22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05
Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել մայիսի 26-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկի՝ Բադրի Բիցաձեի դեմ, որը երկրի նախկին խորհրդարանի խոսնակ, «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեի ամուսինն է, հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Դավիդ Սակվարելիձեն։
Բիցաձեին մեղադրում են զինված դիմադրություն և զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Բիցաձեին ներկայացված մեղադրանքները հիմնված են կոմպրոմատ պարունակող տեսանյութերի վրա, որոնք տարածել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը: Նրա դեմ ցուցմունք է տվել նաև ոստիկանության սպա Գիա Ուչավան:
Թբիլիսիի Մարջանիշվիլիի անվան թատրոնում տեղի ունեցող միջոցառման ժամանակ երեք երիտասարդներ շոկոլադ են նետել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու վրա։
Դեպքի վայրում ձերբակալվել են Վախթանգ Մայսուրաձեն, Գիորգի Լապիաշվիլին և Դավիթ Փաթսաթիան: Վրացական լրատվամիջոցները գրում են, որ վերջիններս կենթարկվեն վարչական կալանքի և կտուգանեվեն 400 լարիով:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մարկ Թոները հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները պետք է հետաքննեն մի քանի օր առաջ Թբիլիսիում տեղի ունեցած ընդդիմության ցույցի դեպքերը և հարգեն իրենց քաղաքացիների՝ խոսքի ազատ արտահայտման իրավունքը։
Թոները կոչ է արել Վրաստանի կառավարությանը անհապաղ քննել վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը ։
Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ հինգշաբթի գիշերը ընդդիմության ցույցը ցրելու ժամանակ զոհվել է երկու ոստիկան։ Մինչդեռ ընդդիմության տվյալներով՝ զոհերի թիվն ավելի շատ է եղել, քան հաղորդում են իշխանությունները։
Դժվար չէր կանխատեսել, թե ինչ վերջաբան կունենա հեղափոխություն իրականացնելու Վրաստանի ընդդիմության նախաձեռնությունը:
Հասարակական սահմնափակ վստահություն ունեցող, միմյանց հետ պարբերաբար հաշիվներ մաքրող վրացի ընդդիմադիրներից յուրաքանչյուրը հայտարարում էր հեղափոխության իր օրը:
Բոլորն էլ, մեծ հաշվով, հիասթափեցրին ժողովրդին:
Պաշտպանության նախարար Իրաքլի Օքրուաշվիլին խոստացավ, բայց մայիսի 25-ին այդպես էլ հայրենիք չվերադարձավ` հետաձգելով իր բաժին հեղափոխության ժամկետը:
Ընդդիմության մյուս առաջնորդ Նինո Բուրջանաձեն նրան մեղադրեց անհամարձակության մեջ, բայց մյուս օրը «համարձակորեն» ճողոպրեց, երբ հատուկջոկատայինները բռնությամբ ցրում էին իր կողմնակիցներին: Ըստ պաշտոնական վարկածի, ցուցարարներից մեկը զոհվել է` հենց Բուրջանաձեին ուղեկցող ավտոշարասյան անիվների տակ հայտնվելով:
Վրաստանի խորհրդարանի խոսնակի վարքագիծը փոքր-ինչ տարօրինակ է: Նա գիտեր, որ իշխանությունները դիմելու են ուժի, երբ ավարտվի այն ժամկետը, որն արտոնված է դարձնում հանրահավաքը: Գիտեր նաեւ, որ Սահակաշվիլին չի հանդուրժի, որ առաջին Հանրապետության տարեդարձի օրը Թբլիսիի փողոցներում իրեն դիմավորի սուլող բազմությունը: Մեծ հաշվով, Բուրջանաձեն գիտեր, որ իր կողմից թմբկահարվող հեղափոխությունը նույնպես բլեֆ է, բայց գնում էր իրավիճակի սրմանը: Այդ քաղաքականության, ինչպես նաեւ` իշխանության բռնության զոհը դարձան երկու անմեղ մարդիկ:
