22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05
Ալիսը պառկել էր դեմքով դեպի պատը, նա այդպես էր սիրում: Մեջքից նրան գրկած երիտասարդը խորը քնած էր: Երիտասարդը նոր մարդ էր Ալիսի կյանքում, բայց նրանք շատ լավ հասկանում էին իրար` թե սեքսում, թե կյանքին վերաբերվող հիմնարար հարցերում: Ունեին միևնույն արժեքային համակարգը և նույն ՙքոլից՚ էին, ասպես ասած: Հա՞, իսկ ինչո՞ւ երիտասարդ, նա անուն ուներ` Նարեկ: Դե, նոր ծնվող հարաբերություններ, հասկանում եք` դեռ նոր-նոր իրար ճանաչում էին, ուսումնասիրում, ու Ալիսի ուղեղում նա դեռևս ՙերիտասարդ՚ էր, նոր էր նրան սովորում, նրա մարմնին, նրա խառնվածքին, «բզիկներին»:
Ալիսը ոչ մի կերպ չէր կարողանում քնել, հիվանդ էր, գրիպի բարդություն էր տվել, Ալիսը հազում էր` մանավանդ գիշերները, ու ինչ-որ ստաֆիլոկոկ ուներ, ինչ-որ թանկ ու երկար բուժվող ստաֆիլոկոկ: Պառկած անիծում էր Նոր Տարին, քանի որ ի վիճակի չէր ուրախանալ` վատ էր զգում իրեն, փողերն էլ գնացել, գնում են, ու հավանաբար էլի կգնան ստաֆիլոկոկին քշելու վրա:
Խաղալով բազմոցի գոբելենի հետ, մտածում էր` երևի թե Աստված իրեն շատ է սիրում, որ հիանալի մարդկանց է հանդիպում վերջերս, կամ էլ այդտեղ աշխատում է կարմայի օրենքը, քանի որ Ալիսը միջատներին չէր սպանում, դե, նրանց որոնք չեն վնասում մարդուն, նա բռնում էր մի բանով ու դուրս էր գցում:
Նարեկն օրինակ: Կամ այն հրաշալի մարդը` Մենուան, որ Ալիսի մասին մեծ եղբոր նման հոգ էր տանում, հենց նրա մասին կպատմեմ: Հա, մոռացա ասեմ. Ալիսը գիրք էր գրել, որի լույս տեսնելուց հետո ոչ միայն չարդարացան նրա ծնողների ահասարսուռ կանխագուշակումներն այն մասին, որ նա այդ գրքով միայն խաղք ու խայտառակ կլինի աշխարհով, այլև նրան նախկինում սիրող մարդիկ կսկսեն արհամարհել որպես մարդու թույլ ու ընկած տեսակ, այլև` Ալիսի կյանքը կտրուկ փոխվեց: Նրան չճանաչողները գրքով ճանաչեցին, հարգեցին ու սիրեցին յուր անկեղծության ու համարձակության համար և անվանել դա նոր գրականություն: Ալիսի մասին սկսեց խոսալ քաղաքը, նրան սկսեցին զանգել, գրել, տարբեր միաջավայրերում անծանոթ մարդիկ սկսեցին մոտենալ նրան ու ներկայանալ:
Ծնողների վախերը գուցեև արդարացված էին, որովհետև Ալիսի գրած գիրքը, որ կոչվում էր «Շշին հագած», կարող էր վանել մարդկանց, չէ՞ որ գրքի հումքն ու հիմքը սեփական կյանքն էր…
Աստծո կամոք եղավ հակառակը…
Եվ մարդիկ, հայտնվեցին նրա կողքին միայն այն պատճառով, որ Ալիսը չէր վախեցել սեփական կյանքի պատմությունը պատմելիս պատմել սեփական ոչ միայն վերելքների, այլև անկումների մասին ավելի շատ` ալկոհոլիզմի և դրա հետևանքով ՙչոլերն ընկնելու՚ վիճակին, երբ նա թափառում էր փողոցներով խմած ու տարատեսակ արկածներ գլխին
բերում` սիրելի սրճարանի մատույցներում ընկերների առջև փսխելուց մինչև սիրած մեկի տունը հարբած վիճակում չգտնելուց հետո վիրավորանքից տաքսիստի հետ սաունա գնալուն: Ճիշտ է, տաքսիստը ՙխոլում՚ միայնակ ուտում էր իր քյաբաբը, մինչ Ալիսը սաունայում իր բախտն էլ լացում ու հարբուխ քշում, իսկ հետո` երբ նա հագած-կապած դուրս եկավ, մի բաժակ կոնյակ գցեց ու ասաց` ՙԳնացինք՚, տաքսիստը շիվարել էր` սեքսի ախորժակով էր եկել: Դե. Ալիսը ինչեր ասես որ չէր անում նախկին կյանքում:
Բայց իմ այս պատմությունը գրքի մասին չի, ոչ էլ նրա բովանդակության, գիրքը կարող էր և չլինել, կամ կարող էր լինել երգ, կամ նկար` բայց անկեղծ: Ներեցեք շեղվելու ու «մանրանալու» համար:
Ուրեմն, օրերից մի օր, երբ Ալիսը հերթական անգամ «չոլերն էր ընկել» մեկշաբաթյա հանրախումի` «զապոյի» շրջանակներում, ու մոլոր պտտվում էր քաղաքում` չիմանալով ուր գնալ, որովհետև տանը չափահաս աղջիկ ուներ, որն ատում էր մորն այդ վիճակում, ու ճիշտ էր անում` ատելի էր: Ալիսը զանգ է ստանում:
- Բարև Ձեզ, Ալիս, Մենուան է անհանգստացնում, հիշո՞ւմ եք կարծիք էի գրել Ձեր բլոգում գրքի որոշ հատվածների մասին, Դուք ասացիք, որ ես չեմ կարող կարծիք հայտնել մի բանի մասին, որին ամբողջապես ծանոթ չեմ, ու թողել էիք Ձեր հեռախոսահամարը, խոստանալով նվիրել գիրքը: Ինչպե՞ս կարող ենք հանդիպել, ե՞րբ է Ձեզ հարմար:
- Հենց հիմա:
- Դե, մնացեք այդտեղ, որտեղ կաք, ես սև 24-ով գալիս եմ:
Մենուան տեսնելով աստիճաններով օրորվելով իջնող աղջկան` վախեցավ, ու մտածեց. ՙԳուցե չարժի՞ նրա հետ գործ ունենալ՚: Բայց Ալիսը մոտեցավ ու հարբած հայացքի ու ուռած դեմքի միջով շատ անկեղծ ու փափուկ ժպտաց, ասելով.
- Բարև Ձեզ, ես Ալիսն եմ: Չե՞մ համապատասխանում Ձեր պատկերացրած Ալիսին:
- Դուք ավելին եք, նստեք: Սովա՞ծ եք:
Ելնելով նրա հարբածության աստիճանից Մենուան մտածեց, որ նա երևի խմում է, ու չի ուտում:
- Առանձնապես ոչ, բայց մի բաժակ կոնյակ ինչո- թեթև բանով կուզեի:
- Գնացինք ուրեմն:
Ճանապարհին Մենուան գլուխը թեքում էր ու մերթ ընդ մերթ նայում սիգարեթը ձեռքին, գլուխը հազիվ ուսերին պահող Ալիսին ու հարցնում ո՞ւր գնալ:
- Ես իմ սիրելի սրճարանից բացի ոչ մի տեղ չեմ գնում, բայց հիմա նա փակ է` ձմեռ է: Գնացինք, ճանապարհին մի բան կտեսնենք` կկանչի, կմտնենք:
Մենուան մտածեց, որ այս աղջիկը հաստատ այն գրքի աղջիկն է, որովհետև չկարողանալով ուսերին պահել գլուխը պահումէ իր բանականությունը, ու թեև խոսքն անհոդաբաշխ է` հոդաբաշխ մտածում է:
- Հա, լավ, իմացա, մի պանդոկ կա, գնում ենք հաճախ ընկերներիս հետ, կգնանք, այնտեղ լավ են պատրաստում:
- Ինձ համար մեկ է տեղը, կողքիս մարդն է կարևոր, իսկ կողքիս մարդուց լավ մարդու հոտ է գալիս, ես հոտերով եմ մարդկանց հավանում:
Մենուան նայեց Ալիսին ու ժպտաց` աչքերը փայլում էին, նորից մտածեց, որ չի սխալվել զանգելով:
Մտան պանդոկ, տեղավորվեցին, վերցրեցին կոնյակ ու ուտելիք: Նստեցին բավականին երկար: Մենուան խոսում էր, իր հիացմուքն էր արտահայտում բլոգում կարդացածի վերաբերյալ, ավելի ճիշտ` մի մասի, երկրորդը քննարկում էին: Ալիսը մակագրեց, տվեց գիրքը. նա իրեն ակնհայտորեն անհարմար էր զգում այդ համակրելի ու հավանաբար բարձր հասարակական դիրք ունեցող մարդու գովեստներից, բայց և միաժամանակ հաճելի էր նրա ուշադրությունը:
Կանյակը խմվեց, ուտելիքը սպառվեց միակողմանի` Ալիսը քջուջ էր արել միայն: Վեր կացան, դուրս եկան արդեն ՙդու՚-ի անցած: Մենուան Ալիսին ճճանաչում էր բլոգով, Ալիսը Մենուային` հոտով, գեղեցիկ խոսքով ու հաճելի ձայնով: Ալիսը բավականին հարբած էր, բայց հիշում էր, որ տուն գնալ չի կարող:
- Ո՞ր տանեմ քեզ, Ալիս:
- Ուր ուզում ես, ես տուն չեմ կարող գնալ:
Այ քեզ բան:
- Վայ մամա ջան, բա ո՞ւր: Տանե՞մ ընկերուհիներիցդ մեկի տուն:
- Չէ, նրանք ինձ բարոյականություն են կարդում իմ խմելու համար: Ես ինքս շատ լավ եմ հասկանում, որ լավ չեմ անում, ուղղակի մարիմինս չի թողնում, քանի օր է խմում եմ ու «ապախմելիցա»-ով եմ ապրում` «զապոյ» եմ: Ես ինքս կարող եմ նրանցից լավ պատմել իրենց ալկոհոլի վնասների մասին, ես ուզում եմ անոնիմ ալկոհոլիկների ակումբ բացել, կամ` ՀԿ: Չէ, տարբերակ չի, ինձ հիմա ոչ ոք ընկեր չի լինի, արի գնանք ինչ-որ մոթել, ես ուղղակի կքնեմ, եթե կուզես մնաս` մնա, չես ուզի` կգնաս: Բայց լավ կանես մնաս, չեմ սիրում մենակ մնալ, վախենում եմ սիրտս վատանա ու մեռնեմ` մեն-մենակ:
Մենուան գլուխն առել էր ձեռքերի մեջ ու մտածում էր` «Արա, էս ո՞ւր եմ ընկել..», ախր նա բոլորովին էլ մոթելում միասին գիշերելու նպատակով չի զանգել Ալիսին: ՙԴե լավ, ի՞նչ արած, օգնություն է պետք մարդուն, ի՞նչ անեմ, հո՞ չեմ տանի թողնեմ մոթելում, որ մի հատ էլ նեղացնեն, խմած է, չի քնի, ներս ու դուրս կանի: Իսկ հայ տղամարդկանց էլ ի՞նչ է պետք` մի խմած կին, որ տանեն ինչ ուզում են անեն»,- մտածեց նա ու ասաց.
