Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Լուսինե Վայաչյան
Ocean-ի Ճակատային մերկությունը Փետրվար 09, 2012 | 19:58 Լուսինե Վայաչյան

Հայրն աղջկան անվանեց Սվետլանա, բայց բնավ՝ ոչ այդ անվան մեջ եղած լույսը տեսնելու համար, այլ, որովհետև անհաջող սիրո անունն էր: Կինը գիտեր այդ մասին, ու երեխային տարօրինակ էր վերաբերվում: Սիրում էր, իհարկե, բայց ամեն անգամ «Սվետա» կանչելով ամուսնու սիրած ռուս աղջկան էր հիշում, ու հոգին տակնուվրա էր լինում: Փոքրիկ աղջիկն այդ մասին չգիտեր, ու կարծում էր, որ մայրն իրեն չի սիրում… Նա օտարված է եղել մորից, ու գրեթե չի կիսվել նրա հետ, երբ յոթ տարեկանում սիրահարվել է, ու ինչ- որ անհանգստություն է զգացել, ու չի հասկացել իր հետ ինչ է կատարվում, վախեցել է պատմել այդ մասին մորը: Բայց մայր ու աղջիկ սիրում էին իրար, սիրում էին քնել իրար փաթաթված…

Մինչև, օրերից մի օր, երբ նոր էր սկսվել պատերազմը, 19 տարի առաջ հենց այս օրը Սվետայի մաման Մեղրուց գնաց Երևան ու էլ հետ չվերադարձավ… Նրան, ընկերուհուն ու ընկերուհու ամուսնուն, ով Կամազի ղեկին էր, ադրբեջանցի ավազակախումբը գերի վերցրեց Երևան-Մեղրի ճանապարհից:

Սվետան մորն այլևս չտեսավ:

Քույրերը՝ փոքրը վեց տարեկան, Սվետան՝ ութ, տեղափոխվեցին ապրելու տատիկի մոտ:

- Ես ընկել էի ազատության գիրկը, քանի որ տատս ու պապս աշխատում էին, ժամանակ չունեին մեզանով զբաղվելու, ու էդ ազատությունն ինձ տալիս էր հնարավորություն իմ ներսի ցավը մեղմելու, մտքերը ցրելու ու պատնեշ դնելու իմ ու անցյալի միջև: Խաղերն ինձ օգնում էին ցրվելու, բայց երբեմն հարցեր էին առաջանում, ու երբ ինձ նեղացնում էին, էդ ժամանակ ես զգում էի, թե որքան մենակ եմ, սկսում էի մտածել կյանքիս մասին, իմ մեջ վերլուծել:

Ու էդ տարիքում նա մերժեց Աստծուն։ Աղջնակը նեղացել էր Աստծուց ու պարփակվել իր մեջ: Հույսը դրել էր միայն իր վրա, իսկ երբեմն – երբեմն նույնիսկ ինքնասպանության փորձերի էր դիմում: Բայց ինչքան էլ դժվար լիներ էդ ժամանակահատվածը, նա միևնույն է՝ միշտ սիրել է կյանքը, ու միշտ մտածել, որ մարդը հենց էնպես չի ծնվում`յուրաքանչյուրը ծնվել է ինչ-որ նպատակի համար:

«Ես իմ դառը փորձից հասկացել եմ, որ էդ ամեն ինչը իզուր չէր, որ դրանք փորձություններ են, ու պետք է հաղթահարվեն, որ ամեն ինչ իրականում չարի ու բարու կռիվն է: Որոշել եմ գտնել իմ առաքելությունն այս կյանքում: Ու քանի որ դա հեռավոր երազի նման է եղել, որոշել եմ համբերատար սպասել, հարմարվել պայմաններին», -պատմում է Սվետան:

Հենց պատանեկության տարիներին էլ առաջին անգամ լուրջ զգացմունք է ծագել աղջկա նկատմամբ: Ու նա հասկացել է, որ փոքր ժամանակ էն տարօրինակ զգացումը, որ իրեն անհանգստացրել է, սիրահարվածություն է եղել, մի տարբերությամբ, որ ոչ թե տղաների է սիրահարվում ինքը, այլ՝ աղջիկների:

«Ես ապրում էի գավառում ու միշտ էլ մտածել եմ, որ իմ նման մարդիկ հիվանդ են: Ես ինձ հիվանդ էի զգում, ուրիշ, օտարացած թե օտարացված հասարակությունից, միևնույնն է: Ինձ թվում էր, ես երբեք չեմ կարող ընդունվել հասարակության կողմից. Եթե մնամ էնպիսին, ոնց կամ, ոնց ստեղծել ա ինձ Աստված, թե բնությունը, որ չեմ կարող բացահայտ սիրել, քանի որ ուզում եմ սիրել աղջկա, երջանիկ լինել, ի վերջո՝ ընտանիք ունենալ: Չէի հավատում»,- պատմում է աղջիկը:

20 տարեկանում Սվետլանան տեղափոխվեց Երևան, քույրն ընդունվել էր համալսարան: Կամաց-կամաց Երևանում սկսեց հարմարվել, ինտերնետի միջոցով գտավ իր նմաններին, ու անլիարժեքության բարդույթը ժամանակի ընթացքում վերացավ: Այդ նույն ինտերնետից էլ նրա ընտրած Ocean մականունը տեղափոխվեց իրական կյանք: Գուցե ճի՞շտ են ասում, որ անունը, դրա ընտրությունը, մեծ դեր է խաղում կյանքում: Ocean անունը այլ շունչ բերեց աղջկան, նրա համար մի նոր կյանք բացվեց, նոր հնարավորություններ, հայտնվեցին նոր մարդիկ… Այդ մարդկանցից շատերն արվեստագետներ էին: Ինքն իրեն զգաց ինչպես ձուկը ջրում, ոգևորվեց, ու քանի որ արվեստը նրան միշտ ձգել է, միշտ մի բան արարելու պահանջ է ունեցել, սկսեց ակտիվորեն ինքնաարտահայտվել: Հիմնականում լուսանկարչության միջոցով:

Բավականին արագ, մի քանի ամսվա ընթացքում Ocean-ին նկատեցին, հիմնականում ինտերնետից, Ֆեյսբուքից, ու սկսեցին հրավիրել ցուցահանդեսների: 2010թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին նա մասնակցել է չորս տարբեր ցուցահանդեսների: «Հայկական ռապսոդիա» նախագծի շրջանակներում ցուցադրվել է Բելգիայում։ Վերջերս էլ «Հոգմապար» շարքով մասնակցեց Նկարիչների միությունում հյուրընկալված «Մարմին. Նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսին:

Ցուցահանդեսը ներկայացնում են հինգ համադրողներ, ովքեր նաև արվեստագետներ են՝ Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արևիկ Արևշատյանը, Արման Գրիգորյանը և Դավիթ Կարեյանը:

Ցուցահանդեսը կազմված է 4 նախագծերից ու ընդգրկում է բավականին լայն ժամանակային դիապազոն` Սուրենյանցից մինչև Սվետլանա Անտոնյան(Ocean):

Նախագծերն ու նրանց մոտեցումները, հեղինակների ու գործերի ընտրության սկզբունքները տարբեր էին, բայց ինձ համար կոնկրետ, նրանք միավորված էին մի՝ «ՄԱՐՄԻՆԸ `ՈՐՊԵՍ» գաղափարով:

Արևիկ Արևշատյանն իր ֆեմինիստական – տրանսֆորմացիոն(իմ ընկալմամբ) «Մարմինը որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ» նախագծով փորձել է հետևել կանանց ինքնաարտահայտման տրանսֆորմացիաներին:

Դավիթ Կարեյանը «Մարմնի ճշմարտությունը» մարմնականի ու հոգևորի հավասարության կոնցեպտով ցանկացել է ընդգծել, որ մարմինը նույնպես ունի կարիքներ, և նրանք պակաս կաևոր չեն:

«Կերպարային տեսություն» նախագծում (համադրողներ՝ Ա. Սարգսյան, Ս. Համալբաշյան) ներկայացվել են անցյալի վարպետները՝ Իսաբեկյան, Հակոբյան… Հակոբ Հակոբյանը հատուկ այս ցուցահանդեսի համար է գործերն արել: Ինձ համար մի քիչ տարօրինակ էր այդ երկուսին կողք- կողքի վիզուալ ընկալելը, կամ գուցե մտահղացումն էր այդպիսին: Արման Գրիգորյանը «Ճակատային մերկություն» նախագծի հեղինակներին մերկության սկզբունքով է ընտրել: Այդ էր պատճառը, որ նա նկատեց Ocean-ին, որի մասին ասում է. «Եթե չեմ սխալվում, երևի հինգ տարի առաջ ավստրիացի կուրատոր Հեդվիգ Սաքսենհյուբերի հետ,զրուցում էինք հայկական ժամանակակից արվեստի մեջ պրոֆեսիոնալ լուսանկարիչների ներգրավվածության մասին: Հեդվիգը դեռ 1999 թվականից հետաքրքրվում էր հայ լուսանկարիչների աշխատանքներով, շատերի գործերի հետ էր ծանոթացել ու դժգոհ էր մնացել, ուզում էր, որ իրեն նոր մարդկանց հետ ծանոթացնեմ, ես էլ ասում էի, որ Հայաստանի պրոֆեսիոնալ լուսանկարիչներով առանձնապես հետաքրքրված չեմ, որ ինձ ավելի հետաքրքրում են Ժամանակակից արվեստագետները`պոպ-արտիստները, կոնցեպտուալիստները և այլն, հետո հարցրի, թե ի՞նչը չի բավարարում նրան մեր լուսանկարիչների մոտ, պատասխանը շատ տպավորիչ էր, նա ասաց. «Գիտես, Ձեր բոլոր լուսանկարիչները կարծես ամսագրերի համար են նկարում, բայց նույնիսկ «գլամուրն» է շատ վատ ստացվում…

Հեդվիգի հետ զրույցից հետո սկսեցի ավելի ուշադիր լինել «գլամուրիստ» լուսանկարիչների հանդեպ, ինչպիսին է, օրինակ,Րաֆֆի Դավթյանը, մի խոսքով՝ առանձնապես հետաքրքիր ոչ մի բան չէր հաջողվում գտնել: Բայց մի օր Facebook-ում տեսա Ocean-ի լուսանկարները ու շատ տպավորվեցի, հիշում եմ՝ նայեցի Սվետլաննայի «ֆրենդների» մեջ, տեսա Տիգրան Խաչատրյանին, հետաքրքրվեցի, թե ինչ գիտի Ocean-ի մասին: Հիշում եմ, որ Տիգրանին համոզված ասում էի, որ երևի Ocean-ը Մոսկվայում կամ Պետերբուրգում է ապրել ու սովորել: Տիգրանն էլ էր հավանել լուսանկարները, բայց տեղեկություններ չուներ իրանից: Պատմում էր, որ հանդիպել է միայն մեծ ընկերական միջավայրերում ու ոչ մի բան չգիտի իր մասին և ընդամենը մի բան կարող է ասել, որ շատ համեստ մարդ է, լուռ, ինքնամփոփ, նստում, ոչինչ չի խոսում:

Ինձ հատկապես դուր էին եկել Ocean-ի ինքնադիմանկարները ու մեջքից նկարված քնած կինը: Այդ ընթացքում արդեն սկսել էինք աշխատանքները «Մարմին. Նոր Պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսի վրա ու ես որոշել էի անպայման ցուցադրել «Քնած կնոջ դիմանկարը», «Հոգմապար»-ը դեռ չէի տեսել, դրանք էլ որ տեսա Facebook-ում ավելի հավանեցի:

Երբ իմացա, որ Ocean-ը ոչ ապրել, ոչ էլ սովորել է Մոսկվայում կամ Պետերբուրգում, ու որ ընդամենը Ֆոտոապարատ է ճարել ու ինքն իր համար սկսել է ֆոտոներ անել ու, որ հերոսը հենց ինքն է, լրիվ հիացա. կարծես հանդիպած լինեի մաքուր արվեստի ֆենոմենի: Արվեստ, որը մաքուր ինքնաճանաչողություն է ու հաղորդակցություն, ոչ մի ավելորդություն, սրբագրում կամ գնահատված լինելու ակնկալիք: Ocean-ի արվեստը լավագույն վկայությունն է նրա, որ արվեստը դեռ ի վիճակի է լինել դիմադրող մարդկանց արտահայտչամիջոցը, որով նրանք պաշտպանում են իրենց և ուրիշների «ապրող կյանք»-ը»:

Ocean-ը գտավ իր առաքելությունն այս կյանքում: Չնայած դեռ աշխատանք չունի, բարդ է գտնելը, քանի որ աշխատատուները նրան տարօրինակ են համարում: Այնուամենայնիվ, նա իրեն պիտանի մարդ է զգում ու հասարակության լիիրավ անդամ: Ընկերներն օգնում են նրան: Բոլորը գիտեն նրա կողմնորոշման մասին, բայց արվեստի դաշտում դա էական չէ: – Լավ կլիներ, որ ամեն տեղ այդպես լիներ՝ առաջին հերթին մարդն ու նրա արած գործը:

Լուսինե Վայաչյան

Հ.Գ. Ի դեպ այս հրապարակումը, ի թիվս Լուսինե Վայաչյանի այլ հոդվածների  ներկայացված է վաղը` փետրվարի 10-ին կայանալիք ՆԱ/ՆԵ մրցանակաբաշխությանը:

Ես նրանց համար գեյշա եմ Փետրվար 08, 2012 | 18:32 Լուսինե Վայաչյան

Էրիկը (Էռնա), նույնիսկ չգիտեմ, որը փակագծերի մեջ վերցնեմ, շատ համակրելի 19-ամյա երիտասարդ է, սովորում է ինստիտուտում, խոստացա չնշեմ կոնկրետ որ, բայց ասեմ, որ արվեստի բնագավառից է: Ընկերները նրան կոչում են Էռնա, սա նրա «տրանս» անունն է, ընտանիքում ու հասարակության ավելի քիչ հանդուրժողական շրջաններում գիտեն որպես Էրիկ: Նուրբ, պատանեկան, ես կասեի` աղջկական դիմագծեր ունի: Նրան նայելով ամաչում ես, որ կին ես, այնքան կանացի է: Նա տրանսվիստիտ է՝ տղամարդու մարմնով ու կանացի էությամբ: Շատ կիրթ, բանիմաց ու համակրելի երիտասարդ է: Խնդրեցի պատմել իր պատմությունը՝ չմերժեց:

- Սովորական բարեկեցիկ ընտանիքից եմ, մեծացել եմ` ինչպես բոլոր երեխաները: Շատ փոքր տարիքից տղաներ են դուրս եկել: Ես չէի հասկանում, ի՞նչն է պատճառը, որ ես տարբեր եմ բոլորից, լացում էի, անընդհատ էդ միտքը ինձ տանջում էր: Ցանկացած շրջապատում երեխաները զգում էին, որ ես ուրիշ եմ, իրենց նման չեմ: Ժամանակի ընթացքում սկսեցին ինձ ընկալել ոչ որպես տղա, այլ ավելի շատ որպես աղջիկ: Այդ փուլն ինձ համար ամենաերկար ու տանջալի փուլն էր, երբ ո’չ ես էի ինձնից գլուխ հանում, ո’չ տնեցիք, ո’չ շրջապատս: Երբ 12-13 տարեկան էի, ու արդեն գիտակցում էի, թե ես ինչով եմ «ուրիշ», փորձում էի արհեստականորեն ջնջել տարբերությունը՝ շարժուձևերովս, խոսակցականովս, հագուկապովս միշտ ձգտել եմ նմանվել մեծամասնությանը: Ամենաբարդը երեկոն էր, երբ առօրյա պատանեկան, դպրոցական կյանքից տանը փակվելով` փորձում էի վերլուծել ապրածս օրը: Պառկում էի, հիշում իմ հասցեին արված բոլոր արտահայտությունները: Օրինակ` շատ նեղվում էի, երբ ասում էին՝ «աղջկա գեղեցկություն ունես, լրիվ աղջիկ ես»: Ոչ ստացվում էր ուրախանալ, քանի որ ինքս ինձ դեռ չէի հասկանում, չգիտեի ո՞վ եմ ես, ոչ էլ տխրել, որովհետև զգում էի, որ ասվածը դուրս գալիս է: Մինչև 15 տարեկան միշտ մտածել եմ, թե ես միայնակ եմ աշխարհում, կամ հիվանդ, ու փնտրում էի ինձ նմաններին: 15 տարեկանում սիրահարվեցի իմ ամենամոտ ընկերուհու սիրած տղային, լսում էի նրա պատմությունները նրանց սիրո մասին, ու սիրահարվում… Զգում էի, որ էդ տղան ինձ ձգում է: Տարօրինակ էր, բայց աղջիկը ոչինչ չէր կասկածում ու դա ինձ ձեռնտու էր: Մտածում էի, որ եթե ես չեմ կարող նրա հետ լինել, ապա գոնե թող ինձ հարազատ ու մոտ մեկը լինի, գոնե տեղյակ կլինեմ նրանից: Համարյա միաժամանակ ես հայտնաբերեցի, որ միայնակ չեմ, էլի կան ինձ նման մարդիկ: Ու ինձ մոտ սկսվեց մի նոր փուլ: Ես հասկացա, որ դպրոցում, բակում չեմ կարող շփվել հասակակիցներիս հետ, , որովհետև մեր աշխարհները տարբեր են: Ինստիտուտի նախապատրաստական կուրսում գտա մի տղայի, ով ամեն ինչով նման էր ինձ ու ես էլ միայնակ չէի, կար մեկը, որն ինձ հասկանում էր: Նա իմ սիրած տղան չէր, այլ իմ այդքան սպասված ընկերը: Ու այդ օրվանից կյանքս փոխվեց…

- Դու քեզ համարում ես գե՞յ, թե՞ տրանսվիստիտ:

- Էդ ժամանակ ես չգիտեի ով եմ ես, միայն գիտեի, որ ինձ տղամարդիկ են դուր գալիս։ Հետո հասկացա, որ ես գեյ եմ, որը չի կարող սիրել գեյի, այլ միայն հետերոսեքսուալ` տարասեռական տղամարդու, ու հետևաբար տրանստվիստիտ եմ, չնայած էդ բառն դեռ ինձ անգամ ծանոթ չէր: Երբ ընդունվեցի ինստիտուտ, հայտնաբերեցի ինձ նման ևս մեկին, որի մուտքն իմ կյանք նման էր ռումբի պայթյունի: Արդեն քաղաքում երեքով միասին կողմնորոշվում էինք, երկուսով որոշեցինք միասին ապրել, ոչ որպես սիրեկաններ, որպես ընկերներ: Մենք տրանսվիսվտիտներ ենք, չենք կարող սիրեկաններ լինել: Ապրում էինք մեր երկու ընկերուհիների հետ: Երբ ապրում էինք նրանց հետ, զգացինք, որ մեզ դուր է գալիս հագնել աղջիկների շորերը, քսվել նրանց նման, նրանց բարձրակրունկներով շրջել տան մեջ: Մի օր էլ որոշեցինք այդ տեսքով դուրս գալ փողոց: Սպասեցինք մի լավ մթնի, մարդկանց անցուդարձը քչանա, ու… դուրս եկանք: Մեզ մոտեցավ մի ոստիկան, կարծելով, թե աղջիկներ ենք ուշ ժամի մնացել ենք փողոցում, օգնություն էր առաջարկում, հետո հակացավ, որ տղա ենք: Հարցրեց՝ բա ինչի՞ եք կանացի հագուստով, ասեցինք, որ գռազ ենք կրվել: Նա մեզ բաց թողեց:

- Քո շրջապատում, ընտանիքում, ինստիտուտում գիտե՞ն քո մասին: Դու բացահայտվե՞լ ես, այսպես ասած «coming out»-ի ո՞ր փուլում ես: («coming out»- կրճատ՝ անգլերեն «coming out of the closet»՝ դուրս գալ թաքստոցից, բացահայտում, ինքնաբացահայտում):

- Ոչ վերջին: Ընկերներս բոլորը գիտեն, ինստիտուտում էլ շատերը գիտեն: Ընտանիքս կասկածում է, ավելի շուտ գիտի, բայց չիմանալու է տալիս հույսեր փայփայելով, որ մի օր կամուսնանամ աղջկա հետ:

- Հասարակության, սոցիումի հետ ի՞նչ պրոբլեմներ ունես, չե՞ն նեղում, վիրավորում, թարս նայում:

- Ավելի շատ պրոբլեմներ ունեմ որպես գեյ, քան որպես տրանսվիստիտ: Երկորդ դեպքում չեն հասկանում, որ աղջիկ չեմ, որ ջոկում էլ են, արդեն հեռու եմ լինում:

- Իսկ քաղաքում լինո՞ւմ են դեպքեր, երբ «քյարթուները» նեղեն քեզ ու քո ընկերներին:

- «Քյարթուները», երբ նրանք խմբովի են, ահավոր հոմոֆոբ են, բայց երբ մենակ են ու տեսնող չկա, բոլորն էլ ուզում են մեզ: Հիմա ավելի շատ «գեղցիներն» են նեղում, նրանք մեզնից ընդհանրապես անտեղյակ են, միանգամից շոկի մեջ են ընկնում ու դառնում ագրեսիվ: Սեփական ագրեսիայի պատճառով էլ հետո տուժում են: Վրեջերս, ոչ էնքան վաղուց ես, ընկերս ու երկու աղջիկ քայլում էինք: Ռեպլիկ գցեցին՝ «Արա, չի ջոգվում սրանցից տղեն որն ա, աղջիկը որը»: Ու մինչ մտածում էին, թե մեզնից որն է տղա, որը աղջիկ, մենք զգացինք, որ նրանցից մեկը մեզ շատ մոտեցավ: Անհիմն ագրեսիան ալկոհոլի հետ կոկտեյլում նպաստեց նրան, որ կռիվ եղավ, ընկերոջս շրթունքը ճղեցին: Հիմա նրանք պրոբլեմներ ունեն օրենքի հետ, մենք դիմել ենք ոստիկանությւոն ու գործ է հարուցվել:

- Իսկ օրենքի մարդի՞կ: Նրանք ո՞նց են ձեզ վերաբերվում:

- Իսկ օրենքի մարդիկ առայժմ գործում են օրենքի սահմաններում, այլ կերպ հնարավոր էլ չէր: Շատ վկաներ կային: Ու ընդհանրապես, մեր քաղաքի ոստիկանները, ի տարբերություն հասարակությամ մեծ մասի, հոմոֆոբ չեն:

- Տրանսվիստիտները՝ «տրանսերը» հայտնի են որպես առևտրային սեքս-աշխատողներ: Ո՞նց ես նայում դու դրան, ի՞նչ կասես «տրասս» կանգնողների մասին: Ինչպես հասկանում եմ, դու դրանից չես: Ինքդ երբևիցե զբաղվե՞լ ես մարմնավաճառությամբ:

- Ինձ դուր են գալիս, ու դա փոխադարձ է, սոցիալապես ապահով 25-40 տարեկան տղամարդիկ: Նրանք ապրում են սովորական կյանքով, ունեն ընտանիք՝ կին, երեխաներ, բիզնես, որոնք այնքան կանայք են փոխել, որ հոգնել են, ու ես իրենց համար նոր, թարմ զգացողությունների աղբյուր եմ: Ես դա չեմ համարում մարմնավաճառություն, քանի որ ես չեմ վաճառվում, նրանք էլ ինձ չեն գնում, չեն վճարում մարմնական հաճույք ստանալու համար: Մենք ուղղակի միասին հաճելի ժամանակ ենք անցկացնում՝ շփվելով, զրուցելով: Նրանց համար ես գեյշա եմ, էկզոտիկ գեյշա, ես նրանց ոչ միայն մարմնական, այլ առաջին հերթին հոգևոր թեթևություն եմ պատճառում: Իսկ «Տրասս» կանգնողների աշխարհը ծայրահեղական, տեռորիզմի նման մի բան է ինձ համար՝ վտանգավոր ու հաճախ ոչ հաճելի անակնկալներով լի: Բայց ես նրանց չեմ քննադատում, քանի որ ամեն մարդ իր կյանքի, իր մարմնի տերն է, ու իրավունք ունի տնօրինել ինչպես ուզում է:

 

Բրիտանական խորհուրդ. 10 արդյունավետ տարի Հայաստանում Հունվար 30, 2012 | 19:14 Լուսինե Վայաչյան

Այսօր Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ մամլո ասուլիսով հանդես եկան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Նրանք ներկայացրեցին Միացյալ Թագավորության իրականացրած ծրագրերը Հայաստանում և իրենց առաջիկա միջոցառումները:

 Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը կարևորեց  այն փաստը, որ Բրիտանական խորհուրդն ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն առանձին կազմակերպություններ են, սակայն փոխլրացնող գործունեություն են ծավալում: «Բրիտանական խորհուրդն անկախ կազմակերպություն է, որը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի մշակույթի դեսպաններին, և նրանք մեծ ազդեցություն ունեն նպաստելու քաղաքական գործիչների անվանած «փափուկ» իշխանություն ձևավորելու վրա»,- ասաց նա:

Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունության տասներորդ տարին նշանավորվելու է նրանով, որ փետրվարին մեկնարկելու է մշակութային և կրթական միջոցառումների շարք, որը շարունակվելու է  ողջ տարվա ընթացքում: Տասնամյա հոբելյանի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Նորաձևության ճանապարհ» ցուցահանդեսը` ներկայացնելով հայ և եւրոպացի տասը նկարիչ-մոդելավորողների համատեղ աշխատանքները: «Հավաքածուն մի ծրագրի աշխատանքի արդյունքն է, որի շրջանակներում Հայաստանից հինգ դիզայներներ էին ընտրվել, նրանց հնարավորություն էր տրվել այցելել  եվրոպական հետեւյալ երկրներից մեկը` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Դանիա, Ռումինիա կամ Չեխիա, և տվյալ երկրի գործընկերոջ հետ չորսական գործ ստեղծել: Այսպիսով, ցուցահանդեսին կներկայացվեն 20 աշխատանքներ»,- ասաց ԲԽ հայկական գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը, ներկայացնելով ցուցահանդեսը:

Հոբելյանական միջոցառումների ընթացքում նաև Չարլզ Դիքենսի երկու հարյուրամյակին նվիրված միջոցառումներ կլինեն, միջին մասնագիտական կրթության ոլորտում կամփոփվի «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը:

Հոբելյանի շրջանակում կկազմակերպվի  նաեւ Բրիտանական ֆիլմերի տասներորդ փառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն 2012-ի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին և մարդու իրավունքներին նվիրված ֆիլմեր: Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև վարպետության դասընթաց` հայ ֆոտոլրագրողների համար:

Իր տասնամյա գործունեության ընթացքում Բրիտանական խորհուրդն աշխատել է անգլերենի տարածման, արվեստի, կրթության և հասարակության բնագավառներում, որոնցից դեսպան Լիչը առանձնացրել է անգլերեն լեզվի ուսուցումն ու դրա տարածումը. «Մենք կարևորում ենք անգլերենի իմացության մակարդակի բարձրացման հարցը: Այս տարի իրականացվելիք մեր մի ծրագրի շրջանակներում հայաստանցի անգլերենի ուսուցիչները հնարավորություն կունենան մրցակցել, կիսել իրենց փորձն աշխարհի մի շարք երկրների անգլերենի մասնագետների հետ»:

Բրիտանական խորհուրդը համակարգում է նաև միջազգային ճանաչում ունեցող անգլերենի քննություններ` նախատեսված տարբեր մասնագիտությունների և անգլերենի տիրապետման տարբեր որակավորում ունեցող անձանց համար: Ողջ աշխարհում ճանաչելի IELTS քննության հանձնումը հնարավորություն է տալիս ուսանել արտերկրի լավագույն համալսարաններում:  Միայն նախորդ տարի IELTS և այլ քննություններ են հանձնել ավելի քան 900 մարդ:

Արվեստի բնագավառում Բրիտանական խորհուրդը համագործակցում է «Ոսկե Ծիրան», «ՀայՖեստ», «Ռեանիմանիա» փառատոնների հետ, կազմակերպվում են ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, մշակույթի առաջնորդների վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ:

«Կառույցը արվեստի մեծ ջատագով է: Այսօր Բրիտանական խորհուրդը Հայաստանում լուրջ գործունեություն է ծավալում: Մենք փորձում ենք մարդկանց միջև ստեղծել կապեր, մոտեցնել նրանց` առավելապես մշակույթի ճանապարհով: Բացի այդ, Բրիտանական խորհուրդը գործունեություն է ծավալում գենդերային հավասարության, հաշմանդամների հիմնախնդիրների ոլորտներում: Հույս ունեմ, որ Հայաստանում Բրիտանական խորհրդի հետագա գործունեությունը առավել արդյունավետ կլինի»,- ասաց Մեծ Բրիտանիայի դեսպանը:

Կրթության և հասարակության բնագավառում իրականացրած WoMen in Politics, EU skills և Active Citizens ծրագրերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ:

«Աշխատանքային տարիների ընթացքում Բրիտանական Խորհուրդը մի շարք դասընթացներ, սեմինարներ, վերապատրաստման պարապմունքներ է անցկացրել ողջ Հայաստանի ավելի քան 600 ուսուցիչների և 1500 շահառուների հետ: Մենք փորձում էինք համաշխարհային միտումներին և կրթության ոլորտում նորամուծություններին համապատասխան հայ ուսուցիչների վերապատրաստում անցկացնել». – նշեց  Արևիկ Սարիբեկյանը, պատմելով ԲԽ գործունեության մասին:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Քեթրին Լիչն ասաց. «Հայաստանի` Եվրոպային մերձենալու հարցը Եվրամիության և Բրիտանական խորհրդի համար կարևոր հարց է. դրա վկայությունն է Արևելյան գործընկերության ծրագիրը, որով Եվրամիության ու տարածաշրջանային երկրների միջև համագործակցությանը մեծ ուշադրություն է դարձվում»:

Լրագրողի հարցին, թե` չի՞ կարծում, որ Եվրամիության անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դեսպանը պատասխանեց. «Միացյալ Թագավորությունը երկար ժամանակ աջակցել է Թուրքիային, որպեսզի վերջինս դառնա Եվրամիության անդամ: Բայց, ինչպես հայտնի է, Եվրամիության անդամության համար տվյալ երկիրը պետք է բարեկամական հարաբերություն ունենա իր հարևանների հետ: Այդ է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջ հարաբերությունների կարգավորումը մեզ համար առանցքային հարց է: Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնության, որն իրար կմոտեցնի երկու երկրները: Դա լավագույն պատասխանն է, որ կարող էի տալ»:

ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ` հղում կատարելով  Միացյալ Թագավորության պաշտոնական տեսակետին տիկին Լիչն ասաց. «Մենք ողջունում ենք երկրում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ու դիրքորոշումը:

Ընտրությունները կդառնան կարևոր փուլ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում: Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես խոստացել է պետության նախագահը, ապա դա կդառնա ևս մեկ քայլ երկրի և հասարակության ժողովրդավարացման ճանապարհին: Հուսով ենք, որ այս տարի ևս նախկինի պես հանրապետության նախագահը կհրավիրի մեզ և այլ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին մասնակցելու ընտրություններին՝ որպես դիտորդներ: Դեսպանատունն էլ ամեն կերպ կաջակցի ու կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը», – եզրափակեց դեսպանը:

 

 


Տոնդ շնորհավո՛ր, Հայկական բանակ Հունվար 27, 2012 | 16:07 Լուսինե Վայաչյան

Տոնդ շնորհավոր հայ զինվոր

1992-ին, երբ անակնկալ անկախացած Հայաստանը հայտնվեց պատերազմի ու շրջափակման մեջ, ոչ ոք չէր նախապատրաստել մեզ նրան, որ կարիք կունենանք սեփական բանակի, ու որ ինքներս մեզ պիտի պաշտպանենք արդեն, առանց «մեծ ախպոր»։ Ու երբ լքվեցին մի շարք բնակավայրեր, հասկացանք, որ էդպես կկորցնեն Ղարաբաղը. չկա կանոնավոր բանակ, չկա զենք բռնել իմացող համապատասխան կոնտինգենտ, բայց պաշտպանվել պետք էր, ու բանակը ստեղծվեց՝ ինքնաբուխ ու տարերային, սկզբում ինքնապաշտպանական ջոկատներ՝ որսորդական հրացաններով ու ինչ-ինչ մնացած հին զենքերով, հետո կամաց-կամաց թափ առավ ու աճեց, ու դառավ մարտունակ, ու հետո ճանաչվեց ամենամարտունակը տարածաշրջանում…

Արդեն անցել է 20 տարի, այսինքն հիմա, հենց հիմա էդ բանակում ծառայում է էդ տարիներին ծնված տղան, որը ծնվել է ցրտի, մթի, սովի ու այն տարիների ողջ զրկանքների փնջի օրոք։ Մայրը չէր կարողանում ջուր տաքացնել, որ փոքրիկին լողացնի, լույս չկար։ Քաղաքային բնակարանի մի անկյունում տեղադրված վառարանի վրա մի կերպ ճարված ցախով ջուր էր տաքացնում, լողացնում երեխային, լվանում նրա շորերը ու էդպես մի կերպ էլ չորացնում վառարանի շուրջը։ Երեխան հաճախ էր հիվանդանում, դե, ի՞նչ պայմաններում էր մեծանում, որ չհիվանդանար, ու թերսնված էր, քանի որ մայրն էլ մի կարգին սնունդ չէր ստանում, որ նրա կաթով բավարարվեր։ Ու էդպես կյանքի առաջին տարիներն անտանելի էին, հաց էլ չկար, առաջին անհրաժեշտության սնունդ էլ….

Բայց հաղթեցինք, էդ զրկանքների գնով հաղթեցինք, երեխաներ էլ ունեցանք, ու նրանք արդեն զինծառայողներ են։ Բայց այսօր հենց անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ Բանակն իր ներկա կառուցվածքով ու անփույթ ղեկավաման, կոռուպցիոն թողտվությունների շնորհիվ  դարձել է երկգլխանի հրեշանվստահություն սերմանելով հասարակության մեջ իր նկատմամբ։ Մեր հասարակությունը անկախության տարիներին ուժեղանալու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու փոխարեն, էնպիսի բարոյական անկում ապրեց, որ այդ ամենը բանակում խտացած ձևով ներկայացավ, իր ողջ անառողջությամբ: Մարդու կյանքը դարձավ ոչինչ, նյութական ամենափոքր շահը ստիպեց հաբռգած հրամանատարներին խաղաղ պայմաններում զինվոր սպանել, ասենք մի 50 դոլարի համար, կամ էնպես ծեծել ու ստորացնել, որ բանակից հաշմված տղաներ վերադառնան։

Երկար ժամանակ բանակի թեման դասվում էր սրբությունների շարքին, որի մասին չի կարելի խոսել, քանի որ արտաքին թշնամի ունենք, արատների մասին չի կարելի բարձրաձայնել, որ ջուր չլցնենք թշնամու ջրաղացին, բայց իր գոյության 18–րդ տարում համբերության բաժակը լցվեց։ Առաջ էլ են եղել սպանություններ, գուցե ավելի շատ,  որ բանակի առողջացման ջատագովների «աչքն են կոխում»: Բայց կարեւոր չի երբ սկսել, կարեւորը` արդյունք ստանալ:

Իհարկե մեծ դերակատարում ունեցավ իրար հաջորդած մի քանի հրեշավոր դեպքերի` որոնց թվում մեր լրագրող ընկերուհու եղբոր՝ Արտակ Նազարյանի սպանությունը, որից ցնցվեց լրագրողական աշխարհը, ողջ համացանցը էդ օրերին Ծովիկ հետ էր, Արտակ Նազարյանը մեր բոլորի, ամենքիս եղբայրն էր, ու կա, ու մենք «պայթեցինք»՝ անմիջականորեն զգալով էդ կառույցի հրեշավոր լինելու ու սահմաններ չճանաչելու ողջ բիրտությունը, անպատժելիությունը, «դեդովշինայի» արդարացումներ հնչեցին նույնիսկ ոմանց կողմից, ովքեր փորձում էին ամենաթողության մեղքը բարդել ում վրա ասես, բայց ոչ թերի ու կոռումպացված, քյարթու ու գողական «պանյատկեքով» կառուցված բանակային հիերարխիայի, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր այսօրվա հասարակության մոդելը փակ համակարգի մեջ, որտեղ ավելի վառ են երևում հասարակության արատները։

Արատավոր հասարակությունը, արատավոր իշխանության օրոք չի կարող այլևս ունենալ կարգին ու մարտունակ բանակ: Մեր բանակի մեծամեծներն իրենք են գցել մարտական ոգին մեր որդիների, նրանք են իրենց ամենաթողությամբ անպատժելիության մթնոլորտ ստեղծելով նպաստել նրան, որ բանակը դարձել է բերդի պես մի տեղ, ուր գոյատևում է ամենաուժեղը, ուր թույլին ստորացնելն ու ծեծելը չի պատժվում հավուր պատշաճի, ուր չծխողը ծխող է դառնում, չխմողը խմող, ուր տղաներից ստանում են ստրկամիտ ու ղեկավարելի քաղաքացիներ…

Ակամա մտածում ես, գուցե դա ռազմավարությո՞ւն է, թե չէ ինչպես՞ կարող է հասուն գիտակից մարդ ու ղեկավար լինելով հանդերձ, այսպիսի փնթի բանակային համակարգ ունենալով, չփորձել գոնե մի քիչ մաքրել, կարգուկանոն հաստատել, դա ախր բնազդի մակարդակի բան է…

Սպա բարեկամս ծառայում է լավ զորամասում, ուր լավ «նաչշտաբ» ու «զամպալիտ» են, ու դրա համար էլ «չաստում» կարգուկանոն կա, դրա համար էլ իմ բարեկամ սպան զինվորի ընկերն ու մեծ եղբայր է… Պարոն Օհանյան, խնդրում եմ ձեզ բոլոր մայրերի անունի., գտեք բոլոր զորամասերի համար լավ «նաչշտաբ» ու «զամպալիտ» էլի…

Հիմա մենք բանակի ստեղծման 20–րդ տեդարձին դեպի հետ նայելով ասում ենք. սրա համա՞ր ենք էդքան զրկանք կրել, որ մեր երեխաներին ստորացնեն, ծեծեն , սպանեն խաղաղ պայմաններու՞մ…

Չէ, հայկական բանակը մեր երազած բանակը չդարձավ, ու որքան էլ պաշտոնյաներն ասեն, թե ցանկացած պահին պատերազմի վերսկսման պայմաններում մենք կարող ենք հակահարված տալ թշնամուն, մեկ է, հասարակության մեջ էնպիսի բարոյահոգեբանական ճգնաժամ է, որ անվստահություն է առաջացնում հաղթանակի նկատմամբ։

Իսկ բանակի հիմնական շարժիչ ուժը դա մարտական ոգին է, որը ապրում է հավատով՝ վաղվա օրվա նկատմամբ, ու սնվում արժանապատիվ ծառայությամբ Հայրենիքին…

Շնորհավորում ենք բոլորիս Հայկական Բանակի օրվա առիթով, շնորհավորում ենք զինծառայողներին՝ մեծուփոքր, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, նաև` Գերագույն Հրամանատար Սերժ Սարգսյանին: Հուսով եմ կկարողանան կարգուկանոն հաստատել իրենց վստահված բանակում, որը ՄԵՐՆ Է, որպեսզի մենք էլ էդ բանակին հանգիստ վստահենք մեր երեխաներին, ու համոզված լինենք, որ կռվի դաշտից դուրս նրանց վտանգ չի սպառնում….

Առանձնահատուկ շնորհավորում ու համբերություն ենք ցանկանում բոլոր նորակոչիկներին, որովհետև նրանք դեռ իրենց կես տարին չեն ծառայել ու ամենախոցելին են այսօրվա բանակում, նաև նրանց հարազատներին, ընկերներին ու սիրած աղջիկներին:

Բայց ե՞րբ է գալու, ո՞ր տարվա հունվարի 28-ին ենք մենք, մայրերս կարողանալու լիաթոք ասել՝ ԿԵՑՑԵ´ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ, ազնիվ լինելով ինքերս մեզ հետ ու չխեղդվելով մեր կոկորդներում կանգնած Փոքր Մհերի էդքան սպասված տեսլականից, որ ստիպում է հայ մորն ասել ՉԵ:Մ ՏԱ ԶԱՎԱԿԻՍ ԲԱՆԱԿ…

Ո՞վ գիտի…

Զարուհի Հովհաննիսյան

Լուսինե Վայաչյան

 

(մայրեր, քույրեր, քաղաքացիներ)

Նվիրեք մեզ ներողություններ ծաղիկների փոխարեն Հունվար 25, 2012 | 17:30 Լուսինե Վայաչյան

Ես ցավ ունեմ, այլ բանի մասին չեմ կարող ոչ մտածել, ոչ էլ գրել: Մանկությանս ընկերուհին, ինձ շատ հարազատ մի մարդ, լինելով իր գործին նվիրված ու լավատեղյակ, մնացել է առանց ապրուստի միջոցի մի տղամարդու քմահաճույքի պատճառով:

Մի փոքրիկ, խղճուկ տղամարդուկի, որն ունի սիրո և ուշադրության կարիք, չի կարող ստանալ տանը և փնտրում է իրեն վստահված շատ մեծ մի սուպերմարկետի կին աշխատողների մեջ:

Նայած ինչ հաջողություններ է ունենում օրվա ընթացքում, ըստ այդմ փոփոխվում է նրա տրամադրությունը, և ամբողջ կոլեկտիվը կախված է  լինում դրանից` ուշ կամ շուտ են տուն գնում, գոռգոռում է` նվաստացնելով ու ստորացնելով, աշխատանքից հեռացնելու սպառնալիքով կամ` անպարկեշտ կոմպլիմենտներ անում… Սովորական բեսպրեդել…  Բայց նա միայնակ չի իր այդ ոճի մեջ, համատարած երևույթ է, ինչպես պարզեցի:

Այս պատրիարխալ հասարակության մեջ մենք` կանայք, ամեն ինչով կախված ենք տղամարդկանցից: Մեր աշխատանքը  կախված  է հիմնականում նրանցից, որովհետև նրանք ավելի հաջողակ են բիզնեսում և դառնում են մենեջերներ, տնօրեններ, շեֆեր ու օլիգարխներ: Նրանք են որոշում, թե մենք մեր արտաքինով, տարիքով ու գիտելիքներով հարմա՞ր ենք զարդարելու իրենց օֆիսները, լինելու նրանց օպերատորները, մենեջերները, մատուցողները, օգնականները, լրագրողները, բժիշկներն ու բուժքույրերը, տոմսավաճառներն ու դիզայներները և էլի շատ ու շատ բաներ…

Մի անգամ աչքովս ընկավ անհեթեթ մի հայտարարություն.  պահանջվում է բարետես արտաքինով և բարձրագույն կրթությամբ, ցանկալի է, ռուսերենի իմացությամբ հավաքարար…

Նրանք մեջ առջև պահանջներ են դնում` գեղեցիկ լինելու, համեստ ու քչախոս լինելու, համարյա ստիպում են հարսնություն անել աշխատանքի վայրում, այլապես մեզ դուրս կվռնդեն, ցանկացողներ շատ կան այս տձև աշխատանքի շուկայում, որտեղ առաջարկը, մանավանդ կանացի ձեռքերի և ուղեղների, շատ անգամ գերազանցում է պահանջարկը: Ոչինչ չի պաշտպանում կնոջը, եթե չկա աշխատանքային պայմանագիր, իսկ մեր լեն ու բոլ օրերում ու անօրեն երկրում, որտեղ համատարած խուսափում են իրական հաշվապահությունից ու հարկային վճարումներից, ի՞նչ պայմանագրային աշխատանք, ի՞նչ բան…

Նրանք էլ ինչ ուզում անում են, սկսած կադրերով զբաղվող մանկլավիկներից, միջին օղակի մենեջերներից ու իբրև թե տնօրենի պարտականությունները կատարող, բայց իրականում միայն գանձապահություն անող ու ներքին անցուդարձը հսկող, զանազան բարդույթներով տառապողներից և մեծ ու մանր հոգեկան ցնցումներով տառապող տղամարդ կոչվողներից:

Կնոջը, աղջկան, օրիորդին նայում են որպես ապրանք, այլ ոչ  նույնիսկ գործիք, աշխատանքի ընդունելու պահից սկսած. Սիրո՞ւն է, ջահե՞լ է, եթե տարիքով է, գոնե մատչելի՞ է, եթե մատչելի չէ, գոնե շուստրի՞ է, եթե շուստրի չէ, գոնե կարո՞ղ է լավ սուրճ եփել, եթե ինչ-որ մեկի ծանոթն է, գոնե  Խաթաբալա է՞, փակբերա՞ն է, եթե շատ պետք է գործի համար, բանիմաց է, ապա գոնե հնազա՞նդ է: Բարդ է:

Լավ, ընդունեցին աշխատանքի: Ինչ նկատառումներով, համարյա ամենասկզբից էլ հայտնի է լինում թե’ ընդունվողին, թե’ ընդունողին: Դե, մտածում են շատ կանայք, կտեսնեն էդպիսիններից չենք, բայց լավ ենք աշխատում, կպահեն, հո իրենց բիզնեսի թշնամին չեն ի վերջո: Սկսվում են սեքսուալ հետապնդումները, սրճարան հրավիրելուց մինչև ուղիղ ու անպարկեշտ արված առաջարկությունները:

Բայց կինն ընդունվել է աշխատանքի, և այսօրվա աշխատող կանանցից ոչ ոք միայն զբաղվածության պրոբլեմը լուծելու համար չի գնում աշխատելու: Օրվա հացի խնդիր են լուծում, երեխա են մեծացնում, շատերն առանց ամուսինների և որևէ այլ կողմնակի օգնության: Աշխատավայրը վեր է ածվում մարտի դաշտի, մարտի ավարտն էլ տարբեր է լինում. Ոմանք տեղիք են տալիս` դառնալով ֆավորիտ մինչև շեֆը նոր արյուն չուզի, ոմանք չեմուչում են անում` խաղով ձգելով իրենց երկարակեցությունն աշխատավայրում, ոմանք էլ չեն դիմանում ու հեռանում են, կամ էլ վռնդում են նրանց: Ծանոթով ընդունվածների վիճակն ավելի լավ է, բայց սրանք էլ ունեն մեկ այլ խնդիր, միջին օղակի շեֆերի հետ, անցանկալի են նրանց աշխատանքային հարեմում, որովհետև ունեն աչքեր ու ականջներ և ցանկացած պահի կարող են գործի դնել:

Դեռ ոչինչ, եթե հեզ ու խոնարհ են և գործից այդքան էլ գլուխ չեն հանում: Նրանք այդքան էլ վտանգավոր չեն: Այ նրանք են վտանգավոր, ովքեր համ գլուխ են հանում, համ էլ հասկանում են, թե բիզնեսը կազմակերպելու համար հրավիրված միջին օղակի շեֆը ինչի է վեր ածել իրեն վստահված սրճարանը, խանութը, խմբագրությունը կամ հիվանդանոցը, թե այդ հավաբնում աքլոր լինելով ինչպես է անտեսում գործը, թույլ տալիս այնպիսի սխալներ, որոնք ահռելի վնասներ են պատճառում բիզնեսի իրական տերերին: Այսպիսիների հետ  անընդհատ հրահրվում են մտացածին կոնֆլիկտներ և ի վերջո, հիմնականում անհեթեթ պատճառաբանություններով նրանք հետ են վերադարձվում ծանոթին:

Ինչպես հասկացաք, այս վերջին ցավն էլ հենց իմն է: Չնայած ես սեփական ուժերով ապրել փորձող շատ քիչ կանանց գիտեմ, որոնց շրջանցած լինի սեքսուալ հետապնդումը աշխատանք ունենալու  որևէ փուլում: Բայց հիմա նա է, այսօր, այստեղ և հիմա,  և ես հրաժարվում եմ լռել և գրել այլ բանի մասին:

Երբ տեսնում եմ ընկերուհուս աղջնակի հայացքը` հավատով ու հույսով դեպի մորը նայող, բացում եմ նրա դատարկ սառնարանը, ինձ անուժ ու անօգնական եմ զգում  բժշկի ընդունարանում, որն ասում է նրան շտապ վիրահատության անհրաժեշտության մասին և նա հրաժարվում է, որովհետև փող չունի, ու պարտք էլ չի կարող անել, որովհետև աշխատանք չունի, ես անիծում եմ տղամարդկանց աշխարհը: Ես անիծում եմ բոլոր այն տղամարդկանց, որոնց համար կանայք մարդահաշիվ չեն, որոնք թողնում են իրենց երեխաներին բախտի քնահաճույքին և տրվում զանազան արատների, որոնք բիզնես են դնում ու չեն հետևում իրենց կադրերին, որոնք մարտի ութին ծաղիկ են նվիրում, իսկ ապրիլի յոթին չհասած հացն են կտրում, որոնք մոռացել են, որ նման մի կին էլ իրենց մայրն է, և օգտագործում են կնոջ ծանր վիճակը կամ աղջիկների տհասությունը  հեշտ, հանգիստ ու ձրի սեքս ստանալու համար…

Արհամարհում եմ բոլոր նրանց, ովքեր աչք են փակում նման բաների վրա, խոսում են բարձր արժեքներից և կանանց իրավունքներից ու չեն տեսնում մեկ կնոջ ցավը: Աշխարհը փրկել ու հեղափոխություն անել միշտ էլ կհասցնենք, բայց մեկին փրկել ու վաղվա օրվա նկատմամբ հույս ու հավատ ներշնչել նրա երեխային կարող ենք ու պարտավոր ենք այսօր:

Սիրելիներս, իմ ուժեղ ու թույլ տղամարդիկ, դուք մեզ շատ-շատ պետք եք, հարուստ ու աղքատ, խելոք ու հիմար, առանց ձեզ մենք երեխա չենք կարող ունենալ, չենք կարող ապրել: Սա ձեր աշխարհն է, բայց մեզ էլ մի քիչ տեղ տվեք, թույլ տվեք արժանապատիվ ապրել ու հնարավորություն ունենալ  մեծացնել մեր երեխաներին, եթե ինքներդ բրախել եք: Թույլ տվեք ձեզ օգնել բազմապատկելու ձեր հարստություններն ու մեզ օգտակար զգալ: Թույլ տվեք չտղամարդանալ, մեզ չշրջապատել միայն մեր նման կանանցով, որպեսզի  կարողանանք ձեզ տեսնել և սիրել… Թույլ տվեք գրել այն, ինչ ինքներս` չկայացած կանայք,  կցանկանայինք կարդալ: Մենք ուզում ենք խոսել մեր պրոբլեմների մասին, մենք ուզում ենք օգնել մեզ նմաններին…

Իսկ ես ուզում եմ, որ իմ ընկերուհին աշխատանք ունենա, նրա սառնարանը լիքը լինի, իսկ արժանապատվությունն ու առողջությունը վերականգնվեն ու ապահով լինեն: Եթե ցանկացողներ լինեն` միացեք:

Նվիրեք մեզ ներողություններ  ծաղիկների փոխարեն…

 

Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են Հունվար 14, 2012 | 15:44

«Ազատությունը լավ բան է, եթե գիտես նրա հետ ինչպես վարվել: Հակառակ դեպքում այն կարող է բեռ դառնալ ու ցավ պատճառել»: – սա իմ սեփական աֆորիզմներից է: Արդեն երրորդ շաբաթն է, ինչ ես առաջարկում եմ իմ վարկածն էս կայքում, բայց մոնոլոգ եմ անում: «Facebook»-ից դուրս չկա արձագանք, չկա առողջ բանավեճ, չկա երկխոսություն, զրուցակից… Ինչո՞ւ չես գրում կայքում, բարեկամ…

Միշտ սիրել եմ զբաղվել միայն էն աշխատանքով, որի արդյունքը շոշափելի ու շուտ երևացող է: Անձիս կարևորությունն էս աշխարհում ամրապնդելու, թե՞ գուցե ավելի խոր` հոգևոր ու բարվոք մղումներով է դա պայմանավորված, չգիտեմ, չեմ խորացել երբևէ: Գիտեմ, որ չեմ սիրում, և վերջ:

Երեկ ես չալարեցի մտածել, չափից դուրս շատ մտածեցի, թե ի՞նչ գրեմ, այնինչ պետք էր մտածել` ո՞ւմ գրեմ: Նամա՞կ: Ո՞ւմ: Ընկերո՞ջս: Ո՞ր: Ո՞ւր է նա, ի՞նչ է սպասում ինձնից: Եվ ես, որ մի փոքրիկ, միջին IQ-ի տեր կին եմ, և իմ ունեցած-չունեցածն էս կյանքում հենց ապրածս կյանքն է, իսկ դրա մասին ես գրում եմ, պատմում. ավելի ճիշտ, պատմում եմ, երբ ուզում եմ պատմել, ի՞նչ կարող եմ տալ աշխարհին էս կայքի միջոցով:

Ընկերներիցս մեկն ասում է, որ ես պետք է, որ նյութի պակաս չունենամ, որովհետև ես ինքս եմ իմ նյութը, բայց ես հոգնել եմ էդպիսինը լինելուց: Հիմա կանգնած եմ մի մեծ հարցի առջև. ինչո՞ւ գրեմ: Դե, մի կտոր հացի խնդիր, փառք Աստծո, չունեմ, ինչ-որ կերպ ապրվում է: Խորը դեպրեսիայից որևէ մեկին իմ մրոցով հանելու խնդիր ևս չկա, առավել ևս մի ողջ ազգի փրկելու: Ես գլոբալ առումով հեղափոխական չեմ, և սկսում եմ պայքարել, երբ կոնկրետ հարցը վերաբերվում է իմ բարեկամներին կամ ինձ: Ի՞նչ պատմեմ ես էստեղ, որ հետաքրքիր լինի յուրաքանչյուրին: Կյանքից բողոքողները լինքն են, առանց ինձ էլ կբողոքեն, լուսաբանողներ կան, ես ի՞նչ անեմ, ո՞րն է իմ նիշը: Եվ էս մտածմունքներն էին, որ դարձան ՑԱՎԻ կատալիզատոր:

Հենց սկզբից ես գրում էի ցավի մասին, բայց նորից շեղվեցի թեմայիցս, ու գրիչս նորից ինձ փակեց Դիոգենեսի տակառի մեջ: Կամ էլ չշեղվեցի, չգիտեմ: Կա մի ժողովրդական ասացվածք. «Մարդու որտեղը, որ ցավեց, հոգին էնտեղ ա»:

Քանի օր է ուշքի չեմ գալիս անտանելի գլխացավից, հոգիս էնտեղ է էս օրերին: Ասես մի մեծ փուչիկ փչված լինի գլխիս մեջ, և շարունակի փչվել: Դրսից էլ պանրի քսակ է հագցված, որը սեղմում է գլուխս, կարծես ուզում է քամել: Խնդիրը շատ տարօրինակ է` փուչիկից քամել պանիր:

Դե, իհարկե, կարելի է դիմել բժշկի, որը կարձանագրի, որ նման զգացողություններն, արագ սրտխփոցների հետ միասին ներգանգային բարձր ճնշման կլինիկական պատկեր են կազմում:

Դա կարող է լինել նաև ալերգիկ ռեակցիայի հետևանք:

Ալերգիկ ռեակցիան էլ շատ հավանական է, արդյունքն է մի շատ գեղեցիկ ծաղկի եռօրյա ներկայության «Շուշան» կանացի անունը ծնած, շատ հաճելի ու սուր բուրմունքով, որն առաջացնում է մարդկանց մոտ ուժգին, երկարատև գլխացավեր, գիտակցության մթագնում, քնկոտություն ու մտքերի խառնաշփոթ, իսկ նրա որոշ տարատեսակներ մահացու են կենդանիների համար:

Դա բժիշկը կասեր: Իսկ ես կասեմ, որ սա իմ հերթական դասն է կյանքից: Էս ծաղիկն իր բնույթով շատ նման է շքեղ, փառահեղ կյանքի ու անտանելիության հասնող հիացմունք բերող գեղեցկության տեր մարդու, որի բուրմունքն արբեցուցիչ է և քնեցնում է ժամանակիդ զգացողությունն ու մտքի ալարկոտություն բերում: Ինչ-որ ժամանակ եղել է նույնիսկ էսպիսի մի պատժամիջոց: Մարդուն գցում էին մի սենյակ, որտեղ շուշաններ էին դնում ու փակում պատուհանները: Առավոտյան մարդն արդեն մահացած էր լինում…

Եվ էնպես չի, որ դրա մասին դու անտեղյակ ես, իհարկե գիտես, բայց նա ունի մի հատկություն` ջնջում է հիշողությանդ նեգատիվն իր վերաբերյալ, ու ամեն անգամ, մոռանալով` ձեռքդ մեկնում, վերցնում, տուն ես բերում նրան ու դնում կողքիդ:

Եվ երբ արդեն փչված են լինում գլխիդ բոլոր փուչիկները, իսկ ցավիդ հնարավոր բոլոր պատճառների հիպոթեզները պայթած, հայացքդ հանկարծակի ընկնում է այդ գեղեցկուհու վրա: Մտածում ես. «Ափսո~ս, էնքան վատ եմ ինձ զգում, որ չեմ կարող հիանալ սրա անթերի գեղեցկությամբ ու աստվածային բուրմունքն ըմբոշխնել», որովհետև ամեն ինչ մշուշոտ է ու գիտակցությունդ աղոտ, մտքերդ էլ խառն են էնքան, որ միայն կարողանում ես մտածել, թե` ես հիմա աշխատանք ունեմ, բայց կորցնում եմ ընկերներիս, որովհետև ժամանակս եմ կորցրել, ունեմ միայն ցավ…

Բանականությունդ հանկարծ ձեռքդ մղում է ու հեռացնում նրան քեզնից:

Նրան վանելուց հետո ես միայն հասկանում, որ ցավդ բերողը նա էր, բայց էնքան էլ չէ, նա միայն կատալիզատորն էր, ուղղորդողն էր դեպի ցավը. իլյուզիոնիստի էն գրպանը, որտեղից թաշկինակներ են դուրս գալիս անհամար, և որի խորքում հոգիդ է:

Ու ընկերանում ես ցավիդ հետ արդեն եռօրյա ապարդյուն պայքարից հետո, սկսում ես փորփրել նրա էթիոլոգիան, հանձնվում ես նրան, և նա քեզ ուղեկցում է իր` ցավի ճանապարհով: Ու վերջիվերջո դառնում ես ինքդ ՑԱՎ, որպեսզի կարողանաս պարզել նրա առաքելությունը, իմանալ նպատակը, նրա տված դասը… «Ցավը ցավագարին է բռնում»:

Քո ցավագարության քոքն ես գտնում ու քոքից էլ կտրում ես: Գտե՞լ եմ իմ էս ցավի քոքը: Չգիտեմ: Դեռ ցավում է, չի անցել: Բայց գրում եմ, ու նա ինձ էլ չի խանգարում: Որովհետև գրում եմ:

Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են: Հնարավոր է ազատվել բոլոր ցավերից, եթե կարողանանք իմանալ նրանց` մեր կյանքում հայտնվելու պատճառը: Վերացնենք պատճառը` սխալը, կվերանա հետևանքը: Մեր ցավերը պատճառահետևանքային կապի դասեր են տալիս: Շուշանները նույնպես: Իսկ ազատությունն այն ամենն անելու իրավունքն է, ինչը չի վնասում ուրիշներին։

Լուսինե Վայաչյան

 

Ասֆալտի արքայադուստրը Դեկտեմբեր 31, 2011 | 23:55 Լուսինե Վայաչյան

Նա պառկում է հողին, ու հողը նրան պաշտպանում է, նա ասֆալտի արքայադուստրն է, հողի դուստրն է, երկրի դուստրն է, հայ ժողովրդի դուստրն է` գենդերը ժխտող ոչ այնքան մենթալ հայեցի համադրություններով իր մեջ` քնքնուշ ու հաստատակամ, փափուկ ու կտրուկ, հանդուրժող ու անհանդուրժող, կանացի ու կամային

Լալա Ասլիկյան` քաղաքացի:

Այսպես է Լալան ներկայանում ու ստորագրում: Այսպես են ճանաչում Լալային բոլորը: Լալան շատերին է օգնել: Օրինակ` Նառային` նրա հետ ծանոթացել է, երբ գույների հոգեբանություն էր դասավանդում  Նառան կույր է, որոշել էր երեխա ունենալ, նրան սկզբում արգելել են զանազան սոցիալական ծառայություններ, հետո էլ` Նառայի մայրը ցանկացել է երեխային մանկատուն տալ: Նառան այսօր ասում է. «Լալան չլիներ, ոչ երեխես կլիներ, ոչ էլ էս տունը կունենայի»: Լալան հետեւողականորեն հասել է նրան, որ Նառային հանրակացարանում սենյակ են տվել, երեխան էլ առողջ մեծանում է…

Լալան ամենուր է, ուր կա անարդարություն: Լալայի մղումները հումանիստական-համամարդկային են, որը չի տեղավորվում մեր մտածելակերպի մեջ, քանի որ ամեն ինչի մեջ անձնական շահ փնտրող ժողովուրդ ենք: Ու հաստատ` առանց Լալայի, առանց նրա նմանների կկործանվենք: Լալայի մասին «խոսցնում» եմ  նրա ընկերներին ու զինակիցներին, որից էլ ստացվել է պատմությունս:

Կարեն Հակոբյան` նրա ամենամոտ մարդկանցից մեկն ու առաջին զինակիցը «Հույս» ՀԿ-ից:

«Լալային ճանաչում եմ 2000 թվից, բայց որպես իդեայի համար կանգնող ու իր ողջ ժամանակն ու ուժերը նվիրող, պայքարող Լալայի, ես ճանաչեցի Պապլավոկի դեպքերից հետո: Պապլավոկի պատմության մասին ճշմարտությունը  մի քանի օրում տարածեցինք ողջ միջազգային մամուլով, որովհետեւ մարդիկ վախենում էին բարձրաձայնել: Դա առաջին դեպքն էր, երբ ես բախվեցի Լալայի անարդարության հանդեպ պաթոլոգիական անմարսելիության հետ: Իսկ հետո իմ մոտ եղավ էն զգացումը, որ դու մենակ չես… Լալան իմ համար էն մարդն ա, որ` եթե կա մի իդեա, մի գործ, ընդհանուր շահերի, կամ անարդարության դեմ պայքարի համար, կամ մեկ ուրիշին օգնելու խնդիր ա, ես գիտեմ որ Լալան միշտ կանգնած ա, միշտ կողքիդ ա:

Մենք հավատում էինք, հենց պիոներ տարիքից, որը համընկել էր Գորբաչովի, «Գլասնոստ»-ի հետ, որ համաշխարհային հեղափոխություն պետք ա անենք: Մենք ուզում էինք փոխել աշխարհը: Մենք նայում էինք նույն սովետական կինոները, ու թույլի ու արդարի կողմն էինք: Սովետը վերջացավ, բայց մենք մնացինք էդ վիճակների մեջ: Ինձ թվում ա, Լալայի մոտ մնացել ա էդ պիոներական ոգին, ավելի շուտ պայքարի ոգին, որը շատ քիչ մարդկանց ա հաջողվում պահպանել, շատերի մոտ դա կորում ա: Էդ տարիքի սկզբունքայնությունը քեզ հետո դարձնում ա պայքարող:

Առաջին անգամ Լալան դասարանում խնդիր ա ունեցել, երբ կանգնել ա մի տղայի կողքին, որին ճնշում էին` որովհետեւ ռուս էր, պաշտպանել ա, բոյկոտ ա արել դասարանին ու մնացել ա մենակ` ողջ դասարանը երես էր թեքել իրանից:

Հետո արդեն մեզ միավորեցին Ապրիլի դեպքերը, դա առաջին կազմակերպված պայքարն էր, ու խումբը, որ կազմավորվեց էդ ժամանակ, առաջինն էր, որից էլ սկիզբ առան «Սկսելա»-ն ու մնացածները: Լալան չկա էն պայքարների մեջ, որ լոզունգի համար են, ինքը էնտեղ ա, որտեղ` «Իսկ եթե ես չլինեմ, ապա ո՞վ կլինի»: Լալան կարա պլակատ սարքի ու մեկի հետ, կամ նույնիսկ մենակով գնա կանգնի ինչ-որ տեղ ու ինչ-որ բողոք արտահայտի, երբ մնացած բոլորը կվախենան:

Լալան նաեւ իմ համար այլընտրանքային մտածելակերպի օրինակ ա: Ինքը չի վախենում այլ կերպ մտածել, չի վախենում ստանդարտ չլինել, նույնիսկ եթե մենակ ա: Օրինակ` Լալան կարա Նաիրի Հունանյանին գիրք տանելու պրոցեսին մասնակցի, կամ ցավ ապրի, հասկանալով իրանց վիճակը, որ գնացել են, հասել են էդ քայլին, մարդկայինով, թե ընդհանրապես… Ու ասի էդ մասին… Ես օրինակ վախենում եմ երբեմն բաներ մտածել, որ չեն տեղավորվում հասարակական ստերոտիպի մեջ, բայց Լալան մտածում ա: Լալան ընկալում ա սրտի միջոցով, էմոցիաների միջոցով ա Լալայի ուղեղն ընկալում երեւույթը: Ու երբ դու էլ ես սկսում տենց մտածել, հասկանում ես իրան: Օրինակ` Լալան կարա քո գցած թութը վերցնի սուս-փուս ու գցի աղբարկղը, քեզ ոչինչ չասելով, չէ՞ որ մինչեւ էդ բազմիցս ասել էր… Ու իրա էդ արածը քեզ ստիպում ա, որ դու էլ անես: Ու նույնիսկ երբ արդեն կողքդ չի, այլ երկրում ես, թուղթ գցելուց հիշում ես Լալային, ու էլ չես գցում… Լալայի հետ կարող ա երկար չշփվես, չհանդիպես, հեռու լինես, բայց հենց մի բան պատահի, առաջինը կզանգես Լալային, որովհետեւ առաջինը ինքը մտքիդ կգա..

Բանակն իրականում:

Բանակի հետ կապված պայքարի առաջին դեպքը եղել ա «Մատաղիս»-ի գործը: Մի անգամ Լալան ինձ փորձել էր պատմել էդ դեպքի մասին, երբ ես նոր հետ էի եկել արտասահմանից, եւ ուշադիր չէի եղել, հետո, երբ խորացա, երբ իմացա Ռազմիկի մասին` մենք միացանք, ու երեքին բաց թողեցին մեր պայքարի արդյունքում: «Բանակն իրականում»-ը երբ ուզեցինք շարունակել, մեզ ասեցին, որ կասեն` թշնամի եք, թշնամու ջաղացին եք ջուր լցնում, եւ այլն եւ այլն, ու բանակի թեման փակված էր, հիմա են շատացել պայքարողները ու մի քիչ բացվել ա հիմա, բոլորը գրում են, քիչ-թե շատ մասնակից են…»

Էդ ի՞նչ տեսակ կնիկ ա, մարդ չունի՞, տուն տեղ չունի՞:

Իսկ Լալան սովորական կին է` ունի սիրող ամուսին, ընտանիք, կիսուր, բոլորի նման տան գործեր է անում, Նոր Տարվա սեղան դնում, բայց շատերի նման ֆիքսված չի իր ու իր ընտանիքի ապահովության ու բարեկեցության վրա, այլ պայքարում է, պայքարում է ուրիշների իրավունքների, ուրիշների ազատությունների համար: Լալան բանակային ոչ եղբայր ունի, ոչ տղա ունի, նրա հետ բանակը անձնապես չի առնչվում, բայց Լալան է գնում զոհված զինվորների մայրերի հետ կառավարության շենքի դիմացին կանգնում, իսկ բանակի տարիքի տղա ունեցողը` չի գնում: Մարդիկ ասում են` Լալային ո՞րտեղից փող: Լալայի դեպքում դա վրվոդվվեցուցիչ է. Լալան էն մարդն է, որ ընդհանրապես ոչ մի անձնական շահ չունենալով պայքարում է անարդարությունների, անօրինությունների դեմ: Ու ոչ միայն փող չունի ոչ մի տեղից, այլ սեփական գրպանից է դնում ու անում էն ամենը, ինչ անհրաժեշտ է լինում ընթացքում:

Կարեն

«Մենք մեծ կռիվ ունեցանք մի մարդու իրավունքների հետ կապված ՀԿ-ի հետ, որովհետեւ նրանք չէին մտցրել բանակային ապօրինությունների մասին զեկույցը իրենց հաշվետվության մեջ: Ու մենք ասեցինք`ուրեմն մենք մեր գրպանից գումար ենք դնում, փողոց ենք դուրս գալիս, պիկետ ենք անում, դուք Ծաղկաձորում թրենինգ եք անում գրատնտներից ստացած գումարներով, իսկ պիկետին դուք չկաք: Ա՛յ, Լալան փողոց դուրս եկողն ա, ոչ թե թրեjնինգի գնացողը: Ավելին ասեմ, երբ որ դալիճը լիքը ժողովուրդ ա հավաքված, ու պետք ա գոռալ, բայց ոչ մեկը չի գոռում, գոռացողը Լալան ա լինում, որից հետո միանում են ու սկսում են բոյկոտել»:

lalakap2000@yahoo.com `լալակապը 2000 թվից սկսած ինֆորմացիա տարածելու աղբյուր էր: Էն ժամանակ ֆեյսբուք չկար, կար միայն լալակապ: Մարտի մեկի դեպքերից հետո լալակապի միջոցով էին կապվում: Լալան շատ արագ է գործում, ու էդ իրա նպատակասլացությունը, նվիրվածությունը գործին արագության հետ միասին ինրան դարձնում են պրոֆեսիոնալ հեղափոխական, ոչ բողոքող, այլ` պայքարող:

Կարեն

«Լալան կոնկրետ դեպքերի ա օգնել, բայց էս վերջին 10 տարվա մեջ դառել ա հասարակական երեույթ, նույնիսկ ավելին, մի օր քաղաքական մի ուժից ասեցին` «դու էլ սկսեցի՞ր զառափոստանջյանների ու լալաասլիկյանների նման գործել»: Այսինքն` ձեւավորվել ա մարդու տեսակ` լալաասլիկյանի տեսակը:

Լալակապը մի օր վերջապես գնահատվեց: «Խոսքի ազատության կենտրոն»-ը ամեն տարի մրցանակաբաշխություն է անում, տեղեկատվության տարածման համար, Լալային լալակապի համար պիտի տային էդ մրցանակը, բայց իրան ասում են` որ գաք ստանալու ավելորդ չքննադատեք, Լալան էլ ասեց` չհասկացա ես չեմ կարա ձեզ տենց բան խոստանալ, ասեցին` չենք տա: Լալան բաց նամակ գրեց, չնայած անպատասխան… Հիմա Լալան շատ ավելի ուժեղ ա, Ֆեյսբուքն էլ ա շատ օգնում: Հիմա շատ ավելի բան կարա անի, ու անում ա»:

Ո՞նց կարա պարկեշտ տեսք ունեցող մարդը, մանավանդ կինը գոռա՞:

Դա մեր մենթնալիտետի մեջ չի մտնում: Կամ` նույն դաշտում պայքարող, նույն նպատակի համար ուժ ու ժամանակ ներդնող, նույն ակցիայի մասնակից եղած կինն ու տղամարդը երեկոյան հանգստանում են նույն փաբում, ու էդ տղամարդը թույլ է տալիս իր զինակցին հայհոյել միայն էն պատճառով, որ նա կին է, ու գուցե՞ հարիր չի համարում նրա այդ ժամին տանը չլինելը, այլ փաբում, ո՞նց կարա կարգին կինը գիշերները թափառի… Իսկ եթե կին չլիներ, գուցե կվախենա՞ր հայհոյել` պատասխանի ակնկալիքով: Նույնիսկ էս դաշտում կինը պաշտպանված չի, չնայած պայքարում են ավելի շատ կանայք ու աղջիկներ, քան տղամարդիկ էսօր:

Լալան չի կարող հայհոյել ոչ թե որովհետեւ չի կարող, այլ չի ուզում. նրա մշակույթը  ուրիշ մշակույթ է, ու նրան թույլ չի տալիս: Էդ մշակույթում բռիություն չկա, ու սա հենց էն դեպքն է, որ կարող է դու նրան հայհոյես, իսկ ինքը քեզ սկսի բացատրել, թե ինչի՞ ինքը քեզ չպիտի հայհոյի: Ու էդ նույն Լալան կանգնում ու ոստիկանին փողոցում ասում է էն բառերը, որը որ վերջերս ասել էր, որի համար նրան բռնեցին` «սրիկա – մրիկա», ու թե դա հայհոյանք լիներ դա էլ կգոռար, ինքն ուղղակի կրկնում էր էն բառերը, որի համար Գասպարիին տարել էին: Այսինք` եթե Գասպարին հայհոյած լիներ, ինքն էլ կհայհոյեր, իրա համար կարեւորը սոլիդար լինելն էր, ինքը էնպիսի տեղեր դուրս կգա, որ դու հաստատ գիտես, որ չես անի: Լալան իր պատրաստակամությամբ ու նպատակասլացությամբ բոլորին մղում է գործունեության:

Վարդգես Գասպարի, Հայ Ազգային Կանգրեսի ակտիվիստ

«Լալան էնքան բաներով է ինձանից տարբերվում, որ…բայց եւ իմ կյանքի ամենակրիտիկական պահերին ներկա է եղել իմ կողքին. 2008-ի մարտի մեկին առավոտյան ժամը 8-ին Կենտրոնի ոստիկանության դեմն էր, երբ ինձ բերման էին ենթարկում, այն դեպքում, որ որքան ինձ հայտնի է ընդհանրապես նա չի մասնակցում հանրահավաքներին… 2011-ի հոկտեմբերի 22-ին ժամը 21-ին ՁՊՎ-ի մոտ սպասող 4-5 անձանցից մեկն էր, որ ինձ դիմավորեց, երբ դուրս էի գալիս էդտեղից»:

Կանայք ավելի ակտիվ են քաղաքացիական պայքարի դաշտում:

Աղջիկները ավելի քիչ են վախենում պատրիարխալ հասարակությունում, տղամարդը ավելի հեշտ է ենթարկվում հալածանքների` ընդունված է ասել,, բայց ես համաձայն չեմ, կինն էլ բռնության զոհ կարա դառնա: Ես չեմ գտնում որ դա տրամաբանական է: Քաղաքացիական պայքարի ու հասարակական պայքարի դաշտերում կանայք են լիդեր: Կինը պետք է կանգնի տղամարդու դեմ, որպեսզի ազատագրվի:

Լալայի նմանները չե՞ն որ պիտի կին լիդեր դառնան:

Կարեն

«Լալան լիդերությունից առաջ ավելի շատ էր խուսափում, հիմա բայց էդքան էլ չէ: Ինքը ավելի շատ պատասխանատվություն ա սիրում վերցնել, քան լիդերություն անել: Չի ուզում: Ինքը իրան դարձրել ա հասարակական էակ, ինքը իրան չի պատկանում արդեն:Լալայի ժամանակն իրան չի պատկանում արդեն իսկ, դա էն չի որ ինքն իրականում կուզեր անել ամեն օր, եթե պրոբլեմներ չլինեին»:

Իհարկե, չէ՞ որ օգնելը ընտրություն է, բայց բռնության դեմ պայքարելը ըտրություն չի, դու պարտավոր ես: Եթե դու ապրում ես մի երկում, ուր ամենուր շուրջդ կա բռնություն, ո՞նց կարող ես դրա փոխարեն ընտրել զվարճանքը: Լալայի հոգու պարտքն է, նրա կեցվացքը, քաղաքացիական դիրքորոշումն է, նրա տեսակն է:

Արփինե Գալֆայան ՄԻԺԻ նախագահ

«Չեմ հիշում, թե Լալայի հետ ոնց ծանոթացանք… երևի բնապահպանական ցույցերի ժամանակ էր մի 2-3 տարի առաջ: Լալան նման ա մտքերի ու էմոցիաների մի բուռն պաշարի, ամեն անգամ մի բան բաց ա թողնում ու ինձ զարմացնում: Մոտավորապես մի տարի իրեն ճանաչելուց հետո հանկարծ բացահայտեցի, որ Լալան ուժեղ ձախական ա, համարյա անարխիստ… ո՜նց էի ուրախացել: Էդ օրը մի հատ շատ հետաքրքիր ֆիլմի դիտում էր ու Լալան ինձ տվեց իր հեղափոխական երգերի հավաքածուն: Ես սրտանց հիանում եմ, թե ինչ նվիրվածությամբ ա նա զբաղվում բանակում սպանված զինվորների խնդրով. երևի եթե Լալան չլիներ, ես էդ գործի մեջ երբեք չէի մտնի: Մեկ էլ ահավոր շատ եմ սիրում իր նախաձեռնած Հեղառիթմեր խումբը` դա ակտիվիստական հարվածային նվագախումբն ա»:

Կարեն

«Եթե էստեղ ամեն ինչ լավ լիներ, Լալան հաստատ կլիներ Վոլ Սթրիթում Բարսելոնայի, կամ չգիտես էլ որտեղ պայքարողների հետ: Լալան անարխիստ ա իրականում: Ինքը կգտնի անարխիստական խմբավորումներ ու կպայքարի: Լալայի երազանքն ա Հնդկաստան գնալը, արդեն քանի տարի ա Լալան չի կարողանում ժամանակ գտնի, որ գնա Հնդկաստան: Ինքը զբաղված ա, չնայած չի ասի որ զբաղված ա: Ու Լալան երբեք չի մտնի քաղաքականության մեջ, քաղաքականությունը Լալայի համար շատ կեղտոտ ա»:

Լալայի համար պայքարի դաշտում գենդեր գոյություն չունի:

Կարեն

«Ես Թուրքիայում էի, երբ Լալային ձերբակալել էին, բոլոր հայ եւ թուրք կոլեգաներս ճանաչեցիօն Լալային, իսկ երբ պատմում էի, մտա Նոտր-Դամ ու միտս եկավ Ժաննա դ Արկը, ու մոմ վառեցի Լալայի համար: Լալան իրոք մեր Ժաննա դ Արկն ա, ինքը կրակի մեջ էլ կմտնի, ու գուցե կենդանի դուրս պրծնի կրակից, ու ներողություն խնդրի:  Ինքը շատ ա ներողություն խնդրում, ինքը քո փոխարեն քո ցավը քեզնից ուժեղ ա  զգում: Լալան վախ չունի, թե վախենում ա` չգիտեմ: Երեւի մկներից»:

Մաղթում եմ Նոր Տարում էս երկրին, հայ ժողովրդին, որ ծնվեն բազում-հազարավոր լալաներ, որովհետեւ լալաներն են մեզ ապրեցնելու:


Շնորհավոր Նոր Տարի

Սվետլանա Անտոնյանի ֆոտոռեպորտաժը`

Ես Լալայի ֆանատն եմ

 

Կքոռանաք ճոխության ու թշվառության կոնտրաստից Դեկտեմբեր 19, 2011 | 15:19 Լուսինե Վայաչյան

Հովհաննիսյան Վարդիթեր, ծնված 1936 թ. հուլիսի 15-ին Երևանում: Ամուսնացել է ու, երեխա չունենալու պատճառով, բաժանվել, մերձավոր արյունակից հարազատներ չունի: Վերջին տարիներին աշխատել է ծննդատանը:
Ավտովթարի հետևանքով Վարդիթեր մայրիկը մի շարք վնասվածքներ է ստացել՝ ձեռքն է կոտրվել, նաև ոտքը, վնասվել է գլուխը, մեծ հեմատոմա է առաջացել գլխուղեղում: Վրաերթի ենթարկած վարորդը զանգահարել է ոստիկանություն, հայտնել պատահարի մասին, տեղափոխել հիվանդանոց և հոգացել բժշկական ծախսերը:

Ճիշտ է, էդպես էլ չի կարողացել պարզել, թե քրեական գործը ոնց են կարճել, բայց ըստ խնամողի՝ վերջին անգամ 300 դոլար է բերել տվել, ասել է, որ ինքն էլ ընտանիք, երեխեք ունի, ու որ սրանով սահմանափակվում է իր օգնության հնարավորությունը… Վարդիթեր մայրիկը դեռ ի վիճակի էր որոշում ընդունել ու ստորագրել է ինչ-որ փաստաթուղթ, որով ինքը վարորդից այլևս պարտք ու պահանջ չունի:

Բայց կինն այդպես էլ չի ապաքինվել՝ շաքար ունի, մինչև հիմա կոտրվածքները չեն կպչում, իսկ վիրահատությունների համար անհրաժեշտ ընդհանուր ցավազրկումների ու հեմատոմայի ֆոնին ինսուլտ է ստացել նոր տարուց առաջ ու չի ապաքինվում առ այսօր: Գտնվում է շատ ծանր վիճակում, պետական կամ հումանիտար և ոչ մի կառույց հանձն չի առնում լուծել հարցն ու տիրություն անել անօգնական վիճակում գտնվող ՀՀ քաղաքացուն:

Կարինեն Վարդիթեր մայրիկի մորաքրոջ թոռն է, խնամում է նրան առ այսօր: Կարինեն պատմում է. «Դե, առաջին անգամ որ ինսուլտը խփեց, նոր տարվա օրերն էին, շտապ օգնություն կանչեցի, դեռ չգիտեի՝ ինչ ա եղել: Եկան, ասեցին՝ հիմա տանենք հիվանդանոց, նոր տարի ա, բան, ո՞վ ա նայելու, ո՞վ ա հետևելու, լավ ա ցավազրկենք, թող մնա տանը, ես էլ համաձայնեցի: Հետո մի քանի անգամ էլի էր վատացել, էլի կանչել էի, մի անգամ ուզում էին տանեն, շաբաթ-կիրակի էր, էլի ասին՝ անտերություն ա լինելու, ես էլ մտածեցի՝ լավ ա ուրեմն՝ թող մնա տանը: Բայց ես ինքս եմ հիվանդ, ինքս երրորդ կարգի հաշմանդամ եմ, երիկամներս ու լյարդս վիրահատված են: Ինքն էլ հոգեկան անհավասարակշիռ վիճակում ա գտնվում, մեկ էլ տեսնում ես ՝ գոռգոռում ա, ինչ-որ վախեր ունի մեջը էդ վթարից հետո… Շատ ծանր ա իրան խնամելը, ֆիզիկապես էլ չեմ կարողանում, ուժս չի հերիքում, ինքը անկողնային ա… Փարոսի փողերն ուշացնում են, մի ամիս հետ ենք ընկել, բայց ապտեկան հո պարտքով փամփերս չի՞ տա, որ գնամ ուզեմ… Հոգեկանի համար բժշկի տված դեղն էլ վախենում եմ թե տամ՝ խմի… աչքերը կուլ են գնում, մարում ա, ես էլ վախենում եմ վատանա՝ չիմանամ… Ինքը շատ ծանր ա, շատ…»:

Հենց Կարինեն էլ դիմել է մեզ՝ օգնության ակնկալիքով:

Մենք սկսեցինք զանգահարել տարբեր կառույցներ՝ պետական, հասարակական, ու ողջը՝ ապարդյուն: Սոցապնախարարությունն ուղարկում է «Փարոս»՝ թղթեր դասավորելու, որից հետո սոցապնախարարությունում հերթագրման է դրվելու, ու «խնամյալը» պետք է սպասի՝ հայտնի չէ որքան, մինչև անկողնային հիվանդների խնամքի համար նախատեսված միակ կառույցը՝ 4-րդ գյուղի թիվ 1 տուն ինտերնատը, այլ կերպ ասած` ծերանոցի անկողնային բաժանմունքն ազատ տեղ կունենա հիվանդին ընդունելու համար:

Դիմել ենք նաև տնային խնամք իրականացնող ՀԿ-ներին ու ստացել ենք այս պատասխանը. «Մենք հիմա չենք կարող օգնել, մեր շահառուների ցուցակը սահմանափակ է ու լրացված է այսօրվա դրությամբ»:

Թաղային պոլիկլինիկան չունի «տնային խնամք», այլ ծառայություններ ևս չունի: Միայն երկարատև պայքարից հետո ուղեգիր է տվել Վերականգնողական կենտրոն տեղափոխելու համար:

«Հիվանդանոցում մենակ ավել ծախս պիտի լինի էլի, հետո էլ ասում են՝ մեկ ա չի բուժվելու, այսինքն՝ չի ապաքինվելու, ասենք՝ մի երկու շաբաթ էլ մնաց հիվանդանոցում, մեկ ա՝ էլի տուն պիտի գա, հո միշտ չեն պահելու…»:

Տիկին Վարդիթերը գոնե մեկն ունի կողքին, թեկուզ հեռու հարազատ-բարեկամ, իսկ ի՞նչ անեն այն տատիկներն ու պապիկները, ովքեր ոչ ոք չունեն, ո՞ւր են նայում սոցիալական ու մարդասիրական կառույցները: Սոցապ կառույցների մասին դեռ մի քաղցր խոսք լսած չկամ, դեռ մեկը չեղավ, որ ասի՝ դիմել եմ, աջակցել են, հարցը լուծվել է:

Միայն ուղարկում են սոցապից փարոս, փարոսից սոցապ, դու էլ՝ քաղաքացի, որ սովետի վախտով սովետի վախտ, սովետից էս կողմ էլ մեր վախտերը պահումներ են արել քո աշխատավարձից, հարկեր ես վճարել հենց էս օրվա համար՝ սպասիր, մինչև ծերանոցում տեղ ազատվի, մի մեռիր, սպասիր…

Չեմ հասկանում՝ էս պետությունն ո՞ւմ է պետք, ո՞վ է պետությունը, ո՞վ պիտի պատասխան տա մեր ծերերի ու երեխաների անտերության համար: Չգիտեմ, ինչով կվերջանա Վարդիթեր մայրիկի պատմությունը, կհաջողվի՞ նրան ինչ-որ կերպ օգնել:

Իսկ եթե, ասենք, նրան օգնեցինք, իսկ մյուսնե՞րը…

Քաղցկեղով հիվանդներ, որոնք պետական օգնություն են ստանում իրենց անհրաժեշտ բուժման մեկ տոկոսի չափով համարյա, մարդիկ, ովքեր հաշմված են՝ ազատամարտիկներ կամ կյանքի հաշմանդամներ, պլանային թանկարժեք վիրահատության կարիք ունեցող քաղաքացիներ, հեպատիտով հիվանդներ, ծերեր, երեխաներ, մեր ամենախոցելի հայրենակիցներ….

Yerevan City, Multi Group… ինքներդ լրացրեք ցուցակը և հակադրեք խեղճերին ու թշվառներին՝ կքոռանաք ախր կոնտրաստից…

Լուսինե Վայաչյան

Հ.Գ. Մեզ մոտ հարուստներ են ու աղքատներ, նրանք պիտի պահեն մեկ մեկու. հարուստը աղքատին՝ իր նյութականով, աղքատը նրան՝ իր աղոթքով: Այ, էս դեպքում միջին խավ կառաջանա, որը կարող է պահպանել ինքն իրեն. հարցի ամենաճիշտ լուծումն է սա, բայց լուծողը չկա:

Հայաստանն ուրիշ է Դեկտեմբեր 18, 2011 | 17:07 Լուսինե Վայաչյան

«Հայաստանի Սփյուռքի նախարարությունն ամեն կերպ խրախուսելու է հայրենակիցների հայրենադարձությունը: Բայց այդ ծրագիրը չի նախատեսում միայն ֆիզիկական հայրենադարձություն: Հայը պետք է իր հայրենիք վերադառնա ոչ միայն մարմնով, այլեւ` հոգով, սրտով եւ մտքով»,- PanARMENIAN.Net- ին երեք տարի առաջ տված հարցազրույցում հայտնել էր սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը : «Մեր առաջին խնդիրը կայանում է նրանում, որ մենք բոլորս պետք է Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներին հիշեցնենք, որ նրանք հայ են: Հենց այդ պատճառով էլ մենք այդպես խրախուսում ենք «Արի տուն» ծրագրի իրագործումը: Այդ ծրագրով մենք պլանավորում ենք իրականացնել սփյուռքի հայ երիտասարդության հայրենադարձը, եթե թեկուզ մի անգամ երիտասարդ հայը հայրենիք գա, նա կցանկանա հավերժ այստեղ մնալ եւ իր ներդրումն ունենալ իր երկրի զարգացման մեջ»:

2010թ. դեկտեմբերի 9-ին տարածված մի այլ հաղորդագրություն.

«Սփյուռքի նախարարությունը որոշել է խրախուսել հայրենադարձությունը, բայց ոչ զանգվածաբար: Հայաստանի սփյուռքի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել հայրենադարձության մասին հայեցակարգը, որով նախատեսում է խրախուսել սփյուռքահայերի վերադարձը պատմական հայրենիք:

Հայեցակարգի հիմքում դրված չէ աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության կազմակերպումը եւ այդ գործընթացի կանոնակարգումը: Հայեցակարգում սահմանվող դրույթները վերաբերում են այն հայերին, որոնք ցանկություն կհայտնեն բնակություն հաստատել Հայաստանում, լինեն դրանք անհատներ կամ ընտանիքներ: Նրանց հնարավորություն կտրվի պարզեցված կարգով Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել: Հնարավոր է նաեւ սոցիալական աջակցության տրամադրում, զբաղվածության հարցի լուծում»:

Գոյություն ունեն զանազան ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս այն երիտասարդներին, ովքեր ունեն հայկական արմատներ (որոշ ծրագրերում կարող են եւ չունենալ, բայց այդ դեպքում նրանք գալիս են սեփական միջոցներով), գալ Հայաստան ու տարբեր ՀԿ-ներում ու նմանատիպ կառույցներում, դպրոցներում որպես կամավորականներ աշխատանք տանեն, ասենք՝ թրենինգներ, դասախոսություններ, դասընթացներ, քաղաքն են մաքրում, մի խոսքով՝ ինչով կարողանում են «իրենց ներդրումն են ունենում իրենց երկրի զարգացման մեջ»: Այդ ծրագրերը վճարում են նրանց ճանապարհածախսը եւ հոգում որոշ դեպքերում նաեւ կացարանի ու սննդի մասին, բայց հիմնականում նրանք գոյատեւում ես սեփական միջոցներով:

Երիտասարդները ծանոթանում են Հայաստանին, նրանցից շատերն առաջին անգամ են գալիս Հայրենիք, շփվում տեղացիների հետ, ակտիվ մասնակցում այստեղի իրավապաշտպանական ակցիաներին, մի խոսքով՝ անցնում են իրենց կամավորությունն ու վերադառնում ով որտեղից եկել է:

Այս հինգ տարվա ընթացքում, որ ապրում եմ Երեւանում, շատ այդպիսի կամավորականներ եմ հանդիպել: Վերջերս էլ նկատել եմ մի օրինաչափություն. կամովորականությունը կարող է դառնալ քրոնիկ, այսինքն՝ մի անգամ գալով Հայաստան երիտասարդները զանազան ճանապարհներ են փնտրում Հայաստան վերադառնալու, նրանց դուր է գալիս այստեղի կյանքը, փոքր տարածությունները, մարդկային անմիջականությունը, այն ամենը ինչ կորսվել է մեծ քաղաքակրթության մեջ:

Նրանցից շատերն իմ ընկերներն են՝ Մելանին Կանադայից, Մելինեն Ֆրանսիայից, Միլենան ԱՄՆ-ից ու էլի շատ կան, ուղղակի նրանց եմ ընտրել հարցերս տալու համար՝ ինչո՞ւ են նրանք ուզում մնալ Հայաստանում եւ ի՞նչն է դա բարդացնում ու երբեմն դարձնում անհնարին:

Մելանին ու Մելինեն տեղի հայերենը վատ գիտեն, ու չնայած նրան, որ շատ լավ տիրապետում են անգլերենին եւ ֆրանսերենին, միեւնույն է, արեւելահայերենի մակարդակը չի բավարարում ասենք՝ թարգմանչի աշխատանք գտնելու համար:

Մելանին կամավորական է եղել Կանանց Ռեսուրսային Կենտրոնում, մեկնել է Շուշիի կանանց օգնելու, 6 ամիս այստեղ մնալուց հետո վերադարձել է Կանադա ու աշխատում է այնտեղ, որպեսզի փող հավաքի ու գա, ասում է՝ «Հայաստանի համար մի լավ բան անեմ», արդեն բավականին հավաքել է, մարտին կգա: Մելանին ասում է. «Կանադան հարուստ երկիր է, բարեկեցիկ, բայց կյանքը ապահով է ու ձանձրալի այդ ապահովության մեջ, մարդիկ քիչ են շփվում, միայն ակումբներ ու դիսկոտեկներ են հաճախում, չկա Հայաստանի պես, որ հյուր գնաս հաճախ: Մարդիկ Հայաստանում ավելի ջերմ են, նրանք իրական բողոք ունեն, իսկ Կանադայում՝ ոչ: Ես իմ Կանադայի ընկերներից շատերին ամիսներով չեմ տեսնում, ու ընկերությունն էլ այլ տիպի է, մի տեսակ անհոգի: Հայաստանն ուրիշ է, սիրում եմ ավելի շատ քան Կանադան, կուզեմ ապրել Հայաստան, գործ լիներ մենակ»:

Մելինեն Ֆրանսիայից է, բանասիրություն եւ բեմարվեստ է ուսումնասիրել Ֆրանսիայում,  Հայաստանում է արդեն մեկ տարուց ավել, հայերեն էր եկել սովորելու, ուզում է ավելի երկար մնալ: Ասում է. «Էստեղ ու Ֆրանսիայում կան նույն խնդիրները, նաեւ՝ տարբեր են: Ես ավելի լավ եմ հասկանում Ֆրանսիայի խնդիրները, որովհետեւ այնտեղ եմ մեծացել, բայց այստեղի պրոբլեմները՝ մարդու իրավունքների հետ կապված, ինձ  ոգեշնչում են պայքարել այդ ամենը շտկելու համար, ու ես կուզեմ մնալ Հայաստանում, որպեսզի ինչ-որ բան փոխեմ դեպի լավը, լինի դա արվեստում, թե հասարակարգում»:  Իր սեփական թատրոնն է բեմադրում Մելինեն տարբեր տեղերում, տանը աշակերտներ է պարապում, բայց, միեւնույն է, առանց ծնողների օգնության չի կարող գոյատեւել այստեղ: «Էստեղ մարդիկ ավելի մարդամոտ են, հեշտ են գնում կոնտակտի, հեշտ են շփվում: Օրինակ, թատրոնի համար, երբ մարդիկ եմ փնտրում, շատ հեշտ համաձայնվում են համագործակցել: Նաեւ կան շատ «դատարկ» տեղեր, հենց այդ նույն թատրոնի մեջ, ուր ես կարող եմ գործել», ասում է Մելինեն:

Միլենան ԱՄՆ-ից է, ծնվել է Հայաստանում, 10 տարեկանում ընտանիքի հետ արտագաղթել են ԱՄՆ, քոլեջում ուսումնասիրել է իրավունք ու ստեղծագործական գրականություն, եկել է «Դեպի Հայք» ծրագրով հոկտեմբերին, ուզում է մնալ Հայաստանում որքան հնարավոր է երկար ժամանակ:

«Ամերիկայում ես կորցնում եմ իմ լեզուն, ես զգում եմ, որ աստիճանաբար անգլերենն ինձ համար դառնում է առաջնային, ու դա ինձ անհանգստացնում է: Քանի որ ես ապրում եմ մեծ մեգապոլիսում՝ Նյու Յորքում, ուր կյանքը շատ արագ է ընթանում, երբեմն կորում եմ այդ եռուզեռի մեջ: Այստեղ ես ինձ ավելի հանգիստ եմ զգում, չնայած լինում է եւ հակառակը, բայց ես ուզում եմ փորձել այլ կերպ ապրել: Ես չեմ ուզում «գժանոցում» ապրել: Ինչպես առաջ սովետի քարոզչամեքենան էր մատուցում մնացած աշխարհը իր քաղաքացիներին, այնպես էլ այսօր դա անում է ԱՄՆ կառավարությունը, երբ դու չգիտես թե իրականում ի՞նչ է կատարվում աշխարհում, չես տեսնում ռեալ պատկերը: Ես ուզում եմ ճանաչել Հայաստանը, որտեղից ինձ տարել են ծնողներս, միայն թե, լավ կլիներ ստանալ ինչ-որ պետական աջակցություն, գոնե աշխատանքի հարցով օգնեին, ես կմնայի հաստատ»,- ասում է Միլենան:

Հիմա ո՞նց հասկանալ. Սփյուռքի Նախարարությունը զանազան «հայեցակարգեր» է մոգոնում «հայրենադարձությունը խրախուսելու համար», իսկ երբ երիտասարդները իրենք իրենց ոտով գալիս են Հայաստան ու ուզում են մնալ այստեղ, ոչ մի առաջարկ չի անում: Նրանց բերող կազմակերպություններն են սեփական նախաձեռնությամբ թափուր աշխատանքային տեղերի մասին տեղեկատվություն տարածում կամավորականների շրջանում, ոմանք այդ կերպ հնարավորություն են ստացել աշխատանք գտնելու ու մնալու Հայաստանում: Բայց այդ ամենը պետք է լինի պետական մակարդակով, պետք չէ հայտնագործել հեծանիվ, եթե այն արդեն կա: Պետք չեն  «հայեցակարգեր հայրենադարձությունը խրախուսելու համար», ընդամենը պետք է այն երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն մնալու ու նպաստելու մեր երկրի բարգավաճմանը, մանավանդ՝ մարդու իրավուքների ամրապնդման հարցում, քանի որ նրանք ավելի քաղաքակիթ երկրներում են մեծացել ու ունեն ավելի մեծ արդարության պահանջ: Իսկ գուցե՞ հենց այդ ազատամտությունն ու իրենց իրավունքների գիտակցումն է, որ հեչ ձեռք չի տալիս մեր իշխանավորներին, գուցե՞ վախենում են, որ հանկարծ Հայաստանը կպարարտեցվի ուսյալ ու բանիմաց, իրենց արժանապատվություն  ու իրավունքները գնահատող ու պաշտպանող երիտասարդներով, ու ոնց կլինի, մեկ էլ ու հանկարծ նրանց այլախոհութունը կսասանի ավազակապետությունը:

Երբ լինում են ընտրություններ՝ նախագահական հիմնականում, ես չեմ գնում քվեարկության, որովհետեւ չկա իմ թեկնածուն: Իսկ իմ թեկնածուն հավանաբար պետք է լինի նրանցից՝ նա եվրոպական կամ ամերիկյան կրթություն է ստացել, կամ ծնվել ու մեծացել է այնտեղ, կամ վաղ հասակում արտագաղթել, նրա ուղեղը մաքուր է տեղի ներքաղաքական խաղերից, նրա արժեքները համամարդկային են, նա սիրում է Հայաստանը, նա ուզում է, որ հայերը լավ ապրեն, նա գալիս է Հայաստանը փրկելու:

Սփյուռքի Նախարարության  Աստծու տվածի վրա թքելու տեմպերով իմ թեկնածուն դեռ շուտ չի հայտնվի, ուրեմն՝ ձայնս էլի կկեղծեն, ու հայրենադարձությունն իրապես խրախուսելու փոխարեն բոլոր կանայք իրենց աղջիկներին կկոչեն Անի, իսկ տղաներին՝ Վան: Հա ու մեկ էլ անհեթեթ ու անօգուտ հազարավոր դոլարանոց սեմինարներ կանցկացնեն «Կնոջ դերը Սփյուռքի ամրապնդման գործում»: Իսկ էդ երիտասարդները՝ ի՞նչ կա որ, ջահել են, թող գնան փող աշխատեն, գան ստեղ նայեն սարերին ու ծախսեն էդ փողը:

 

Ինքնաբուխ ինքնամաքրում Դեկտեմբեր 14, 2011 | 19:50 Լուսինե Վայաչյան

Լուսինե, դու ձեւ ես: Ոտիցդ գլուխ ձեւ ես: Արի նստենք, ու ասենք միասին, դու ձեւ ես: Ախչի քեզ ի՞նչ եղավ: Հենա, կարգին սկսել էիր ինքդ քեզ հետ խոսել, անկեղծ զրույցներ անել կոմպիդ հետ: Հիմա ի՞նչ, հենց իմացար, մենակ դու չես քո գրածը կարդալու, մեջիդ յախկերը տեսնելու, վախեցի՞ր: Հա ի՞նչ, թո իմանան: Թո իմանան , որ դու` Լուսինեն յախկ ես: Զաադնո էլ դու կիմանաս: Էդ ի՞նչ ձեւեր ա ախչի, ուշքի արի, հետ մի գնա, զոռով սկսել էիր նորմալ քայլել, էլի սողում ե՞ս: Հա բա ո՜նց, բա հանկարծ ու կասեն յախկ: Է, թո ասեն, որ դու յախկ ես եղել էսքան տարի, ու ինքդ քեզ տարել ես, հիմա սկսել ես յախկդ սարքել պարարտանյութ, կողից էլ կարող ա մեկն իրա յախկերը քո մեջ տեսնի, ու ասի, վո՜ւյ, ես էլ եմ սե՞նց, հա, զզվո՞ւմ ես, զզվի, զզվի էնքան, մինչեւ չմաքրվես էդ յախկերից:

Հիմա յախկերդ թվարկենք նստենք: Էգոիստ ես: Հա°, ի՞նչ կա տեղ, սաղ մարդիկ էլ էգոիստ, են բայց տարբեր չափի: Մեկը ուտելիքի էգոիստ ա, մյուսը կարիերայի, մեկէլը իրա ընտանիքի էգոիստն ա, որն էլի իրա համար ա, իրա անվան, պատվի համար ա, իրա ցգնած երեխեքին սրան նրան լավը ցույց տալու համար ա: Կարեորը չափդ իմացի, ու ձգտի խնձորի մեծ կեսը միշտ տալ ուրիշին: Հետո: Թամբալի մեկն ես: էդ էլ կա, ի՞նչ, ոչ մի բան, քեզ կստիպես, մի քիչ շուտ վեր կկենաս, ու ծուլությունդ հետ-հետ կգնա: Էլ ի՞նչ ես: Քաղքենի ես, թաքնված քաղքենի: Ուղեղիդ խորքում թաքնված նստած ա, սպասում ա իրա ժամին: Պակաս էի՞ր կարգին տան կնիկ եղած վախտերդ ձեւեր թափում, երեխուդ սիրուն հագցնում էիր, որ սաղ տենան, որ քոնը լավն ա, մարդիդ կյանքն ուտում էիր քո խանդի տեսարաններով: Հա գիտեմ, որ հիմք ունեիր: Բայց դու ասում էիր սիրում եմ: Դե որ սիրում ա մարդ, պիտի ուզի, որ իրա սիրածը լավ զգա իրան: Բա հիմա խի՞ էիր դու քեզ վատ զգում նրանից, որ քո սիրածը լավ ա զգում իրան, բայց քո հետ չէ: Ուրախացի, բաց թող, ասա գնա, թող քեզ լավ լինի:

Է՜հ:Փչացած ես, ուղն ու ծուծդ փչացած ա: Դու պիտի նստես ամեն օր, գոնի մի կես ժամ նայես մեջդ, ու ասես. ես սենցն եմ, նենցն եմ, դուրդ չի՞ գալիս: Փոխվի, բայց ձեւերդ թարգի: Հա, փոխվելը դժվար ա, ձեւ տալը հեշտ ա: Բա էն ի՞նչ ա, որ ամեն մի ռաստ եկած նորմալ տղամարդու մեջ պոտենցիալ ամուսին ես տեսնում: Ձեւացնում ես, թե դու ուրիշ ես, սովորական կնիկ չես, քեզ խորը, մարդկային հարաբերություններ են պետք, դու չես կարա ապրես մեկի հետ, որը քեզ չի հասկանում: Լավ էլ կապրես: Ճաշ կեփես, տուն կհավաքես, շորեր կլվաս: Ու կվերադառնաս քո քաղքենի կյանքին: Չես ո՞ւզում: Բա ի՞նչ ես ուզում, էդ ընտանիք ասածդ ի՞նչ ա: Կողակից ա, միասին հեռուստացույց նայել ա, երեխեք ունենալ ու պահել ա: Հա, լավ ա: Բայց դա կարա եւ ամուսին չլինի: Քարերը փեշիցդ թափի ու ասա, ի՞նչ ա ուզածդ: Միասին քնեք-արթնանա՞ք: Միասին կինո-մինո գնա՞ք, եւ այլ բանե՞ր անեք միասին: Սեքս անե՞ք: Հա, դու սեքս ես ուզում: Ասա, մի սպանի քեզ, ասա ես ամուսին ասելով, նաեւ սեքս եմ ուզում: Հա, դե իհարկե, պիտի հոգեւոր կապ էլ լինի:

Բայց ի՞նչ կապ: Էդ ի՞նչ կապ ա, որ քեզ էդքան պետք ա: Որ ի՞նչ ասես, ասի հա, ես էլ եմ տենց մտածո՞ւմ: Բայց էս աշխարհի երեսին տենց երկու մարդ չկա, որ ամեն ինչն իրար նման մտածեն: Սուտ ա: Չկա: Սաղ էլ ձեւ ա: Հա, հնարավոր ա , որ մի վախտ մի բանի մասին նույն կարծիքն ունենաք: Բայց ի՞նչ, հենց նա քեզ հակաճառի, ասելու ես վսյո, սիկտի՞ր: Սիկտիր խի՞ ես գրում: Ուզում ես ամեն ինչ իրա բառերով ասե՞ս, թե ասել են գրի, դրա համար ես գրում: Մտածում ես, որ կռուտոյ ա տենց, որ եթե քֆուր-քյաֆար լցնես գրածներիդ մեջը, կարդացողներիդ բանակը կշատանա: Չէ՞: Բա ո՞նց: Ինչի՞: Սովորում ես բառերի՞ն: Էլ սիկտիրը ականջդ չի ծակո՞ւմ: Լավ ա հնչում դաժե՞: Դե փչացել ես ուրեմն: Էլի ընկել ես ազդեցության տակ, որովհետեւ դու քո ուղեղը չունես, դու հեղհեղուկ մի ամորֆ մասսա ես, էությունդ փուչ ա: Ի սկզբանե սաղ էլ մաքո՞ւր են: էդ ո՞վ ա ասել: Դու հենց տենց ծնվել ես, հույսեր մի փայփայի: Դու էդ ուղեղն ունես, հայ գավառակնոջ ուղեղը, ուրիշը չկա: Հա, զարգացրու, բան չեմ ասում, բայց եթե զարգացնելդ սիկտիր գրելով ա, դա հեչ էլ զարգացնել չի:
Դա կեղտոտ բառեր են: Չէ՞:

Հիմնավորի, բացի նրանից, որ դա ասել ա քեզ համար հեղինակություն հանդիսացող մեկը, որ քեզ նման մտածում ա, թե ինքը ձեւեր չի տալիս: Դե լավ, չես կարում, չգիտես:
Կոմպլեքսներդ: Վախի կոմպլեքսդ: Ի՞նչ ես արար աշխարհին խաբում, խաբխբում, թե ծնողներս չեն թողնում ինքնուրույն ապրեմ: Ապրի: Երեխա չես: Ո՞նց ապրես, որ բկիդ նստած ե՞ն: Մի բան հնարի, ինֆանտիլ շուն-շան քած: Քո ծուլության պատճառով չես կյանքիդ տերը, քո վախն ա քեզ պահում, ոչ թե խեղճ ու կրակ ծնողներդ, որ իրանք իրանց չեն կարում ճարեն խեղճերը, էնքան են կորել, դու էլ աչքները վախացրել ես էս ծայրահեղությունից էն մեկին քեզ շըպըրտ-շըպըրտ անելով: Գրի, հետ մի գնա կարդա, թե ի՞նչ ես գրել, ոնց ա կարդացվում կողից: Գրի´, ես քու տիրու մերը:

Էլ ի՞նչ ունես: Մտածի, հաստատ ունես, մի կմախք պահարանիդ մեջ պահած: Հանի, ամենակեղտոտ, ամենաամոթալի քեզ համար փաստը: Չես կարում ճարե՞ս: Լավ ես թաքցրել ուրեմն: Ասա: Շուշուտ: Կարող ա ես էլ չգամ երկար վախտ, հիմա ճարի: Մտածում ե՞ս: Բան չկա՞: Չեմ հավատում: Վատ մարդ չե՞ս: Հա ո՞վ ա վատի ու լավի մասին խոսում: Յախկ եմ ասում ոչ թե լավ ու վատ: Յախկիս լավն ու վատը ո՞րն ա: Յախկը յախկ ա: Էս րոպեին յախկ չկա՞: Յա՞աա, նիուժե՞լի: Բա ի՞նչ ես արել: Մեկ ա, ինչքան մնա ինքն իրան չի վերանալու, մի ձեւ պիտի ռասխոդ արվի, ավելի լավ ա սենց արվի: Չէ°, մտածի: Մտածո՞ւմ ես: Հա, ամենամեծ յախկդ քո ձեւն ա: Բա ո՞նց ապրես գավառական փոքր քաղաքում առանց ձեւի: Չեմ իմանում:

Ես քո հետ չեմ կարա ապրեմ, եթե դու ձեւ ես: Էն ի՞նչ սիրանոպա էր: Ի՞նչ էիր խաղացնում: Իսկականից էիր սիրո՞ւմ: Վա՜յ, ի՞նչ եք ասում: Եւ ի՞նչ, ո՞ւր ա: Պրծել ա՞: Էդ ի՞նչ սեր էր, որ մի օրում սկսվել ու պրծել ա: Վախում ես էլի: Ասել են ՙ «սեր» բառը վա՞տն ա: Ինչո՞վ ա վատը: Քեզ ի՞նչ ա արել, որ վատն ա: Կախվածություն ա առաջացնո՞ւմ: Հա, ի՞նչ անենք, թո առաջացնի: Ասել են վատ բան ա՞ կախվածությունը, դրա համար չես ուզում: Բա ինքդ ի՞նչ ես մտածում: Չես իմանո՞ւմ: Բա խի՞ չես իմանում, մոռացել ե՞ս, ինչքան գլխացավանք ա քեզ պատճառել ամեն մի կախվածություն: Չէ, չես մոռացել: Դե ուրեմն, ասա ես չեմ ուզում, ոչ թե վատ բան ա: Չկարդաս: Գրի: Ա’յ տենց: Էլ բան չկա՞: Չէ, լիքը կա, զահլա չես անում ուղեղդ աշխատացնես: Չէ, մի´ մտածի, որ ի՞նչ գրես, որ օրիգինալ լինի, սիրուն ու թազա լինի, գրականություն լինի, մրոց չլինի: Թազան դու ես լինելու որ ձեւդ թարգես: Ուրիշ թազա բան չկա ու չի լինի: Սաղ բառերն էլ, արտահայտություններն էլ, ասվել են քեզանից առաջ էլ կասվեն հետո էլ, քեզանից հազար անգամ խելոքների կողմից: Վա՜յ, գտել ե՞ս կմախքդ:

Ի՞նչ ա: Կարդացած հազարավոր գրքերիցդ բան չես հիշում, ու հիմա ամաչում ես, որ անուն են տալիս մի հեղինակի, մոռանում ես, կարդացել ե՞ս, թե չէ՞: Որովհետեւ ինֆորմացիայի գերի ես եղել, սյուժե ես ման եկել, մտքերը չես տեսել: Համարի, որ անուս ես, կրթության պակաս ունես, ու նստի ու նորից սաղ կարդա, բայց նրա համար չէ, որ դրա մասին խոսալուց իմանաս, ինչի՞ մասին ա խոսքը, այլ որ կարդաս ուրիշների խելոք մտքերը, մեջը քոնը տեսնես, ու ուրախանաս, ասես, վա՜յ ես էլ եմ սենց մտածել, ինքը գրել ա: Հիմա կարդա, բայց մենակ` եթե ուզում ես: Ձեւի համար չկարդաս, թե չէ, Կատյայի նման մեկը Սոլավյովի հեքիաթների գիրքը քթիդ կհասցնի, ու կկոտրի էլի, ու էլի կապտոտած ման կգաս: Էնքան են հասցնելու տենց հեքիաթներով, մետրոյի դռներով, էնքան գլորվելու ես փիլաքաններով գլուխդ ջարդես, մինչեւ որ չտեսնես, որ դու ո՞վ ես:

Հետ չնայես, սխալներդ հետո կուղղես, կամ էլ չուղղես, թո տենց էլ մնա, քո համար չե՞ս գրում, հոգեւոր պրակտիկա ես անունը դնում, նա սամոմ դելե ձեւեր ես անում: Որոշել ես, որ գրելու, ես, որովհետեւ գրվում ա: Գրի, բայց մենակ քոնը գրի, քո համար արտաթորի միջիդ յախկերը: Հա, բան չկա, կարող ա կարդան, կարող ա` չէ: Դա կարեւոր չի: Դալշե: Ասում ես ֆալշ չես սիրում , բայց ախր նայի հլա, ամենամեծ ֆալշը դու ես: Քո մտքերը քոնը չեն նույնիսկ: Քո աշխարհահայացքը, որ էդքան գուրգուրում ես, փաթաթված ա քեզ: Ո՞ւմ կողմից ու ի՞նչ շահ ունես, Հայաստանում ոչ ընդունված աշխարհահայացքի քոնը դարձնելուց: Եսիմ, կունենաս, էլի: Ինքնամաքրում ա տալիս էդ աշխարհահայացքը:

Բա ինքնամաքրումն ինչի՞դ ա պետք: Որ մաքուր լինե՞ս: Հա, մի եղի: Ի՞նչ տարբերություն, ի՞նչ ես: Մեկ ա ձեւ ես, ինչ ուզես` էն էլ կերեւացնես: Սրա հետ ինտելիգենտ ես, նրա հետ հիպի ես, ծնողներիդ հետ եսիմ ով ես, երեխուդ հետ ես մենակ անկեղծ: էն էլ ոչ լրիվ: Դե երեխա ա, չես ուզում մոր մասին շատ վատ բաներ իմանա, ճիշտ չի, պիտի հարգի: Մեկ ա, էնքան գիտի, որ մի քսան կյանք հերիք ա իրան: Դե ասա, ինչի՞դ ա պետք էդ ինքնամաքրումը: Որ դու «դու» դառնա՞ս: Բա՞ էդ ինչիդ ա պետք: Չգիտե՞ս: Տենց լավ ես քեզ զգո՞ւմ: Հաստա՞տ: Չես խաբո՞ւմ: Լավ, հավատացինք:

Հայկը՞: Հա Հայկի հետ անկեղծ ես, բայց էլի լրիվ չես: Գրի, խի՞ չես գրում, վախում ես ուղարկես, կարդա ու ասի, արա ինձ գցել ե՞ն: Հա, ասա Հայկ, ես բան էլ ա չեմ հասկանում ի՞նչ եմ անում, ես բուդդիստ եմ, որովհետեւ մղում ունեմ, ինտուիցիաս ասում ա էդ ա, բայց թե ի՞նչի համար ա դա, չեմ հասկանում: Էլ մի ձեւացնի քեզանից բանիմաց, խորը մտածող, որ էնքան ես հասունացել հոգեպես, որ հանդիպել ես էդ ուսմունքին: Ասա ինքն ա եկել, ես արժանի չեմ եղել: Ուղղակի մի անգամ էլ սենց ոնց որ հիմա, եկել ա մեկ էլ՝ վերեւի եսդ, ու ասել ա արի ինքնամաքրվենք: Դու էլ պաս ես սկսել պահել: Մեծ պաս, քրիստոնեական: Հը՞, գործ ես սարքում էլի՞: Չհամարձակվե´ս: Գրի´, ուղղակի նստի ու պատմի ինքդ քեզ ու ինձ, մենք ենք ու մենք, վաղը կջնջես: Հա կկարդաս, լավ, հետո կջնջես:

Հոգնել ես, գիտեմ, մեջքդ ցավում ա: Մի քիչ էլ` ու պըրծ: Դե գրի: Պասը պահել ես, միս, յուղ, կաթնեղեն չես կերել ու ձեռնաշարժությունդ էլ թարգել ես էդ վախտ, ասել են չի կարելի: Մտածե՞լ ես: Հա, ապրես: Փորփրել ե՞ս քեզ: Յախկ ես ման եկե՞լ: Ճարե՞լ ես: Հա, էն վախտ ունեիր: Ալկոհոլ էիր ման գալիս, որ ուղեղդ անջատես: Ալկաշ չէի՞ր: Հա ո՞վ ա ասում ալկաշ էիր, բայց ամեն հարմար առիթ բաց չէիր թողնում, որ հարբես: Բայց խի՞: Գնա, գնա ծխի, կակռազ կմտածես` կհիշես, գնա: Չկարդաս մենակ մինչեւ չպրծնենք, խնդրում եմ:

Բարով հետ եկար: Խի՞ ես ծխում: Մերդ չի սիրում, մի ծխի, ի՞նչ կա ո՞ր: Հաճելի ա: Բա ասում ես կախվածություն չունես նիկոտինից: Ֆետիշ ես սարքել էլի քո համար: Կախվածություն, որից փախչում ես: Ցավում ա, գիտեմ, ցավելով նստի, ու գրի: Մատերդ փաթ են ընկնո՞ւմ: Բա սիրահարական նամակներ գրելուց խի՞ փաթ չէին ընկնում, նստել ես, գրել, էն խեղճին ստիպել ես իրան վատ զգա: Որ ի՞նչ: Հա, էլի քո կպչան իդեան ա, որ քեզ չի թողնում հանգիստ ապրես, կողակից ես ման գալիս, կեսիդ: Ողջունելի ա, բայց նա հո պարզ ա, որ քո կողակիցը չի, ու չի էլ լինի: Ընկեր, հա, կարա, շատ լավ ընկեր, նմանը չես ունեցել,համենայն դեպս մտքովդ էլ չի անցել, որ Հայաստանում կարա տենց տղամարդ լինի ու ընկեր դառնա, որովհետեւ իսկական ա, չի խաբում: Ասում ա ինչ մտածում ա քո մասին: Հենա, ստիպել ա, եկել ես նստել ու ինքդ քո հետ զրույց ես անում:

Մի ուղղի, հետո: Փոշմանե՞լ ես: Խի՞: Վախել ես չըլնի էլ տենց ընկերդ: Բա որ սեր էիր գրում չէի՞ր մտածում: Էլի սեր-մեր ես հնարել, չէ՞, չես հնարե՞լ: Բա ինչ: Մեռա՞վ մի օրում սերդ: Սովորում ես սիրե՞լ անշահախնդիր: Յա՜, էս էլ տեսանք, մեղա՜, մեղա՜.. Բացականչական նշանը թո, հետո կդնես: Համ էլ չես դնի, մեկ ա ջնջելու ես: Տենանք, ո՞նց կանես: Կուզես կարդա ընկերդ, չէ՞, որ ասի ապրես, Լուսինե: Ողջունելի անկեղծություն ա: Չէ՞: Բա ի՞նչ: Ինչիդ ա պետք որ կարդա էդ դեպքում: Որ իմանա դու ո՞վ ես: Բա դա ինչի՞: Խի՞ հետ դառար, ստորակետ դրիր, ուրեմն հավակնում ես, որ կարդալու են: Հա ասա, ասա: Ասա ես գրում եմ, ուզում եմ ինձ կարդան: Ուզում եմ ինձ հասկանա ինչքան հնարավոր ա շատ մարդ, ուզում եմ հերս սկզբից ամաչի իմ գրածները կարդալով, հետո նստի, մտածի, թե խի՞ ինքը չի քո հետ էսքան բան խոսել, որ դու վեր չկենաս համայն աշխարհին պատմես, դու ո՞վ ես, որ նա էլ կարդա: Որ քեզ սիրի՞: Չէ: Ճանաչի՞: Հետո էլ, երբ որ շոկն անցնի, հպարտանա՞ որ իրա Լուսինեն կարա իրան լսացնի:

Լավ: Հասկացանք: Հիմա գրի պասիդ մասին: Պասդ ի՞նչ տվեց քեզ: Մաքրեց մասամբ: Դառար զուլա՞լ: Չէ, ուղղակի հատակդ սկսեց երեւալ: Հասկացար, որ էդ ալկոհոլը քեզ պետք էր քեզանից փախչելու համար, ոչ թե իրականությունից, ոնց դու էիր պնդում: Էն էլ եթե գլուխդ կես տարի չցավեր, չէիր հասկանա: Պասդ պրծավ, ու զատիկի օրը գլուխդ սկսեց պայթել: Մեջիդ սաղ յախկերը գնացին մտան գլուխդ, ու չկարացին դուս գան, էնքան շատ էին: Սկսեցիր ցավի հետ ընկերանալ էլի: Ցավով քնում էիր, ցավով արթնանում: Քեզ պատմի, քեզ: Ի՞նչ ձեւի ցավ էր: եւ-ի պոչը գրեցիր էլի, ձեռիդ կխփեմ, ասի մի ուղղի, չէ՞: Չլացես, մեկ ա չի լացվի: Հիմա լացելու օր չի: Հիմա էս օրն ա, քո ինքնամաքրման օրն ա:

Ցավդ սենց էր: Գլխիդ մեջ ոնց որ մի լիքը պարկ լիներ, ահավոր լիքը, էնքան լիքը, ու օտար, որ ուզում էր ճղեր գանգդ ու ժայթքեր Վեզուվի նման: Վերեւից էլ մեկը չէր թողնում ու հրում էր ներս, ու դու տենց ապրում էիր, դեղ-բան չէր օգնում դեղը ցավն ա հանգստացնում ցավի պարկի ծանրության ու ծավալի ճնշումը չի հանում: Բայց որ պայթեր հանկարծ, սաղին կյախկոտեր: Ամաչում էիր:

Լավ ուղղի, թողում եմ: Չիստիմ-բլիստիմ ես անում տողերդ, փոխանակ քեզ անես: Ցավդ դուս գալու ոչ մի անցք չուներ, մեջդ էլ չէիր կարա էլ տեղավորես, որովհետեւ տեղ չկար, մարսվել էր արդեն, պիտի արտաթորվեր: Մեղքի զգացումդ էլ էր ցավ: Ամոթդ էլ: Էն որ քեզանից ինքդ սարսափեցիր, որ ուզում ես ծնողներիդ մահը, մենակ թե դու քո ուզածով ապրես: Ուզածդ ի՞նչ էր: Պիվեն մի ձեռդ, սիգարեթը մյուս փողոցներով թրեւ գալ աննպատակ, հլա մի հատ էլ վրից նարկոտիկներով համեմել, հետո էլ սերեր հնարելով, որ աչքիդ բոզ չերեւաս, տղամարդիկ փոխե՞լ: էդ էր ուզածդ:

Հա էն վախտ էդ էր: Կյանքդ մի մեծ հաճույք էր, կայֆ էր, որ ձեռիցդ առել էին, ու հոգեւարքի մեջ ահավոր բաներ էիր մտածում: Սարսափեցիր քեզ հաճախած մտքից, մեղքի զգացում առաջացավ: Մեղքի զգացումը քեզ օգնեց, ինչ ուզում են ասեն, քո քրիստոնեական Աստվածը քեզ պահել-պահպանել ա էսքան տարի, գուցե եւ կյանքեր, իսկ հիմա դու իրա ավետարանում գրած մեղքի զգացումը անվանում ես սխալ: Հա, լավ, պարարտացրեց: Լավ ա Հայկն էլ էդ միտքը տվեց, թե չէ, որտեղից էիր ատմազկա ճարելու, ասելու էիր յախկն ի՞նչ անեմ:

Դե էն վախտ Հայկ չկար, դու էիր ու քո ցավը: Էն վախտ ինքդ քո մեջ տապակվում էիր, եփում էիր, գանգիդ կրիշկեն հեսա-հեսա թռնելու էր: Ու էլի խենթանալու էիր: Բա ի՞նչ եղավ ցավդ: Ո՞ւր կորավ: Չքվե՞ց: Ո՞նց: Էնքան պահեցիր մեջիդ յախկերը, որ իրանք իրանց դառա՞ն ինքնոչնչացնող պարարտանյութ: Չտեսնվա՜ծ, չլսվա՜ծ բաներ ես ասում Լուսինե աղջիկ: Չեմ հավատում:

Առավոտը վեր կացար,անցյալ տարի էս օրերն էր կարծեմ, ու տեսար ցավ չկա էլ: Մի տեսակ քեզ մեղկացիր, տկլոր զգացիր, էդքան ամսվա ընկերներդ չքվեցին մեկից: Բայց թեթեւացար, ու երջանիկ զգացիր: Տեսար արեւը, ծառերը, աշնանային մռայլ օրը ի՞նչ արեւ: Հա, գիտեիր որ կա: Լավ: Հետո գնացիր գործի, ամեն ինչ նույնն էր, բայց ցավդ չկար: Նայեցիր աջ, ձախ, ոնց որ փնտրեիր, ոնց որ ասեիր ո՞ւր ես, ցավ ջան, ես քեզ արդեն սովորել եմ հետ արի, ախր ես հիմա սաղին սիրում եմ, ինձ էլ եմ սիրում, կյանքը հիասքանչ ա, էլ յախկ չի: Բայց ի՞նչից, ո՞նց:

Հիշեցիր, որ կար մի հատ իմաստուն` Բուդդա Շակյամունին, որ լիքը որոնումներ էր արել կյանքում, տրվել էր հաճույքների ստվածներին էլ, զրկանքների աստվածներին էլ, օրերով էլ մեդիտացիաներ էր արել, ու նենց էր թուլացել, որ ծանծաղուտից դուրս գալուց, քիչ էր մնացել խեղդվի: Դուրս էր եկել, ու հասկացել: Ի՞նչ էր հասկացել: Չես հիշում, բայց հիշում ես, որ դառել էր լուսավորյալ, ազատվել էր իրա ցանկություններից, լավի ու վատի, սիրո ու ատելության, մեղքի ու թողության, կյանքի ու մահվան համեմատական երկակիությունից, դադարել էր փնտրել, որովհետեւ մեռնելուց մարդ չի փնտրում, մեռնում ա, ու պատասխանը եկել էր ինքն իրան մտել էր գլուխը:

Ու հասկացել էր, որ փնտրել չկա, հարց չկա, պատասխան չկա, կյանք չկա, մահ չկա: Որ մտածել չկա, որ դա ամեն ինչից վեր ա, ու գալիս ա հանկարծակի, երբ դադարում ես մտածել, քեզ քրքրել ու փորփրել: Պահ ա: Ու միայն պահ: Ուրիշ ոչինչ: Ու եթե ապրում ես, պիտի ապրես պահի մեջ, ինքնաբուխ, ձգտես վնաս չտաս, եթե կարաս` օգնես, չսիրես ու չատես, լավ ու վատ չլինես, այլ ուղղակի լինես: Դա էլ չես հասկացել, մտել ես, ման ես եկել ինտերնետում ու բուդդիստկի ֆորում ես գտել, չնայած երեք տարի նույն բանը yandex-ում գրել ես, ու բան չի բերել, էդ օրը գրել ես ու քեզ փեշքեշ ա եկել: Սկսել ես շփվել բուդդիստների հետ, հարցեր տալ, հետո ասել են, որ ամեն մարդ ինքը պիտի գտնի իրա ճշմարտությունը: Դու էլ համարել ես, որ եթե ցավդ չքվել ա, ու դու վայրկյանական պայծառացում ես ապրել, ուրեմն բուդդիստ ես: Բայց նստել ես, պրպտել ես, ու նորից մոլորվել ես: Հետո դառել ա սովորություն բուդդիստկի ֆորումը, սկսել ես մտքերդ ընդեղ գրել ու զգացել ես, որ տանում ա քեզ, էլի սկսում ես քեզ չգրել:

Ոնց որ մտքերը հորդան քո մեջից, բայց քոնը չլինեն: Բա ո՞ւմն են էդ դեպքում: Ասել ես` լա՜վ է, գրեմ` հետո կկարդամ: Ու տեսել ես, որ էդքան էլ անկապ բան չես անում, որ գրում ես, հետո կարդում ես քո գրած, քո մտա-ծնած, բայց ոչ քո մտքերը, դրանք դառնում են քոնը: Ոնց որ վերեւից մեկը քեզ թելադրել ա նենց, որ դու գրես, հետո ընկալես: Հիմա էլ ես տենց անում, արա, ապրես: Հենա, ուշքի ես գալիս կամաց-կամաց: Հասկացել ես, թե վերեւից են ասել, թե ներքեւից, կարեոր չի, որ սաղ սուտ ա: Ինչ էլ անես, ինչ էլ ուզես հասկանաս, փնտրես, լավը դառնաս, ոչինչ չի փոխվելու, ուղղակի պիտի ապրես, հենց նենց, ոնց ապրվում ա: Մանտրաներ ես կարդացել, շնչառություն ես հաշվել, բուդդայական ֆորումում էլ ես հասցրել ամուսին ման գաս, սեր ես հնարել, քիչ էր մնում հաջողվեր արդեն, բայց Խամյակդ վախեցել ա, ու չքվել ա:

Վատ ես քեզ զգացել, ուզել ես ասես բուդդիզմի մերը, հետո մի շատ լավ ընկերդ, որ ձեն-վարպետ ա, ասել ա քեզ, Լուսինե դու ի՞նչ ես ուզում, եթե ուզում ես ազատվես Սամսարայի տանջանքներից, ապա ինչի՞ ես նորից կախվածություն փնտրում: Դե դու էլ ասել ես` հա, լավ, շահադիտական նկատառումներվ, նենց էլի, որ Հայաստանում բուդդիզմ չկա, որ պրակտիկա նորմալ հնարավոր չի, որ չես կարա մենակ լինես, սենց հարցերում ուսուցիչ ա պետք: Հետո ասել ա, որ բուդդիզմն ու անձնական երջանկությունը շատ հեռու բաներ են իրարից, դու էլ սկսել ես համակերպվել էդ մտքի հետ ու ուղղակի ապրել: Վատ ես ապրե՞լ: Չէ:

Հիմա սկսել ես հայերեն գրել, իսկ ի՞նչ ա փոխվել: Հայերեն նենց չի՞: Բայց քո լեզո՞ւն ա, ախչի°: Հը՞ էլի մտածում ես, թե դառավ պատմվածք` քո կյանքը բուդդիզմի մուտք գործելու մասի՞ն: Հո դու գրող չե՞ս: Չէ՞: Բա ինչի՞ ես տենց բաների մասին մտածում,, դու քո մտքերը ստեղնաշարի վրա հավաքող ես, ո՞վ ա ասել, որ դա կարա մարդկանց հետաքրքրի կամ ի՞նչ որ բան տա: Դե բան չեմ ասում կարող ա եւ տա: Բայց դա ինքնանպատակ մի սարքի, ցավդ տանեմ, թե չէ էլի յախկեր կհավաքվեն գլխիդ մեջ ու էս անգամ ավելի ուժեղ, որովհետեւ ռեակցիա կտա: Դե ստեղ էլ վատ չէիր սկսել, նստել էիր ու կյանքիդ պատմությունն էիր գրում, անալիզ անում:

Մինչեւ չսկսեցիր մտածել լավ ա դա, թե՞ վատ: Ի՞նչ կմտածեն մարդիկ քո մասին: Տատդ ասեց, վա՜յ խնդրում եմ անունդ փոխի: Դու էլ ասեցիր չէ, տատի ջան, ես ուզում եմ, որ սաղ իմանան, համ էլ գրականություն ա, էդ ո՞վ ա ասել որ Նաբոկովը տասնիրեքամյա Լոլիտա ա ունեցել, հիմա տարբերություն չկա, անունն Անուշ ա հերոսուհիս, թե Լուսինե: Իմ հերոսուհիների սաղի անուններն էլ Լուսինե կլնի, եթե առաջին դեմքից ա: Որովհետեւ սաղ էլ Լուսինե են, սաղ էլ իմ նման յախկեր ունեն, ու սաղ էլ ուզում են ազատվեն, բայց մարդ կա` չի հասկանում, որ դա պետք ա, ես հասկացել եմ:

Հասկացել եմ, որ ամենաիսկական կայֆը դա ա: Մարդ կա` ռիսկ չի անում ինքն իրա հետ խոսա, ու տենց սաղ կյանքում մնում ա ինքն իրան գերի: Ես բորվոք կարմա ունեմ: Ես բարվոք մարդկանց եմ հանդիպում: Ինձ դուխ են տալիս: Ես Լուսինեն եմ: Ես յախկեր ունեմ: Ես վախեր ունեմ: Ես սեքս եմ ուզում: Ազատություն, որ կարեւոր չի, էլի պատրանք ա, բայց հիմա պետք ա, որովհետեւ պետք ա: Որովհետեւ պետք ա ազատություն գոնե էն մակարդակի, որ կարաս վախտին ազատ յախկին յախկ ասես, հանես շպրտես, կամ էլ սարքես Հայկի ասած պարարտանյութ, ու սկսես ինքդ քեզ էլ պարարտացնել, ինչո՞ւ չէ, դավայ, ով էլ կուզի, նրան էլ: Էլ չի գրվո՞ւմ: Ուրեմն մի գրի:

Էլ յախկ չկա:

Էլ ձեւ չկա:

Ապրենք մենք:

Մենք Լուսինեն ենք:

Մենք չենք վախում ինքներս մեզ, ու մարդկանց ասենք ինչ յախկեր ունենք:

Ազատության հոտ ա գալիս: Երնեկ կլինի, եթե ամեն մարդ նստի, ու իրա յախկերը հիշի, թվարկի, ու արտաթորի:
Ու թող դառնա պարարտանյութ:

Ազգն էլ կպարարտվի, մենթալիտետն էլ կազատվի յախկերից:

Հիմա կարաս կարդաս էլ, ուղղումներ էլ անես: Մենակ էլ ձեւ չանես:

Ո՜ւֆ, էս անգամ լավ պրծանք, մեծ յախկերից պրծանք, մնաց մանրերը: Չնայած մեծ ու մանր էլ չկա: Յախկ էլ չկա: Ոչ մի բան չկա: Կարեւորը պրոցեսն ա, կայֆը պրոցեսն ա, ինքնաբուխ ինքնամաքրումը:

2005 սեպտեմբեր

 

Վիդեո

Top լուրեր
Հարցում
  • ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը միասնակա՞ն ցուցակով կգնան ընտրությունների, թե՞ առանձին-առանձին:

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...