ փողոցների որոշակի հատվածներում կուտակվել են տեղացած ձյան առկա շերտերը, իսկ վաղ առավոտից սկսած կազմակերպվել ու շարունակվում է դրանց տեղափոխման աշխատանքները: Բացի այդ, վաղ առավոտից սկսվել եւ շարունակվում է նաեւ մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքները: Այս աշխատանքներում ներգրավված են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկություններն` իրենց տեխնիկական եւ մարդկային ամբողջ ռեսուրսներով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերոնշյալ աշխատանքներն իրականացնել ամենօրյա ռեժիմով, մինչեւ ձնից ամբողջությամբ մաքրվեն մայթերն ու բակային տարածքները:
«Ձևավորվում է միմյանցից տարբեր գաղափարախոսությամբ երեք քաղաքական ուժ. իշխող ուժի գաղափարախոսությունը ֆինանսաօլիգարխիկ կապիտալիզմն է, մյուսը ԲՀԿ ուժն է, որ պետք է կենտրոնամետ լինի, բայց սա ավելի շատ արդյունաբերական է, իսկ ՀԱԿ-ի գաղափարախոսությունը ժողովրդական կապիտալիզմն է, երբ 300 – 400 հազար մարդ պետք է զբաղվի ակտիվ բիզնեսով, հետո այդ թիվը պետք է հասցնել 700-800 հազարի», – այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ինչ անում են` մեր ասածն են անում, բայց աղճատված: Ուժեղ պայքար է գնում տնտեսական ուժերի միջև` Հայաստանը լինելու է մա՞նր բիզնեսի, թե՞ խոշոր բիզնեսի երկիր»,- ասաց Հ. Բագրատյանը:
Նա տեղեկացրեց, որ ցանկացած պատգամավորի թեկնածուի ինքն անվճար խորհրդատվություն է տրամադրում: Իսկ ՀԱԿ ցուցակի, ընտրությունների հետ կապված, ասաց թե ներքին պայմանավորվածություն կա, որ դիմեն Լևոն Զուրաբյանին»:
Ինչ վերաբերվում է «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագծին, նախկին վարչապետի կարծիքով, դա ոչ թե ստվերի դեմ պայքարի միջոց է, այլ` ներմուծող օլիգարխներին ֆինանսական օլիգարխներ դարձնելու փորձ:
Իբրև տնտեսագետ Բագրատյանը կարծում է, որ կանխիկացման հետ ստվերը կապ չունի. «Ստվերը ստվեր ա, կարա կանխիկ էլ լինի, անկանխիկ էլ«սրանք բացարձակ հիմարություններ են»:
«Կրակն ենք ընկել, որ էդ մարդը բանկում է աշխատել, բանկի գործ էլ չգիտի, իսկ գյուղատնտեսության ոլորտն էլ ղեկավարում է «գյուղմեխանիզացիան» ավարտած մարդը»: Բագրանտյան ի նկատի ունի վարչապետ Տիգրան Սարգսյանին և Գյուղնախարար Սերգո Կարապետյանին:
«Ի՞նչ են անում էս բանկերը, ասում են, որ երեք միլիոնից ավել գործարքը բանկով պիտի անեք: Հին հայտնի սովետական պատմություն է, սովետում էլ տենց թվեր կային: Տիգրան Սարգսյանը նրանց դարձնում է ֆինանսկան օլիգարխներ ու նրանց հասկացնում է, որ աշխարհում ուրիշ փող չկա»,- ավելացրեց Բագրատյանը:
Բագրատյանի հայտարարությունը հիմնավորվում է նաև «Տրանսպերենսի ինտերնեյշնլ» (Transparency International) կազմակերպության նախորդ տարվա զեկույցով.Հայաստանը ստվերային գործունեության գործակցի ցուցանիշով 2011-ին 151 երկրների մեջ զբաղեցրել է 124-րդ տեղը: Իսկ ընդհանուր ցուցանիշը եղել է 47:
«Այսինքն 47 տոկոսը փաստ է, 53-ը ստվեր»,- պարզաբանեց Հրանտ Բագրատյանը, զուգահեռ անցկացնելով իր վարչապետության տարիների հետ.«Սա նույն ցուցանիշն է, ինչ եղել 1996թ., երբ պատերազմը նոր էր ավարտվում, իսկ պետությունն էլ մի քանի տարեկան էր: «Երբ մեզ ինչ-որ անեկդոտներ էին պատմում, «մազութի գործ», որ շեղեն ուշադրությունը և սկսեն իրենց սև գործը»,:
«Մարիաննա» ընկերության կաթնամթերքը կրկին թանկացել է։ Միջին չափսի թթվասերը 200-ից դարձել է 220 դրամ, իսկ 220 դրամ արժողությամբ կես կգ մածունը՝ 240 դրամ:
«Մարիաննա» ընկերության պատճառաբանումը նույնն է` կաթնամթերքի թանկացումը պայմանավորված է հումքի գների բարձրացմամբ։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Ամանորի շեմին իրականացվեց մայրաքաղաքի փողոցներում, բակերում, կանգառասրահներում և այլ տարածքներում գիշերող, մշտական բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագիրը:
Քաղաքապետարանի ֆինանսավորմամբ և հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Վարդաշենում նրանց տրամադրվեց մի մասնաշենք, որտեղ ինչպես տեղեկացրեց կենտրոնի տնօրենը, տեղավորել են գիշերակաց 42 անօթևանի: Տնօրենը պատմեց, որ իրենք նոր չէ, որ զբաղվում են այդ գործով, սկզբում շրջել են փողոցներում, գտել անօթևաններին, փորձել նրանց օգնել, կամաց – կամաց խնդիրն այլ տեսք է ստացել, երբ գործի մեջ է մտել դանիական կազմակերպությունը, իսկ երևանում ցրտից անօթևաններ են մահացել:Այդ ժամանակ էլ սկսել են համագործակցել նաև նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նա պատմեց, որ իրենք աշխատել են քաղաքապետարանի հետ, սակայն համագործակցել են նաև Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հետ:
Տնօրենն ի դեպ, ներկայացրեց, որ լուծվել է անօթևանների կացարանի, սննդի, հիգիենայի, խնամքի բուժզննության և առաջին անհրաժեշտության այլ միջոցառումների կազմակերպումը,սակայն խուսափեց նշել այն գումարի չափը որ, տրամադրել է քաղաքապետարանը, պատճառաբանելով, թե հեռախոսով չի կարող տվյալներ ասել:
Սա իհարկե հարցի մի կողմն է.Անկախ նրանից, մարդասիրական, թե` քաղաքի համար մտահոգ դրդումներով է քաղաքապետն իրականացրել ծրագիրը, գումար հատկացնելով մայրաքաղաքի բյուջեից, միևնույնն է դա ավելի շուտ սոցապնապարարության գործն է, որն այսօր կամ չի արվում, կամ թերի ու շատ վատ է կազմակերպվում:
Եթե չեմ սխալվում 2006-ին, անօթևանների կացարան բացվեց թիվ 1 տուն – ինտերնատի մասնաշենքերից մեկում և բյուջեից հատկացված գումարների հաշվին նախատեսվեց պատսպարել մոտ 60 հոգու, հետո մարդկանց հոսքը սկսեց աննախադեպ աճ գրանցել ու տնօրինությունը կանգնեց խնդրի առջև: Մի մասին տեղավորեցին տուն ինտերնատում, մի մասն էլ անվերջ վերադարձի մեջ է, (դուրս են գրվում, հետո կրկին հետ վերադառնում) քանի որ այնտեղ ըստ կարգի, 2 ամսից ավելի չեն պահում: Ու այս կիսատ պռատ մշակված ծրագիրը մնաց գործող ու այդպես էլ լիարժեք չմշակվեց:
Հիմա անցնենք բուն խնդրին. անօթևանների կենտրոնում պահվող մարդկանց մեծ մասը երևանի բնակիչ չէ: Գրեթե վստահ եմ, որ Վարդաշենում պահվողների մեծ մասը ևս մարզերից է:
Անհասկանալի է, թե ինչու պետք է մայրաքաղաքի (որն առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունի) բյուջեից, հատկացում արվի մարզերից եկած անօթևանների խնդիրը լուծելու համար, այն դեպքում, երբ դա կարող է, և ի պաշտոնե պարտավոր է կազմակերպել սոցապնախարարությունը:Ու գործը ճիշտ կազմակերպելու դեպքում անօթևանը չի հասնի Երևան, մի կտոր հաց ճարելու ու քանդված շինություն գտնելու հույսով: Եւ ինչքանո՞վ է ճիշտ, առանց այդ էլ բնակչությամբ գերծանրաբեռնված ու մադկային հոսքի բեռի տակ կքած Երևանին լրացուցիչ ծախսի տակ գցելը:
Մինչդեռ մարզերում, սոցապնախարարության կողմից, բարեգործական հիմնադրամների օժանդակությամբ (թեկուզ երկու մարզում մեկ կենտրոն սկզբունքով) կենտրոն հիմնելը շատ ավելի նպատակահարմար կլիներ: Նշենք միայն մեկ խնդիր. մարդիկ այսօր, թե` անօթևանների կենտրոնում, թե` վստահ եմ, նորաբաց հավաքատեղիում իրենց փաստաթղթային հարցերը կարգավորելիս, ոչ քիչ գումարներ են ծախսում (ի դեպ պետության գրպանից), բնակության վայրեր հասնելու ու հարկ եղած հարցերը լուծելու համար: Քանի որ, ինչպես տեղեկացվում է` հաշվառումից և խնդիրների գույքագրումից հետո, նախատեսվում է լուծել նաև անօթևանների աշխատանքի տեղավորման եւ այլ հաստատություններ տեղափոխման հարցը: Իսկ միգուցե՞ այստեղ ևս գործում է ինչքան շատ գործ` այնքան շատ գումար, սկզբունքը:
Ի դեպ վերը նշված խնդիրը միայն մի փոքրիկ, մասն է, այն լաբիրինթոսի, որ ստեղծված է այս հարցի շուրջ:
Ռուզան Ավոյան
Հովհաննիսյան Վարդիթեր, ծնված 1936 թ. հուլիսի 15-ին Երևանում: Ամուսնացել է ու, երեխա չունենալու պատճառով, բաժանվել, մերձավոր արյունակից հարազատներ չունի: Վերջին տարիներին աշխատել է ծննդատանը:
Ավտովթարի հետևանքով Վարդիթեր մայրիկը մի շարք վնասվածքներ է ստացել՝ ձեռքն է կոտրվել, նաև ոտքը, վնասվել է գլուխը, մեծ հեմատոմա է առաջացել գլխուղեղում: Վրաերթի ենթարկած վարորդը զանգահարել է ոստիկանություն, հայտնել պատահարի մասին, տեղափոխել հիվանդանոց և հոգացել բժշկական ծախսերը:
Ճիշտ է, էդպես էլ չի կարողացել պարզել, թե քրեական գործը ոնց են կարճել, բայց ըստ խնամողի՝ վերջին անգամ 300 դոլար է բերել տվել, ասել է, որ ինքն էլ ընտանիք, երեխեք ունի, ու որ սրանով սահմանափակվում է իր օգնության հնարավորությունը… Վարդիթեր մայրիկը դեռ ի վիճակի էր որոշում ընդունել ու ստորագրել է ինչ-որ փաստաթուղթ, որով ինքը վարորդից այլևս պարտք ու պահանջ չունի:
Բայց կինն այդպես էլ չի ապաքինվել՝ շաքար ունի, մինչև հիմա կոտրվածքները չեն կպչում, իսկ վիրահատությունների համար անհրաժեշտ ընդհանուր ցավազրկումների ու հեմատոմայի ֆոնին ինսուլտ է ստացել նոր տարուց առաջ ու չի ապաքինվում առ այսօր: Գտնվում է շատ ծանր վիճակում, պետական կամ հումանիտար և ոչ մի կառույց հանձն չի առնում լուծել հարցն ու տիրություն անել անօգնական վիճակում գտնվող ՀՀ քաղաքացուն:
Կարինեն Վարդիթեր մայրիկի մորաքրոջ թոռն է, խնամում է նրան առ այսօր: Կարինեն պատմում է. «Դե, առաջին անգամ որ ինսուլտը խփեց, նոր տարվա օրերն էին, շտապ օգնություն կանչեցի, դեռ չգիտեի՝ ինչ ա եղել: Եկան, ասեցին՝ հիմա տանենք հիվանդանոց, նոր տարի ա, բան, ո՞վ ա նայելու, ո՞վ ա հետևելու, լավ ա ցավազրկենք, թող մնա տանը, ես էլ համաձայնեցի: Հետո մի քանի անգամ էլի էր վատացել, էլի կանչել էի, մի անգամ ուզում էին տանեն, շաբաթ-կիրակի էր, էլի ասին՝ անտերություն ա լինելու, ես էլ մտածեցի՝ լավ ա ուրեմն՝ թող մնա տանը: Բայց ես ինքս եմ հիվանդ, ինքս երրորդ կարգի հաշմանդամ եմ, երիկամներս ու լյարդս վիրահատված են: Ինքն էլ հոգեկան անհավասարակշիռ վիճակում ա գտնվում, մեկ էլ տեսնում ես ՝ գոռգոռում ա, ինչ-որ վախեր ունի մեջը էդ վթարից հետո… Շատ ծանր ա իրան խնամելը, ֆիզիկապես էլ չեմ կարողանում, ուժս չի հերիքում, ինքը անկողնային ա… Փարոսի փողերն ուշացնում են, մի ամիս հետ ենք ընկել, բայց ապտեկան հո պարտքով փամփերս չի՞ տա, որ գնամ ուզեմ… Հոգեկանի համար բժշկի տված դեղն էլ վախենում եմ թե տամ՝ խմի… աչքերը կուլ են գնում, մարում ա, ես էլ վախենում եմ վատանա՝ չիմանամ… Ինքը շատ ծանր ա, շատ…»:
Հենց Կարինեն էլ դիմել է մեզ՝ օգնության ակնկալիքով:
Մենք սկսեցինք զանգահարել տարբեր կառույցներ՝ պետական, հասարակական, ու ողջը՝ ապարդյուն: Սոցապնախարարությունն ուղարկում է «Փարոս»՝ թղթեր դասավորելու, որից հետո սոցապնախարարությունում հերթագրման է դրվելու, ու «խնամյալը» պետք է սպասի՝ հայտնի չէ որքան, մինչև անկողնային հիվանդների խնամքի համար նախատեսված միակ կառույցը՝ 4-րդ գյուղի թիվ 1 տուն ինտերնատը, այլ կերպ ասած` ծերանոցի անկողնային բաժանմունքն ազատ տեղ կունենա հիվանդին ընդունելու համար:
Դիմել ենք նաև տնային խնամք իրականացնող ՀԿ-ներին ու ստացել ենք այս պատասխանը. «Մենք հիմա չենք կարող օգնել, մեր շահառուների ցուցակը սահմանափակ է ու լրացված է այսօրվա դրությամբ»:
Թաղային պոլիկլինիկան չունի «տնային խնամք», այլ ծառայություններ ևս չունի: Միայն երկարատև պայքարից հետո ուղեգիր է տվել Վերականգնողական կենտրոն տեղափոխելու համար:
«Հիվանդանոցում մենակ ավել ծախս պիտի լինի էլի, հետո էլ ասում են՝ մեկ ա չի բուժվելու, այսինքն՝ չի ապաքինվելու, ասենք՝ մի երկու շաբաթ էլ մնաց հիվանդանոցում, մեկ ա՝ էլի տուն պիտի գա, հո միշտ չեն պահելու…»:
Տիկին Վարդիթերը գոնե մեկն ունի կողքին, թեկուզ հեռու հարազատ-բարեկամ, իսկ ի՞նչ անեն այն տատիկներն ու պապիկները, ովքեր ոչ ոք չունեն, ո՞ւր են նայում սոցիալական ու մարդասիրական կառույցները: Սոցապ կառույցների մասին դեռ մի քաղցր խոսք լսած չկամ, դեռ մեկը չեղավ, որ ասի՝ դիմել եմ, աջակցել են, հարցը լուծվել է:
Միայն ուղարկում են սոցապից փարոս, փարոսից սոցապ, դու էլ՝ քաղաքացի, որ սովետի վախտով սովետի վախտ, սովետից էս կողմ էլ մեր վախտերը պահումներ են արել քո աշխատավարձից, հարկեր ես վճարել հենց էս օրվա համար՝ սպասիր, մինչև ծերանոցում տեղ ազատվի, մի մեռիր, սպասիր…
Չեմ հասկանում՝ էս պետությունն ո՞ւմ է պետք, ո՞վ է պետությունը, ո՞վ պիտի պատասխան տա մեր ծերերի ու երեխաների անտերության համար: Չգիտեմ, ինչով կվերջանա Վարդիթեր մայրիկի պատմությունը, կհաջողվի՞ նրան ինչ-որ կերպ օգնել:
Իսկ եթե, ասենք, նրան օգնեցինք, իսկ մյուսնե՞րը…
Քաղցկեղով հիվանդներ, որոնք պետական օգնություն են ստանում իրենց անհրաժեշտ բուժման մեկ տոկոսի չափով համարյա, մարդիկ, ովքեր հաշմված են՝ ազատամարտիկներ կամ կյանքի հաշմանդամներ, պլանային թանկարժեք վիրահատության կարիք ունեցող քաղաքացիներ, հեպատիտով հիվանդներ, ծերեր, երեխաներ, մեր ամենախոցելի հայրենակիցներ….
Yerevan City, Multi Group… ինքներդ լրացրեք ցուցակը և հակադրեք խեղճերին ու թշվառներին՝ կքոռանաք ախր կոնտրաստից…
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Մեզ մոտ հարուստներ են ու աղքատներ, նրանք պիտի պահեն մեկ մեկու. հարուստը աղքատին՝ իր նյութականով, աղքատը նրան՝ իր աղոթքով: Այ, էս դեպքում միջին խավ կառաջանա, որը կարող է պահպանել ինքն իրեն. հարցի ամենաճիշտ լուծումն է սա, բայց լուծողը չկա:
«Հայաստանի Սփյուռքի նախարարությունն ամեն կերպ խրախուսելու է հայրենակիցների հայրենադարձությունը: Բայց այդ ծրագիրը չի նախատեսում միայն ֆիզիկական հայրենադարձություն: Հայը պետք է իր հայրենիք վերադառնա ոչ միայն մարմնով, այլեւ` հոգով, սրտով եւ մտքով»,- PanARMENIAN.Net- ին երեք տարի առաջ տված հարցազրույցում հայտնել էր սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը : «Մեր առաջին խնդիրը կայանում է նրանում, որ մենք բոլորս պետք է Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներին հիշեցնենք, որ նրանք հայ են: Հենց այդ պատճառով էլ մենք այդպես խրախուսում ենք «Արի տուն» ծրագրի իրագործումը: Այդ ծրագրով մենք պլանավորում ենք իրականացնել սփյուռքի հայ երիտասարդության հայրենադարձը, եթե թեկուզ մի անգամ երիտասարդ հայը հայրենիք գա, նա կցանկանա հավերժ այստեղ մնալ եւ իր ներդրումն ունենալ իր երկրի զարգացման մեջ»:
2010թ. դեկտեմբերի 9-ին տարածված մի այլ հաղորդագրություն.
«Սփյուռքի նախարարությունը որոշել է խրախուսել հայրենադարձությունը, բայց ոչ զանգվածաբար: Հայաստանի սփյուռքի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել հայրենադարձության մասին հայեցակարգը, որով նախատեսում է խրախուսել սփյուռքահայերի վերադարձը պատմական հայրենիք:
Հայեցակարգի հիմքում դրված չէ աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության կազմակերպումը եւ այդ գործընթացի կանոնակարգումը: Հայեցակարգում սահմանվող դրույթները վերաբերում են այն հայերին, որոնք ցանկություն կհայտնեն բնակություն հաստատել Հայաստանում, լինեն դրանք անհատներ կամ ընտանիքներ: Նրանց հնարավորություն կտրվի պարզեցված կարգով Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել: Հնարավոր է նաեւ սոցիալական աջակցության տրամադրում, զբաղվածության հարցի լուծում»:
Գոյություն ունեն զանազան ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս այն երիտասարդներին, ովքեր ունեն հայկական արմատներ (որոշ ծրագրերում կարող են եւ չունենալ, բայց այդ դեպքում նրանք գալիս են սեփական միջոցներով), գալ Հայաստան ու տարբեր ՀԿ-ներում ու նմանատիպ կառույցներում, դպրոցներում որպես կամավորականներ աշխատանք տանեն, ասենք՝ թրենինգներ, դասախոսություններ, դասընթացներ, քաղաքն են մաքրում, մի խոսքով՝ ինչով կարողանում են «իրենց ներդրումն են ունենում իրենց երկրի զարգացման մեջ»: Այդ ծրագրերը վճարում են նրանց ճանապարհածախսը եւ հոգում որոշ դեպքերում նաեւ կացարանի ու սննդի մասին, բայց հիմնականում նրանք գոյատեւում ես սեփական միջոցներով:
Երիտասարդները ծանոթանում են Հայաստանին, նրանցից շատերն առաջին անգամ են գալիս Հայրենիք, շփվում տեղացիների հետ, ակտիվ մասնակցում այստեղի իրավապաշտպանական ակցիաներին, մի խոսքով՝ անցնում են իրենց կամավորությունն ու վերադառնում ով որտեղից եկել է:
Այս հինգ տարվա ընթացքում, որ ապրում եմ Երեւանում, շատ այդպիսի կամավորականներ եմ հանդիպել: Վերջերս էլ նկատել եմ մի օրինաչափություն. կամովորականությունը կարող է դառնալ քրոնիկ, այսինքն՝ մի անգամ գալով Հայաստան երիտասարդները զանազան ճանապարհներ են փնտրում Հայաստան վերադառնալու, նրանց դուր է գալիս այստեղի կյանքը, փոքր տարածությունները, մարդկային անմիջականությունը, այն ամենը ինչ կորսվել է մեծ քաղաքակրթության մեջ:
Նրանցից շատերն իմ ընկերներն են՝ Մելանին Կանադայից, Մելինեն Ֆրանսիայից, Միլենան ԱՄՆ-ից ու էլի շատ կան, ուղղակի նրանց եմ ընտրել հարցերս տալու համար՝ ինչո՞ւ են նրանք ուզում մնալ Հայաստանում եւ ի՞նչն է դա բարդացնում ու երբեմն դարձնում անհնարին:
Մելանին ու Մելինեն տեղի հայերենը վատ գիտեն, ու չնայած նրան, որ շատ լավ տիրապետում են անգլերենին եւ ֆրանսերենին, միեւնույն է, արեւելահայերենի մակարդակը չի բավարարում ասենք՝ թարգմանչի աշխատանք գտնելու համար:
Մելանին կամավորական է եղել Կանանց Ռեսուրսային Կենտրոնում, մեկնել է Շուշիի կանանց օգնելու, 6 ամիս այստեղ մնալուց հետո վերադարձել է Կանադա ու աշխատում է այնտեղ, որպեսզի փող հավաքի ու գա, ասում է՝ «Հայաստանի համար մի լավ բան անեմ», արդեն բավականին հավաքել է, մարտին կգա: Մելանին ասում է. «Կանադան հարուստ երկիր է, բարեկեցիկ, բայց կյանքը ապահով է ու ձանձրալի այդ ապահովության մեջ, մարդիկ քիչ են շփվում, միայն ակումբներ ու դիսկոտեկներ են հաճախում, չկա Հայաստանի պես, որ հյուր գնաս հաճախ: Մարդիկ Հայաստանում ավելի ջերմ են, նրանք իրական բողոք ունեն, իսկ Կանադայում՝ ոչ: Ես իմ Կանադայի ընկերներից շատերին ամիսներով չեմ տեսնում, ու ընկերությունն էլ այլ տիպի է, մի տեսակ անհոգի: Հայաստանն ուրիշ է, սիրում եմ ավելի շատ քան Կանադան, կուզեմ ապրել Հայաստան, գործ լիներ մենակ»:
Մելինեն Ֆրանսիայից է, բանասիրություն եւ բեմարվեստ է ուսումնասիրել Ֆրանսիայում, Հայաստանում է արդեն մեկ տարուց ավել, հայերեն էր եկել սովորելու, ուզում է ավելի երկար մնալ: Ասում է. «Էստեղ ու Ֆրանսիայում կան նույն խնդիրները, նաեւ՝ տարբեր են: Ես ավելի լավ եմ հասկանում Ֆրանսիայի խնդիրները, որովհետեւ այնտեղ եմ մեծացել, բայց այստեղի պրոբլեմները՝ մարդու իրավունքների հետ կապված, ինձ ոգեշնչում են պայքարել այդ ամենը շտկելու համար, ու ես կուզեմ մնալ Հայաստանում, որպեսզի ինչ-որ բան փոխեմ դեպի լավը, լինի դա արվեստում, թե հասարակարգում»: Իր սեփական թատրոնն է բեմադրում Մելինեն տարբեր տեղերում, տանը աշակերտներ է պարապում, բայց, միեւնույն է, առանց ծնողների օգնության չի կարող գոյատեւել այստեղ: «Էստեղ մարդիկ ավելի մարդամոտ են, հեշտ են գնում կոնտակտի, հեշտ են շփվում: Օրինակ, թատրոնի համար, երբ մարդիկ եմ փնտրում, շատ հեշտ համաձայնվում են համագործակցել: Նաեւ կան շատ «դատարկ» տեղեր, հենց այդ նույն թատրոնի մեջ, ուր ես կարող եմ գործել», ասում է Մելինեն:
Միլենան ԱՄՆ-ից է, ծնվել է Հայաստանում, 10 տարեկանում ընտանիքի հետ արտագաղթել են ԱՄՆ, քոլեջում ուսումնասիրել է իրավունք ու ստեղծագործական գրականություն, եկել է «Դեպի Հայք» ծրագրով հոկտեմբերին, ուզում է մնալ Հայաստանում որքան հնարավոր է երկար ժամանակ:
«Ամերիկայում ես կորցնում եմ իմ լեզուն, ես զգում եմ, որ աստիճանաբար անգլերենն ինձ համար դառնում է առաջնային, ու դա ինձ անհանգստացնում է: Քանի որ ես ապրում եմ մեծ մեգապոլիսում՝ Նյու Յորքում, ուր կյանքը շատ արագ է ընթանում, երբեմն կորում եմ այդ եռուզեռի մեջ: Այստեղ ես ինձ ավելի հանգիստ եմ զգում, չնայած լինում է եւ հակառակը, բայց ես ուզում եմ փորձել այլ կերպ ապրել: Ես չեմ ուզում «գժանոցում» ապրել: Ինչպես առաջ սովետի քարոզչամեքենան էր մատուցում մնացած աշխարհը իր քաղաքացիներին, այնպես էլ այսօր դա անում է ԱՄՆ կառավարությունը, երբ դու չգիտես թե իրականում ի՞նչ է կատարվում աշխարհում, չես տեսնում ռեալ պատկերը: Ես ուզում եմ ճանաչել Հայաստանը, որտեղից ինձ տարել են ծնողներս, միայն թե, լավ կլիներ ստանալ ինչ-որ պետական աջակցություն, գոնե աշխատանքի հարցով օգնեին, ես կմնայի հաստատ»,- ասում է Միլենան:
Հիմա ո՞նց հասկանալ. Սփյուռքի Նախարարությունը զանազան «հայեցակարգեր» է մոգոնում «հայրենադարձությունը խրախուսելու համար», իսկ երբ երիտասարդները իրենք իրենց ոտով գալիս են Հայաստան ու ուզում են մնալ այստեղ, ոչ մի առաջարկ չի անում: Նրանց բերող կազմակերպություններն են սեփական նախաձեռնությամբ թափուր աշխատանքային տեղերի մասին տեղեկատվություն տարածում կամավորականների շրջանում, ոմանք այդ կերպ հնարավորություն են ստացել աշխատանք գտնելու ու մնալու Հայաստանում: Բայց այդ ամենը պետք է լինի պետական մակարդակով, պետք չէ հայտնագործել հեծանիվ, եթե այն արդեն կա: Պետք չեն «հայեցակարգեր հայրենադարձությունը խրախուսելու համար», ընդամենը պետք է այն երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն մնալու ու նպաստելու մեր երկրի բարգավաճմանը, մանավանդ՝ մարդու իրավուքների ամրապնդման հարցում, քանի որ նրանք ավելի քաղաքակիթ երկրներում են մեծացել ու ունեն ավելի մեծ արդարության պահանջ: Իսկ գուցե՞ հենց այդ ազատամտությունն ու իրենց իրավունքների գիտակցումն է, որ հեչ ձեռք չի տալիս մեր իշխանավորներին, գուցե՞ վախենում են, որ հանկարծ Հայաստանը կպարարտեցվի ուսյալ ու բանիմաց, իրենց արժանապատվություն ու իրավունքները գնահատող ու պաշտպանող երիտասարդներով, ու ոնց կլինի, մեկ էլ ու հանկարծ նրանց այլախոհութունը կսասանի ավազակապետությունը:
Երբ լինում են ընտրություններ՝ նախագահական հիմնականում, ես չեմ գնում քվեարկության, որովհետեւ չկա իմ թեկնածուն: Իսկ իմ թեկնածուն հավանաբար պետք է լինի նրանցից՝ նա եվրոպական կամ ամերիկյան կրթություն է ստացել, կամ ծնվել ու մեծացել է այնտեղ, կամ վաղ հասակում արտագաղթել, նրա ուղեղը մաքուր է տեղի ներքաղաքական խաղերից, նրա արժեքները համամարդկային են, նա սիրում է Հայաստանը, նա ուզում է, որ հայերը լավ ապրեն, նա գալիս է Հայաստանը փրկելու:
Սփյուռքի Նախարարության Աստծու տվածի վրա թքելու տեմպերով իմ թեկնածուն դեռ շուտ չի հայտնվի, ուրեմն՝ ձայնս էլի կկեղծեն, ու հայրենադարձությունն իրապես խրախուսելու փոխարեն բոլոր կանայք իրենց աղջիկներին կկոչեն Անի, իսկ տղաներին՝ Վան: Հա ու մեկ էլ անհեթեթ ու անօգուտ հազարավոր դոլարանոց սեմինարներ կանցկացնեն «Կնոջ դերը Սփյուռքի ամրապնդման գործում»: Իսկ էդ երիտասարդները՝ ի՞նչ կա որ, ջահել են, թող գնան փող աշխատեն, գան ստեղ նայեն սարերին ու ծախսեն էդ փողը:
Այսօր հրավիրված ասուլիսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, թե` 2011թ.-ի ընթացքում նպաստից զրկվել է 18000 ընտանիք:
Այժմ նախարարությունը նպատակ ունի ներդրել նոր տեղեկատվական համակարգ, որի առավելությունների մասին էլ խոսեց Գրիգորյանը։
Ըստ նրա նոր համակարգի նպատակն է բացառել այն դեպքերը, երբ ընտանեկան նպաստ է տրվում մարդկանց, ովքեր դրա համար օրենքով նախատեսված չափորոշիչներին չեն համապատասխանում:«Եթե ինչ-որ մեկը նպաստ է ստանում` խաբելով իր սոցիալական վիճակի մասին, ապա այժմ դա անհնար կլինի անել: Նոր համակարգը թույլ է տալիս հայտնաբերել այդ մարդկանց, քանի որ տալիս է նպաստ ստացողների ընդհանուր սոցիալական պատկերը` աշխատում են, թե ոչ, ինչ եկամուտ ունեն, ինչ սեփականություն ունեն: Նոր տեղեկատվական համակարգը ունի բոլոր լծակները հայտնաբերելու նման խարխադությունների դիմած մարդկանց և զրկել նրանց նպաստից»,- տեղեկացրեց Գրիգորյանը:
Իսկ համակարգը հնարավորություն ունի հայտնաբերելու թե արդյո՞ք համապատասխան կառույցի ղեկավարը, քաջ տեղյակ լինելով, որ մարդն անապահով չէ, նրանից ինչքան կաշառք է վերցնում, կամ ո՞վ ասաց, որ մինչ այսօր համակարգն էր մեղավոր, որ ոլորտում խայտառակ վիճակ է:Այս հարցերի մասին նախարարը չի խոսել:
Անարդարությունը զգալի է հատկապես մարզերում, որտեղ մարդիկ շատ ավելի պարզ են տեսնում իրավիճակը, երբ բաժնի պետերը պոտենցիալ նպաստառուի առջև պայման են դնում, իրենց թողնել մեկ –երկու ամսվա նպաստը: Այստեղ ոչ մի համակարգ էլ չի օգնի, ավելի շուտ մշակել է պետք մարդկանց հոգեբանությունը փոխող համակարգ, թե չէ ցանկացած համակարգ կարելի է օգտագործել ի շահ չինովնիկի:
Ինչևէ, նախարարը տեղեկացրեց, որ 2012թ.-ից հանրապետության բոլոր սոցիալական տարածքային բաժիններում կգործի նոր տեղեկատվական համակարգը, որը միայն սոցիալական քարտի տվյալներով ցույց կտա օպերատորին տվյալ անձի սոցիալական վիճակի ընդհանուր բնութագիր, քանի որ համակարգը կապված է պետական այլ գերատեսչությունների 15 տեղակատվական շտեմարանների հետ:
Նոր համակարգի առավելությունը նախարարի համոզմամբ նաև այն է, որ քաղաքացուն ազատում է թղթաբանական քաշքշուկներից, որոնք նախկինում պարտադիր էին:
«Մենք չենք ուզում որևէ մեկին նպաստից զրկել, այլ ուզում ենք, որ նպաստ ստանան մարդիկ, ովքեր իրոք դրա կարիքն ունեն»,- ասաց Գիրգորյանը:
Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը`Բուռնաշը, քարից հաց` այս դեպքում ասֆալտից միլիոններ քամող` մեր օլիգարխներից մեկը, իր բիզնեսը`«Հրազդանի տոնավաճառը» էլ ավելի ծաղկեցնելու համար որոշել է, լրացնել մերօրյա զիմզիմովների առանց այդ էլ ստվարացող բանակը:
Նա վարկային կազմակերպություն է բացել հենց տոնավաճառի ներսում, որտեղ արագ վարկեր են ձևակերպում ոսկու գրավի դիմաց:
Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ նա այդ բիզնեսի ղեկավարումը վստահել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եղբոր որդուն`Հրայր Հակոբյանին: Այնպես որ, մեր օլիգարխները ոչ միայն խնամիանում են, այլև խաչաձև բիզնեսներ հիմնում:
«Երևանի 40 խանութներում անցկացված ստուգումների արդյունքում 20 խանութներում հայտնաբերվել է ժամկետանց ապրանքներ»,- այսօր լրագրողներին ասել էԱրմեն Պողոսյանը: Նրա կարծիքով ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը դեռ շատ անելիք ունի, այն պետք է ավելի օպերատիվ աշխատանք տանի սննդի որակի վերահսկման պրոցեսում:
Իսկ մենաշնորհի դեմ պայքարով և գների կայունացման հարցերով պետք է զբաղվել միաժամանակ, այլ չտարանջատել այդ հարցերը: «Ուղիղ համեմատականություն կա շուկայի ռիսկային լինելու և նրանում տիրող մենաշնորհի մակարդակի միջև: Առավելի ռիսկային են այն ոլորտները, որոնք մենաշնորհի մակարդակը բարձր է»,- ասաց սպառողների միության նախագահը:
Պողոսյանի դիտարկմամբ` «2011թ. սննդի մաքուր պայմաններում պահման քննությունը ցույց է տվել 35% խախտումներ, նախորդ տարվա 65%-ի փոխարեն: Սակայն այս արդյունքը չի բավարարում: Կան նաև շատ բացթողումներ:Մենք այսօր գնում ենք հաց, որը երեսուն տոկոսով օդ է: Սուրճի համար վճարում ենք, սակայն այն նշված կոֆեինը չի պարունակում և չենք ստանում տոնուսի բարձրացման համապատասխան չափաբաժինը»:
Արմեն Պոսղոսյանըկարծում է որ սպառողը պետք է հետևի, որպեսզի ապրանքի վրա գրված տվյալները իրոք համապատասխանեն ապրանքի իրական պարունակությանը: Իսկ եթե չե՞ն համապատասխանում, ի՞նչ պետք է անի սպառողը, չգնի՞ ապրանքը: Հարցեր` որոնք պատասխան են պահանջում այս էլ քանի տարի. ով պետք է տարբերակի ապրանքը սպառողը, տնտեսվարողը, թե՞ մեկ այլ կառույց:
Վիդեո