Վրաստանի իշխանությունն ասում է, որ ընդդիմության գործողությունների հետեւում կանգնած է Ռուսաստանը: Չգիտեմ` դա այդպե”ս է, թե՞ ոչ: Փաստն այն է, որ զգալի թվով վրաստանցիներ դժգոհ են իրենց կյանքի որակից եւ ընդվզում են: Լավ կլինի, որ իշխանությունը, դավադրության տեսությանը տուրք տալու փոխարեն, փորձի բարելավել մարդկանց կյանքի որակը:
Առավել եւս, անհամաչափ է հազար ցուցարարի հանդեպ նման ուժի կիրառումը, որի հետեւանքով մարդիկ են զոհվում:
Վրացական հեղափոխությունից տարիներ անց` նույն այդ հեղափոխության արժեզրկում է տեղի ունենում: Հեղափոխության արժեքներին դավաճանում են մարդիկ, ովքեր դրա իրականացնողներն են ու այսօր էլ ակտիվ դերակատար են իշխանության կամ ընդդիմության ճամբարներում:
Новости-Грузия գործակալությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Թբիլիսիի Ազատության հրապարակում ընդդիմադիր «Ժողովրդական ժողովի» ցույցը ցրելու ժամանակ երկու մարդ է զոհվել։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նրանք զոհվել են ընդդիմության առաջնորդներից մեկի ավտոմեքենայի վրաերթի հետևանքով, որը մեծ արագությամբ փորձել է դուրս գալ բողոքի ակցիայի վայրից։
Նախարարության տվյալներով՝ զոհվել են ոստիկան Վլադիմիր Մասխուրաշվիլին և նախկին ոստիկան՝ 54-ամյա Նոդար Ցխադաձեն:
Եվս 37 մարդ (նրանց թվում՝ 8 ոստիկան) այս պահին հիվանդանացում է։
Ի դեպ, վրացական Apsny.ge կայքը տեղեկացնում է, որ ընդդիմադիրների առաջնորդ Նինո Բուրջանաձեն և ընդդիմության մյուս առաջնորդները գիշերը փախել են բողոքի ակցիայի վայրից։ Խորհրդարանի նախկին խոսնակին այժմ մեղադրում են ընդդիմադիրներին դավաճանելու համար։ Facebook սոցիալական ցանցում նույնիսկ էջ է բացվել՝ «Բուրջանաձեն պետք է ձերբակալվի» խորագրով, որին միացել են հարյուրավոր մարդիկ։ Հինգ օր շարունակ նա իր համակիրներին համոզում էր, որ մինչև վերջ նրանց կողքին կլինի։
2009 թ. հունիսին Ռուսաստանի ամենախոշոր հոլդինգ ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում ընտրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այն ընտրությանը խորհրդի կազմը համալրվել էր 3-ով՝ 10-ից դառնալով 13:Կազմում ներգրավված երեք անդամներից մեկը եղել է Քոչարյանը` անկախ տնօրենի կարգավիճակով:
Այժմ կրկին ընտրություններ է և ԱՖԿ «Սիստեմա» ռուսական խոշորագույն ընկերության տնօրենների խորհուրդը բաժնետերերի տարեկան ժողովին առաջարկել է ընտրել խորհրդի երեք նոր անդամների, տեղեկացնում է RBC-ն:
Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ տնօրենների խորհուրդը նաև առաջարկել է Խորհրդում վերընտրել դրա 9 գործող անդամներին: Այդ ցանկում կա նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Նշվում է, որ Քոչարյանը ներկայումս ԱՖԿ «Սիստեմա»-ում զբաղեցնում է ներդրողների հետ կապերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Տեղեկացնենք, որ ԱՖԿ «Սիստեմա»-ի կազմում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են МТС-ը, որին պատկանում է VivaCell ընկերությունը, «Սիտրոնիքսը», «Բաշնեֆտը», «Ռուսնեֆտի» 49%-ը, «Ինտուրիստ»-ը և այլն:
Անցած հանգստյան օրերին հետաքրքիր իրադարձություններ են կատարվել հարևան Վրաստանում:
ԱԺ նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր գործիչ Նինո Բուրջանաձեի գլխավորած միավորումը սկսել է բողոքի ակցիաների շարք` նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջով: Ընդդիմադիրները խոստանում են, որ մայիսի 25-ին՝ «Ցասման օրը», նախագահ Միխեիլ Սահակաշվիլու իշխանության վերջն է լինելու: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, Վրացական կուսակցության առաջնորդ Իրաքլի Օքրուաշվիլին, որն իր երկրում մեղադրվում է քրեական հանցանքների համար և քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում` խոստացել է հայրենիք վերադառնալ հենց մայիսի 25-ին: Իշխանությունը, հավանաբար, լուրջ չի վերաբերվում այս սպառնալիքին, համենայնդեպս` երկրի նախագահը պաշտոնական այցով արտերկրում է:
Այնուամենայնիվ, ընդդիմության ակցիաները որոշակի լարվածություն ստեղծել են: Մասնավորապես, իշխանությունը երեկ Թբիլիսիում արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել` ցուցարարներին ցրելու նպատակով, Բաթումիում հատուկջոկատայինները ներխուժել են Բուրջանաձեի կուսակցության գրասենյակ` կալանավորելով մեկ տասնյակից ավել ընդդիմադիրների:
Այսքանով հանդերձ, փորձագետները վստահ են, որ ոչ մայիսի 25-ին և ոչ էլ մոտ ապագայում Վրաստանին հեղափոխություն չի սպառնում:
Ընդդիմության հանրահավաքներին գալիս է առավելագույնը 10000 մարդ: Բուրջանաջեն ասում է, որ իշխանությությունն է խոչընդոտում հանրահավաքների բազմամարդությանը: Այս վարկածին, սակայն, քչերն են հավատում: Թբիլիսի քաղաքում, նույնիսկ պաշտոնական տվյալներով, գերակշռում է ընդդիմադիր էլեկտորատը: Կնշանակի` հասարակությունն այնքան էլ չի հավատում գործող ընդդիմությանը:
Պատճառները մի քանիսն են` վրացական այսօրվա ընդդիմութունը չունի խարիզմատիկ առաջնորդ, կան լուրջ հակասություններ հարթակի գործիչների միջև, ընդդիմության առաջնորդներից ոմանց անուններն ասոցացվում են ռուսական իշխանությունների հետ:
Սակայն ավելի հետաքրքիր է գործընթացների համեմատական վերլուծությունը Հարավային Կովկասի հանրապետություններում: Ադրբեջանում ոստիկանությունը կանխում է ցանկացած հավաք, եթե դրան նույնիսկ մի քանի տասնյակ մարդ է մասնակցում, նույնիսկ` ոչ քաղաքական պահանջներով: Վրաստանում իշխանություն-ընդդիմություն հակադրություն է, որը գուցե չբերի իշխանափոխության, բայց կարող է հանգեցնել ներքաղաքական ճգնաժամի:
Այս համատեքստում շահեկանորեն տարբերվում է Հայաստանը, որտեղ իշխանության և ՀԱԿ-ի ներդաշնակ քայլերի արդյունքում` ներքաղաքական լարվածությունն էապես լիցքաթափվել է: Այս ֆոնին կարող է դրականորեն փոխվել նաև միջազգային հանրության կարծիքը մեր երկրի հանդեպ:
Այսօր Վրաստանի խորհրդարանը «Ռուսական կայսրության կողմից 18–19–րդ դարերի ընթացքում չերքեզ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման մասին» բանաձև է ընդունել։ Ընդ որում բանաձևն ընդունվել է միաձայն. դրան կողմ են քվեարկել նիստին ներկա գտնվող բոլոր 95 պատգամավորները:
Անցած տարվա մարտին չերքեզ համայնքի ներկայացուցիչները դիմել էին Վրասատանի խորհրդարան և խնդրել ճանաչել չերքեզների ցեղասպանությունը։ Դիմումում չերքեզները ներկայացրել էին Ռուսական կայսրությունում չերքեզ ժողովրդի ոչնչանցման և աքսորման վերաբերյալ ստույգ փաստեր:
Բանաձևի համաձայն՝ Վրաստանը ընդունում է, որ «1763–1864 թթ. Ռուսական կայսրության քաղաքական և ռազմական ղեկավարությունը չերքեզական տարածքներից էթնիկ զտում է ծրագրել և իրականացրել և նպատակասլաց կերպով այդ տարածքներն այլ էթնիկ խմբերով բնակեցրել»:
Սակայն եղբայրական Վրաստանը Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը չի ճանաչել:
Հունիսի 12-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Սկզբում դրանց մասնակցելու հայտ էր ներկայացրել 24 կուսակցություն, սակայն Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) չհաստատեց 6-ի մասնակցությունը. արդյունքում մնաց 18 կուսակցություն: Ըստ ամենայնի, հիմնական պայքարն ընթանալու է վարչապետ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ), քեմալական ուղղությունը ներկայացնող, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) և Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) միջև: Չպետք է մոռանալ նաև քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության (ԽԺԿ) մասին, որն ընտրությունների ժամանակ հանդես է գալու անկախ թեկնածուներով (խորհրդարանում կուսակցական խմբակցություն ձևավորելու հեռանկարով): Հիշեցնենք, որ թուրքական խորհրդարան մուտք գործելու համար քաղաքական կուսակցություններից պահանջվում է հաղթահարել 10 տոկոսանոց նախընտրական բարձր արգելքը: Ներկայիս դրությամբ դա ի վիճակի են անել միայն երեք կուսակցություն` ԱԶԿ, ԺՀԿ, ԱՇԿ:
Ընտրություններից առաջ այս երեք կուսակցությունները ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը: ԱԶԿ-ն միանգամից երկու գրքույկ թողարկեց. դրանցից մեկում նշված էին երկրի ձեռքբերումները նրա իշխանության 8.5 տարիների ընթացքում, իսկ մյուսում ներկայացվում էր, թե իր հաղթանակի դեպքում երկիրն ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության /ԹՀ/ հիմնադրման 100-ամյակը): Դրանում ԱԶԿ-ն շատ կարևոր խոստումներ է տալիս` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատներում:
Ներքին. Թուրքիան լինելու է առավել ժողովրդավար և ազատական երկիր: Վերացվելու է 1980 թվականի սեպտեմբերի 12-ին ԹՀ ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման արդյունքում 1982 թվականի նոյեմբերի 7-ին ընդունված «ռազմականե սահմանադրությունը: Փոխարենը մշակվելու է նոր սահմանադրություն:
Մինչև 2023 թվականը ԹՀ-ն տնտեսական պլանում տեղ է զբաղեցնելու աշխարհի առաջատար երկրների (G-20) տասնյակում (ներկայումս 16-րդն է)1: ՀՆԱ-ն 2023 թվականին կազմելու է 2 տրիլիոն 64 միլիարդ դոլար (2015-ին` 1 տրիլիոն 76 միլիարդ դոլար, 2019-ին` 1 տրիլիոն 486 միլիարդ դոլար): Նախորդ տարի այն կազմել է մոտ 740 միլիարդ դոլար: Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 2023-ին կազմելու է 25.076 դոլար (2015-ին` 14.000 դոլար, 2019-ին` 18.685 դոլար), նախորդ տարի այն կազմել է 10.079 դոլար: Արտահանումը 2023-ին հասնելու է 500 միլիարդ դոլարի (2015-ին` 201 միլիարդ դոլար, 2019-ին` 317 միլիարդ դոլար): Ի դեպ, երբ 2002 թվականին ԱԶԿ-ն եկավ իշխանության, թուրքական արտահանումը կազմել էր ընդամենը 36 միլիարդ դոլար, իսկ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը` 2.300 դոլար:
Մեծ ուշադրություն է հատկացվելու զբոսաշրջության զարգացմանը: Մինչև 2023 թվականը զբոսաշրջիկների թիվը հասցվելու է 50 միլիոնի, որոնք 50 միլիարդ դոլարի եկամուտ կապահովեն երկրին (2002-ին` 13 միլիոն զբոսաշրջիկ և 12 միլիարդ դոլար): Հարկ է նշել, որ 2010 թվականին ԹՀ է այցելել 28.6 միլիոն զբոսաշրջիկ: Այդ ցուցանիշով ԹՀ-ն աշխարհում զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտների ցուցանիշով (20.8 միլիարդ դոլար)` 9-րդ տեղը: Փաստորեն, 2010 թվականին զբոսաշրջիկների թիվը, 2002 թվականի համեմատ, աճել է 116 %-ով, իսկ դրանից ստացված եկամուտները` 74.8 %-ով: Կանխատեսվում է, որ այս տարի ԹՀ կայցելի 30 միլիոն զբոսաշրջիկ, որոնք 25 միլիարդ դոլարի եկամուտ կապահովեն երկրին:
Մեծ զարգացում են ապրելու 100.000 և ավելի բնակչություն ունեցող քաղաքները: Ստամբուլը, որը 2023 թվականին ունենալու է 17 միլիոն բնակչություն, տեղ է զբաղեցնելու աշխարհի 10 ֆինանսական կենտրոնների շարքում, նրա եվրոպական ու ասիական հատվածներում կառուցվելու են նոր «քաղաքներե: Իզմիրը դառնալու է աշխարհի 10 խոշորագույն նավահանգիստներից մեկը: Անկարայի կենտրոնը «Էսենբողաե օդանավակայանին կապվելու է երկաթգծով. առաջիկա երկու տարիներին նրա մետրոպոլիտենի համար կառուցվելու է 44 կիլոմետր երկաթգիծ:
Ստամբուլի մեջտեղով հեղուկանավերի և խոշոր առևտրանավերի անցմանը վերջ տալու նպատակով ԱԶԿ-ն առաջ է քաշել նրա եվրոպական հատվածում «Ստամբուլյան ջրանցքիե կառուցման նախագիծը, որը միմյանց է կապելու Սև և Մարմարա ծովերը: Այն ունենալու է 40 կիլոմետր երկարություն, 150 մետր լայնություն և 25 մետր խորություն և նախատեսված է լինելու ժամանակակից խոշոր նավերի (300 մետր) անցման համար:
Ի դեպ, հունական կողմը խիստ դժգոհությամբ ընդունեց այս լուրը` ԹՀ-ին մեղադրելով սևծովյան նեղուցներով նավարկությունը կանոնակարգող 1936 թվականի Մոնտրեի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից ձերբազատվելու փորձի մեջ: Բացի այդ, հունական կողմը նշեց, որ դրանով ԹՀ-ն ցանկանում է միայնակ վերահսկել ռուսական ու միջինասիական նավթի փոխադրումը դեպի Էգեյան ծով: Չպետք է մոռանալ, որ նեղուցներն ունեն միջազգային ջրերի կարգավիճակ, իսկ ահա «Ստամբուլյան ջրանցքըե2 գտնվելու է բացառապես Թուրքիայի իրավասության ներքո:
Արտաքին. Նախ նշվում է, որ ԱԶԿ-ի իշխանության տարիներին Թուրքիան կարգավորել է իր հարաբերությունները գրեթե բոլոր հարևանների հետ, ակտիվ դիրքորոշում է ցուցաբերել միջազգային ասպարեզում (միջնորդական ու խաղաղապահ), աջակցել է քաղաքակրթությունների (Արևմուտք և Արևելք) երկխոսությանը, ավելացել է այն երկրների թիվը, որոնց հետ վերացվել կամ մեղմացվել է անցագրային ռեժիմը, հաջող գործունեություն է ծավալել ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամի կարգավիճակում, որի թեկնածության դերում ԹՀ-ն նորից կներկայանա 2015–2016 թվականներին:
Նշվում է, որ ԹՀ-ն շարունակելու է ԵՄ-ին լիիրավ անդամակցությանն ուղղված ռազմավարական քայլերը: ԵՄ-ին լիիրավ անդամակցությունն Անկարային հնարավորություն կընձեռի ավելացնելու սեփական ազդեցությունը տարածաշրջանային և գլոբալ խնդիրների հարթման ժամանակ: ԱԶԿ-ն շարունակելու է Արտասահմանաբնակ թուրքերի գերատեսչության միջոցով աջակցել եվրոպական երկրներում բնակվող թուրքերին ու նրանց ազգակից ժողովուրդներին: ԱԶԿ-ն հանդես է գալու նրանց ինտեգրման և ոչ թե ձուլման օգտին:
ԹՀ-ն շարունակելու է ԱՄՆ-ի հետ քաղաքական ինտենսիվ երկխոսությունը, որն առնչվում է նաև Իրաքին, Աֆղանստանին, արաբական աշխարհի զարգացումներին, մերձավորարևելյան խաղաղ գործընթացին, Կովկասում ու Բալկաններում կայունությանն աջակցելուն: ԱԶԿ-ի արտաքին քաղաքականության համակ ուշադրության կենտրոնում են գտնվելու Կիպրոսը, Մերձավոր Արևելքը, թյուրքական երկրները, Աֆրիկան, Արևելյան ու Հարավարևելյան Ասիան, Լատինական Ամերիկան և վերջապես Ռուսաստանն ու Կովկասը: Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը նոր հնարավորություններ է ընձեռում Կովկասում, Միջին Ասիայում և այլ շրջաններում ռուս-թուրքական նոր համագործակցության համար: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱԶԿ-ն շարունակելու է աջակցել ադրբեջանական տարածքների «օկուպացմանե վերացմանը և խնդրի բանակցային ճանապարհով կարգավորմանը: Փաստորեն, ԱԶԿ-ի այս լայնամասշտաբ արտաքին քաղաքականությունը ենթադրում է համարժեք քաղաքական կամք, տնտեսական ու քաղաքական ռեսուրսների առկայություն, ինչպես նաև ներքաղաքական խնդիրների բացակայություն:
Ինչ վերաբերում է ԺՀԿ-ին, ապա այն շեշտը դրեց քրդական գործոնի վրա: ԺՀԿ-ն հրապարակեց «Արևելյան ու Հարավարևելյան Անատոլիայի զարգացմանե նախագիծը, որում քրդերին խոստանում էր. ա) քրդաբնակ արևելյան ու հարավարևելյան շրջանների նկատմամբ ճնշումների վերացում և համընդհանուր խաղաղության հաստատում, բ) «Քրդական հարցիե բացառապես ժողովրդավարական կարգավորում, գ) նախընտրական 10 տոկոսանոց արգելքի նվազեցում, դ) չլուծված խնդիրների և անհետ կորածների վերաբերյալ հանձնաժողովների ստեղծում, մեղավորների պատժում, ե) ԵԽ-ի պահանջով տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխում, զ) հատուկ լիազորություններ ունեցող դատարանների վերացում, է) 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման մեղավորների պատժում, ը) որպես համընդհանուր խաղաղության օրինակ` Դիարբեքիրի բանտի վերածում թանգարանի, թ) «Գյուղական պահապաններիե համակարգի վերացում, ժ) մայրենի լեզվով ուսուցման թույլտվություն, մշակութային ձուլման վերացում, մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ցուցաբերում, ժա) մինչև 2023 թվականը քրդաբնակ շրջաններում 9.5 տոկոսանոց տնտեսական աճի արձանագրում, 365 միլիարդ դոլարի ներդրում: Սակայն, հազիվ թե քրդերը հավատան իրենց դահիճ Աթաթուրքի ավանդույթները պաշտպանող և ներկայացնող ԺՀԿ-ին: Իսկ ահա ԱՇԿ-ի ծրագրի հիմքում ընկած է բնակչության շրջանում ազգայնական հայացքների վերհանումը, ինչի համար խիստ քննադատության է ենթարկվում իշխող ԱԶԿ-ն, որի «ղեկավարման պատճառովե ԹՀ-ի տարածքային ամբողջականությունը «հայտնվել է վտանգի տակե: Մայիսի 5-ին թուրքական «Միլլիյեթե թերթը հրապարակեց այս տարի ԹՀ-ում տարբեր հետազոտական կենտրոնների (Konsensus, Metropoll, Andy-Ar, USADEM, ANAR, GENAR, MARMARA, Trend, ORC, IKSara) անցկացրած 34 հարցախույզների արդյունքներից կազմված միջին ցուցանիշները: Դրանց համաձայն` ԱԶԿ-ն ստացել է քվեների 46.95%-ը, ԺՀԿ-ն` 26.55%-ը, ԱՇԿ-ն` 11.85%-ը, ԽԺԿ-ն` 5.81%-ը, մնացածը` 8.84%-ը: Ի դեպ, ապրիլի 13-27-ը Թուրքիայի 81 նահանգներից 60-ում անցկացրած հարցախույզի արդյունքներով` GENAR հետազոտական կենտրոնը սահմանել էր այն առավելագույն նշաձողը, որը կուսակցությունները կարող են գրանցել ընտրությունների ժամանակ. ԱԶԿ` 57.6%, ԺՀԿ` 36.7%, ԱՇԿ` 28.3%, ԽԺԿ` 9.6%: Ուշագրավն այն է, որ ընտրություններից առաջ ԱԶԿ-ն փորձեց որոշակիորեն ազդել անգամ այս հարաբերակցության վրա և հարվածներ հասցնել իր մրցակիցներին: Փետրվարին շուկայում հայտնվեց «Դերսիմցի հայ Եմուշ խանումի որդի ինժեներ Քեմալըե խորագրով գիրքը, որում պատմվում էր ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական արմատների մասին (մորական կողմից): Միանգամից աչքի է զարնում գրքի տպաքանակը` 100.000 օրինակ: ԺՀԿ-ն գիրքը որակեց որպես պատվիրված` չնշելով, թե ով է պատվիրել այն. բավական ակնհայտ է, թե ով էր շահագրգռված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այդպիսի գրքի ի հայտ գալով, որն արագորեն տարածվեց նաև թուրքական խորհրդարանում:
Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ ԱՇԿ փոխնախագահների պաշտոնից հրաժարական են տվել և իրենց թեկնածությունը ստիպված են եղել հանելու Ռեջաի Յըլդըրըմը և Մեթին Չոբանօղլուն: Ընդ որում, ԱՇԿ-ն նրանցից առաջինի թեկնածությունն առաջադրել էր Ադանայում, իսկ երկրորդինը` Քըրշեհիրում: Թուրքական լրատվամիջոցները սա որակեցին որպես «երկրաշարժե: ԱՇԿ փոխնախագահները ստիպված եան այդ քայլին գնալու, քանի որ ինտերնետում, չգիտես որտեղից, հայտնվեցին նրանց ինտիմ կյանքի լուսանկարներն ու տեսանյութերը3: Թաքնված տեսախցիկի օգնությամբ նկարահանված այդ կադրերում երևում են, թե ինչպես են թուրք ազգայնականները թեթև վարքի տեր կանանց հետ զրուցում քաղաքականության, խորհրդարանական ընտրությունների և սեռական հարցերի շուրջ:
Մայիսի 7-ին հայտնվեց ևս մեկ «սեռականե տեսագրություն: Այս անգամ դրա զոհը դարձան Ստամբուլի նահանգի ԱՇԿ նախկին նախագահ Իհսան Բարութչուն և ԱՇԿ կազմակերպչական հարցերով փոխնախագահ Բյուլենթ Դիդինմեզը: ԱՇԿ-ն նրանց թեկնածությունն առաջադրել էր Ստամբուլում: Այս ամենը, հիրավի, կարող է կործանարար հետևանքներ ունենալ ԱՇԿ-ի համար, որը, հարցախույզների համաձայն, թուրքական խորհրդարանում գոյատևման պայքար է մղելու: ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին տեղի ունեցածի համար անմիջապես մեղադրեց ԱԶԿ-ին (Էրդողանին), որի զինանոցում, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, առկա է ևս 8 նմանատիպ տեսագրություն:
Ապրիլի 18-ին YSK-ն վետո դրեց ԽԺԿ 7 անկախ թեկնածուների (Լեյլա Զանա, Գյուլթան Քըշանաք, Հաթիփ Դիջլե և այլք) վրա` դա պատճառաբանելով նախկինում նրանց դատված լինելով: Դրանից հետո ԽԺԿ-ն սպառնաց բոյկոտել խորհրդարանական ընտրությունները, ապա քրդերը զանգվածաբար ոտքի ելան և քաոսային իրավիճակ առաջացրին Թուրքիայի տարբեր շրջաններում: Ապրիլի 19–29-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում զոհվեց 2 մարդ, ձերբակալվեց 880-ը, որոնցից կալանվեց 120-ը: Այս ամենն առաջացրեց ԱԶԿ վերնախավի խոր մտահոգությունը, քանի որ սեփական վարկանիշը հայտնվել էր մեծ վտանգի տակ: Արդյունքում` YSK-ն հետքայլ կատարեց և նրանց թույլատրեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որով և հարուցեց թուրք ազգայնականների դժգոհությունը: Փաստորեն, զուր չէր, որ ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մինչ այդ Էրդողանին կնքել էր «երկրի գլխավոր դատախազե մականվամբ` նկատի ունենալով «Բալյոզե ռազմական հեղաշրջման և «Էրգենեքոնե ահաբեկչական կազմակերպության դատավարությունների ընթացքը:
Հետաքրքիր է, որ ընտրություններից առաջ «հարվածե ստացավ նաև ԱԶԿ-ն: Մայիսի 4-ին սևծովյան Քասթամոնուից Անկարա վերադարձող Էրդողանի ավտոշարասյունը ենթարկվեց զինված հարձակման, ինչի արդյունքում զոհվեց և վիրավորվեց մեկական ոստիկան: Սակայն Էրդողանը չէր գտնվել դրա մեջ, քանի որ նախապես ուղղաթիռով Քասթամոնուից մեկնել էր Ամասիա: Սա ծանոթ ձեռագիր էր, և ինչպես նախկինում դիպուկ նկատել է թուրքական ընդդիմության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը, Էրդողանի դեմ նմանատիպ «մահափորձերըե միտված են նրա վարկանիշի բարձրացմանը:
Այսպիսով, բոլոր կանխատեսումներով` առաջիկա ընտրություններում հաղթանակ է տանելու ԱԶԿ-ն, ինչը կլինի նրա երրորդ անընդմեջ հաղթանակը: ԱԶԿ-ն պայքարելու է 550 հոգանոց մեջլիսում առնվազն 367 մանդատ (2/3) ստանալու համար, ինչը հնարավորություն կընձեռի խորհրդարանում անցկացնելու ցանկացած օրինագիծ: Դրա համար անհրաժեշտ է, որ ԱԶԿ-ն ստանա քվեների մոտ 50%-ը:
ԺՀԿ-ն փորձելու է ստանալ քվեների նվազագույնը 25%-ը` դրանով իսկ բարելավելով իր նախորդ ցուցանիշը: ԱՇԿ-ն այս ընթացքում իրեն վարկաբեկել է և այս անգամ պայքարելու է թուրքական խորհրդարանում գոյատևման համար: Իսկ ԽԺԿ-ն իր շուրջ 60 անկախ թեկնածուների միջոցով պայքարելու է 81 նահանգներից միայն 39-ում և մտադիր է խորհրդարանում մեծացնել սեփական ներկայացուցչությունը` դա հասցնելով 35-40 մանդատի (2007 թվականին ևս քրդերը հանդես եկան անկախ թեկնածուներով, ինչը հանգեցրեց նրան, որ երկրի արևելյան ու հարավարևելյան շրջաններում, ուր գլխավորապես ապրում են քրդեր, նրանք հասան նշանակալից հաջողության` խորհրդարանում ձեռք բերելով 21 մանդատ):
Հայկ Գաբրիելյան
ՙՆորավանք՚ հիմնադրամ
16 մայիսի 2011թ.
* * * * * *
1. 2010 թվականին ԹՀ տնտեսությունը 8.9% աճ է արձանագրել, ինչն աննախադեպ իրադարձություն էր նրա ավելի քան 87-ամյա պատմության ընթացքում: Այդ ցուցանիշով ԹՀ-ն Եվրոպայում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ աշխարհում` 3-րդ տեղը (Չինաստան` 10.3% ու Արգենտինա` 9.2%): Մայիսի 6-ին բրիտանական The Economist պարբերականը գրեց, որ ԱԶԿ-ի հենց տնտեսական ղեկավարման ունակությունն է հանդիսանում առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա հաղթանակի գլխավոր գրավականը:
2. Մինչ այդ էլ նշվում էր, որ Էրդողանը երազում է մինչև 2023 թվականը կառուցել «թուրքական Սուեզի ջրանցքըե, որը սևծովյան Սամսունից ձգվելու է մինչև միջերկրածովյան Յումուրթալըք (գրեթե նույն երթուղին, ինչ «Սամսուն-Ջեյհանե նավթամուղը): Անատոլիայի մեջտեղով անցնելիք այս ջրանցքն ունենալու է մոտ 500 կիլոմետր երկարություն, 80 մետր լայնություն, 22 մետր խորություն և նախատեսված է լինելու միջին մեծության նավերի համար:
3. Հետաքրքիր է, որ գրեթե մեկ տարի առաջ` 2010 թվականի մայիսի 10-ին, նույն պատճառով ստիպված էր եղել հրաժարական տալ ԺՀԿ նախկին նախագահ և թուրքական ընդդիմության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը: Դրանից օրեր առաջ թուրքական «Վաքիթե թերթի համացանցային տարբերակում հեռարձակվել էր Դենիզ Բայքալի և նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջև սեռական հարաբերությունների տեսագրությունը, որը դարձյալ նկարահանվել էր թաքնված տեսախցիկի միջոցով: Այն ժամանակ Բայքալը հայտարարել էր, որ այդպիսի դավադրությունն անհնար կլիներ իրագործել առանց իշխանական ջանքերի:
ISNA իրանական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանում Հայաստանի դեսպանը կոչ է արել պաշտոնական Թեհրանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«Հայաստանի հետ բարեկամության վերջին 20 տարիների ընթացքում Իրանն ապացուցել է իր ազնվությունը»,- ասել է Հայաստանի դեսպանը Իրանի իշխանություններին:
Ըստ գործակալության տեղեկությունների, հայ դիվանագետը հույս ունի, որ Իրանը կօգնի Ղարաբաղում օրինական հանրաքվե անցկացնել, ինչը ժամանակին Թուրքիան չկարողացավ իրականացնել:
«Եվրոպական Միությանը Հայաստանի և Ադրբեջանի անդամակցումը կօգնի բնակչությանը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգի դեպքում»,- ընդգծել է դիվանագետը:
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
20 C
-
EUR 511.93 USD 12.87 USD 401.07
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ










