Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Լուսինե Վայաչյան
Իսկական գրողը գրում է, ճչում է նա` ով դիլետանտ է Փետրվար 25, 2011 | 13:06

Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Գյոթե-ինստիտուտից տարածքային համակարգողներ Բարբարա Վաթենդորֆն ու Քսենիա Ռըխլինան, «Մեդիա Քամփուս»-ից Յուդիթ Հոֆմանը՝ Մայնի Ֆրանկֆուրտի ամենամյա գրքի տոնավաճառի կազմակերպիչը, որը Գյոթե-համալսարանի գործընկերն է, հանդիպեցին այն մարդկանց հետ, ովքեր կազմում են հեղինակ-ընթերցող շղթայի օղակները:

- Մենք հանդես ենք գալիս Գյոթե-ինստիտուտի անունից և հովանավորում ենք նախկին Խորհրդային Միության երկրների հրատարակչական գործը: Հրավիրում ենք հրատարակիչների, որոնք շահագրգռված են գիտելիքներ ստանալ, և նրանց համար անցկացնում ենք սեմինարներ, մաստեր կլասներ և կոնֆերանսներ: Հիմնականում մեր ծրագրերն ուղղված են հրատարակիչներին, բայց վերջերս մենք նոր քաղաքականություն սկսեցինք, այնպես` ինչպես 2008 թվականին, երբ դեռ նոր էինք սկսել աշխատել, այն է` ներգրավել ոչ միայն հրատարակիչներին և իրացնողներին, այլ նաև գրողներին և նույնիսկ թարգմանիչներին: Ինչ տեսնում եք այսօր, մեզ հուշում է, որ հեղինակ-հրատարակիչ-գրախանութ-ընթերցող շղթան թույլ է: Մենք ուզում ենք կապ ստեղծել նրանց միջև և գտնել բոլորի շփման եզրերը,- ասաց Քսենիա Ռըխլինան:

- Ի՞նչ համագործակցություն է առաջարկում Գյոթե-ինստիտուտը, ինչպե՞ս է աջակցում հրատարակչական գործին ու ընդհանրապես` գրքին, գրողին, հրատարակչին, գրատանն ու ընթերցողին, – այս հարցով դիմեցի «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին:

- Գյոթե-ինստիտուտից եկել են Հայաստան, որպեսզի տեսնեն թե ինչով կարող են մեզ օգտակար լինել: Իսկ գրողներին դա կհետաքրքրի այն առումով, որ կան այնպիսի ծրագրեր, որոնց միջոցով գրողներն այցելում են Գերմանիա, էնտեղի գրողների մեջ ապրում են և փորձի փոխանակում անում: Դրա արդյունքում նրանք գրում են ստեղծագործություններ: Կան նաև ծրագրեր` ընթերցանության խթանման, մեծ սպեկտրներ ընդգրկող միջոցառումների ֆինանսավորման, ինչը որ անհրաժեշտ է գրողներին էլ, հրատարակիչներին էլ: Թարգմանություններ էլ են հովանավորում:

- Իսկ կոնկրետ «Անտարեսը. ի՞նչ քայլեր եք արել դուք, մեր վերջին հանդիպմանը համագործակցություն էիք առաջարկում գրողներին:

- Պատրաստվում ենք գրական հիմնադրամ ստեղծել, որպեսզի օգնենք մեր գրողներին դրսում ներկայանալ, քանի որ հայ գրողների համար ամենամեծ պրոբլեմը դրսում ներկայանալն է: Պետք է նպաստել, որ հայ գրողների լավագույն աշխատանքները ներկայացվեն աշխարհին, դրանք նաև շատ կարևոր պետական նշանակություն ունեն, այսպես կոչված` դեսպանիկներն են: Նրանք են մեր երկրի ներկայացուցիչներն արտերկրում ու այնտեղ կարող են ստեղծել պրոհայկական մտածելակերպ: Այս առումով դա պետք է հետաքրքրի պետությանը, սակայն չի կարելի թողնել միայն պետության հոգածությանը, նաև մեր խնդիրն է: Շատ պետություններ կան, որ խրախուսում ու հովանավորում են գրական հիմնադրամներին:

- Բայց չի՞ ստացվի` ոնց միշտ. հայավարի, ծանոթ-բարեկամով էդ հիմնադրամում անցնեն ոչ էն մարդը ու ոչ էն գիրը:

- Հենց խնդիրն այն է, որ հիմնադրամը և գրողները լինեն անկախ, ու որ ծանոթ-բարեկամ սկզբունքը չունենա ոչ մի ազդեցություն: Մենք դիմում ենք օտարերկրյա հրատարակչությանը, նրանք հովանավորում են, հոնորարը տալիս են գրողին, և մենք սկսում ենք զբաղվել թարգմանական գործերով, որը հրատարակչությունը վերահսկում է: Իսկ թարգմանությունը կատարվում է Հայաստանում: Այսինքն, ստացվում է` բացի գրողին գումար տալուց, գումար է ներդրվում նաև Հայաստանում լավագույն սևագիր թարգմանիչների համար: Այսինքն, արտերկրից գումարը գործի է դրվում Հայաստանում: Իսկ հրատարակչության շահը վաճառքից ստացված գումարներն են. չէ՞ որ նա է գտնում գրողներ, հովանավորում է նրանց` տպագրում նրանց գործերը: Այսինքն, շահույթը կլինի միայն լավագույն գործերից, և նա չի վերցնի և տպագրի այնպիսիները, որոնք պահանջարկ չեն ունենա: Ռիսկի գործոնը մեծ գործիք է, և երբեք արտերկրի հրատարակչությունը չի վերցնի և հրատարակի, եթե վստահ լինի, որ էնտեղ չի վաճառվելու այդ գիրքը:

Մենք չենք վերցնի գերմանացի գրողի գործ` նախապես կանխատեսելով, որ Հայաստանում չի վաճառվելու: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի մասին կամ Ցեղասպանության մասին պատմող գրքերը պետության շահերից են բխում` պետական հեղինակությունն արտերկրում տարածելու առումով, և դրանք վաճառվող գրքեր կլինեն, թե ոչ՝ էական չի: Բայց ոչ մի օտարերկրյա հրատարակչություն դրանով շահագրգռված չի լինի: Դա պետական հովանավորության կարիք ունի:

- Մեզ մոտ, որքան գիտեմ, չկա գրական գործակալների ինստիտուցիա, դրսում գրողներն ունեն գրական գործակալներ, ովքեր էլ զբաղվում են բոլոր հարցերով: Մեր գրողը չգիտի` ուր գնա, չգիտի` ինչ անի, ոնց անի, որ ընթերցվի: Էլ չեմ ասում, որ ոչ ոք էս երկրում իր գրչի շնորհիվ չի կարող ապրել, գրքի բիզնեսը Հայաստանում շատ թույլ է:

- Գրական գործակալների գործոնն էլ մեծ նշանակություն ունի, այո, Հայաստանում այդպիսիք չեն պատրաստում: Դրանով մեզ մոտ դեռ զբաղվում են բանասերները: Մի աղջիկ կա, սկսել է զբաղվել այդ գործով: Նա Փարիզում և Ժնևում պրեզենտացիաներ է նախատեսում, և այն գրողները, ովքեր նախօրոք պայմանավորվածություն ձեռք կբերեն, նրանց գործերը կներկայացնի:

- Գրողների միությունն ու նրա անփոփոխ հրատարակչությունը ինչո՞ւ տենդեր չեն հայտարարում պետական ֆինանսավորմամբ տպագրվող գրքերի հրատարակման համար: Դա շատ հարմար է «ուտելու» համար. գրողներ գիտեմ, ում վրա Գրողների միությունը ոչ միայն ծախել է տպաքանակի մի մասը, այլև նախատեսված քանակից քիչ է տպագրել:

- Հայաստանում գրողների միությունը, Ռաֆայել Իշխանյանի ասած` լինելով նաև կոշտ «ռ»-ով մտավորականների հավաքածու, շատ մեծ նշանակություն ունի իշխանությունների համար: Ճչացող մարդկանց թույլ իշխանությունը պիտի զսպի, որովհետև եթե էդ լաչառը ճչում ա, ոչ մեկը նրան չի լսի, նա կարա դեպի իշխանություն ճչա կամ ընդդիմություն: Գումարները տրվում են պետության կողմից, որպեսզի ճչա էնպես, ինչպես ուզում է իշխանությունը:

Իսկական գրողը գրում է: Ճչում է նա, ով դիլետանտ է, ով ծանոթ-բարեկամով է հասել ամեն ինչի: Իսկ գրողների միությունում շատ են էդպիսի գրողները: Իշխանությունն էլ էստեղ կամ էնտեղ է ուղղում այդ ճչացողներին: Մի երկու կոպեկ տալիս է և մանիպուլյացիա անում նրանց հետ:

Մենք չենք համագործակցում գրողների միության հետ, այլ` այնպիսի անհատ գրողների հետ, որոնք գրողների միության անդամ չեն: Ես դիմում եմ այդպիսի գրողներին` եկեք մեզ մոտ, դուք մեր աչքի լույսն եք: Մենք հնարավորություններ ունենք ձեզ խրախուսելու և ձեր գործերը մեծ տպաքանակներով վաճառելու: Կանենք այնպես, որ դրանք թարգմանվեն այլ լեզուներով, ներկայացվեն դրսում , բայց դրա համար անհրաժեշտ է համագործակցություն: Քանի դեռ դուք գնալու եք գրողների միություն կամ մի ուրիշ միություն, կամ թակելու եք կասկածելի բարերարների դռները, ամեն ինչ մնալու է այնպես` ոնց կա: Դա է պատճառը, որ Հայաստանում այս ոլորտը չի կայանում: Նենց չի, որ մենակ պետությունն է մեղավոր, հրատարակիչներս ու գրողներս էլ ենք մեղավոր: Մենք պետք է քայլ անենք:

- Ինչպե՞ս անենք քայլը:

- Ասեմ. էս շաբաթվա մեջ Անտարեսը հայտարարում և հովանավորում է լավագույն 20 պատմվածքների մրցույթը: Մրցանակներ էլ կլինեն, բայց ամենամեծ մրցանակն այն է, որ գիրք կտպագրվի այդ 20 ստեղծագործություններով, և մենք աշխատելու ենք, որ այդ գրքերը լինեն 500 գրադարաններում: Մենք այդ մասն ապահովում ենք: Բոլորը կարող են մասնակցել, ուղարկեք ձեր պատմվածքները: Ոչ մի տեսակի սահմանափակում չկա: Հրավիրել ենք ժյուրի՝ գրողների բոլոր տիպի գրական կառույցներից և մեծատառով պրոֆեսիոնալների՝ «Գրանիշից»՝ Արքմենիկ Նիկողոսյան, Արամ Արսենյան (թարգմանիչ), Արամ Աբրահամյան («Առավոտ» թերթի խմբագիր), Վաչագան Սարգսյան (գրականագետ, «7-րդ հրաշալիք» թերթի խմբագիր ), Սամվել Մկրտչյան (թարգմանիչ) ու Դավիթ Գյուրջինյան: Առաջին նպատակը դրսում ներկայանալն է, երկրորդը՝ որ գրողները կարողանան մասնակցել մրցույթին: Միայն սկսնակ գրողների մասին չի խոսքը: Կան դասականներ՝ հայ տաղանդավոր բանաստեղծներ ու գրողներ, որոնց մասին արտերկրում չեն լսել: Թումանյան, Չարենց, և այլն…

- Բայց մենք ունե՞նք միջազգային որակավորմանը համապատասխանող թարգմանական դպրոց, հրատարակչական գործի մասնագետներ, վաճառքի մասնագետներ:

- Մենք չունենք ծով, չենք կարող լավ նավաստի լինել, նույնն էլ` այս ասպարեզում. եթե չկա ձևավորված գրական ոլորտ , ինչպես՞ կարող ենք լավ թարգմանիչներ կամ հրատարակիչներ ունենալ: Մեզ մոտ` Հայաստանում մրցակցություն չկա: Բայց մրցակցության առկայության դեպքում որակապես աճ կգրանցվի թարգմանիչների մեջ: Երբ նա մենակ է, ապա իր վրա չի աշխատում: Մենք ունենք որակյալ թարգմանիչներ, բայց քիչ են: Մեզ անհրաժեշտ են այնպիսի թարգմանիչներ, որոնք կարողանան փոխանցել գրողի բոլոր ապրումները և դրանք այնպես ներկայացնեն, որ մատչելի լինի տվյալ մենթալիտետով երկրի հասարակությանը: Մենք կարող ենք աջակցել բոլորին: Ինչ հնարավոր է անել` կօգնենք: Մինչև մենք չզբաղվենք դրանով, մինչև սերմը չցանես` ծիլ չի տա:

- Գրադարանների մասին էլ ասացիք. պետք է նվիրե՞ք գրադարաններին, թե՞ այլ կերպ են գրքերը հասնելու գրադարաններ:

- Մենք ուզում ենք վաճառել` թեկուզ 10 դրամով: Մեր նպատակն է, որ գրքերը հասնեն ընթերցողին և գնահատվեն նրա կողմից: Որ հնարավոր լինի գոնե փաստաթղթերով վերահսկել:

Լուսինե Վայաչյան

Մալյար Սաքոն սեր է փնտրում Փետրվար 07, 2011 | 8:54

Հիշո՞ւմ եք, սովետական «Միայնակ կինը ցանկանում է ծանոթանալ» ֆիլմը: Էն տարիներին դա բացառություն էր նույնիսկ համեմատաբար ազատամիտ ռուսական իրականության մեջ, բայց ֆիլմից ոգևորված շատ ու շատ մարդիկ են համարձակվել իրենց երկրորդ կեսին փնտրել հայտարարությունների օգնությամբ:

Հետո հայտնվեցին հայտարարությունների թերթեր, հետո՝ ծանոթությունների կայքեր, զանազան ամուսնական գործակալություններ, ու կամաց-կամաց անձնական բնույթի հայտարարությունները տեղափոխվեցին վիրտուալ տարածք, համենայն դեպս` մարդկության ինտերնետային մասի համար:

Մի քանի օր է Ֆեյսբուքում շրջում է էս հայտարարության ֆոտոն՝ փակցված Երևանի շենքերից մեկի նրբանցքի պատին. «Հարկավոր է կինարմատ 35-45 տարեկան: Միայնակ»:

Առաջին ռեակցիան բոլորի մոտ պետք է որ նույնը լիներ՝ ժպիտ հայտնվեր դեմքիդ, ու անկախ քեզնից մանկականությունդ ու ռոմանտիզմդ արևի շողի պես ծիկրակեին երևանյան գորշ ձմեռվա ու նույնքան գորշ իրականության մշուշի միջով: Ինձ մոտ համենայն դեպս էդպես էր:

Զանգեցինք էդ հեռախոսահամարով:

Զանգից ոգևորված տղամարդը սկսեց անկեղծանալ. «Ես 44 տարեկան եմ, անունս Սաքո ա, իմ խելքով եմ հայտարարությունը գրել, վաբշե մալյառ եմ, բայց ինչ գործ պատահի անում եմ` ապրանք եմ բարձում, ջրի տրուբեք եմ սարքում: Օրը 4000-5000 դրամ աշխատում եմ: Բաժանված եմ , 2 երեխա ունեմ, կինս լիրբ էր՝ բաժանվեցի, տղես բանակ պիտի գնա հեսա, էդ կնիկս էլ աղջկաս հետ ուզում են գնան` Ֆրանսիա ապրեն: 2 տարի ա, որ բաժանվել եմ:

Եսիմ ինչ կին կուզեմ լինի: Դե’ ես կոլոտ եմ, նենց՝ նորմալ, ոչ սիրուն եմ, ոչ գեշ, ինքն էլ թող միջահասակ լինի, ոչ չաղ, ոչ նիհար, ամենակարևորը` մաքրասեր լինի ու լավությունը հասկացող, որ ես իրան պենուառ կամ կնիկական մի բան նվեր տամ՝ գնահատի:

Ապրում եմ Կինոհայրենիքի քաղմասի հետևի տներում, տունս 2 սենյականոցա, որ գաք` կտեսնեք ինչ մաքուր ա: Էդ հայտարարության ձեռը կրակն եմ ընկել, հա զանգում են, ով ասես, ռուսերեն էին խոսում մի անգամ, ոնց հասկացա ագենստվայից են, էն որ պսակում են փողով, ես էլ լավ չեմ էլի’ ռուսերենից, կարգին չջոկեցի` ինչ են ասում:

Էս քանի օրը էնքան կանանց ու աղջիկների եմ հանդիպել, վերջինը մի 25 տարեկան աղջիկ էր: Դրա խոսալը լսեիր, հագածը տեսնեիր… Դրան որ տուն բերեի` ինձ ինֆարկտը կխփեր: Թող ամուսնացած – բաժանված լինի , բայց մաքրասեր ու գնահատող լինի: Եսիմ է’, հիմնականում փչացածներ ու լրբեր են զանգում, ինձ տենցը պետք չի:

Էնքան ման կգամ, մինչև իմը կգտնեմ: Ես հավատում եմ էդ սեր ասվածին, բայց դե ինձ համար եփել-թափելու մոմենտն ավելի կարևոր ա, ես մաքրություն անում եմ, բայց կարգին չեմ կարում ճաշ եփեմ, փիս ա ստացվում, ստիպված տալիս եմ շանը, էն էլ չի ուտում: Եսիմ, ուզում եմ լավ մարդ լինի կողքիս էլի’, մենակ չլինեմ»,- ասում էր մալյար Սաքոն:

Ինչ-որ սիրուն բան կա չէ՞ էս ամեն ինչի մեջ, անձնական երջանկության ռոմանտիկ փափագ, վայրի վստահություն խելահեղ թվացող նախաձեռնության հաջող ավարտի մեջ:

Բայց մեզ շրջապատող իրականությունը դարձել է մանկությունից պատանեկություն անցման շրջանի տարիքի երեխաներին հատուկ ամեն ինչ զավեշտի վերածելու, քեզնից սոցիալական ու մտավոր ունակություններով տարբերվողի վրա «ղժժալու» սովորության գերակայության իրականություն, իսկ այդ տիպի սարկազմը դաժան է, կարող է վատ հետևանքներ ունենալ մարդու համար:

Բնական է, ռուսերեն խոսողները «Ռադիո ՎԱՆ»-ի հաղորդավարներն էին. Գլումովն ու իր ընկերը էլի «глумиться» էին անում խեղճ մարդու վրա, որը ռուսերեն շատ վատ էր հասկանում ու խոսում, ինչպես մի քանի ամիս առաջ դա անում էր էդ նույն Գլումովը «Շանթ» հեռուստաընկերության X-Factor երաժշտական հեռուստաշոուի Իսահակ անունով երաժշտական լսողության ֆիզիկական թերություններ ունեցող մասնակցի հետ: Ու ողջ ինտերնետը «ղժժում» էր տղայի վրա: Չեմ հասկանում` ոնց, բայց տղան մասնակցում էր ամանորյա եթերին՝ էլի ադեկվատ չէր ընկալել տեղի ունենալիքը, իմ կարծիքով:

Ո՞նց կարելի է ծիծաղել մարդկանց վրա էդ կերպ, ո՞նց կարելի է ծափահարել էդ անողներին ու լավ զգալ դրանից: Մի՞թե առողջ հասարակությունում էդպիսի բաները ողջունվում են: Բայց ի՞նչ եմ խոսում, ի՜նչ առողջ հասարակություն, ի՜նչ բան:

Սաքոյից, ով ընդամենը անձնական երջանկություն է փնտրում, կին, կողակից, ոնց կարողանում է, իրեն հասանելի միջոցներով ու մեթոդներով, ոնց ինքն է ասում` «իմ խելքով»: Հետո՞ ինչ, որ նրա խելքը կտրեց հայտարարություն գրել ու փակցնել փողոցում, այլ ոչ թե օդնոկլասսնիկներում ու ֆեյսբուքներում աղջիկ կպցնել բոլորի նման: Վախենամ՝ շուտով նոր շոու ստանան, կանչեն ռադիո ու հեռուստաշոուների, նույնիսկ հասնեն աբսուրդի ու, առանց հաշվի առնելու մարդու ազնիվ մղումները, ազգովի ծիծաղեն նրա վրա: Ինձ համար մարդու վրա ծիծաղելը մեղք է, հետո՞ ինչ, թե նրա մտահորիզոնն ու աշխարհը իմից չեն, պարզունակ են ու արտաքինից կոպիտ, բանվորական հագուստով, բայց հաստատ Գլումովից նուրբ են ու մաքուր ներքուստ: Իսկ բոլոր նրանք, ովքեր ծիծաղում են էսպիսի մարդկանց վրա, ծափահարում են զավեշտին, իմ արժեքային համակարգով մալյար Սաքոյից շատ ցածր են:

Թող Սաքոն գտնի իր կողակցին, հետո մենք կծիծաղենք ձեզ վրա, «ղժժացողներ» ջան:

Լուսինե Վայաչյան

Եթե Facebook-ը լիներ ոչ վիրտուալ…. Փետրվար 02, 2011 | 8:50

Facebook-ն աշխարհի ամենամեծ ու արագ աճող սոցիալական ցանցն է, որի օգտատերերի թիվն անցնում է 600 միլիոնը: Եթե Facebook-ը լիներ ոչ վիրտուալ տարածք, ապա կլիներ բնակչությամբ երրորդ երկիրն աշխարհում:

Facebook-ում գրանցված մարդկանց թվով Հայաստանը 124-րդն է ցանցում ներկա` 213 երկրներից: Հայաստանյան 1.5 մլն ինտերնետ-օգտվողներից 120 000 Facebook- ի օգտատերեր են, նկատվում է նաև աճի թռիչքային ավելացման տենդենց՝ մեկ ամսվա մեջ 20 000 մարդ է ավելացել:

Դժվար է պատկերացնել այսօր մեկին, ով կարողանում է գոնե զննարկիչը՝ browser-ը աշխատացնել, որ լսած չլինի Odnoklassniki.ru-ի ու Facebook-ի մասին: Odnoklassniki.ru կայքի կոնտինգենտը ինտելեկտուալ ու սոցիալ-հասարակական առումով զգալիորեն տարբերվում է ֆեյսբուքի կոնտինգենտից, օգտագործման նպատակներն էլ տարբեր են: Նաև դժվար է պատկերացնել Odnoklassniki.ru-ում ինչ-որ ակտիվ հասարակական քննարկումներ, ինչն անպակաս է Facebook-ում, գոնե էն հատվածում, որը ես սիրով անվանում եմ Ֆեյսբուքահայաստան:

Odnoklassniki.ru-ն արդեն իսկ վեր է ածվել ծանոթությունների կայքի, լավագույն դեպքում, որովհետեւ լիքն են սեռական առաջարկներով անկետաները, ասես բոլորովին բացակա է ինչ-որ ցենզուրա: Նաեւ ասում են, որ կայքն ամբողջությամբ վերահսկվում է ռուսական КГБ-ի կողմից, հետևաբար՝ այն երկրների տեղական ԱԳԳ-ների կողմից, ովքեր «ռուսահպատակ» են: Ես դրա մասին գիտեմ ոչ ասեկոսեներից. ադբեջանցի մի աղջիկ, որի հետ ծանոթացել էի Վրաստանում, ու հետո ընկերացել էի նաև Odnoklassniki.ru-ով, որի հետ միայն անձնական «ոնց ես ինչ կա-չկա»-ի կարգի զրույցներ ենք միայն արել, հանկարծակի ջնջեց ինձ իր ընկերների ցուցակից: Հետո իմացա, որ ադրբեջանական ԱԳԳ-ն կանչել է նրան ու պահել մի օր էնտեղ: Բնականաբար, մեր ԱԳԳ-ն էլ է Odnoklassniki.ru-ից օգտվում իրեն հարկ եղած ինֆորմացիան ստանալու համար: Դրա համար են գրանցվելուց հեռախոսիդ համարի վրա ծածակագիր ուղարկում՝ ճշտելու ինքնությունը:

Odnoklassniki.ru-ում ես կամ, կան մարդիկ, ովքեր միայն էդտեղից են կարողանում օգտվել, ու կապը նրանց հետ միայն էդ կայքի միջոցով կարող եմ պահպանել: Գոյություն ունի ինտերնետային սնոբիզմ՝ ֆեյսբուքցիները «օդնո»-ն համարում են «անմակարդակ», բայց միայն դա չի, որ շատերին համոզում է Ֆեյսբուքի գերադասության մեջ Odnoklassniki.ru-ի նկատմամբ: Ավելի կարևոր է անվտանգությունն ու անձնական ինֆորմացիայի պաշտպանվածությունը սոցիալական ցանցերից օգտվողների համար: Ֆեյսբուքի էդ համակարգն էլ իհարկե, կատարյալ չի, զանազան ենթածրագրերի օգնությամբ հնարավոր է օրինակ՝ ստանալ ձեր անձնական տվյալներն ու անցուդարձը, երբեմն պատին տեսանյութ է դրված լինում, որը սեղմելով համակարգիչ են ներթափանցում վիրուսներ: Facebook- ի անվտանգ լինելու առասպելը սուտ է:

Ըստ CNET-ի, չնայած դեռ չկա պաշտոնական հաստատում ընկերության կողմից, Facebook-ը բանակցություններ է վարում ինտերնետ մեդիայի այլ ազդեցիկ դերակատարների հետ՝ գործընկերային համաձայնություններ ձեռք բերելու համար, որպեսզի այլ կայքեր նույնպես իրենց նյութերի քննարկման կարողանան ներդնել Facebook շարժիչը:

Այդ ամենն, իհարկե, կարագացնի ցանցային ինտեգրացիան, բայց ի՞նչ են անելու, անանուն մեկնաբանությունների հետ, չէ որ Facebook-ում nick-երն արգելված են:

Կա մի բան, որ ինձ, որպես օգտատեր անհանգստացնում է՝ իսկ չի՞ լինի էնպես, որ իմ ֆեյսբուքյան մեկնաբանությունները հայտնվեն որոնման համակարգերում կամ այլ սոցիալական վիրտուալ տարածքներում, չէ՞ որ ֆեյսբուքյան իմ անձնական տարածքը իմն է, ու ես եմ որոշում ինչը ում ցույց տամ, իսկ այս դեպքում, վախենամ շատ «թափանցիկ» դառնա ամեն ինչ:

Ոչ էնքան վաղուց մի լուր էլ լսեցի, որ ինձ վրդովեցրեց. ըստ The Wall Street Journal-ի, Facebook-ի օգտատերերը շուտով ակամա գովազդ կցուցադրեն իրենց ընկերներին: Գլխավոր էջում(home) կցուցադրվեն գովազդներ, որոնք կապված են օգտատերերի հավանած կամ մեկնաբանած որևէ բրենդի հետ:

«Հովանավորված պատմությունները» կերևան գլխավոր էջի վերին աջ անկյունում` այլ հայտարարությունների հետ միասին: Գովազդներում կնշվի նաև օգտատիրոջ անունն ու նկարը: Օգտատերերը չեն կարողանա անջատել այս ֆունկցիան ու դադարեցնել իրենց անվան ու նկարի օգտագործումը: Ըստ իս, դա խախտում է իմ իրավունքները` որպես օգտատեր:

Նշենք, որ Facebook-ի գովազդային եկամուտն անցած տարվա ընթացքում կազմել է 1 մլրդ 860 մլն դոլար, որի 60%-ը ստացել է միջին ու փոքր բիզնեսի գովազդատուներից:

Facebook-ի առավելությունները շատ են, բայց որքան շատ են նրա թերությունները: Ու զարմանալին էլ այն է, որ կարծես թե գնալով պետք է, որ ավելի հարմար դարձնեն օգտվելը օգտատերերի համար, իրականում գնալով բարդացնում են, գուցե հարմրարացնելով իրենց, կամ գուցե՞ անվտանգության ծառայություններին:

Թերությունները՝ «անցքերը» շատանում են: Օրինակ, առաջ ես կարող էի փնտրել իմ հղումները առանձին նախատեսված «հղումներ» բաժնում, հիմա չեմ կարող: Առաջ մարդու ստատուսը երևում էր հենց մտնում էիր նրա էջը, հիմա պիտի ման գաս, տեսնես ի՞նչ ա ստատուսը: Առաջ քեզ խումբ ավելացնելու համար հրավեր էին ուղարկում, հիմա նայում ես տեսնում գցել են ինչ-որ խումբ, ու քեզ էդ խմբերից անդադար հաղորդագրություններ են գալիս: Էլ չեմ ասում, որ վերցնում ու նշում են խմբակային նկարի վրա, ու Facebook-ի աջ անկյունում կարմրում ու կարմրում է անդադար:

Համացանցային մարկեթինգ, նորագույն տեխնոլոգիաներ… Էլի լավ է, հնարավորությունները մեծ են, բայց, կներեք, ինչի՞ պետք է ես ամեն օր նամակներ ստանամ զանազան կայքերից իրենց նյութերի հղումների տեսքով բավականին մեծ քանակությամբ կամ անդադար գովազդ: Դա արդեն ներքին կուլտուրայի հարց է, որը կարծում եմ էդ շուկայում պետք է, որ ինչ-որ կերպ ներկա լինի, բայց չկա:

Նաև մեկնաբանման համակարգում լավ կլիներ մի քանի փոփոխություն մտցնեն Facebook-ի շեֆերը, ենթածրագրերին «դաբրո» տալու փոխարեն: Օրինակ՝ «չեմ հավանում» կոճակի անհրաժեշտությունը զգում են բոլորը: Նաև ցանկալի կլիներ հղման դեպքում լիներ հնարավորություն «հավանում եմ» կոճակի փոխարեն լիներ երկու կոճակ՝ «հավանում եմ հոդվածը», «հավանում եմ բովանդակությունը», որպեսզի անհեթեթություններ չստացվեն հղումը հավանած մարդկանց մեջ, որի բովանդակությունը հեչ հավանելու բան չի, մարդիկ նկատել են որպես լուր կամ շարադրանքը: Հնարավոր է նաև «նկատել» տարբերակը:

Բայց Facebook-ի ամենամեծ թերությունը ադմինիստրացիայի և օգտատերերի հետ ուղղակի կապի դժվարությունն է, համարյա անհնարինությունը, քանի որ էդ «անցքերը» թույլ են տալիս մի քանի բողոք-հայտերով զրկել մարդուն իր էջից, ջնջել Facebook-ից, ինչպես արել են շատ ու շատ պոպուլյար օգտագերերի հետ արդեն: Մի քանի տեղ հղում են տեղադրում, էդ մարդու անձնական էջին հղումով ու գործողությունների շարքով: Չգիտեմ քանի բողոք պետք է անել, որ էջը փակեն:

Հաշվի առնելով, որ Հայկական Facebook-ը շատ է տարբերվում մնացածներից՝ նայած բնակչության քանակին օգտագետերերի թիվը մեծ է, մեծ է քաղաքական, հասարակական ու քաղաքացիական ակտիվությունը Facebook-ի տարածքում, բնականաբար՝ սուր իրավիճակների, ինչպես նաև անձնական հակակրանքի հետևանքով զանազան թշնամական գործողությունների հավանականությունը: Իմ կարծիքով, ժամանակն է Facebook-ի ղեկավարությանը պարզեցնել կապն իրենց հետ ու դարձնել ավելի կոմունիկատիվ ու մարդկային, որպեսզի չնպաստի դավադրություններին:

Մի խոսքով, ես դժգոհ եմ Facebook-ից, ու գնալով դժգոհությունս աճում է:

Լուսինե Վայաչյան

Ծերուկների «ՇԿԻԴ հանրապետություն»-ը, կամ՝ մինչև մահը գա Դեկտեմբեր 22, 2010 | 8:32

Այսօր առավոտյան օրս սկսեցի «ՇԿԻԴ հանրապետությունը» ֆիլմով, ու ակամայից սկսեցի զուգահեռներ անցկացնել: Երբ երեխան ընկնում է մանկատուն, նա գիտի, որ կյանքն առջևում է, իսկ երբ ծեր մարդն է ընկնում ծերանոց, նա էնտեղ սպասում է, մինչ իր երկրային կյանքն ավարտվի…

Չորրորդ գյուղում գտնվող, ինչպես իրենք են ասում, ծերերի տունը, բավականին մեծ համալիր է` բաղկացած տարիքավորների՝ ծերերի և անօթևանների ապաստաններից: Ծերերինն իր հերթին ունի երկու բաժանմունք՝ համեմատաբար առողջների ու անկողնային ծերերի, որոնց խնամք է պետք, ինչպես նրանք են անվանում՝ «հիվանդանոց»-ը: Խնամում են սանիտարներն ու բուժքույրերը՝ օրը երեք անգամ տակդիրներն են փոխում, հաց են ուտացնում: Բայց միևնույնն է, անկողնային ծերերին խնամելը շատ բարդ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ սանիտարների աշխատավարձը 40000-ից չի անցնում, այսինքն՝ օրական 1000 ու մի քիչ ավել դրամով այդ սանիտարները խնամում են այնպիսի հիվանդների, որոնց խնամքի համար դրսում վճարում են ժամը 1000 դրամ: Բաժանմունքում ծանր հոտ կար. ծերերի, վատ պայմանների, կերակուրի միախառնված հոտն անտանելի էր։ Ասում են, որ այդ շինությունը ի սկզբանե սխալ է սարքված, օդափոխման համակարգը բացակայում է, դրա համար էլ ծանր հոտը չի անցնի ինչքան էլ մաքրություն անեն: Բայց այդ դեպքում կարելի է գոնե անկողնային բաժանմունքը տեղափոխել մեկ այլ մասնաշենք. մարդկային տարրական պայմաներից զուրկ բնակտարածքում անօգնական մարդկանց պահելը մեղք է։ Ի վերջո այստեղ մարդիկ են, որ դուրսուներս անել չեն կարողանում ու դատապարտված են զօրուգիշեր գարշահոտ շնչելու։

6 մասնաշենքից 2-ն է վերանորոգված. 2009 թ.-ից արդեն գործում է ջեռուցման համակարգը։ Նոր տնօրենը ԲՀԿ-ից Արմեն Գյուրջյանն է, որի նշանակվելուց հետո բոլոր սենյակներին Ծառուկյանը հեռուստացույցներ է բաժանել: Վերանորոգել ու կահավորել են ընդհանուր միջանցքը և որոշ սենյակներ. հիմա վերանորոգված սենյակները մեկումեջ են: Բնակիչները հպարտությամբ ցույց էին տալիս կենտրոնական ջեռուցման ռադիատորները:

Ծեր խնամյալների թոշակներից 8000 դրամ պահվում է նրանց սննդի համար, մնացածը նրանք ծախսում են ինչի վրա ուզում են: Չնայած բուժկետերում դեղորայքի,տակդիրների առատություն էր տիրում` դեղորայքի համար ծերերից յուրաքանչյուրին նախատեսված է օրական 46 դրամ, այսինքն՝ ամսական 1380 դրամ: Էդ ի՞նչ դեղորայք կարելի է գնել այդ գումարով, էն էլ ծերերի համար, որ հազար ու մի հիվանդություն ունեն: Բուժանձնակազմը շատ դժգոհ է դրանից, քանի որ երբ թանկ դեղ է պետք լինում, նրանք ստիպված ընդհանուրի են բերում հաշվարկները, որպեսզի կարողանան մի հիվանդին հատկացնել իր թանկ դեղամիջոցը:

Ծերերն ամենից շատ ուշադրության կարիք ունեն. Լենա տատիկը Լենինականից է, ծնվել է 1936թ., ունի երկու որդի, երկուսն էլ ապրում են Երևանում: Ավարտել է Լենինականի բուժտեխնիկումը, ողջ կյանքն աշխատել է հիվանդանոցներում որպես բուժքույր, մեծ մասը Մանկական հիվանդանոցում, եղել է միակ մանկական մասսաժի մասնագետը, և իր մասնագիտությունը սովորեցրել է նաև ուրիշ շատերին։

«Ես շատ լավ եմ ապրել, ամուսինս ինձ շատ լավ է պահել: Տղաներիս երկուսին էլ պարապել եմ տվել, պոլիտեխնիկ են ավարտել: Հետո մեկը գնաց Գերմանիա, էստեղ իրա նկարը մի աղջկա ցույց տվեցի՝ հավանեց, համաձայնվեց ամուսնանա, նշանդրեք արեցի առանց տղուս, ասում էին՝ բա փեսեն ո՞ւր ա, նկարն էի ցույց տալիս: Տենց ամուսնացրեցի տղուս հեռակա: Հետո էլ փոքր տղուս ամուսնացրեցի: 1998թ. թողեցի փոքրին ստեղ ու գնացի մեծիս մոտ, ապրեցի ընդեղ 3 տարի, հետո 2001-ին եկանք Հայաստան: Եկա տեսնեմ, երեք տունս էլ ծախել են երեխեքը: Թե ո՞նց են ծախել առանց ինձ, չգիտեմ, բայց իրավաբանն ասեց, որ ինչ-որ բան փոխելու համար արդեն ուշ ա», – պատմում է Լենա տատիկը:

Հետո փոքր տղան գնացել է Ամերիկա, տարիուկես մնացել ու հետ էր եկել ինչ-որ գումարով, որով էլ Մալաթիայում տուն են գնել: Էդ տունն էլ, չգիտես ինչու, վաճառել են ու ծաղկանոցներ գնել, որն էլ էլի չկա՝ ընկել են ինչ-որ մախինացիաների մեջ: Հիմա մեկն ապրում է Աբովյանում `վարձով, ինքն էլ մյուս տղայի զոքանչի տանն է ապրել:

«Ես 30 հազար թոշակ էի ստանում, համ էլ երեխա էի պահում, 30 հազար էլ տեղից էր գալիս, սաղ տուն էի տալիս: Բայց տղուս զոքանչը դժգոհ էր, ու հա ասում էր, թե ես ինչի՞ պետք ա իրա տանն ապրեմ: Հետո բարի մարդիկ խորհուրդ տվեցին դիմել ծերանոցի համար: Հիմա ստեղ իմ առաջին Նոր Տարին եմ դիմավորելու: Լավ ա ստեղ լինեմ, քան խալխի մուննաթը վրես լինի: Զոքանչը անկողինս պատուհանից դուրս էր գցել, ո՞նց մնայի: Տղես ասում էր, որ իրանք աշխատանք չունեն, ես էլ թոշակ եմ ստանում, համ էլ էդ երեխու փողը, ասում էր՝ մի գնա, մենք չենք կարա ապրենք: Մի քիչ փող ունեի հավաքած բանկում, էդ էլ Մալաթիայի տան վախտերով հլա առան ձեռիցս, ավտո առան, տարան խփեցին` սարքեցին «գարմոշկա»… Իրար միս էին ուտում, կռվում էին, հիմա չեն խոսում իրար հետ: Մայրը պիտի ջիգյար չունենա, որ ջիգյար ա ունենում, սենց ա դառնում՝ ընկնում ա չոլերն ու առանց կոպեկ»:

Մի խոսքով, Լենա տատիկը հայտնվել է ծերանոցում իր տղաների անխոհեմ գործարքների և նրանց անկարգ ու անբարո վերաբերմունքի շնորհիվ՝ իրար ու մոր նկատմամբ: Նա տղաներին արգելել է այցելել իրեն, մեկ-մեկ մեկը զանգում է, իսկ մյուսից նա տեղեկություններ է ստանում քրոջ աղջիկներից, որոնք շփում ունեն որդիների հետ:

Իրինան՝ Իրա, ինչպես նրան անվանում են բոլորը, կուլտուրայի բաժնի վարիչն է պաշտոնապես, իսկ իրականում` ծերերի միակ ուրախությունը, նրանց ժամանցի կազմակերպիչը, այլ կերպ ասած՝ «կուլտմասսովիկ», հոլի պես պտտվում է ծերանոցով, բոլորը նրան ժպտալով են ողջունում, երևում է, որ սիրում են, հարցնում են, թե ե՞րբ է շաբաթը գալու, որովհետև շաբաթ օրերին համերգ է լինում իրենց մոտ, ամեն անգամ գալիս են տարբեր կազմակերպություններից, երիտասարդներ, երեխաներ ու ուրախացնում են ծերերին:

Դե, իսկ ծերերն էլ տարբեր են լինում, ինչպես բոլոր մարդիկ: Կան կռվարարներ՝ սկանդալիստներ, որ ամեն ինչից դժգոհ են, կան լավատեսներ, ովքեր նույնիսկ էս իրավիճակում հետաքրքրություններ են գտնում, զբաղվում են ինչ-որ բանով, կան էնպիսինները, որ ուղղակի ավլում են, գործում են, մեկը միջանցքում արդուկի սեղան էր դրել ու արդուկ էր անում, մյուսը՝ կերակուր էր պատրաստում, ավելի ճիշտ ճաշարանի կերակուրն էր «տան համի սարքում» սոխառածով, համեմունքներով համեմելով: Նույնիսկ սիրահարվում են ու ամուսնանում, ոմանք մի քանի անգամ:

«Մի կին ունեինք, ամիսը մեկ ամուսնանում էր, կրակն էինք ընկել: Ես եմ իրենց «ամուսնացնում», սկզբում, ոնց որ ԶԱԳՍ-ում են անում, ժամանակ եմ տալիս մտածելու, հետո «ամուսնացնում» եմ ու առանձին սենյակ տալիս: Եթե յոլա են գնում՝ ապրում են, կան, որ շատ երկար, ոնց որ Էմմա տատիկն ու Կառլեն պապիկը, նրանք միասին են արդեն 10 տարի, փախստականներ են Բաքվից, ծանոթացել են Դիլիջանում, հետո տեղափոխվել են էստեղ: Գնանք, ինքներդ կտեսնեք», – ասում է Իրան:

Մտանք սենյակ, որը հանրակացարան էր հիշեցնում` երկարուկ` մոտ 18 մետր, իր սանհանգույցով, և, ի տարբերություն նախկինում տեսածներիս, առանց վերանորոգման: Ծերուկները որքան կարողացել էին տան շնորհք էին տվել սենյակին, ինչ-որ տնական մանր-մունր բաներ արել: Տուն ա էլի, ուղղակի փոքր շատ: Բայց իրենք ասում են, որ գոհ են:

Ծանթոցանք նաև Ջեմմա տատիկի ու Մնացական պապիկի հետ: Նրանք ծանոթացել ու «ամուսնացել» են հենց էս ծերանոցում:

«Սկզբում իջնում էի Ջեմմայի մոտ կոֆե խմելու, հետո էլ տենց էլի, գցեցինք-բռնեցինք, որ ավելի լավ կլինի միասին ապրենք, մի տան նման: Հիմա լավ ա սենց, ավելի ուրախ ա», – ասում է Մնացական պապիկը, «Մենակ թե էս կնիկը դադար չունի, հա գործ ա անում, լվացքը տանում – անում են մեզ համար, բայց ինքը մեկ ա՝ դնում ա ու ստեղ ա անում»: Իրոք, գոգնոցը հագին ու նորահարսի ժպիտով Ջեմմա տատիկը արդուկում էր ամուսնու շալվարը: Բալկոնը վեր էին ածել խոհանոցի, չորանոցի, սրճարանի, ինչի ասես, սիրով համաձայնվեցին լուսանկարվել:

Տուն-ինտերնատ գործուղում են սոցիալական ծառայությունները խնամյալի դիմումի համաձայն: Բայց, ըստ մեր ունեցած տեղեկությունների, այստեղ ընկնելու համար հարկ է մի կլորիկ գումար վճարել, այլապես կարող ես անհույս սպասել «քո տեղին»։

Լուսինե Վայաչյան

Ֆոտոակնարկը Սվետլանա Անտոնյանի ©Ocean

Ocean-ի «Ճակատային մերկություն»-ը Նոյեմբեր 24, 2010 | 17:27 Լուսինե Վայաչյան

Հայրն աղջկան անվանեց Սվետլանա, բայց բնավ՝ ոչ այդ անվան մեջ եղած լույսը տեսնելու համար, այլ, որովհետև անհաջող սիրո անունն էր: Կինը գիտեր այդ մասին, ու երեխային տարօրինակ էր վերաբերվում: Սիրում էր, իհարկե, բայց ամեն անգամ «Սվետա» կանչելով ամուսնու սիրած ռուս աղջկան էր հիշում, ու հոգին տակնուվրա էր լինում: Փոքրիկ աղջիկն այդ մասին չգիտեր, ու կարծում էր, որ մայրն իրեն չի սիրում… Նա օտարված է եղել մորից, ու գրեթե չի կիսվել նրա հետ, երբ յոթ տարեկանում սիրահարվել է, ու ինչ- որ անհանգստություն է զգացել, ու չի հասկացել իր հետ ինչ է կատարվում, վախեցել է պատմել այդ մասին մորը: Բայց մայր ու աղջիկ սիրում էին իրար, սիրում էին քնել իրար փաթաթված…

Մինչև, օրերից մի օր, երբ նոր էր սկսվել պատերազմը, 19 տարի առաջ հենց այս օրը Սվետայի մաման Մեղրուց գնաց Երևան ու էլ հետ չվերադարձավ… Նրան, ընկերուհուն ու ընկերուհու ամուսնուն, ով Կամազի ղեկին էր, ադրբեջանցի ավազակախումբը գերի վերցրեց Երևան-Մեղրի ճանապարհից:

Սվետան մորն այլևս չտեսավ:

Քույրերը՝ փոքրը վեց տարեկան, Սվետան՝ ութ, տեղափոխվեցին ապրելու տատիկի մոտ:

- Ես ընկել էի ազատության գիրկը, քանի որ տատս ու պապս աշխատում էին, ժամանակ չունեին մեզանով զբաղվելու, ու էդ ազատությունն ինձ տալիս էր հնարավորություն իմ ներսի ցավը մեղմելու, մտքերը ցրելու ու պատնեշ դնելու իմ ու անցյալի միջև: Խաղերն ինձ օգնում էին ցրվելու, բայց երբեմն հարցեր էին առաջանում, ու երբ ինձ նեղացնում էին, էդ ժամանակ ես զգում էի, թե որքան մենակ եմ, սկսում էի մտածել կյանքիս մասին, իմ մեջ վերլուծել:

Ու էդ տարիքում նա մերժեց Աստծուն։ Աղջնակը նեղացել էր Աստծուց ու պարփակվել իր մեջ: Հույսը դրել էր միայն իր վրա, իսկ երբեմն – երբեմն նույնիսկ ինքնասպանության փորձերի էր դիմում: Բայց ինչքան էլ դժվար լիներ էդ ժամանակահատվածը, նա միևնույն է՝ միշտ սիրել է կյանքը, ու միշտ մտածել, որ մարդը հենց էնպես չի ծնվում`յուրաքանչյուրը ծնվել է ինչ-որ նպատակի համար:

«Ես իմ դառը փորձից հասկացել եմ, որ էդ ամեն ինչը իզուր չէր, որ դրանք փորձություններ են, ու պետք է հաղթահարվեն, որ ամեն ինչ իրականում չարի ու բարու կռիվն է: Որոշել եմ գտնել իմ առաքելությունն այս կյանքում: Ու քանի որ դա հեռավոր երազի նման է եղել, որոշել եմ համբերատար սպասել, հարմարվել պայմաններին», -պատմում է Սվետան:

Հենց պատանեկության տարիներին էլ առաջին անգամ լուրջ զգացմունք է ծագել աղջկա նկատմամբ: Ու նա հասկացել է, որ փոքր ժամանակ էն տարօրինակ զգացումը, որ իրեն անհանգստացրել է, սիրահարվածություն է եղել, մի տարբերությամբ, որ ոչ թե տղաների է սիրահարվում ինքը, այլ՝ աղջիկների:

«Ես ապրում էի գավառում ու միշտ էլ մտածել եմ, որ իմ նման մարդիկ հիվանդ են: Ես ինձ հիվանդ էի զգում, ուրիշ, օտարացած թե օտարացված հասարակությունից, միևնույնն է: Ինձ թվում էր, ես երբեք չեմ կարող ընդունվել հասարակության կողմից. Եթե մնամ էնպիսին, ոնց կամ, ոնց ստեղծել ա ինձ Աստված, թե բնությունը, որ չեմ կարող բացահայտ սիրել, քանի որ ուզում եմ սիրել աղջկա, երջանիկ լինել, ի վերջո՝ ընտանիք ունենալ: Չէի հավատում»,- պատմում է աղջիկը:

20 տարեկանում Սվետլանան տեղափոխվեց Երևան, քույրն ընդունվել էր համալսարան: Կամաց-կամաց Երևանում սկսեց հարմարվել, ինտերնետի միջոցով գտավ իր նմաններին, ու անլիարժեքության բարդույթը ժամանակի ընթացքում վերացավ: Այդ նույն ինտերնետից էլ նրա ընտրած Ocean մականունը տեղափոխվեց իրական կյանք: Գուցե ճի՞շտ են ասում, որ անունը, դրա ընտրությունը, մեծ դեր է խաղում կյանքում: Ocean անունը այլ շունչ բերեց աղջկան, նրա համար մի նոր կյանք բացվեց, նոր հնարավորություններ, հայտնվեցին նոր մարդիկ… Այդ մարդկանցից շատերն արվեստագետներ էին: Ինքն իրեն զգաց ինչպես ձուկը ջրում, ոգևորվեց, ու քանի որ արվեստը նրան միշտ ձգել է, միշտ մի բան արարելու պահանջ է ունեցել, սկսեց ակտիվորեն ինքնաարտահայտվել: Հիմնականում լուսանկարչության միջոցով:

Բավականին արագ, մի քանի ամսվա ընթացքում Ocean-ին նկատեցին, հիմնականում ինտերնետից, Ֆեյսբուքից, ու սկսեցին հրավիրել ցուցահանդեսների: 2010թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին նա մասնակցել է չորս տարբեր ցուցահանդեսների: «Հայկական ռապսոդիա» նախագծի շրջանակներում ցուցադրվել է Բելգիայում։ Վերջերս էլ «Հոգմապար» շարքով մասնակցեց Նկարիչների միությունում հյուրընկալված «Մարմին. Նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսին:

Ցուցահանդեսը ներկայացնում են հինգ համադրողներ, ովքեր նաև արվեստագետներ են՝ Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արևիկ Արևշատյանը, Արման Գրիգորյանը և Դավիթ Կարեյանը:

Ցուցահանդեսը կազմված է 4 նախագծերից ու ընդգրկում է բավականին լայն ժամանակային դիապազոն` Սուրենյանցից մինչև Սվետլանա Անտոնյան(Ocean):

Նախագծերն ու նրանց մոտեցումները, հեղինակների ու գործերի ընտրության սկզբունքները տարբեր էին, բայց ինձ համար կոնկրետ, նրանք միավորված էին մի՝ «ՄԱՐՄԻՆԸ `ՈՐՊԵՍ» գաղափարով:

Արևիկ Արևշատյանն իր ֆեմինիստական – տրանսֆորմացիոն(իմ ընկալմամբ) «Մարմինը որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ» նախագծով փորձել է հետևել կանանց ինքնաարտահայտման տրանսֆորմացիաներին:

Դավիթ Կարեյանը «Մարմնի ճշմարտությունը» մարմնականի ու հոգևորի հավասարության կոնցեպտով ցանկացել է ընդգծել, որ մարմինը նույնպես ունի կարիքներ, և նրանք պակաս կաևոր չեն:

«Կերպարային տեսություն» նախագծում (համադրողներ՝ Ա. Սարգսյան, Ս. Համալբաշյան) ներկայացվել են անցյալի վարպետները՝ Իսաբեկյան, Հակոբյան… Հակոբ Հակոբյանը հատուկ այս ցուցահանդեսի համար է գործերն արել: Ինձ համար մի քիչ տարօրինակ էր այդ երկուսին կողք- կողքի վիզուալ ընկալելը, կամ գուցե մտահղացումն էր այդպիսին: Արման Գրիգորյանը «Ճակատային մերկություն» նախագծի հեղինակներին մերկության սկզբունքով է ընտրել: Այդ էր պատճառը, որ նա նկատեց Ocean-ին, որի մասին ասում է. «Եթե չեմ սխալվում, երևի հինգ տարի առաջ ավստրիացի կուրատոր Հեդվիգ Սաքսենհյուբերի հետ,զրուցում էինք հայկական ժամանակակից արվեստի մեջ պրոֆեսիոնալ լուսանկարիչների ներգրավվածության մասին: Հեդվիգը դեռ 1999 թվականից հետաքրքրվում էր հայ լուսանկարիչների աշխատանքներով, շատերի գործերի հետ էր ծանոթացել ու դժգոհ էր մնացել, ուզում էր, որ իրեն նոր մարդկանց հետ ծանոթացնեմ, ես էլ ասում էի, որ Հայաստանի պրոֆեսիոնալ լուսանկարիչներով առանձնապես հետաքրքրված չեմ, որ ինձ ավելի հետաքրքրում են Ժամանակակից արվեստագետները`պոպ-արտիստները, կոնցեպտուալիստները և այլն, հետո հարցրի, թե ի՞նչը չի բավարարում նրան մեր լուսանկարիչների մոտ, պատասխանը շատ տպավորիչ էր, նա ասաց. «Գիտես, Ձեր բոլոր լուսանկարիչները կարծես ամսագրերի համար են նկարում, բայց նույնիսկ «գլամուրն» է շատ վատ ստացվում…

Հեդվիգի հետ զրույցից հետո սկսեցի ավելի ուշադիր լինել «գլամուրիստ» լուսանկարիչների հանդեպ, ինչպիսին է, օրինակ,Րաֆֆի Դավթյանը, մի խոսքով՝ առանձնապես հետաքրքիր ոչ մի բան չէր հաջողվում գտնել: Բայց մի օր Facebook-ում տեսա Ocean-ի լուսանկարները ու շատ տպավորվեցի, հիշում եմ՝ նայեցի Սվետլաննայի «ֆրենդների» մեջ, տեսա Տիգրան Խաչատրյանին, հետաքրքրվեցի, թե ինչ գիտի Ocean-ի մասին: Հիշում եմ, որ Տիգրանին համոզված ասում էի, որ երևի Ocean-ը Մոսկվայում կամ Պետերբուրգում է ապրել ու սովորել: Տիգրանն էլ էր հավանել լուսանկարները, բայց տեղեկություններ չուներ իրանից: Պատմում էր, որ հանդիպել է միայն մեծ ընկերական միջավայրերում ու ոչ մի բան չգիտի իր մասին և ընդամենը մի բան կարող է ասել, որ շատ համեստ մարդ է, լուռ, ինքնամփոփ, նստում, ոչինչ չի խոսում:

Ինձ հատկապես դուր էին եկել Ocean-ի ինքնադիմանկարները ու մեջքից նկարված քնած կինը: Այդ ընթացքում արդեն սկսել էինք աշխատանքները «Մարմին. Նոր Պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսի վրա ու ես որոշել էի անպայման ցուցադրել «Քնած կնոջ դիմանկարը», «Հոգմապար»-ը դեռ չէի տեսել, դրանք էլ որ տեսա Facebook-ում ավելի հավանեցի:

Երբ իմացա, որ Ocean-ը ոչ ապրել, ոչ էլ սովորել է Մոսկվայում կամ Պետերբուրգում, ու որ ընդամենը Ֆոտոապարատ է ճարել ու ինքն իր համար սկսել է ֆոտոներ անել ու, որ հերոսը հենց ինքն է, լրիվ հիացա. կարծես հանդիպած լինեի մաքուր արվեստի ֆենոմենի: Արվեստ, որը մաքուր ինքնաճանաչողություն է ու հաղորդակցություն, ոչ մի ավելորդություն, սրբագրում կամ գնահատված լինելու ակնկալիք: Ocean-ի արվեստը լավագույն վկայությունն է նրա, որ արվեստը դեռ ի վիճակի է լինել դիմադրող մարդկանց արտահայտչամիջոցը, որով նրանք պաշտպանում են իրենց և ուրիշների «ապրող կյանք»-ը»:

Ocean-ը գտավ իր առաքելությունն այս կյանքում: Չնայած դեռ աշխատանք չունի, բարդ է գտնելը, քանի որ աշխատատուները նրան տարօրինակ են համարում: Այնուամենայնիվ, նա իրեն պիտանի մարդ է զգում ու հասարակության լիիրավ անդամ: Ընկերներն օգնում են նրան: Բոլորը գիտեն նրա կողմնորոշման մասին, բայց արվեստի դաշտում դա էական չէ: – Լավ կլիներ, որ ամեն տեղ այդպես լիներ՝ առաջին հերթին մարդն ու նրա արած գործը:

 

Շարունակիր ապրել Նոյեմբեր 05, 2010 | 8:17

Ամուսնացած, ընտանիքավոր կանայք հոգսեր ունեն, որոնք դու չունես, նրանց կյանքն ուրիշ է: Չէ, դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք քո ընկերուհիները չեն, ուղղակի ոչ մի ընտանիքի մայր ի վիճակի չի լինի տրամադրել քեզ այն ժամանակը, որ քեզ պետք է միայնակ չզգալու համար, այդ պատճառով էլ քեզ շրջապատում են չամուսնացած կամ բաժանված կանայք: Կան հատուկենտ տղամարդիկ, ովքեր, չգիտես ինչու, չեն վերածվում սիրեկանների, այսինքն` ինչո՞ւ չգիտես, լավ էլ գիտես, որովհետև նրանք քո ընկերներն են, իսկ ընկերների հետ անկողին չեն կիսում:

Օրերն անցնում են միապաղաղ կենցաղային ճշտապահությամբ: Առավոտյան արթնանում ես, և միակ միտքը, որը ստիպում է քեզ անկողնուց վեր կենալ, դա առավոտվա սուրճն է, լուծվող «պելե», կամ` «նեսկաֆե», կամ` «յակոբս», կամ` «սովորական», նայած` ինչ ես գերադասում: Եթե ծխող ես` սիգարետով, եթե ոչ` ցավակցում եմ, սիգարետ ծխելով ավելի է իմաստնանում զարթոնքդ, որովհետև ծխելով` մտածելով ես սկսում օրդ: Ծխելը դա մի ծես է, որով միանում ես աշխարհի բոլոր ծխողներին, որտեղ գործում է մի ընդհանուր էներգետիկ դաշտ, և բոլոր ծխողները մտածում են, ու նրանց մտքերը միանում են քո մտքերին, ու դու դառնում ես ընդհանուրի` ծխողների բանակի մասնիկը: Ասում են՝ ծխելը վնաս է առողջությանը, սկսել են սիգարետի տուփերի վրա գրել զանազան սահմռկեցուցիչ բաներ, այդ նույն հաջողությամբ ջրմուղ վարչությունը, եթե խիղճ ունենար, կզգուշացներ, որ ծորակից ջուր խմելը վտանգավոր է առողջությանը, պարունակում է քլոր, և թվարկել այն բոլոր հնարավոր հիվանդությունները, որ առաջացնում է քլորը: Կամ փողոցի գովազդային պաստառներից մեզ կնայեր ահաբեկող, այլայլված մի դեմք, և ավտոմեքենաների տերերին կհաղորդեր, որ նրանք աղտոտում են շրջակա միջավայրը: Ու մտածում ես, որ ապրելն էլ է վնաս, դրանից մահանում են, ու շարունակում ես ծխել սիգարետդ ու ապրել: Հետո մանր-մունր տնային գործեր, հեռախոսազանգեր` ընկերներիդ ու հավանական գործատուներիդ, ընկերներիդ հետ խոսում ես նորություններից, քաղաքականությունից, երեկվա ֆիլմից կամ, պարզապես, դատարկաբանում ես: Գործատուներիդ հետ հնարավորինս հմայիչ ես խոսում, ինչը չի օգնում` իմացությանդ համապատասխան, օֆիսային աշխատանքների համար հարմար չես, քանի որ չունես երկար ոտքեր ու բարակ իրան, ու տասնութից քսանհինգի միջև տարիք, նեղ մասնագիտացում էլ չունես:

Սերնդիդ ողբերգությունն է: Սովետը անպատեհ փլուզվեց, այն նախապատրաստել էր քեզ գիտահետազոտական ինստիտուտներում կամ հաշվիչ կենտրոններում աշխատելու՝ 120, հետո` 150, իսկ եթե ինչ- որ ծառայողական բարձունքների հասնես` 200-250 ռուբլի աշխատավարձով ու անձիդ կարևորությունն ապահովող պետական պատվերով, որի հանձնումը պսակվում էր «պրեմիաներով»: «Պերեստրոյկան» բերեց ղարաբաղյան շարժմանը, որը գերտերության հոգևարքի հիմքը դրեց: Հետո, ինչպես բոլորը, նոր ժամանակներին ու նոր հասարակությանը ինտեգրվելու փորձեր, հիմնականում` ապարդյուն: Ով՝ ամուսնացավ, երեխա ունեցավ, ով՝ գերադասեց չունենալ, կամ չստացվեց:

Հետո, կեսօրին մոտ` կոմպյուտեր (եթե ունես), ինտերնետ, զանազան խաղեր, ինչ-որ բաներ ես կարդում, ֆորումներ հաճախում, զրուցում: Գրում ես երևի, շատերն են հիմա գրում: Հեռուստացույցն անպայման միացնում ես, նույնիսկ եթե չես նայում: Մի խոսքով, ժամանակ ես սպանում, մինչև աշխատանք ունեցող ընկերուհիներդ ու ընկերներդ ազատվեն ու հյուր գան : Ճաշեր ես եփում, տորթեր թխում երբեմն: Պետքական լինելու զգացողություն է տալիս, թե չէ հնարավոր չի ապրել միայն քեզ համար, անպայման պետք է հոգ տանես մեկի մասին:

Հետո կգան՝ կնստեք, կխոսեք, կծիծաղեք, կբամբասեք անպայման, թե չէ` ի՞նչ օր առանց բամբասանքի: Համ էլ ասում են՝ կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները, ուրեմն օգտակար է: Հավաքվում եք միշտ նույն խմբով, երեք-չորս-հինգ կին-արմատ, ու եթե բախտը ժպտա` մի երկու ընկեր: Ու էդ բոլորդ զանազան ինտերպրետացիաներով մարդկային փնջեր եք կազմում իրար շուրջ: Նստում եք մինչև ուշ երեկո, էդ ընթացքում որոշները գնում են, որոշները գալիս… Գիշերվա մոտ տաքսի են զանգում ու գնում: Եթե մեկը մնում է գիշերելու, կամ դու ես մնում, եթե հյուր ես գնացել` հաջողություն է, մի քանի օր մենակ չես լինի: Եվ այդպես շարունակ, քանի-քանի տարիներ:

Օրերից մի օր հայտնաբերում ես, որ վաղուց ամենահեռու երթուղիդ տնից շենքիդ տակի և մոտակա երկու-երեք խանութները գնալն է: Ճանապարհին մտածում ես՝ վատ է, երբ մոտակայքում սուպերմարկետ չկա, որ ստիպված ես մրգերն ու բանջարեղենն առնել մի տեղից, մսեղենը մի քիչ ավելի հեռու, հացը լավ է` թխում են անմիջապես շենքի տակ, համով հաց է, բայց ինչ -որ փչող-փքող հատկություն ունի, գիրանում ես, պետք է անցնել սև հացի, բայց դրա համար պիտի մի քիչ ավելի հեռու գնալ, իսկ եղանակը ցուրտ է, և դու էլ տնային շորերով ես ու նույնիսկ հողաթափերով: Բայց գնում ես, մրսելով ու սայթաքելով, գնում ես սև հացի ու զուգարանի թղթի համար այդ հեռու խանութը:

Քայլել չես սիրում, կամ հարթաթաթություն ունես, կամ` ռևմատիզմ, կամ` անպայման մի այլ տկարություն:

Տանն օգտագործվող զուգարանի թղթի որակն, ավելին քան սպառողական զամբյուղի մյուս ապրանքները, ցույց է տալիս սպառողի սոցիալական վիճակը: Բարգավաճողները, հարուստները օգտագործում են գունավոր, ծաղկավոր, հոտավետ ու թանկ թուղթ, առնում են բլոկներով: Փողը քիչ թե շատ գնահատողները` սպիտակ, եռաշերտ, որի մետրաժը ծաղկավորից մեծ է ու այնքան արագ չի սպառվում, ինչպես նախորդը: Միջին բարեկեցության ընտանիքները` տեղական արտադրության սպիտակ, բայց կասկածելի հումք ունեցող, կամ` «Կիևսկի»:

«Օբուխովո-կիևսկին» ուկրաինական արտադրության Հայաստան ներկրվող երևի թե ամենալայն սպառվող ապրանքանիշն է: Այս թուղթը բոլորիս ծանոթ է, սրանից գերադասում են օգտվել «սովետի» հոգեբանության մարդիկ նույնպես, ինչպիսիք են եթե ոչ մեր ծնողները, ապա տատիկ-պապիկներն անպայման, և նրանց տներում, ինչքան էլ փող տաս, թղթի այդ տեսակն է լինում: Նաև` միջին կարգի սրճարանների, շատ վճարովիների (օրինակ՝ «Տաշիրի»), «պրեստիժի» մասին չհոգացող օֆիսների զուգարաններում: Մի խոսքով, այս թղթից են առնում զուգարանի թղթի վրա չսևեռված բոլոր մարդիկ: «Կիեվսկին» ամենալայն սպառումն ունեցող թուղթն է: Հաջորդ խումբը տեղական 50 դրամանոց առնողներն են, սրանք կամ շատ վատ են ապրում, կամ էլ ժլատ են: Կա նույնիսկ 30 դրամանոց, ամենաաղքատներն են դա առնում, բայց աղքատների այն տեսակը, որն ամենօրյա սպառման ամենաանհրաժեշտ, բայց աննկատ այս ապրանքատեսակից կառչում է սոցիումի մեջ իր «մարդահաշիվը» տալու համար:

Գյուղերում, ասում են, թերթերն ու ժուռնալներն են հարգի, նախընտրական ծրագրերն ու բուկլետները լավ սպառում ունեն այնտեղ, երևի դրա համար էլ թեկնածուները միտինգներին մարդիկ են կարողանում հավաքել, մարդաքանակ ապահովել: Գալիս են, պլակատները տալիս են ձեռքը, ասում են` ինչ գոռալ, ու երբ բաժանում են ծրագրերը, վերցնում են, որքան կարողանում են ձեռք գցել: Սիրում է գյուղի մարդը նախընտրական եռուզեռը. բոլոր թեկնածուների միտինգներին գնա` ընտանիքը երկար ժամանակ ապահովված կլինի զուգարանի թղթով:

Դու, ամենայն հավանականությամբ, թվարկած խմբերից ոչ մեկին չես պատկանում, ավելի ճիշտ՝ չես կարող վերագրել պատկանելությունդ և ոչ մեկին, բայց վատ ես սովորել ծնողներիդ տանը, կամ էլ սևեռված ես թղթի վրա, առնում ես սպիտակ եռաշերտից, ու այդ պատճառով ստիպված ես քայլել:

Գնում ես, առևտուրդ անում ու վերադառնում մի կերպ տաքացրած բնակարանդ, որը կարող է լինել ուր ասես, և ամենևին էլ պարտադիր չէ, որ այն լինի քոնը, որովհետև դու միայնակ չես քո հայտնագործության մեջ: Հազարավոր չաշխատող ու միայնակ կանայք են դա մի օր հայտնաբերում, ովքեր հիմնականում շփվում են իրենց նման կանանց հետ։

Մի օր էլ, արդեն բոլորդ միասին, հայտնաբերում եք, որ հայտնվել եք մի փակ շրջանում, ուր միայն դուք եք, ուր գործող անձինք երբեք չեն փոփոխվում: Ձեր կյանքի պիեսի հեղինակը չկա, կորել է ինչ-որ տեղ, մահացել է, կամ` փախել երկրից, կարևոր չէ: Կարևորն այն է, որ հիմա մնացել եք առանց հեղինակի, և չգիտեք ինչ անել: Այդ հեղինակը չքվել է առանց ձեզ համար սյուժետային զարգացումներ գրելու, թողել է կյանքի քմահաճույքին: Դուք էլ չեք կարողանում առանց հեղինակի այլ կերպ ապրել, քան այս կյանքն է: Ու շարունակում եք ապրել…

Մի օր էլ հայտնաբերում ես, որ դուռդ թակում է փոստատարը և թոշակդ է բերում…

Լուսինե Վայաչյան

Եթե ասեղը չուզի, թելը չի՞ թելվի Հոկտեմբեր 01, 2010 | 13:13

Երբ ես փոքր էի, հաճախ էի լսում փսփսոցներ բռնաբարությունների մասին: Տատս միշտ զգուշացնում էր, որ չվստահեմ տղաներն, որ նրանց մտքում միայն մի բան է: Տատս իրավունք ուներ էդպես մտածելու, դառը փորձ ու ճակատագիր ուներ աչքի առաջ: Նրա մոտ ազգականի աղջկան, գեղեցկուհի Եվգենին անտառում չգիտես ով բռնաբարել էր: Էդ մասին իմացել էին տնեցիք, երբ Եվգենիի փորը սկսել էր աճել: Քանի որ աղջիկը համեստ ու պարկեշտ էր, ոչ ոքի մտքով չանցավ, որ նա սեփական որոշմամբ է հայտնվել էդ հետաքրքիր վիճակում:

Սկսեցին փորփրել, ու պարզվեց, որ գյուղի հարուստի տղան է բռնաբարել: Աղջիկը վախից ոչ մեկի հետ չէր խոսում: Տնեցիք էլ հարուստի առաջ վախից ոչինչ չէին կարողանում անել: Եղբայրը փորձեց խոսել տղայի հետ, ինչին պատասխան ստացավ՝ «Քուրդ աղջիկ չէր, աղջիկ լիներ տիրություն կանեի», որը բացարձակ սուտ էր: Բայց դե, 50-ականների սկզբին ո՞վ էր համարձակվում գեղի հարուստի դեմ դուրս գա: Հարուստը համաձայնվեց վճարել միայն աբորտի փողը, որը պիտի լիներ արդեն ոչ թե աբորտ, այլ արհեստական վաղաժամ վիժում:

Մի խոսքով, Եվգենի տնեցիք սրան զոռով տարել են բժշկի: Եվգենն ուզում է էդ երեխուն ունենա, մայրն ու եղբայրներն ասում են՝ ոչ: Եվգենը լացում էր, տատս միշտ հիշում էր դա, ու ինքն էլ աչքերը լցնում: Եվգենին արհեստական վիժում կազմակերպեցին ու երեխային՝ մոտ 7 ամսական, մեռած հանեցին փորից: Էդ օրվանից Եվգենը ոչ ոքի հետ բառ չփոխանակեց: Մի երկու տարի անց նրան գտան ցախանոցում կախված… Մայրը գլխին էր տալիս մնացած ողջ կյանքը, Եվգեն էր կանչում ու լացում:

Սա իմ հիշողության մեջ տպված առաջին բռնաբարության պատմությունն է, բայց ոչ վերջինը:

Դպրոցում, մի դասարան ինձնից ցածր մի Հելեն կար՝ լավ սովորող, երաժշտական գնացող, կոմերիտական ակտիվիստ, սիրուն մի աղջիկ: Հելենը իրենից տարիքով մեծ մի տղայի հետ էր ընկերություն անում: Օրերից մի օր էլ լսեցինք, որ էդ տղան իր խմած ընկերների հետ անտառում Հելենին բռնաբարել են: Հելենը մի քանի օր դասի չեկավ, ամբողջ քաղաքը նրա մասին էր խոսում: Ու խոսակցությունների մեջ, հիմնականում մեղադրում էին Հելենին, որ՝ «Տղեքի հետ խի՞ ա մենակ անտառ գնացել», հաշվի չառնելով, որ տղեքի մեջ նրա ընկերն է եղել՝ սիրած տղան: Հելենը դառել էր «փչացած», նրան «փչացրել» էին:

Հետագայում, մնացած ողջ մայիս ամիսը Հելենը հազվադեպ էր դպրոց գալիս, գալուց էլ ոչ մեկի հետ չէր շփվում, ավելի ճիշտ՝ ոչ ոք նրա հետ չէր շփվում: Մենք, մի քանի համարձակներս էինք նրան մոտենում ու փորձում մեղմել խեղճի խայտառակությունը: Դպրոցն ավարտելուց հետո լսեցինք, որ Հելենը նշանվել է հենց էդ նույն տղայի հետ՝ եղբայրներն էին ստիպել: Հելենը իր 10-րդ դասարանի օրերն էր դպրոցում հաշվում, քանի որ ավարտելուց հետո պիտի ամուսնանար, ամուսնանար մեկի հետ, ով իրեն տվել էր ընկերներին զվարճանալու համար…

Բայց տարվա կեսն էլ չէր անցել, երբ Հելենն էլի կորավ դպրոցից: Լսեցինք, որ ուղեղում ուռուցք կա, տարել են Երևան վիրահատելու: Ուռուցքն էլ առաջացել էր ըստ երևույթին, երբ նա դիմադրել էր ու զանազան հարվածներ կերել գլխին, նաև ընկել, ինչի հետևանքով էլ լերդացած արյան մասսան վեր էր ածվել ուռուցքի, կամ նման մի բանի, հաստատ ախտորոշումը չգիտեմ: Ասում էին, որ էդքան էլ լուրջ բան չի, քաղցկեղ չի, կհեռացնեն կանցնի: Բայց արի ու տես, որ Հելենի անիծված բախտը ստեղ էլ չբերեց: Վիրահատությունն անցել էր հաջող, իսկ երբ նարկոզից հետո միջանցքում պառկած է եղել սայլակի վրա, պտտվել է ու ընկել ներքև, գլուխը խփել ու գանգը մեջտեղից բացել ու մահացել է…

Հիմա արդեն քաղաքը սգում էր Հելենի համար, այն նույն Հելենի, ում համարում էր «փչացած», ում հետ չէին ուզում շփվել ընկերները, ում մասին ասում էին, թե՝ «բախտը բերել ա, որ էդ տղեն ուզել ա, թե չէ ի՞նչ էր անելու տենց անունը գցած ո՞վ կուզեր նրան»:

Մի ուրիշ պատմություն, վերջերս տեղի ունեցած, ինձ մոտ մարդկանցից մեկի հետ: Շուշանը խելոք, համեստ ու բարի աղջիկ է, փոքրամարմին, նիհար, օրուգիշեր աշխատում էր, որ տունը պահի: Մի օր էլ զանգեց, թե՝ ինձ բռնաբարել են: Եկավ, ծեծված, դեմքն ամբողջովին կապտած, աչքերը լացելուց կարմրած… Պատմեց, որ ընկերուհու ու երկու տղաների հետ գնացել են հաց ուտելու, ինչ-որ օբյեկտ: Սրանցից մեկը սիրաբանում էր Շուշանի ընկերուհու հետ, բայց մյուսը՝ որ Շուշանին էր հավանել, նրա դուրը չէր գալիս:

Ոնց է ստացվում, սրանք մնում են սենյակում մենակ: Էս տղան սկսում է համոզել Շուշանին կենակցել, ինչին Շուշանը դիմադրում է: Որից հետո, տղան, ինչպես հետո իմացանք,ամուսնացած ու երեխատեր տղամարդը, սկսում է բռունցքներով հարվածներ տեղալ Շուշանի դեմքին, ոլորել թևերը, խփել գլխին: Շուշանը գոռում է, բայց ընկերուհին ու մյուս տղամարդը չեն լսում: Չեն լսում նաև օբյեկտի աշխատակիցները, զարմանալի է բայց չեն լսում: Հոգնած ու ծեծված, Շուշանը վախից սկսվում է, ու տղամարդն անում է իր գործը:

Խառնվեցինք իրար, մտածում էինք, թե ի՞նչ անենք: Դիմեցինք ոստիկանություն ու զզվեցինք ինքներս մեզնից, բոլորին, ով ինչ-որ կերպ լսել էր, կամ մասնակից էր պատմությանը, քարշ էին տալիս քաղմաս ու երկար սպասեցնելուց հետո հարցաքննում, հիմնականում հիմար հարցեր տալով: Իսկ Շուշանի գլխին ի՜նչ հարցաքննություն էին սարքել, էլ ասելու չի: Է´լ ոնց ես ոտքերդ բացել, է´լ որտեղիդ է սկզբից ձեռք տվել, է´լ որ դիրքով ա բռնաբարել, ու էլի ու էլի մի շարք նվաստացուցիչ մանրուքներ, որ բռնաբարված աղջկան բոլորովին պետք չէր ամեն օր հիշել, ու ամեն օր կանչում էին քաղմաս, ու ամեն օր տալիս նույն հարցերը: Իմ դատավոր ընկրեն ինձ խորհուրդ տվեց հետ վերցնել դիմում-բողոքն ու փորձել բռնաբարողի հետ «համաձայնության գալ», ինչը նշանակում էր, որ պետք է բռնաբարողը դրամական փոխհատուցում տա: Ընկերս նաև ասաց, թե նրանք կհամաձայնվեն, քանի որ բռնաբարության գործով ինչքան էլ դատեն, մեկ է, հանցագործ աշխարհում նրան էդ ընթացքում կհասցնեն զոնայում «պիտուխացնել», ու օրը սև անել, նույնիսկ հանցագործ աշխարհը բռնությունը համարում է հանցանք: Դրա համար էլ էդ բռնաբարողը ամեն ինչ անում է, որ բանտ չընկնի, վճարում են ոստիկանությանը, դատավորներին, ամենուր, ուր հնարավոր է, տներ են վաճառում, միայն թե էդ հոդվածով բանտ չնստեն: Ու նաև ասեց, որ շատ քիչ բռնաբարության դատավարություններ են, որ վերջացել են համարժեք պատժի դատապարտմամբ: Ես փոխանցեցի Շուշանին ընկերոջս ասածներն ու թողեցի, որ ինքը ընտրի, ինչպես վարվի: Դատարավարության չհասավ գործը, ինչպես ես հակացա: Թե հետաքննության ո՞ր էտապում էր Շուշանը դադարացրել էդ ամենը, ես չիմացա: Իմ գործը ուրիշ էր՝ Շուշանի հետ զրուցել, որպեսզի նա իրեն մեղավոր չհամարի, որպեսզի բռնաբարությունը նրա կյանքը չբռնաբարի հետագայում, որ նա կարողանա նորմալ կյանքի վերադառնալ ու չատի տղամարդկանց, ինչպես լինում է մեծամասնության դեպքերում: Շուշանը չընկճվեց, ու ես ուրախանում եմ նրան նորից ժպտերես ու կայտառ տեսնելով, զարմանում եմ, որ էդ փոքրիկ աղջիկը, կինը, ո՞նց է ուժ գտել իր մեջ հաղթահարելու բռնության ենթարկվածի կոմպլեքսը: Շատ լավ է, որ կան Շուշանի նման կանայք, բայց վատ է, որ նրանք ավելի շուտ բացառություն են:

Երբեք չէի մտածի, որ այս թասը իմ կողքով էլ վազն չի անցնի: Ամեն մեկն էլ էդպես է մտածում, որ հա, կան, լինում են դեպքեր, բայց եթե ուշադիր լինես, ու ինքդ թույլ չտաս, քեզ հետ էդպիսի բան չի կարա պատահի: Բայց պատահեց, երբ ես 18 տարեկան էի: Մեջբերեմ իմ «Բալագոյե» վեպից էդ հատվածը, որի հիման վրա «Եկել եմ ապրեմ» ֆոտոինստալացիան եմ արել վերջերս:

«Էդ Սուրիկը Լիլիթի հետ էր սովորում, ես էլ գնում էի հաճախակի Լիլիթի մոտ` ուսումնարան, ու գնում էինք միասին համերգների, ման էինք գալիս: Մի օր էլ գնացի, Լիլիթը չկար: Բայց լավ համերգ կար կոնսում: Էդ Սուրիկին տեսա ու իրա հետ գնացի, դե ճանաչում էի հանգստյան տնից: Համերգը պրծավ, սա թե` արի գնանք մի հատ ընկեր ունեմ, նենց էկզոտիկ արվեստանոց ա սարքել իրա համար, հենց կողքն ա: Ասի լավ, գնանք, հըլը մութ չէր, գարուն էր, ժամը իննը կլիներ երևի: Գնացինք մտանք մի հատ շենքի մուտք, սա ասեց արի, ներքև ա պետք իջնել: Իջա: Նկուղ էր մի հատ: Տեսա բան չկա, սովորական նկուղ ա էլի: Ասի բա ո՞ւր ա էկզոտիկան: Ասեց էս ա: Ասի հո դու խելա՞ռ չես, արի դուրս գանք, ստեղ մութ ա: Սա սկսեց ինձ կպնել, փորձում էր համբուրի, ես հրում էի: Վախեցա ուժեղ: Դե տղա էր, ինձանից ուժեղ էր: Ասեցի սրա հետ հըլը խաթրով խոսամ: Ասի հա, գիտեմ ուզածդ ինչ ա, բայց խի՞ ստեղ, կարող ա նորմալ տեղ լինի, ես էլ ուզեմ, բայց էս կեղտոտ տեղը ի՞նչ հաճույք կարա մարդ ստանա սեքսից: Ասեց՝ ես կստանամ, եթե դու քեզ հանգիստ պահես, դու էլ կստանաս: Ասի, բայց ես հիվանդ եմ, դաշտան եմ: Չհավատաց: Հանեցի տակդիրս ու ցույց տվի, բայց դե արդեն վերջի օրերն էին համարյա բան չկար վրեն: Սա ասեց ոչինչ, ինչքան էկզոտիկ, էնքան լավ: Ասեցի չէ, հիմա կգոռամ: Ասեց գոռա: Ես գոռացի: Մեկ էլ հետևից մի հարված հասավ ծոծրակիս, ու ես անջատվեցի: Ուշքի եկա, տեսնեմ, շորերս հանել ա ներքևից, բլուզկես համարյա պատառոտած, իմ սիրելի կարմիր բլուզկեն, յուբկաս էլ պլիսսե սպիտակ յուբկա էր, սաղ արյան ու նկուղի կեղտի մեջ: Ներսս էլ զզվելի ու կպչան թաց: Վահեի հետի կուսաթաղանթի փնտրտուքների հետևանքով իմ ունեցած վագոնի պոլկի անհաջող սեքսից հետո ես սեքս չէի արել հըլը, չնայած ինքը ուզում էր, ես ասում էի չէ, մենք սեքս չենք արել որ շարունակենք, մենք կուսաթաղանթ ենք ստուգել: Դե ի՞նչ ուզեի, ցավոտ ու տհաճ մի երևույթ: Չէ, չէի ուզում: Իսկ էս Սուրիկը ինձ բռնաբարել էր: Գլխիս տվել էր ու ուշագնաց վիճակում բռնաբարել… Ես բան չխոսացի, լալկվել էր մի տեսակ շոկից: Սա ծամոն հանեց, թե ուզո՞ւմ ես, ես էլ սուս փուս վերցրեցի: Հետո պիջակը գցեց ուսերիս ու մենք հասանք Աբովյանի անցումի վճարովի զուգարանը: Ընդեղ մտա, շշմած ու ոչ մի բան չհասկացող վերացած հայացքով փողը տվի, աշխատողին ասի ընկել, եմ, բայց նա երևի հասկացավ ամեն ինչ, որովհետև կռուժկա տվեց, ասեց գնա լվացվի: Լվացվեցի, յուբկաս հանեցի լվացի, բլուզկայիս կտրված կոճակը կարեցի, յուբկաս լավ ա բարակ էր, ֆենի տակ չորացրեցի ու հագա: էս Սուրիկը սպասում էր դուրսը: Չհասկացա, թե ինչի՞: Տարավ, ինձ նստացրեց տրոլեյբուսը ու ես գնացի: Չէի կարա գնամ տուն, գնայի ի՞նչ ասեի: Ասեի մամա, պապա ինձ բռնաբարել են, որովհետև ես էնքան հիմար եմ գտնվել, որ ամառվա ծանոթիս, ընկերուհուս դասընկերոջ հետ, որը դաժե սիրած ունի, և ես իրան ճանաչում եմ, գնացել եմ ինչ որ նկարչի էկզոտիկ արվեստանոց նայելու, որը դուրս ա էկել փուստ ու ինձ բռնաբարե՞լ են: Կասեին բոզ ես, պոռնիկ ես, ապուշ ես, չէին խղճա, չէին հասկանա, չէին ասի գնանք դրան սպանենք, ինձ կարող ա սպանեին ծնողներս: Ուզում էի լացեմ, չէր լացվում: Ինձ բռնաբարել էին, ինձ ճմռթել էին ու քամակ էին սրբել ինձանով, օգտագործել էին պոռնիկի նման, հըլը պոռնիկին իրա կամքով են օգտագործում ու փող են տալիս, իսկ ինձ բռնի էին օգտագործել, ու փող էլ չէին տվել, մի հատիկ ծամոն էին տվել… Ես ինձ կեղտի տոպրակ էի զգում, օգտագործած տակդիր, մեջը պրծած պրեզերվատիվ: Ես կեղտ էի տեղովս ինքս ինձ համար: Իջա Լիլիթի կանգառում, գնացի իրանց տուն, ու պատմեցի: Լիլիթը չհավատաց սկզբից, էնքան դաժան ու անհավանական թվաց դա իրան, բայց դե ես էի ասողը, ո՞նց չհավատար: Ինձ չայ տվեցին, ես լացեցի մի բոլ, հետո լողացա ու գլուխս ձեռներիս մեջ առած շվարած նստեցի: Էն մասին, որ կարելի ա դատի տալ, մտքովս էլ չանցավ, որովհետև Հայաստանում եթե քեզ բռնաբարում են` դու պիտի ամաչես, ոչ թե դա քեզ հետ անողը, դու կդառնաս բոզ սաղի աչքում, ոչ թե բռնաբարողդ հանցագործ: Կասեն, եթե ասեղը չուզի, թելը չի թելվի, դե ես ասեղ էի, ու գլխիս տված ասեղ էի, ու եսիմ ինչքան էին ինձ թելել: Նենց էին թելել չոր–չոր, որ ահավոր ցավեր ունեի, համ ներսս, համ փորիս մեջ: Դե ի՞նչ անեի, նստեցի Լիլիթենց տանը մինչև տասներկուսը, հետո զանգեցի, ասեցի մնում եմ ստեղ տնեցոնց: Հաճախ էի մնում Լիլիթենց տանը, նենց որ կասկածանքի առիթ չեղավ: Մենակ հաջորդ օրը պարզվեց, որ հերս ա տրանսպորտից տեսել ինձ էդ Սուրիկի հետ ամեն ինչից հետո, որ իրա պիջակը ուսերիս, լավ ա հըլը զուգարանից հետո, գնում էի որ նստեմ տրոլեյբուս: Հորս ասեցի, որ դա ես չեմ եղել, որ ես Լիլիթենց տանն եմ եղել ժամը իննից: Դե հիմա, կամաց–կամաց սկսեցի համակերպվել էն մտքի հետ, որ ինձ բռնաբարել են, ու դրա մեջ սարսափելի բան չկա: Բայց սիրտս ճաքում էր: Լիլիթը էդ Սուրիկի սիրածին ասել էր, Սուրիկն էլ ասել էր մթոմ ես սիրահարված եմ իրան, դրա համար տենց բաներ եմ մոգոնում: Ուրիշ, նորմալ քաղաքակիրթ երկիր լիներ, ես չէի վազի հասարակական զուգարան լվացվելու, որ մաքրեմ ուրիշի հանցագործության հետքերը իմ վրայից, այլ կգնայի դատական բժշկի մոտ անալիզ կտայի, ու հետո կնստցնեի Սուրիկին, որ բանտում իրա նմաններին ոնց որ անում են, իրան էլ պիտուխացնեն, որ հասկանա, թե ի՞նչ ա նշանակում ՉԵՄ ՈՒԶՈՒՄ: Դե հիմա ես Հայաստանում էի, ու միակ նպատակս էն էր, որ կարամ նորմալանամ էդ սաղ պատմությունից հետո: Մի երեք ամիս նենց էի ինձ ներշնչել, որ չնայած ամեն ամիս դաշտան էի տեսնում կանոնավոր, մեկ ա մտածում էի, թե էդ կեղտոտ սեքսը ինձ հղիացրել ա հրեշով, ու էն աստիճանի էի ներշնչել, որ փորս սկսել էր մեծանալ: Հետո կամաց–կամաց հանգստացա, ոչ մեկը չունեի, ոչ մեկին չէի սիրում, ատում էի տղամարդկանց հոտին, նույնիսկ նենց էի ինձ մեղավոր ու կեղտոտ զգում, որ ուզում էի դառնամ միանձնուհի, ափսոս չգտա վանքի տեղը: Ասին չկա Հայաստանում: Տասնութ տարեկան էի դառել էդ գարնանը ես:»

Ես ուժ գտա իմ մեջ շարունակել ապրել, ու ապրում եմ, 17 տարի լռելուց հետո ես խոսացի այդ մասին վեպի մեջ, հիմա էլ պատկերավոր արտահայտել եմ ֆոտոինստալացիայի միջոցով: Ես ուզում եմ դրա մասին խոսալու ամոթը վերանա մեր միջից, ոնց որ եթե խոսայինք փողոցում քեզ վրա ցեխաջուր շփած մեքենայի վատ արարքից, այ էդպես էլ խոսանք սրա մասին:

Բայց որո՞նք են բռնաբարությունների պատճառները:

Էլի գամ իմ սիրած թեմային «Կարմիր խնձորի» ինստիտուտին: Իմ կարծիքով, նախամուսնական սեռական ժուժկալությունը հանդիսանում է հայկական իրականության մեջ կատարվող բռնաբարությունների պատճառներից մեկը: Տղաները սեքս են ուզում ու չունեն, աղջիկներից շատերը չեն զբաղվում մինչ ամուսնանալը սեքսով իրենց սիրածների հետ, սրանք էլ անբավարավածությունից թռնում են սրա-նրա վրա: Նաև դրա անպատժելիությունը, ու հասարակության վերաբերմունքը բռնաբարվածներին, որը լավագույն դեպքում կարող է լինել խղճահարությունը նպաստում է դրան:

Բռնաբարություն եմ համարում նաև մեր ազգի մեջ միջնադարից մնացած զոռով «փախցնելու» սովորույթը, երբ աղջկան փախցնելուց հետո նրա վերադառնալը տուն սրբապղծության նման մի բան է: Ինքս ունեմ ծանոթներ, որոնց փախցրել են, իսկ երբ նրանք ուզել են հետ գան տուն, տնեցիք չեն ընդունել, յանի՝ «Էդ ա քու բախտը, հարմարվի»: Բայց չէ՞ որ դա նույնպես բռնություն է: Քանի -քանի կյանքեր են խորտակվել բռնաբարության հետևանքով, քանի կանացի ճակատագրեր են դարձել ողբերգական, քանիսի՞ն են այդ բռնացողներին նստացրել, քանի՞սն են լուռ ու մունջ ապրում գուցե էդպիսի մի բեռ մեջները պահած… Ո՞վ գիտի:

Պակաս չեն նաեւ ամուսնական բռնաբարությունները, այստեղ շատ դժվար է որսալ պահը, թե ե՞րբ, որ դեպքում է բռնաբարություն տեղի ունենում: Իմ կարծիքով ցանկացած դեպքում, երբ կինն ասում է՝ «ՈՉ»:

Իմ ցանկությունն է իհարկե, որ այդ բռնաբարությունները չլինեն, իսկ լինելուց էլ անպայման պատժվեն մեղավորները, որպեսզի մյուսները հասկանան, թե ինչ է նշանակում «Չեմ ուզում»: Բայց ավելի շատ, ես կուզեմ, որ էն պատմությունները, որոնք ես ներկայացրեցի, էդ թվում նաև սեփական կյանքից, ֆոտոինստալացիան, ինչ-որ կերպ օգնեն կանանց ու աղջիկներին, որոնք ենթարկվել են բռնության, հասկանան, որ իրենք մեղավոր չեն, ու որ բոլոր տղամարդիկ չեն բռնարար, որ կյանքը շարունակվում է, ու նրանք մենակ չեն:

Ես կոնկրետ իմ օրինակով ուզում եմ ցույց տալ, որ ամոթ չի բռնաբարված լինելը, ամոթ չի դրա մասին խոսալը, թող ամաչեն բռնաբարողներն ու էդ ամենը կոծկողները: Եթե յուրաքանչյուր կին պատրաստ լինի հրապարակել բռնաբարության փաստը, նշելով անուններ ու հասցեներ, պաշտոններ ու կոչումներ կոնկրետ մարդկանց, ապա տղամարդիկ էլ կվախենան գործ ունենալ էդ համարձակ կանանց հետ, նրանք կիմանան, որ չեն կոծկելու, որովհետև մեղքն են կոծկում, իսկ բռնաբարության մասին ահազանգում են, աղաղակում են ու պատիժ պահանջում:

Ոչ ոք մեղավոր չի, ոչ մի կին, ոչ մի պարագայում, երբ նրան բռնաբարում են: Սա պետք է հիշեն կանայք: Մի վախեցեք, հանեք էդ կեղծ ամոթի շպարը, խոսացեք, պատմեք, կիսվեք: Աղջիկներ, մի ամաչեք հայտնել զանազան սեռական ոտնձգությունների մասին ձեր հարազատներին ու համապատասխան հսկող կառույցներին,. Լինի դա աշխատավայրում, թե դպրոցում կամ բուհում: Կան հանցագործություններ, որոնց մասին լռելը հանցագործություն է ոչ պակաս, քան ինքը հանցանքը:

Լուսինե Վայաչյան

«Լևի» հազար դոլար մինիմո՞ւմ՝ վատ գործ չի Հոկտեմբեր 01, 2010 | 13:11

Մենք ապրում ենք մի էնպիսի անկատար, անկապ ու անտերանոց երկրում, ուր ամեն օր մի բան անպայման կներվայնացնի, եթե ուշադրությունդ սեւեռես դրա վրա: Ամեն օր մենք տեսնում ենք մեր առջեւ սփռված անարդարությունների, իրավախախտումների, տարրական՝ մարդու միջազգային էլ չէ` տեղական-գեղական մասշտաբով իրավունքների ոտնահարման փաստեր։ Բայց ե՞րբ է բանը բանից անցնում, ե՞րբ է, որ էլ չես դիմանում ու գոռում ես, ու գոռալով գրում ես, ու ուզում ես, որ շուրջ բոլորդ գոռան քեզ նման, որովհետեւ էլ չես դիմանում էս ավազակապետության, անտերության, անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտին, ուր ամենքը ամեն ինչ գիտեն, ու աչք են փակում՝ թե, ամոթ ա, սաղ էլ գիտեն, հենց ե՞ս պիտի խոսամ:

Հա, հենց դու պիտի խոսաս, հենց ամեն մեկս պիտի խոսանք, ասենք, աչքները կոխենք: Ու ինչքան շատ լինեն խոսացողները, հավատացե´ք, էնքան մենք արդյունք կունենանք: Մինչ ֆեյսբուքյան հայության ակտիվացումը ո՞վ կհավատար, որ ինտերնետային քաղաքացիական նախաձեռնություններն ուժ կունենան: Բայց արի ու տես, որ ունեն: Դրա մասին են խոսում բանակի վերջին դեպքերի վրա սեւեռված ֆեյսբուքահայության պայքարի արդյունքները, նաեւ օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ նախաձեռնության որոշակի հաջողությունները թույլ են տալիս հուսալ, որ այլեւս մեր խոսալը աննպատակ չի, ու մի բանի տեղ անցնում է:

Ներող կլինեք ծավալուն ներածականի համար, ուղղակի բուն թեմային անցնելուց առաջ, ուզեցի ասել, որ ինչի վրա էլ կենտրոնանանք մեր օրերում, կներվայնացնի: Ուղղակի սկսում ես գրել, երբ լռելն այլեւս անհնար է դառնում: Իսկ դառնում է կոնկրետ իմ դեպքում էն ժամանակ, երբ խղճահարությամբ պայամանավորված ցասումս է արթնանում:

Ընդամենը սառնասիրտ ու անբարեխիղճ ամենաթողություն

VTB բանկի թիվ 10` Զեյթունի մասնաճյուղի (Դրոյի 15) սպասարկման սրահում ուշադրությունս գրավեց ինտելիգենտ տեսքով 80-ին մոտ մի տատիկ, ձեռնափայտով, որին ողջ ուժով հենվել էր, որպեսզի պահպանի հավասարակշռությունը: Սկզբում սպասում էր սպասասրահում, բավականին երկար ժամանակ, երբ հերթը հասավ, մոտեցավ ու կանգնեց միակ սպասարկող պատուհանիկի մոտ, որտեղից պետք է ստանար իրեն հասանելիք թոշակը: Այդ ընթացքում բանկի աշխատակցուհին ինչ-որ առիթով լքեց իր աշխատատեղն ու անհետացավ ներսում:

Տատիկը համբերատար սպասում էր 20 րոպեից ավելի, եւ ոչ միայն տատիկը. բավականին մեծ հերթ էր գոյացել: Մյուս երկու պատուհանիկների մոտ հերթ չկար, որտեղ կոմունալ եւ այլ վճարումներ էին կատարվում, իսկ այստեղ, սովետի բոլոր օրենքներով հերթ էր: Վերդառնալուց հետո աշխատակցուհին սկսեց ինչ-որ թղթերով զբաղվել, հեռախոսով էր խոսում, մի խոսքով անում էր ամեն ինչ, բացի թոշակառուներին սպասարկելուց: Հերթի մեջ որոշակի դժգոհություն կար, բայց մարդիկ ըստ մենթալ վախվորածության ու բյուրոկրատական ապարատից կախվածության լռում էին, ոչինչ չէին ասում: Երբ տատիկը մի ոտքից մյուսին սկսեց հենվել, ու ուզվորի հայացքով նայել սպասարկող կնոջը, ես չդիմացա ու պոռթկացի: Իմ գոռոգոռոցից վախեցած, տատիկը շրջվեց ու ձեռքով բերանը փակելով աղաչական հայացքով խնդրեց լռել:

Սպասարահի ժողովուրդը ապշած ինձ էր նայում, անգամ տղամարդիկ, ասես ես ինչ-որ սրբության էի դիպչում, ոչ թե պահանջում օրինական ու որակյալ սպասարկում: Իմ գոռգոռոցներից սպասարկող անձնակազմն ասես սթափվեց ու սկսեց արագ սպասարկել թոշակառուներին, եւ ի դեպ, դրանից հետո յուրաքանչյուր թոշակառուին սպասարկելու համար պետք եկավ 2-3 րոպե, այն դեպքում, երբ իմ աչքի առաջ տատիկը սպասել էր 45 րոպեից ավել: Ուրեմն, ոչ մի հարգելի պատճառ, ոչ ծրագրի խափանում, ոչ ֆորսմաժորային այլ խոչընդոտ չի եղել, ընդամենը սառնասիրտ ու անբարեխիղճ ամենաթողություն…

Տատիկն իր թոշակը դանդաղ վերցրեց, հատ-հատ խնամքով տեղավորեց դրամապանակում, չեմ հաշվել, բայց գուշակում եմ, որ 30000 հազարի կարգի գումար էր: Դուրս գալուց կամացուկ ձեռքս սեղմեց, այնպես, որ ոչ ոք չնկատի, հանկարծ հաջորդ ամիս քթից բերեն: Ես հարցրեցի, թե ինչո՞ւ է նա գալիս բանկից թոշակ ստանալու, ինչո՞ւ տուն չեն բերում: Նա պատասխանեց, որ թոշակը առանց էդ էլ քիչ է, ու եթե 500 -1000 դրամ էլ տա թոշակ բերող տեսուչին, նկատելի կլինի իր խղճուկ բյուջեի համար, դրա համար թղթեր է հավաքել, դիմում գրել, որ իր թոշակը բանկից ստանա…

Իհարկե, բանկի աշխատակիցների այդպիսի վերաբերմունքը պարսավանքի է արժանի, բայց ես նշել եմ բանկի մասնաճյուղը, ու բանկի ղեկավարությունը թող զբաղվի իր սպասարկման որակի կարգավորմամբ: Ես ուզում եմ խոսալ այն մասին, ինչը համարում եմ այս իրավիճակի բուն պատճառը: Թոշակ բաժանող տեսուչները «վրայից» փող են պահում, իսկ մենք էլ լռում ենք, համարելով, որ դա էդպես էլ պիտի լինի: Ես էլ եմ թոշակ ստանում, ծնողներիս թոշակը որոնք Երեւանում չեն ապրում, ու ինձնից էլ ամեն ամիս տեսուչը նույն կարգով «պահումներ» է անում:

Ասենք, ես աշխատում եմ, ու էդ թոշակով չեմ ապրում, իսկ եթե ապրեի՞: Ճիշտն ասած, էդպես էլ է եղել, բայց էլի չեմ խոսացել: Իսկ հիմա տատիկի տանջանքները տեսնելով , սթափվել եմ ու հրաժարվում եմ լռել: Մենք ինքներս ենք մեղավոր, որ մեզ խաբում են, քցում են, կաշառքներ են վերցնում, մեզնից փողեր են պահում, մենք, մեր լռությամբ նպաստում ենք հասարակության մեջ տեղ գտած բոլոր արատավոր երեւույթների խրոնիկ դառնալուն:

Զանգեցի Սոցապ հիմնադրամի պետին՝ Վազգեն Խաչիկյանին, որ մի երկու հարց ճշտեմ: Նա սկզբից ինձ հրավիրեց գնալ իր մոտ` սոցապ, հետո էլ ասեց, որ լրագրողներին կիրակի տանում են Սանահին-Հաղպատ էքսկուրսիայի, այսպես ասած «բարբեքյու-փարթի» էլ է լինելու, այսինքն՝ խորովածի՝ ուտել-խմելու: Ես բնականաբար հրաժարվեցի, չնայած նա ասեց, որ դա կապ չունի, դա ինչ-որ այլ ծրագրի սահմաններում է արվում:

Դե իհարկե, պարոն Խաչիկյանը լավ կաներ, որ շաբաթը մեկ խորովածի փառատոններ կազմակերպելուց ու ղեկավարությանն ու լրագրողներին պատիվ տալուց բացի, մեկ –մեկ էլ ձեռի հետ զբաղվեր իր գործով։ Կամ էլ էդ ընթացքում, որ երկրի էլիտար տղերքին չգիտես ում հաշվին տանում հասցնում ա լոռվա սարերը, մի երկու գյուղացու տուն մտներ ու հարցներ, թե իրենց տված թոշակ- գրոշներից ինչքան են վրայից վերցնում տեսուչ կոչվածները։ Հետո, նա ընդունեց, որ էդպիսի երեույթ կա, ասեց, որ իրենք պայքարում են «սովետից ժառանգություն մնացած» էդ սովորույթի դեմ, ու ամիսը մի երկու-երեք տեսուչ են հեռացվում նմանատիպ մեղադրանքով: Ասեց՝ «Եթե կոնկրետ բողոք ունեք, հայտնեք, ու մենք կհեռացնենք էդ տեսուչին»: Պայքարում են նաեւ նրանով, որ ուզում են հասցնել մինիմումի մարդկային գործոնը՝ թոշակները փոխանցվում են բանկային հաշվին, որտեղից ցանկացած րոպե թոշակառուն կարող ա գնալ ու ստանալ իր փողը: Բայց հաշվի առնելով, որ թոշակառուներից շատերը միայն էդ թոշակի հույսին էն, դժվար չի պատկերացնել բանկի սպասարահներում գոյացող հերթերը:

Նրա հետ զրույցից նաեւ պարզեցի, որ սոցապի թոշակ բաժանող տեսուչների միջին աշխատավարձը 75 հազար դրամ է, ամեն մեկը նրանցից միջինը սպասարկում է 100 բաժանորդի: Իսկ դա նշանակում է, որ ամենահամեստ հաշվարկներով ամեն տեսուչ գրպանում է «լեվի» մոտ հազար դոլար փող: Տեսուչներն ասում են, որ էդ ամբողջից կոպեկներ են իրենց մնում, որ նրանք պարտավոր են կիսվել վերադասի հետ, որպեսզի մնան իրենց աշխատանքին: Նույնիսկ ընդունվելու համար պետք է կաշառք տան:

Ես չեմ կարող վերահսկել ո´չ վերդասին «մուծվելը», ո´չ էլ կաշառքով աշխատանքի վերցնելը, դա պարոն Խաչիկյանի գործն է, բայց էն, որ ինձնից կոնկրետ փող են պահում թոշակը բերելուց, հաստատ կարող եմ ասել: Էդ իմ համեստ հաշվարկը ես արել եմ մոտ 350-400 դրամ պահելու դեպքում: Եթե հաշվարկեմ իմ ծնողների թոշակից կոնրետ արված ամենամսյա պահումներից ելնելով, ու համարելով դա որպես չափանիշ, ապա կստանամ իմ հաշվարկի կրկնակին:

Հիմա ինձ ասեք, էդ ո՞ր մի բարձր որակավորում չպահանջող աշխատանքի համար են էդքան վաստակում Հայաստանում: Երեւի թե էլի նմանատիպ մի սոցիալական կամ այլ պետական ծառայության ծառայողները միայն: Լահմաջո սարքողը, որ զօրուգիշեր, 24 ժամ փեչի մոտ կանգնած է ալրոտ ու շոգած, վաստակում է օրական 4000 դրամ: Բենզալցակայանում շուրջօրյա աշխատանքը վարձատրվում է նույնքան, նաեւ՝ ամեն լվացողի բավականին ծանր գործը: Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը… Իսկ տեսուչը, որ մատը մատին չի խփում, գրպանում է ահռելի փողեր:

Ավելին ասեմ: Եթե մտածենք, որ տեսուչը երկար ճանապարհ է կտրում, երբեմն առանց վերելակի բարձրանում բնակարանները, պիտի որ ինչ-որ կերպ թեյավճար ունենա, իհարկե՝ ըստ ցանկության, ինչպես բոլոր թեյավաճարները: Բայց ո՞նց մեկնաբանել էն, որ նույնիսկ վճարման ստատիկ կենտրոններում էլի էդ «թեյապահումներն» արվում են…

Պարոն Խաչիկյանը թերեւս կարող է ինչ-որ կերպ վերահսկել էս ծառայությունն էնպես, որ «թեյավաճարը» մարդիկ իրենց հասանելիք գումարը ստանալուց հետո սեփական կամքով ինչքան ուզեն, էնքան էլ տան: Գոնե էդքանը անի, էլի բան է:

Ես դեռեւս չեմ հրապարակում ո´չ անուններ, ո´չ տեղամասեր, որտեղ էդ ամենը տեղի է ունենում, ասենք՝ դրա հարկը չկա էլ, երեւի էդպիսի տեսուչ չկա, որ «վրից» չի վերցնում: Ուղղակի ուզում եմ դիմել բոլորին՝ մի լռեք բախվելով անարդարության ու դրամաշորթության: Եթե բոլորը ընդվզեն, երեւի թե մի բան կփոխվի մեր հասարակության գիտակցության մեջ:

Իսկ երբ փոխվի հասարակությունը, նրա արժեքները, բարձրանա մեկ անհատ մարդու գինը, մենք կարող ենք խոսել այն մասին, որ ունենք գիտակից ու հասուն ժողովուրդ, արդյունքում էլ կունենանք փոփոխությունների պատրաստ հասարակություն: Թե չէ, էս դեպքում իհարկե՝ ինչ տիրակալներ էլ գան, ինչ իշխանություն էլ ունենանք, մենք միեւնույն է, կմնանք նույն ոչխարի հոտը, որին ինչ հովիվ էլ տաս, մեկ է, նպատակը լինելու է նոր ու խիտ արոտավայր գտնելն ու փորը լցնելը: Մեկ էլ՝ որ հովիվը փետը քիչ գործի դնի:

Լուսինե Վայաչյան

«Փոքր խորհուրդ» ու միտինգ Սեպտեմբեր 22, 2010 | 10:31 ԼՈՒՍԻՆԵ ՎԱՅԱՉՅԱՆ

Սկսեմ նրանից, որ Հայաստանում արդեն 10 տարի ապրելով` ես երբևիցե մասնակից չեմ եղել որևէ քաղաքացիական կամ քաղաքական ակցիայի, միտինգների և այլն: Հասարակական-քաղաքացիական ակտիվությունս արթնացավ Արա Նեդոլյանի հետ մի զրույցի ընթացքում (Իշխանությունն ի´մն է և քո´նը ): Ես տեսա, որ կան մարդիկ, ովքեր ինձ նման են մտածում՝ առանց մշակութային հեղափոխության ցանկացած իշխանափոխություն ընդամենը տիրակալի փոփոխություն է, ու ժողովուրդը մնում է դիտող-սպառողի դերում: Պետք է մարդը գիտակցականորեն հասունանա, որ նրա մասնակցությամբ քաղաքականությունը դադարի լինել ռեպրեզենտատիվ՝ ներկայացուցչական:

Ինչևէ, 88-ից հետո իմ առաջին միտինգը սեպտեմբերի 17-ի միտինգն էր, որտեղ «սյուրպրիզ» պիտի լիներ: Ճիշտն ասած, 88-ից հետո էդ միտինգը ինձ «վերջին զանգ» էր հիշեցնում: Մարդիկ իրար հետ զրուցում էին, կարոտած համբուրում, քեֆ-հալ հարցնում: Տպավորություն էր, որ դա ընտանիքի պես մի բան է, ուր մարդիկ հանդիպում են միտինգից միտինգ: Լևոն Տեր-Պետրոսյանին լսում էին բոլորը` ի տարբերություն մնացյալ հռետորների, որոնց խոսքը ժողովուրդն ընկալում էր որպես ֆոն՝ բողոքելով, որ առաջնորդի ելույթն ուշանում է:

Ես չեմ վերապատմի Լևոնի ելույթը. ժամանակավրեպ է ու անիմաստ. բոլորն էլ գիտեն` ինչ է խոսել: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, ՀԱԿ-ի «Փոքր խորհրդի» նիստն էր, որի անդամները մտավորականներ են՝ լրագրողներ, արվեստագետներ, քաղաքագետներ, ընդհանրապես մտածող մարդիկ, ովքեր պատասխանատվություն են զգում երկրում տիրող իրավիճակի համար ու փորձում են ինչ-որ բան անել, որպեսզի ժողովուրդը դառնա գիտակից ու վերջապես լինի իր երկրի իրական տերը:

Նիստը վարում էր Զարա Հովհաննիսյանը: Օրակարգում երկու հարց կար՝ ուրբաթ օրվա միտինգի վերլուծությունն ու մշակութային քաղաքականության ծրագրի քննարկումը. քննարկվեց միայն մեկը՝ միտինգը: Մեզ միացավ նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Լալա Պողոսյանն ասաց. «Ժողովուրդը վերջին երկու-երեք տարին առհասարակ հիասթափված է միտինգներից: Ես միշտ ներքեւում եմ կանգնում, գուցե ավելի վերեւում՝ լիդերներին մոտ, ժողովուրդն այլ է, բայց ներքեւում կանգնում է հասարակ ժողովուրդը, չնայած երեւի թե հասարակ մարդիկ միտինգների չեն գալիս. այնտեղ շատ թե քիչ քաղաքականացված ժողովուրդն է:

Երեւի դա սովետական տոտալիտար ռեժիմի ժառանգությունն է՝ մարդիկ սպասում են, որ իրենց կասեն` ուր գնան, նրանց անպայման պետք է գնալ մեկի հետեւից: Կոնգրեսն էլ իր առջեւ խնդիր է դնում տանել այդ մարդկանց, ինքն է ստեղծում սպասողական մթնոլորտ, հետո էլ բողոքում են (ինչպես Լևոն Զուրաբյանը), որ ժողովուրդն ակտիվ չէ: Իրենք փաստորեն առաջարկում են ժամանց, վախենում են «հոգնեցնել» և այլն:

Իհարկե, պետք է ավելի էսթետիկ դարձնել միջոցառումները, ինչպես առաջարկում է Արան, թե չէ ուղարկում են տնեը և առաջարկում սպասել հաջորդ միջոցառմանը: Ժողովուրդը պետք է տեսնի, որ ինչ-որ բան է արվում. կգտնվեն իրազեկ մարդիկ, ու առողջ բանավեճ կառաջանա, դա էլ է ժողովրդին համամասնակից դարձնելու ճանապարհ:

Մասնակից դարձնել քաղաքական-ստեղծագործական պրոցեսին, դարձնել համահեղինակը սեփական վաղվա օրվա կերտման: Անհրաժեշտ է ձեւավորել գիտակցում, որ իշխանության եկողները միայն չինովնիկներ են, որ պետք է ծառայեն մեզ, իսկ իրական իշխանությունը պետք է լինի ժողովրդինը: Նրանք բոլորը պետք է հաշվետու լինեն մեր առջև:

Մենք ուղղակի սովոր չենք էս տիպի հարցադրմանը՝ չի կարելի հավատալ ոչ մի իշխանության, նույնիսկ եթե ինքդ իշխանական ես: Բրգաձեւ, ուղղահայաց իշխանական կառուցվածքն անմեղսունակ է: Բայց հարց է` ինչպես կազմակերպել երկրի կառավարումը մարդկանց մեծ քանակության կողմից: Դրա համար էլ քննարկվում են ցանցային կառույցները: Փոխանակ «մամա-պապա» լիդեր ման գալու` ուղղակի պետք է գիտակցել, որ իշխանությունը մերն է հենց հիմա, այսօր արդեն…»:

Ժողովուրդը միտինգից ուներ ավելի մեծ ակնկալիքներ և հուսախաբ եղավ: Մի աղջիկ, որը Տեր-Պետրոսյանի նախկին աշխատակազմից էր, սպասում էր սյուրպիզին, չնայած ես ասում էի, որ չսպասի հրաշքի, կհիասթափվի, չլսեց: Հետո լացում էր հուսահատությունից, որ էլի առաջնորդը ճամփա ցույց չի տալիս, չի ասում` ուր գնա, ինչ անի…

Խոսեց Արա Նեդոլյանը.«Ընդհանուր տրամադրությունը միտինգի սկզբում ու վերջում բոլորովին տարբեր էր: Երբ խոսում էին Լևոնից առաջ, մարդիկ զբաղված էին տարբեր բաներով, իսկ երբ սկսեց խոսել Լևոնը, միանգամից բոլորը լռեցին ու լսում էին: Լևոնը Լևոն, բայց դե մնացյալ հռետորները նույնպես պետք է ունենան մշակված նոր մտքեր, որոնք էլ պիտի ծագեն հանձնախմբերի ու հանձնաժողովների քննարկումներում ու ապա մատուցվեն, որպեսզի մենք ունենանք բանական ելույթ ունեցողներ` միտք ասող, բան ասող: Հույս ունեմ, որ «Փոքր խորհրդի» աշխատանքի հետևանքում նույնպես կառաջանան պրակտիկ մտքեր, ոչ շատ վերլուծական, որոնք հնարավոր կլինի հնչեցնել:

88-ին, 90-ին ՀՀՇ-ն կարողանում էր մթնոլորտ ստեղծել, այսինքն լավ ճաշակ կար այդ դաշտում, այդ նույն դաշտում կատարվում էին նաև գեղագիտական զանազան գործողություններ, ուշադրություն էր դարձվում էսթետիկային, ոճին ու մթնոլորտին… Նստացույցն էլ ուներ էսթետիկա… Հիմա այդ սահմանները չոր ու ցամաք են, զուրկ էսթետիկայից: Մթնոլորտ չկա: Ովքեր 60-ականներին Սունդուկյանի թատրոն էին գնում, էդ տարիներին գալիս էին ՀՀՇ-ի դաշտ: Հիմա ՀԱԿ-ի դաշտն այդպիսին չէ…

Բայց քանի որ հենց ՀԱԿ-ն է այսօր իրական Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ թե այն կառույցները որ նստած են պետական շենքերում, ապա ՀԱԿ-ը պետք է իր վրա վերցնի նաև պետական մարմինների, մասնավորապես իրական հասարակական Խորհրդարանի կազմակերպումը, ստեղծումը, այսինքն՝ ձգտի ոչ այնքան իշխանափոխության, որքան երկիշխանության հաստատմանը, ինչպես ժամանակին արել էին Կոմիտեն ու ՀՀՇ-ն. Հենց այդ ճանապարհով էլ եկան իշխանափոխության»:

Լևոն Զուրաբյանն ասաց.«Չի ստացվի, որովհետև հիմա շատ ավելի լավ են ահաբեկում մարդկանց, քան թե սովետական ժամանակներում, միկրոմակարդակի վրա են կարողանում` ամեն մեկին առանձին, գործի տեղը, տանը, ամենուր… Ու ինչքան կոնգրեսին մոտ են էդ մարդիկ, էնքան իրականում ապահով են ու պաշտպանված, քանի որ մենք տեղեկանում ու գործը հասցնում ենք մինչև եվրոդատարան: Իսկ որքան մարդ կա, որ անմիջական շփում չունի մեզ հետ։ Շարքային ընդդիմադիր քաղաքացուն կարող են հալածել ու կյանքը դարձնել անտանելի»:

Առաքել Սեմիրջյանը միտինգի վերաբերյալ ասաց.«Էն ժամանակ միտք էին արտահայտում, և դա բավական էր, էն ժամանակ մարդկանց ուղեղները քաղաքականապես դատարկ էին: Հիմա մարդկային պահանջներն այլ են դարձել: Ուրիշ բան են մարդիկ ուզում լսել, նոր միտք են ուզում: Իսկ էսօր նոր միտք ասելու համար կամ պիտի շատ խոր լինել, կամ սուպեր-օրիգինալ, կամ…»:

Զարա Հովհաննիսյանն ասաց. «Պետք է խթանել հանրության մասնակցությունը և չբավարարվել դասախոսություն–հանրահավաքներով։ Դեռ դասախոսությունը լավագույնն է, այն էլ ստացվում է միայն Լևոն Տեր–Պետրոսյանի մոտ. մյուսները միայն ներկայացնում են փաստերը հպանցիկ կերպով, պաթետիկ տոնով: Այդ տոնը կարող է ներազդել ընտրությունների ժամանակ, երբ ձայն ես ուզում վաստակել, կամ էլ երբ մղում ես հանրությանը գործողության կատարման։ Այս երկու տարբերակներն էլ դեռևս ակտուալ չեն, ուրեմն այլ մեթոդաբանությամբ պետք է հանրային մասնակցությունը մեծացնել. դեպքում կոնգրեսի ազդեցությունը կմեծանա, ու սպասելիքներն էլ միայն միտինգից միտինգ չեն արդարացվի կամ էլ հակառակը, որն առավել հաճախ է պատահում»:

Նազարեթ Կարոյանը, խոսելով խոստացված սյուրպրիզի մասին, ասաց. «Մի ժամանակ սյուրպրիզը 10 «Զապարոժեց»-ներն էին. մարդը գալիս էր ստադիոն ու գիտեր, որ կա 10 մեքենա: Հիմա մարդիկ եկել են ու սպասում են նոր բանի, որ «Զապարոժեց» չէ, ու ոչինչ էլ չկա: Տեր-Պետրոսյանի՝ իր ասածին վերաանդրադառնալու արարքը փչացած ձայնապնակի աշխատանք է հիշեցնում, երբ նվագարկիչի ասեղը սահում է և անընդհատ նույն հատվածի վրա է ընկնում։ ՀԱԿ գործունեությունը միայն քաղաքական խնդիրներով սահմանափակելը, միայն միտինգի ֆորմատը գործածելը հանգեցնում է իր համակիրների շարքերի նոսրացման: Պետք չէ գովել ՀԱԿ-ի գործունեությունը. այդպես ԶԼՄ-ներն են գովում իշխանության գործունեությունը։ Դա վնասում է ընդհանուր գործին»:

Արման Գրիգորյանը մեջբերեց իր` «Լրագրին» տված հարցազրույցից. « Իմ կարծիքով նորություն կար: Համենայն դեպս, ես կարևորում եմ պատմական փորձի`կոնկրետ Մայիսյան ապստամբության վերաիմաստավորումը, իշխանությունների` Արևմուտքում և Ռուսաստանում տարածված ստերեոտիպերի վրա խաղալու հետադեմ ու վնասակար (մեր ներքին կյանքի համար վնասակար) քաղաքականության քննադատությունը և Կոնգրեսի օրակարգը, քայլերի ակտիվացումը, նաև դրանց սինխրոնիզացիան իրավունքների ու ազատություների համար պայքարող միջազգային ակտիվության հետ: Պետք է պարզ հասկանալ, որ այսօր Սահմանադրության և օրենքների պաշտպանը միայն ընդդիմությունն է»:

Ըստ Արման Գրիգորյանի` պետք է ձևավորել քաղաքական մշակույթ ու յուրաքանչյուրին հասանելի լեզվով տեղ հասցնել ասելիքը: Եթե ռոք են սիրում, ռոքի միջոցով, եթե` «ռաբիս», ապա կարելի է երգիչների խումբ գտնել, որը քաղաքական տեքստերով երգեր երգի: Դա շատ լավ կլիներ ու լավ արդյունք կտար:

Լևոն Զուրաբյանն առաջարկեց փոքր խորհրդին ամենաակտուալ հարցերի բաց քննարկումներ անցկացնել, ընդգրկել ՀԱԿ-ի երիտասարդներին:

Ես առաջարկեցի օգտագործել մեր ողջ պոտենցիալը ու համագործակցել ՀԱԿ-ի հետ: Ժողովրդին ասելիքը հասցնելու համար, օրինակ, «100 քայլը» ներկայացնել բեմադրությունների, ինչո՞ւ չէ, նաև սերիալի ֆորմատով, քանի որ մեր ժողովուրդը «նստած» է դրանց վրա: Իմ կարծիքով կուսակցությունների ծրագրերը, նույիսկ եթե դրանք շատ տարբեր են բովանդակությամբ ու ասելիքով, շարադրված են ժողովրդին ոչ այդքան հասկանալի՝ ակադեմիական լեզվով, ինչը տեքստը դարձնում է դժվարըմբռնելի: Ամենակարևոր բանն էն էր, որ մտածում էինք, թե ոնց ենք շարունակելու Փոքր խորհրդի քննարկումները, ի՞նչ ենք անելու, որ օգնենք ժողովրդին ու պետականությանը, որ գործեն օրենքն ու սահմանադրությունը, վերանա «բեսպրեդելը», որ մարդն իրեն պաշտպանված զգա: Կլինի դա իշխանափոխությա՞ն միջոցով, թե՞ ոնց. ինձ համար մեկ է: Իմ և ընկերներիս նպատակը իշխանափոխությունը չէ, այլ աշխատող համակարգի հասնելը:

Մոտակա նիստերին սպասվում է Արա Նեդոլյանի զեկուցումը մշակութային քաղաքականության մասին և Նազարեթ Կարոյանի «Խաղաղության տնտեսություն/Պատերազմի տնտեսություն»-ը:

Լուսինե Վայաչյան

Սկեսուրի ուրախությունն ու զոքանչի տխրությունը Սեպտեմբեր 10, 2010 | 8:12

Օրերս, չգիտես ինչու, գրեցի «Կարմիր խնձորի» ավանդույթի մասին` չիմանալով, որ ես ու Ռաֆայել Նահապետյանը մեկ – երկու օրվա տարբերությամբ խոսելու ենք նույն հարցի մասին, բայց տարբեր տեսանկյուններից:

Ես ասում էի, որ դա ամոթ ու այլևս անպիտան երևույթ է, նա ասում է՝ պետք է լինի ու դեռ ամրապնդվի։

Պատմական գիտություների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հնագիտության ու ազգագրության ամբիոնի դասախոս, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանի հանդիպումը լրագրողների հետ ևս մի անգամ սևեռեց ԶԼՄ-ների ու Ֆեյսբուքահայության ուշադրությունը մեր հիմար ադաթների վրա: Նա խոսեց հայկական հարսանիքի և ավանդույթների պահպանման հարցի մասին:

Նախ անհասկանալի էր, թե ազգագրագետը ո´ր ավանդույթներն էր ուզում պահպանված տեսնել` քրիստոնեական մշակույթի՞, թե՞ հեթանոսական ժամանակաշրջանի։ Եվ արդյո՞ք այդ ավանդույթները եթե անգամ պահպանվեն, չեն լինի բովանդակությունից զուրկ, լոկ ձևական մի բան, որից , ըստ իս, որքան շուտ ազատվենք, այնքան լավ։

Հնագետը ցավով նշեց այն փաստը, որ հեթանոսական ժամանակաշրջանի ծիսակատարություններին պատմագիրները կարևորություն չեն տվել: Եվ այդ ժամանակահատվածին վերաբերող տվյալները մեզ միայն հին հունական ու հռոմեական պատմագիրների գործերից են հասել: «Հեթանոսական սովորույթներից էին նաև տագրամուսնությունը կամ քենամուսնությունը ( ամուսնու մահից հետո տագրոջ հետ ամուսնանալու սովորույթը, կնոջ մահվան դեպքում` կնոջ քրոջ), հարսի գնման և փախցնելու ավանդույթները»,- ասաց Նահապետյանը:

Սրանցից ո՞րն է ուզում պահպանված տեսնել պրոֆեսորը։

Նրա խոսքերով, հեթանոսության ժամանակ կինը կարող էր 2-րդ կամ նույնիսկ 3-րդ տղամարդու հետ ամուսանանալ. այսինքն բազմակնությունը նույնպես ընդունելի էր: Բազմաթիվ տվյալներ վկայում են այն մասին, որ այդ ժամանակահատվածում Անահիտ աստվածուհու համար հայ աղջիկները իրենց կուսությունը զոհաբերում էին օտարերկրացիներին:

Չէ, սա մեզ ձեռ չի տալիս, չենք վերականգնի. սխալ է եղել, ո՞նց թե կինը 2-3 ամուսին ունենա… Սա անցանք, լավ է, որ չեն պահպանվել: իսկ կուսության զոհաբերումը այսօր հայ կանայք հենց էնպես չեն անում. ավելի շուտ ամուսնանում են օտարների հետ` գերադասելով նրանց մեր խեղճացած ու անփող տղամարդկանցից։

Այսօրվա հարսանիքները ավանդական հայկական հարսանիքների ընդամենը մի փոքր մասն են կազմում:
Բանախոսը նշեց, որ ժամանակին հայկական հարսանիքը 7 օր է տևել: Չեն պահպանվել տաշտադրոնքի և մսացուի ավանդույթները:

Այս ավանդույթն էլ վերականգնելը ֆանտաստիկայի ժանրից է, նամանավանդ հասարակ մահկանացուի համար։

Հնագետին ուրախացնում է այն փաստը, որ գյուղական վայրերում ինչ-որ չափով պահպանվել են հարսանեկան ավանդույթները: Դրանցից է քավորի ինստիտուտը:

Նահապետյանը նշեց, որ անցյալում քավորը բազմաթիվ պարտականություններ ուներ, որոնց թվում, օրինակ, աղջկա ընտրությունը ու նույնիսկ մանկածնությունն ապահովելը:

«Մանկածնությունն ապահովելը»… Մի քիչ բարդ է պատկերացնել:

Ազգագրագետը դրականորեն է վերաբերվում օժիտի ավանդույթին: Նրա կարծիքով հարսի ծնողները նույնպես պետք է նորապսակներին աջակցություն ցուցաբերեն:

Հետաքրքիր է` սա և՞ս հեթանոսական ժամանակներից մնացած ավանդույթ է, և ինչպիսին էր այդ ժամանակ օժիտը. արդյո՞ք այսօրվա աղջկա բուհական դիպլոմով ու վեց-վեց սրբիչներով, նաև կահույքով, ավտոմեքենայով։

Բանախոսը նաև կարմիր խնձորին անդրադարձավ և շեշտեց, որ դա հայերին բնորոշ և հարազատ իրողություն է և ավելի կայուն կերպով է պահպանվել, քան որևէ այլ ժողովրդի մոտ: Նահապետյանը տեղյակ է, որ այս դարում շատերը արհեստական ճանապարհով են կուսությունը վերականգնում, սակայն վերջինիս կարծիքով ազատ սեռական կապը բազմաթիվ հիվանդություններ կարող է առաջ բերել:

Ստացվում է,որ մեր տղաները, եթե օգտվեն մարմնավաճառների ծառայություններից, ավելի ապահով կլինի ազգի ապագան: Ոչ վարակ կլինի, ոչ հիվանդություն: Ու հետո ձեր պահած-պաշտած աղջկան մարդի տվեք էդ տղեքին, ու հետո թող նրանք սեռավարակներ ձեռք բերեն հենց իրենցից, ու հետո անպտուղ դառնան, ու հետո էլ մեղադրեն աղջկան, որ չբեր է:

Իսկ էդ նույն ավանդույթը տղաներին չի արգելում սեռական կյանքով ապրելը, ավելին` մղում է դեպի տղամարդու արևելյան տիպ, ավելին` մեզանում եվրոպական ու ասիական մենթալիտետի խառնուրդը բերում է մի պատկեր, որ չի կարելի ողջունելի համարել։

Կարմիր խնձորի և բոլորիս հայտնի սավանի հետ կապված արարողությունը, ըստ Նահապետյանի, սկեսուրներին երջանկությունից 7-րդ երկինք է հասցնում, քանի որ վերջիններս կարող են բոլորին տեղեկացնել իրենց որդու ճիշտ ընտրության մասին:

Զոքանչը ո՞նց է 7-րդ երկինք հասնում. էդ ավանդույթների մեջ չկա՞:

«Պետք է պահպանվեն հայկական ավանդույթները, բարքերը. դրանց արագ փոփոխման և վերացման հետևանքն է, որ այսօր չունենք հայկական ամուր ընտանիքներ»,- իր խոսքը եզրափակել է Ռաֆայել Նահապետյանը:

Ես կասեի` հայկական հեթանոսականի և քրիստնեականի միջև տարուբերվող ավանդույթներին գերի լինելու պատճառով է, որ մենք չունենք հայկական ամուր ընտանիքներ, դրանք են մեզ դարձնում վախկոտ ու ստոր, երկերեսանի ու ստախոս, կեղծավոր ու շողոքորթ: Դրանք են ստիպում կուսաթաղանթներ կարել` խաբեությունից սկսելով ընտանեկան կյանքը:

Ավանդույթները պետք է պահպանվեն մշակույթի մակարդակով, այնպես որ թանգարաններում պատմեն դրանց մասին, ինչպես ողջ քաղաքակիրթ աշխարհն է անում, ու լինեն, ասենք, բեմադրված, ոչ թե իսկականից արյունոտ սավանը անամոթաբար փռեն թառին, ինչպես մինչ օրս արվում է որոշ վայրերում։

Որքա՞ն ենք մենք շարունակելու դեմագոգիկ ձևակերպումներ ու կեղծ արժեքներ ներկայացնել մեր ժողովրդին, որն այլևս հիմար չէ ու կուրորեն չի կարող հետևել ավանդույթներին: Ի վերջո, պիտի հասկանանք ու արդեն կարծես հասկանում ենք, որ մի բան է կնոջը որպես ապրանք առնելը, որը, իհարկե, գերադասելի է չօգտագործված տարբերակով, մի բան` նրան ընտրելը որպես մարդու, որպես կողակցի, ընկերոջ և այլն։

Ես հուսով եմ, որ Ռաֆայել Նահապետյանն ուղղակի հաջող կատակ է արել` ուշադրություն սևեռելու համար մեր ազգի` ավելորդ ավանդապաշտությանը գերի լինելու հակման վրա: Հակառակ դեպքում, զարմանալի է, թե ինչպես է նա ազգագրագետ, եթե չգիտի` ինչ է պետք իր ազգին` այսօր բոլոր ազգերի կողքին արժանապատիվ գոյատևելու համար: Ավանդույթներից չէ, որ պետք է կառչել, այլ պետք է ուղղորդել ողջ մտավոր պոտենցիալը, մեր հայտնի մարդկանց անունն ու հեղինակությունը` խելամիտ խորհուրդներ տալու մեր մոլոր ազգին ու հասկանալու, որ կարևորը բանականությունն է, ընտրության իրավունքն ու ազնիվ ապրելակերպը: Մինչև չդադարենք ինքներս մեզ խաբել, լավ օր չենք ունենա հաստատ: Ու միակ ճանապարհը այս տարբերակում ես տեսնում եմ ազգի խաղաղ ասիմիլյացիայի մեջ: Ընտրեք՝ ավանդապաշտությո՞ւն, թե՞ առաջընթաց:

Ասուլիսը պատմեց Ալիսա Շեկոյանը

Մեկնաբանեց Լուսինե Վայաչյանը

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...