Լուրեր
Օրենքի մասին

20.12.2014 | 18:28

Տատանումներ

20.12.2014 | 12:24

Արխիվ

Դեկտեմբեր 2014
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Հեղինակներ
Սրճարանն ինքնարտահայտման տարածք է Ապրիլ 21, 2012 | 18:49 Լուսինե Վայաչյան

Զրույց «Կետիկնոցում» մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ նախանցյալ ամառ, երբ այն դեռ  կարմիր` Կոկա Կոլայի գույնի էր, հիմա` կապույտ է` Պեպսի Կոլայի: Բայց ոչինչ չի փոխվել սրճարանում…

- Ես գալիս եմ «Կետիկնոց» («Վերնիսաժ») սրճարան` ինձ ցույց տալու, միանգամից շատերին տեսնելու, և նրանցից քչերն են, որ ինձ հաճելի չեն: Կարաս քո սուրճը կամ լիմոնադը վերցնես ու ժամերով նստես էստեղ, մնացած սրճարանների նման շնչիդ նստող չկա, որ անընդհատ պտտվեն շուրջդ ու նայեն, թե` բան չես վերցնում ու երկար նստում ես։ Համեմատաբար էժան է, ու չնայած վզզացող ավտոմեքենաների աղմուկի ու հնչող տարաբնույթ և ոչ միշտ տրամադրությանդ համահունչ երաժշտությանը, մի երկու հազար դրամով, 3-4 հոգով երեկոդ կարճում ես համեմատաբար հանգիստ միջավայրում, համոզված լինելով, որ ոչ «քյարթուները», ոչ էլ դիմացի` օպերայի մայթին նստող մեծ ու մանր բուրժուաները քո հագուկապին չեն նայի ու քմծիծաղ տան, էստեղ դու քո տեղում ես, քո «գեղամիջում»: Մարդիկ իրենց հնարավորինս իրական դեմքերով են նստած, դրա համար ես գալիս եմ էստեղ: Բա դո՞ւ ինչի ես գալիս, Ջալոյան:

- Ես համաձայն եմ, որ սրճարանն էլ քաղաքի կամ փողոցի թատրոնի մասն է կազմում: Դե պարզ է, որ դու գնում ես մի տեղ, որտեղ գիտես, համոզված ես, որ էն դերը, որ դու խաղալու ես, էն պոզան, որ ընդունելու ես, ո՞նց է ընդունվելու էդ մարդկանց կողմից: Ովքե՞ր են նստած սրճարաններում: Ինչո՞ւ ենք մենք նայում էն դիմացի մայթի բարձր բուրժուազիայի սրճարաններին, ու մտածում, որ իրենք ունեն ցանկություններ, մնացածներն ունեն հոգսեր: Եւ էն բանը, որ կարող ես նստել էս սրճարանում, սպասել` չգիտեմ ում, չգիտեմ ինչի, դա էն մասին է խոսում, որ քո մեջ էլ կան ցանկություններ: Սրճարանը, քաղաքն ամբողջությամբ ցանկության մի մեծ մեքենա է: Քաղաքները կառուցվել են, որպեսզի կատարվեն մարդկային ցանկությունները, և էդ առումով` գյուղացի մարդը երբ ուզում էր ասել, թե ինչ-որ ցանկություններ ունի, ասում էր. «Երևան գնալու եմ, մշտական մնալու եմ»: Որովհետև դա հենց էն բանն է, որով ինքը ներկայանում է: Քաղաքը մի տեղ է, որտեղ ցանկություններն իրենց պրոյեկցիաներն են ստանում: Ուզում եմ ասել, որ սրճարաններն ասելիք ունեցող մարդկանց համար են: Ասելիքն ինքը ցանկությունն է, որն անընդհատ խոսում է, իհարկե` ոչ միշտ էն բանի մասին, ինչի մասին ուզում է: Մտավորականներն են շատ խոսում, մտավորականի ցանկությունը յուրօրինակ է, տարբերվում է և բիզնեսմենի,և գյուղացու ու աշխատավորի ցանկությունից:

- Հիմա էս սրճարանի բոլոր մարդիկ ցանկություննե՞ր ունեն:

- Մտավորականի ցանկությունները միշտ բոհեմական են լինում. ամենաառաջին ցանկությունը մինչ ռոմանտիկ սերն է` կրքի պատահական բռնկում, ու ռոմանտիկ սերը, որը միշտ փնտրում է, և ճակատագիրն իրեն պարգևում է: Կան տարբեր սերեր` ժողովրդի սեր, հայրենիքի սեր: Մտավորականի մոտ դա որոշակի պարանոիդալ բնույթ է կրում` սոցիալ-քաղաքականի և անձնականի հիբրիդ, որը հետաքրքիր է: Ցանկությունը, ինչպես մենք ընկալում ենք, հայտնվել է ռոմանտիկ դարաշրջանում, ու պատահական չի, որ սրճարաններն էլ են էդ ժամանակ հայտնվել:

- Գուցե սալոննե՞րը. էնտեղ էլ է եղել ռոմանտիկ սեր:

- Սալոնների կուլտուրան վայելքի կուլտուրան է, ոչ թե ցանկության, և` ֆլիրտի: Ռոմանտիկ սերը 200 տարվա պատմություն ունի ընդամենը, մինչ էդ ոչ մի սեր չի եղել, եղել է կիրք, եղել է Լեյլի ու Մեջնուն:

- Բա Լեյլի-Մեջնունինը ռոմանտիկ սեր չէ՞ր:

- Հիմնական ռոմանտիկան սիրո մեջ նախատրամադրվածությունն է դեպի սերը, մարդն ինքն իրեն պատրաստում է: Մարդը հոգեկրթվում է, կարդում է Սևակ ու Տերյան, այսպիսով` իր հոգին նախապատրաստում է սիրահարվելուն:

- Այլ կերպ` գլուխն է գցում հա՞. ժամանակակից մարդը, երբ կիրք է լինում, որոշում է, որ դա սեր է, հետո զարգացնում է, հետո` երբեմն ձեռքը կրակն է ընկնում: Մարդը, պարզվում է, էն չի, բայց արդեն կարա ուշ լինի` ամուսնություն, երեխաներ…

- Ժամանակակից երիտասարդը զանազան տեխնիկաներ է գործադրում, որպեսզի ինքը մի պահի սիրահարվի, որպեսզի դա չլինի պատահական, այլ ուղարկված` Աստծո կողմից: Դա պատահականի ու նախապատրաստության արդյունքն է: Ռոմանտիկ սերը նաև ունի տարածական կառուցվածք, ինչպես ասում էին ընկերներ Դելեզն ու Գվատտարին, ու չի հանգում սովորական Էդիպյան եռանկյունու: էդ եռանկյունին բացվում է սրճարանի նման մեքենաներով: Սրճարանը հարկավոր է նաև դրա համար: Էստեղ առաջանում են որոշակի հատուկ խավի տիպիկ ցանկություններ, որոնք պերվերսիվ (պերվերսիա` լատ. perversiō, բառացիորեն թարգմանվում է շուռ տված, նորմայից շեղված, ալյասերվածություն: Էստեղ` շուռ տված, IMHO) ցանկություններն են` մտավորականի ցանկությունները:

- Իսկ դրանք չե՞ն կարող քաղաքական ցանկություններ լինել:

- Դա մոտավորապես նույն բանն է: Քաղաքական ցանկությունը տիպիկ պերվերսիվ ցանկություն է, երբ նորմալ օբյեկտից ինքը շեղվում է մի քիչ ուրիշ կողմ, և էդ առումով մտավորականի ցանկությունը, նկատի ունեմ ռոմանտիկ սերը և այլն, մշտապես միջնորդավորված է ստեղծագործությամբ և քաղաքականությամբ, որոնք մոտավորապես նույն բանն են: Այսինքն, եթե համարենք նորմալ ռոմանտիկ սերն էն է, որ դու սիրում ես խելացի, գեղեցիկ և այլ բարեմասնություններով աղջկա, ապա էստեղ կատավում է պերվերսիվ տիպի ընտրություն: Եւ էս առումով սա էնքան էլ ռոմանտիկ չի. ծառայողական սիրավեպ չի, որն էլի պերվերսիվ տարր ունի իր մեջ: Մտավորականների համար նախատեսված սրճարանները պերվերսիա են:

- Հիմա սա մտավորականների՞ սրճարան է:

- Այո, էս պերվերսիան կոչվում է ստեղծագործական-քաղաքական պերվերսիա:

- Ի՞նչ մարդիկ են էստեղ լինում, ի՞նչ խավի, ի՞նչ տեսակի:

- Էստեղ խավ չկա: Էստեղի մարդիկ պերվերսիվ են, այսինքն` շուռ տված: Ցանկությունների մատրիցան մտավորականների մոտ ուրիշ է, բիզնեսմենի մոտ` ուրիշ, մնացածների մոտ` ուրիշ: Էստեղ մարդիկ իրար գտնում են, հայտնում ու ցուցադրում իրենց ցանկությունները: Ցանկությունն առաջին հերթին թատրոնն է, որ դու ուզում ես ցույց տալ: Եթե դու ոչինչ ցույց չես տալիս, քո դերը չես կատարում, դա նշանակում է, որ քեզ մոտ ցանկություն չկա, որովհետև ցանկությունն առաջին հերթին արտահայտվում է այն բանով, որ մարդն ուզում է երևա ոչ էնպիսին, ինչպիսի ինքն իրականում կա:

- Այսինքն, էստեղ բոլորն ուզում են երևալ ոչ էնպիսին, ինչպիսին իրենք իրականում կա՞ն:

- Դրան ընդունակ է առաջին հերթին մտավորականը, որովհետև նա միշտ արտիստ է: Նա էն մարդն է, որ ինքը չի, ինչ որ ինքը կա` էն չի: «Ա»-ն հավասար չի «Ա»-ի: Ինքը զբաղված է սեփական «ԵՍ»-ի դիալեկտիկական բացասումով, որն ինքն անում է, օրինակ` ինքնակենսագրական վեպեր գրելու միջոցով, որովհետև ինքնակենսագրական վեպի հերոսը նույն իսկական մարդը չի, որ գոյություն ունի իրական աշխարհում, էն մարդն է, որ ապրում է իր երևակայության աշխարհում:

- Սրճարանի այլ ֆունկցիաները, բացի թատրոնից:

- Բացի դրանից` ուրիշ ֆունկցիաներ չեն կարող լինել: Սրճարանն ինքնարտահայտման տարածք է: Սրճարանը չի կատարում էն դերը, որ մենք վերագրում ենք, ինքը ստատուսային խնդիրներ չի լուծում, բուրժուական լինի, բանվորագյուղացիական, թե` այլ: Բայց… Հնարավոր չի գտնվել մի մարդու կողքին, որը համամիտ չի ու չի հասկանում քո ցանկությունները: Հետևաբար, սրճարաններում էդ խմբերը կազմվում են իրենց էդ գաղտնի ու գուցե իրենց անհայտ ցանկություններով, և իրենք նույն թատրոնի թատերախումբն են: Եթե դու կոմեդիայի թատրոնի թատերախմբից ես, ինքը` ողբերգության, ուրեմն` դուք չեք կարող միասին լինել: Քո դերասանական արվեստը չի հասկացվում կամ գնահատվում: Էստեղ մարդ չկա, էստեղ բոլորը դեր են կատարում: Մեկը` գրողի, մեկն` ակադեմիկոսի կամ նախարարի, մյուսն էլ, կներեք, մշակութաբանի: Էն առումով, որ էստեղ առաջին հերթին ոչ թե մարդն է հանդես գալիս, այլ` իր մտավորականի մասնագիտությունը: Էստեղ, իմիջիայլոց, շատ քիչ են գալիս դերասանները: Եթե դու դերասան ես ու չես ուզում, որ քո բեմական կերպարը փլվի, էսպիսի տեղեր չես գա: Մտավորականի ամենամեծ խնդիրը «դավադրություններ» նյութելն է։ Սրճարանները միշտ էլ եղել են «դավադրությունների» համար:

- Բայց էստեղ պատահական մարդիկ էլ են գալիս: Սիրահարներ են գալիս, ջահելներ են գալիս, որովհետև էժան է, Սարյանի արձանի մոտից` միտինգավորները…

- Հա, գալիս են, բայց` մեկ-մեկ ու պատահական, եթե հոգնել ես, նստում ես էստեղ: Բայց «քո» սրճարանն էն տեղն է, որտեղ դու մշտապես գալիս ես: Ու եթե դու պատահական ես եկել, կնստես, կխոսես, կողքից խեթ-խեթ կնայեն` բան չեն ասի, բայց երկրորդ անգամ էլ չես գա էստեղ, եթե պատահական ես, օտար ես էս թատրոնում: Նույնն էլ դու, կարող ես գնալ դիմացի սրճարանները, խոսել կինոյից, թատրոնից կամ գրականությունից, բուրժուազիան կսկսի նայել վրադ, թե` էս ի՞նչ են խոսում: Չնայած թվում է, թե ընկերներով նորմալ նստած եք, բայց դու էլ չես գնա էդ սրճարանը, որովհետև էդ քոնը չի: Էստեղ նաև շատ կարևոր են սպասարկող անձնակազմ – հաճախորդ հարաբերությունները: Եթե տերը չուզի, որ էս մարդիկ գան էստեղ, նրանց լավ չեն ընդունի, ու նրանք էլ չեն գա: «Կազիրյոկում» ու էստեղ միշտ ուրախ են ընդունում մտավորականին: Մյուս կարևոր հարցը: Սրճարանն էթիկետ է, կանոններ, որոնք որոշում են նաև, որ մարդը քաղաքաբնակ է: Էստեղ գալով ու նստելով` ինքդ քեզ ապացուցում ես քաղաքաբնակ լինելդ: Բանգլադեշի երիտասարդներն ասում են. «Իջնենք քաղաք»: Որովհետև էստեղ, էս կենտրոնի թատրոնի մեջ կարող են ցույց տալ, թե իրենք ինչպես են հագնված, ինչպես են քայլում, և որ իրենք քաղաքաբնակ են: Իրեն ցուցադրելն ու մարդկանց նայելն ամենակարևոր էկզիստենցիալ մարդկային ֆունկցիաներից մեկն է: Դու չես կարող փողոցով ման գալ, եթե քեզ վրա անընդհատ թքեն կամ քարով խփեն:

- Բայց էդպիսի մարդիկ էլ կան, չէ՞:

- Դա էլ պերվերսիայի լրիվ ուրիշ ձևն է, զրույցի այլ թեմա:

Լուսանկարը` Կարին Գրիգորյանի

 

Կիբերհանցագործությունների նախընտրական սև շուկան Ապրիլ 21, 2012 | 12:00 Արսեն Վահանյան

Պարզվում է, որ իմ նախորդ հրապարակումը ռեկորդային քանակով ընթերցող է ունեցել: Եվ նման է, որ դա պայմանավորված է ոչ թե քաղաքագիտական վերլուծությամբ, այլ Հայաստանի տեղեկատվական դաշտում ընթացող կիբերպատերազմի մասին տեղեկություններով: Նշեմ, որ հենց նախորդ նյութիցս հետո կոտրեցին մեր կայքը: Ենթադրվում էր, որ դա պայմանավորված էր կոնկրետ անուններ հիշատակող հրապարակումներով, ու ըստ մեր վարկածի, կայք կոտրելու պատվերը տվել էին կամ  թմրառևտրով զբաղվողները, կամ կիբերհանցագործները:

Երկրորդ վարկածը կարծես ավելի արժանահավատ է: Ի դեպ, մեր կայքը երկրորդ անգամ կոտրեցին նաև ապրիլի 20-ին, ու ճիշտն ասած ցանկություն չկա դա դուրս գրելու թուրքերի ու ադրբեջանցիներ վրա: Զի նախընտրական շրջանում մեր հայրենի կուսակցությունների մի մասը գործադրում է հնարքներ, որ վայել կլինեին թուրքին…

Հիշեցնեմ, որ նախորդ նյութում նկարագրել էի նաև ընտրարշավի վիրտուալ հատվածում եռացող կրքերը: Նաև հիշատակել էի, թե սոցիալական ցանցերում ով է գլխավորում ՀՀԿ-ին մեկուսացնել ձգտող ուժերի դեմ համացանցում կիբերպատերազմ մղող խումբը: Հնչել էր ԲՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին հանրապետական, իսկ այժմ առ Վարդան Օսկանյան ջերմ սիրով լցված 30-ամյա  Հայկ Ակարմազյանի անունը: Թեև մենք չէինք պնդում տեղեկատվության իսկությունը, բայց մեր կայքի դեմ կրկնակի կիբերհարձակումները հիմք են տալիս կարծելու, որ դիպչել էինք «տասնոցին» ու հարուցել կիբերպատերազմի «նարնջագույն» ճակատի գեներալների զայրույթը…

Ինչևէ, հիշեցնեմ, որ «կիբերճակատի» երկու սենսացիա էի հիշատակել: Մեկը օլիգարխ Գարեգին Նուշիկյանի ֆեյսբուքյան էջի ոչնչացումն էր, մյուսը` «Օդնոկլասնիկի» սոցցանցի հայկական խոշորագույն, շուրջ 100 հազար մասնակից ունեցող «Հայոց ազգային իրավունքներ» խմբի արգելափակումը:

Պարզվեց, որ Ֆեյսբուքի հայկական հատվածի կեսի չափն ունեցող այդ խմբի հետ սերտորեն առնչվում է լրատվական դաշտի մեր գործընկերներից մեկը. խմբի ադմինիստրատորն է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Հենց նրանից էլ ճշտեցինք նախընտրական կիբերպատերազմին վերաբերող որոշ նրբություններ. «Մեր խումբն անհետացավ ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը: Բնականաբար, սկսեցինք գործողություններ երկու ուղղությամբ: Մի կողմից` ես դիմեցի սոցցանցի ռուս ադմինիստրացիային` խումբն արգելափակումից հանելու հարցով, մյուս կողմից` անմիջապես ստեղծեցինք խմբի կրկնօրինակը, ուր արդեն հավաքվել է շուրջ 10 հազար մասնակից: Պարզվել է, որ արգելափակվել է իմ պրոֆիլը` կանոնները պարբերաբար խախտելու մեղադրանքով, ու ավտոմատիկաբար արգելափակվել է նաև խումբը: Ըստ ամենայնի, հարյուրավոր կամ հազարավոր նույնաբովանդակ կեղծ բողոքներ են հղվել կեղծ պրոֆիլների միջոցով: Այդ ձեռագիրը հայկական խոշորագույն խմբերի դեմ սովորաբար կիրառում են թուրքերն ու ազերիները, սակայն, դատելով Ձեր նախորդ հրապարակումից, այս անգամ նախընտրական դրդապատճառներերով այդ հնարքը կիրառել են մեր իսկ հայրենակիցները»: Հ. Գալաջյանը նշեց նաև, որ արդեն իսկ օպերատիվ ճանապարհով պարզվել են կիբերհանցագործության երկու ակտիվ մասնակիցներ` Վանաձորի բնակիչ, քաղաքի հայ-ռուսական ձեռնարկություններից մեկում աշխատող Արբակ Առաքելյանը, և ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի բնակիչ Գրիշա Ստեփանյանը, ու ի դեպ, Առաքելյանն անզգուշաբար գլուխ է գովացել իր հանցագործության վերաբերյալ, և նրա համացանցային զրույցների էկրանի պատկերը («սքրինշոթը») պահպանված է: Ինչ վերաբերում է Հայկ Ակարմազյանի` որպես կազմակերպիչ մասնակցելուն, ապա մեր գործընկերը նշեց. «Նրա կողմից համացանցային քվեարկությունը 700 կեղծ էջերի միջոցով հօգուտ ԲՀԿ-ի կեղծելը ինքնին խոսուն փաստ է: Կեղծ պրոֆիլները սովորաբար ստեղծվում են առաջին հերթին զանգվածային կեղծ բողոքներով անցանկալի էջն արգելափակելու նպատակով, և նոր միայն` լրացուցիչ նպատակներով… Իսկ ապացույցներ հայթայթելը ոչ թե իմ, այլ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության համապատասխան բաժնի խնդիրն է: Նշեմ միայն, որ կիբերհանցագործության մասնակից Արբակ Առաքելյանը սպառնացել է, որ կոչնչացվեն այն բոլոր խմբերը, որոնք կխոչընդոտեն հօգուտ իշխանափոխության ազատ քարոզչության իրականացումը, խտրականություն կդրսևորեն կրոնական և սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Մեր խումբը, լինելով ազգային-պահպանողական, հանուն ազգային միասնության պահպանման ոչնչով չէր միջամտում ընտրարշավին, մենք ընդամենն արգելում էինք պետական հեղաշրջման քարոզչությունը և աղանդավորության և սեռական անսահմանափակ ազատության պաշտպանությունը: Սակայն պարզվեց, որ հակապետական դավադրություն ծրագրած շրջանակները` Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, անընդունելի են համարել քաղաքականապես չեզոք 100 հազարանոց խմբի գոյությունը, ու մեզ վրա քսի են տվել կիբերհանցագործների ոհմակին»:

Ի դեպ, պարզվում է, որ լրատվական կայքերից ոչ միայն «Հայական վարկած»-ն է ենթարկվել գրոհների: Վերջերս ստեղծվել է www.pozor.am լրատվական կայքը, որը կոշտ քարոզչություն է իրագործում ընդդեմ հակաիշխանական դաշինքի ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի: Համաձայն կայքի լրատվության, կայքի գործարկման հենց առաջին օրը` ապրիլի 13-ին, այն ենթարկվեց շատ հզոր գրոհի միանգամից 3000 համակարգիչներից, և գրոհները կրկնվեցի 2 անգամ նաև հաջորդ օրը: Կայքի պնդումով, ամեն մի հակերական օպերացիայի համար կիբերհանցագործների խմբին վճարվում է 10 հազարական դոլար, և իրենք իրենց ապահովագրել են` տեղափոխվելով ավելի ապահով սերվերի վրա (բայց ի՞նչ ապահովության մասին է խոսքը DDOS գրոհների պարագայում, երբ միակ փրկությունը ինտերնետ-կանալի ավելի բարձր թողունակությունն է): Ու հետաքրքիր է, որ ապրիլի 15-ից հետո գրոհները դադարեցին…

Դա տարօրինակ է այն պարագայում, որ ԲՀԿ առաջնորդը բազմիցս ապահովել է նույնիսկ իր մականունի չհիշատակումն անգամ տարբեր հակաօրինական մեթոդներով (կատակում են, որ նա երկու անգամ է հարվածում, առաջինը` գլխին, երկրորդը` դագաղի կափարիչին…): Բայց, ինչպես հաջողվեց մեզ իմանալ վստահելի աղբյուրից, կիբերհարձակումները կասեցվել են, քանի որ (բնականաբար, ոչ առանց նյութականի), նոր քարոզչամիջոցի տերերը լեզու են գտել հենց հարձակվող խմբի հետ, ու ավելին` հենց այդ խումբը ստանձնել է սև PR իրականացնող քարոզչամիջոցի անվտանգության ապահովման պարտավորությունը…

Այսպիսով, ստացվում է, որ Պոլիտեխնիկի երիտասարդ շնորհաշատ դասախոսը, որ 2007-ին հավատավոր ՀՀԿ-ական էր, իսկ հիմա ոչ պակաս հավատավոր ԲՀԿ-ական է, իր համար ենթադրաբար ստեղծել է եկամտաբեր ոլորտ`կիբերհարձակումների խումբ: Ու, բնականաբար, ԱԺ քարոզարշավը պատվերների առավելագույն քանակ ունենալու ժամանակն է, չնայած խորհրդարանի մանդատների համար մեծ ճակատամարտից հետո սկսվելու է նաև տևական կռիվը նախագահական ընտրությունների ճակատում: Դե, Ռոբերտ Քոչարյանը պարզ ասել էր, որ մտադիր չի հավերժ մնալ «ամենաերիտասարդ թոշակառու», ոչ երիտասարդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ծարավ է ռևանշի… Հա, ի դեպ, ուշագրավ է, որ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը բացվեց քաղաքական գործիչ դարձած, ծագումով արցախցի մեր գործընկեր Գայանե Առուստամյանի ելույթով այն մասին, որ նժդեհականությունը որպես այդպիսին ֆաշիստական և ռասիստական ուսմունք է… Եվ հետաքրքրական է, որ մեր մյուս գործըկերոջ հիշատակած բացահայտ կիբերհանցագործ Արբակ Առաքելյանն իր «գլուխգովոցի» ընթացքում ոչնչացման ենթակա էր հռչակել «ռասիստական» խմբերը, որոնց «ռասիզմը» վատ վերաբերմունքն է աղանդներին, և իշխանափոխության ձգտողներին:

Ինչևէ, հուսանք, որ կատաղի անհանդուժող պայքարը կամփոփվի ինտերնետի տարածքում, մեր փառապանծ ոստիկանությունն էլ թույլ չի տա, որ ծավալվի ու ծաղկի քաղաքական (իսկ ապագայում նաև` տնտեսական) կիբերհանցագործությունների սև շուկան:

Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ

Նախընտրական համացանցային պատերազմի զինվորներն ու գեներալները Ապրիլ 14, 2012 | 12:28 Արսեն Վահանյան

Ուրբաթ 13-ը գալովի էր որոշ քաղաքական ուժերի ու գործիչների վրա: Օրինակ, լայն քննարկման առարկա դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի նոր նախապայմանը, թե որ դեպքում «Ժառանգությունը» կմասնակցի «Ընտրությունների վերահսկման միացյալ հանրային շտաբի» աշխատանքներին: Ոչ ավել, ոչ պակաս, նա հայտարարեց, որ կմասնակցի, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից: Բնականաբար, դրա վրա ԲՀԿ-ում  բոլորը փրփրել են, քանի որ շատերին ձեռնտու է այն վիճակը, որ մի կողմից Վարդան Օսկանյանը և Հմայակ Հովհաննիսյանը ընդդիմադիր ճառեր ասեն և ԲՀԿ-ի համար ընդդիմադիր իմիջ ստեղծեն, մյուս կողմից` պահպանվեն ռեալ իշխանական լծակները: Այսինքն` որ քվեներ բերվեն և՛ բողոքավոր մասսայից, և՛ նրանցից, ում համար Ծառուկյանն Աստված ու թագավոր է դառնում «տուկի թելի», անվճար բուժսպասարկումների և սոցիալական ոլորտի «երկնքից ընկնող» ձրի ծառայությունների շնորհիվ:

Իսկ ԲՀԿ-ի գործադիր լծակները շատ տպավորիչ են: Առողջապահության, սոցապի և քաղաքաշինության նախարարությունների գծով տնօրինվում է պետբյուջեի շուրջ 35 տոկոսը, էլ չենք խոսում նաև մարզպետների առկայության մասին… Ու բնականաբար, Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը`հրաժարվել այդպիսի ռեսուրսից, չի կարող ԲՀԿ-ում ընկալվել այլ կերպ, քան սուպերլկտիություն: Բայց նախորդ նախապայմաններն էլ շատ տհաճ էին: Օրինակ, շտաբի կազմում բարեգործության անվան տակ ընտրակաշառքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն ակնհայտորեն խփում էր հատկապես ԲՀԿ-ին, քանզի ՀՀԿ-ն, օրինակ, բարեգործական հիմնադրամների փոխարեն ավելի շուտ վարչական ռեսուրսն է նախընտրում, իսկ ԱԽՔ-ի կուսակիցները մուրաբաներից ու բջջային քարտերից այն կողմ ոչ մի նորություն մոգոնել չեն կարողանում:

ԲՀԿ-ի համար տհաճ էր նաև «Ժառանգության» այն պահանջը, որ միասնական շտաբի հռչակագիրը ստորագրեն չորս քաղաքական ուժերի առաջին դեմքերը: Պարզ է, որ եթե Արմեն Ռուստամյանն ինքն է ՀՅԴ-ում առաջին դեմքի կարգավիճակը տնօրինողը, իսկ Լևոն Զուրաբյանը պատրաստակամություն էր հայտնում բերել Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ապա Վարդան Օսկանյանը ոչ մի կերպ չի կարող բերել Ծառուկյանի ստորագրությունը: Չէ՞ որ ԲՀԿ առաջնորդին ձեռնտու չէ իրեն հստակ ներկայացնել որպես ընդդիմադիր` հարկային կա, ոստիկանություն կա իր չորկող Վովա Գասպարյանով, գումարած դրան Ծառուկյանը հրապարակավ հարկադրված է սահմանազատվել Օսկանյանի` «Կոալիցիան ձևական է» բանաձևից «Բա ես ձևական մա՞րդ եմ» պնդումով, վրադիր էլ, ըստ մամուլում առկա տեղեկությունների, կոալիցիոն հուշագրով նշած համամասնությունների պահպանման սկզբունքի շրջանակներում շատ տեղերում ԲՀԿ-ի շտաբերը գլխավորում են ՀՀԿ-ական պաշտոնյաները… Ճիշտ է, դեռևս չի հասել նրան, որ ԲՀԿ-ից ուղիղ տեքստով պահանջեն կամ Օսկանյանի գլուխը (դե մարդու թիկունքին Ռոբերտ Քոչարյան ու Ամերիկա կան), կամ իշխանական լծակների հանձնումը, բայց Րաֆֆու շուրթերով համապատասխան մեսիջը փոխանցվում է: Թեև «Ժառանգությունն» էլ է ամերիկյան պրոյեկտ, բայց դե ԱՄՆ-ն հեռու է, «ավազակապետությունը»` մոտիկ, համ էլ «նաղդ» երաշխավորված 5 տոկոսը ավելի նախընտրելի է, քան «նիսյա» խորհրդարանական կամ գունավոր հեղաշրջման և ՀՀԿ-ի մեկուսացման վառվռուն ու գայթակղիչ հեռանկարը, որը կամ կլինի, կամ ոչ…

Սակայն վերադառնանք ուրբաթ 13-ին: Այդ օրվա հետ կապված սնահավատությանն ի կատարում տեղեկատվական կայքերով, «Ֆեյսբուքով» և այլ սոցիալական ցանցերով բոլ-բոլ պտտվեց տեսանյութը, թե ինչպես նախընտրական հանդիպման ժամանակ Ծառուկյանի բաճկոնի տակից մի պահ երևաց ոսկեզօծ ատրճանակը: Եվ մարգարե պետք չէ լինել կանխատեսելու համար, որ դեռ շատ է ծամծմվելու «ատրճանակագեյթ»-ի սկանդալը` արդեն իսկ շատերը հիշեցնում են օրենքի այն կետը, որ արգելված է հրապարակային միջոցառումներին ներկա գտնվել զենքով:

Բայց ԲՀԿ-ի հետ կապված նաև ուրիշ մի պատմություն է լույս աշխարհ գալիս, այս անգամ` լրիվ համացանցային: Շուրջ երկու շաբաթ առաջ «Ֆեյսբուքում» սկանդալ պայթեց, որ ինտերնետային հարցմանը օգտագործվել են կեղծ օգտատերերի շուրջ 700 ֆեյսբուքյան էջեր, որոնք ապահովեցին ԲՀԿ-ի համար առավել քան 60 տոկոս քվեների ցուցանիշ, անգամ դրանց ցանկը հրապարակվեց… Ու «Ֆեյսբուքով» սկսեցին լուրեր շրջել, որ այդ «ինտերնետ-սխրագործության» հեղինակը ոչ այլ ոք է, քան ԲՀԿ քաղխորհրդի անդամ, 30-ամյա Հայկ Ակարմազյանն է: Նույնիսկ ոմն Արամ Սաթյան իր բլոգում ապրիլի 8-ին ուղղակիորեն դրանում մեղադրեց Ակարմազյանին…

Մոտավորապես նույն ժամանակում և՛ «Ֆեյսբուքում», և՛ «Օդնոկլասնիկում», և՛ այլ սոցիալական ցանցրում սկսվեց  ինչպես առանձին օգտատերերի էջերի, այնպես էլ իշխանամետ կամ իշխանության նկատմամբ ոչ բացասաբար տրամադրված խմբերի իսկական կոտորած: Սենսացիա էին «Ֆեյսբուքում» Նուշիկյանի էջի և «Օդնոկլասնիկում» 100 հազար մասնակից ունեցող «Հայոց ազգային իրավունքներ» խմբի ոչնչացումը, նաև սպառնալիքներ տարածվեցին, որ կոչնչացվեն բոլոր այն խոշոր խմբերը, որոնք կշարունակեն ճնշել ընդդիմադիր ելույթներ ունեցողներին: Ու այդ զանգվածային համակարգչահենության առնչությամբ կրկին քննարկման առարկա դարձան Հայկ Ակարմազյանին վերագրվող ԲՀԿ-ական 700 կեղծ օգտատերերի պրոֆիլները: Թե ինչու`նույնպես պարզ է. որևէ խումբ կամ էջ սովորաբար արգելափակվում է «Ֆեյսբուքի» կամ այլ սոցիալական ցանցի կենտրոնական ադմինիստրացիային հղած հազարավոր բողոքներով` կեղծ օգտատերերի ցանցի օգտագործումով: Ճիշտ է, բացահայտված 700 «ֆեյք» պրոֆիլներն այդ գործի համար քիչ են, պետք է շուրջ 10 անգամ ավելին, սակայն եթե 700-ը բացահայտվել են, ապա կարելի է պատկերացնել, թե դեռ ինչքան չբացահայտվածներ կան…

Ինչ վերաբերում է Հայկ Ակարմազյանին, ու «Ֆեյսբուքահայության» մի մասը հակված է մեղադրել համակարգչային զեղծարարության և կիբերհանցագործությունների կազմակերպման մեջ, ապա դա երիտասարդ կարիերիստի տիպիկ կերպար է: Սկզբում եղել է ՀՀԿ անդամ, հետո (2008-ին) դարձել է ԲՀԿ-ական ու արագ առաջադիմել է: Ճարտարագիտական համալսարանում եղել է ուսխորհրդի նախագահ, դարձել է ռեկտորի օգնական, այժմ էլ դասավանդում է: Միաժամանակ մի շարք հասարակական կազմակերպություններում ղեկավար դիրքեր ունի, մասնավորապես`Խաղաղության հայկական ֆոնդի պոխնախագահն է: Վերջերս էլ, ասում են, բավականին սերտ կապեր ունի Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ: Իսկ «Ֆեյսբուքում» համարվում է ամենապրոֆեսիոնալ դեմքերից մեկը, ու անշուշտ պիտանի է տեղեկատվական կռիվներ վարելու համար:

Ինչևէ, վիրտուալ տարածքում ոչ պակաս հետաքրքիր պայքար է, քան ռեալ կյանքում: Չէ՞ որ համարյա ամբողջ երիտասարդությունն այնտեղ է, և ամեն քվեն կարևոր է…

Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ

Տե՞ր ես գենոֆոնդիդ Ապրիլ 10, 2012 | 14:04 Լուսինե Վայաչյան

Երբ նայում եմ օրեցոր ամայացող իմ երկրին, երբ ինքս եմ աղջկաս ուղարկում դուրս սովորելու, հույսը մտքումս պահելով, որ կմնա, հետ չի գա, երբ քնելուց առաջ մտքումս հաշվարկներ անում` ո՞նց գնամ, ո՞ւր, որտե՞ղ բուժվեմ, որ ապահով լինի, էստեղ չեմ վստահում` բժիշկների կատարելագրործման համար գումարներ չեն ծախսվում, երբ հեպատոլոգն ինձնից քիչ գիտի իմ հիվանդության մասին, երբ տիրող անարդարություններն ու համատարած անտարբերությունը տեսնելով անուժ լինելուց կատաղությունից նեղացնում եմ մտերիմներիս, սկսում եմ ատել ինձ, ու ինձ ծնող երկիրը, որ միայն ծնել ու վատ մոր պես թողել է  անտեր ու ինքնահոսի, էն էլ գայլերի ոհմակում….

Ամեն մեկը Մաուգլի չի, իսկ մեր գայլերն էլ Մաուգլիի գայլերը չեն… Կարծեմ գայլեր էլ չեն, գայլերը թասիբ ունեն ու «դուխ»: Մեր գայլերը ախքերն են: Մեր գայլերը դհոլներն են: Մեր գայլերը աղվեսներն են: Մեր գայլերը առյուծներն են: Մեր գայլերը մկներն են: Մեր գայլերը միայն ոհմակով են գայլ, միայնակ դառնում են ճամբարափոխ արագ-արագ էսկողմ-էնկողմ վազող ռախիտ նապաստակներ ու խառնվում Մաշտոցի այգու խրախճանքին մաքսիմում` առավել ծորակները փակ են նրանց համար, ժողովուրդը չի հավատում:

Գիտությունը ամեն մեկի խելքի բանը չի: Գիտության կարեւորությունը ամեն մեկը ի զորու չի ըմբռնել` շոշափելի նյութական արժեքի բացակայության պատճառով, իսկ ազգիս գերակշիռ մասը նյութապաշտ ու մատերիալիստ սուտի հայքրիստոնյա է: Գիտությունը պետք է փրկել, որ վաղը կարողանանք ապրել: Մենք ունենք բնական պաշարներ, որոնք անվերջ չեն: Մենք այլեւս ոչինչ չենք ունենա, երբ էդ պաշարները սպառվեն: ՈՉԻՆՉ: Մենք ունենք միայն մեր գենոֆոնդը:

Ու էլի ասեմ. ամեն շնչին բաժին ընկնող մեր գիտական արտադրանքն աշխարհում առաջատարներից է, ու մեր ամեն մի գիտնականը, ընդհանուր առմամբ, մոտ 5 անգամ գերազանցում է վրացի և ադրբեջանցի գիտնականին: Այսօր աշխարհի հեղինակավոր գիտական պարբերականներում մեր երիտասարդ գիտնականների աշխատություններն են տալիս ազդեցության բարձր գործակից:

Իսկ մեր պետությունը չգիտես ինչու հայտնվել է Ռուսաստանյան հեղինակավոր բուհերում ուսանողների տեղերի հատկացման թվով աուտսայդերների մեջ, կարծում եմ` իր երկրի վարկանիշին համապատասխան`  ամբողջ ԱՊՀ երկրներից ամենաքիչ թվով հայասատանցի ուսանողներ է վերցնում:

Գիտելիքահեն տնտեսությունը կառավարության կողմից պետք է դիտարկվի ու թղթի վրա էլ դիտարկվում է որպես ռազմավարական ուղղություն, գիտության ֆինանսավորումը դառնում է պետական անվտանգության հարց, բայց իրականում գիտնականների էնտուզիազմի շնորհիվ է, որ մենք դեռ սեւերես չենք լինում միջազգային գիտական միջավայրում, իսկ էդ գիտական ներուժը շահարկվում է միայն ընտրություններից առաջ:

Մեր գիտնականի միջին տարիքն այսօր 67 է, բայց մարդը հավերժ չի, ու երբ խախտվում է սերնդափոխության ռիթմը, շատ բարդ է լինում վերականգնելը… Մենք կանգնած ենք գիտության դեմոգրաֆիական ճգնաժամի առջև, մեր երիտասարդները չեն ուզում գիտնական դառնալ, քանի որ գիտնականը շատ քիչ է վարձատրվում:

Ո՞վ է փոխարինելու մեզ, հայերիս աշխարհով մեկ ինտելեկտուալ ազգի անուն ու համբավ բերած գիտնականներին, ո՞վ կուզի դառնալ գիտնական այլևս: Ով էլ ուզում է դառնալ, էստեղ սկսում ու գնում է դուրս, դրա մասին են վկայում ողջ աշխարհով սփռված մեր երիտասարդ գիտաշխատողները, ու դրսում նրանց  պահանջարկի ավելացման տենդենցը:

Մասնավոր սեկտորի հագարժան բիզնեսմեններ, ներդրումներ արեք գիտության պահպանման ու զագացման համար, դա ավելի եկամտաբեր է, քան հանքերն ու «լիֆչիկները», Բիլլ Գեյթսը վկա, Դոն Ջոբսը վկա, Վեբերը վկա, Էյնշտեյնն էլ` դե էլ չասեմ…

Երբ  նայում եմ  ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակներին, ուզում եմ տեսնել այնտեղ երիտասարդ գիտնականների, կամ ուզում եմ տեսնել գոնե մի գիտնական թեկնածուի, որ ունի եռանդ, ունի պատկերացում, թե ի՞նչ է իրականում գիտությունը, ինչի՞ համար: Որ էդ դահլիճում նստածները, որոնք մտածում են, թե գիտությունը «զիզբիզի» բան է, «ինժեներ բալա», «գիոլոգ բալա», «աչկարիկ» ու այլ որակումներ տվողներ են հիմնականում, ունենաք գոնե մեկը կողքներին, որն իրենց «թայֆից» չի, այլ գիտնականների: Գիտնականներն ինչո՞ւ չեն առաջադրել իրենց թեկնածուին: Կամ գուցե՞ ժամանակն է նոր կուսակցություն ստեղծել ու հաջորդ ընտրւթյուններին գնալ «Գենոֆոնդիս տեր եմ» կարգախոսով, մտքում պահելով` տեր եղիր այսօր, որ վաղն ապրելու երկիր ունենաս, շնչելու օդ ու խմելու ջուր … Ինժեներ բալան է փրկելու մոլորակը, չիմացեալ արքայութեան ջատագովներ ջան:

Հարգարժան Պետություն, ձեզնից ի՞նչ է գնում, որ ստիպեք մասնավոր սեկտորին գիտության մեջ ներդրումներ անել: Վայ, կներեք, մոռացա, որ հեռագնա ներդրումներ անում են միայն հեռագնա ծրագրերի մեջ, մի պետություն, որն իր վրա 25 տարվա մաքսիմում «գրանտ» ունի, ինչի՞ պետք է մտածի հեռուն: Իրա գրանտակերությունը կանի, կուտի ընդերքը, կխմի հողի արյունն ու կվերանա աշխարհի երեսից… Մայա քաղաքակրթությունն էլ երեւի հայեր են եղել, որովհետեւ Մայան էլ է ընկել բնական ռեսուրսների անխնա օգտագործման հետեւանքով:

Երկրագնդի բնական ռեսուրսները կհատեն 2030 թ.-ին մոտ, մարդիկ այսօր արդեն պարտքով են ապրում երկրագնդին` գերածախս ենք տալիս, մենք 9 ամսում սպառում ենք էն, ինչ արտադրում ենք 12 ամսում: 2050 թվականին մոտ կփակվի մեր վերջին հանքը, ու մենք, հայերս մեր մեծ լուման կունենանք երկրագնդի ոչնչացման գործում:  Մենք կարող ենք փրկել մոլորակը խնայողաբար ծախսելով բնական պաշարները, չաղտոտելով շրջակա միջավայրը, վերականգնելով սպառվածը, որը կարող ենք անել միայն գիտության օգնությամբ, գթասրտության ու խնայողության, փոխօգնության ու համաձայնության մթնոլորտում: Մենք դեռ 10 տարի ունենք փրկելու… Հայաստանը չէ, գլոբալ նայեք` մոլորակը, իսկ մոլորակի օդն ու ջուրը բոլորիս համար նույնն է` իմ, գիտնականի ու օլիգարխի:

Նախընտրական «շուստրիության» ազգային առանձնահատկությունները Ապրիլ 08, 2012 | 18:19 Արսեն Վահանյան

ՕԵԿ-ի բախտը չի բերում: Մեկ նրանց ապաշնորհ ֆունկցիոներները որոշում են գյուղերից մեկում ընտրողների սիրտը շահել «քելեխի արաղով»` հարուցելով գյուղացիների վրդովմունքը, մեկ Հեղինե Բիշարյանը բերնից թռցնում է «ի դեմս Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ–ում կանայք շատ են», ու այդ լեզվի սայթակման վրա մի շաբաթ է, ամբողջ երկիրն է հռհռում… Հիմա էլ ապրիլի 7-ի տոն օրով հրավիրված նախընտրական հանրահավաքի ժամանակ ինչ-որ մեկը սխալ կոճակ սեղմեց, և ելույթ ունեցողի խոսափողն անջատվեց, փոխարենը միացավ ծափերի ձայնագրությունն, ու շատ անհարմար բան ստացվեց: ԱԽՔ պիտակը քիչ էր, հիմա էլ դառել են իսկական Ձախորդ Փանոս…

Գումարած դրան, «ընտրությունների վերահսկման հանրային շտաբ» ձևավորելու ժամանակ ՕԵԿ-ին «մոռացան» հրավիրել, ինչը հիմք տվեց Գալուստ Սահակյանին հեռանալ Քաղաքագետների միության տարածքից… Հենց այդ նախաձեռնության շուրջ էլ, որ տեղավորվում է «կոնսենսուս մինուս ՀՀԿ» տրամաբանության շրջանակում, ահագին երևույթներ ի հայտ եկան, որոնք հայկական «շուստրիության» վառ դրսևորումներ են:

Զորօրինակ, Խաչիկ Գալստյանը հայտարարում է, որ նախաձեռնությունը ԲՀԿ – ինը չի, Քաղաքագետների միությանն է, մինչդեռ Հմայակ Հովհաննիսյանը ԲՀԿ-ի ցուցակում 9-րդն է. դա մոտավորապես նույնն է, որ աղվեսն ասի` ես չեմ, պոչս է: Մյուս «շուստրիությունը» հիմնականում կապակցվում է Օսկանյանի հետ: Օսկանյանը «քլնգում» է կառավարությանը, հայտարարում, որ կոալիցիան ձևական է, որ ԲՀԿ-ն պատասխանատու չէ կոալիցիայի գործողությունների համար առհասարակ: Ու մի կողմից ԲՀԿ-ի գործիչները չեն մեկնաբանում Օսկանյանի և Հմայակի ասածները, ձգտելով դրա հաշվին ստեղծել ընդդիմություն լինելու պատրանք, մյուս կողմից «ձևական կոալիցիայի» ԲՀԿ-ական նախարարներն ու մարզպետները չեն շտապում վայր դնել «ձևական» լիազորությունները, ու լավ էլ աշխատացնում են իրենց ձեռքում եղած վարչական ռեսուրսը հօգուտ ԲՀԿ-ի: Դե, կոալիցիայի համար «անպատասխանատու» լինելու նորամուծությունն ընդհանրապես նման է պոռնոաստղ Ելենա Բերկովայի` վիրահատական ճանապարհով ձեռք բերած «յուղը վրեն» կուսությանը, զի ինչպես կարող է խմբակցություն, նախարարներ, մարզպետներ ու այլ պաշտոնյաներ ունեցող ուժը պատասխանատու չլինել կառավարության գործունեության համար:

Մյուս «շուստրիությունը» հետևյալն է. ընտրողները խանդավառվում են «բարի և ուժեղ» Գագիկ Ծառուկյանի բարեգործություններով, սակայն նրանց չեն տեղեկացնում, որ նրանք քվե են տալիս ոչ միայն Ծառուկյանին ու վերջինիս թիմին, այլև Ռոբերտ Քոչարյանի կողմից ԲՀԿ բերած ու արտոնյալ վիճակ ստացած Վարդան Օսկանյանին և Հմայակ Հովհաննիսյանին: Համ էլ այդ երկուսի արտոնյալ վիճակն է շատ տարօրինակ` եթե ԲՀԿ-ի գործիչները Ծառուկյանի հետ չհամաձայնեցված մեկ բառ հանկարծ թռցնեին, դրանից հետո ահագին ժամանակ կակազելով էին խոսում, իսկ այս երկուսն ասում և անում են ինչ կամենում են (կամ ինչ հրահանգ ստանում են, բայց ոչ Ծառուկյանից), և նրանց վրա չի տարածվում առավել քան կոշտ «առյուծային» ներկուսակցական կարգապահությունը: Եվ արդյունքում կարող է ստացվել, որ այս երկուսի (իսկ իրականում` ստվերում մնացած Ռոբերտ Քոչարյանի) արկածախնրությունների համար ամբողջ կուժն ու կուլան կարող է կոտրվել Ծառուկյանի գլխին: Համ էլ Օսկանյանի անձն այնպիսի դիսսոնանսի մեջ է մտնում ռուսասեր և Լուկաշենկոյին բարեկամ ԲՀԿ-ի կերպարի հետ, որ էլ դու սուս… Ախր Օսկանյանից արևմտամետ մեկ էլ Օսկանյանն է:

Ու դա էլ է «շուստրիության» պահ. Օսկանյանի դեմքով ստանալ օրը մեջ մեր ըտրությունների մեջ քիթը խոթող ամերիկացիների բարեհաճությունը, բայց միաժամանակ Ծառուկյանի դեմքով ունենալ ռուսների լավ վերաբերմունքը:

Մի ուրիշ պահ էլ. «Ընդդիմադիրոտ» «միասնական շտաբի» միայն ընդդիմադիր անդամ կուսակցությունները դիմել են պետական մարմիններին` հրապարակելու այն քաղաքացիների ցանկը, որոնք ընտրողների ցուցակում են, բայց մշտապես բացակայում են երկրից: Ստորագրողների մեջ ԲՀԿ-ն չկա: Հարց է ծագում, էլ ի՞նչ «միասնական շտաբ», եթե մեջների հզորագույն մասնակիցը մի կողմ է քաշվել այդպիսի հարցում: Ոստիկանությունն էլ այդ հարցում յուրահատուկ «շուստրի» դիրքորոշում ունի` ընտրողների ցուցակները բաց են, բարի եղեք ինքներդ ահազանգել, թե ո՞ր մի քաղաքացին մշտապես դրսում է, բայց հյուպատոսարան չի այցելել և հաշվառումից դուրս չի եկել: Դե, ռսի ասած, «и комар носа не подточит», չոր օրենքի տեսակետից ոստիկանները պարտավոր էլ չեն սեփական նախաձեռնությամբ մաքրել ցուցակները: Այ, ուրիշ հարց, եթե որևէ մեկին հաջողվի ապացուցել, որ բացակայողների փոխարեն քվեարկում են, բայց Ծառուկյանի խոսքով ասած` «այդ մասին հաջորդ դասին»:

Սակայն այդ «շուստրիության» պատմությունները կարող են հետաքրքիր շարունակություն ունենալ: Կարող է գալ պահը, երբ ԲՀԿ-ին պարզապես կզրկեն վարչաֆինանսական լծակներից օգտվելու հնարավորությունից: Օրինակ, հենց ընտրակաշառքների դեմ պայքարը կարող է հանգիստ կոտրվել ԲՀԿ-ի «բարեգործների» գլխին: Դե, իսկ ընդդիմադիր ընտրազանգվածի հաշվին հեռու չես գնա, համ էլ հեչ բացառված չի, որ վաղուց արդեն դուրսգրված համարվող կոմունիստներին օգնեն հավաքել ընդդիմադիր քվեներ և հաղթահարել 5 տոկոսի շեմը, իսկ ասենք ՀԱԿ-ը, կամ ավելի հավանական է`«Ժառանգությունը», մնա «բորդյուրին»:

Խոշոր հաշվով, ամեն ինչ էլ հնարավոր է այս նախընտրական արևի տակ: Միայն մի բան ակնհայտ է` պետության մեքենայի դեմ իրոք «խաղ չկա», լինի դա ավտորիտար երկրում, թե ժողովրդավարական: Համ էլ բոլորը, այդ թվում և հայրենի կառավարությունը, վաղուց դասեր են քաղել ինչպես «գունավոր հեղափոխություններից», այնպես էլ «արաբական գարուններից», ու խոշոր հաշվով նաև հեղափոխականորեն տրամադրված զանգված չկա: Չէ՞ որ հայերը «շուստրի» են, և ամեն ոք գերադասում է, որ իր հարևանը, այլ ոչ թե ինքը մասնակցի փողոցային «մարտերին»: Ու դրանից է գալիս, որ «շիրա տվողները» մի քանի անգամ ավելի շատ են, քան իրական հեղափոխականները:

Ինչևէ, այս հրաշք գարունքով կան շատ ավելի հետաքրքիր և հաճելի բաներ, քան մեր կյանքում մեծ հաշվով ոչինչ չփոխող ինչ-որ ընտրություններ: Առողջ եղեք, և վայելեք գարունը:

 

Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ

«Զուռնա-դհոլ»-ից «դամ պահող» Ապրիլ 07, 2012 | 5:41 Լուսինե Վայաչյան

ՕԵԿ-ը «զուռնա-դհոլ»-ից վերածվել  է «դամ պահող»-ի`ճղճղան, դատարկ, լաչառ, բայց ջահել կնկանից դառել է «Հայ քաղաքականություն» սերիալի վրա մզզացող էգոիստ տատիկ:

 

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» գիտնականների քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջի պահանջներից առաջինը ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճն էր՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%:

Գիտնականները որոշել են շահարկել ընտրությունները գիտության համար, ու ճիշտ էլ անում են: Բա ի՞նչ անեն: Եթե պետությունը, ի դեմս վերին ղեկավարության, կառավարության ու Ազգային Ժողովի չի կարողանում հասկանալ, կամ հասկանում է, եւ ավելի վատ էդ դեպքում, ու չի մտահոգվում իր գիտական պոտենցիալով, այնքան շահարկվող գենոֆոնդով, իսկ մեր շնորհաշատ երիտասարդներին երբեմն դեռ դպրոցը չավարտած աշխարհի տարբեր ծայրերից շարունակ հրավիրում են արժանապատիվ ապրելու ու իրենց առաքելությունն այս կյանքում իրականացնելու:

Գիտնականները հասան նրան, որ բոլոր կուսակցությունները սկսեցին քննարկել իրենց ծրագրերի մեջ գիտության ֆինանսավորման հարցը` տարբեր կերպ, տարբեր մոտեցումներով, տարբեր շահերով: Կուսակցությունների գիտության ֆինանսավորման ավելացման ծրագրերը հիմնականում նախատեսում են անմիջապես, կտրուկ, առաջին իսկ տարին ՀՆԱ 1 տոկոս գիտության ֆինանսավորման համար, ու աստիճանաբար` մինչեւ 2-3 տոկոս աճ, 10 տարվա ընթացքում: Բայց այդ 10 տարիների ընթացքում, կներեք` հին գիտնականները կապրեն իրենց երկրային կյանքն ու կգնան այն աշխարհ, նորերն էլ կգնան մեկ այլ, ավելի արդար աշխարհ` արժանապատիվ ապրելու ու գիտություն արարելու: Շատերը նախատեսում են գիտության ֆինանսավորման աճ մինչև ՀՆԱ-ի 2-3%ի չափով: Բացառությամբ երկու կուսակցության` ՀՀԿ ու ՕԵԿ:  ՀՀԿ-ն իշխող կուսակցության իր դիրքից արժեւորել է բազմիցս նախաձեռնության պահանջները, թեեւ բոլոր տրամաբանական ու անտրամաբանական մեթոդներով  փորձում է ապացուցել գիտնականների առաջարկների  իրագործման անհնարինությունը, բայց դա արդեն այլ քննարկման թեմա է, թե ինչո՞ւ, բայց դե գոնե մարդատեղ դրել են` արձագանքել ա քննարկել են գոնե: Իսկ ՕԵԿ-ի մասին առավել հանգամանալից:

Մեր երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը` (ԱԽՔ)-ը մտահոգ չի պետության պահպանման, զարգացման ու բարգավաճման ռազմավարական կարեւորագույն դեր ունեցող գիտության ապագայով: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հեղինե Բիշարյանը այս տարիների ընթացքում ոչինչ չի արել որպես հանձնաժողովի անդամ գիտության հիմնահարցերի լուծման համար: ՕԵԿ առաջին երկու դեմքերը երկրի համար կարեւոր ստրատեգիական խնդիրը անտեսել են, չնայած պարտավոր են` դա իրենց խնդիրն է կանոնադրորեն:

«ՀՀԿ-ն գոնե մեզ հետ կապի մեջ է, իսկ ՕԵԿ թքած ունի գիտության պրոբլեմների վրա, նա չի պատասխանում, նա չի խոսում միայն մեծ-մեծ խոսում են: Առաջին անգամ ուղարկել են մի երեխայի` Հովհաննես Վահանյանին, մամլո ասուլիս-խորհրդակցության,  որտեղ պարզվեց, որ բոլոր կուսակցությունները ներառել են, մեր համապատասխան առաջարկները, որը ուրիշների ելույթներից տեղում «կողմնորոշվելով» առաջարկ է արել, ասելով, թե` գիտնականների եւ գիտաշխատողների աշխատավարձերը պետք է հասցնել պետական ծառայողի մակարդակին։ Նաեւ բերել է  ՕԵԿ-ի  իբրեւ առաջարկը. գիտնականներին առանց կանխավճարի բնակարան գնելու հնարավորություն տալ, ո՞նց տալ, ո՞վ պետք է տա, ո՞ր բանկի հաշվին, ու թե` իրենց կուսակցությունը հանդես է գալիս կարիերայի կենտրոն ստեղծելու և գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկով, ինչը, իր կարծիքով, կբարձրացնի գիտական գործունեության գրավչությունը: Հետո էլ ասել է, թե` ՕԵԿ-ը խորհրդատվությունների կարիք չունի, ՕԵԿ-ը շատ լավ հասկանում է գիտության ֆինանսավորման բարձրացման անհրաժեշտությունը, ու իր նախընտրական ծրագրում սահմանել է ՀՆԱ 1 տոկոսի չափով ցենզ, նույնիսկ տեղյակ չլինելով, որ  1 տոկոսը դա նախնական տոկոսադրույքն է ու մյուս կուսակցությունների ծրագրերում այն բարձրացվել է մինչև ՀՆԱ 2-3 տոկոս: Էն, որ նախարարները, նախագահը, վարչապետը, ու մնացածը հանդիպում են մեզ հետ` իրանց վեջը չի: Ի՞նչ ենք մենք ուզում ՕԵԿ-ից: Քանի որ ՀՀԿ-ն չի համաձայնվում մեր տեսակետների հետ, մենք կամենում ենք կոալիցիան ջլատել: Բոլորն ասում են, որ մեծամասնություն չունեն, նախկին ու ներկա կոալիցիոն ընկերներն ամեն ինչ գցում են ՀՀԿ-ի վրա, ու մանավանդ` Ազգային ժողովում ձայների մեծամասնությամբ որոշումների ընդունման անհնարինությունը: Մենք ուզում ենք էդ պատրանքը վերանա: Հա, նրանք միայն խոսում են ինտելեկտից ու բանի տեղ չեն դնում գիտությունը, սա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար չի,  սա ազգային խայտառակության քարտուղար է», – ասում են գիտնականները:

«Օրինաց Երկիր» անվանելով կուսակցությունը, խաբելով ու իրենցով անելով խեղճ ժողովրդին քիչ է իրենց «դհոլի» ֆունկցիան են կատարել գերազանց, դեռ հիմա էլ իրենց, էսպես ասած «շլանգի տեղ են դրել, մեզ էլ էշի»` իրենց թվում է, թե իրենք շլանգ են` չեն կարում խոսան, իսկ մենք էլ էշ ենք, չենք հասկանում, թե ինչի՞ չեն կարում խոսան: Ո՞նց կարող է նման պատասխանատու դիրք գրավողը դեմագոգի նման անտեսել գիտության հիմնահարցերը: Չեմ ուզում անձնավորել, չեմ ուզում փիս-փիս բաներ ասել: Ուղղակի հիշում եմ: Հիշում եմ, երբ ես` դեռ անտարբեր քաղաքացիս, ապրելով Կապանում ականատեսն էի լինում Օրինաց Երկիր կուսակցության ծննդյանն ու զարգացմանը, թե ո՜նց էին մարդիկ հավատում, ո՜նց էի ես` միամիտս ուզում գնալ միանալ նրանց, որովհետեւ հավատում էի` ջահել եռանդուն, իմ սերնդի մարդիկ են, կարող ա՞ անկեղծ են, կարո՞ղ ա իսկական են… Էհ…

ՕԵԿ-ը «զուռնա-դհոլ»-ից վերածվել  է «դամ պահող»-ի`ճղճղան, դատարկ, լաչառ, բայց ջահել կնկանից դառել է «Հայ քաղաքականություն» սերիալի վրա մզզացող էգոիստ մառազմատիկ տատիկ…

Վայելենք հայոց աբսուրդի թատրոնը Մարտ 31, 2012 | 22:12 Արսեն Վահանյան

Մի քանի օրից կսկսվի պաշտոնական քարոզարշավը: Բոլորը գիտեն, թե ինչ վերջաբան դա կունենա, բայց… ձևեր են թափում: Բոլորը գիտեն, որ ՀՀԿ-ն անխուսափելիորեն վերցնելու է 50 տոկոս և ավելին: Բոլորը գիտեն, որ ԲՀԿ-ի «ընդդիմադիր» վազքը մինչև հարկայինաոստիկանական մարագն է: Բոլորը գիտեն, որ ԱԽՔ-ի կուսակցությունը իրականում 5 տոկոսը չի անցնելու, պակասը դրանց շպրտելու են ողորմության պես և պայման են դնելու` այլևս ոչինչ չուզելու…

Բոլորը գիտեն, որ ՀԱԿ-ը ոչ մի «ավազակապետության կազմաքանդում» չի անելու, ու ԱԺ հասած սակավաթիվ երջանիկները իրար հերթ չեն տալու` բացատրելով, որ իրենց ներկայությունը խորհրդարանում անխուսափելիորեն ապահովելու է իրենց հաղթանակը նախագահական ընտրություններում… Բոլորը գիտեն, որ «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» և «քաղաքացիական հասարակության» անխախտ դաշինքի 5 տոկոսի համար խնդրվելու են ամերիկացիք` ճիշտ այնպես, ինչպես 2007-ին… Բոլորը գիտեն, որ դաշնակներին թողնելու են գալ խորհրդարան, որպեսզի Սփյուռքը չնեղանա…

Բոլորն ամեն ինչ գիտեն, բայց բոլորը միասին ու առանձին – առանձին աբսուրդի թատրոն են խաղում:

Վարդան Օսկանյանը դեմքի խելոք արտահայտությամբ ասում է, թե ԲՀԿ-ի` կոալիցիայում գտնվելը ձևական է և միշտ էլ ձևական էր, նրա կուսակիցներն էլ ձայնակցում են, որ մինչև վերջ պայքարելու են ընտրակեղծիքի դեմ: Պայքարողներիս նայեք` դո՞ւք չէիք, որ 2007-ին մասնակցում էիք քվեներ դզել-փչելու բոլոր գործընթացներին, դո՞ւք չէիք «տուկի թել» բաժանում, դո՞ւք չեք, որ արդեն եհովականների պես զահլահան արիք, գնալով բնակարանից բնակարան, ձեռի հետ էլ նյութական բարիք խոստանալով: Թե՞ ձեր բաժանած ընտրակաշառքը հալալ ա, իսկ ասենք, ախքիկների բաժանած դդմի ջեմը կամ հանրապետական թեկնածուների տվածը` հարամ… Ձևակա՞ն էիք կոալիցիայի մեջ. Այսինքն, ձեր նախարարներն ու մարզպետները ձև՞ են անում, որ կառավարում են, պարոն Քուշկյանի գերատեսչության հիվանդանոցներում ձև՞ են անում, որ բուժում են, վիրտուալ դեղե՞ր են տալիս, վիրաբույժների դրած կարերը վիրտուա՞լ, ձևակա՞ն են…

Չնայած վիրտուալի պակաս էլ չկա: ՀԱԿ-ի հանրահավաքին մի խումբ երիտասարդներ հպարտորեն կրում էին «Ֆեյսբուքի» դրոշը: Երևի թե որոշել են, որ եթե 2008-ին իրենց չօգնեց Ազատության հրապարակում ծածավող «Մոգեն-Դավիդ»-ը, իսկ հետո` Եվրամիության դրոշի աստղաբույլը, այս անգամ գոնե «Ֆեյսբուքի» մեկ միլիարդ օգտատերերի փոշի՞ն մի թեթև կնստի վրեքները … Բայց վիրտուալ տարածքում էլ գործերը փայլուն չեն: ՀԱԿ-ի հանրահավաքը ինտերնետային ուղիղ հեռարձակումով դիտում էին 1400-1500 հոգի, իսկ Մաշտոցի այգում կրպակների չհաջողված «քաղաքացիական ապամոնտաժումը»` 4500 – 5000 հոգի: Այսինքն` կրպակների հարցը երեք անգամ ավելի հետաքրքիր է, քան իշխանափոխությունը:

Չնայած «ապամոնտաժողներն» էլ իսան չեն: Այնպիսի հանդիսավորությամբ խոստացան (իսկ նրանց մի մասը հանրահայտ մարդիկ են), որ այս պահին կամ կրպակները պիտի ապամոնտաժված լինեին, կամ իրենք` ձերբակալված: Բայց չկա ոչ մեկը, ոչ մյուսը, ամեն ինչ արվեց հայավարի և քաղաքապետարանի ու ոստիկանության, և այդ քաղաքացիական գլուխգովանների կողմից… Ինչքան ենք սիրում թատերական ներկայացում սարքել ամեն ինչից:

Բայց մի կողմ թողնենք նախընտրական թատրոնները: Ավելի ֆունդամենտալ հարցեր կան, որոնց մի մասը գոյացել է մեր հայրենակիցների` ամեն ինչ աբսուրդի թատրոնի վերածելու հակումից:

Այսօր հայը հանդուժում է, որ հայ եկեղեցում աղանդավորը քաշքշի հայ քահանային:

Այսօր հայը հային է ատում ու ոչնչացնում:

Այսօր հայուհին երազում է ամուսնանալ բարեկեցիկ օտարերկրացու հետ, նունիսկ` մուսուլմանի:

Այսօր հայուհին վախենում է երեխա ծնել: Այսօր որբանոցները բերնեբերան լցված են լքված երեխաներով, իսկ ծերանոցները` լքված ծնողներով:

Հայ տղամարդը հանդուրժում է, որ հայ կինը թուրքիաներում ու դուբայներում մարմնավաճառությամբ զբաղվի: Հայուհիները հոժար կամքով մեկնում են մուսուլմանական երկրներ` մարմին վաճառելու:

Հայ գիտնականները մազապուրծի պես փախչում են արտերկիր:

Հայերը վստահում են ում ասես, բայց ոչ իրար:

Հայերը չգիտեն սեփական պատմությունը:

Հայերը ծույլ են, փնթի և «քցող»:

Հայերը արցունքն աչքին լսում են ամենակեղտոտ մուղամախառը ռաբիզը:

Հայերը հանդուրժելի են համարում «որտեղ հայ, այնտեղ վայ» և «երկիրը երկիր չի» պիղծ բանաձևերը:

Հայերը ցեխի հետ են խառնում սեփական հաղթական բանակի անունը:

Հայերը տարբեր պղծագրությունները համարում են հայ գրականություն, իսկ պղծագիրներին` հայ գրող:

Հայերը այլևս գիրք չեն կարդում, իսկ խոսակցական լեզուն հարմարեցնում են պետքարանահոտ սերիալների գարշելի բառապաշարին:

Հայերը հանդուրժում են ամեն մի սրբապղծություն և պղծողներին շանսատակ չեն անում:

Դեռ երկար կարելի է թվարկել, և հարց է ծագում` արդյո՞ք մեռած ենք որպես ազգ: Ու դեռ դժգոհում ենք մեր իշխանության չինովնիկների, կուսակցությունների ընտրացուցակի որակից, փաստում ենք, որ և իշխանությունն է զիբիլ, և ընդդիմությունը: Բա մե՞նք ինչ ենք, մենք սրանցից էլ վատն ենք: Այ երբ գոնե մի քիչ կինքնամաքրվենք, գոնե մի քիչ ինքներս մեզ կհարգենք, այն ժամանակ կունենանք և կարգին իշխանական ու ընդդիմադիր կուսակցություններ, և չկեղծված ընտրություններ, և բարեկեցիկ կյանք, և բոշայի պես օտար ափերում հարամ հաց չենք որոնի…

Իսկ մինչ այդ վայելենք ամենայն հայոց աբսուրդի թատրոնը:

Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ

Քաղաքական պուպսիկների ու ընտրացուցակների մասին Մարտ 24, 2012 | 23:08 Արսեն Վահանյան

Վերջապես կարծես հստակություն եղավ կուսակցությունների համամասնական ցուցակների հարցում: Մուտիլովկաները պրծան, զի ամեն ինչ վերջնական է, ներման -բեկման ենթակա չէ… Միայն մեծամասնական ընտրատարածքներում է, որ հնարավոր է  որոշակի սակարկություն` ով մնա, ով հանի թեկնածությունը:

Իսկ հետաքրքիր պահեր եղան. Օրինակ՝ Ճոյտը փորձեց հասնել նրան, որ գեներալ Սեյրանին չգրանցեն, բայց չստացվեց: Իսկ 7-րդ ընտրատարածքում  հետաքրքիր եռյակ է կազմվել:Նիկոլը, Րաֆֆին  և Լֆիկը, բայց այդ ամենը` հեչ, կարևորը Սամվել Ալեքսանյանը տանուլ տվեց իր գրազը, որ ուրիշ մարդ չի առաջադրվի իր տարածքում: Մյուս հետաքրքիր պահը Գագիկ Ջհանգիրյանի` մեծամասնականով չառաջադրվելն է` միգուցե վախեցավ, որ իրոք ցուցադրաբար իր գլխին կկոտրեն այն բոլոր ընտրակեղծարարական հնարքները, որ նա 1995-ին որպես «նաու-հաու» մտցրեց ՀՀ քաղաքական կյանք ու ապականեց ընտրության ինստիտուտը:

Սակայն վերադառնանք համամասնականին: Հիմա եկել է «ընտրացուցակային աբիժնիկների» պահը: Այդպիսինները կան գործնականում բոլոր կուսակցություններում, պարզապես ոմանք արտահայտվում են, ոմանք` ոչ: ԱԽՔ-ին մինչև ուղնուծուծը հավատարիմ Սուսաննա Աբրահամյանն, օրինակ, ցուցադրաբար լքեց և ՕԵԿ-ի խոսնակի պաշտոնը, և ՕԵԿ-ը, իսկ այ, Արարատ Զուրաբյանը «Ժառանգությունից» և «Ազատ դեմոկրատներից իր նեղացածությունն արտահայտեց ընդամենը մի կողմ քաշվելով: Այդ երկու կուսակցությունների պարագայում կռվախձորի դերում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Թևան Պողոսյանն էր, բայց մեծ կռիվ – ղալմաղալից հետո ցուցակը մնաց անփոփոխ… Դե, ԱՄՆ դեսպանատուն կա, բան կա… Իսկ ՀԱԿ-ի պարագայում նեղացածների ձայնը շատ բարձր կհչի պաշտոնական քարոզչության շրջանում, երբ ՀԱԿ-ի դուռը շրխկացնելով փակելը ավելի արդյունավետ կլինի:

ԲՀԿ-ում «քցվածների» պարագան մի քիչ ուրիշ է` այնտեղ ցուցակ չմտան լրատվական դաշտի հետ առնչվող Պետրոս Ղազարյանը, Անդրանիկ Թևանյանը և Երվանդ Բոզոյանը, գումարած պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Վերջինս առայժմ զուսպ է, իսկ ինչ վերաբերում է առաջին երեքին, ապա Պետրոս Ղազարյանը սկզբում հայտարարեց, որ հեռուստաընկերությունն ավելի կարգին տեղ է համարում, քան ԱԺ-ն, իսկ հետո «Ֆեյսբուքում» կատակով կազմեց «աբիժնիկների» ցուցակը, ուր մտցրեց նաև սեփական անունը: Իսկ Թևանյանն ու Բոզոյանը, մինչ այդ լրատվական նյութերում ԲՀԿ-ն կրծքով պաշտպանելուց սահուն անցում են կատարում դեպի ԲՀԿ-ի քննադատությունը… Ինչևէ, լրատվական ոլորտին առնչվող մարդկանց հետ նախընտրական շրջանում կատակ անելն այնքան էլ անշառ բան չէ:

Ամենից հանդարտ վիճակը թերևս ՀՀԿ-ում է, ուր ոչ ոք ցուցակի հարցով դեմարշներ չի անում, զի բոլոր դեպքերում, անգամ ցածր տեղ գրավելու դեպքում միևնույն է, դա նշանակում է շարունակել մնալ իշխող կուսակցության նոմենկլատուրայում, կամ ինչպես կբնորոշեր քաղաքագետ Հրանտ Միքաելյանը` «գահնամակում»: Իսկ այդտեղ լինելը միշտ էլ պոտենցիալ հնարավորություն է առաջադիմելու գործադիր ոլորտում, ՀՀԿ-ն հո ընդդիմադիր կուսակցություն չի, ուր ոչ անցողիկ տեղը նշանակում է քաղաքականապես մնալ «բորդյուրին», ոչ էլ նույնիսկ կոալիցիոն «կրտսեր գործընկեր» ԲՀԿ-ն է, ուր ցածր տեղը առանձնապես պոտենցիալ շանսեր չի խոստանում, ու առավել ևս ԱԽՔ-ի կուսակցությունը չի, որին զզվելով ականջներից քաշելու են – հասցնեն 5 տոկոսի…

ՀՅԴ-ի դեպքում, անշուշտ, գործում է «յեղափոխական» կարգապահ գաղտնապահությունը, բայց դա չի նշանակում, որ ներսում կրքերը չեն եռում: Զորօրինակ, այնպիսի փորձառու քաղաքական գործիչներն, ինչպիսիք են Հրայր Կարապետյանը, Դավիթ Լոքյանը, Արթուր Աղաբեկյանը չեն կարող ներսից չեռալ այն հանգամանքից ելնելով, որ իրենք դուրս մնացին, իսկ «նեկրոլոգ գրող» Արտյուշա Շահբազյանը հայտնվեց երրորդ հորիզոնականում: Ճիշտ է, պաշտոնաես առաջ քաշվեց թեզ, որ այդպիսի դեմքերը լինելու են «պատվավոր վստահված անձ», բայց մարդիկ հո կարող են թերանալ վստահված անձի իրենց պարտականություններում ու դրանով ցույց տալ բարձր տեղերի տեր կուսակիցներին, թե որտեղ են ձմեռում ընտրապայքարից լրիվ դուրս մնացած ՌԱԿ-երը…

Հա, հետաքրքիր դրվագներ կան և ցուցակներից դուրս: Այսպես, վերջերս ուր ուղևորվեց ՀՀ նախագահը, նրա «պոչից» անմիջապես ոչ պաշտոնական այցերով ուղևորվեց Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար որոշելով, որ աշխարհի քարտեզի վրա բացի Մոսկվայից ու Սինգապուրից ուրիշ տեղեր չկան… միգուցե երկրորդ նախագահը ինչ – ինչ քայլեր է անում, իսկ միգուցե փորձում է ինչ-որ բանի շուրջ սակարկել: Չէ՞ որ այն էմիսարները, որոնց միջոցով նա լարվածություն է ստեղծում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև` Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանը, բավականին խոցելի անցյալ ունեն…

Իսկ ընդդիմադիր, ավելի ստույգ` քաղաքացիական հատվածում, բավականին հետաքրքիր կրքեր բորբոքվեցին: Այսպես, անխոնջ բնապահպան Մարիամ Սուխուդյանը «Ֆեյսբուքում» զետեղեց նկար, ուր կողք – կողքի են Մաշտոցի այգու բուտիկները և մի տրասվեստիտի կերպար, մակագրելով դա` «Ո՛չ բուտիկներին և պուպսիկներին»: Ու սկսվեց վեճ, կռիվ-ղալմաղալ, թե արդյո՞ք իսկական բնապահպանն իրավունք ունի անհանդուրժող լինել միասեռականների նկատմամբ:

Լավ, ասենք մեր «բնապահպանները» որոշեցին Երևանի այգիները մաքրել «բուդկեքից» ու հակահիգիենիկ կերպարներից, սակայն կա՞ մեկը, որ երկրի քաղաքական դաշտը կմաքրի բառիս բուն և փոխաբերական իմաստով «պուպսիկներից»: Թե՞ ազգովի փող հավաքենք ու այդ նպատակի համար «գրանտ» հատկացնենք:

Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ

Ես ֆեմինիստ եմ Մարտ 20, 2012 | 18:15 Լուսինե Վայաչյան

Մարտի 8,Ապրիլի 7, կանանց օր, մամաների, տատիկների ու աղջիկների օրեր, ու մեջը մի կլոր ամիս՝ 30 օր, որի ընթացքում ազգովի պետք է կանանց վեհաբանել, հիշել նրանց մասին, հիշել ամենակարեւորը, որ կինը մայր է, քույր է, դուստր ու սիրելի կին, փորձել հասկանալ նրանց հիմնախնդիրները ամեն մեկն իր համար ու նաեւ՝ հասարակական ու իրավական կտրվածքով, ծաղիկներ ու այլ նվերներ անել նրանց, եւ այլն, եւ այլն, եւ այլն  Ողջունելի միամսյակ է, բան չեմ ասում, բայց մեր մենթալ հետամնացության ֆոնին զավեշտալի է: Հենց միամսյակն անցնում է, կանանց մասին մոռանում են եւս մի տարի…  Շնորհավորում եմ անցած միամսյակն բոլոր այն կանանց, ովքեր դա ընդունում են: Ինձ համար Մարտի 8-ը դա տատիկս է ամբողջ էդ օրը գազօջախի առջեւ կանգնած, որպեսզի երեկոյան տղամարդիկ գան ու շնորհավորեն, ու նշեն Մարտի 8: Իսկ երեկոյան՝ հոգնած, հազիվ-հազ բացած, էդ տոնը ստեղծողին հայոհոյող հայացք

Ինձ համար Մարտի 8-ը կանանց իրավունքների համար պայքարի օրն է, չնայած շնորհավորանքներ այնուամենայնիվ ընդունում եմ: Էս կյանքում փորձեցի ամեն ինչ, ինչ կանացի է՝ թույլ, հեզ, խոնարհ, քնքուշ, ներող, հոլանի, համբերատար եղա՝ կյանքը տվեց գլխիս, դարձա պայքարող…

Ես ֆեմինիստ եմ:

Աստված ստեղծեց Ադամին, իսկ որպեսզի նա չտխրի ու չձանձրանա, ինչպես նաեւ մարդկային ցեղը շարունակելու համար նրա կողից ստեղծեց Եվային, խտրականություն մտցնելով սեռերի միջեւ՝ դրանով իսկ դնելով ֆեմինիստական շարժման սկիզբը…

Իրական ֆեմինիզմը ոչ թե ծայրահեղության նկատմամբ ծայրահեղացված արձագանքն է, այլ կնոջ ու կանացիության իրական գնահատականը, որի դեպքում կնոջ համար անհեթեթ կդառնա ռադիկալ ֆեմինիզմը, իսկ տղամարդու համար՝ սեփական անասնական մղումը կնոջ առարկայացմանն ու նրա ընկալմանը՝ որպես աստծո բիզնես-պրոյեկտի, որի նպատակն է միայնակ աստծու պատկերով ստեղծած միայնակ տղամարդու բավարարումը:

«Ֆեմինիզմը  ձգտումն է` տղամարդկանց հետ կանանց հավասարությանը կյանքի բոլոր ոլորտներում, իսկ նեղ իմաստով՝ սոցիալ-փիլիսոփայական շարժում, որի նպատակն է կանանց շահագործմանը վերջ դնել և նրանց համար տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ապահովել։ Սակայն ֆեմինիզմի կողմնակիցները պայքարում են ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության համար, այլ նաև տղամարդկանց և ցանկացած մարդու իրավուքների և ազատությունների ապահովման և իրականացման գաղափարների համար։ Ներկայումս ֆեմինիզմը հանդես է գալիս որպես սոցիալ-մշակութային զարգացման այլընտրանքային փիլիսոփայական կոնցեպցիա»,- ասում է հայկական Wikipedia-ն:

Ֆեմինիզմը զուտ դեմոկրատական երևույթ է և կարող է խրախուսվել  ու գոյատեւել միայն ազատ դեմոկրատական կամ դրա ուղու վրա կանգնած հասարակության կողմից: Այլ հասարակություններում ֆեմինիզմի դրսևորումը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Պատահական չի,  որ շարժումն իր բուռն վերելքն ապրեց 60-ականներին ու մասնավորապես աշխարհի ամենադեմոկրատական երկրում ` ԱՄՆ-ում:

Հասկանալի է, որ ֆեմինիզմը հասարակական, քաղաքական ու քաղաքացիական կյանքում կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության գաղափարի վրա հիմնված աշխարհայացք է:

Բայց հաճախ ֆեմինիստ ասելով հասկանում են ծայրահեղ մոտեցում ունեցող կանանց, ովքեր, օրինակ, կարող են խիստ վիրավորվել, երբ տղամարդն իրենց տեղ զիջի տրանսպորտում կամ, դուռը բացի նրանց համար։ Սա ռադիկալ ֆեմինիզմ է:

Ֆեմինիզմի երևույթն իրականում ավելի բազմաշերտ է ու բազմանշանակ: Ֆեմինիզմը կարող է սկսվել տղամարդ-կին հոգեբանական, բարոյական, ֆիզիկական հարաբերություններից և ավարտվել գլոբալիզացիայով: Պատրիարխալ քաղաքակրթությունը ձևավորել է ֆեմինիզմի սեփական ընկալումը. այն է` ֆեմինիզմը կանացի սկզբի ապստամբությունն է տղամարդկային սկզբի դեմ:

Մինչդեռ իրական ֆեմինիզմը չի կարող լինել միայն ռեակցիա կանացի սկզբի հանդեպ կատարված ու կատարվող ակցիայի նկատմամբ: Իրական ֆեմինիզմը և՛ տղամարդկային, և՛  կանացի սկզբերի կողմից կանացիության, կնոջ վեհ ընկալումն է որպես կենդանի կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը, որպես արարչության ամենակարևոր գործոնը:

Իրականում ֆեմինիստ կարող է լինել և՛ տղամարդը, և՛ կինը. այս դեպքում խնդիրը ոչ թե սեռային տարբերությունն է, այլ աշխարհի ու կյանքի ոչ մարմնեղեն ու նյութեղեն ընկալումը,  նրա  ճիշտ ընկալելու ու արժևորման  ունակությունը: Կանացի սկզբի արհամարհանքի վրա հիմնված քաղաքակրթություններն ի վերջո հանգում են այդ սկզբի աստվածացմանը, սակայն միայն այն ժամանակ, երբ քայքայված են լինում և´ տղամարդկային, և´ կանացի սկզբերն ու իրական կյանքն իր ամբողջականության մեջ վեր է ածված ունայնության: Իրական ֆեմինիզմը մարդկային կյանքի կենսագործության անխուսափելի պայմանն է, կեղծ ֆեմինիզմը` միայն մարդկային քաղաքակրթության անկման մեկ բաղադրիչը:

Ինտերնետում փնտրեցի՝ «Ֆեմինիստական շարժումը Հայաստանում» ու ստացա ծով արդյունքներ՝ « Հայաստանում ֆեմինիստական շարժում գոյություն չունի: Ուղղակի որոշ կին գործիչներ ընտրություններից առաջ ակտիվանում են` ֆավորիտ այս կամ այն կուսակցության ցուցակում անցողիկ տեղ «գրավելու» հույսով: Հույսերն արդարանան կամ չարդարանան` երկու դեպքում էլ նրանք մոռանալու են կանանց իրավունքների մասին: Այս «հիվանդությունը» բնորոշ է նաեւ հասարակական այլ խմբերի, ասենք` կարիերիստ ջահելներին, որոնց կոմսոմոլային ակտիվությունն իր գագաթնակետին հասնում է հատկապես ընտրություններից առաջ», – neonews.am: Մեկ էլ Ղազանչյանի ասած անհեթեթությունը, թե, իբր՝ «Ծխող կանաց թվի աճին նպաստում է ակտիվորեն զարգացող ֆեմինիստական շարժումը, կանայք ազատության են ձգտում», – Նովոստի-Արմենիա:

Ըստ իս, այսօր կանայք ավելի շատ ծխում են իրենց կենցաղային ղարդերը փարատելու համար, կամ գուցե, ինչպես ինձ համար մի ժամանակ, նրանց համար էլ, այո´ սիգարեթի ծուխը ասոցացվում է ազատության հետ, քանի որ միայն դա ունեն բոլոր ազատություններից:

Հասարակության նեգատիվ վերաբերմունքը ֆեմինիստական շարժմանը կոնկրետ Հայաստանում պատճառաբանվում է պատրիարխալ ամուր դիրքելը զիջել չցանկանալու հետ, ֆեմինիստներին են վերագրում պոռնկության, ծխելու, աբորտների, վաղ ամուսնությունների կամ սեռական կյանքի, նույնիսկ սեռավարակների վիճակագրական աճը: Գուցե՞ սկսեն շուտով կանանց մեղադրել արտագաղթի աճի ու հեղափոխական շարժման ակտիվացման հետ: Վերջինս ցանկալի է, քանի որ էս երկրում տղամարդիկ չկարողացան մի կարգին բան անել էս 20 տարվա մեջ, գուցե կանայք կկարողանան:

Ես գտնում եմ որ կանանց հիմնախնդիրներն էնքան շատ են մեր երկրում, որ անհրաժեշտ է քաղաքական կառույց, շարժում, միավորում, որը կմտնի պառլամենտ ու կզբաղվի կանանց շահերով, ինչ տիրակալներ էլ որ լինեն: Ուզում եմ որ խորհրդարանական ընտրությունների ներկայանանք: Պատկերացնում ե՞ք որքան էլեկտորատ կունենա մի կին, ում մեր կանայք կընդունեն ու կսիրեն, ում կվստահեն ու կհավատան, ու ոչ միայն կանանց հիմնահարցերով:

Մի նկար տեսա, ուր լիբիայի ապստամբներն էին միտինգում, լիբիացի ըմբոստ կանայք հրապարակն էին լցվել, ու իսլամով իրենց պարտադրված լաչակները հագներին գոռում-գոչում էին ու պահանջում արժանապատիվ ապրելու իրավունք, ես հասկացա, որ ցանկացած հեղափոխոթյուն անհնար է առանց կանանց, ու գուցե մի օր էլ, երբ մեր հրապարակներում  վառ ու պայծառ գույներով հագուստներով կանայք կգերակայեն ավանդական սեւահագուստ մռայլ տղամարդկանց՝ մենք էլ կանենք հեղափոխություն:

Երբ նայում եմ մեր միտինգների ֆոտոները,  մատովոր 80/20 վիզուալ հարաբերակցություն եմ ֆիքսում տղամարդկանց ու կանանց մասնակցության: Մտածեցի, որ  եթե էդ տղամարդիկ իրենց կանանց հետ եկած լինեին միտինգի, երկու անգամ ավել մարդ կլիներ, իսկ եթե դուստրերին էլ բերած լինեին, հաշվի առնելով որ կանայք թվաքանակով գերակշռում են տղամարդկանց, ապա ամենաքիչը մեկ երորդով կավելանային միտինգավորները: Իմ հաշվարկով կանանց հավասար մասնակցությունը ԳԱՂԱՓԱՐԱՊԵՍ ընդդիմադիր իրենց ընտանիքի տղամարդկանց հետ միտինգներին, հաշվի առնելով, որ պատրիարխալ ընտանեկան կարգն է գերակշռում, կապահովեր մինիմում 170-180 հազար մարդ:

Մտածել է պետք: Թող էդ տղամարդիկ, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, ովքեր բռնապետության դեմ պայքարի են ելել, իրենց ընտանիքներում հեղափոխություն անեն ու նախ եւ առաջ ազատագրեն կնոջը, եւ ապա պահանջեն իրենց ազատագրել այդ նույն բռնապետությունից: Ես կոչ եմ անում իմ երկրի բոլոր ընդդիմադիր ամուսիններ ունեցող կանանց: Դուք չե՞ք հոգնել պասիվ դերից, դուք չե՞ք ուզում, որ ձեր ամուսինների միտինգի օրերը վերջանան, նրանք էլ հո մահանա են բռնում ու ամբողջ օրով կորում հետո էլ խմած տուն գալիս չէ՞ երբեմն ☺☺☺

Թեկուզ եթե էդպես էլ չի, դիցուք դուք համախոհ չեք ձեր տղամարդու հետ, ու նա գնում է իր միտինգին իր դիրքորոշումը պաշտպանելու, դուք ո՞ւր եք գնում, ո՞վ է ձեր շահերի պաշտպանը, ո՞ւմ եք վստահում: Կանայք, ովքեր չեն կողմնորոշվում, քանի որ մարդկային համապատասխան տեսակ են փնտրում, առաջարկված ծրագրերի մեջ իրենց խնդիրներն են փնտրում, ու ոչ մի տեղ չեն գտնում՝ անտեսված են, կամ ձեւական շոշոփված: Բայց եթե կինը հասարակական ակտիվ չի ընտանիքում, մեկ է, էդ կանանց էլ  չես խաբի, նրանք հասկանում են, որ սա տղամարդկանց կռիվն է, իրենցը չի, դրա համար էլ պասիվ են:

Կոչ եմ անում բոլոր կանանց միավորվել մի գաղափարի շուրջ.  այն քաղաքական ուժը, ով կընդունի մեր առաջադրած բարելավումները, մեր ծրագիրը, նրան էլ կտանք մեր քվեն էլ, մեր մարդաքանակն էլ: Պահանջները կձեւակերպենք միասին:

Որքան էլ պայքարեն պատրիարխալ հասարակարգի ջատագովները, որքան էլ փակեն տներում իրենց կանանց ու աղջիկներին, որքան էլ արգելեն նրանց ամեն ինչ(արգելված պտուղը քաղցր է), միեւնույնն է, մոտենում է Հայաստանում պատրիարախալ գերակայության վերջը այնպես, ինչպես մոտենում է ավազակապետության վերջը: Ու թող ոչ ոք չասի, թե չենք զգուշացրել:

Միամսյակը պրծնի էլ, միեւնույնն է` թող զգաստանան, կանա՛յք են գալիս:

Ֆեմինիզմ = Իրավահավասարություն = Ազատագրում

Եկեղեցին ու գիտությունը Հայաստանում Մարտ 19, 2012 | 19:31 Լուսինե Վայաչյան

Երկար ժամանակ չէր գրվում: Երկար ժամանակ է, մտածում եմ. ինչի՞ գրեմ, ո՞ւմ համար, որ ի՞նչ դառնա, բա հետո՞, ի՞նչ կարող է փոխել իմ գրածը կամ ասածը մի երկրում, ուր առաջնայնությունները խախտված են, ուր գաղափարի փոխարեն ընտրացուցակներ ենք քննարկում, իսկ եկեղեցին անտարբեր ու պասիվ դիրք  է ընդունել հասարակության համար կարեւոր հարցերի շուրջ …

Գիտական հետազություններ ու գերակա ուղղություններ, որոնք անհրաժեշտ են Հայաստանին ապրելու համար, ու էլ ավելի լավ կապրեցնեն Հայաստանը` ըստ Գիտության Զարգացման Հիմանդրամի.

Աստղա‎‎ֆիզիկա, ռադիոֆիզիկա, բարձրջերմաստիճանային գերհաղորդականություն, նանոտեխնոլոգիաներ և կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկա, լազերային ֆիզիկա, ին‎ֆորմացիոն տեխնոլոգիաներ և ին‎ֆորմատիկա, էներգետիկա, ուղեղի նեյրոէնդոկրին իմունային համակարգի կենսաքիմիա, շրջակա միջավայրի վրա բացասաբար ազդող գործոնների գնահատում ու կանխում,Սևանա լճի բնական ռեսուրսների պահպանում, պղնձի և ոսկու կորզման նպատակով բակտերիական տարալվացման պրոցեսների բնութագրում և փորձարկում, հիդրոպոնիկական աճեցման կենսատեխնոլոգիաների մշակում, Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում եւ այլն:

Եթե երկիրը սնանկ է, նա չի կարող բուժել իր հիվանդներին, իսկ գիտության զարգացման համար ներդրված գումարները հազարապատիկ կվերադառնան հասարակություն:

Հայ Առաքելական Եկեղեցին պետականության բացակայության ու սովետիզմի պայմաններում կատարել է ազգապահպան դեր,  հնում փոխարինել է պետական կրթական համակարգի ինստիտուտին, կրթել է ազգն ու պահել մշակույթը:  Հայ Առաքելական Եկեղեցու կոչումը  նաեւ քաղաքակրթական գործունեությունն է, մասնավորապես՝ գիտությունը:  Քրիստոնեական ուսմունքն ու գիտությունը ձեռք -ձեռքի համընթաց քայլող դաշնակիցներ են եղել դարեր ի վեր, եւ փոխադարձաբար լրացրել են միմյանց: Դա հատկապես վառ կերպով դրսեւորվել է երրորդ-չորրորդ դարերից սկսած՝ շնորհիվ եկեղեցական նշանավոր գիտնական հայրերի, ովքեր, յուրացնելով իրենց ժամանակաշրջանի բնագիտությունն ու փիլիսոփայական մեթոդները, դրանք օգտագործեցին աստվածապաշտությունն ու քրիստոնեական աշխարհայացքը առավել հարստացնելու եւ մատչելի դարձնելու համար: Իրոք որ, եկեղեցին եղել է գիտության ռահվիրան:  Հայոց եկեղեցին մշտապես հոգացել և հովանավորել է գիտություն ու մշակույթը: Միանգամայն օրինաչափ է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա, Գարեգին Ա և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսները ընտրվել են ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսներ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր գիտական ներուժով առաջնակարգ տեղ էր զբաղեցնում հայագիտության զարգացման բնագավառում: Հարյուրամյակների ընթացքում Մայր Աթոռում հավաքվել էր տպագիր եւ ձեռագիր գրքերի եզակի մի  հավաքածու, որը Հայաստանի խորհրդայնացման տարիներին ազգայնացվեց: Եկեղեցին ամբողջովին զրկվեց նաեւ գիտական կենտրոններ ունենալու հնարավորությունից: Սակայն կարեւորելով գիտության դերը ժողովրդի կյանքում հայոց իմաստուն հայրապետներն  ամեն կերպ աշխատեցին իրենց օժանդակությունը բերել Հայաստանում գիտակրթական գործի զարգացմանը:

Ի՞նչ ունենք այսօր, ի՞նչ է անում եկեղեցին, որպեսզի մենք ունենանք գիտություն, որ չմեռնի մեր ներուժը, որ երիտասարդ գիտնականները չգնան դուրս ու չմնան, այլ մնան երկրում ու գիտություն արարեն, քանի որ հիմարին էլ պարզ է, որ` ընդերքն անսպառ չի, աշխարհագրական դիրքը առեւտրի համար հեչ հարմար չի, տուրիզմը «հայի հագով» չի, որովհետեւ չափի զգացում չունենք… Գործարաններ չկան, արժեքավոր ոչինչ չենք արտադրում բացի նեղ շուկայում սպառվող  ամենօրյա կենցաղային կարիքներ ապահովող ապրանքներից, դրանց մեծ մասն էլ կաթի փոշուց կամ կոնցենտրատից ենք ստանում, կամ ներկրածի պիտակները փոխում:

Ո՞նց ենք ապրելու, ինչո՞վ 20 տարի հետո: Եկեղեցական այրերը մտածո՞ւմ են այդ մասին: Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ չեն ահազանգում գիտության տխուր վիճակի մասին, ի՞նչ է արել վերջին տարիներին Սուրբ Աթոռ Էջմիածինը, Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի գիտություն լինի Հայաստանում:

Տեսնենք.

2000 թ. հունիսի 26-ին  հիմվեց «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական Կենտրոնը, որը կոչված էր նպաստելու Հայաստանում աստվածաբանական ու մեկնողական բնագրերի ուսումնասիրությանն ու հրատարակությանը, կաթողիկոսական դիվանատան գործունեության հետազոտությանն ու վավերագրերի բազայի ստեղծմանը, հայ միջնադարյանկանոնական գրականության հետազոտության  զարգացմանը: Կենտրոնը պետք է նպաստեր նաեւ եկեղեցագիտության եւ հասարակական գիտությունների ասպարեզում Մայր Աթոռի ուսումնական հաստատություններում կրթություն ստացած երիտասարդների առաջընթացին:

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր գահակալության առաջին իսկ տարում խոստացել էր հովանավորել Հայաստանում եւ Մայր Աթոռում հայագիտական հետազոտությունները, խրախուսել հասարակագիտության բնագավառում արժեքներ ստեղծած գիտնականներին, այդ նպատակով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատանը   ստեղծվեց «Գարեգին Ա» հայագիտական-աստվածաբանական կենտրոնն ու եւ գիտական գրադարանը, որտեղ զուտ գրադարանային աշխատանքից, պետք է ունենար նաեւ գիտական ուղղվածություն:

Կենտրոնի այս կառույցն իհարկե, որոշ չափով իր նպաստն է բերում Մայր Աթոռում գիտական հետազոտությունների եւ գիտաժողովների կազմակերպմանը: Մասնավորապես, քայլեր է ձեռնարկում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ գրքերի փոխանակություն սկսելու համար: Համագործակցության կապեր է մշակում Մաշտոցի անվան Մատենադարանի, ԵՀ-ի պատմության եւ աստվածաբանության ֆակուլտետների եւ ՀՀ ազգային գրադարանի հետ:

«Գարեգին Ա» կենտրոնը փորձում է իր աշխատանքները համաձայնեցնել  նաեւ ՀՀ ԳԱԱ հումանիտար ինստիտուտների եւ գրադարանի հետ:

Բայց միայն հասարակագիտության ու հայագիտության բնագավառները չեն, որ եղել են մեր եկեղեցու հովանավորչության ներքո, բնական  ու ճշգրիտ գիտությունները, բժշկագիտությունը, թարգմանչաց գործը ոչ պակաս են կարեւորվել Հայ Եկեղեցու կողմից:

Եւ ցավալի է, որ երկրի առաջին դեմքերը, որոնք ասում են, որ երկրի զարգացման գրավականը գիտությունն է, հաճախում են այդ նույն եկեղեցիները, մոմ են վառում, ու ոչ մի եկեղեցական չի խոսում այդ մասին, չի ասում նրանց հոգեւոր հոր դիրքից` «Ամոթ է, որդյակս, մի՛ ամայացրու երկիրդ, մի՛ ստիր»…

Ոչ մի եկեղեցական չի արտահայտել ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու, այլ նույնիսկ իր սեփական դիրքորոշումը գիտության ներկայիս հոգեւարքի մասին:

Այդ եկեղեցում կնքվում են միայնության մեջ ընտրված նախագահներ` եկեղեցական խաչը կախած, «հոգեւոր այրերը» բենթլիներով մեծամտորեն ու հպարտ պտտվում են քաղաքով, բոլորը ձեւեր են թափում իրար դիմաց, մեր առաջ ջանք էլ չեն գործադրում որեւէ արդարացում, կամ պարզաբանում տալու:

Ասում ենք` երկիրը ռեսուրս չունի, ընդերքը թալանում են, մեզ թունավորում հանրային գերակա շահը շահարկելով: Ասում են` «Աստված պահապան»: Էլի որ Աստված պահապան, այ իմ հարգարժան հոգեւոր այրեր, որ չգիտեմ ինչպես հաջողվել է ձեզ մասնակիցը դարձնել այսօրվա գորշ ու անդեմ «հայքրիստոնյա»  ու «ցեղասպանություն» շահարկող սեւազգեստ միջակներ բուծելուն, դուք, դուք ինչի՞ համար եք, ո՞վ պետք է վատ թագավորին տեղը դնի, եթե ոչ տեր հայրը, ո՞վ պետք է լավուվատ հասկացնի իր իսկ ապրելակերպով, ոչ թե հակասի իր իսկ պատարագներին:

Հայ Առաքելական Եկեղեցին արժեզրկվել է իր սպասավորների երեսից: Ես կնքվել եմ այդ եկեղեցում, հասուն ու գիտակից տարիքում: Ես ուզում եմ իմ եկեղեցին լինի ժողովրդի կողմից ու խոսա նրա շահերից: Իսկ նրա շահը հաստատ գիտություն զարգացնելն է, ոչ թե հանքեր փորելը:

Եկեղեցին ոչ մի այլ ֆունկցիա չի կատարում այսօր, այն մասն է իշխանական ճնշող մեխանիզմի, եկեղեցին այսօր ինձ համար դադարել է լինել Աստծո տաճար, որովհետեւ այնտեղ ստում են ու անտարբեր են: Եկեղեցին ճնշում է մարդու ազատությունները, այնինչ գիտությունը ազատագրում է: Եկեղեցին անտարբեր է իր թեմի հանդեպ, նրան մեկ է` քաղցկեղն առաջացող էկո-աղտոտվածությունից, որի հարցերը նույնպես գիտությամբ են լուծվում, բուժումն էլ գիտությամբ է, ու հիմա ամենը միայն գիտությամբ է:

Ապաշխարեք, ապաշխարանքի թեմայի առաջնայնությունն էլ պետք է գիտականորեն հիմնավորել երբեմն…

Top լուրեր
Հարցում
  • Ո՞ր համայնքի ղեկավարն է լավ կատարում իր պարտականությունները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...