- Բայց ես էդպիսի տեղեր չգիտեմ, Ալիս, դու ասա:
- Ես էլ չգիտեմ, ես ալկած եմ, բոշա եմ, երբեմն կարող է խելագարություններ անեմ ու քիչ ծանոթ մեկի կողքին արթնանամ, բայց ոչ մոթելում, չեմ եղել երբեք, ես պոռնիկ չեմ:
- Չէ, չէ, Աստված մի արասցե Ալիս, բոլորվին դա նկատի չունեի, ուղղակի ես քաղաքում ընդհանրապես մենակ ոչ մի տեղ չեմ գնում: Տնակյաց եմ ավելի, ընտանիքս էլ Փարիզում է: Լավ, գնանք տեսնենք ինչ ենք գտնում:
Գտան մի մոթել, ավելի շուտ սեփական տուն էր` մոթելի վեր ածած: Գարեջուր առան ու գնացին:
- Լավ էլ տաք ու հարմարավետ տեղ է, – նկատեց Ալիսը:
- Չե՞ս ուզում քնել, Ալիս:
- Չէ, ուզում եմ խմենք ու շփվենք: Ես շփվելու համար սիրեցի խմելը: Ուզում եմ քեզ ճանաչել: Մի տեսակ տարօրինակ զգացում ունեմ քո հանդեպ` ասես հազար տարի ճանաչելիս լինեմ, ասես հարազատ լինես:
Մենուան ժպտաց ու ձեռքը բռնեց Ալիսի: Ու երկար այդպես նստեցին:
- Դե լավ, քնել է պետք, ես վաղն աշխատանքի եմ, – ասաց Մենուան:
- Գնանք:
Ալիսը մտավ ննջարան, ուր բավականին մեծ` երկտեղանոց մահճակալ էր դրված, բայց Մենուան որոշեց պառկել բազմոցին: Պառկել ու ակնհայտորեն մրսում էր` ծածկոց չկար, մեկն էր ու Ալիսի վրա:
- Մենուա, տեղափոխվիր այստեղ, մեծ, լայն տեղեր են, հանգիստ կտեղավորվենք երկուսով:
Ալիսը հանվել պառկել էր, Մենուան եկավ ու շորերով պառկեց կողքը:
- Հանիր շորերդ, հո բոմժ չե՞ս, շորերով քնես` չես հանգստանա: Համ էլ` ուզում եմ քեզ գրկեմ քնեմ: Ինձ կյանքում ոչ ոք այդքան հաճելի բաներ չի ասել, նույնիսկ տղամարդիկ, որոնք ինձ սիրել են: Պառկի, ու թույլ տուր քեզ գրկեմ:
Մենուան, անհարմար զգալով Ալիսի անկեղծ համարձակությունից քմծիծաղ տվեց, հանեց մի քանի վերևի շոր ու մեջքից գրկեց նրան:
- Դու տաք ու հաճելի ձեռքեր ունես, Մենուա:
- Դու էլ ես տաք, հաճելի ու փափուկ:
Լռեցին, պատրաստվելով քնելու:
Բայց բնությունն իրենն է անում, այսինքն` լիբիդոն, ու Ալիսը զգում էր Մենուայի բանականությունից անկախ գոյատևող լիբիդոն:
- Այ, հիմա այսպես ողջ գիշեր պիտի տանջվենք, – ասաց Մենուան:
- Կուզենք` կտանջվենք, կուզենք` չենք տանջվի:
- Ես չեմ կարող կնոջս դավաճանել Ալիս, ես միայն նրան եմ իմացել, միայն նրա հետ եմ եղել կյանքում: Եթե քո գիրքը չլիներ, ես ոչ մեկին չէի զանգի, ու ոչ մի տեղ չէի գնա:
- Դե, քնենք ուրեմն, գրկիր ինձ` քնենք:
Ու նրանք քնեցին` տանջվելով: Իհարկե, սիրային նովելի ժանրը, որի մեջ հավանաբար մտնում է այս պատմությունը, կգերադասեր տեսնել այդ ուժեղ տղամարդու թուլությունը… Բայց: Թող տուժի սիրավեպը, որովհետև սեքսը չի կարևորը, այլ գրկած քնելը: Չնայած կարծում եմ` ինչ էլ լիներ, միևնույն է, այն ինչ եղավ հետո` կլիներ նույն կերպ:
Նույնիսկ Նարեկի հետ: Նույնիսկ հետո: Նույնիսկ հիմա: Որովհետև կարևորը` կյանքում Ալիսին լավ մարդիկ են հանդիպում, իսկ լավ մարդկանց` Ալիսը: Ու ոչինչ չի ծնվում ոչնչից ու անհետանում ոչ մի տեղ: Ամեն ինչ փոխկապակցված է, ու եթե Ալիսը գիրք չգրեր, հարբեցող չլիներ, Մենուային չէր հանդիպի, նա էլ չէր ջնջի Ալիսի կյանքից բոլոր, այո, բոլոր որձ տղամարդկանց մասին հիշողությունները: Ալիսին բուժեցին ընկերները, այդ թվում` Մենուան, ու Ալիսը չէր բուժվի, ու չէր գրի այս սիրային նովելը, որն իրականում սիրային էլ չի:
Իրականում` սա նոր գրքի սկիզբի է նման …
էմոներն ատում են իրենք իրենց, գոթերը` ողջ աշխարհը, սատանիստները` Աստծուն
Երիտասարդական սուբկուլտուրաները ըմբոստության ձև են, դրանք կոչ են ընդդեմ հասարակության մեջ ընդունված սոցիալական ու բարոյական նորմերին: Դրանք ոչ ֆորմալ հասարակության մասն են: Ավելի վաղ խոսում էին սուբկլուտուրաների` հիպպիների ու պանկերի, մետալիստների մասին: Հիմա` էմոներ, գոթեր ու սատանիստներ, ու ինչպիսի՞ն են նրանք Հայսատանում:
Սկզբում`մի քիչ «Վիքիպեդական» չոր ակադեմիական ծանոթություն:
Էմոն( emo: լատ. emotional — էմոցիոնալ) երիտասարդական սուբկուլտուրա է, որը կազմավորվել է նույն անունը կրող երաժշտական ոճի երկրպագուների մեջ, նրանց անվանում են էմո-քիդ(երեխա, դեռահաս), էմո-բոյ(տղա) և էմո-գըրլ(աղջիկ):
Էմոցիաների, զգացմունքների վառ արտահայտումը էմոների գլխավոր օրենքն է: Էմոները տարբերվում են ինքաարտահայտմամբ, դեմ են անարդարությանը, ունեն յուրահատուկ աշխարհընկալում: Նրանք շատ խոցելի են ու շուտ ընկճախտի մեջ են ընկնում:
Էմո-քորը` էմոների երաժշտությունը, ծագել ու զարգացել է որպես պանկ-ռոքի ուղղություն, և չնայած դրան, այդ երկու սուբկուլտուրաները շատ տարբեր են: Դասական պանկերից նրանց տարբերում է ռոմանտիզմն ու վեհ սիրո հիվանդագին շեշտադրումը: Էմոների ուշադրությունը հաճախ ուղղված է դեպի անձնական հուզական դաշտը, նրանց չեն հետաքրքրում հասարակական իրադարձությունները:
Էմոները հագնում են սև ու վարդագույն հագուստ, կրում են զանազան նշաններ իրենց վրա, թիթեռնիկներ մազերին և ամենուր: Արվեստը` հիմնականում էմո-անիմացիան է:
Էմոներն ու գոթերը որպես սուբկուլտուրաներ հաճախ են համեմատվում, որից վիրավորում են և գոթերը, և էմոները: Օրինակ, էմոներն ավելի են հակված ինքասպանության, քան գոթերը: Գոթերն ավելի բանական են:
Կարճ ասած` էմոներն ատում են իրենք իրենց, գոթերը` ողջ աշխարհը:
Անցնենք գոթերին: Գոթերը ևս 70-ականների փոսթ-պանկի ալիքի վրա ծնված երիտասարդական սուբկուլտուրայի ներկայացուցիչներ են: Գոթական սուբկուլտուրան շատ բազմազան է, բայց բոլորն էլ ունեն միևնույն բնորոշ գծերը` յուրահատուկ մռայլ ոճ, նաև հետաքրքրություն գոթական երաժշտության, սարսափ-գրականության ու սարսափ-ֆիլմերի նկատմամբ:
Գոթերի ոճական էլեմենտներն են` սև գույնը, բնորոշ գրիմն ու գոթական սուբկուլտուրայի մետաղյա զարդերի կրումը(անկհ`անմահության հին եգիպտական խորհրդանիշ, գանգեր, խաչեր, ուղիղ և շրջած պոնտագրամմաներ, չղջիկներ):
Սատանիզմը նույնպես համարվում է սուբկուլտուրա (ԼաՎեյ), ունի բազմահազար հետևորդներ աշխարհում, բայց այն որոշ երկրներում նաև Սատանայի Եկեղեցու պաշտոնապես գրանցված կրոնն է, որի հիմքը դրել է Անտոն Շանդոր Լավեյը:
Սատանիզմի մեջ սատանան ընկալվում է որպես աշխարհընկալման դրական սիմվոլ, ազատության, ինքնազարգացման և այսպես ասած, բանական էգոիզմի սիմվոլ: Ըստ ԼաՎեյի` «Սատանան միայն սիմվոլ է, ուրիշ ոչինչ: Սատանան նշանավորում է մեր սերը դեպի ամեն երկրայինն ու ժխտում է խաչին խաչված Քրիստոսի դալուկ կերպարը»: Սատանիստները յուրահատուկ վերաբերմունք ունեն 666 և 13 թվերի նկատմամբ, դրանք նրանց համար հաջողակ թվեր են: Սիմվոլը` պենտագրամման է, կենտրոնում Բաֆոմետի` Դեմոնի պատկերով: Սատանիստներին հարող երիտասարդությունը գերադասում է սև հագուստ և կրում է իր վրա սիմվոլիկան: Որպես սուբկուլտուրա և գոթերը և սատանիստները արտահայտություն են գտել բավական ծանր` մետալիստական երաժշտության մեջ` բլեք-մետալ(սև), հէվի-մետալ(ծանր), դեդ-մետալ(մահ):
Հիմա անցենք մեր «տեղական» էմոներին, գոթերին ու սատանիստներին:
Հայաստանյան էմոները մեծամասամբ էպոտաժային`միայն ինչ-որ բանով տարբերվող էմոներ են, հիմնականում անցումային տարիքի դեռահասներ: Իրականում նրանք ունեն սուբկուլտուրայի միայն արտաքին ատրիբուտները, լսում են էմո երաժշտություն, հագնվում համապատասխան, լացում են պատեհ-անպատեհ: Պատահում են նաև տարիքով քիչ մեծերը, հիմնականում «էմոյությունն» ավարտվում են բուհական տարիների սկզբնական կուրսերում, աղջիկները շուտ են ամուսնանում` գտնելով իրենց երազած վեհ սերը: Եղել են մի քանի անձնական անհաջողություններից ինքնասպան եղած էմոներ, օրինակ` բուհ չընդունվելը կամ 14 տարեկան աղջնակի տղայի կողմից չընդունված սերը ցած է նետել նրանց բարձր տեղից: Էմոները խոսել չուզեցին:
Խոսեցի մի աղջկա` պայմանական` Աննայի հետ, որը գոթից դարձել էր սատանիստ, ու էդ սուբկուլտուրաներից 24 տարեկան հասակում` իրեն պահել միայն սուբկուլտուրաների արվեստն ու երաժշտությունը: Ավարտել է համալսարանն ու աշխատում է մասնագիտությամբ, ամուսնացած է:
- Ինչո՞վ են էմոները, գոթերն ու սատանիստները նման ու ինչով` տարբեր: Պատմիր սատանիզմի քո ընկալման մասին։
- Երաժշտությունն ա նման` էմոներինը թեթև ռոք, գոթերինը մի քիչ ավելի ծանր, սատանիստներինը` շատ ծանր` մետալ: Ես դեմ եմ,, ընդհանրապես, սուբկուլտուրաներին: Եղել եմ գոթ, հետո սատանիստ, բայց էն, ինչ ես եմ քաղել դրանցից, ոչ բոլորն են քաղել: Սատանիզմը շատ անհատական աշխարհահայցք ա, ամեն մեկի մոտ իր տեսքն ա ընդունում: Սատանայի հետ կապ ունի էնքանով, որ անունն ա ճչացող, անունն ա «հակա», այսինքն Աստված-Արարիչը ժխտող, «Աստվածը ես եմ» աֆորիզմն ա հիմքում: Սատանիզմն ունի երեք ստադիա: Առաջին`երբ մարդը դեմ ա կրոններին ու դրանով իսկ սատանիստ ա: Երկրորդ`փիլիսոփա-սատանիստ, նա ծանոթ ա սատանիզմի երկու ուղղություններին ու համաձայն ա դրանց հետ, դա դառնում ա աշխարհայացք ու ամեն ինչ անցնում ա էդ պրիզմայի միջով` դա սատանիստ-փիլիսոփան ա:Երրորդ` ակկուլտիստական արարողակարգերին անցած մարդը, որի համար սատանիզմն արդեն դառնում ա կրոն:
- Իսկ էդ զոհաբերությունների մասին պատմությունները, դրանք ճի՞շտ են:
- Սատանիստը երբեք էդպիսի բաներ չի անում, դա սատանայապաշտներն են անում Սատանիստը դոգմատ չի: Սատանիզմի ԼաՎեյի պատվիրանների մեջ նշված ա, որ ոչ մեկին վնաս չպատճառեն: Նա միայն ասում, ա որ Աստված չկա: Ոչ մի վնաս չկա սատանիստներից: ԼաՎեյն, ընդհանրապես, սնվել ա Նիցշեից, էլի ոմանցից ու ստեղծել ա կրոն` սատանայի եկեղեցին:
- Հիմա դու ո՞ր ստադիայում ես:
- Ոչ մի: Մի ժամանակ, որ սատանիստ էի, հասել էի երրորդ ստադիային: Արարողակարգերի էի մասնակցում, իրար արյուն էինք խմում, դե, 16 տարեկան էի:
- Իսկ գոթիկան, ի՞նչ կասես գոթիկայի մասին:
- Մարդ, որը Տերյան ա սիրում, արդեն գոթ ա: Գոթիկան Դա հոգեվիճակ ա: Նաև հագուստը, ատրիբուտիկան, սիմվոլիկան, երաժշտությունը գոթիկ-մետալ, պոստ-պանկ, գոթիկ-մետալ և այլն: Նրանք սև են հագնվում, ուժեղ քսում են աչքերը, տեսքից մռայլ են, բայց հիմնականում բարի ու լավ մարդիկ են:
- Էմոներին չկարողացա խոսցնել, նազուտուզ էին անում, գուցե՞ նրանց մասին էլ պատմես:
- Էմոն դա մարդ ա, որին շատ հեշտ կարելի ա լացացնել, կարճ սենց կասեմ: Հիմնականում 13-16 տարեկան են, կան մեծերը, որոնք ոնց որ մանկություն ունեցած չլինեն, անընդհատ ձգտում են երեխա երևալ, լինել, զգալ: Ինձ համար էմոները դեգրադացված մարդիկ են: Ես էլ եմ ուզում ու երբեմն էլ զգում եմ ինձ երեխա, բայց ես փոռիկներով վարդագույն շորեր չեմ հագնում ու տիկնիկով չեմ խաղում: Ինքնասպանություն էլ նույնիսկ գործում են կյանքից կոտրվելով ու աշխարհից նեղանալով, ոչ թե գաղափարապես: Մենք բոլորս էլ էմո եղել ենք, երեխա ժամանակ, երբ մեզ նեղացնում էին` լացում էինք: Բայց մենք մեծացանք ու էլ ամեն առիթով չենք լացում, իսկ էմոները շարունակում են լացել:
- Էմոն կարո՞ղ է դառնալ գոթ, հետո սատանիստ, ես էդ սուբկուլտուրաները մի ալիքի վրա եմ ընկալում:
- Կարա էդպես բան լինի, բայց շատ հազվադեպ, դա բնականոն աճ չի: էմոներն ատում են գոթերին` փոխադարձաբար, գոթերը` սատանիստներին: Բայց գոթը կարա դառնա սատանիստ, հնարավոր ա: Գոթը կարա մեծ լինի, անպայման չի, որ նա լինի դեռահաս, կամ շատ ջահել: Իսկ էմոն անպայման միշտ մնում ա երեխա, եթե ժամանակին չի ամուսնանում: Տղաների էմոյությունը հիմնականում բանակում ա վերջանում: Ավելի շատ են աղջիկ-էմոները:
- Ի՞նչ կասես մարդկանց, որոնք սատանիստներից ու սուբկուլտուրաներից վախենում են, ինչպես սատանայից: Եվ, ինչպես շեշտեցիր զրույցի սկզբում, ի՞նչ դասեր քաղեցիր:
- Սատանայապաշտները երբեք ոչ հագուստով, ոչ որևէ այլ ձևով չեն տարբերվում սովորական մարդկանցից, ու իրականում կարող են լինեն սատանայապաշտ, թաքուն անեն իրենց զոհաբերությունները, ու անում էլ են, և ոչ ոք դրա մասին կարա չիմանա: Նրանք երբեք չեն ասի, որ սատանայապաշտ են: Իսկ սատանիստները կարան սև հագնեն, ԼաՎեյ պաշտեն, բայց նրանցից վտանգ չկա, քրիստոնյաներն իրենց ինկվիզիցիայով ավելի շատ վնաս են հասցրել մարդկությանը, քան սատանիստները` պենտագրամմա ու 666 թիվ սիրելով: Ուղղակի ցանկացած սուբկուլտուրա դա օտարացում ա առողջ հասարակությունից, միակ լավ բանը դա նրանց արվեստն ա` գրականությունը, կերպարվեստն ու երաժշտությունը:
Լուսինե Վայաչյան
Օրերս «Շողակաթ» հեռուստաալիքով Հայ Առաքելական Եկեղեցու հայրերը, հովվապետի գլխավորությամբ, մեկը մեկին հերթ չտալով, խոսում էին մարդկանց սոցիալական խնդիրների հաղթահարման ճանապարհին եկեղեցու դերի, նրանց զորավիգ լինելու իրենց մասն ունենալու մասին: Գարեգին Բ-ն ապա նրան լրացնողները ասում էին, որ շատ կարևորում են կին – տղամարդ հարաբերության հարցում, սոցիալական խնդիրների լուծման ասպարեզում մանկատներում և այլ նմանատիպ հաստատություններում իրենց դերը.
Թեպետ ուշացած, սակայն զարմանալի ու գովելի շրջադարձ.
Տարիներ առաջ էջմիածնում նվաստս համոզում էր այն ժամանակ դեռևս աբեղա Արշակ Խաչատրյանին, որ Աստված հոգևորականին կոչել է հենց վերը նշված խնդիրների համար, որ Խաչի խորհուրդներից մեկը հենց դա է. խաչի մի թևը՝ ուղղահայացը՝ Աստծուց իջնողն է, սերը բարությունը ներողամտությունը և այլն, որը դու հորիզոնական տեսքով փոխանցում ես դիմացինին:
Նկատառումներս, թե` իրենց 6 տարվա կրթությունն ափսոս է, որ մեկուսացվածության պատճառով է քահանայի նկատմամբ հարգանքը նվազ, մարդիկ չեն ընկալում հոգևորականին, համարում են անգործ ձրիակեր, որ իրենց տեղը մարդկանց մեջ է, որ ի վերջո իրենց սխալ քաղաքականության արդյունքում է, որ աղանդավորները այսչափ տարածվել են, որ անհրաժեշտ է այսօրվա եկեղեցին չդարձնել կույրաղիքի պես մի բան, այլ որպես աշխատող օրգան ներդնել օրգանիզմի՝ հասարակության մեջ ինչ- ինչ մոտեցումներ վերանայելով, չհամոզեցին Հայր Արշակին:
Ընդհակառակը`երիտասարդ աբեղան ինձ համոզում էր, որ դա հոգևորականի առաքելության մեջ չի մտնում, որ ես թյուրիմացության մեջ եմ նման համոզմունք ունենալով, որ իմ պատկերացումը հոգևորականի մասին սխալ է:
Սակայն միայն Արշակ աբեղան չէր այդպես մտածում ու նրա մեղք չէր, որ գործող կարծրատիպը պաշտպանում էին վերից: Այդպես էին նրան սովորեցրել՝ հեռու վանել ցանկացած սոցիալական խնդիր: Այդ հարցն ինձ հանգիստ չէր տալիս ու փորձեցի նույն թեմայով խոսել ավելի փորձառու, առավել բարձր կարգավիճակի մեկ այլ հոգևորականի հետ, որն ի դեպ հատկապես վերջերս, շատ բարձր համարում է ձեռք բերել հանրության շրջանում: Նա ինձ ասաց, որ մարդկանց խնդիրներին ականջալուր լինելը, նրանց հարցերով զբաղվելը գլխացավանք է, ու պատմեց թե ինքը փորձել է մեկ – երկու անգամ, ու հասկացել, որ դա իր համար չէ: Առանձին դեպքերի փիառի համար դեմ չեն, բայց որպես աշխատանք…
Մեր հանդիպումից անցել է 7 – 8 տարի. Իհարկե շատ բան է փոխվել: Հիմա կյանքի ռիթմն է փոխվել, այլևս քահանաներ կան բանակում, կալանավայրում, հատուկ դպրոցներում ու նմանատիպ այլ հաստատություններ են այցելում, սակայն ավելի շատ ձևի քան բովանդակության համար:
Իսկ գործ որպես այդպիսին չի արվում: վկան ինքնասպանությունների այս մտագոգիչ աճը: Ծխական քահանաների տարբերակը չկիրառելը պայմանավորում են կադրերի պակասով: Դա արդարացում չէ. Իրենց նկատմամբ ուշադրության կոնտակտի պակասն է, որ մարդկանց վանում է քահանայից, մինչդեռ շատ սիրալիր աղանդավորները իրենց մի տոպրակ ալյուրով, ձեթով ու տեղ հասցված խոսքով, շատ ավելին են անում, քան ազգային եկեղեցում նստած կամ 6 տարի շարունակ ճեմարանից քիթը դուրս չհանած ապագա հոգևորականը:
Ինչո՞ւ է նրանց արգելվում իրենց սովորածը փոխանցել մարդկանց, մտնել կենցաղ, օգնել նրանց, օրինակ ծառայել, հարկ եղած դեպքում խնդիրներ վեր հանել: Իսկ ով է ասել, որ չի կարելի և գործել, և աղոթել: Աղոթքներով բավարարվում են միայն աշխարհից հրաժարված ու հեռավոր միայնության մեջ ապաշխարհող վանականները: Որ մեր ժամանակների համար չէ: Կուսակրոնության ուխտի մասին չէ խոսքը, որն ընդունելը դեռ ոչինչ չի ասում ՝ ավելին այլ խոսակցության թեմա է տալիս:
Ինչև ողջունելի է, որ վերջապես սառույցը շարժվել է, որ մեր հոգևոր հայրերը սկսել են գիտակցել վերջապես, թե որն է իրենց տեղը այս գլխապտույտ զարգացող ժամանակներում: Որ, այո, կարող են բահը վերցնել ու ձյուն մաքրել:
Ուզում եմ միանգամից առանց նախաբանի անցնել նրան, որ արդեն երկու օր է Beeline-ի անորակ աշխատանքի շնորհիվ ես ստիպված եմ նյարդեր և ժամանակ ծախսել:
Այս ընկերության հետ հարաբերվելիս պետք է շատ զգույշ լինել: Ես մի անգամ արդեն անզգույշ լինելու« թթուն խմել եմ» վստահելով ընկերությանը և շալակելով չգիտես որտեղից գոյացած 83 հազար դրամի պարտք, սակայն այդ մասին հետո առանձին հրապարակմամաբ կպատմեմ:
Այժմ երեկվա մասին. երեկ ես մոտեցա Տիգրան մեծ փողոցում գտնվող Beeline-ի բաժանմունքի օպերատորին և խնդրեցի ստուգել հաշիվս: Նա ասաց որ պետք է հավաքեմ 106 թիվը, որը, ինչպես հետո պարզեցի բոլորովին այլ ծառայության համար էր: 5000 դրամով լիցքավորեցի հաշիվս քանի որ ըստ եկած հաղորդագրության դա հաշիվս 0 -էր :
Շտապում էի ու չսպասելով մինչև լիցքավոման մասին հաղորդագրություն գա, դուրս եկա բաժանմունքից: (Նախ ասեմ, որ այս բաժանմունքում, որպես կանոն, երբ մոտենում ես օպերատորին քեզ ասում է .«Ես արդեն վերջացրել եմ աշխատանքս, պետք է սպասեք», ու ինքը դուրս է գալիս. Ստիպված մարդիկ կրկին հերթ են կանգնում մյուսի մոտ): Մի խոսքով այնքան վատ է սպասարկումը, որ երբ վերջերս մտել էի Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline-ի բաժանմունք ինձ թվում էր, թե ուրիշ ընկերությունում եմ հայտնվել. ի տարբերություն Տիգրան Մեծի` էստեղ և սպասարկումն էր կարգին և մոտեցումը: Տպավորությունն այնպիսին էր, որ Արմենտելն իր լավագույն կադրերը կամ ուշադրությունը կենտրոնացրել է Հյուսիսային պողոտայում:
Սակայն անցնենք լիցքավորման պատմությանը. Անցավ մեկ ժամ հաղորդագրություն չկա, դե քանի որ սովորաբար ավտոմատ sms –ը շատ արագ է տեղ հասնում, զանգեցի կենտրոն այնտեղից մի տղամարդ տեղեկացրեց, որ հաշիվը լիցքավորված չէ,բայց ոչինչ չեն կարող անել: Ասաց, որ պետք է գնալ նույն կետը, եթե իհարկե կտրոնը պահել եմ. Բարեբախտաբար պահել էի, բայց արդեն հաջորդ օրը այսինքն այսօր ժամը 12ին մոտ գնացի. Ինչպես միշտ աշխատակիցը տեղում չէր. հետո եկավ վերցրեց կտրոնը պատճենահանեց ու ասաց մեկ ժամվա ընթացքում կլինի. Անցել է 4 ժամ, իսկ պատասխան sms –ը չկա: Կրկին զանգահարեցի, պարզվեց որ. ինչպես ասաց ընկերության մեկ այլ աշխատակից` ես հայտնվել էի ֆորսմաժորային իրավիճակում. քանի որ իմ հաշվին դեռ 3661 դրամ կար և ես կարող էի հանգիստ վճարում չկատարել սպասելով ամսի 1-ին ու կատարելով հերթական վճարումը ստանալ բոնուսային րոպեներս: Հիմա հարց է ծագում ինչո՞ւ պետք է հաճախորդը ինչ որ անգրագետ կամ անբարեխիղճ աշխատակցի պատճառով հայտնվի նման իրավիճակում, կորցնի 5000դրամ, ժամանակ ու նյարդեր:
Ո՞վ պետք է փոխհատուցի իմ կորցրած ժամանակի, նյարդերի, պատճառած վնասի կամ անհանգստության համար. Չկա նման պրակտիկա. Արմենտելը ամենաթանկ կապն է Հայաստանում, բառացիորեն «կլանում է» մեր րոպեները և ոչ միայն չի արդարացնում իրեն այլև ստացվում է, որ աշխատանքի որակով էլ զիջում է մյուս օպերատորներին. լինելով և «Վիվա Սելի» և «Օրանժ»-ի բաժանորդ ես երբևէ նման խնդիրների չեմ բախվել:
Իշխանությունները Հրազդանում չցանկացան ակնհայտ կեղծիքների գնալ` լցոնումների, բռնությունների և այլ ապօրինությունների, որոնց ականատես ենք եղել նախկինում, քանի որ չէին ցանկանում համապետական ընտրություններից առաջ մեծ լարում առաջացնել:
Սա «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքն է: Նա փետրվարի 12-ին տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է որպես դիտորդ: «Հրազդանում վերջնական ապրոբացիա արվեց գալիք համապետական ընտրությունների մեխանիզմը:
Դա հետևյալն է, թե վարչական ռեսուրսը և ընտրակաշառքը տոկոսային առումով որքան ձայն կարող են ապահովել: Ըստ դրա, եթե իշխանությունները վստահ լինեն, որ այդ մեխանիզմի, գումարած մեծամասնական պատգամավորների շնորհիվ կկարողանան ապահովել մեծամասնություն, ապա նրանք կփորձեն ավելի մեղմ տարբերակով ընտրություններն անցկացնել: Իրենք որոշակի տվյալներ կարող են ստանալ, թե հասարակության որ մասը ընտրակաշառքը կվերցնի, և այդ վերցրած ընտրակաշառքի որ մասը կաշխատի»: Պատգամավորի կարծիքով, արդար և ազատ ընտրություններ տեղի չունեցան. «Վարչական ռեսուրսի օգտագործումը և ընտրակաշառքի կիրառումը, որը չի կասեցվում իրավապահ կառույցների կողմից, միանշանակ ապացուցում են, որ արդար ազատ ընտրություններ անցկացնելու կամք իշխանությունները չունեն»:
Այսօր Կինո Մոսկվայի ցուրտ ու կիսադատարակ դահլիճում անցկացվեց կազմակերպիչների իսկ բնորոշմամբ, «Oսկարատիպ» ՆԱ/ՆԵ մրցանակաբաշխությունը:
Նախ ասենք, որ այս հանդիսությունը համեմատել Օսկարի հետ նշանակում է ծաղրել այն: Դահլիճը շատ մեծ էր հավաքված հանրության համար, գուցե դա էր պատճառը, կամ ինչ որ բան այն չէր, բայց տոն որպես այդպիսին չստացվեց:
Թե հայկական օսկարակիրները, թե նրանց մրցանակ հանձնողները հագնված էին տնավարի, մի տեսակ առօրյա ու տաք հագուստներով էին: Չես մեղադրի` ցանկացած հյուրանոցի ֆոե այդ հանդիսությանը ջերմություն ու շուք կհաղորդեր, ինչը գուցև չէր անցել կազմակերպիչների մտքով:
Ինչևէ ստացվեց այն ինչ ստացվեց.գավառական շոու. Բեմում դրված ցուցանակի հետևից հաղորդավարները գրեթե չէին երևում. նրանք ակնհայտորեն մրսում էին և նյարդայնանում ու գուցև դրանից` անտարբեր էին, որ շնորհակալություն հայտնողների համար բարձրախոսը ոչ մի կերպ հարմար չէր գալիս. կամ չափից բարձր էր, կամ ցածր. ու դահլիճում նրանց չէին լսում:
Մրցանակ հանձնելու էին եկել ՍԴ-ից Արևիկ Պետրոսյանը, պատգամավոր Արծվիկ Մինասայնը, Աստղիկ Ավետիսյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Սոցապնախարությունից Լալա Ղազարյանը և իհարկե դոնոր ու հովանավոր կազմակերպության ներկայացուցիչներ:
Առավել հետաքրքիր էր Նարեկ Հարթունյանի և Լիլիթ Ասատրյանի ներկայությունը, որը մի տեսակ աշխուժություն բերեց դահլիճ: Առաջինի վերաբերյալ քրեական գործը կարծես երկրորդ փուլ է մտնում, իսկ երկրորդի`աշխուժացումը հավանաբար կապված է ամուսնու` Վազգեն Խաչիկյանի հայտնության հետ. Ի դեպ, Լիլիթը տևական դադարից հետո կրկին ասպարեզ է իջել ու վաղն ասուլիս է տալիս «Մարզերում կանաց մասնակցությունը լուրջ խնդիր» թեմայով: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Խաչիկյանին այլևս վտանգ չի սպառնում:
Իմ կողքին դատարկ շարքի մեջտեղում մի ծերունի էր ննջում լիքը ցելոֆանե տոպրակը ոտքերի տակ դրված: Դատելով արտաքինից, նա գնալու տեղ չունեցող այն մարդկանցից էր, որոնք ցրտից պատսպարվելու համար գտնում են նման անվճար մուտքով միջոցառումներ, մի փոքր տաքանալու համար:
Սա իհարկե «Օսկարատիպ» միջոցառման ամենալավ բնորոշողն է:
Չգիտեմ ինչն է պատճառը, սակայն մեզ մոտ շոուներ կազմակերպել մի տեսակ չի ստացվում: Նայում ես արտերկրացի հյուրերի ներողամիտ, հովանավորող քմծիծաղով դեմքերին ու մտածում. ինչու նրանք պետք է մեզ, մեր երկիրը ընկալեն այս չափանիշներով. ցրտից կուչ եկած ու տխուր մարդիկ` շալերի մեջ փաթաթված կանայք, որոնք նույն հագուստով գնում են աշխատանքի կամ խանութ, նույն հագուստով բեմ բարձրանում: Տղամարդիկ, որոնք նման տեսքով կանաց կողքին չեն կարող ինքնագոհ լինել: Իսկ մրցանակները, որոնք տրվում են լրագրողներին, շոշափում են երկրի համար ցավոտ թեմաներ, որտեղ միևնույն է ոչինչ չի փոխվում :
Հայրն աղջկան անվանեց Սվետլանա, բայց բնավ՝ ոչ այդ անվան մեջ եղած լույսը տեսնելու համար, այլ, որովհետև անհաջող սիրո անունն էր: Կինը գիտեր այդ մասին, ու երեխային տարօրինակ էր վերաբերվում: Սիրում էր, իհարկե, բայց ամեն անգամ «Սվետա» կանչելով ամուսնու սիրած ռուս աղջկան էր հիշում, ու հոգին տակնուվրա էր լինում: Փոքրիկ աղջիկն այդ մասին չգիտեր, ու կարծում էր, որ մայրն իրեն չի սիրում… Նա օտարված է եղել մորից, ու գրեթե չի կիսվել նրա հետ, երբ յոթ տարեկանում սիրահարվել է, ու ինչ- որ անհանգստություն է զգացել, ու չի հասկացել իր հետ ինչ է կատարվում, վախեցել է պատմել այդ մասին մորը: Բայց մայր ու աղջիկ սիրում էին իրար, սիրում էին քնել իրար փաթաթված…
Մինչև, օրերից մի օր, երբ նոր էր սկսվել պատերազմը, 19 տարի առաջ հենց այս օրը Սվետայի մաման Մեղրուց գնաց Երևան ու էլ հետ չվերադարձավ… Նրան, ընկերուհուն ու ընկերուհու ամուսնուն, ով Կամազի ղեկին էր, ադրբեջանցի ավազակախումբը գերի վերցրեց Երևան-Մեղրի ճանապարհից:
Սվետան մորն այլևս չտեսավ:
Քույրերը՝ փոքրը վեց տարեկան, Սվետան՝ ութ, տեղափոխվեցին ապրելու տատիկի մոտ:
- Ես ընկել էի ազատության գիրկը, քանի որ տատս ու պապս աշխատում էին, ժամանակ չունեին մեզանով զբաղվելու, ու էդ ազատությունն ինձ տալիս էր հնարավորություն իմ ներսի ցավը մեղմելու, մտքերը ցրելու ու պատնեշ դնելու իմ ու անցյալի միջև: Խաղերն ինձ օգնում էին ցրվելու, բայց երբեմն հարցեր էին առաջանում, ու երբ ինձ նեղացնում էին, էդ ժամանակ ես զգում էի, թե որքան մենակ եմ, սկսում էի մտածել կյանքիս մասին, իմ մեջ վերլուծել:
Ու էդ տարիքում նա մերժեց Աստծուն։ Աղջնակը նեղացել էր Աստծուց ու պարփակվել իր մեջ: Հույսը դրել էր միայն իր վրա, իսկ երբեմն – երբեմն նույնիսկ ինքնասպանության փորձերի էր դիմում: Բայց ինչքան էլ դժվար լիներ էդ ժամանակահատվածը, նա միևնույն է՝ միշտ սիրել է կյանքը, ու միշտ մտածել, որ մարդը հենց էնպես չի ծնվում`յուրաքանչյուրը ծնվել է ինչ-որ նպատակի համար:
«Ես իմ դառը փորձից հասկացել եմ, որ էդ ամեն ինչը իզուր չէր, որ դրանք փորձություններ են, ու պետք է հաղթահարվեն, որ ամեն ինչ իրականում չարի ու բարու կռիվն է: Որոշել եմ գտնել իմ առաքելությունն այս կյանքում: Ու քանի որ դա հեռավոր երազի նման է եղել, որոշել եմ համբերատար սպասել, հարմարվել պայմաններին», -պատմում է Սվետան:
Հենց պատանեկության տարիներին էլ առաջին անգամ լուրջ զգացմունք է ծագել աղջկա նկատմամբ: Ու նա հասկացել է, որ փոքր ժամանակ էն տարօրինակ զգացումը, որ իրեն անհանգստացրել է, սիրահարվածություն է եղել, մի տարբերությամբ, որ ոչ թե տղաների է սիրահարվում ինքը, այլ՝ աղջիկների:
«Ես ապրում էի գավառում ու միշտ էլ մտածել եմ, որ իմ նման մարդիկ հիվանդ են: Ես ինձ հիվանդ էի զգում, ուրիշ, օտարացած թե օտարացված հասարակությունից, միևնույնն է: Ինձ թվում էր, ես երբեք չեմ կարող ընդունվել հասարակության կողմից. Եթե մնամ էնպիսին, ոնց կամ, ոնց ստեղծել ա ինձ Աստված, թե բնությունը, որ չեմ կարող բացահայտ սիրել, քանի որ ուզում եմ սիրել աղջկա, երջանիկ լինել, ի վերջո՝ ընտանիք ունենալ: Չէի հավատում»,- պատմում է աղջիկը:
20 տարեկանում Սվետլանան տեղափոխվեց Երևան, քույրն ընդունվել էր համալսարան: Կամաց-կամաց Երևանում սկսեց հարմարվել, ինտերնետի միջոցով գտավ իր նմաններին, ու անլիարժեքության բարդույթը ժամանակի ընթացքում վերացավ: Այդ նույն ինտերնետից էլ նրա ընտրած Ocean մականունը տեղափոխվեց իրական կյանք: Գուցե ճի՞շտ են ասում, որ անունը, դրա ընտրությունը, մեծ դեր է խաղում կյանքում: Ocean անունը այլ շունչ բերեց աղջկան, նրա համար մի նոր կյանք բացվեց, նոր հնարավորություններ, հայտնվեցին նոր մարդիկ… Այդ մարդկանցից շատերն արվեստագետներ էին: Ինքն իրեն զգաց ինչպես ձուկը ջրում, ոգևորվեց, ու քանի որ արվեստը նրան միշտ ձգել է, միշտ մի բան արարելու պահանջ է ունեցել, սկսեց ակտիվորեն ինքնաարտահայտվել: Հիմնականում լուսանկարչության միջոցով:
Բավականին արագ, մի քանի ամսվա ընթացքում Ocean-ին նկատեցին, հիմնականում ինտերնետից, Ֆեյսբուքից, ու սկսեցին հրավիրել ցուցահանդեսների: 2010թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին նա մասնակցել է չորս տարբեր ցուցահանդեսների: «Հայկական ռապսոդիա» նախագծի շրջանակներում ցուցադրվել է Բելգիայում։ Վերջերս էլ «Հոգմապար» շարքով մասնակցեց Նկարիչների միությունում հյուրընկալված «Մարմին. Նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսին:
Ցուցահանդեսը ներկայացնում են հինգ համադրողներ, ովքեր նաև արվեստագետներ են՝ Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արևիկ Արևշատյանը, Արման Գրիգորյանը և Դավիթ Կարեյանը:
Ցուցահանդեսը կազմված է 4 նախագծերից ու ընդգրկում է բավականին լայն ժամանակային դիապազոն` Սուրենյանցից մինչև Սվետլանա Անտոնյան(Ocean):
Նախագծերն ու նրանց մոտեցումները, հեղինակների ու գործերի ընտրության սկզբունքները տարբեր էին, բայց ինձ համար կոնկրետ, նրանք միավորված էին մի՝ «ՄԱՐՄԻՆԸ `ՈՐՊԵՍ» գաղափարով:
Արևիկ Արևշատյանն իր ֆեմինիստական – տրանսֆորմացիոն(իմ ընկալմամբ) «Մարմինը որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ» նախագծով փորձել է հետևել կանանց ինքնաարտահայտման տրանսֆորմացիաներին:
Դավիթ Կարեյանը «Մարմնի ճշմարտությունը» մարմնականի ու հոգևորի հավասարության կոնցեպտով ցանկացել է ընդգծել, որ մարմինը նույնպես ունի կարիքներ, և նրանք պակաս կաևոր չեն:
«Կերպարային տեսություն» նախագծում (համադրողներ՝ Ա. Սարգսյան, Ս. Համալբաշյան) ներկայացվել են անցյալի վարպետները՝ Իսաբեկյան, Հակոբյան… Հակոբ Հակոբյանը հատուկ այս ցուցահանդեսի համար է գործերն արել: Ինձ համար մի քիչ տարօրինակ էր այդ երկուսին կողք- կողքի վիզուալ ընկալելը, կամ գուցե մտահղացումն էր այդպիսին: Արման Գրիգորյանը «Ճակատային մերկություն» նախագծի հեղինակներին մերկության սկզբունքով է ընտրել: Այդ էր պատճառը, որ նա նկատեց Ocean-ին, որի մասին ասում է. «Եթե չեմ սխալվում, երևի հինգ տարի առաջ ավստրիացի կուրատոր Հեդվիգ Սաքսենհյուբերի հետ,զրուցում էինք հայկական ժամանակակից արվեստի մեջ պրոֆեսիոնալ լուսանկարիչների ներգրավվածության մասին: Հեդվիգը դեռ 1999 թվականից հետաքրքրվում էր հայ լուսանկարիչների աշխատանքներով, շատերի գործերի հետ էր ծանոթացել ու դժգոհ էր մնացել, ուզում էր, որ իրեն նոր մարդկանց հետ ծանոթացնեմ, ես էլ ասում էի, որ Հայաստանի պրոֆեսիոնալ լուսանկարիչներով առանձնապես հետաքրքրված չեմ, որ ինձ ավելի հետաքրքրում են Ժամանակակից արվեստագետները`պոպ-արտիստները, կոնցեպտուալիստները և այլն, հետո հարցրի, թե ի՞նչը չի բավարարում նրան մեր լուսանկարիչների մոտ, պատասխանը շատ տպավորիչ էր, նա ասաց. «Գիտես, Ձեր բոլոր լուսանկարիչները կարծես ամսագրերի համար են նկարում, բայց նույնիսկ «գլամուրն» է շատ վատ ստացվում…
Հեդվիգի հետ զրույցից հետո սկսեցի ավելի ուշադիր լինել «գլամուրիստ» լուսանկարիչների հանդեպ, ինչպիսին է, օրինակ,Րաֆֆի Դավթյանը, մի խոսքով՝ առանձնապես հետաքրքիր ոչ մի բան չէր հաջողվում գտնել: Բայց մի օր Facebook-ում տեսա Ocean-ի լուսանկարները ու շատ տպավորվեցի, հիշում եմ՝ նայեցի Սվետլաննայի «ֆրենդների» մեջ, տեսա Տիգրան Խաչատրյանին, հետաքրքրվեցի, թե ինչ գիտի Ocean-ի մասին: Հիշում եմ, որ Տիգրանին համոզված ասում էի, որ երևի Ocean-ը Մոսկվայում կամ Պետերբուրգում է ապրել ու սովորել: Տիգրանն էլ էր հավանել լուսանկարները, բայց տեղեկություններ չուներ իրանից: Պատմում էր, որ հանդիպել է միայն մեծ ընկերական միջավայրերում ու ոչ մի բան չգիտի իր մասին և ընդամենը մի բան կարող է ասել, որ շատ համեստ մարդ է, լուռ, ինքնամփոփ, նստում, ոչինչ չի խոսում:
Ինձ հատկապես դուր էին եկել Ocean-ի ինքնադիմանկարները ու մեջքից նկարված քնած կինը: Այդ ընթացքում արդեն սկսել էինք աշխատանքները «Մարմին. Նոր Պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսի վրա ու ես որոշել էի անպայման ցուցադրել «Քնած կնոջ դիմանկարը», «Հոգմապար»-ը դեռ չէի տեսել, դրանք էլ որ տեսա Facebook-ում ավելի հավանեցի:
Երբ իմացա, որ Ocean-ը ոչ ապրել, ոչ էլ սովորել է Մոսկվայում կամ Պետերբուրգում, ու որ ընդամենը Ֆոտոապարատ է ճարել ու ինքն իր համար սկսել է ֆոտոներ անել ու, որ հերոսը հենց ինքն է, լրիվ հիացա. կարծես հանդիպած լինեի մաքուր արվեստի ֆենոմենի: Արվեստ, որը մաքուր ինքնաճանաչողություն է ու հաղորդակցություն, ոչ մի ավելորդություն, սրբագրում կամ գնահատված լինելու ակնկալիք: Ocean-ի արվեստը լավագույն վկայությունն է նրա, որ արվեստը դեռ ի վիճակի է լինել դիմադրող մարդկանց արտահայտչամիջոցը, որով նրանք պաշտպանում են իրենց և ուրիշների «ապրող կյանք»-ը»:
Ocean-ը գտավ իր առաքելությունն այս կյանքում: Չնայած դեռ աշխատանք չունի, բարդ է գտնելը, քանի որ աշխատատուները նրան տարօրինակ են համարում: Այնուամենայնիվ, նա իրեն պիտանի մարդ է զգում ու հասարակության լիիրավ անդամ: Ընկերներն օգնում են նրան: Բոլորը գիտեն նրա կողմնորոշման մասին, բայց արվեստի դաշտում դա էական չէ: – Լավ կլիներ, որ ամեն տեղ այդպես լիներ՝ առաջին հերթին մարդն ու նրա արած գործը:
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Ի դեպ այս հրապարակումը, ի թիվս Լուսինե Վայաչյանի այլ հոդվածների ներկայացված է վաղը` փետրվարի 10-ին կայանալիք ՆԱ/ՆԵ մրցանակաբաշխությանը:
Էրիկը (Էռնա), նույնիսկ չգիտեմ, որը փակագծերի մեջ վերցնեմ, շատ համակրելի 19-ամյա երիտասարդ է, սովորում է ինստիտուտում, խոստացա չնշեմ կոնկրետ որ, բայց ասեմ, որ արվեստի բնագավառից է: Ընկերները նրան կոչում են Էռնա, սա նրա «տրանս» անունն է, ընտանիքում ու հասարակության ավելի քիչ հանդուրժողական շրջաններում գիտեն որպես Էրիկ: Նուրբ, պատանեկան, ես կասեի` աղջկական դիմագծեր ունի: Նրան նայելով ամաչում ես, որ կին ես, այնքան կանացի է: Նա տրանսվիստիտ է՝ տղամարդու մարմնով ու կանացի էությամբ: Շատ կիրթ, բանիմաց ու համակրելի երիտասարդ է: Խնդրեցի պատմել իր պատմությունը՝ չմերժեց:
- Սովորական բարեկեցիկ ընտանիքից եմ, մեծացել եմ` ինչպես բոլոր երեխաները: Շատ փոքր տարիքից տղաներ են դուրս եկել: Ես չէի հասկանում, ի՞նչն է պատճառը, որ ես տարբեր եմ բոլորից, լացում էի, անընդհատ էդ միտքը ինձ տանջում էր: Ցանկացած շրջապատում երեխաները զգում էին, որ ես ուրիշ եմ, իրենց նման չեմ: Ժամանակի ընթացքում սկսեցին ինձ ընկալել ոչ որպես տղա, այլ ավելի շատ որպես աղջիկ: Այդ փուլն ինձ համար ամենաերկար ու տանջալի փուլն էր, երբ ո’չ ես էի ինձնից գլուխ հանում, ո’չ տնեցիք, ո’չ շրջապատս: Երբ 12-13 տարեկան էի, ու արդեն գիտակցում էի, թե ես ինչով եմ «ուրիշ», փորձում էի արհեստականորեն ջնջել տարբերությունը՝ շարժուձևերովս, խոսակցականովս, հագուկապովս միշտ ձգտել եմ նմանվել մեծամասնությանը: Ամենաբարդը երեկոն էր, երբ առօրյա պատանեկան, դպրոցական կյանքից տանը փակվելով` փորձում էի վերլուծել ապրածս օրը: Պառկում էի, հիշում իմ հասցեին արված բոլոր արտահայտությունները: Օրինակ` շատ նեղվում էի, երբ ասում էին՝ «աղջկա գեղեցկություն ունես, լրիվ աղջիկ ես»: Ոչ ստացվում էր ուրախանալ, քանի որ ինքս ինձ դեռ չէի հասկանում, չգիտեի ո՞վ եմ ես, ոչ էլ տխրել, որովհետև զգում էի, որ ասվածը դուրս գալիս է: Մինչև 15 տարեկան միշտ մտածել եմ, թե ես միայնակ եմ աշխարհում, կամ հիվանդ, ու փնտրում էի ինձ նմաններին: 15 տարեկանում սիրահարվեցի իմ ամենամոտ ընկերուհու սիրած տղային, լսում էի նրա պատմությունները նրանց սիրո մասին, ու սիրահարվում… Զգում էի, որ էդ տղան ինձ ձգում է: Տարօրինակ էր, բայց աղջիկը ոչինչ չէր կասկածում ու դա ինձ ձեռնտու էր: Մտածում էի, որ եթե ես չեմ կարող նրա հետ լինել, ապա գոնե թող ինձ հարազատ ու մոտ մեկը լինի, գոնե տեղյակ կլինեմ նրանից: Համարյա միաժամանակ ես հայտնաբերեցի, որ միայնակ չեմ, էլի կան ինձ նման մարդիկ: Ու ինձ մոտ սկսվեց մի նոր փուլ: Ես հասկացա, որ դպրոցում, բակում չեմ կարող շփվել հասակակիցներիս հետ, , որովհետև մեր աշխարհները տարբեր են: Ինստիտուտի նախապատրաստական կուրսում գտա մի տղայի, ով ամեն ինչով նման էր ինձ ու ես էլ միայնակ չէի, կար մեկը, որն ինձ հասկանում էր: Նա իմ սիրած տղան չէր, այլ իմ այդքան սպասված ընկերը: Ու այդ օրվանից կյանքս փոխվեց…
- Դու քեզ համարում ես գե՞յ, թե՞ տրանսվիստիտ:
- Էդ ժամանակ ես չգիտեի ով եմ ես, միայն գիտեի, որ ինձ տղամարդիկ են դուր գալիս։ Հետո հասկացա, որ ես գեյ եմ, որը չի կարող սիրել գեյի, այլ միայն հետերոսեքսուալ` տարասեռական տղամարդու, ու հետևաբար տրանստվիստիտ եմ, չնայած էդ բառն դեռ ինձ անգամ ծանոթ չէր: Երբ ընդունվեցի ինստիտուտ, հայտնաբերեցի ինձ նման ևս մեկին, որի մուտքն իմ կյանք նման էր ռումբի պայթյունի: Արդեն քաղաքում երեքով միասին կողմնորոշվում էինք, երկուսով որոշեցինք միասին ապրել, ոչ որպես սիրեկաններ, որպես ընկերներ: Մենք տրանսվիսվտիտներ ենք, չենք կարող սիրեկաններ լինել: Ապրում էինք մեր երկու ընկերուհիների հետ: Երբ ապրում էինք նրանց հետ, զգացինք, որ մեզ դուր է գալիս հագնել աղջիկների շորերը, քսվել նրանց նման, նրանց բարձրակրունկներով շրջել տան մեջ: Մի օր էլ որոշեցինք այդ տեսքով դուրս գալ փողոց: Սպասեցինք մի լավ մթնի, մարդկանց անցուդարձը քչանա, ու… դուրս եկանք: Մեզ մոտեցավ մի ոստիկան, կարծելով, թե աղջիկներ ենք ուշ ժամի մնացել ենք փողոցում, օգնություն էր առաջարկում, հետո հակացավ, որ տղա ենք: Հարցրեց՝ բա ինչի՞ եք կանացի հագուստով, ասեցինք, որ գռազ ենք կրվել: Նա մեզ բաց թողեց:
- Քո շրջապատում, ընտանիքում, ինստիտուտում գիտե՞ն քո մասին: Դու բացահայտվե՞լ ես, այսպես ասած «coming out»-ի ո՞ր փուլում ես: («coming out»- կրճատ՝ անգլերեն «coming out of the closet»՝ դուրս գալ թաքստոցից, բացահայտում, ինքնաբացահայտում):
- Ոչ վերջին: Ընկերներս բոլորը գիտեն, ինստիտուտում էլ շատերը գիտեն: Ընտանիքս կասկածում է, ավելի շուտ գիտի, բայց չիմանալու է տալիս հույսեր փայփայելով, որ մի օր կամուսնանամ աղջկա հետ:
- Հասարակության, սոցիումի հետ ի՞նչ պրոբլեմներ ունես, չե՞ն նեղում, վիրավորում, թարս նայում:
- Ավելի շատ պրոբլեմներ ունեմ որպես գեյ, քան որպես տրանսվիստիտ: Երկորդ դեպքում չեն հասկանում, որ աղջիկ չեմ, որ ջոկում էլ են, արդեն հեռու եմ լինում:
- Իսկ քաղաքում լինո՞ւմ են դեպքեր, երբ «քյարթուները» նեղեն քեզ ու քո ընկերներին:
- «Քյարթուները», երբ նրանք խմբովի են, ահավոր հոմոֆոբ են, բայց երբ մենակ են ու տեսնող չկա, բոլորն էլ ուզում են մեզ: Հիմա ավելի շատ «գեղցիներն» են նեղում, նրանք մեզնից ընդհանրապես անտեղյակ են, միանգամից շոկի մեջ են ընկնում ու դառնում ագրեսիվ: Սեփական ագրեսիայի պատճառով էլ հետո տուժում են: Վրեջերս, ոչ էնքան վաղուց ես, ընկերս ու երկու աղջիկ քայլում էինք: Ռեպլիկ գցեցին՝ «Արա, չի ջոգվում սրանցից տղեն որն ա, աղջիկը որը»: Ու մինչ մտածում էին, թե մեզնից որն է տղա, որը աղջիկ, մենք զգացինք, որ նրանցից մեկը մեզ շատ մոտեցավ: Անհիմն ագրեսիան ալկոհոլի հետ կոկտեյլում նպաստեց նրան, որ կռիվ եղավ, ընկերոջս շրթունքը ճղեցին: Հիմա նրանք պրոբլեմներ ունեն օրենքի հետ, մենք դիմել ենք ոստիկանությւոն ու գործ է հարուցվել:
- Իսկ օրենքի մարդի՞կ: Նրանք ո՞նց են ձեզ վերաբերվում:
- Իսկ օրենքի մարդիկ առայժմ գործում են օրենքի սահմաններում, այլ կերպ հնարավոր էլ չէր: Շատ վկաներ կային: Ու ընդհանրապես, մեր քաղաքի ոստիկանները, ի տարբերություն հասարակությամ մեծ մասի, հոմոֆոբ չեն:
- Տրանսվիստիտները՝ «տրանսերը» հայտնի են որպես առևտրային սեքս-աշխատողներ: Ո՞նց ես նայում դու դրան, ի՞նչ կասես «տրասս» կանգնողների մասին: Ինչպես հասկանում եմ, դու դրանից չես: Ինքդ երբևիցե զբաղվե՞լ ես մարմնավաճառությամբ:
- Ինձ դուր են գալիս, ու դա փոխադարձ է, սոցիալապես ապահով 25-40 տարեկան տղամարդիկ: Նրանք ապրում են սովորական կյանքով, ունեն ընտանիք՝ կին, երեխաներ, բիզնես, որոնք այնքան կանայք են փոխել, որ հոգնել են, ու ես իրենց համար նոր, թարմ զգացողությունների աղբյուր եմ: Ես դա չեմ համարում մարմնավաճառություն, քանի որ ես չեմ վաճառվում, նրանք էլ ինձ չեն գնում, չեն վճարում մարմնական հաճույք ստանալու համար: Մենք ուղղակի միասին հաճելի ժամանակ ենք անցկացնում՝ շփվելով, զրուցելով: Նրանց համար ես գեյշա եմ, էկզոտիկ գեյշա, ես նրանց ոչ միայն մարմնական, այլ առաջին հերթին հոգևոր թեթևություն եմ պատճառում: Իսկ «Տրասս» կանգնողների աշխարհը ծայրահեղական, տեռորիզմի նման մի բան է ինձ համար՝ վտանգավոր ու հաճախ ոչ հաճելի անակնկալներով լի: Բայց ես նրանց չեմ քննադատում, քանի որ ամեն մարդ իր կյանքի, իր մարմնի տերն է, ու իրավունք ունի տնօրինել ինչպես ուզում է:
Այսօր Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ մամլո ասուլիսով հանդես եկան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Նրանք ներկայացրեցին Միացյալ Թագավորության իրականացրած ծրագրերը Հայաստանում և իրենց առաջիկա միջոցառումները:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը կարևորեց այն փաստը, որ Բրիտանական խորհուրդն ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն առանձին կազմակերպություններ են, սակայն փոխլրացնող գործունեություն են ծավալում: «Բրիտանական խորհուրդն անկախ կազմակերպություն է, որը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի մշակույթի դեսպաններին, և նրանք մեծ ազդեցություն ունեն նպաստելու քաղաքական գործիչների անվանած «փափուկ» իշխանություն ձևավորելու վրա»,- ասաց նա:
Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունության տասներորդ տարին նշանավորվելու է նրանով, որ փետրվարին մեկնարկելու է մշակութային և կրթական միջոցառումների շարք, որը շարունակվելու է ողջ տարվա ընթացքում: Տասնամյա հոբելյանի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Նորաձևության ճանապարհ» ցուցահանդեսը` ներկայացնելով հայ և եւրոպացի տասը նկարիչ-մոդելավորողների համատեղ աշխատանքները: «Հավաքածուն մի ծրագրի աշխատանքի արդյունքն է, որի շրջանակներում Հայաստանից հինգ դիզայներներ էին ընտրվել, նրանց հնարավորություն էր տրվել այցելել եվրոպական հետեւյալ երկրներից մեկը` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Դանիա, Ռումինիա կամ Չեխիա, և տվյալ երկրի գործընկերոջ հետ չորսական գործ ստեղծել: Այսպիսով, ցուցահանդեսին կներկայացվեն 20 աշխատանքներ»,- ասաց ԲԽ հայկական գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը, ներկայացնելով ցուցահանդեսը:
Հոբելյանական միջոցառումների ընթացքում նաև Չարլզ Դիքենսի երկու հարյուրամյակին նվիրված միջոցառումներ կլինեն, միջին մասնագիտական կրթության ոլորտում կամփոփվի «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը:
Հոբելյանի շրջանակում կկազմակերպվի նաեւ Բրիտանական ֆիլմերի տասներորդ փառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն 2012-ի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին և մարդու իրավունքներին նվիրված ֆիլմեր: Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև վարպետության դասընթաց` հայ ֆոտոլրագրողների համար:
Իր տասնամյա գործունեության ընթացքում Բրիտանական խորհուրդն աշխատել է անգլերենի տարածման, արվեստի, կրթության և հասարակության բնագավառներում, որոնցից դեսպան Լիչը առանձնացրել է անգլերեն լեզվի ուսուցումն ու դրա տարածումը. «Մենք կարևորում ենք անգլերենի իմացության մակարդակի բարձրացման հարցը: Այս տարի իրականացվելիք մեր մի ծրագրի շրջանակներում հայաստանցի անգլերենի ուսուցիչները հնարավորություն կունենան մրցակցել, կիսել իրենց փորձն աշխարհի մի շարք երկրների անգլերենի մասնագետների հետ»:
Բրիտանական խորհուրդը համակարգում է նաև միջազգային ճանաչում ունեցող անգլերենի քննություններ` նախատեսված տարբեր մասնագիտությունների և անգլերենի տիրապետման տարբեր որակավորում ունեցող անձանց համար: Ողջ աշխարհում ճանաչելի IELTS քննության հանձնումը հնարավորություն է տալիս ուսանել արտերկրի լավագույն համալսարաններում: Միայն նախորդ տարի IELTS և այլ քննություններ են հանձնել ավելի քան 900 մարդ:
Արվեստի բնագավառում Բրիտանական խորհուրդը համագործակցում է «Ոսկե Ծիրան», «ՀայՖեստ», «Ռեանիմանիա» փառատոնների հետ, կազմակերպվում են ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, մշակույթի առաջնորդների վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ:
«Կառույցը արվեստի մեծ ջատագով է: Այսօր Բրիտանական խորհուրդը Հայաստանում լուրջ գործունեություն է ծավալում: Մենք փորձում ենք մարդկանց միջև ստեղծել կապեր, մոտեցնել նրանց` առավելապես մշակույթի ճանապարհով: Բացի այդ, Բրիտանական խորհուրդը գործունեություն է ծավալում գենդերային հավասարության, հաշմանդամների հիմնախնդիրների ոլորտներում: Հույս ունեմ, որ Հայաստանում Բրիտանական խորհրդի հետագա գործունեությունը առավել արդյունավետ կլինի»,- ասաց Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Կրթության և հասարակության բնագավառում իրականացրած WoMen in Politics, EU skills և Active Citizens ծրագրերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ:
«Աշխատանքային տարիների ընթացքում Բրիտանական Խորհուրդը մի շարք դասընթացներ, սեմինարներ, վերապատրաստման պարապմունքներ է անցկացրել ողջ Հայաստանի ավելի քան 600 ուսուցիչների և 1500 շահառուների հետ: Մենք փորձում էինք համաշխարհային միտումներին և կրթության ոլորտում նորամուծություններին համապատասխան հայ ուսուցիչների վերապատրաստում անցկացնել». – նշեց Արևիկ Սարիբեկյանը, պատմելով ԲԽ գործունեության մասին:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Քեթրին Լիչն ասաց. «Հայաստանի` Եվրոպային մերձենալու հարցը Եվրամիության և Բրիտանական խորհրդի համար կարևոր հարց է. դրա վկայությունն է Արևելյան գործընկերության ծրագիրը, որով Եվրամիության ու տարածաշրջանային երկրների միջև համագործակցությանը մեծ ուշադրություն է դարձվում»:
Լրագրողի հարցին, թե` չի՞ կարծում, որ Եվրամիության անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դեսպանը պատասխանեց. «Միացյալ Թագավորությունը երկար ժամանակ աջակցել է Թուրքիային, որպեսզի վերջինս դառնա Եվրամիության անդամ: Բայց, ինչպես հայտնի է, Եվրամիության անդամության համար տվյալ երկիրը պետք է բարեկամական հարաբերություն ունենա իր հարևանների հետ: Այդ է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջ հարաբերությունների կարգավորումը մեզ համար առանցքային հարց է: Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնության, որն իրար կմոտեցնի երկու երկրները: Դա լավագույն պատասխանն է, որ կարող էի տալ»:
ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ` հղում կատարելով Միացյալ Թագավորության պաշտոնական տեսակետին տիկին Լիչն ասաց. «Մենք ողջունում ենք երկրում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ու դիրքորոշումը:
Ընտրությունները կդառնան կարևոր փուլ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում: Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես խոստացել է պետության նախագահը, ապա դա կդառնա ևս մեկ քայլ երկրի և հասարակության ժողովրդավարացման ճանապարհին: Հուսով ենք, որ այս տարի ևս նախկինի պես հանրապետության նախագահը կհրավիրի մեզ և այլ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին մասնակցելու ընտրություններին՝ որպես դիտորդներ: Դեսպանատունն էլ ամեն կերպ կաջակցի ու կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը», – եզրափակեց դեսպանը:
Տոնդ շնորհավոր հայ զինվոր
1992-ին, երբ անակնկալ անկախացած Հայաստանը հայտնվեց պատերազմի ու շրջափակման մեջ, ոչ ոք չէր նախապատրաստել մեզ նրան, որ կարիք կունենանք սեփական բանակի, ու որ ինքներս մեզ պիտի պաշտպանենք արդեն, առանց «մեծ ախպոր»։ Ու երբ լքվեցին մի շարք բնակավայրեր, հասկացանք, որ էդպես կկորցնեն Ղարաբաղը. չկա կանոնավոր բանակ, չկա զենք բռնել իմացող համապատասխան կոնտինգենտ, բայց պաշտպանվել պետք էր, ու բանակը ստեղծվեց՝ ինքնաբուխ ու տարերային, սկզբում ինքնապաշտպանական ջոկատներ՝ որսորդական հրացաններով ու ինչ-ինչ մնացած հին զենքերով, հետո կամաց-կամաց թափ առավ ու աճեց, ու դառավ մարտունակ, ու հետո ճանաչվեց ամենամարտունակը տարածաշրջանում…
Արդեն անցել է 20 տարի, այսինքն հիմա, հենց հիմա էդ բանակում ծառայում է էդ տարիներին ծնված տղան, որը ծնվել է ցրտի, մթի, սովի ու այն տարիների ողջ զրկանքների փնջի օրոք։ Մայրը չէր կարողանում ջուր տաքացնել, որ փոքրիկին լողացնի, լույս չկար։ Քաղաքային բնակարանի մի անկյունում տեղադրված վառարանի վրա մի կերպ ճարված ցախով ջուր էր տաքացնում, լողացնում երեխային, լվանում նրա շորերը ու էդպես մի կերպ էլ չորացնում վառարանի շուրջը։ Երեխան հաճախ էր հիվանդանում, դե, ի՞նչ պայմաններում էր մեծանում, որ չհիվանդանար, ու թերսնված էր, քանի որ մայրն էլ մի կարգին սնունդ չէր ստանում, որ նրա կաթով բավարարվեր։ Ու էդպես կյանքի առաջին տարիներն անտանելի էին, հաց էլ չկար, առաջին անհրաժեշտության սնունդ էլ….
Բայց հաղթեցինք, էդ զրկանքների գնով հաղթեցինք, երեխաներ էլ ունեցանք, ու նրանք արդեն զինծառայողներ են։ Բայց այսօր հենց անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ Բանակն իր ներկա կառուցվածքով ու անփույթ ղեկավաման, կոռուպցիոն թողտվությունների շնորհիվ դարձել է երկգլխանի հրեշանվստահություն սերմանելով հասարակության մեջ իր նկատմամբ։ Մեր հասարակությունը անկախության տարիներին ուժեղանալու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու փոխարեն, էնպիսի բարոյական անկում ապրեց, որ այդ ամենը բանակում խտացած ձևով ներկայացավ, իր ողջ անառողջությամբ: Մարդու կյանքը դարձավ ոչինչ, նյութական ամենափոքր շահը ստիպեց հաբռգած հրամանատարներին խաղաղ պայմաններում զինվոր սպանել, ասենք մի 50 դոլարի համար, կամ էնպես ծեծել ու ստորացնել, որ բանակից հաշմված տղաներ վերադառնան։
Երկար ժամանակ բանակի թեման դասվում էր սրբությունների շարքին, որի մասին չի կարելի խոսել, քանի որ արտաքին թշնամի ունենք, արատների մասին չի կարելի բարձրաձայնել, որ ջուր չլցնենք թշնամու ջրաղացին, բայց իր գոյության 18–րդ տարում համբերության բաժակը լցվեց։ Առաջ էլ են եղել սպանություններ, գուցե ավելի շատ, որ բանակի առողջացման ջատագովների «աչքն են կոխում»: Բայց կարեւոր չի երբ սկսել, կարեւորը` արդյունք ստանալ:
Իհարկե մեծ դերակատարում ունեցավ իրար հաջորդած մի քանի հրեշավոր դեպքերի` որոնց թվում մեր լրագրող ընկերուհու եղբոր՝ Արտակ Նազարյանի սպանությունը, որից ցնցվեց լրագրողական աշխարհը, ողջ համացանցը էդ օրերին Ծովիկ հետ էր, Արտակ Նազարյանը մեր բոլորի, ամենքիս եղբայրն էր, ու կա, ու մենք «պայթեցինք»՝ անմիջականորեն զգալով էդ կառույցի հրեշավոր լինելու ու սահմաններ չճանաչելու ողջ բիրտությունը, անպատժելիությունը, «դեդովշինայի» արդարացումներ հնչեցին նույնիսկ ոմանց կողմից, ովքեր փորձում էին ամենաթողության մեղքը բարդել ում վրա ասես, բայց ոչ թերի ու կոռումպացված, քյարթու ու գողական «պանյատկեքով» կառուցված բանակային հիերարխիայի, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր այսօրվա հասարակության մոդելը փակ համակարգի մեջ, որտեղ ավելի վառ են երևում հասարակության արատները։
Արատավոր հասարակությունը, արատավոր իշխանության օրոք չի կարող այլևս ունենալ կարգին ու մարտունակ բանակ: Մեր բանակի մեծամեծներն իրենք են գցել մարտական ոգին մեր որդիների, նրանք են իրենց ամենաթողությամբ անպատժելիության մթնոլորտ ստեղծելով նպաստել նրան, որ բանակը դարձել է բերդի պես մի տեղ, ուր գոյատևում է ամենաուժեղը, ուր թույլին ստորացնելն ու ծեծելը չի պատժվում հավուր պատշաճի, ուր չծխողը ծխող է դառնում, չխմողը խմող, ուր տղաներից ստանում են ստրկամիտ ու ղեկավարելի քաղաքացիներ…
Ակամա մտածում ես, գուցե դա ռազմավարությո՞ւն է, թե չէ ինչպես՞ կարող է հասուն գիտակից մարդ ու ղեկավար լինելով հանդերձ, այսպիսի փնթի բանակային համակարգ ունենալով, չփորձել գոնե մի քիչ մաքրել, կարգուկանոն հաստատել, դա ախր բնազդի մակարդակի բան է…
Սպա բարեկամս ծառայում է լավ զորամասում, ուր լավ «նաչշտաբ» ու «զամպալիտ» են, ու դրա համար էլ «չաստում» կարգուկանոն կա, դրա համար էլ իմ բարեկամ սպան զինվորի ընկերն ու մեծ եղբայր է… Պարոն Օհանյան, խնդրում եմ ձեզ բոլոր մայրերի անունի., գտեք բոլոր զորամասերի համար լավ «նաչշտաբ» ու «զամպալիտ» էլի…
Հիմա մենք բանակի ստեղծման 20–րդ տեդարձին դեպի հետ նայելով ասում ենք. սրա համա՞ր ենք էդքան զրկանք կրել, որ մեր երեխաներին ստորացնեն, ծեծեն , սպանեն խաղաղ պայմաններու՞մ…
Չէ, հայկական բանակը մեր երազած բանակը չդարձավ, ու որքան էլ պաշտոնյաներն ասեն, թե ցանկացած պահին պատերազմի վերսկսման պայմաններում մենք կարող ենք հակահարված տալ թշնամուն, մեկ է, հասարակության մեջ էնպիսի բարոյահոգեբանական ճգնաժամ է, որ անվստահություն է առաջացնում հաղթանակի նկատմամբ։
Իսկ բանակի հիմնական շարժիչ ուժը դա մարտական ոգին է, որը ապրում է հավատով՝ վաղվա օրվա նկատմամբ, ու սնվում արժանապատիվ ծառայությամբ Հայրենիքին…
Շնորհավորում ենք բոլորիս Հայկական Բանակի օրվա առիթով, շնորհավորում ենք զինծառայողներին՝ մեծուփոքր, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, նաև` Գերագույն Հրամանատար Սերժ Սարգսյանին: Հուսով եմ կկարողանան կարգուկանոն հաստատել իրենց վստահված բանակում, որը ՄԵՐՆ Է, որպեսզի մենք էլ էդ բանակին հանգիստ վստահենք մեր երեխաներին, ու համոզված լինենք, որ կռվի դաշտից դուրս նրանց վտանգ չի սպառնում….
Առանձնահատուկ շնորհավորում ու համբերություն ենք ցանկանում բոլոր նորակոչիկներին, որովհետև նրանք դեռ իրենց կես տարին չեն ծառայել ու ամենախոցելին են այսօրվա բանակում, նաև նրանց հարազատներին, ընկերներին ու սիրած աղջիկներին:
Բայց ե՞րբ է գալու, ո՞ր տարվա հունվարի 28-ին ենք մենք, մայրերս կարողանալու լիաթոք ասել՝ ԿԵՑՑԵ´ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ, ազնիվ լինելով ինքերս մեզ հետ ու չխեղդվելով մեր կոկորդներում կանգնած Փոքր Մհերի էդքան սպասված տեսլականից, որ ստիպում է հայ մորն ասել ՉԵ:Մ ՏԱ ԶԱՎԱԿԻՍ ԲԱՆԱԿ…
Ո՞վ գիտի…
Զարուհի Հովհաննիսյան
Լուսինե Վայաչյան
(մայրեր, քույրեր, քաղաքացիներ)
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
20 C
-
EUR 511.93 USD 12.87 USD 401.07
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ










