Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Հայաստան
Տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստ Փետրվար 22, 2012 | 18:53

ՀԱԿ քաղխորհրդի այսօրվա նիստում քննարկվել է մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին և առաջիկա ընտրությունների հետ կապված ռազմավարության հարցերին:

Նիստում շարունակվել են Կոնգրեսի համամասնական ցուցակի ձևավորման վերաբերյալ քննարկումները:

Վարչապետը դիմել է Նիկոյանին Փետրվար 22, 2012 | 18:48

Վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին՝ լրամշակման նպատակով հետ վերադարձնել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այս մասին ասված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց այս տարվա առաջին քառօրյայում՝ 64 կողմ, 7 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Մի շարք քաղաքական ուժերի, մասնավորապես Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին, որ այդ օրինագիծը հակասահմանադրական է, քանի որ ենթադրում է արտակարգ դրության պայմաններում զինված ուժերի ներգրավման հնարավորություն։

 

Դանիելյանը դժգոհ է Թովմասյանից Փետրվար 22, 2012 | 16:04

Հելսինկյան Ասոցացիայի նախագահ Միքայել Դանիելյանը դժգոհում է որ«Արդարադատության նախարարությունը զրկել է իր կազմակերպությանը մոնիտորինգ անցկացնել քրեակատարողական հիմնարկներում:

Իսկ մարդու իրավունքների վիճակը Հայաստանում չի լավացել, այլ ընդհակառակը վատացել է ու բարեփոխումների մասին էլ նախկին գործընկերոջ` Հրայր Թովմասյանի թե գործը, թե խոսքը սուտ են, այսօր լրագրողներին ասաց Դանիելյանը:

«Հելսինկյան Ասոցացիան, իր տարեկան զեկույցով, փաստում է, որ ոչ մարդու իրավունքների պաշտպանի փոփոխությունը, և ոչ էլ ՀՀ Ոստիկանապետի փոփոխությունը չի նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը», – ասաց նա:

Դանիելյանի խոսքով քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է լուրջ խնդիր մնալ գերբեռնվածությունը:

ՀԿ –ի նախագահը ներկայացրեց Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության,տվյալները.  խուսափելով ժամկետային զինծառայությունից քրեակատարողական հիմնարկներում են հայտնվել 58 անդամ: Վերջիններիս Հելսինկան Ասոցացիան համարում է խղճի բանտարկյալ:

Իր հերթին փաստաբան Նինա Կարապետյանցը անդրադարձավ այսօր չափազանց արդիական մի խնդրի. «Դատական համակարգը ամբողջովին կախվածություն ունի ոստիկանությունից։ Հազվադեպ է լինում մի դեպք, երբ դատարանը փոխի կասկածյալի վերաբերյալ միջնորդությունը, որ պահին քննիչը անհիմն պատճառաբանությամբ մտնի դատարան, դատավորը կբավարարի: Գրավի և ստորագրություն չհեռանալու մասին օրենքները գրեթե չեն գործում»,

 

Պետրոսյանը «Ժառանգությանը» ԱԺ չթողեց Փետրվար 17, 2012 | 14:35

«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ«Ժառանգություն» կուսակցությունը հինգ տոկոսանոց շեմը չի ապահովի, եթե առանձին մասնակցի ընտրություններին: Նա իհարկե  կասկած չունի, որ նոր խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմելու։

«Երկրորդ տեղը հաստատ կզղբաղեցնի ԲՀԿ-ն, որն անցած հինգ տարիների ընթացքում ինտենսիվ աշխատանք է իրականացրել: Երրորդ տեղում կլինի ՀԱԿ-ը: Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին որ ՀԱԿ–ն ունի ընտրազանգված»,- ասաց նա:

Իսկ կոալիցիայի մաս կազմող «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ըստ նրա, կլինի չորրորդ տեղում. «ՕԵԿ-ի արժանիքն այն է, որ համագործակցում է պետական կառավարման հարցում: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև խիստ պայքար չի ծավալվելու և ՕԵԿ-ը կօգտվի մյուսների իմիջից»:

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ որպես ավանդական կուսակցություն «Հայ հեղափոխական դաշնակցությունը», ինչպես միշտ, այս անգամ ևս կունենա իր հինգ տոկոսը: Պատգամավորը ասաց այն ինչ առանց նրա էլ բոլորը գիտեն, թերևս ՀՀԿ-ն իր անդամներին ասուլիսի է ուղարկում հանրության շրջանում էլ ավելի ամրապնդելու իրեն ձեռնտու տեսլականը:

 

Արտգործնախարը Վիեննայում մի շարք հանդիպումներ է ունեցել Փետրվար 17, 2012 | 11:57

Փետրվարի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան Վիեննայում մասնակցել է Աֆղանստանից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված Փարիզյան պակտի նախարարական երրորդ համաժողովին, որին ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, շուրջ հինգ տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ավստրիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Ալեն Ժյուպեի և Միխայել Շպինդելեգերի նախագահությամբ տեղի ունեցած նիստին ելույթ է ունեցել նաև Էդվարդ Նալբանդյանը:
Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ միջազգային հանրության պայքարում Հայաստանի ներդրումը և վերահաստատել ՀՀ վճռականությունը շարունակելու ակտիվորեն աջակցել միջազգային ջանքերին, ներառյալ Փարիզի պակտին և այլ միջազգային նախաձեռնություններին, որոնց նպատակն է նվազեցնել և արմատախիլ անել թմրամիջոցների ապօրինի արտադրությունը, առևտուրն ու թրաֆիքինգը:
Վիեննայում Էդվարդ Նալբանդյանի օրակարգը հագեցած է եղել նաև երկկողմ հանդիպումներով:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության պահպանման կապակցությամբ և կարևորել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձել են նաև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաև իր ռուսաստանցի գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:
Նախարարների հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ օրակարգի հարցերին, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանն առնչվող հարցեր: Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է Ռուսաստանի իր գործընկերոջն ուղղված Երևան այցելելու հրավերը:

Վիեննայում հանդիպում է կայացել նաև ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ դեսպան Իոն Օ’լիին:
Նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու դեսպան Օ’լին անդրադարձել են Իռլանդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իէմոն Գիլմորի` Հայաստան նախատեսվող այցին:
Հանդիպման օրակարգում էր նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս առնչությամբ դեսպան Օ’լին վերահաստատեց ԵԱՀԿ նախագահության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի փոխվարչապետ, Եվրոպական և արտաքին գործերի նախարար Միխայիլ Շպինդելեգերի հետ:
Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են այս տարի նախատեսվող Ավստրիայի Նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:
Նախարարներ Նալբանդյանն ու Շպինդելեգերը բովանդակալից զրույց են ունեցել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Հայաստանի ԱԳ նախարարի հաջորդ հանդիպումը Չերնոգորիայի արտգործնախարար Միլան Ռոչենի հետ է եղել:
Հանդիպման օրակարգում են եղել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական փոխգործակցության զարգացման, ապակենտրոնացված համագործակցության, Չերնոգորիայի ԱԳ նախարարի Երևան կատարելիք այցին առնչվող հարցեր:
Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել Ավստրիայի առաջատար Der Standart թերթին:
Նույն օրը, ավարտելով այցելությունը, Էդվարդ Նալբանդյանը վերադարձել է Երևան:

Տարոն Մարգարյանի ազնվությունը զարմացնում է, սակայն չի գոհացնում Փետրվար 16, 2012 | 17:14

«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ ըստ Հայքի` օրերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պահանջել է իր հետ օրենքից չխոսել.

Մենք` «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամներս, մեծ զարմանքով տեղեկացանք, որ երեկ` փետրվարի 15-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հանդիպելով մի խումբ բնապահպանների հետ, հորդորել է իր հետ «օրենքից չխոսել»: Սակայն մեր զարմանքը պայմանավորված էր ոչ այդքան Տարոն Մարգարյանի` օրենքից հեռու մնալու ցանկությամբ, որքան իր ազնվությամբ:

Մեզ համար արդեն վաղուց զարմանալի չէ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը իրականում բավականին քիչ առնչություն ունի իրավական նորմերի հետ, սակայն Երեւանի քաղաքապետը այն եզակիներից է, ով ազնվորեն ասաց այդ մասին:

Մենք ցանկանում ենք բոլոր պաշտոնյաներին հիշեցնել այն մասին, որ իրենց գործունեությունը պիտի լինի ամբողջովին օրենքի պահաջով եւ թելադրանքով, եթե նույնիսկ դա դուր չի գալիս իրենց կամ այն կուսակցությանը, որին պատկանում են:

Մենք կոչ ենք բոլոր պաշտոնյաներին` ընթերցել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, որն ամրագրում է` «Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք», եւ 5-րդ հոդվածը` «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Սահմանադրական իրավունքների համար պայքարող բոլոր քաղաքացիներին զորակցում եւ հորդորում ենք` չընկրկել «գողական» օերնքներով առաջնորդվող պաշտոնյաների առջեւ` մեր սահմանադրական իրավունքները պաշտպանելիս, քանզի Սահմանադրությունը վեր է բոլորից, իսկ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:

 

ՀՔԾ -ն կվերահասցեագրի Նիկոյանին Փետրվար 16, 2012 | 12:00

Հատուկ Քննչական ծառայությունը (ՀՔԾ) քննարկում է «Հայկական պառլամենտարիզմի կենտրոն»-ի ղեկավար Ռուբեն Թորոսյանի դիմումը, որով վերջինս պահանջում է քրեական գործ հարուցել«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի և Արա Բաբլոյանի դեմ` լիազորությունների գերազանցման և ուրիշի փոխարեն քվեարկելու համար։

Դիմումի առիթ հանդիսացել է Ազգային ժողովի նախորդ քառօրյայի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի քվեարկությունից հետո ԱԺ նախագահությանը դիմում- հայտարարությունը, թե՝ հանրապետական պատգամավորները քվեարկել են ուրիշի փոխարեն։

Մեր ունեցած տեղեկություններով ՀՔԾ-ն չի պատրաստվում գործ հարուցել: Դա կարող է դիտվել որպես կեղծիք, ինչպես ուրիշի փոխարեն ստորագրության կեղծման դեպքում է, սակայն չկա հետևանք, կամ չի ապացուցվում գործողության արդյունքում առաջացած հետևանքը, կամ գոնե դա ապացուցելու համար անհրաժեշտ են գործողություններ,  որ ՀՔԾ-ն լիազորված չէ կատարել: Ուստի ՀՔԾ-ն դիմումը կվերահասցեագրի ԱԺ-նախագահ Սամվել Նիկոյանին՝ քննարկման:

 

 

Արաբկիրի տարածքային գրասենյակն ազատելու որոշումը քաղաքական հետապնդում է. ՀԱԿ Փետրվար 15, 2012 | 16:38

ՀԱԿ-ի մասն կազմող 8 քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել, որտեղ ՀԱԿ-ի Արաբկիրի տարածքային գրասենյակն ազատելու դատարանի որոշումը գնահատում են որպես քաղաքական հետապնդում:

Հայտարարությունում ասվում է.

«Փետրվարի 12-ին վարչական վերաքննիչ դատարանի վճռով 1 ամիս ժամկետ է տրվել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը, իր` Վաղարշյան 12 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակի տարածքը ազատելու համար, որը հանդիսանում է նաեւ Հայ ազգային կոնգրեսի Արաբկիրի տարածքային կազմակերպության գրասենյակը:

Մենք` Կոնգրեսիի Արաբկիրի ենթաշտաբերի ղեկավարներս, որ ներկայացնում ենք նաեւ տարբեր կուսակցություններ, հայտարարում ենք, որ  ոչ հիմնավոր պատճառներով կուսակցությանը սեփական տարածքից վտարելը քաղաքական հետապնդում է կուսակցության նկատմամբ եւ մեր աջակցությունն ենք հայտնում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը:

Համոզված ենք նաեւ,որ ԱԺ ընտրություններից առաջ Կոնգրեսի շտաբի փակումը միտված է Արաբկիր համայնքում Կոնգրեսի  նախընտրական աշխատանքները ձախողելուն:

Պահանջում ենք իշխանություններից անհապաղ դադարեցնել հետապնդումները «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության եւ Կոնգրեսի  տարածքային կառույցի նկատմամբ»:

Հայտարարությունը ստորագրել են

Վլադիմիր Բրուտյան – «Ազատություն» կուսակցություն

Սամվել Գեւորգյան – «Այլընտրանք» նախաձեռնություն

Ռուբիկ Արմենյան – «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

Բաբկեն Գարոյան – «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնություն

Արա Կտիկյան – Հայաստանի ժողովրդական կուսակցություն

Հայկազ Թառլամազյան – Հայաստանի լիբերալ կուսակցույթուն

Տիգրան Բաղդասարյան – Հայոց համազգային շարժում

Կարինե Խաչատրյան – «Հանրապետություն» կուսակցություն

Այն, ինչ տեսա Հրազդանում` կարդացել եմ Հյուգոյի, Կաֆկայի գրքերում. Ա. Մանուկյան Փետրվար 15, 2012 | 13:21

«Այն, ինչ տեսա Հրազդանում` քաղաքապետի ընտրությունների ընթացքում, կարդացել եմ Հյուգոյի, Կաֆկայի գրքերում և տեսել դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմնան  ժամանակ   ասաց ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը:

«Հրազդանում ուղիղ, ճակատ առ ճակատ բախվեցի աղքատությանն ու թշվառությանը, արտագաղթին: Այն տեղամասում, ուր ես վստահված անձ էի, Հայաստանից բացակայողների ցուցակը բավական մեծ էր: Տեսա մի շարք արտառոց բաներ: Հանդիպեցինք մարդկանց, ում անձնագրերում նրանց ծննդյան թվի տեղերում ուղղակի գրված էր՝ զրո, զրո, զրո: Քվեարկությանը մասնակցում էին մարդիկ, ովքեր ոչ կարողանում էին խոսել, ոչ ձայն հանել. նրանք ուղղակի հոգեկան հիվանդներ էին:

Մի աղջիկ իր հիվանդ եղբորն ու քրոջը ժամը մեկ բերում էր քվեարկության, դրա դիմաց փող էր ստանում, և նրա աչքերն ուրախությունից ուղղակի փայլում էին: Կային մարդիկ, որոնց առանց բռնելու հնարավոր չէր բերել ընտրատեղամաս: Նրանց բերողներն ասում էին` բա մեր փողն ո՞ւր ա, մեր հացի փողը կտա՞ք: 1300 ընտրող ունեցող այդ տեղամասում ընտրություններին մասնակցեց շուրջ 1200 մարդ:

Փաստորեն, սովը հաղթեց քաղաքացուն. մարդիկ ամենևին չէին թաքցնում, որ ցրտին, իրար ջարդելով, ժամը 8-ից գալիս էին իրենց փողը ստանալու: Ես այդտեղ նողկանք զգացի իշխանությունների հանդեպ, որոնք 5000 դրամով մարդկանց էին բերում: Այս թշվառության ֆոնի վրա էլ աշխատում է իշխանությունը` նպատակ ունենալով վերարտադրվել:

Բացի այդ, Հրազդանում նախորդ ընտրություններից հետո ցուցակներում 3000 մարդ էր ավելացել: Սա անհնար է` արտագաղթի ֆոնին: Միաժամանակ հպարտ եմ, որ 11000 մարդ դիմակայելով ճնշումներին՝ եկան ազնվորեն և համարձակ քվեարկելու: Հետաքրքրական է, որ ոստիկանները բնակիչների վրա հոգեբանական ճնշում էին գործադրում, ահաբեկում էին` ամբողջ ժամանակ միացրած ազդանշաններով շրջելով փողոցներում»,- պատմեց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին «սպանեք էլ, ցուցակները չի հրապարակի, քանի որ այդ պարագայում կարուսելի հնարավորությունը կբացառվի: Ցուցակները սրանց կեղծիքի սրբոցն են, այնտեղ են թաքնված բոլոր կեղտերը: Խախտված էր քվեարկողների անձնագրում դրոշմներ դնելու հիմնարար դրույթը: Մենք գաղտնի վերցրել էինք այդ ցուցակները, իշխանությունները միշտ ունեն դրանք, սակայն երբեք չեն հրապարակի»:

Վարդան Օսկանյանն անդամակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը Փետրվար 14, 2012 | 17:40

Օսկանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Երեկ ես դիմում եմ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու համար։ Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, հետեւաբար նաեւ նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ։

Լինելով Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ՝ տարբեր առիթներով ես պարբերաբար արտահայտել եմ իմ տեսակետները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների եւ զարգացումների վերաբերյալ։ Այսօր գտնում եմ, որ ժամանակն է, որ ավելի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին։

Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իմ հնարավոր անդամակցության հանգամանքը՝ Սիվիլիթաս հիմնադրամի խորհուրդը առաջիկա օրերին որոշում կընդունի հիմնադրամում իմ հետագա կարգավիճակի վերաբերյալ»։

Վիդեո

Top լուրեր
Հարցում
  • ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը միասնակա՞ն ցուցակով կգնան ընտրությունների, թե՞ առանձին-առանձին:

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...