22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05
Գրող, բլոգեր Ամինա Աբդալան իր անգլիալեզու բլոգում ներկայանում է սիրիական կառավարության քննադատությամբ:
Կին բլոգերին, ըստ նրա հարազատների և համակիրների, երկուշաբթի օրվա երեկոյան առևանգել են ինչ-որ զինված մարդիկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ Աբբադիս ավտոբուսի կայանից, իր մորաքրոջ աղջկա՝ Ռանիա Իսմայիլի հետ տուն վերադառնալիս:
«Ամինային առևանգողները երեքն էին՝ մոտավորապես 20 տարեկան տղամարդիկ, նրանք զինված էին: Տղամարդկանցից մեկը ձեռքով փակեց Ամինայի բերանը, ու նրանք նետվեցին մեքենայի մեջ»,- գրել է Ռանիան Աբդալայի բլոգում:
Բացահայտ լեսբուհի Աբդալան երկքաղաքացիություն ունի՝ Սիրիայի և ԱՄՆ-ի:Նրան մեղադրում եմ «Սալաֆիստական դավադրության» համար: Իսմայիլը գրում է, որ հայտնի չէ նրա գտնվելու վայրը, ընտանիքը փորձում է գտնել հետքը:
«Մենք չգիտենք՝ ով է առևանգել նրան, չգիտենք՝ ում դիմենք, որ նրան վերադարձնեն: Շատ հնարավոր է, որ հարկադրաբար արտաքսել են, – գրում է նա՝ հավելելով,- ընտանիքի մնացած անդամները, որոնք տեղի բանտեր են այցելել, ասում են՝ շուտով բաց կթողնեն: Եթե ուզենային սպանել, արդեն սպանած կլինեին: Բոլորս աղոթում ենք նրա համար»:
Քանի որ մարտից Սիրիայում սկսվել են զանգվածային բողոքի ցույցերը, Աբդալան հիմնականում քննադատել է կառավարությանը: Կիրակի օրը նա գրել է. «Նրանք պետք է հեռանան, նրանք պետք է անհապաղ հեռանան: Սա է այն ամենը, ինչ պետք էր ասել…»:
Ապրիլի 26-ին նա գրել է, թե ինչպես է իր հայրը սաստել անվտանգության երկու գործակալների, որոնք սպառնացել էին Ամինային բռնաբարությամբ՝ մեղադրելով նրան «Սալաֆիստական դավադրության» համար:
Իրար խառնելով քննադատությունն ու հումորը բանաստեղծությունների մեջ, Աբդալան բացահայտ խոսում էր հոմեսեքսուալների վիճակի և շատ այլ խնդիրների մասին, որոնք թաբու են արաբական աշխարհում:
Մինչ բողոքի ակցիաները սիրիական իշխանություններն արդեն սկսել էին հաշվեհարդար տեսնել անցանկալի լրագրողների ու բլոգերների հետ:
Փետրվարին նույնպես բլոգերներ են ձերբակալվել, նրանց թվում՝ 20-ամյա Թալ ալ Մալուհը: Աղջկան ձերբակալել են արտերկրի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով:
Աղբյուրը՝ aljazeera.net
Հ.Գ. Հայկական ֆեյսբուքը կարծես պատրաստվում է բողոքի ակցիա անել Սիրիայի դեսպանատան մոտ՝ Ամինա Աբդալային ազատ արձակելու պահանջով:
Ով երեխաներին չի սիրում, նա չի կարող լավ մարդ լինել: Դա իմ խորը համոզմունքն է: Բնազդի մակարդակի վրա դրված մարդկային ցեղի շարունակելիությունը քարե դարում, միայն մոր պատասխանատվությունն ու խնամքը երեխայի հանդեպ մինչև այսօր ենթարկվել է էվոլյուցիոն ու քաղաքակրթական զարգացումների ու փոխակերպումների: Այսօրվա քաղաքակիրթ երկրներում երեխան, մանուկը, նրա իրավունքները, առողջ մանկությունը, զարգացման ու կրթության ապահովումը, ծնողների, հասարակության ու պետության կողմից երևի թե ամենալավն են պաշտպանված, ու այդ ամենը փոխկապակցված է:
Ինչպե՞ս կարելի է այս անարդարության պայմաններում խոսել երեխայի պաշտպանության մասին, եթե ծնողը սոցիալապես պաշտպանված չէ: Փաստորեն, պետությունը խաբո՞ւմ է: Կասեք` ինչո՞վ է խաբում: Խաբում է նրանով, որ հայտարարելով «Երեխայի պաշտպանության օր»՝ կազմակերպում է աչք փակող, աչք ծակող միջոցառումներ, որոնց ժամանակ սոցիալապես անապահով երեխան իրեն է´լ ավելի անապահով է զգում:
Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Բոլորս էլ երեխա ենք եղել, բոլորս էլ ուզեցել ենք մեծանալ, որովհետև մտածել ենք, որ երեխաներին չի կարելի շատ բան, որ մեծերին է կարելի, ու երևի թե մեծանալով` հուսախաբ ենք եղել, քանի որ, էդ «կարելիների» հետ միասին, ստացել ենք պրոբլեմներ, որոնք պետք է լուծել, և որոնք չունեն երեխաները: Ովքեր չեն ուզեցել` չեն մեծացել: Դե, իսկ մեծերն էլ պատասխանատու են փոքրերի համար և պետք է հոգան նրանց կարիքները: Իսկ էդ կարիքները շատ-շատ են, մանավանդ՝ մեր սոցիալապես անապահով երկրում:
Հիշո՞ւմ եք, սովետի տարիներին կային իմպորտնի կալգոտկաներ, որոնցով էին միայն դպրոցական ֆորմա հագնող դպրոցականների մեջ Մոսկվա գնացող-եկողների երեխեքը շահավետ տարբերվում սովետական փոթեր տվող, ներվայնացնող ռետուզներ հագնողներից. այլ ձև չկար, բոլորը միանման էին հագնվում: Հիմա ստացվում է՝ ավելի՞ վատ է: Ըստ իս՝ այո: Եւ էդ ամենը առավել սուր զգացվում է նմանատիպ օրերին` Նոր Տարի, Զատիկ, Հունիսի 1 և այլն: Մտածում եմ, որ անապահով խավի երեխաները սովորական օրերից ավելի են ատում էդ օրերը, ամեն անգամ հուզմունքով սպասում են, որ բարի ձյաձյան կամ ծյոծյան կգա, ու իրենց համար պաղպաղակ կառնի, կնստեցնի կարուսել:
Ընտանիքներ կան, որոնց կենսամակարդակն էնքան ցածր է, որ չեն կարողանում ապահովել իրենց երեխաներին ամենաառաջին անհրաժեշտության իրերով, դասագրքերով, որոնք վճարովի են: Այս պարագայում չգիտես՝ ասել, թե լա՞վ է երեխան մանկատանը մեծանա ու ունենա գոնե նվազագույնը, թեկուզ կողքը ծնող չլինի, թե՞ ունենա ծնող և անապահով մանկություն…
Չի իմացվի: Բայց որ՝ երեխայի մանկությունից է կախված, թե նա ինչպես կդիմակայի կյանքի հարվածներին, անժխտելի փաստ է: Լավ մանկություն տեսած երեխան շատ ավելի վստահելի ու «առողջ» մարդ է դառնում:
Եթե ծնողը լավ չի հոգ տանում երեխային, այլ երկրներում սոցիալական ծառայությունները ուշի ուշով հետևում են ընտանիքին ու, բավականաչափ հիմքերի դեպքում, կարող են ծնողին զրկել ծնողական իրավունքներից: Երեխան կարող է զանգահարել հեշտ հիշվող հեռախոսահամարով ու տեղեկացնել ոստիկանությանը, սոցիալական կառույցներին, եթե տանն իր հանդեպ բռնություն է կիրառվում կամ նույնիսկ, իր կարծիքով, ոտնահարվում են «Երեխայի իրավունքները»:
Եղբորս ընտանիքն ապրում է Գերմանիայում, երեխաները համ հայ են, համ եվրոպացի. այսինքն, Մարիամիկը 8 տարեկանում գիտեր իր իրավունքները ու երբեմն, երբ մայրը ձայնը բարձրացնում էր նրա վրա, սպառնում էր. «Պոլիցային կասեմ, երեխայի վրա չի կարելի գոռալ ու ծեծել»: J
Կարող ենք ասել. «Ով մայրական ծեծից չի լացել՝ որբ է մեծացել»՝ մեջբերելով ռաբիսի դասական Տոտիկին, ու որ Մարիամիկը «փչանում է եվրոպաներում»՝ էդ ո՞նց կլինի, երեխան ծնողների վրա «գործ տա»: Իսկ ո՞նց է հնարավոր 21-րդ դարում երեխաների պարբերական բռնաբարություններ ընտանիքի ներսում ՝ընտանիքի անդամների կողմից, էլ չեմ ասում դրսի մասին:
Հայ մանուկը, երեխան այսօր, էս ազիզ ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրով մեր երկրում պաշտպանված չի: Ինչևէ, ինչպես ամեն ինչում, այնպես էլ այս հարցում մենք մեր խոցելի խավին, իսկ երեխաները 1959 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 1989 թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով, ըստ էության, համարվեցին խոցելի հատուկ խումբ, հիշում ենք միայն նրանց համար որոշակի ընտրված օրերին:
Այսօր երեխաների 80 տոկոսը պարբերական բռնության է ենթարկվում։ Եթե նախկինում նվաստացման դեպքերն էին գերակշռում, ապա այսօր ֆիզիկական և սեռական բռնություններն են աճել: Մեր օրենքով ծիծաղելի պատժաչափ է սահմանված մանկապղծության համար, մանկապիղծների համար մեր երկիրը սարքելով դրախտ՝ ո՞նց կարող է մեր երեխան պաշտպանված լինել:
Մեր երեխան սոցիալապես լավ չի ապրում:
Մեր երեխան իրավականորեն ու սոցիալապես պաշտպանված չի:
Մեր երեխան իրազեկված չի իր իրավունքների մասին:
Մեր երեխան, որպես հասարակության մոդել, վատ օրինակ ունի իր աչքի առջև:
Մեր երեխան հեռուստատեսությունից է սնվում հիմնականում, իսկ հեռուստատեսությամբ ոչ մի իրազեկում չկա, քարոզվում են կեղծ արժեքներ, շատ են բռնության տեսարանները, որոնք երեխան ընկալում է որպես գործող օրինակներ:
Հազարավոր երեխաներ օրվա հացի խնդիր ունեն, հազարավորները՝ հագուստի: Մեր ծնողազուրկ երեխաներն ապրում են կասկածելի կառույցներում, նրանք բարեգործության շղարշի դեր են կատարում սևը սպիտակացնել ցանկացող օլիգարխների համար:
Մեր երեխաները, մեծանալով, կյանքից հավաստի ակնկալիքներ չեն կարող ունենալ:
Մեր երեխաները վաղվա մեր հույսն են, մեր ապագան կերտողները, մենք պետք է նրանց պաշտպանենք, հոգանք նրանց, կրթենք, դարձնենք քաղաքակիրթ երկրի արժանապատիվ քաղաքացիներ, որ մի օր էլ նրանք ստիպված չլինեն «սոցիալականով» մեզ հանձնել ծերատներ:
Պաշտպանենք երեխաներին, խնամենք ու հոգանք նրանց, որ երբ մեծանան, կարողանանք պահանջել նրանցից նույնը՝ ծերերի հանդեպ:
Մեր հասարակությանը բնորոշ է կարծրատիպային մտածելակերպը՝ մասնավորապես կին-տղամարդ փոխհարաբերություններում:
Մայիսի 31-ին «Կոնգրես» հյուրանոցում ամփոփվեց ու հասարակությանը ներկայացվեց Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության հովանավարած «Կոտրենք գենդերային կարծրատիպերը» սոցիոլոգիական հարցումը, որն իրականացրել է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը: Հարցվել է ՀՀ մայրաքաղաքի և մարզերի ընդհանուր թվով 550 բնակիչ, 66.5 տոկոսը` մարզերից, 34.5 տոկոսը` Երևանից, 67.3 տոկոսը՝ իգական սեռի ներկայացուցիչներ, 33.7 տոկոսը` արական սեռի:
Ըստ Հ/Կ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանի, վերջին տասը տարիների ընթացքում, հատկապես մարզերի երիտասարդության ակտիվացմանն ու նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած հանդիպման ընթացքում, իրենք կանգնել են գենդերային կարծրատիպերի լուրջ խնդրի առջև: «Ամենաանհանգստացնող փաստն այն է, որ գենդերային կարծրատիպերը վառ արտահայտված են հատկապես նոր սերունդներին կրթող և դաստիարակողների մոտ` ընտանիքի անդամներ, դպրոցների ուսուցիչներ, համալսարանների դասախոսներ, հոգեբաններ, ինչը, բնականաբար, հետք է թողնում այսօրվա երիտասարդության վրա, այնինչ երիտասարդությունը պետք է ոչ թե այդ կարծրատիպերը կրողն ու փոխանցողը լինի, այլ շարժիչ, մոտիվացնող ուժ` դրանք աստիճանաբար հաղթահարելու և դուրս մղելու բարդ գործընթացում», – ասաց Նիկողոսյանը:
Առաջին հայացքից գուցե թվա, թե հանրապետությունում շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք, իսկ կարծրատիպերի հաղթահարումը կարելի է մղել երկրորդ պլան` ամենևին չկարևորելով: Այնինչ, հասարակության գիտակցության մեջ արմատացած կարծրատիպերը կործանարար ազդեցություն են թողնում հասարակության վրա և չեն թողնում, որ նա բնականոն զարգանա: Իրավիճակն ավելի է ծանրանում, երբ նույնիսկ կրթված և բավականին ինֆորմացված երիտասարդները չեն կարողանում ազատ լինել իրենց կյանքում, մշտապես կախված են լինում հասարակության կարծիքից` դառնալով կարծրատիպերի գերի:
Հետազոտության հարցվողների 74%-ը, այսինքն` ամեն 4 մասնակցից 3-ը «Ո՞վ կամ ի՞նչն է սահմանափակում Ձեր ազատությունը» հարցին» պատասխանել է՝ «Հասարակության կարծիքը»:
Կարծես սպասելի թվեր են, չէ՞: Դե, ո՞վ չգիտի, որ մենք հասարակական կարծիքի գերի ազգ ենք: Ինքներս մեզ չենք գիտակցում: Իսկ ինչպե՞ս կարող է մարդն ինքն իրեն գիտակցել գլոբալ, համատիեզերական առումով, այլ կերպ նա չի կարող դառնալ ընդհանուրի բովանդակալից մասնիկը, եթե վախենում է նայել իր մեջ: Վախենում է, որովհետև այնտեղ, ինչպես ասում է իմ մի լավ ընկերը, «գոյացել են ահռելի օտարածին շերտեր», և դրանց մեջ շատ դժվար է գտնել նախնականը` մաքուր գիտակցությունը, որը դեռ պղտորված չէ վզին փաթաթված զանազան մտքերով, ընդունված վարքականոններով և այլ աղտոտվածություններով: Ալարում է նաև: Եթե ամեն մեկն իր հետ երբեմն անկեղծ շփվի, ապա ուրիշների հետ էլ այդպես կսկսի շփվել:
Նաև հեշտ է ապրել տղամարդկանց պատրիարխալ հասարակության մեջ տղամարդ լինելով, իսկ կինը… դե, կինն ի՞նչ, կնոջ տեղը խոհանոցն է, ու նա պետք է կիրթ լինի, որ երեխաներին կրթի ու դաստիարակի: Սա ևս գերակշռող պատասխանի տարբերակ է այս սոցհարցման մեջ: Այսինքն, մեր տեղը խոհանո՞ցն է: Խոհանոցը չէ ու չի լինելու, որովհետև միտում է նկատվում երիտասարդ աղջիկների ակտիվացման ու հիմար կարծրատիպերի դեմ դուրս գալու համարձակություն՝ գոնե խոսելու ու ընդունելու մակարդակով:
Բերեմ մի քանի փաստ սոցհարցումից, որոնք բնորոշում են հայ հասարակությանն իր մտքի ողջ տկարությամբ, ու թող էլ ոչ մի պատրիարխալ էպոտաժնիկ ինձ չասի, որ մեզ մոտ ֆեմինիստներն անելիք չունեն: Ունեն, էն էլ ոնց ունեն: Երբ խոսում են՝ դա հեչ, խոսում են, իսկ այստեղ ահա՝ թվեր են, թող որ հարցումը գլոբալ մարդահամարի նման չի եղել, թող որ հարցվել է ընդամենը 550 քաղաքացի, բայց, իմ կարծիքով, այստեղ էական է ոչ թե հարցվողների թիվը, այլ բազմազանությունն ու աշխարհագրական ընդգրկվածությունը:
«Արդյոք հանդիպե՞լ եք ձեր կյանքում գենդերային անհավասարության դրսևորումների» – այո՝ 68.5 տոկոս, մեծամասնությունը՝ կանայք:
«Պատահու՞մ են կյանքում այնպիսի պահեր, երբ ափսոսում եք, որ հակառակ սեռի ներկայացուցիչ չեք ծնվել» - կանանց` 63.8%-ը տոկոսը, որոնք համաձայն չեն ընտանիքում դերերի ավանդական բաշխմանը կամ սեռի հետ կապված սահմանափակումներին, տղամարդկանց 15.4 %-ը` «Որ բանակ չգնամ» ու «Ծանր գործեր չանեմ»:
«Արդյոք հանդիպե՞լ եք ձեր շրջապատում բռնության դրսևորումների» - այո՝ 52%-ը, մեծամասնությունը`74.2 տոկոսը, մարզերի բնակիչների պատասխան է:
Սոցիոլոգ Արմինե Ասատրյանն ասաց. «Ստանդարտացված հարցազրույցի առավելություններից է այն, որ հարցազրուցավարները` հարցվողի հետ անմիջական շփման մեջ կարող են որոշ դիտարկումներ անել տվյալ հարցի նկատմամբ հարցվողի վերաբերմունքի մասին, և դա նույնպես հաշվի է առնվում վերլուծության մեջ: Հարցազրուցավարների վկայությամբ, մարզերում բնակվող կանանց մեծամասնության մոտ այս հարցն ուղղակիորեն անհանգստություն է առաջացրել, և նրանք պարզապես խուսափել են հստակ պատասխանելուց` նշելով «Դժվարանում եմ պատասխանել» տարբերակը: Կարելի է հետևություն անել, որ նրանց այդ թեմայի շուրջ խոսելը առհասարակ արգելվում է, սակայն ու՞մ կողմից` ծնողների՞, ամուսնու՞, սկեսրո՞ջ, թե՞ սեփական «ես»-ի: Չէ՞ որ մեր հասարակությունում այդքան ընդունված է այն համոզմունքը, թե «տան եղածը պատերից դուրս չեն հանում»:
«Ծնողները պե՞տք է խառնվեն ապագա հարսի-փեսայի ընտրությանը» - 58%-ը ընտրել է փոխհամաձայնեցման տարբերակը: Իսկ ծնողների նկատմամբ առավել անհանդուրժողական են արական սեռի ներկայացուցիչների 18-25 (37.7%) և 26-35 (31.2%) տարիքային խմբերը, ընդհանուր առմամբ՝ բոլոր հարցվողների 29.3 տոկոսը: Հարցվողների կրկին 29.3 տոկոսը համարում է, որ ամուսնացող զույգի կուսության հարցը, բացի նրանցից, ոչ ոքի չպետք է մտահոգի, իսկ 34.5 տոկոսի կարծիքով՝ կարևոր է միմիայն աղջկա կուսությունը:
«Արդյոք կարևո՞ր է ձեզ համար ձեր ապագա ամուսնու/կնոջ կուսությունը» – Երևանում բնակվող կանանց ու աղջիկների 54.8 տոկոսը ընտրել է «Դա վերաբերում է միայն ամուսնացող զույգին», իսկ մարզերում` ամենից շատ նշել են՝ կարևոր է «թե՛ տղայի, թե՛ աղջկա կուսությունը»` 31.9 տոկոսը, և 22.3 տոկոսը համակարծիք է «Կարևոր է միայն աղջկա կուսությունը» տարբերակին:
Ինչ վերաբերում է տղամարդկանց պատասխաններին, ապա այստեղ թե’ մարզերում, թե’ Երևանում բնակվող տղամարդկանց համար առաջին տեղում է «Կարևոր է միայն աղջկա կուսությունը» տարբերակը:
«Համամի՞տ եք այն մտքին, որ կինն ինքն է դրդում տղամարդուն՝ իր վրա ձեռք բարձրացնել» - «Այո, միշտ» և «Այո, երբեմն» պատախանել է, ընդհանուր առմամբ, հարցվողների 51.1 տոկոսը: «Այո, միշտ» և «Այո, երբեմն» պատասխանել էին կանանց 43.7 տոկոսը և տղամարդկանց 56.6 տոկոսը: Սոցիոլոգին շատ մտահոգում է կանանց պատասխանների 43.7 տոկոսը. «Ցավալի է, որ կանայք շարունակում են այդպես մտածել»:
«Ինչու՞ են կանայք հանդուրժում ընտանեկան բռնությունը» - Առաջին տեղում է «Հանուն երեխաների» տարբերակը. անձնական կյանքում բազմահազար դժբախտ կանայք ու տղամարդիկ, որոնք միասին ապրում են միայն ձևի համար` ծնողների, ծանոթների, հարևանների համար, ու էդ երեխան անիծում է ամեն Աստծո օր, երբ աչքի առաջ տեսնում է կռվող ծնողներին, մորը ծեծող հորը, երեխան դառնում է հոգեկան հաշմանդամ, նա չի կարողանում կենտրոնանալ իր տարիքին բնորոշ բաների վրա, ստիպված է ապրել «ղալմաղալի» մեջ, ու հետևանքը՝ բարդույթավորված երեխաներ, կոտրված ճակատագրեր: Այս պարագայում ավելի ազնիվ են ամուսնալուծվողները: Սոցիոլոգը շեշտեց. «Հավանաբար, նկատի են ունեցել նյութական կողմը, այն, որ սեփական ուժերով չեն կարողանա երեխաներին պահել: Բայց եթե մայրերը լավ գիտակցեն, նրանք կհասկանան, որ վտանգում են երեխայի հոգեկան առողջությունը: Այս հարցն այն եզակի հարցերից էր, որի վերաբերյալ կանայք ունեին հստակ դիքորոշում, սա վկայում է, որ կանայք, բախվելով ընտանեկան բռնությանը, իրենք իրենց այդ հարցն են տալիս»:
Երեխայի խնամքի հետ կապված պարտականությունները հայ ծնողները բաշխում են հետևյալ կերպ` երեխայի խնամքի հետ կապված բոլոր հարցերով անխտիր զբաղվում են մայրերը: Հայրերը նույնպես փորձում են մասնակցել այդ գործին, և դա, հիմնականում, սահմանափակվում է զբոսանքով կամ դպրոց-մանկապարտեզ ուղեկցելով: Պահպանվում է պարտականությունների խիստ բաշխում`տղամարդուն վայել և անվայել կարծրատիպի շուրջ:
Կենցաղային պարտականություններից ամենատղամարդկայինը, չգիտես ինչու, «աղբ թափելն» է:
Առավել կանացի են համարվում շատախոսությունը, զգացմունքայնությունը, բամբասկոտությունը, իսկ տղամարդկային են` կոպտությունը, ուժը և խելքը;
Մասնագիտության առումով զուտ կանացի են համարվում դաստիարակի և մոդելի մասնագիտությունները, իսկ տղամարդկային` թիկնապահը, ոստիկանը, զինաշխատողը և վարորդը:
Ըստ հարցման արդյունքների, կանացի սպորտ, բացի մարմնամարզությունից, լողից ու սպորտային պարերից, ոչինչ չունենք, այնինչ մեր ծանրամարտիկ կանայք տղամարդկանց վաղուց տվել անցել են, ու որքան տեղյակ եմ՝ մեր կանանց ֆուտբոլի հավաքականն էլ վատ չի խաղում այս մրցաշրջանում, ու չնայած դրան՝ ոչ մի ուշադրության չի արժանանում Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Ուղղակիորեն գենդերային կարծրատիպերի հետևանք է մեր կանանց ֆուտբոլի «բրախած» վիճակը:
Էլ որն ասեմ, էլ որը: Թվերը շատ են, ու բոլորը՝ հետաքրքիր: Երկար ստացվեց, բայց էդ թվերն են, որ ցույց են տալիս հասարակության ներկա վիճակը, և որ «հայ ենք» գոռալու փոխարեն՝ պետք է նայենք ինքներս մեր մեջ, բայց չենք նայում, որովհետև վախենում ենք մեզ հանձնարարված` քաղաքակթությունից հետ մնացած ու անգիտակից քաղաքացու դերը տեսնել «ճիշտ հայի» կերպարի տեղ:
Ամփոփում
Որ մեր հասարակությունում դիտվում է գենդերային կարծրատիպերի թուլացման միտում, ակնհայտ է: Սակայն ներկա սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխությունների հետևանքով ծնվում են նոր կարծրատիպեր, որոնց մնայունությունը և կենսունակությունը կախված են երիտասարդ սերնդից: Ինչպե՞ս նրանք կընդունեն այդ կարծրատիպերը, կկարողանա՞ն դիմակայել դրանց, չէ՞ որ կառչելով անցյալում ստեղծված կերպարներին, յուրաքանչյուր քայլ, որոշում համաձայնեցնելով ոչ թե բանականության, առողջ մտածելակերպի կամ սեփական ցանկությունների, այլ հասարակական կարծիքի հետ՝ մարդը շեղվում է զարգացման ուղուց և ապրում անհետաքրքիր ու միապաղաղ կյանքով:
Արդյունքները մտահոգվելու տեղիք են տալիս: Եթե երևանաբնակ երիտասարդության մոտ նկատվում է մտածելակերպի առաջադիմություն, որոշ կարծրատիպեր արդեն կոտրվել են, իսկ մյուսներն այդ ճանապարհին են, ապա մարզերում, ցավոք, այդ միտումը դեռևս չի նկատվում կամ աննշան է:
Ցանկացած քաղաքացիական հասարակություն պետք է ազատվի կարծրատիպերից, քանի որ դրանք, բռնությունների, մարդու հիմնարար ազատությունների ոտնահարման նախապայմանը լինելով, սահմանափակում են մեր իրավունքները:
Ես արդեն գրել եմ (Հայաստանն իր գիտական ներուժով և արդյունավետությամբ բացարձակ առաջատար է՝ գիտեի՞ք, և Գիտնականները մշակութային հեղափոխություն են անում) «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության մասին: Հետևում եմ այդ էջին, խրախուսում, փորձում եմ օգտակար լինել գիտությանը, քանի որ առանց գիտություն մենք կդառնանք ոչինչ, իսկ դա մոտալուտ է, եթե գիտնականների համար այստեղ ապրելու ու գործելու արժանապատիվ պայմաններ չստեղծվեն:
Մարդիկ հեռանում են հայ գիտական աշխարհից երկու ճանապարհով՝ գնում են արտերկիր կամ մնում են այստեղ` գոյատևելու այլ միջոցներ ընտրելով: Առաջին դեպքում դեռ կարող ենք հետ բերել գիտնականին, եթե նորմալ պայմաններ առաջարկենք, բայց երկրորդ ճանապարհով գնացածները, ցավոք, կորսված են հայ գիտության համար: Նրանք այլևս չեն ներկայացնի մեր երկիրը հեղինակավոր գիտական ասպարեզներում, ու մենք կդառնանք «չմո» աբորիգեններ, որոնք ոչ մի աշխատանք շուտով չեն ունենա Impact factor- IP` ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական ամսագրերում, որն էլ ուղղակի ցուցանիշ է:
Գիտնականները հանդես էին եկել մի շարք անվանական առաջարկներով, գրանցվել էր 15 առաջարկ, որտեղ շահառուներն ու թիրախային խումբը առավելագույնս հստակեցված էին: Այսօրվա օրով գիտնականները լուրջ հաջողություններ են գրանցել, ճիշտ է՝ ո՛չ պետական հովանավորությամբ, այլ բարեգործությամբ, հայտնի Գագիկ Ծառուկյանի ու նրա հիմնադրամի շնորհիվ: Նաև ճիշտ է, որ Ծառուկյանի տված 8 միլիոն դրամը Մանթաշովի բարեգործության ու մեկենասության մոտ չնչին բան է, բայց ոնց ասում է ժողովուրդը՝ չեղած տեղից կաղամբն էլ միրգ է …
Ստորև ներկայացնում եմ նախաձեռնության էջում հանդիպած այս ծրագիրը, որը հենց Ծառուկյանի նվիրատվության արդյունքն է: Ի դեպ, հանուն օբյեկտիվության ասեմ, որ Ծառուկյանը նաև խոսել է բավականին զգալի, թե էդ «բավականին զգալի»-ն որքան է՝ գիտնականները չեն ասում, ներդրումներ անել ինովացիոն ծրագրերի մեջ: Հուսանք, որ էդ «զգալի»-ն գոնե Ծառուկյանի ապարանքի գնի մեկ տասներորդից շատ կլինի, այլապես՝ 8 միլիոն, 10 միլիոն, դրանք ի՞նչ են…
Ինչևէ, ներկայացնում եմ ծրագիրը, գուցե ընթերցողներիս մեջ կգտնվեն այդ պարբերականներում աշխատություններ տպագրած երիտասարդ գիտնականներ, որոնք, շնորհիվ նախաձեռնության, էդ 8 միլիոնն ունեն ու կարող են որոշ չափով գնահատված զգալ իրենց…
«Ազդեցության գործակից-IF ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրություններ ունեցող երիտասարդ գիտնանանների խրախուսման ծրագիր
Ծրագրի մասնակցության հրավեր
ԱԳ_ԳՖԱ-Գ.Ծ.1
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը, www.facebook.com/science.and.finance, հայտարարում է բարձր Ազդեցության Գործակից (Impact Factor http://en.wikipedia.org/wiki/Impact_factor) ունեցող միջազգային գիտական ամսագրերում 2010 թ. ընթացքում տպագրված աշխատանքների երիտասարդ հեղինակների/համահեղինակների (մինչև 35 տարեկան) խրախուսման ծրագիր:
Ծրագիրն իրականացվում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրին կարող են մասնակցել միջազգային գիտական պարբերականներում 2010 թ. ընթացքում հոդվածներ տպագրած Հայաստանի Հանրապետության երիտասարդ քաղաքացիները (մինչև 35 տարեկան):
Հայտերը ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.facebook.com/science.and.finance էջում և որպես մեկնաբանություն լրացնել մրցույթին մասնակցող հոդվածների հղման ամբողջական տվյալները՝ այս հայտարարության տեքստի հենց ներքևում (մանրամասները ստորև):
Յուրաքանչյուր գիտական աշխատանքի համար հատկացվելիք խրախուսավճարի չափի հաշվարկն իրականացվելու է Ազդեցության Գործակցի` ըստ բնագավառների նորմավորված հաշվարկային մեթոդաբանությամբ ու հաշվի առնելով ընդհանուր առկա ֆինանսական միջոցների ծավալը:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»-ը աշխատանքներ է տանում սույն ծրագրի ֆինանսավորման ծավալների մեծացման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցել սույն ծրագրին` հավելյալ ֆինանսների ներդրմամբ՝ այդ կերպ ավելացնելով յուրաքանչյուր հեղինակին վճարվելիք խրախուսավճարների չափերը:
Ծրագիրն ունի «ԱԳ_ԳՖԱ-Գ.Ծ.1» հապավումը: Խնդրում ենք ֆեյսբուքյան էջերում իրականացվող մուտքային (այսինքն՝ տվյալ առանձին քննարկման համար սկզբնական հանդիսացող) գրառումներում նշել այս հապավումը որպես մուտքային տող:
Ձեր տվյալները կստուգվեն և Ձեզ կտեղեկացվի խրախուսավճարի չափի մասին՝ ընտրված սկզբունքներին համաձայն: Հաշվարկի մեթոդաբանությունը կներկայացվի առանձին հայտարարությամբ:
Դիմումի վերջնաժամկետն է 2011 թ. հունիսի 5-ը:
Խնդրում ենք սույն հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններում բացառապես ներկայացնել միայն հայտեր: Այլ կարգի մեկնաբանությունները կջնջվեն»:
Գիտե՞ք, ինձ մոտ երկակի զգացումներ են առաջանում: Հիմա նստած մտածում եմ՝ արժի՞ ուրախանալ գիտնականների ձեռք բերած լոկալ հաջողությամբ, կամ՝ արժի՞ բավարարվել միայն քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, գուցե պետք չի՞ «պադաչկեք» ընդունել, պետք է ավելի պահանջատեր լինել, պահանջել միանգամից պետական աջակցություն գիտնականներին կամ արտահերթ ընտրություններ գոռալ… Չգիտեմ…
Գիտությունը պետք է պահել ցանկացած գնով՝ միայն ոչ ուզվոր սարքելով ու նվաստացնելով գիտնականին ու նրա արժանապատվությունը:
Հազար ժամ է Նիկոլ ենք սպասում՝ Հայաստանում ենք: Բոլորս սպասում ենք Նիկոլին: Նիկոլն ո՞վ է: Նիկոլն է, իմ կոլեգան, նստացրել են, քաղբանտարկյալ էր: Քաղբանտարկյալ է՞ր, Է՞Ր: Ի՜նչ լավ ստացվեց՝ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ էր…
Ինչ խառն եմ, ինձ սպասում են Կասկադում ՄաՄաՍյուի երեխեքը, նրանց քշել են, Էվան մենակ է, ես էլ Նիկոլին եմ սպասում, չեմ կարա գնամ, երկու տարի ա սպասում ենք Նիկոլին, տարբեր ձեւի ենք սպասում, ոմանք նկարներ են դնում գլխավոր ֆեյսում, ոմանք չեն դնում, ոմանք Արթիկ են գնում, ոմանք չեն գնում, ոմանք դուրսն են, ու բոլորը ուղիղ եթեր են նայում, կպել են մոնիտորներին, չեն հավատում, ստատուսներ են գրում, Նիկոլին են սպասում:
«Նիկոլը դուրս գա՝ լավ կլինի, հաստատ լավ կլինի», ասում են Նիկոլին հավատացողները, հաստատում են համակրողները, կասկածում են մոլորները, մղտռում են հակառակորդները, սաղ-սաղ մի 20 տոկոսը բնակչության: Էս կարող է շատ եմ ասում դեռ:
Նիկոլին եմ սպասում, ուզում եմ print screen անեմ, ու էդ մոմենտը ֆիքսեմ՝ Նիկոլի դուրս գալու: Ես նիկոլական չեմ, ու նիկոլաման չեմ, ես նիկոլամետ եմ ու նիկոլընկեր եմ, նիկոլահավատ եմ ու նիկոլաքննադատ եմ, Նիկոլ եմ սպասում: Ութին հինգ պակաս ա, Նիկոլը չկա:
Նիկոլը դուրս ա գալու, մեգաֆոնով ասեցին, քիչ մնաց… 20.03…
Լուսինե Վայաչյան
Մենք ապրում ենք մի երկրում, ուր սոցիալական անարդարություններն այնքան շատ են, ու գոյատևելու խնդիրն այնպես է կլանել հայ մարդու ուղեղը, գցել նրան օրահացի անհրաժեշտության, դրա հայթայթման համար գոյացած կենցաղային ճահիճը, որ նա ժամանակ ու ցանկություն չունի տեսնելու ու գիտակցելու, որ ամեն օր ոտնահարվում են իր տարրական իրավունքները, էլ չեմ խոսում արժանապատիվ ապրելու մասին ու ամենակարևորը՝ հոգևորի: Իսկ այն քչաթիվ գերզգայուն մարդիկ, ովքեր այդ աղբի միջից տեսնում են հեռու, գեղեցիկ անհաս հորիզոնը, բախվում են այնպիսի կոնտրաստի, որ խախտվում են նրանց հոգեկան հավասարակշռությունն ու նյարդային համակարգը:
Վերջերս նկատելիորեն շատացել են ինքնասպանության դեպքերը երիտասարդների շրջանում, ու իշխանական ագիտպրոպագանդան շտապեց դրանք վերագրել էմոների սուբկուլտուրայի «ավերիչ» ազդեցությանը: Էմոներ կան բոլոր երկրներում, բայց ոչ մի տեղ ինքնասպանությունները նրանց հետ չեն կապում, իսկ այդ ամենը էմոյական շարժմանը վերագրելը իրավիճակի բնորոշման ակնհայտ խեղաթյուրում է: Սա թողնենք մասնագետներին՝ սոցիոլոգներին, հոգեբաններին ու իրավապահներին, եթե այդպիսիք կան մեր երկրում:
Մայիսի 13-ին՝ մթնշաղին մոտ, Դավթաշենի իրենց տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել Արթուր Հարությունյանը:
Ես զրուցեցի Արթուրի եղբոր՝ Արտակի հետ, որը ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը անբավարար համարելով՝ Ֆեյսբուքում միջոցառման էջ է բացել՝ «Կորել է» ու, համախմբելով ծանոթ ու անծանոթ մարդկանց, փորձում է նրանց միջոցով տարածել ինֆորմացիան ու նաև վարկածներ հավաքել սեփական հետաքննություն անցկացնելու համար: Արթուրն ասում է, որ փնտրել է նաև մասնավոր խուզարկու, բայց չի գտել: 2180 ֆեյսբուքահայ արձագանքել է կոչին, ինֆորմացիան ակտիվորեն տարածվում է ինտերնետում: Բայց, ինչպես ցանկացած ֆեյսբուքյան նախաձեռնություն, այստեղ էլ մարդկային ռեսուրսները Ֆեսյբուքից դուրս չեն գալիս կամ դուրս է գալիս, լավագույն դեպքում, հինգ տոկոսը: Այս դեպքում դա էլ չկա…
Արտակը տպել է 2000 լուսանկար՝ տարածող չկա, այդ 2180 մարդկանցից բոլորը զբաղված են: Արտակին տալով որոշակի խորհուրդներ ինֆորմացիայի տարածման իմ ունեցած փորձից՝ նկարներով այցելել մարդաշատ միջոցառումներ, շրջել մետրոյում, բաժանել տրանսպորտային, տաքսի ծառայություններին, համալսարաններին, բուժհաստատություններին և այլն, իմացա, որ Արտակը շատ բան է արել արդեն, Դավթաշենի տարածքում ամեն տեղ փակցված են Արթուրի լուսանկարները, բոլորը գիտեն, քաղաքի կենտրոնում նույնպես որոշ տեղեր կան, բայց դա բավարար չէ՝ քաղաքն այդքան էլ մեծ չի, իսկ Արթուրը ֆիզիկապես առողջ տղամարդ է ու կարող է գտնվել քաղաքի ցանկացած վայրում:
Մանավանդ որ՝ տնից հեռանալուց հետո նրան մի քանի անգամ տեսել են. մի անգամ մայիսի 16-ին՝ Դավթաշենի բակերից մեկում: Նա նստել է անծանոթ մեքենա և ասել, որ իրեն տեղափոխի Ծարավ Աղբյուրի փողոց՝ բժշկի մոտ: Մեքենայի վարորդին ասել է, որ գնում է բժշկի մոտ, մի քանի վայրկյան անց, սակայն, դուրս է եկել մեքենայից և հեռացել: Դրանից մի քանի օր անց Արթուրին էլի են տեսել Դավթաշենի մի ուրիշ բակում:
Վերջին անգամ Արթուրին տեսել են նորից Դավթաշենում՝ նորակառույց չբնակեցված տարածքներում, զորամասի մոտակայքում: Այսինքն, Արթուրին ոչ ոք չի առևանգել, նա չի կորել, սեփական կամքով գնացել է տնից ինչ-որ նպատակով կամ ինչ-որ բանից դրդված:
Իմ ու Արտակի զրույցից հետո փորձեցի որոշակի պատկեր ձևակերպել ու ներկայացնել ձեզ: Հոգեբան չեմ, բայց կփորձեմ նաև որոշակի վերլուծություն անել՝ փորձելով պարզել Արթուրի տնից հեռանալու պատճառն ու նպատակները, հասկանալ՝ ի՞նչ է անում Արթուրն իր ընտրած միայնության մեջ…
Արթուրը սովորական ընտանիքի հայ տղա է, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած է, ապրում է ծնողների, կնոջ, եղբոր ու եղբոր կնոջ հետ: Ոչ մի լուրջ տարաձայնություն կամ կոնֆլիկտ տանը չի եղել, որը կարող էր դրդել Արթուրին՝ հեռանալ տնից, այն էլ՝ առանց զգուշացնելու, ու թաքնվել: Նա ոչնչով չի տարբերվում մյուսներից, բացի նրանից, որ մարդամոտ չի, ավելի շուտ՝ մարդախույս է, տնից դուրս էր գալիս միայն անհրաժեշտության դեպքում: Հետևաբար՝ սոցիումի հետ ունեցել է պրոբլեմներ: Արթուրը 2005 թվականին զորակոչվել է բանակ, սակայն չի հասցրել ծառայել, քանի որ երեք օր անց նրան ուղարկել են հոգեբուժարան:
Բանակը, այնտեղ ծառայելու միտքը, երկու տարվա անորոշ ու աննպատակ կորսված կյանքը, որին դատապարտված է յուրաքանչյուր արական սեռի առողջ զորակոչի տարիքի տղա, Արթուրի հոգում անասելի ու, ինչպես պարզվեց, անհաղթահարելի վախեր էր առաջացրել, որից էլ նրա հոգեկան հավասարակշռությունը խախտվել է: Հիվանդանոցներում Արթուրին դեղորայքային բուժում են նշանակել, որը կարծես թե օգնել է, Արթուրի վիճակը լավացել է, ու նա սկսել է կյանք մտնել: Ու էլի բախվել է նոր վախի՝ ինքը երբեք չի կարող ինքնուրույն լինել, հոգալ իր ու իր ընտանիքի, մտերիմների կարիքները, որովհետև բարձրագույն կրթությամբ երիտասարդը պահանջարկ չունի. եթե հանճար չի իր ոլորտում, չունի ծանոթ-բարեկամ կամ սեփական բիզնես, դատապարտված է ցածր որակավորում պահանջող աշխատանքների կամ պատահական հավելումների: 
Բացի դրանից, Արթուրն իրեն անլիարժեք էր զգում, բեռ՝ հարազատների համար, հիվանդ, որի մասին բոլորը պետք է մտածեն, իրեն «բույս» էր զգում: Նա ամեն ինչ իր մեջ էր պահում, չէր սիրում խոսել, զրուցում էր միայն Արտակի հետ, ու Արտակին միշտ թվացել է՝ ամեն ինչի մասին, բայց պարզվեց՝ ոչ… Նա հոգնել էր դեղերից, ասում էր, որ դրանք ավելի են անհանգիստ դարձնում իրեն, չէր ուզում խմել: Գումարվեց ևս մի ֆոբիա՝ դեղերի անարդյունավետության: Որ Արթուրն ունի հոգեբանական պրոբլեմներ՝ ակնհայտ է: Բայց նա խելագար չի, չի վնասում իրեն ու ոչ ադեկվատ պահվածք չունի: Նրա ողջ ոչ ադեկվատությունը նրա վախերն էին: Արթուրն ուզում էր գնալ վախ չափողի մոտ, վախ չափողին այցելությունը, իր ասելով, օգնել էր իրեն, որովհետև էլի էր ուզեցել գնալ, ու չնայած սկզբում Արտակն ասել էր, որ ավելի լավ է խմի դեղերը, բայց տարել էր վախ չափողի մոտ:
Արթուրը գիտակցում է, որ ֆոբիաներ ունի, ու միշտ ուզեցել է բուժվել, ազատվել իր վախերից, որոնք նույնիսկ իր իսկ ընկալմամբ են մտացածին: Նա ունի բազմաթիվ վախեր՝ չարագույժ թվերի վախ, աշխարհի վերջի վախ, դեղերի վախ, ինֆանտիլության վախ, մարդկանցից վախ, նույնիսկ մանկական վախեր, ու այդ վախերով հանդերձ՝ վեր է կացել մի օր ու գնացել տնից: Իմ կարծիքով՝ վախերը հաղթահարելու ու լիարժեք մարդ դարձած ընտանիք վերադառնալու մղումով: Համենայն դեպս, ես կուզենամ, որ այդպես լինի, ու նաև Արտակի հետ միասին նման հետևություն արեցինք: Այնպես որ, կարող եմ խոսել նաև Արտակի անունից:
Մայիսի 13-ի առավոտյան Արթուրն արթնացել է, գնացել է զբոսնելու, չնայած՝ տնից դուրս գալ չէր սիրում: Արտակը պատուհանից հետևել է Արթուրին. նա կանգնել է բակում մի հինգ րոպե, ծխել է, հետո վերադարձել տուն: Կեսօրին նորից է դուրս եկել՝ ասելով, որ գնում է բժշկի մոտ: Արտակն ուզեցել է ուղեկցել նրան, Արթուրն ասել է. «Մի խանգարիր ինձ»: Երկու անգամն էլ Արտակը նրա բջջայինը դրել է ծխախոտի տուփի վրա, որ չմոռանա: Գնացել է, վերադարձել է, սկսել է «Օդնոկլասնիկ»-ում ինչ-որ խաղ խաղալ: Նա այդտեղ առանձնապես չէր շփվում, ավելի շատ խաղում էր:
Երեկոյին մոտ՝ ութի կողմերը, երբ Արտակը քնած է եղել, Արթուրն էլի պատրաստվել է գնալ զբոսնելու: Այս անգամ Արտակը հեռախոսը չի դրել ծխախոտի տուփի վրա: Արթուրը գնացել է, երկու ժամ հետո տնեցիք սկսել են անհանգստանալ, հաջորդ առավոտ դիմել են ոստիկանություն, բայց մինչ այսօր չեն կարողանում գտնել Արթուրին: Գործով զբաղվում է Մաշտոցի ոստիկանութունը, որը տասն օր անց, չգիտես ինչու, որակել է «Սպանության գործ», չնայած ակնհայտ է, որ Արթուրի անհետանալուց հետո բազմիցս ողջ են տեսել նրան: Ասել, որ ոստիկանությունն անտարբեր է ու ոչինչ չի անում, ճիշտ չի լինի, ասում է Արտակը, քանի որ, օրինակ, Արմեն Հարությունյանը շատ սրտացավ է թվում: Երևի մեթոդներն են թույլ, ավելի շատ ժամանակ է ծախսվում փաստաթղթաբանության վրա, իսկ օպերատիվությունը աչքաթող է արվում…
Էլի է պատահել, որ Արթուրը գնացել է տնից ու մի օր կորած է եղել, հետո վերադարձել է, բայց ոչինչ չի պատմել: Նրա «Օդնոկլասնիկ»-ի էջում երևում էր, որ այդ գիշեր օգտվել է կայքից, բայց ինքը ասել է՝ չէ:
Ընտանիքը նորմալ ընտանիք է, կնոջ հետ հարաբերությունները լավ են եղել: Չուներ ոչ մոտ ընկերներ, ոչ թշնամիներ: Վարել է մեկուսի կյանք ընտանիքի մեջ, որտեղ նրան վերաբերվել են ընդգծված հոգատարությամբ, ելնելով նրա հոգեվիճակից՝ ֆոբիաներից բխող հոգեկան անհանգստությունից ու պարանոյայից: Մնացած ամեն ինչում Արթուրը նորմալ ու սովորական տղա է:
Ես ու Արտակը որոշեցինք, որ Արթուրը հոգնել է խնամյալ ու հիվանդ լինելուց, հոգնել է իր վախերից, հոգնել է իր «բույս» վիճակից ու գնացել է տնից՝ գուցե գտնելու վախերի պատճառներն ու ինքնուրույն, առանց դեղերի, որոնցից նույնպես վախենում էր, հաղթահարելու իրեն քայքայող ֆոբիաները:
Արտակը նրան փնտրել է Դավթաշենի բոլոր անկյուններում, կենտրոնում: Մարդիկ են զանգում, որոնք տեսել են նրան կամ իրենց թվացել է, որ տեսել են, նույնիսկ ես եմ, իմ կարծիքով, երեկ տեսել նրան Սայաթ Նովայի վրա, Օպերայի մոտակայքում, բաճկոնը բութ մատով ուսին գցած, մի քիչ տարօրինակ, թափթփված քայլվածքով… Բայց նա չարձաքանքեց, երբ «Արթուր» կանչեցի: Ու ես մտածեցի, որ սխալվել եմ: Արտակին նրա քայլվածքը նկարագրելուց հետո մտածեցի՝ գուցե իրականում ինքն է եղել, ու ես չեմ հետևել կամ չեմ զանգել այդ պահին:
Եթե դուք տեսնեք Արթուրին, մի կանչեք նրան, ավելի լավ է հետևեք՝ այդ ընթացքում զանգելով Արտակին:
Ինչ ունենք:
Արթուրին չեն առևանգել: Արթուրը հեռացել է սեփական կամքով: Չի բացառվում հոգեորսությունը: Հնարավոր է կապ լինի բանակի երեք օրերի հետ, բայց նա, ըստ խառնվածքի, ի վիճակի չի կռիվներ անելու կամ ինչ-որ ձևով վրեժխնդիր լինելու, մանավանդ որ Արտակին ասել է, թե ինքը կոնկրետ ոչ մեկի վրա «օբիդա» չունի, բանակի վախն ընդհանուր էր՝ բանակում ծառայելու միտքը:
Հնարավոր են ինչ-որ ինտերնետային, օդնոկլասնիկային տարբերակներ, դա պարզ կդառնա «Օդնոկլասնիկ»-ի գաղտնաբառը «ջարդելուց» հետո, որը դեռ չի արվել:
Վարկած-եզրակացություն
Արթուրն ինքն իրեն գտնելու, վախերը հաղթահարելու, լիարժեք մարդ դառնալու, ի վերջո՝ գուցեև իր ճշմարտությունը գտնելու նպատակով հեռացել է տնից Բուդդայի նման, և գուցե եղբոր ու մեր ակտիվությունը նրան խանգարում է ու նոր ֆոբիա ստեղծում: Արթուրն, իհարկե, իրավունք ունի ճշմարտություն որոնելու, բայց նրա մայրը մայիսի 13-ից մի կտոր հաց չի կերել և հալումաշ է լինում: Գուցե Արթուրը մորը խղճա ու տուն վերադառնա: Հետո էլի կգնա, եթե ուզենա: Բայց թող չանհետանա:
Մոտալուտ կլիմաքսը՝ դաշտանադադարը, հայտարարում է կնոջ վերարտադրողական առաքելության ավարտը, և կանանց մեծամասնությունը մինչև էսօր դա ընկալում է որպես ողբերգություն. «Ես էլ լիարժեք կին չեմ լինի, կդառնամ ներվի կծիկ, որ մեկ տաքանում, մեկ սառում է, սիրտս էլ ափերից դուրս կգա»: Տղամարդկանց են սկսում նախանձել, որ իրենց մոտ էդպիսի բաներ չկան: Նույնիսկ որոշ բժիշկներ են այդ մոլորությանը նպաստում, երբ 35-ամյա կնոջն ասում են. «Դե, ազիզ ջան, ժամանակն է մտածել կլիմաքսի մասին, ոչինչ չես կարող անել, դրանից էլ համ ճնշումդ է թռնում, համ ցիկլդ ռեգուլյար չի»: Ու ներշնչանքն էնքան մեծ է լինում, որ կանայք արդեն իրենց պարտքն են համարում վատ զգալ կլիմաքսի մասին հիշելուց: Էնպիսի տպավորություն է ստեղծվում, որ էդ «ճակատագրական» շրջանը բարդացնում է մեր կանանց կեսից ավելի հատվածի կյանքը: Բայց իրականում ախր կարելի է կլիմաքսի ընթացքում շատ հաճելի կյանքով ապրել:
Կա ռուսական մի ասացվածք. «В сорок пять, баба – ягодка опять». Իրականում կլիմաքսը բնության յուրատեսակ հոգատարությունն է կնոջ նկատմամբ՝ մայր բնությունը վերջապես ազատագրում է կնոջը երեխաներ կրելու ու ունենալու ծանր բեռնվածությունից, ու էլ չկա նաև անցանկալի հղիության վախը, կինն ազատ է այլևս:
Կլիմաքսի պատճառը ձվարանների ֆունկցիայի մարումն է, որի հետևանքով դադարում են կանացի հորմոններ արտադրվել: Դա տեղի է ունենում աստիճանաբար, որպեսզի օրգանիզմը հասցնի վերակառուցվել նոր պայմաններում: Դաշտանային ցիկլը խախտվում է, դառնում ոչ կանոնավոր, իսկ հետո էլ ընդհանրապես դադարում է՝ ավարտվելով դաշտանադադարով: Վերարտադրողական համակարգը սկսում է կնոջ օրգանիզմում գործել 7-8 տարեկանից մինչև 60-65 տարեկանը: Իսկ հակառակ գործող պրոցեսը կլիմաքսն է: Սկզբում կլիմաքսը «կասեցնում է» երեխա ունենալու կնոջ ունակությունը, իսկ հետո՝ նաև դաշտանը: Ընդ որում` դա միանգամից տեղի չի ունենում: Սովորաբար այս պրոցեսը կարող է ձգվել մինչև 10 տարի (երբեմն նույնիսկ՝ ավելի երկար):
Կլիմաքսի վրա հասնելու տարիքը հիմնականում ժառանգաբար փոխանցվում է մորից աղջկան և կախված չի ոչ սեռական ակտիվությունից, ոչ ֆիզիկական աշխատանքից, ոչ էլ լավ կամ վատ սնվելուց:
Ավելի հաճախ կլիմաքսը սկսվում է 50-51 տարեկանում, իսկ նախորդող շրջանը սկսվում է 45 տարեկանից: Կանայք հաճախ շփոթում են զանազան հորմոնալ խանգարումները, որոնք ուղեկցվում են նյարդային խանգարումներով, կլիմաքսի հետ: Դա կլիմաքս չի, հանգստացեք, և շատ հեշտ կարող է վերականգնվել ճիշտ սնվելու ու համապատասխան նյարդաբանական բուժումից հետո: Չնայած ոչ մի բան կլիմաքսի տարիքի վրա չի ազդում, այնուամենայնիվ կա վիճակագրություն՝ այն կանայք, ովքեր երջանիկ են անձնական կյանքում, կանոնավոր սեռական կյանք ունեն, հավանաբար կմտնեն այն 35 տոկոս երջանիկների մեջ, որոնց մոտ կլիմաքսն ընթանում է առանց սիմպտոմների:
Նշեմ նաև՝ որակյալ սեռական կյանք, որի արդյունքը պետք է լինի կնոջ բավարարվածությունը, ինչը պակասում է 70 տոկոս հայ կանանց կյանքում, և դա բնավ հայկական գենետիկ առանձնահատկություն չի, այլ քյառթուության ու տգիտության հետևանքով ձևավորված տղամարդկային անկարողության մի տեսակի, երբ սեռական ակտը սահմանափակվում է միայն կոիտուսով՝ առանց արտաքին սեռական օրգանների, մասնավորապես ծլիկի ստիմուլյացիայի, որից էլ հենց էդ 70 տոկոսի մոտ տեղի է ունենում օրգազմ: Ուրեմն, ինչպիսի զուգընկեր ունես՝ այդպիսի կլիմաքս էլ կունենաս:
Կլիմակտերիկ շրջանի սկսվելուն պես, դաշտանի տևողությունն ու արյան քանակը փոխվում են՝ 1-2 օր տևող կարճատև սուղ դաշտանից մինչև 10-12 օրանոց արնահեղումների: Մի բան է կարևոր այստեղ. առաջին իսկ սիմպտոմները նկատելուն պես կինը պետք է դիմի բժշկի: Այլապես, մնալով անիմացության մեջ, կինը սթրեսներ է ապրում, նաև արնահոսությունների պատճառով կտրուկ ընկնում է հեմոգլոբինը, որը կարող է չարորակ գոյացությունների պատճառ հանդիսանալ: Բացի դրանից, կինն իրեն թույլ ու տկար է զգում, չի կարողանում լիարժեք աշխատել:
Կլիմաքսի հիմնական դրսևորումները
Սրտխփոց, տաքության զգացողություն՝ իրական ջերմության բացակայության դեպքում, կարմրած դեմք և պարանոց՝ դա էն է, ինչի մասին ասում են. «Բուղը վրես ա տալիս»: Հենց էդ դավաճան «բուղն» է, որ շուրջբոլորին նկատելի է դարձնում ձեր կլիմաքսը: Լինում են նաև հոգեբանական բնույթի խնդիրներ, տրամադրության անկում, դեպրեսիա, սթրես, արագ նյարդայնանալու հակում, մոռացկոտություն, քնկոտություն: Այնուհետև՝ եղունգների փխրունություն, մազաթափություն, կնճիռներ, ինչպես նաև սեռական բնույթի խնդիրներ:
Շատերը բողոքում են անքնությունից, նյարդային գրգռվածությունից, սկսում է տատանվել արյան ճնշումը, սրտի դեղերն էլ չեն ազդում: Կարդիոգրաման ու այլ հետազոտությունների արդյունքներն էլ նորմալ են: Հետևաբար՝ սրտանոթային խանգարումներն էլ կարող են լինել կլիմաքսի հետևանք:
Լինում է նաև հաճախամիզություն: Սկսում է չորանալ լորձաթաղանթը՝ անընդհատ ջուր ես ուզում, աչքերդ կարմրում են, կոնյունկտիվիտ է առաջանում, բնական քսուքի պակասը բարդացնում է սեռական հարաբերությունը՝ դարձնելով ցավոտ: Երբեմն հայտնաբերում են ֆիբրոմաներ, բայց պետք չի վռազ վազել վիրահատվելու, կլիմակտերիկ շրջանի ֆիբրոմաների 70 տոկոսն ինքն իրեն ներծծվում է կլիմաքսի ավարտից հետո:
Հետո, ցավում են ոսկորները, հոդերը, մեջքը՝ կալցիումի պակասից է, որը նույնպես հորմոնալ պատճառ ունի: Կնոջ ատամների վիճակը շատ լավ վկայում է կալցիումի քանակության մասին օրգանիզմում, էնպես որ՝ եթե ատամներդ լավ չեն՝ կալցիումի հաբեր պետք է ընդունես, որ չընկնես ոտուձեռ:
Կնոջ կյանքի ոչ էդքան վատ մասը ներառում է կլիմաքսի ու կլիմաքսից հետո շրջանը: Երեխաները մեծացել են, նյութական վիճակը քչից-շատից կայուն է, ավելի շատ ժամանակ է հայտնվել վաղուց երազած ցանկություններն իրականացնելու համար: Ոչինչ չպետք է խանգարի մեզ՝ կյանքն ամբողջությամբ վայելելու համար: Ու եթե կա հնարավորություն՝ անցնել կլիմաքսի միջով առանց «բուղը վրեդ տալու», ճնշման ու կլիմաքսի այլ «հաճույքների», ապա ինչո՞ւ դա չանել՝ դիմելով բժշկի:
Հորմոնափոխարինող թերապիան ոչ միայն լիկվիդացնում է անցանկալի ու ծանր սիմպտոմները, այլ նաև կյանքին այլ որակ է տալիս: Ի դեպ, Ալցհեյմերի հիվանդությունը, որով ավելի շատ կանայք են տառապում, նույնպես հորմոնների պակասության հետևանք է:
Անհատապես ընտրված հորմոնային թերապիան, որը նշանակվում է միայն անալիզների արդյունքների հիման վրա, քանի որ դրանց քանակի տատանումներն ահավոր մեծ են, զգալիորեն կթեթևացնի քո վիճակն ու ոչ մի վնաս չի տա օրգանիզմիդ: Մենակ թե ինքնագլուխ ոչինչ չանես: Ու մի վախենա գիրանալուց, դա 3-4 կիլոգրամից ավել չի, մանավանդ՝ եթե էդքան լավ բան կա դրա մեջ: Համենայն դեպս, ամեն ինչ պետք է արվի միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, թե չէ իմ մի ընկերուհու նման, որ հարևանուհուն կլիմաքսի շրջանում նշանակված դեղից առել խմել էր, ու 42 տարեկանում մնացել առանց դաշտանի՝ դեղը արնահոսությունը կանգնեցնելու համար էր:
Կլիմաքսի շրջանում, սենց ասած, հորմոնալ հեղափոխություն է տեղի ունենում կնոջ օրգանիզմում: Այդ փոփոխություններն օրգանիզմում նոր անհարմարություններ են ստեղծում, եթե սնունդը ճիշտ չի լինում, օրգանիզմը չի ստանում իրեն անհրաժեշտ հանքային նյութերն ու ճարպերը, «նեղվում են» հատկապես սրտի մկաններն ու ոսկորները:
Հանքային նյութերը պաշտպանում են սիրտը, իսկ ճարպերը էստրոգենների համար դառնում են հումք: Էստրոգենը կարգավորում է խոլեստերինի մակարդակը, նաև ապահովում է ոսկրային համակարգը կալցիումով: Երբ դրանց քանակը բավարար չի լինում, թուլանում է նաև ոսկորների պաշտպանվածությունը: Դրա համար կլիմաքսի շրջանում պետք է օրգանիզմը սնուցել այնպիսի նյութերով, որոնք կփոխարինեն կանացի հորմոններին: Բարեբախտաբար, բնությունը կնոջը խոտաբույսեր է նվիրել, որոնք կպաշտպանեն ու կսնուցեն նրա սիրտն ու ոսկորները: Որոշ նյութեր պարունակում են կալցիում, որն ամրացնում է ոսկորների ուժը, իսկ մագնեզիումն օգնում է ոսկորներին՝ յուրացնել կալցիումը:
Եթե չես ուզում հորմոններ, կան դեղաբույսեր: Եթե էդքան էլ վատ չես զգում, կարող ես դեղաբույսերով յոլա գնալ, բայց դրան պետք է անպայման գումարես ֆիզիկական ծանրաբեռնվածություն, շատ շարժվես: Լավ կլինի՝ գնաս լողավազան, բայց մի պայմանով՝ ինչ էլ անելու լինես ֆիզիկապես, պետք է քեզ հաճելի լինի, ոչ թե զոռով:
Դեղաբույսեր, որոնք կթեթևացնեն վիճակդ
Շնկոտեմ (Клоповник), Ալոճենի (Боярышник), Կարմիր երեքնուկ (Красный клевер), Խայթող եղինջ (Жгучая крапива), Վարսակ (Овес)
Խոտաբույսերից պատրաստիր թուրմեր: Չորացրած բույսը լցրու տարայի մեջ և վրան եռացրած ջուր լցրու: Լավ փակիր տարայի բերանը և թող 4-8 ժամ: Ամեն օր մի բաժակ խմի դրանից: Թուրմը կարող ես սառնարանում պահել 2 օր: Առավել արդյունավետ լինելու համար 2 օր խմիր նույն բույսի թուրմը, հետո փոխիր խոտաբույսը: Համը լավացնելու համար մի քիչ անանուխ՝ նանա, ավելացրու ու կիտրոն:
Թեթև կլիմաքս քեզ, ընկերուհիս:
Հրավիրում եմ եկեղեցական ու իրավական ատյաններին` քննարկելու այս դեպքը: Համոզված եմ, որ թե՛ իրավական, թե՛ քրիստոնեական տեսանկյունից այս կնոջ արարքը հանցանք է ու մեղք, և էական չէ, թե քանի տարի է անցել: Արարքներ կան, որոնք չունեն վաղեմության ժամկետ: Չկա մեղք, որ թողության արժանի չլինի անկեղծ ապաշխարանքի պարագայում: Բայց՝ ոչ այս դեպքում…
Ծանոթներիցս մեկը խնդրեց ինձ հրապարակել իր պատմածը: Սա է…
«16 տարեկան էի, երբ համադասարանցիս լացակումած մոտեցավ ինձ, թե՝ բան կա խոսելու: Պարզվեց՝ վերջերս բացահայտել է, որ 16 տարի ապրել է ոչ իր կենսաբանական ծնողների հետ:
1989-ին Մարինեն (անունները փոխված են) նոր էր ավարտել դպրոցը, սակայն արդեն հասցրել էր անբարո համբավ ձեռք բերել: Պատահաբար ծանոթացել է մի երիտասարդի հետ, որոշ ժամանակ անց պարզել, որ հղի է: Նա չէր ցանկանում երեխային պահել, որովհետև իրեն լքել էին, երեխա ունենալը նրա պլանների մեջ չէր մտնում, ինքը պատրաստվում էր ամուսնանալ… Բայց ստացվում է այնպես, որ ծննդաբերում է… երկորյակներ: Մարինեն պահում է միայն տղային՝ Վարդանին, իսկ աղջկան՝ Սյուզիին, ծննդատնից դուրս գալուն պես, թողնում է մոտակա աղբանոցում: Աղջկա բախտից՝ նրան պատահաբար գտնում են ներկայիս ծնողներն ու որդեգրում:
Սյուզիի ծնողները չէին ցանկանում, որ նա իմանար ճշմարտությունը, բայց՝ իմացավ: Պատահաբար՝ երբ գտավ որդեգրման փաստաթղթերը: Դրանից հետո ծնողներն արդեն ստիպված էին ամեն ինչ պատմել նրան: Սյուզին շատ էր տանջվում, հակասական զգացմունքներ ուներ, համ ուզում էր գտնել մորը, համ վախենում էր. դե, ո՞ր մի նորմալ կինը երեխային կգցեր աղբանոցն ու նույնիսկ չէր հետաքրքրվի, թե ինչ է եղել նրա հետ հետագայում: Ես փորձեցի օգնել նրան: 5 տարի պահանջվեց ինձնից նրա եղբորը գտնելու համար, գտա պատահաբար:
«Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար: Ոչ թե, որ օգնեցիր ինձ գտնել եղբորս, այլ օգնեցիր հասկանալ, որ իրականում ծնողը նա չի, ով ծնում է, այլ նա է, ով պահում ու մեծացնում է քեզ իր հարազատ երեխայի պես… Ես չեմ ցանկանում հանդիպել այդ կնոջը, եթե, իհարկե, նա կին կոչվելու իրավունք ունի… Ցավում եմ միայն եղբորս համար, որ չեմ տեսնելու նրան, ոչ թե այն պատճառով, որ չեմ ուզում, այլ որ՝ մինչև հիմա այդ կին կոչվածը չի ընդունում, որ երկվորյակ է ունեցել… Իսկ որդին, բնականաբար, հավատում է մորը… Հուսով եմ, որ մի օր կհանդիպեմ ու մոտիկից կճանաչեմ նրան»:
Նամակը ստանալուց մի ամիս անց ես փորձեցի օգնել, որ նրանք հանդիպեն:
Պարզվեց՝ իր եղբոր համագյուղացին ամուսնացել է իմ համակուրսեցու հետ, ու ես պատահական մի օր իմացա դրա մասին: Պատմում էի կուրսեցուս, ու ինքն ասաց, որ էդ պատմությունը էլի է լսել: Հետո պարզվեց, որ համակուրսեցուս ամուսինը գիտի Սյուզիի եղբորը, ու երբ մի օր սայթով ցույց տվեց լուսանկարները, համոզվեցի, որ նրանք երկվորյակներ են, այնքան ակնհայտ էր նմանությունը:
Ու մենք որոշեցինք գնալ էդ տղայի գյուղ: Գնացինք, եկեղեցում տեսա էդ տղային, անունը Վարդան էր, սովորում էր Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, հիմա էլ է սովորում էնտեղ: Պատմեցի ամեն ինչ: Սկզբում ծիծաղի տվեց, չէր հավատում, շոկի մեջ էր, իսկ հետո՝ լուրջ չէր ընդունում…
Մայրը խեղճացրած էր պահել իրեն, կարճ ու կոպիտ ասած՝ անբարոյականի մեկն է ու գյուղով մեկ անունը դուրս եկած: Վարդանի վրայից լավ երևում էր, որ միտքը հասուն չի, ու ուղղորդվում է մոր ասածներով:
Սյուզիին երկար պատմեցի եղբոր մասին, նա շատ էր ուզում տեսնել եղբորը, բայց չէր կարողանում զսպել ատելությունը իր կենսաբանական մոր հանդեպ, որ իրեն ժամանակին նետել էր աղբարկղը…
Սյուզիի հետ գնացի այն ճեմարանը, որտեղ սովորում էր նրա եղբայրը: Բայց այդ հանդիպումը Սյուզիին մեկ անգամ ևս համոզեց, որ անիմաստ էր փնտրում մեկին` ով ի սկզբանե իր կողքին չպետք է լիներ: Նա հուսախաբված էր:
Սյուզին ամուսնացավ մի տարի անց ու հիմա սպասում է իր առաջնեկին»:
Ահավոր, սահմռկեցուցիչ պատմություն է… Փորձեցի ծանոթիս միջոցով կապվել Սյուզիի հետ, համոզել, որ իր իսկական անունը հրապարակվի, քանի որ 21 տարի առաջ հանցագործություն է տեղի ունեցել, և այդ կին կոչեցյալը քիչ է` երկվորյակներից «ընտրել» է տղային, իսկ աղջկան համարելով բեռ՝ դեն գցել անպետք իրի նման, այդ անառակը Սյուզիին առ այսօր չի համարում իր կենսաբանական աղջիկը, այդքանից հետո մոլորության մեջ է պահում իր կյանքն Աստծու ծառայությանը նվիրած որդուն, որ կարող էր Սյուզիին եղբայր լինել:
Ի դեպ, եղբոր անունն իրականում Վարդան է: Տղան իրականում սովորում է Գևորգյան ճեմարանում:
Անկեղծ ասած, չգիտեմ իրավական տեսանկյունից 21 տարվա վաղեմություն ունեցող հանցագործությանը հնարավո՞ր է ընթացք տալ, բայց արդարացի չէ, որ այդ անբարո կինը, որն իրավունք չունի մարդ կամ կին կոչվելու, իր երեխային աղբարկղը գցելուց հետո կարողացել է այսքան տարի հանգիստ ապրել և մնալ անպատիժ:
Արդյո՞ք այս նամակը կօգնի, որ այդ կինը պատժվի գոնե այնքանով, որ Վարդանը հասկանա տեղի ունեցածի ողջ ողբերգությունը, գիտակցի քրոջ տառապանքն ու հաշիվ տա իրեն՝ որպես Աստծո ծառա իր անցնելիք ճանապարհին…
Հ.Գ. Մենք փոձեցինք պարզել թե ինչ պատիժ է սահմանված սեփական երեխային աղբանոց նետած կնոջ համար: Իրավապահ համակարգի իմ ծանոթ աշխատակիցն ասաց, որ այդ արարքը դիտվում է սպանության փորձ, որը ենթադրում է մինչև10 տարի պատժաժամկետ: Քանի որ դեպքը տեղի է ունեցել 21 տարի առաջ վաղեմության ժամկետով վերոհիշյալ կնոջը պատժել չեն կարող:
Մնում է միայն հասարակական պարսավանքը, այն էլ նման կարգի բարոյազուրկ կնոջը դա հազիվ թե հուզի:
Լուսինե Վայաչյան
«Մենք նոր ենք, և ինչպես ամեն նոր բան, որ մտնում է շուկա, կարիք ունի ներկայանալու, ասելու, թե` ով ենք, ինչու ենք եկել, ինչ ասելիք ու անելիք ունենք, ուր ենք գնում ու տանում մեր ընթերցողին: Մենք գրում ենք հայ ընթերցողի համար, հայեցի լեզվամտածողությամբ միջին վիճակագրական հային հասանելի լեզվով: Մենք բոլորս տարբեր ենք և կարող ենք ունենալ տարբեր վարկածներ: Մենք չենք պարտադրում մերը և պատրաստ ենք մեր քննարկումներում լսել Ձեր վարկածները հայ հասարակությանը, հայաստանցուն հուզող ցանկացած հարցի շուրջ, լինի դա` քաղաքական, իրավական, սոցիալական, օրենսդրական, մշակութային, կենցաղային, սպառողական, առողջապահական, կրթական, սպորտային, հոգեբանական, բնապահպանական և այլն, բնականաբար, հաշվի առնելով հայկական մենթալիտետը և այն, որ մենք արդեն Եվրախորհրդի անդամ երկիր ենք, որը պատրաստվում է մուտք գործել Եվրամիություն: Հետևաբար, մենք ինքներս կփորձենք մտածել ճկուն, և Ձեր դատին հանձնելով մեր վարկածները, Ձեզ հետ միասին հասնել վերջնական նպատակի` մատնացույց անել բոլորիս հուզող պրոբլեմներն ու փորձել լուծում գտնել դրանց համար: Հուսով ենք դառնալ Ձեր լավ զրուցակիցն ու բարեկամը: Բարի մեկնարկ Մեզ և Ձեզ», – այս ողջույնի խոսքը ես գրել եմ, երբ մեր www.armversion.com ՝ «Հայկական Վարկած» կայքը մեկնարկեց 10 ամիս առաջ:
Ինձ հրավիրեց Ռուզան Ավոյանը, մենք զրուցեցինք, ու ես սկսեցի գրել: Կայքին բոլոր աշխատողներս վերաբերվում էինք որպես մեր զավակի, մի տեսակ ընտանեկան մթնոլորտ էր՝ միասին ենք սկսել, միասին էլ պիտի զարգացնենք: Աշխատում էինք, բայց շատ շուտով կանգնեցինք մի խնդրի առաջ, որ մեզնից կախված չէր՝ կայքը վատ էր աշխատում: Երբ Ֆեյսբուքում հղում էի տեղադրում, շատերը բողոքում էին, որ դժվար է բացվում, ու դա բնավ ինտերնետի արագության հետ կապ չուներ, պարզ էր, որ կայքի ծրագրային սխալի հետևանք է ու վատ հոսթինգի: Կայքը ծանր էր, չգիտեմ՝ ոնց էր սարքած, բայց շատ ծանր էր:
Իսկ կայքի ստեղծման պատմությունը հետևյալն է. Ռուզան Ավոյանը որոշում է կայք պատվիրել: Նա ինտերնետ-տարածքից քաջատեղյակ չի: Խնդրում է ընկերներին գտնել մեկին, ով կկարողանա news.am-ի կարգի կայք սարքել: Ծանթացնում են Գիրգոր Սեմերջյանի հետ, որը հանձն է առնում «կես գնով»՝ 2000 դոլարի փոխարեն 1000 դոլարով ծրագրավորել ու ձևավորել news.am-ի կարգի կայք:
Կայքը սարքում է, բայց ոչ մի բանով նման չի լինում news.am-ի կայքի ֆորմատին. ով գոնե մի անգամ մտել է մեր հին կայքը, ինձ հետ հաստատ կհամաձայնի: Բազմիցս դիմել ենք Գրիգորին, խնդրել ենք, պահանջել՝ շտկել կայքի թերությունները: Որոշ բաներ մի լավ մուննաթից հետո շտկել է, բայց զուգահեռ անընդհատ ծագել են նորանոր պրոբլեմներ, նորանոր սխալներ: Օրինակ, երբ հղումն ուզում էիր տեղադրել Ֆեյսբուքում, բերում էր տառաթվակույտեր՝ հղման վերնագրի փոխարեն, նկարները չէր բերում, սկզբի տեքստը չէր բերում, ու մենք ստիպված ամեն անգամ ձեռքով տեղադրում էինք տեքստը, որ տգեղ հղում չտեղադրենք:
Մի նյութը սկզբում ուներ երեք հղում: Մի հղումը տեղադրում էիր, հաջորդ օրը չքանում էր. պարզվեց, որ երբ նյութը դրվում է «գլխավոր», այնտեղից հանելուց հետո չի լինում էլ, ուրեմն՝ պետք է հղում տալ ԼՐԱՀՈՍԻՑ: Դե արի, լրագրող, էդքանը ամեն օր հիշիր ու արա: Դե արի, խմբագիր, որ նոր-նոր ինտերնետ տարածք է մտնում, հասկացիր էս բոլոր նրբություններն ու ամենակարևորը՝ կարողացիր ապացուցել դեմագոգին, որ նա քեզ խաբել է: Ու խաբել է ստորաբար, քանի որ Գրիգոր Սեմերջյանի կայքերի պատրաստման արտադրամասի գինը նմանատիպ կայքերի համար 75000 է, նաև գործում է բոնուսային համակարգ, բայց ոչ՝ 250 000 ու նաև 50000՝ էլի չգիտես ինչի համար, ու էլի ամսական 20000՝ «կայքին հետևելու համար»:
Բայց կայքը ծանր էր, ու ամենաբարդը դա էր, Գրիգորը ոչ մի կերպ չէր կարողանում թեթևացնել կայքը: Էն աստիճանի, որ երբ մենք հոսթինգը տեղափոխեցինք այլ տեղ, հոսթինգի աշխատանքն ապահովող ադմինիստրատորը բողոքում էր. «Վերջին 3-4 օրը կայքը օրը ամենաքիչը մեկ ժամ օֆֆլայն է, և ստիպված մենք էլ օրը մեկ ժամ հատկացնում ենք ձեր կայքին: Այնպես որ, ոչ ձեզ, ոչ ինձ սա ձեռք չի տալիս: Դրա պատճառով տուժում են մյուսները»,- ասաց նա ու հրաժարվեց կայքից:
Հոսթինգը տեղափոխելն էլ չփրկեց կայքը, էնպես որ ստիպված եղանք պատվիրել նորը: Գրիգորը մեր հանդիպման ժամանակ ասաց. «Դուրներդ չի գալիս՝ իմ կայքը հետ տվեք, ես ձեզ ձեր գումարը կվերադարձնեմ»: Բայց հետո փոշմանեց, ոչ մի կերպ չի ընդունում, որ իր սարքած կայքը չի համապատասխանում news.am-ի ֆորմատին, այսօր էլ պնդում է, որ ինքը կատարել է առաջադրանքը ու նյուզից լավ կայք է սարքել:
Հիմա խնդիրն այն չի, որ դատարան դիմելիս կարող են պայմանագիր պահանջել, որը չկա, քանի որ եղել է մարդկային գործոնի հարց՝ վստահություն ընկերոջ խոսքին: Իսկ վստահությունը չարաշահած Գրիգորը կարող է խաբել այլ պատվիրատուների, ու մարդիկ կարող են փչացնել նյարդեր, դրամական միջոցներ, ի վերջո՝ որպես բիզնես պրոյեկտ տուժել, քանի որ ոչ ոք չի համաձայնի գովազդ տեղադրել նման կայքում: Բայց եթե ունենա՞՚ր, կկարողանա՞ր ապացուցել իր հայցի իրավացիությունը: Միգուցե՝ եթե ունենար պայմանագիր, որտեղ նշված կլինեին բոլոր տեխնիկական ու ձևավորման պահանջները, բայց դա անհնար կլիներ Ռուզանի կամ մեկ ուրիշի պարագայում, քանի որ նա կայքը պատվիրելու պահին չի ունեցել համապատասխան իրազեկվածություն ու տեխնիկական գիտելիքներ, որպեսզի ներկայացներ այսպիսի պահանջատիրական պայմանագիր, ու ցավն այն է, որ Ադմինիստրատորին, ում վստահել է այդ գործը, պատշաճ չի կատարել իր խնդիրը:
Բայց նույնիսկ այս պարագայում անհասկանալի է՝ կա՞ն նման փորձագիտական կառույցներ, կա՞ արդյոք անկախ աուդիտորական կամ հաշտարարական կառույց, որը զբաղվում է ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում գործող կազմակերպությունների ու անհատների խաբեությունների բացահայտմամբ, պաշտպանում է սպառողի շահերը: Ես չգտա: Չկա նման նախադեպ. միակ բանը, որ կարելի է անել՝ դիմել քրեական գործ հարուցելու համար, ինչը Ռուզանը չի ուզում: Դատարանից էլ ասել են՝ դիմեք տեսնենք… Մի խոսքով…
Ես չեմ խոսում տարրական, կներեք, ռուսերեն ասեմ՝ «порядочность»-ի մասին. հայերենում սա «կարգին»-ն է, ու այստեղ օգտագործելը պատկերացում չի տալիս, թե ինչի մասին է խոսքը, որի մասին չեմ ուզում խոսել: Դա մեր ազգի ամենայուրահատուկ բնորոշիչն է՝ «քցոցին», ու էնքան ենք դրա մասին խոսել, որ իմաստազրկել ենք մեր խոսքը: Ես չեմ ուզում խոսել մարդկայնությունից, ուզում եմ խոսել օրենքից ու իրավունքից: Իսկ օրենքն այստեղ մեծ բաց ունի: Ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտի հարաբերությունները անհրաժեշտ է ներառել օրենսդրական դաշտ ու զինել որակյալ փորձագետներով:
Մենք կփորձենք դիմել դատարան ու հայցում ենք ձեր մասնակցությունը քննակմանը: Միգուցե հանրային հնչեղություն տալով այս հարցին՝ կարողանանք ձևավորել նմանատիպ իրավիճակներում կողմնորոշվելու ճիշտ վարվելաձև, ազդելու դատաիրավական փորձագիտության պահանջի ձևավորմանը, որ էլ ոչ ոք մեզ նման չխաբվի, ու խաբելիս հաստատ իմանա, որ կենթարկվի պատասխանատվության:
Մինչ այժմ ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունները եղել են Ազգային անվտանգության իրավասության ներքո: Բայց եթե հանցագործությունը չի վտանգել ազգային անվտանգությունը, այլ «քցել» է այդ ազգի մի հատվածին, կոնկրետ մեզ՝ կայքում գրողներին ու ընթերցողներին, ո՞վ է էդ դեպքում պատասխանատուն:
Մեր պարտքն է զգուշացնել բոլորին Գրիգոր Սեմերջյանի ու նրա կայքարտադրամասի(G Design Group) անազնվության մասին:
Լուսինե Վայաչյան
«Հայկական Վարկած»-ի աշխատակիցներ
Սեռական բռնությունների դեպքերը Հայաստանում օրեցօր աճում են, այսօր ասուլիսի ժամանակ «ահազանգեցին» հոգեբան Ռուբեն Պողոսյանն ու ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Աննա Ոսկանյանը: Ոչինչ, որ հ/կ-ները մեռան ահազանգելով, էս երկուսը, ասես, Մարսից իջել ու հեծանիվ են հայտնագործել: Տրամաբանական ինչ-որ բան կա նրանց ասածների մեջ, զգացվում է իրավիճակի նկատմամբ անթաքույց անհանգստություն, բայց լինելով մասնագետներ՝ անհեթեթ, երկրորդական պատճառներ են բերում, մոռանալով առաջնայինի մասին:
«Այսօր երեխաների 80 տոկոսը պարբերական բռնության է ենթարկվում։ Եթե նախկինում նվաստացման դեպքերն էին գերակշռում, ապա այսօր ֆիզիկական և սեռական բռնություններն են աճել»,- ասում է Աննա Ոսկանյանը՝ մոռանալով հավելել, որ կանանց ավելի շատ տոկոսն է ենթարկվում բռնության զանազան տեսակների, ու եթե տանը բռնություն կա կնոջ հանդեպ, բնական է, որ պետք է լինի նաև երեխայի հանդեպ: Կամ՝ ի՞նչ ձայնի, խոսքի իրավունք ունի մայրը, որը տարիներ ի վեր իմանալով, որ տագրը կենակցում է իր անչափահաս աղջկա հետ՝ լռում է, իբր՝ «տան կեղտը տանը մնա» կարգախոսով:
Ռուբեն Պողոսյանի խոսքով՝ տարբեր խնդիրներով են այսօր երեխաները դիմում հոգեբաններին, բայց հետագայում հոգեբանի վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմքում ընկած է սեռական բռնությունը։ «Բերում են երեխաներին, հետո պարզվում է, որ նրանց բռնաբարել է քեռին։ Ուրեմն, մեր ազգի քաղաքակրթությունը ինչքան իջած պետք է լինի, որ արյունապղծությունը պտտվում է մեր մեջ, մեզ մոտ արդեն սկսվել են քեռիների և հորեղբայրների կողմից երեխաներին բռնաբարելու իրական դեպքեր», – ասաց հոգեբանը: Էդ դեպքերը միշտ էլ եղել են, ու գուցե շնորհիվ կանանց հիմնախնդիրներով զբաղվող հ/կ-ների՝ կանայք սկսել են խոսել. եթե առաջ կլռեին՝ «նամուսի համար», հիմա չեն լռում՝ երեխայի համար, ու էդպես է հայտնի դառնում հիմնականում:
«Խոսքը քաղաքակրթության մասին է, որը բացակայում է մեզանում։ Բռնարարքների հիմնական պատճառը տվյալ ազգի քաղաքակրթության մակարդակով է պայմանավորված։ Ի՞նչ է, դուք կարծում եք՝ մեր դպրոցներն ու բուհերը կրթո՞ւմ են այսօր։ Վերցրեք մանկապարտեզը, թեկուզ ընտանիքը կրթո՞ւմ է այսօր երեխային: Հայաստանում կրթության մակարդակն այնքան ցածր է, որ դպրոցներում խորացված սեռական դաստիարակություն անցնելն ամոթ է համարվում։ Սակայն, հոգեբանի կարծիքով, պետք է ոչ թե խորացված կենսաբանություն ուսումնասիրել, այլ կարևոր է հոգեսեռական դաստիարակություն ուսանելը»,– ասում է Ռուբեն Պողոսյանը։ Միայն «հոգեսեռական» բառն ինչ ասես արժի… психологическое сексуальное թե՞ духовное сексуальное, դե արի՝ հասկացիր:
«Դրա մեջ մեղավոր են առաջին հերթին՝ պետությունը, ապա` հասարակությունը և բոլոր այն անձինք, ովքեր խոչընդոտում են մասնագետների աշխատանքը»,- ասում է Պողոսյանը: Ճիշտն ասած, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ մասնագետների ու ինչ գործունեության մասին է խոսքը:
Դպրոցներում ջհանդամը, գոնե բուհերում մի բան սովորեցնեն էս երեխեքին, համ էլ՝ էդ ո՞վ պիտի դպրոցներում նմանատիպ առարկաներ դասավանդի: Բարեկամուհիս, որի աղջիկը մի ժամանակ անցնում էր սեռական դաստիարակություն ու վարքագիծ, ասում էր՝ վարում է կենսաբանության դասատուն, որի ժամանակ սիրո մասին զրույցներ են անում լավագույն դեպքում, ու էլի խոսում «ադաթներից»: Մասնագետներ չունենք, հարգելի Ռուբեն Պողոսյան, հ/կ-ներն ունեն, ուղղակի նրանք պետք չեն մեր հասարակությանն ու պետությանը, ոչ ոք էստեղից նրանց չի ֆինանսավորում, դրսից ֆինանսավորվողներն էլ թելադրում են իրենց պայմանները: Ուրեմն, էդ «գրանտակերները»՝ բռնության դեմ պայքարող, սեռական դաստիարակություն ուսուցանող հ/կ-ները, ձեր սոցիոլոգներից հազար անգամ ավելի շատ բան են արել: Ուրեմն, էնքան են արել, որ հիմա դուք կարողանաք ասուլիսներ հրավիրել ու խոսել:
Աննա Ոսկանյանն օրինակ բերեց «Հ1»-ով ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը, որտեղ վերջերս մի հերոսուհու ծեծը և բռնաբարությունն են ցուցադրել: Նրա խոսքով, դիտելով այդ ամենը, լսարանի մոտ ձևավորվում է վարքային մոդել, որը նա կարող է օգտագործել իր կենցաղում:
«Հայաստանյան միջավայրում բոլորը փորձում են ստանալ այն՝ ինչ հնարավոր է, այն ձևերով՝ ինչով հնարավոր է: Բարձիթողի վիճակ է, ինչ ուզում` ցուցադրում են, ինչ ուզում` տարածում են: Երեխան ամբողջ ժամանակ գտնվում է արհեստական գայթակղության մեջ»,- ասաց նա: Զարմանում եմ, որ հենց էնպես ասելու ու ձևի համար են «կպնում» «Հ1»-ին: Ո՞վ չգիտի՝ «Հ1»-ն ումն է կամ ինչ է, տիկին Ոսկանյան, կարող եք անվանական անձամբ դիմել պարոններին՝ վերևներում:
Հայ ընտանիքներում, ըստ նրանց, աճել են բռնության դեպքերը։ «Եթե երեխան ծնվում է բռնությունից, անպայման շեղվում է այդ երեխան»,– ասում են նրանք: Բռնությունը միշտ էլ եղել է հայ ավանդական ընտանիքի օջախի հավերժ վառ կրակը: Այլապես մեր հլու-հնազանդ հայուհիները, տնից դուրս պրծնելով բաց ընկած մտրուկի պես, չէին ծեփվի էս պատից էն պատը, զբոսանավից՝ պարահանդես:
Հայաստանում բռնարարքն ամենուր է՝ փաստում է Աննա Ոսկանյանը։ «Եթե մենք քայլեր չենք ձեռնարկում, որ բռնացողը հասարակության կողմից բացասական արձագանքի արժանանա… Հայաստանում մարդիկ ստանում են այն, ինչ ցանկանում են։ Հայաստանում այսօր տեսնում ենք հետևյալը՝ մեզ ցույց են տալիս, մեր մեջ սերմանում են դա. «Տես, բալիկ ջան, ուժեղը ճիշտ է»: Եթե երեխան դիտում է ֆիլմ, որտեղ ծեծում և բռնաբարում են, և ոչ ոք չի բացատրում նրան, թե ինչու այդպես եղավ, երեխան սովորում է դա»,– ասում է նա: Պարզունակ է, բայց ճշմարտության տարր կա. ուղղակի ես դա միայն հեռուստատեսությանը չէի ուղղի, կուղղեի ողջ հանցագործ համակարգին, համակարգն է ուժեղի տիրապետություն սահմանել իր անպատժելիությամբ: Նորություն չէ, որ հեղափոխությունը պետք է սկսվի ընտանիքից: Ի՞նչ իրավունք ունի տղամարդը, որը բռնանում է իր կնոջ կամ երեխաների կամքի, խոսքի, վարքի ու գործողությունների վրա, բողոքել նույնից՝ իշխանությունների պարագայում: Չի կարող նման բան լինել, չի ստացվի:
Համաձայն եմ, որ քաղաքակրթության պակասից է նաև, բայց ամենամեծ հրեշը հասարակական անտարբերությունն է բռնության հանդեպ, համատարած ամենաթողության մթնոլորտն է, տղամարդու «ճշտի» անքակտելիությունն է, կնոջ խոհանոցատեղաշորային հավելումի օրինականացումը, որն իր մեջ արդեն իսկ պարունակում է դիսկրիմինացիա ու բռնություն:
«Այգ»-ի ավագ մասնագետ, հ.գ.թ. Պողոսյանն էլ իր հերթին, թե`. «Բռնությունն այն երևույթն է, որտեղ խոսք չկա: Տեսեք, ասում են՝ ավելի լավ էր՝ ապտակեր, քան այդ բանն ասեր, հետևաբար, ինչ-որ բան հասկացնելու համար պետք է ոչ թե բռնության դիմել, այլ ճիշտ բառեր ընտրել: Մենք խոսքի տիրույթն ենք մոռացել: Երբ ժողովուրդը մտնում է պատերազմի մեջ, նախ համաձայնում են հավաքվել ու խոսել, և եթե խոսքերով համաձայնության չեն գալիս, նոր են անցնում պատերազմի, իսկ խոսքը, իր հերթին, առաջացել է, որ մարդը տարբերվի կենդանական աշխարհից»:
Իսկ հոգեբանական բռնություն չէ՞ այդ նույն խոսքով բռնանալը: Ըստ քրեական օրենսգրքի՝ բռնությունը ֆիզիկական գործողություն է: Իսկ պատիժ կա՞ հոգեբանական ճնշումների ու բռնարարքների համար, պատիժ կա՞կնոջը տանը փակելու կամ մոր տուն գնալու համար գլխին շան լափ թափելու համար: Հենց էդ դեպքերի համար են ասել երևի. «Ավելի լավ էր՝ ապտակեր, քան այդ բանն ասեր»: Քրեորեն պատժվում է միմիան ֆիզիկական բռնությունը, էն էլ՝ ծիծաղելի պատժաժամկետներով: Մի երկիր, որ չունենա մանկապղծության համար ՀԱՏՈՒԿ օրենք, բռնաբարության համար ՀԱՏՈՒԿ օրենք, ընտանեկան բռնության համար ՀԱՏՈՒԿ օրենք, չի ունենա ոչ առողջ մանուկներ, ոչ առողջ կանայք, ոչ էլ առողջ հասարակություն:
Նորմալ մարդը հիմա իր երեխային հեռուստացույցին մոտ չի թողնում, որ զանազան «աննաներ» ու «որոգայթներ» նայի: Էստեղ կարելի է խոսել հասարակության ընդհանուր մակարդակի մասին, թե ոնց անել, որ հասարակության մեջ վատ բաների մոդաներին փոխարինեն լավ բաների մոդաները. բռնությունը՝ օգնությամբ, «քցելու» սովորությունը՝ բարեգործությամբ, ուժեղի հետույքը մտնելը՝ թույլին օգնությամբ:
Մասնագետների խոսքով, բռնության, մասնավորապես՝ սեռական բռնության պատճառ են դառնում հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումները, սերիալները, լրատվամիջոցների տարածած նյութերը:
Հարց չի՞ առաջանում, թե ինչու ողջ աշխարհում դրանք պատճառ չեն դառնում, մեզ մոտ՝ դառնում են:
Բանախոսները կարծում են, որ Հայաստանում օրենսդրական փոփոխություններ պետք է կատարվեն, որոնցով բռնությունների համար սահմանվող պատիժը պետք է խստացվի:
Մեջբերում «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի կայքէջից.
«ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլուխ
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլուխը ենթակա է փոփոխման`
ՀԿ-ն 2010 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին նախաձեռնել և պատրաստել է օրենքի նախագիծ` ուղղված ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի (Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ) հոդվածների լրացումներին ու փոփոխություններին»:
Լուսինե Վայաչյան
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
20 C
-
EUR 511.93 USD 12.87 USD 401.07
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ











