Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Գիտություն
Եկեղեցին ու գիտությունը Հայաստանում Մարտ 19, 2012 | 19:31 Լուսինե Վայաչյան

Երկար ժամանակ չէր գրվում: Երկար ժամանակ է, մտածում եմ. ինչի՞ գրեմ, ո՞ւմ համար, որ ի՞նչ դառնա, բա հետո՞, ի՞նչ կարող է փոխել իմ գրածը կամ ասածը մի երկրում, ուր առաջնայնությունները խախտված են, ուր գաղափարի փոխարեն ընտրացուցակներ ենք քննարկում, իսկ եկեղեցին անտարբեր ու պասիվ դիրք  է ընդունել հասարակության համար կարեւոր հարցերի շուրջ …

Գիտական հետազություններ ու գերակա ուղղություններ, որոնք անհրաժեշտ են Հայաստանին ապրելու համար, ու էլ ավելի լավ կապրեցնեն Հայաստանը` ըստ Գիտության Զարգացման Հիմանդրամի.

Աստղա‎‎ֆիզիկա, ռադիոֆիզիկա, բարձրջերմաստիճանային գերհաղորդականություն, նանոտեխնոլոգիաներ և կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկա, լազերային ֆիզիկա, ին‎ֆորմացիոն տեխնոլոգիաներ և ին‎ֆորմատիկա, էներգետիկա, ուղեղի նեյրոէնդոկրին իմունային համակարգի կենսաքիմիա, շրջակա միջավայրի վրա բացասաբար ազդող գործոնների գնահատում ու կանխում,Սևանա լճի բնական ռեսուրսների պահպանում, պղնձի և ոսկու կորզման նպատակով բակտերիական տարալվացման պրոցեսների բնութագրում և փորձարկում, հիդրոպոնիկական աճեցման կենսատեխնոլոգիաների մշակում, Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում եւ այլն:

Եթե երկիրը սնանկ է, նա չի կարող բուժել իր հիվանդներին, իսկ գիտության զարգացման համար ներդրված գումարները հազարապատիկ կվերադառնան հասարակություն:

Հայ Առաքելական Եկեղեցին պետականության բացակայության ու սովետիզմի պայմաններում կատարել է ազգապահպան դեր,  հնում փոխարինել է պետական կրթական համակարգի ինստիտուտին, կրթել է ազգն ու պահել մշակույթը:  Հայ Առաքելական Եկեղեցու կոչումը  նաեւ քաղաքակրթական գործունեությունն է, մասնավորապես՝ գիտությունը:  Քրիստոնեական ուսմունքն ու գիտությունը ձեռք -ձեռքի համընթաց քայլող դաշնակիցներ են եղել դարեր ի վեր, եւ փոխադարձաբար լրացրել են միմյանց: Դա հատկապես վառ կերպով դրսեւորվել է երրորդ-չորրորդ դարերից սկսած՝ շնորհիվ եկեղեցական նշանավոր գիտնական հայրերի, ովքեր, յուրացնելով իրենց ժամանակաշրջանի բնագիտությունն ու փիլիսոփայական մեթոդները, դրանք օգտագործեցին աստվածապաշտությունն ու քրիստոնեական աշխարհայացքը առավել հարստացնելու եւ մատչելի դարձնելու համար: Իրոք որ, եկեղեցին եղել է գիտության ռահվիրան:  Հայոց եկեղեցին մշտապես հոգացել և հովանավորել է գիտություն ու մշակույթը: Միանգամայն օրինաչափ է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա, Գարեգին Ա և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսները ընտրվել են ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսներ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր գիտական ներուժով առաջնակարգ տեղ էր զբաղեցնում հայագիտության զարգացման բնագավառում: Հարյուրամյակների ընթացքում Մայր Աթոռում հավաքվել էր տպագիր եւ ձեռագիր գրքերի եզակի մի  հավաքածու, որը Հայաստանի խորհրդայնացման տարիներին ազգայնացվեց: Եկեղեցին ամբողջովին զրկվեց նաեւ գիտական կենտրոններ ունենալու հնարավորությունից: Սակայն կարեւորելով գիտության դերը ժողովրդի կյանքում հայոց իմաստուն հայրապետներն  ամեն կերպ աշխատեցին իրենց օժանդակությունը բերել Հայաստանում գիտակրթական գործի զարգացմանը:

Ի՞նչ ունենք այսօր, ի՞նչ է անում եկեղեցին, որպեսզի մենք ունենանք գիտություն, որ չմեռնի մեր ներուժը, որ երիտասարդ գիտնականները չգնան դուրս ու չմնան, այլ մնան երկրում ու գիտություն արարեն, քանի որ հիմարին էլ պարզ է, որ` ընդերքն անսպառ չի, աշխարհագրական դիրքը առեւտրի համար հեչ հարմար չի, տուրիզմը «հայի հագով» չի, որովհետեւ չափի զգացում չունենք… Գործարաններ չկան, արժեքավոր ոչինչ չենք արտադրում բացի նեղ շուկայում սպառվող  ամենօրյա կենցաղային կարիքներ ապահովող ապրանքներից, դրանց մեծ մասն էլ կաթի փոշուց կամ կոնցենտրատից ենք ստանում, կամ ներկրածի պիտակները փոխում:

Ո՞նց ենք ապրելու, ինչո՞վ 20 տարի հետո: Եկեղեցական այրերը մտածո՞ւմ են այդ մասին: Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ չեն ահազանգում գիտության տխուր վիճակի մասին, ի՞նչ է արել վերջին տարիներին Սուրբ Աթոռ Էջմիածինը, Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի գիտություն լինի Հայաստանում:

Տեսնենք.

2000 թ. հունիսի 26-ին  հիմվեց «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական Կենտրոնը, որը կոչված էր նպաստելու Հայաստանում աստվածաբանական ու մեկնողական բնագրերի ուսումնասիրությանն ու հրատարակությանը, կաթողիկոսական դիվանատան գործունեության հետազոտությանն ու վավերագրերի բազայի ստեղծմանը, հայ միջնադարյանկանոնական գրականության հետազոտության  զարգացմանը: Կենտրոնը պետք է նպաստեր նաեւ եկեղեցագիտության եւ հասարակական գիտությունների ասպարեզում Մայր Աթոռի ուսումնական հաստատություններում կրթություն ստացած երիտասարդների առաջընթացին:

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր գահակալության առաջին իսկ տարում խոստացել էր հովանավորել Հայաստանում եւ Մայր Աթոռում հայագիտական հետազոտությունները, խրախուսել հասարակագիտության բնագավառում արժեքներ ստեղծած գիտնականներին, այդ նպատակով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատանը   ստեղծվեց «Գարեգին Ա» հայագիտական-աստվածաբանական կենտրոնն ու եւ գիտական գրադարանը, որտեղ զուտ գրադարանային աշխատանքից, պետք է ունենար նաեւ գիտական ուղղվածություն:

Կենտրոնի այս կառույցն իհարկե, որոշ չափով իր նպաստն է բերում Մայր Աթոռում գիտական հետազոտությունների եւ գիտաժողովների կազմակերպմանը: Մասնավորապես, քայլեր է ձեռնարկում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ գրքերի փոխանակություն սկսելու համար: Համագործակցության կապեր է մշակում Մաշտոցի անվան Մատենադարանի, ԵՀ-ի պատմության եւ աստվածաբանության ֆակուլտետների եւ ՀՀ ազգային գրադարանի հետ:

«Գարեգին Ա» կենտրոնը փորձում է իր աշխատանքները համաձայնեցնել  նաեւ ՀՀ ԳԱԱ հումանիտար ինստիտուտների եւ գրադարանի հետ:

Բայց միայն հասարակագիտության ու հայագիտության բնագավառները չեն, որ եղել են մեր եկեղեցու հովանավորչության ներքո, բնական  ու ճշգրիտ գիտությունները, բժշկագիտությունը, թարգմանչաց գործը ոչ պակաս են կարեւորվել Հայ Եկեղեցու կողմից:

Եւ ցավալի է, որ երկրի առաջին դեմքերը, որոնք ասում են, որ երկրի զարգացման գրավականը գիտությունն է, հաճախում են այդ նույն եկեղեցիները, մոմ են վառում, ու ոչ մի եկեղեցական չի խոսում այդ մասին, չի ասում նրանց հոգեւոր հոր դիրքից` «Ամոթ է, որդյակս, մի՛ ամայացրու երկիրդ, մի՛ ստիր»…

Ոչ մի եկեղեցական չի արտահայտել ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու, այլ նույնիսկ իր սեփական դիրքորոշումը գիտության ներկայիս հոգեւարքի մասին:

Այդ եկեղեցում կնքվում են միայնության մեջ ընտրված նախագահներ` եկեղեցական խաչը կախած, «հոգեւոր այրերը» բենթլիներով մեծամտորեն ու հպարտ պտտվում են քաղաքով, բոլորը ձեւեր են թափում իրար դիմաց, մեր առաջ ջանք էլ չեն գործադրում որեւէ արդարացում, կամ պարզաբանում տալու:

Ասում ենք` երկիրը ռեսուրս չունի, ընդերքը թալանում են, մեզ թունավորում հանրային գերակա շահը շահարկելով: Ասում են` «Աստված պահապան»: Էլի որ Աստված պահապան, այ իմ հարգարժան հոգեւոր այրեր, որ չգիտեմ ինչպես հաջողվել է ձեզ մասնակիցը դարձնել այսօրվա գորշ ու անդեմ «հայքրիստոնյա»  ու «ցեղասպանություն» շահարկող սեւազգեստ միջակներ բուծելուն, դուք, դուք ինչի՞ համար եք, ո՞վ պետք է վատ թագավորին տեղը դնի, եթե ոչ տեր հայրը, ո՞վ պետք է լավուվատ հասկացնի իր իսկ ապրելակերպով, ոչ թե հակասի իր իսկ պատարագներին:

Հայ Առաքելական Եկեղեցին արժեզրկվել է իր սպասավորների երեսից: Ես կնքվել եմ այդ եկեղեցում, հասուն ու գիտակից տարիքում: Ես ուզում եմ իմ եկեղեցին լինի ժողովրդի կողմից ու խոսա նրա շահերից: Իսկ նրա շահը հաստատ գիտություն զարգացնելն է, ոչ թե հանքեր փորելը:

Եկեղեցին ոչ մի այլ ֆունկցիա չի կատարում այսօր, այն մասն է իշխանական ճնշող մեխանիզմի, եկեղեցին այսօր ինձ համար դադարել է լինել Աստծո տաճար, որովհետեւ այնտեղ ստում են ու անտարբեր են: Եկեղեցին ճնշում է մարդու ազատությունները, այնինչ գիտությունը ազատագրում է: Եկեղեցին անտարբեր է իր թեմի հանդեպ, նրան մեկ է` քաղցկեղն առաջացող էկո-աղտոտվածությունից, որի հարցերը նույնպես գիտությամբ են լուծվում, բուժումն էլ գիտությամբ է, ու հիմա ամենը միայն գիտությամբ է:

Ապաշխարեք, ապաշխարանքի թեմայի առաջնայնությունն էլ պետք է գիտականորեն հիմնավորել երբեմն…

100 միլիոնը շունչ կտա, բայց չի ապրեցնի հոգևարքի մեջ գտնվող գիտությանը Մարտ 16, 2012 | 12:45 Շուշան Գալստյան

 Այսօր Հայաստանում գիտությունը և գիտնականը դուրս են մղվել պետական և հասարակական ուշադրությունից: Խորհրդային միության փլուզումից հետո ստեղծված ծանր ֆինասկան պայմանները պատճառ հանդիսացան որպեսզի այս ոլորտը հայտնվի ծանր վիճակի մեջ: Ֆինանսական միջոցների անբավարարությունը, գիտական կապերի խզումը հանգեցրին հանրապետությունում գիտական գործունեության լճացմանը։

Հասարակության մեջ փոխվեցին ընկալումները գիտության ու գիտնականի նկատմամբ: Գուցե «թերսնման» արդյունքում է, որ այսօր կանգնած ենք շատ վտանգավոր մի փաստի առաջ. «Հայաստանում գիտությունը կարող է ֆիզիկապես դադարել գոյություն ունենալ: Ուստի Կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ գումարներ գտնել ու տրամադրել պետական անվտանգության տեսակետից կարևորագույն խնդիրը` երկրից ուղեղների արտահոսքը կանխելու համար»:

Այս թեմայով մենք զրուցեցինք ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանի հետ:

Վերջինիս խոսքով հետաքրքիրն այն է, որ ֆինասական լուրջ խնդիրներ ունեցող այս ոլորտը, շարունակում է լուրջ հաջողություններ գրանցել. «Դրա մասին գալիս է փաստելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010 թվականի զեկույցը` 10 տարվա կտրվածքով աշխարհում գիտության զարգացման վերաբերյալ: Այն շատ հետաքրքիր փաստեր է առաջ բերում հատկապես Հայաստանում գիտության վիճակի վերաբերյալ:

Առաջին հերթին, ըստ ցուցանիշների Հայաստանը առաջին տեղերից մեկում է գտնվում աշխարհում` մեկ գիտնականին բաժին ընկնող գիտական արդյունքի տեսանկյունից: Այսինքն, մեր գիտությունը արդյուանվետ է, բայց սա ցավոք վերաբերում է միայն ֆունդամենտալ, հիմնարար գիտություններին: Արդյունքի 54 տոկոսը բաժին է ընկնում ֆիզիկոսներին, 40 տոկոսը մաթեմաթիկոսներին, քիմիկոսներին, կենսաբաններին և մյուս բնագետներին, և միայն մնացած չնչին տոկոսներն են բաժին ընկնում հումանիտար ոլորտին: Դա այն պարագայում, երբ գիտական ատենախոսությունների պաշտպանությունների թվով ճշգրիտ հակառակ պատկերն է: Հումանիտարները պաշտպանում են բազմապատիկ ավել, այսինքն գիտությունների թեկնածուների ֆորմալ դիպլոմ ստացողների թիվը բազմապատիկ ավել է, բայց բուն գիտական արդյունքը համարյա զրոյական: ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս զեկույցը ցույց է տալիս, որ ճշգրիտ գիտությունների ոլորտում Հայաստանը առաջիններից է, հունմանիտար ոլորտում` վերջիններից:

Զեկույցը նաև ցույց է տալիս, որ Հայաստանում 10 տարի շարունակ գիտնակաների միջին տարիքը 10 տարով աճել է, տասը տարի առաջ 48 էր, այսօր` 58: Սա նշանակում է, որ որևէ ներհոսք դեպի գիտություն չկա: Այսինքն` մենք գործ ունենք բացառապես խորհրդային շրջանից ժառանգած կադրերի հետ, իսկ գիտական արդյունք տալիս են այն մարդիկ, ովքեր խորհրդային շրջանում են կայացել: Նոր կադրեր համարյա չկան, հետևաբար 5-6 տարի հետո մեզ սպասվում է աղետ, վթար, որովհետև հին կադրերը 65-ի մոտ, կգնան թոշակի և նրանց հետևից էլ փակվելու են նրանց լաբորատորիաները: Հետևաբար գիտության երիտասարդացումը հանդիսանում է ֆունդամենտալ նշանակության խնդիր»,-ասաց պարոն Իշխանյանը` հավելելով, որ Յունեսկոյի վերը նշված զեկույցը, որը տպագրվեց 2011- փետրվարին, առիթ հանդիսացավ վերաքննարկելու ընդհանրապես գիտության վիճակը մեր երկրում: Եղան բազմաթիվ քննարկումներ տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ:

Հատկանշական է այն փաստը, որ հենց 21 –րդ դարի գիտական ամենամեծ նվաճումը` համացանցը միջոց դարձավ, որպեսզի Հայաստանում գիտնականները ի վերջո բարձրաձայնեն իրենց խնդիրների մասին:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում 2011 գարնանից սկիզբ առավ «Պահանջում Ենք գիտության ֆինասավորում» նախաձեռնությունը: Էջում մասնավորապես ասվում է,

“Այն ստեղծված է գիտության տագնապային վիճակի մասին ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն և մրցունակ զարգացումը հնարավոր է միայն և միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի և գնահատականի պայմաններում”: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ պահանջում են

1. ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ և առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%:

2. Գիտնականների և ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում: Մոտ ապագայում միջազգային ցուցանիշների հասցմամբ:

3 Այդ քայլերն իրականացնելուց հետո անընդհատ աջակցում գիտությանը, մասնավորապես մաքսային և այլ կառավարության մարմինների շփման դյուրացում, կոնսուլտացիաների և արտոնությունների, հասարակության հետ շփումների և բիզնես միջավայրի հարթակների տրամադրում և այլ օպերատիվ համագործակցություն։

Ակտիվ գործունեության շնորհիվ այս խնդրին ի վերջո պետական մակարդակով ուշադրություն դարձվեց: Հանգրվանային կետերից մեկը Ծաղկաձորյան հավաքն էր` նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

Ծաղկաձորյան համաժողոնը նվիրված էր գիտության ֆինասավորման ուղիների դիվերֆիկացիային և երիտասարդ գիտնակաների խնդրներին ընդհանրապես: Նախագահը տեղում հայտարարեց, որ կտրամադրվի որոշակի գումար երիտասարդ գիտնակաների խնդիրները լուծելու համար և գումարների կառավարումը ևս կտրվի երիտասարդներին:

Արդեն դեկտեմբերի վերջերին նախագահը իր խոսքը գործ դարձնելով գիտության խնդիրները լուծելու համար տրամադրեց 100 միլիոն դրամ: Այն տնօրինելու է հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Իսկ մեխանիզմը հետևյալն է. եռամսյակը մեկ բաց կթողնվի 25 միլիոն: Կառավարման համար ստեղծվել է 9 երիտասարդ գիտնականից բաղկացած ղեկավար մարմին, որը բաղկացած է երեք թևերից.

1. Ֆեյսբության նախաձեռնություն

2. Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտի երիտասարդներ

3. Բուհական երիտասարդ գիտնականների միավորում:

Ինչպես նշեց Արթուր Իշխանյանը, կազմվել է նաև 5 հոգուց բաղկացած խորհրդատվական մարմին, որի կազմում են ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը, գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, նախագահի աշխատակազմից Ավետիք Բերբերյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանը, և մեր զրուցակից, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը: Այս խորհրդատվական մարմինը ունի վետոյի իրավունք, այսինքն` իրավունք հաստատելու կամ չհաստատելու այն որոշումները, որոնք կկայացվեն երիտասարդների խորհրդի կողմից:

Ինչպես տեղեկացանք, այս պահին որոշված է, որ 40 միլիոն ենթադրվում է ուղղել երիտասարդական գիտական դրամաշնորհների հայտարարաման համար, մոտ 20 միլիոն՝ գիտաժողովների կազմակերպման համար, մոտ 20 միլիոն ճանապարհային ծախսեր` միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար, և 10 միլիոն տարատեսակ մրցանակների սահմանաման համար:

Ահա այս նպատակների իրագործմանը կուղղվի այդ 100 միլիոնը: Սակայն պետք է նշել, որ դա շատ քիչ է, որպեսզի հիմանարար փոփոխություններ կատարվեն ոլորտում:

Մնում է միայն հուսալ որ այդ 100 միլիոնը գոնե ինչ որ կերպ շունչ կտա արդեն հոգևարքին մոտեցող գիտությանը:

 

Շուշան Գալստյան

 

 

Աշոտյանը հորդորում է Փետրվար 14, 2012 | 16:05
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու և արգելելու ուղղությամբ: ՀՀ ԿԳ նախարարի շրջաբերականի համար հիմք են հանդիսացել նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով և սոցիալական ցանցով ստացված ահազանգերը:

Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին: Խնդրին նախարարն անդրադարձել է նաև նախօրեին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ` նշելով, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որևէ դրսևորում: Նախարարը մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ` ապօրինի դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով: Ծնողական համայնքի աջակցությունն ու մասնակցությունը դպրոցի խնդիրների լուծմանը կարող է կազմակերպվել բացառապես կամավորության հիմքով` բանկային փոխանցումների տարբերակով»:

Գիտնականների հարցով կողմնորոշվեցին Փետրվար 07, 2012 | 18:29

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Երիտասարդ գիտնականների այս խումբը նախորդ տարևերջին հանդիպում էր ունեցել Հանարապետության Նախագահի հետ: Երկրի ղեկավարը խոստացել էր երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով տարեկան 100 մլն դրամ հատկացնել:

Նախագահ Սարգսյանի հանձնարարականով երիտասարդ գիտնականների գիտական ծրագրերի ընտրությունն ու աշխատանքների կազմակերպումը պետք է իրականացվի իրենց իսկ կողմից: Այդ նպատակով ձևավորված  երիտասարդ գիտնականների խորհրդի կազմում ընդգրկվել են 9 անդամներ՝ երեքական ներկայացուցիչներ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում գործող երիտասարդ ակտիվիստ գիտնականներից, Գիտությունների ազգային ակադեմիայից և առաջատար 3 բուհերից: Խորհուրդը կիրականացնի  երիտասարդ գիտնականներին տրվող պետական աջակցության կառավարումը: ‘Խորհուրդի գործունեությունը պետք է լինի թափանցիկ, հանրային վստահության ապահովումը սկզբունքային և կարևոր հարց: Ծրագրի հաջողվածության միակ նախապայմանը գիտական որոշակի արդյունք ունենալն է: Իսկ դրա համար պետք է ընտրության չափանիշները շատ հսատակ լինեն”,- ասել է նախարար  Աշոտյանը:

ԿԳ նախարարը նաև նշել է, որ երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով ձևավորվել է  խորհրդատվական խումբ, որում ներգրավվել են  գիտության ասպարեզում վաստակ և ավանդ ունեցող մարդիկ: “Այսպիսով Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտանականներին աջակցելու խոստումը գործնական փուլ է մտնում”,- նշել է նախարարը: Ըստ նրա Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը ևս ներգրավված կլինի նախատեսվող գործընթացներում:

Համաձայն նիստի օրակարգի՝ քննարկվել և հաստատվել է երիտասարդ գիտնականների խորհուրդի աշխատակարգը: Երիտասարդ գիտնականները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտողությունները գիտական թեմաների հաստատման, հնարավոր շահառուների ընտրության, գիտական փորձաքննության իրականացման և այլ հարցերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են  ԿԳՆ-ից:

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» Հունվար 14, 2012 | 17:00

Գիտական լրագրության մրցույթ`համանուն նախաձեռնության կողմից

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը, հայտարարում է գիտական լրագրության մրցույթ։

Մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր ս.թ. հունվարի 1-ից մինչև ս.թ. մայիսի 1-ը տպագիր կամ համացանցային մամուլում, բլոգներում, հեռուստա- և ռադիոհաղորդումներով, կամ այլ հարթակներում կներկայացնեն հայաստանյան գիտության խնդիրներն ու ձեռքբերումները, վերլուծություններ մեր գիտության վիճակի, գիտության վերաբերյալ հանրության ու պետական կառույցների վերաբերմունքի, հասարակությունում գիտնականի վարկի, Հայաստանում գիտության ֆինանսավորման ուղիների հնարավոր դիվերսիֆիկացիայի, երկրում նորարական (իննովացիոն) գործունեության հնարավորությունների, սփյուռքի ու արտասահմանյան գիտնականների կարծիքներն ու մեկնաբանությունները, ինչպես նաև գիտության կազմակերպման այլ խնդիրների վերաբերյալ։

Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու սահմանված ժամանակահատվածում առնվազն 7 նյութ հրապարակած լրագրողները, ընդ որում, նյութերը պետք է տեղադրված լինեն համացանցում։

ՊԳՖԱ-ն խնդրում է նյութերի հարապարակմանը զուգահեռ համապատասխան հղումները տեղադրել նաև www.facebook.com/science.and.finance և www.facebook.com/ARMACAD էջերում։

Ներկայացված աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվելու ինչպես նյութերի քանակը, այնպես էլ վերլուծության խորությունն ու յուրատիպությունը, հիմնավորվածությունը, համապարփակությունը, առաջատար փորձի հետ համեմատական զուգահեռների քննարկումը, իրականացվող գործողությունների արդյունավտության բարձրացմանն ուղղված գործնական առաջարկների առկայությունը։

Նյութերում հարցազրույցների հատվածը և ուղիղ մեջբերումները չպետք է գերազանցեն տեքստի 30 տոկոսը։

Եթե տվյալ հոդվածը միայն հարցազրույց է, կամ հեռուստատեսային ու ռադիո հաղորդում է հարցազրույցի տեսքով, ապա տվյալ տարբերակը նորից ընդունելի է, եթե այն ամբողջությամբ նվիրված է միայն գիտությանը։

Ծրագիրն իրականացվում է «Տաշիր» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Հ.Գ. Նշենք որ նախորդ մրցույթում հաղթել է նաև «Հայկական Վարկածի» լրագրող Լուսինե Վայաչյանը:

 

Ինչի՞ հասան գիտնականները Նոյեմբեր 01, 2011 | 13:09 Լուսինե Վայաչյան

Ապրիլ ամսին առաջին անգամ աչքովս ընկավ Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում ֆեյսբուքյան էջը։ Այդ ժամանակից հետեւում եմ էջին, հետեւում եմ գիտնականների պահանջի «բավարարմանը»։

Ֆեյսբուքյան այս նախաձեռնությունը մինչև էսօր եղածներից տարբերվում էր իր և՛ քանակական, և՛ հատկապես որակական առումներով, քանի որ գրանցվածները համարյա թե բոլորը գիտնականներն են ու«հարցեր լուծել» կարողացող կառույցները, այսպես ասած՝ շահառուներն ու թիրախային խմբերը:

Նախաձեռնության մեկ այլ առանձնահատկությունն այն էր, որ այստեղ չկար ոչ միայն հիերարխիկ, այլև նույնիսկ կազմակերպչական կորիզ՝ չես կարող որոշել, թե ով է ի վերջո գլխավորը, այսինքն՝ գլխավոր չկա, նախաձեռնող խումբ չկա:

Եվ ամենակարևորը. ի տարբերություն սովորաբար գործածության մեջ մտնող առաջարկներից, առաջին անգամ գիտնականները հանդես են եկել առաջարկներով, որոնք անվանական ամրագրված են, և հետագայում բավական կլինի միանվագ որոշակի գումար տրամադրելու առաջարկն ուղղակի կոչել X-անվան առաջարկ։

Կարապետ Մկրտչյանի էդպիսի մի առաջարկով էլ սկսվեց գիտնականների «ֆինանսական» հաղթարշավը` բարձր impact factor` ազդեցության գործակից(ԱԳ) ունեցող միջազգային ամսագրերում երիտասարդ գիտնականների մասնակցությամբ տպված հոդվածի համար հոնորար տրամադրել. 1-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 100000 դրամ, 2-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 200000 դրամ, 4-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 400000 դրամ:

Բայց Կարապետը պետությունից էր ուզում, ոչ թե օլիգարխներից։ Ու, ստացվեց էն, ինչ ստացվեց` մի քանի ամիս գիտնականները «տժժացին» ու «տժժացրին» ու վերջ. Էսօր պարզ է արդեն, որ ամենալայնամասշտաբ ֆեյսբուքյան հասարակական նախաձեռնությունը կրախ է ապրել. Սա իմ եզրակացությունն է։ Ինչո՞ւ, կհարցնեք, նրանք բավականին հաջողություններ են արձանագրել։

Այո, հասան ` թե՛ ճշգրիտ , և թե՛ հասարակական գիտությունների ոլորտներում երիտասարդ գիտնականների համար մրցանակների։ Ապրեն։ Հետո՞։ Հավաքեց Գագիկ Ծառուկյանը գիտնականներին, տվեց պարգեւները։ Ներկա լինելով ճշգրիտ գիտությունների մրցանակների հանձնման մասին ես գրեցի,   հրապարակումս էլ քննադատության արժանացավ Նիկալայիչի PR-շիկների կողմից:

Ու գիտնականներն էլ` կային որ համաձայն էին, մի մասն էլ քննադատում էր` թե չուզողություն եմ անում…Դրանից հետո էջին հետեւում էի, ճիշտ է, բայց` վերապահումով: Գիտնականներն էլ չնայած «թթու» հոդվածին, շարունակում էին հրավիրել իրենց միջոցառումներին, որոնցից շատերից ես հրաժարվում էի: Վերջապես համաձայնվեցի մեկնել Ծաղկաձոր, ուր Երիտասարդական Հիմնադրամի շենքում գիտության հիմնախնդիրներին նվիրված համաժողով էր լինելու։

Դրանից մեկ օր անց գիտաժողովի մանակիցներին էր այցելել երկրի Նախագահն ու քանի որ ես մեկ օր շուտ էի վերադարձել, չդիմանալով անհարմար պայմաններին, տեղի անցուդարձը ինձ հաղորդել էին հեռախոսով, ես էլ անմիջապես գրել էի ։ Դրան հաջորդել էր բլոգային մի գրառում` Վայաչյա’ն, այսպես կգրես: Լսում եմ։ Ոչ մի կերպ այդ հիմար գրառմանը մինչ օրս չէի անդրադարձել, սպասում էի, որ գիտնականները կհերքեն, բայց…

Հիմա, էս լույսի տակ, կարելի է ասել, որ ես «աբիժնիկություն» եմ անում, ու ասում եմ` պարոնայք գիտնականներ ո՞նց էին «պադաչկեքը», որ ասում էի «պադաչկեք» են լինելու, որ ասում էի` ոչ մի լուրջ բան չեն անելու, PR-ի համար մի երկու կոպեկ կգցեն ու վերջ։ Ոչ մի երկարաժամկետ պայմանավորվածություններ, ոչ մի ֆինանսավորման ավելացում էլ դուք չեք ստանա, քանի որ դուք գործում եք առանձնացած, քանի որ դուք միայն ձեր ոլորտի հարցն եք բարձրաձայնում ու բացի գիտության ֆինանսավորման հիմնախնդիրներից ձեզ ոչինչ չի հետաքրքրում…

Ասում էի, որ հնարավոր չի առանձին մեկ կամ երկու նախաձեռնությունների սահմաններում հասնել երկարատեւ հաջողությունների, ասում էիք` չէ, մենք գիտենք ինչ ենք անում, ամենքս մեր բնագավառում ենք հեղափոխություն անում։ Ո՞ւր է ձեր հեղափոխությունը, է՞ս էր, երկու կոպեկ։ Բա ամոթ չի՞։

Որ ասում էի, որ ցանկացած նախաձեռնություն, երբ դեմ է առնում պատի, մտնում է քաղաքականություն, ասում էիք` մենք քաղաքականություն չենք ուզում խառնել, մեր պահանջը քաղաքացիական է։

Չգիտեմ էլ ինչ ասեմ, իմ սիրելի գիտնականներ։

Միացեք ամենուր բողոքող ժողովրդին։ Մեր գործն արդար է, մենք կհաղթենք` եթե լինենք միասնական։ Բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները պետք է ունենան միասնական ցանց, միայն էդ դեպքում մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել։ Սիրելի գիտնականներ, օգտագործե՛ք ձեր գիտելիքները։ Օգնե՛ք մեզ լինել Հայաստան`կայուն  պետականությամբ պետություն, ազգային ինքնությամբ ու արժանապատվությամբ օժտված գիտակից հասարակությամբ, օգնե՛ք ելքեր գտնել, դուք խելք ունեք, խելքի ծով եք, եկեք փրկենք մեր հայրենիքը ամայացումից, մենակ հո դուք չե՞ք թողնում-գնում, բոլորն են գնում…

Մի թքեք Աստծու տվածի վրա, էն խելքը, որ թեժ պահին միայն իր նեղ անձնական ոլորտի հարցերը լուծելով է զբաղված, չի կարող արդյունք տալ։ Ձեր խելքը բոլորինն է, մի ճնշեք այն օլիգարխների ընդունարաններում խելոք-խելոք նստելով ու էդ խելքի վրա թքելով, որովհետեւ ով խելք ունի` կհասկանա ինչն ինչոց է, ու որ ձուկը գլխից վաղուց հոտած է, ինչքան ուզում ես համեմունքներ գցի` չի ուտվի։

Բարին ընդ ձեզ։

 

Մտավորականները հուսալքված են ու քաղաքականացված Հոկտեմբեր 19, 2011 | 13:54

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը կարծիք  հայտնեց, որ քաղաքականցված մթնոլորտում մտավորականի համար շատ դժվար է  կարծիք հայտնել. Ըստ Անանյանի` սովետական ժամանակաշրջանում մտավորակնները ծառայում էին որպես ագիտատոր, մյուս կողմից պետությունը ուշադիր էր մտավորականների հանդեպ. « Մենք տեսնում ենք, որ անկախությունից հետո փոխվել է մտավորականի դերը»,- ասաց նա։

Մտավորականությունը արտացոլում է նաև հասարակության իրական պատկերը,  ու  քանի որ իշխանությունները ձեռքերը լվացին մտավորականներից`նրանց ազատություն տրվեց շուկայական հարաբերություններում իրենց հարցերն ինքնուրույն լուծելու. «Մտավորականի կարևորությունը ստվերի մեջ է. մտավորականները, ինչպես և հասարակությունը, տարբաժանված է: Սակայն մենք պետք է միավորվենք, քանի որ կան արտաքին ու ներքին սպառնալիքներ, ամեն բնագավառում ես վտանգներ եմ տեսնում»,- ավելացրեց նա` նշելով, որ շուտով կսկսվեն նախընտրական բևեռցումները. վիճակը կթեժանա, իսկ «մենք մեր ներքին խնդիրները լուծելու համար, ցավոք, չենք դրսևորում էն կամքը, որը մեզ անդունդից կփրկի»:

Նրա համոզմամբ՝ ամեն մտավորականի խնդիրն է ԼՂՀ ազատության և անկախության հարցը «դարձնել միջազգային ճանաչման հիմք». «Անհրաժեշտ է բոլոր մեր պատմական քաղաքական բնույթի գրականությունը թարգմանել տարբեր լեզուներով, որ աշխարհը դրան ծանոթանա, ոչ թե դա լինի ներքին սպառման համար միայն»,- ընդգծեց նա:

Շատ վատ  է դիտվում այն իրողությունը, երբ մտավորականները կապվում են քաղաքականության հետ, քանի որ  այդ դեպքում դադարում են լինել մտավորական-ստեղծագործող. «լավ կլիներ, որ մտավորականները քաղաքականացված չլինեին, մյուս կողմից դա նրանց իրավունքն է, որոշելու հարցն է, այս կամ այն կերպ մտնել քաղաքականության մեջ», – համոզված է Անանյանը

 

 

Վան Գոգի մահվան հետ կապված նոր վարկածներ են շրջանառվում Հոկտեմբեր 17, 2011 | 14:46

Հայտնի հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը մահացել է դժբախտ պատահարի, այլ ոչ թե ինքնասպանության հետևանքով: Այսպես են պնդում մի շարք ամերիկացի գիտնականներ Սթիվեն Նայֆեհը և Գրեգորի Ուայթ Սմիթը մի քանի տարի անցկացրած հետազոտության արդյունքում: Գիտնականներն ուսումնասիրել են Վան Գոգի ընտանիքում պահված նամակները: Նրա մահվան սեփական վարկածը գիտնականները շարադրել են «Վան Գոգի կյանքը» գրքում: Այս մասին հաղորդում է CBS News-ը:

Պուլիտցերյան մրցանակներ ստացած Նայֆեհն ու Սմիթն ապացուցել են, որ հոգեկան խանգարումով տառապող վան Գոգը ոչ թե ինքնասպան է եղել, այլ երկու պատանի պատահաբար կրակել են նրա վրա: Գիտնականներին մասնավորապես տարօրինակ էր թվացել այն փաստը, թե ինչպես է մարդը, որն իր կրծքին է կրակել, կարողացել մեկ կիլոմետր ճանապարհ անցնել դրանից հետո: Բացի այդ, չէին հայտնաբերվել նկարչական իրերը, որոնք Վան Գոգը վերցրել էր իր հետ:

Հայկական ֆիլմը կներկայացվի Պուսանի միջազգային կինոփառատոնում Սեպտեմբեր 30, 2011 | 15:24

Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ  գեղարվեստական ֆիլմը, որին աջակցել է նաև «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, ունենալու է համաշխարհային պրեմիերա Պուսանի միջազգային կինոփառատոնում:Ռեժիսոր Միքայել Վաթինյանի եւ պրոդյուսեր Արմինե Անդայի «ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ» լիամետրաժ գեղարվեստական կինոնախագիծը դեռ 2007 թվականին  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» կինոֆորումի մասնակից էր:

Այդտեղից էլ այն բոլոր ռեգիոնալ նախագծերից ընտրվել է մասնակցելու և ներկայացվելու Պուսանի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության կինոպլատֆորմին: Այն առաջին հայկական կինոնախագիծն էր, որ ներկայացվել է Պուսանում, միանգամից ստանալով նաեւ մրցանակ` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, Պուսանի միջազգային կինոփառատոնի եւ ասիական կինոշուկայի կոցմից: Կինոնախագիծը հրավիրվել է ներկայացվելու շատ բարձրակարգ կինոփառատոներում:

Ֆիլմն իրականացվել է «Հոշկի ֆիլմ» կինոընկերության կողմից` Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, զարգացվելով նաև Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնության շրջանակներում, որտեղ դարձյալ առաջին հայկական կինոնախագիծն էր: Ֆիլմի հիմնակազմը սցենարի հեղինակ եւ ռեժիոր Միքայել Վաթինյանից ու համա-սցենարիստ, պրոդյուսեր, եւ գլխավոր դերակատար Արմինե Անդայից բացի ընդգրկում է բեմադրող օպերատոր Թամամ Համզային /Սիրիա/, բեմադրող նկարիչ Իվանա Կրչադինացին /Սերբիա/, կոմպոզիտոր Արթուր Մանուկյանին, որը նաեւ ռեժիսորի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի` ԲՈԺՈ-ի կոմպոզիտորն է: 2011 թվականի հոկտեմբերին, աշխարհից ընտրված 10 լիամետրաժ ֆիլմերի շարքում ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ ֆիլմը կունենա համաշխարհային պրեմիերա Հարավային Կորեայում` աշխարհի ամենահեղինակավոր եւ ամենակարեւոր փառատոներից մեկի` Պուսանի միջազգային կինոփառատոնի Flash Forward /Մեջբերում ապագայից/ մրցույթում:

 

Նախագահն այցելել է Օգոստոս 28, 2011 | 14:00 Լուսինե Վայաչյան

Այսօր Ծաղկաձորում անկացվող «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողովի մասնակիցներին  անակնկալ այցելել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա ելույթ է ունեցել քննարկման ժամանակ և ի պատասխան գիտնականների պահանջի ասել է, որ բոլոր ոլորտներն էլ ունեն իրենց խնդիրները, յուրաքանչյուրն իր ցավն է դեմ տալիս, և  որպես ավելի ռացիոնալ տարբերակ առաջարկել է  ոչ թե հենց այս պահին պահանջել ֆինանսավորման ավելացում, այլ վերակազմավորել ներսում եղած ռեսուրսներն ու ավելի արդյունավետ օգտագործել, տեսնել անհրաժեշտություն կա՞ արդյոք այդքան համարյա չգործող գիտական հաստատությունների և այդ հաստատությունները աշխատում են ամբողջովի՞ն, թե ուղղակի հաստատություններ կան, որոնք թղթի վրա են: Պետք է վերահսկել այսօր տրամադրվող ֆինանսների կառավարումը և տեսնել արդյո՞ք դրանք ճիշտ են կառավարվում, այնուհետեւ վերաբաշխել։

Արեգ Միքայելյան (ֆ-մ, գ.դ., ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան) առաջարկել է ՀՀ նախագահին իր սեփական ֆոնդից աջակցություն ցուցաբերել գիտնականներին ու ջանքեր գործադրել գիտնականի վարկանիշը բարձրացնելու համար։

Նախագահը պատասխանել է, որ հասարակության մեջ եղել են դեգրադացիոն պրոցեսներ և դրանք մեկ տարում կամ տասը տարում վերացնելը հնարավոր չէ. գիտնականի վարկանիշի անկումն էլ իր հերթին կապված է հասարակության վերաբերմունքի հետ։

Այնուհետեւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթևոսյանն է դիմել  Նախագահին այն հարցով, որ վիրավորում է նրան. գիտնականի աշխատավարձը մոտ երեք անգամ ցածր է հանրապետական միջին աշխատավարձից։ Գիտնականը խնդրել է ուշադրություն դարձնել այդ հարցին և վերանայել թվերը այս տարվա բյուջեի քննարկումներում։

Նախագահը պատասխանել է որ` իհարկե բարձր պետք է լինի գիտնականի աշխատավարձը, և ոչ միայն գիտնականի, բայց այդ ամենը արագ լուծվող հարցեր չեն և պետք է դիտարկել ընդհանուր իրավիճակի մեջ։

Վերջում Նախագահը հանձնարարել է առանձին հանդիպում կազմակերպել նախաձեռնության հետ, նաև հավելել, որ իր աջակցությամբ առանձին ֆոնդ կստեղծվի երիտասարդ գիտնականներին աջակցելու համար։

Հիշեցնեմ, որ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (USAAA), ԱՐՄԱԿԱԴ-ը և ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը, որը սոցցանցերում գործող ամենալայնածավալ նախաձեռնությունն է, և առայժմ` ամենաարդյունավետ։

 

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...