Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
ՍՈւՐԵՆ ՍՈւՐԵՆՅԱՆՑ
Չորս անպտուղ տարիներ Մայիս 13, 2011 | 19:19 ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Գործող Ազգային ժողովը չորս տարեկան է:

Խմբակցություններից յուրաքանչյուրը յուրովի կարող է գնահատել իր աշխատանքը, արձանագրել հաջողություններ կամ բացթողումներ:

 

Չկուսակցականացված մարդկանց առավելապես հետաքրքրում է, թե ինչպես է խորհրդարանը կատարում իր սահմանադրական առաքելությունը` որպես ամբողջություն:

 

Օրենքներ ընդունելու հարցում, թերևս, օրենսդիր մարմինն առանձնապես չի թերացել: Այլ խնդիր է ընդունված օրենքների որակը: Դրանք կատարյալ լինել չեն կարող, որովհետև հիմնականում ընդունվել են առանց բանավեճերի, կիսադատարկ դահլիճում: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնության իր իրավունքից ավելի շատ օգտվում է կառավարությունը, քան իրենք` պատգամավորները: Սա վկայում է, որ մեր օրենսդիրներից շատերն իրենց տեղում չեն, խորհրդարանում հայտնվել են միանգամայն այլ շարժառիթներով:

 

Որևէ խորհրդարան դատապարտված է ձախողման, եթե չի կատարում գործադիրին վերահսկելու գործառույթ: Հայաստանում նույնիսկ ծիծաղելի է դրա մասին խոսելը, որովհետև գործադիր մարմիններն իրենք են վերահսկում խորհրդարանական մեծամասնության վարքագիծը, թելադրում քվեարկությունների պատկերը: Արդյունքում, պատգամավորը դիրքորոշում արտահայտողից և ձևավորողից վերածվում է «կոճակ սեղմողի»:

 

Գործող խորհրդարանը նաև այն մարմինը չէ, այն հարթակը չէ, որտեղ տեղի են ունենում գլխավոր քաղաքական իրադարձությունները: Սա, իհարկե, առաջին հերթին հետևանք է այն իրողության, որ ԱԺ-ն ձևավորվել է կասկածելի ընտրական մեխանիզմների միջոցով ու չի ներկայացնում հասարակության քաղաքական նախասիրությունները: Սրան հավելենք այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը մի քանի անգամ արժեզրկեց ինքն իրեն: Մասնավորապես, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գործող ԱԺ-ն ցույց տվեց իր քաղաքական անկենսունակությունը, չկարողացավ որևէ կերպ լիցքաթափել երկրում ստեղծված քաղաքական լարվածությունը, ավելին` առանց լուրջ քննարկումների թույլ տվեց իր չորս ընդդիմադիր պատգամավորի կալանավորումը:

 

Այս ԱԺ-ն այսօր էլ չունի որևէ լուրջ դերակատարում երկրի քաղաքական կյանքում: Քաղաքական որոշումները կայացվում են Բաղրամյան 26-ում կամ հրապարակներում, իսկ խորհրդարանը, լավագույն դեպքում, ծույլ աշակերտի կարգավիճակով վազում է իրադարձությունների հետևից:

 

Սուրեն Սուրենյանց

Հակամարտության կարգավորման այլընտրանքը պատերազմն է Մայիս 13, 2011 | 16:22 ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

17 տարի առաջ, երբ կնքվում էր հրադադարի հաստատման եռակողմ պայմանագիրը, բոլորը հույս ունեին, որ ԼՂ հակամարտության կարգավորումը սարերի հետևում չէ:

Լավատեսների կանխատեսումները չիրականացան: Հակամարտության կողմերի մոտեցումները տրամագծորեն տարբեր են, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս:

«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը երկար կշարունակվի, քանի դեռ Երևանում և Բաքվում դոմինանտ է «Ղարաբաղը մերն է» պարզունակ բանաձևը: Հակամարտության կողմերը շեշտը դնում են Ղարաբաղի տարածքային պատկանելության ասպեկտի վրա` քիչ կարևոր համարելով հակամարտության հետևանքների վերացման անհրաժեշտությունը:

Մոտ ապագայում էլ քիչ հավանական է, որ կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրվի:

Նախ, առաջիկա տարիներին Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններ են, ինչի հետևանքով իշխանություններն ավելի են կարծրացնում իրենց դիրքորոշումները:

Մյուս կողմից, միջնորդական առաքելության ռեսուրսները չեն բավարարում` կարգավորման գործընթացում շրջադարձ ապահովելու համար: Արևմուտքը ներքաշված է աշխարհի տարբեր մասերում առկա հակամարտությունները կարգավորելու գործընթացում: Առայժմ իրենց զգացնել են տալիս նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները: Ռուսաստանը, որը վերջին շրջանում ամենաակտիվն է կարգավորման գործընթացում, ակնհայտորեն չի կարող միայնակ լինել այդ բարդ և ծախսատար գործընթացի դոնորը:

Համանախագահները քաջ գիտակցում են ստեղծված իրավիճակը և հիմա առավելապես կենտրոնացել են պատերազմի վերսկսման ռիսկերի չեզոքացման, իրավիճակը տարածաշրջանում վերահսկելի պահելու վրա:

Հատկապես վերջին մեկ տարում հաճախակի են դարձել հրադադարի խախտման դեպքերը` պատճառ դառնալով մարդկային կորուստների, այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում:

Բոլորս պետք է գիտակցենք, որ «Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը հղի է պատերազմի վերսկսման վտանգով: Մի օր կարող են բավարար չլինել նաև իրավիճակը տիրապետելու միջնորդների ռեսուրսները:

Խաղաղությունը, Հայաստանում, Ղարաբաղում, Ադրբեջանում ապրող մարդկանց անվտանգությունը պետք է նպատակ լինեն բանակցային գործընթացի մասնակիցների համար: Այդ պատասխանատվությունը բնորոշ էր հետպատերազմյան Եվրոպայի առաջնորդների համար, որոնց հաջողվեց կարգավորել հարյուրամյակների պատմություն ունեցող տարածքային վեճերը` համաեվրոպական ինտեգրացիայի անհրաժեշտության գիտակցման համատեքստում:

Կարգավորման այլընտրանքը պատերազմն է, որի կանխումը պետք է լինի քաղաքական առաջնորդների գլխավոր նպատակը:

 

Սուրեն Սուրենյանց

Իներցիայի ուժը Մայիս 12, 2011 | 18:13 ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ


Նախընտրական շրջանում ընդունված է, որ Հայաստանում քաղաքական ուժերը հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով, հիշեցնում իրենց գոյության մասին:

Այս համատեքստում հատկապես սիրված թեմա է դաշինքներ, տարբեր միավորումներ կազմելու հարցը: Դաշինքը կամ միավորումը շատերի կողմից դիտվում է որպես ազդեցիկության, հզորության դրսևորում:

Այդ մտայնությունն իներցիայով այսօր էլ շարունակվում է:

Օրինակ, 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, ի դեմս ՀՀԿ-ի, կար ակնհայտ ֆավորիտ, և ընդդիմությունը փորձում էր տարբեր միավորումների ստեղծման ճանապարհով հասնել հաջողության: Ընդդիմության մոտ դա չստացվեց:

 

Այսօր վիճակը մի փոքր այլ է: Քաղաքական դաշտում եղանակ են ստեղծում երկու ազդեցիկ ուժեր` Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմերը: Մի քանի ամիս առաջ մի շարք քաղաքական ուժեր հույս ունեին դիվիդենտ շահել նրանց հակադրության վրա: Այս տրամաբանությունն ինչ-որ տեղ բնական էր, որովհետև, թեկուզև իմիտացիայի տեսանկյունից, փոքր կուսակցությունները հակադրության կողմերից մեկին անպայման պետք են գալիս: Ասենք, հանրապետականները բազմիցս շեշտել են, որ իրենց համամասնական ցուցակի դուռը բաց է եղել այնպիսի անհայտ կուսակցությունների ներկայացուցիչների առաջ, ինչպիսիք են` ԺԱԿ-ը կամ «Հզոր հայրենիքը»: ՀԱԿ-ն էլ հպարտանում է, որ միավորում է 18 կուսակցության: Փույթ չէ, որ դրանց մեծ մասի անունը հանրությանը հայտնի չէ:

Կարևորը, որ դա էր ռեսուրսային պայքարի տրամաբանությունը:

Հիմա իրավիճակը մի փոքր այլ է. իշխանությունն ու ընդդիմությունը, կարծես, որոշել են դուրս գալ հակադրության ռեժիմից և իրենց հարաբերությունները կառուցել մրցակցային միջավայրում:

Մրցակցությունն արդեն խաղի այլ կանոններ ունի. դրանք ավելի հստակ են, և կողմերից որևէ մեկը թզուկային կուսակցությունների կարիք չունի: Այլ խոսքով` շեշտը դրվում է ոչ թե քանակի, այլ` որակի վրա:

Սրանով են պայմանավորված մի շարք ուժերի այսօրվա շտապողականությունը, բարձրագոչ ու պերճախոս կարգախոսները:

Նրանք փորձում են իշխանությանը համոզել, որ իրենք նույնպես հզոր են, որ իրենց հետ ևս պետք է հաշվի նստել:

Ո՞վ չգիտի, որ Տիգրան Կարապետյանի «երրորդ ուժի» գաղափարը տապալվել է: Բոլորը գիտեն. ոչ «Ժառանգություն» կուսակցությունը, ոչ ՀՅԴ-ն և ոչ էլ Արամ Կարապետյանի կուսակցությունը չարձագանքեցին նրա հորդորներին, առաջարկներին: Ժողովուրդն էլ է դա հասկացել, ու Կարապետիչի վերջին հանրահավաքի մասնակիցների թիվն ավել չէր միջոցառումը լուսաբանելու եկած լրագրողների թվից: Բայց Ժողովրդական կուսակցության նախագահը տենչում է գոնե խորհրդարանական մանդատի մասին ու չի պատրաստվում վայր դնել զենքերը: Նա վաղը փորձելու է համախմբել հայրենասիրական ուժերին: Միայն թե պարզ չէ, թե ինչ է հայրենասիրությունն` ըստ Կարապետյանի, կամ էլ` բացի նախաձեռնության հեղինակից, ովքե՞ր են մաս կազմելու այս միությանը: Հաստատապես` ոչ մի լուրջ կուսակցություն կամ գործիչ: Բայց էականն աղմուկն է, դա է Կարապետիչի նախաձեռնության միակ մոտիվը:

Նույնը վերաբերում է մարքսիստ Դավիթ Հակոբյանին, որն այսօր հայտարարել է «Ազգային ճակատ» ստեղծելու մասին: Եթե Կարապետիչի կողքին գոնե մի քանի թոշակառու կա, Հակոբյանը կատարյալ մենության մեջ է: Էլ ի՞նչ դաշինք կամ ճակատ: Զավեշտն այն է, որ նա փորձում է կապկել Ռուսաստանի վարչապետի նախաձեռնությունը` փորձելով մի դաշինքում միավորել կուսակցականներին ու անկուսակցականներին: Սակայն միայն մարքսիստի ռուսասիրությունը բավարար չէ, որ այս կապկումը հաջող արդյունք տա. Հակոբյանը գոնե մի քիչ ռեսուրս պետք է ունենար` կազմակերպչական, քաղաքական: Բայց կես դրույքով բժիշկ, կես դրույքով քաղաքական գործիչ մարքսիստը յուրացրել է «քաղաքական բիզնեսի» տրամաբանությունը: Նա այսօր հայհոյում է ՀԱԿ-ին` իշխանության բարեհաճությունը շահելու հույսով:

Սակայն գնացքը գնացել է, իշխանությունն, ըստ ամենայնի, գերադասում է գործ ունենալ ՀԱԿ-ի հետ, նրա հետ համաձայնությունների հասնել, քան` սնել քաղաքական նախագծեր, որոնց արդյունավետությունը մոտ է զրոյի:

Սուրեն Սուրենյանց

Ինչու՞ Քոչարյանը չի կարող վերադառնալ Մայիս 11, 2011 | 18:13 Սուրեն Սուրենյանց

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցից հետո ոմանք կարծիք հայտնեցին, որ դա կարող է լինել նրա վերադարձի քաղաքական հայտը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անգամ չբացառեց, որ Քոչարյանը քաղաքական ակտիվություն ցուցաբերի 2013 թ.-ի նախագահական ընտրություններին:

Քոչարյանը գուցե իսկապես տենչում է Բաղրամյան 26 վերադառնալու մասին ու գուցե նաև դրանով է պայմանավորված պարբերական դարձած նրա հրապարակային ակտիվությունը:

Երկրորդ նախագահի հնարավոր վերադարձի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը չի բարեփոխել ժառանգություն ստացած համակարգը, որում գերիշխում են հակադրության ոգին, Քոչարյանի կադրերը: Պատահական չէ, որ հաճախ իշխանության միջանցքներում խոսում են «թույլ» Սարգսյանից` հիշելով «ուժեղ» Քոչարյանի «երանելի» ժամանակները:

Բայց այսքանը բավարար չէ, որպեսզի իրականություն դառնան Քոչարյանի ամբիցիաները:

Գրեթե վստահ եմ, որ նա իշխանություն, անգամ` քաղաքականություն վերադառնալու շանսեր չունի:

Այս վստահությունն ամրապնդվում է հատկապես այս օրերին, երբ իշխանություն-ընդդիմություն երկխոսության ծիլեր են երևում: Մրցակցային միջավայրում Քոչարյանն անելիք չունի, որովհետև նա անտագոնիզմի խորհրդանիշ է: Նրա անունն ասոցացվում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի ոճրագործությունների հետ:

Պակաս կարևոր չէ նաև հասարակական կարծիքը: Երկրորդ նախագահը, թերևս, հասարակության կողմից ամենամերժված գործիչն է: Պատահական չէ, որ նույնիսկ այսօրվա ընդդիմությունը քննադատության հիմնական թիրախ դարձնում է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ` հենց Ռոբերտ Քոչարյանին: Այդպիսին է հասարակական պահանջարկը:

Եվ վերջապես կա մի կարևոր հանգամանք, որը կաշկանդում է Քոչարյանին:

Նրա ու իր շրջապատի քաղաքական, բիզնես անվտանգությունը քիչ թե շատ երաշավորված կարող է լինել հենց այս իշխանության օրոք, նրան անվտանգության, անձեռնմխելիության երաշխիքներ կարող է տալ միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Քոչարյանը սա շատ լավ հասկանում է, հասկանում է նաև, որ իր ամբիցիաների առաջին թիրախը, կամա թե ակամա, դառնալու է հենց գործող նախագահը: Իսկ ո՞րն է երաշխիքը, որ գործողների հեռացման ֆոնին` հենց ինքն է վերադառնալու իշխանության, այն էլ այն պարագայում, երբ մեր քաղաքական համակարգի որոշիչ կենտրոններից մեկը` հրապարակը, նրա անունը լսել չի ուզում, կամ էլ` միանգամայն այլ կարգավիճակում է պատկերացնում նախկին նախագահին:

Ամբողջ աշխարհում հիմա ընթանում է բռնապետներին, ավտորիտարներին մերժելու շարժում: Ավտորիտար հակումներ ունեցող և դրանք չթաքցնող Քոչարյանը դա շատ լավ հասկանում է, և հույս կա, որ այս անգամ իրատես կլինի ու կհամակերպվի «երիտասարդ թոշակառուի» կարգավիճակին: Մանավանդ որ` այդ կարգավիճակն ամենաանվտանգն է նրա համար:

Քոչարյանի ինքնախոստովանությունը Մայիս 10, 2011 | 18:34 Սուրեն Սուրենյանց

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սակավախոս է, մանավանդ` պաշտոնավարումից հետո նա գրեթե միշտ խուսափում է հարցազրույցներից կամ հայտարարություններից:

Չնչին բացառություններ են լինում, երբ Քոչարյանն իր ազդեցությունը կորցնելու վտանգ է զգում: Նման դեպքերում նա միշտ գերադասում է գործ ունենալ լրատվական կոնկրետ գործակալության հետ: Հենց այդ լրատվամիջոցից էլ մենք ծանոթանում ենք երկրորդ նախագահի կարծիքներին` հնարավորություն չունենալով նրան ուղղել մեզ հուզող հարցերը:

Այսօր կրկին Ռոբերտ Քոչարյանը նույն ոճով հարցազրույց է տվել. իհարկե, խոստովանենք` այս անգամ նա իր ընդդիմախոսներին անվայելուչ բառերով չի «պատվել», նրանց չի համեմատել իր որսասիրության թիրախ հանդիսացող կենդանիների հետ: Սա արդեն առաջընթաց է:

Բայց բովանդակային առումով` երկրորդ նախագահի շեշտադրումները չեն փոխվել: Նրա քննադատության թիրախը մնում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, ընդ որում` այս անգամ երկրորդ նախագահը հնչեցրել է անգամ քրեական մեղադրանք: «Դա ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի  ընդդիմադիրներին: …Ի դեպ, եթե ընդդիմության առաջնորդը տանը նստելու փոխարեն փորձեր սանձել հենց իր կողմից գրգռած ամբոխին, ապա, վստահ եմ, հնարավոր կլիներ խուսափել զոհերից»,-ասում է Քոչարյանը: Միայն մի բան է անհասկանալի. եթե ՀՀՇ պաշտոնավարման տարիներին եղել են անցանկալի ընդդիմադիրներին վերացնելու դեպքեր, ինչու՞ ժամանակին Քոչարյանը դրանց չի անդրադարձել, երբ հանրապետության ամենազոր ղեկավար էր, ուներ անսահմանափակ ազդեցություն իրավապահ մարմինների վրա: Կա երեք վարկած. կամ նա հումանիստ է եղել, կամ` իր նշած հանցագործությունների մեղսակից, կամ էլ` հիմա զրպարտում է:

Ռոբերտ Քոչարյանը տողատակով «հարվածներ» է հասցնում նաև գործող նախագահին: «Ակնհայտ է, որ վերջին տարիներին մարդկանց կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել, ու անկախ այդ անկման օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից, մարդիկ այսօր հակված են համեմատություններ անել: Եվ որքան շատ են հասարակ մարդիկ համեմատում, այնքան ավելի ջանասիրաբար են փորձում վարկաբեկել ինձ վարձու ընդդիմախոսները: Ցավոք, այդպիսին է այսօրվա ներքին գործընթացների տրամաբանությունը, որը շատ փոքր կախում ունի իմ ակտիվության աստիճանից: Վստահ եմ, ժողովուրդն այնքան միամիտ չէ, որ չհասկանա այս ամենը»,- ասում է նա` փորձելով շեշտել իր պաշտոնավարման որակական առավելությունն այսօրվա նկատմամբ:

Հարցազրույցի բուն իմաստն այն է, որ Քոչարյանը փորձում է իր վրայից գցել Մարտի 1-ի պատասխանատվությունը` դա դնելով Տեր-Պետրոսյանի վրա: Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ասում է. «Պարտված թեկնածուն հայտարարեց, որ հենց ինքն է ընտրված նախագահը և պատրաստվում է գրավել նախագահական պալատը»: Առաջին նախագահի նույնիսկ մոլի հակառակորդները կարող են վկայել, որ նա պալատներ գրավելու կոչեր չի արել, հակառակը` սանձել է իր այն թիմակիցներին, ովքեր ավելի վճռական գործողությունների ակնարկներ են արել:

Նույն անհամոզիչ փաստարկներով երկրորդ նախագահը փորձել է պաշտպանվել: «Կարող եմ միանշանակ ասել, որ մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Համենայն դեպս, ինձ դրա վերաբերյալ որևէ փաստ հայտնի չէ»,- ասել է նա, կամա թե ակամա մոռացության տալով այն փաստը, որ Փաստահավաք խումբ հրավիրված գրեթե բոլոր բարձրաստիճան սպաները պնդել են, որ իրենք ընդամենը հրաման կատարող են: Բարձրաստիճան սպաները հրաման կարող էին ստանալ մեկ կենտրոնից, ու բոլորս գիտենք, թե որն է այդ կենտրոնը:

Այս հարցի պատասխանն էլ Քոչարյանը, կարծես թե, յուրովի ունի. «Ակներև է, որ բացառությամբ ներքին զորքերի կապիտանի, մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա, ճիշտ այնտեղ, որտեղ մեքենաներ էին վառում և խանութներ էին թալանում: Այնտեղ իրավիճակը գործնականում ոչ ոք չէր վերահսկում. ոչ ոստիկանությունը, ոչ էլ ընդդիմության առաջնորդները: Ես չգիտեմ, թե վերջին երեք տարում հետաքննությունն ինչքանով է առաջ շարժվել, բայց ենթադրում եմ, որ հենց այդ հանգամանքն է, որ լրջորեն դժվարացնում է քննչական մարմինների աշխատանքը, առավել ևս, որ քաղաքի այդ մասում դիտարկման խցիկներ գրեթե չեն եղել` իրադարձությունների պատկերի հետագա վերականգման համար: Բոլոր 8 քաղաքացիական անձինք հասարակ մարդիկ էին, որոնք որևէ կերպ չէին դրսևորել իրենց քաղաքականության մեջ: Նրանցից չորսը զոհվել են հրազենային վնասվածքներից: Ո՞ւմ կարող էր պետք լինել միտումնավոր կրակ բացել նրանց վրա: Դա կամ հանգամանքների ողբերգական համադրություն էր, կամ էլ ոմանց գիտակցված գործողություն` իշխանություններին վարկաբեկելու նպատակով:
Այն հանգամանքը, որ ընդդիմության քիչ թե շատ ակնառու ներկայացուցիչներից և ոչ մեկը որևէ կերպ ֆիզիկապես չի տուժել, խոսում է այն մասին, որ ընդդիմադիր շարժման «գլխատմանն» ուղղված որևէ միտումնավոր գործողություն նույնպես չի եղել»,-ասում է նա: Մի խոսքով, նա ակնարկում է, որ ընդդիմությանը ոչնչացնելու ծրագիր չի ունեցել, բայց չի էլ համարձակվում պնդել, որ 10 մարդ զոհվել է ընդդիմության մեղքով, որովհետև «այնտեղ իրավիճակը գործնականում ոչ ոք չէր վերահսկում. ոչ ոստիկանությունը, ոչ էլ ընդդիմության առաջնորդները»:

Այդ դեպքում` հասկանալի չէ, թե ինչո՞ւ են կալանավորվել ընդդիմության տասնյակ գործիչներ: Եթե հետևենք Քոչարյանի մտքի տրամաբանությանը, ապա դա եղել է ոչ թե քննությամբ պայմանավորված անհրաժեշտություն, այլ` քաղաքական որոշման հետևանք:  Նա խոստովանում է, որ քննությանը կոնկրետ ընդդիմությանը պատժելու հրահանգ է տրվել` ասելով. ««Մարտի 1-ի» գործով հետաքննությունը վարվում է ոչ թե արտակարգ դրության ռեժիմ մտցնելու իրավական հիմքերի, այլ մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների փաստերի մասով»:

Հայտնի է, որ Քոչարյանի պաշտոնավարման մի տևական շրջան Հայաստանն, ըստ էության, զրկված էր ընդդիմությունից: Արդ, Քոչարյանի այսօրվա հարցազրույցի վերջին հատվածը վերաբերում է ոչ այնքան այսօրվան կամ ապագային, այլ` նման է սեփական կառավարմանը տրված ինքնախոստովանական ճառի: «…Եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին (համապատասխան պարգևատրման դիմաց), ապա դա, թերևս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է: Դա, ի դեպ, ուղիղ ճանապարհ է դեպի լճացում և կոռուպցիայի աճ, քանի որ ընդդիմությունն անմիջապես դադարում է կատարել իր հիմնական առաքելությունը, դրդել իշխանություններին ավելի լավ աշխատել և զսպել ախորժակը: Այդ գործարքի գինը ժողովուրդն է վճարելու` իր առանց այդ էլ սակավ միջոցներից»,- ասում է նա` առավել, քան որևէ մեկը, ճշգրտորեն բնորոշելով իր կառավարման հետևանքը: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

Սովետիզմի ռեստավրացիա Մայիս 10, 2011 | 18:30 Սուրեն Սուրենյանց

Անցյալ դարի 80-ականների վերջին – 90-ականների սկզբին նախկին միութենական հանրապետություններում առաջացան դեմոկրատական շարժումներ, որոնցից մի մասն ուներ «Ժողովրդական ճակատ» անվանումը: Այդ շարժումները հիմնականում դնում էին անկախության խնդիր, և բնական է, որ փորձում էին իրենց շուրջ միավորել հասարակության ավելի լայն շերտերի:

«Ժողովրդավարական ճակատներ» կային, օրինակ, Ադրբեջանում և Բելառուսում: Մեր հարևան երկրում այդ շարժումը կարճ ժամանակ հաջողություն ունեցավ, իսկ նախագահ Էբուլֆազ Էլչիբեյի անփառունակ պաշտոնավարումից հետո այլևս մաս չկազմեց իշխանությանը` դառնալով Ադրբեջանի ոչ այնքան ուժեղ ընդդիմադիր շարժման երկու առանցքային կուսակցություններից մեկը: Ավելի թույլ և ոչ նշանակալից դերակատարություն էր վերապահված բելառուսական «ժողովրդականներին»:

Ինչևէ, այն բանից հետո, երբ սովետական հանրապետություններն անկախացան, տարբեր շարժումներն ու ճակատներն իրենց տեղը զիջեցին կուսակցություններին, որովհետև հասարակությունը շերտավորվեց` քաղաքական և սոցիալական հատկանիշներով, առաջացան տարբեր, հաճախ` իրարամերժ շահեր: Եվ սա բնական է, ճանապարհ, որը տանում է բազմակուսակցականության, այլընտրանքային մոտեցումների:

Հիմա «Ժողովրդական ճակատ» է ուզում ստեղծել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` նպատակ ունենալով իր «Եդինայա Ռոսիա» կուսակցության շուրջ միավորել տարբեր քաղաքական, սոցիալական, երիտասարդական շարժումներ:

Պուտինյան կոնցեպցիան և «Ժողճակատը» որևէ աղերս չունեն բելառուսականի կամ ադրբեջանականի հետ:

Շատերը կարծում են, որ Պուտինը նախապատրաստում է իր վերադարձը Կրեմլ, մյուսներն ասում են, որ վարչապետի նախաձեռնությունը միտված է խորհրդարանական առաջիկա ընտրություններին: Իբրև թե` նա ուզում է «Եդինայա Ռոսիա» արժեզրկված բրենդը փոխարինել ավելի գրավիչ, մարդկանց սրտերը գերող անունով:

Իրականում, Վլադիմիր Վլադիմիրովիչը ոչ մի նոր բան չի հնարել թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով:

Սովետների ժամանակ շատ տարածված էր «կոմունիստների ու անկուսակցականների ամուր դաշինքի» թեզը: Պուտինի արածը նման մի բան է և դարձյալ միտված է իշխանության պահմանմանը, իշխանության շուրջ հասարակական համաձայնության իմիտացիայի ստեղծմանը: Միայն թե` հիմա ԽՄԿԿ-ի դերում հանդես է գալիս ոչ թե կուսակցություն, այլ հենց Պուտինի անձը՝ «նացլիդերի» նրա կերպարը:

Պուտինի իշխանությունը նշանավորվեց խորհրդային քաղաքական հոռի մշակույթի ռեստավրացիայով: Այս նախաձեռնությունն այդ շարքից է:

Մի տարբերություն, այնուամենայնիվ, կա: Եթե կոմունիստներն անկուսակցականների հետ միավորվում էին ինչ-որ գաղափարների շուրջ, թեկուզև` իմիտացիա ստեղծելու նպատակով, հիմա եդինառուսներին ու մյուս մահկանացուներին միավորում են բացառապես իշխանության բարիքները:

Բացվում է <Ընտրություն> ակումբը Մայիս 09, 2011 | 18:18 Սուրեն Սուրենյանց

Մայիսի 20-ից «Հայկական վարկած» էլեկտրոնային թերթի (armversion.com կամ armversion.am) շրջանակներում գործելու է «Ընտրություն» մամուլի ակումբը:
Ակումբի աշխատանքները համակարգելու եմ ես, ինչպես նաև` վարելու եմ ասուլիսներն ու բանավեճերը:
Պատահական չեն ընտրված ոչ ակումբի անունը և ոչ էլ բացման օրը:
Չնայած քսանամյա գոյությանը` մեր պետությունը կանգնած է ընտրության առաջ, հասարակությունը նույնպես կողմնորոշումների փուլում է:
Ընտրությունը գլոբալ հասկացություն է և վերաբերում է թե՛ երկրի ընթացքին, թե՛ յուրաքանչյուրիս կողմնորոշումներին:
Բայց ընտրությունը նաև կոնկրետ դրսևորում է, եթե նկատի ունենանք, որ 2012-2013 թթ.-ը մեր երկրի համար ընտրական են: Բնականաբար, այդ գործընթացը գտնվելու է մեր նորաստեղծ ակումբի ուշադրության կենտրոնում:
Մայիսի 20-ն էլ պատահական ամսաթիվ չէ. 21 տարի առաջ այդ օրը, դեռևս Խորհրդային Հայաստանում, անցկացվեցին առաջին այլընտրանքային խորհրդարանական ընտրությունները: Հենց դրա մեջ է ընտրության իմաստը, փիլիսոփայությունը:
Մեր ակումբում հյուրընկալվելու են պետական, քաղաքական, հասարակական հայտնի գործիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ:

Մենք պատրաստ ենք պատասխանելու ցանկացած հարցի, որ մեր ընթերցողը կհասցեագրի ակումբին: Յուրաքանչյուր ասուլիսից կամ բանավեճից մի քանի օր առաջ «Հայկական վարկած» կայքէջում կներկայացնենք հյուրին, կստանանք ձեր հարցերը, իսկ ասուլիսից հետո մեր կայքում կարող եք ընթերցել ձեզ հուզող հարցերի պատասխանները:

Արժեզրկված հաղթանակ ../Սուրեն Սուրենյանց/ Մայիս 09, 2011 | 15:30

Տարիներ առաջ մի սեմինարի ժամանակ մասնակիցներից մեկը հետաքրքիր հարց հնչեցրեց: Նա հարցնում էր, թե ո՞վ է հաղթել համաշխարհային պատերազմում: Շատերին այս հարցը տարօրինակ թվաց, շատերը տարակուսեցին: Սակայն հարց տվող փորձագետը խոսում էր հետպատերազմյան շրջանի իրողությունների մասին և, կարծես թե, հիմնավորում էր, որ պատերազմի էֆեկտը ոմանց համար արժեզրկվել է, պարտվողները դասեր են քաղել, ճիշտ հետևություններ արել:

Վերջին տարիներին ես էլ նույն հարցն եմ տալիս ինձ, հատկապես` Հաղթանակի տարեդարձի օրերին:

 

 

Ո՞վ հաղթեց երկրորդ համաշխարհային պատերազմում:

Զուտ ռազմական տեսանկյունից` հարցի պատասխանը հստակ է, հասու՝ անգամ դպրոցականին: Հաղթել է սովետական բանակը:

 

 

Բայց արդյո՞ք այդ հաղթանակը բովանդակություն ստացավ սովետական մարդու համար, ով այդքան զոհողությունների գնաց, կորցրեց որդուն, եղբորը, ամուսնուն: Իհարկե` ոչ: Սովետական ժողովուրդը, աշխարհի այլ ժողովուրդների հետ, կանխեց նացիզմի հաղթանակը, տոտալիտար այդ գաղափարախոսության համաշխարհային տիրապետության վտանգը, բայց հայտնվեց նրան չզիջող, ոչ պակաս մարդակուլ բոլշևիկյան տոտալիտարիզմի ճիրաններում:

 

Սովետական մարդու համար հաղթանակը շուտով արժեզրկվեց, որովհետև չբերեց ազատություն, բարեկեցություն: Հաղթանակն առաջին հերթին ճանապարհ է դեպի ազատություն, Հաղթանակի նպատակը մարդն է, նրա իրավունքները:

Կոմունիստական էլիտան սեփականաշնորհեց հաղթանակը` հպատակի կարգավիճակում պահելով միլիոնավոր մարդկանց: Մայիսի 9-ը շատ շուտով սովետական ղեկավարության համար կորցրեց հաղթանակի նշանակությունը` դառնալով միլիտարիզմը խորհրդանշող օր: Նույն պատկերացումներն ունի նաև Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը, որի համար ռազմական շքերթը, իր ռազմական պոտենցիալի ցուցադրական մատուցումը դարձել են գերխնդիր:

Պատերազմից միանգամայն այլ հետևություններ արեց Գերմանիայի նոր ղեկավարությունը, որը, արևմտյան դաշնակիցների օժանդակությամբ, դրեց դեմոկրատական, քաղաքացուն արժեվորող պետության հիմքերը, քաղաքակրթական անհանդուրժողականություն ձևավորեց տոտալիտար որևէ գաղափարախոսության նկատմամբ:

 

Պատերազմում հաղթած ԽՍՀՄ-ը զարգացրեց տոտալիտարիզմը` մարդու, նրա ազատության հաշվին, ի վերջո` գերտերությունից վերածվելով չգոյության, պատմության: Պատերազմում պարտված Գերմանիան դասեր, հետևություններ արեց` կառուցելով քաղաքացուն արժեվորող, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվող, ապագային ձգտող երկիր:

 

Հաղթանակն իմաստալից է, եթե ինստիտուցիոնալիզացվում է, դառնում է ազատության խորհրդանիշ: Հակառակ պարագայում` հաղթանակը դառնում է իշխող վերնախավի քարոզչական տրյուկ, սեփական իշխանությունն ամրապնդելու, մարկանց հպատակեցնելու միջոց:

 

Պարտությունը բարդույթավորում է պետություններին, ժողովուրդներին, եթե նրանք անհրաժեշտ հետևություններ չեն անում: Գերմանիան, նրա հետպատերազմյան ղեկավարությունն արեց այդ հետևությունները:

Նույնը վերաբերում է Շուշիի ազատագրմանը: Այդ իրադարձությունը կդառնա հաղթանակ, եթե ծառայի հայաստանցու, արցախցու ազատությանը, բարեկեցիկ կյանքին:

 

Արցախյան պատերազմում հաղթել է դեմոկրատական Հայաստանը: Այսօր մենք չունենք այդպիսի Հայաստան, ուրեմն` մսխում ենք մեր հաղթանակը: Պետք չէ շարունակ հույս տալ մեզ, թե Ադրբեջանն էլ դեմոկրատական չէ: Եթե մենք կորցնում ենք ժողովրդավարության, ազատության մեր ռեսուրսը, առաջին պլան է գալիս հարևանների նավթը` դառնալով կարգավորման գործընթացի գործոն:

Ղարաբաղյան պատերազմի ամենամեծ ձեռքբերումները պետք է լինեն ազատ Հայաստանը, ազատ քաղաքացին: Սա է մայիսի 9-ի ամենամեծ խորհուրդը, նաև գրավականը, որ տասնամյակներ անց մեզ չհարցնեն, թե ո՞վ է հաղթել արցախյան պատերազմում:

Երկրապահի ֆենոմենը../ Սուրեն Սուրենյանց/ Մայիս 08, 2011 | 17:35

ԵԿՄ-ն շարքային հասարակական կազմակերպություն չէ, այն առանցքային դեր է խաղացել մեր երկրի պատմության մեջ, մասնավորապես՝ մեծ է այս կազմակերպության ավանդը արցախյան պատերազմում, բանակաշինության գործում:

Երկրապահի գնահատման հարցում հասարակության մոտեցումները հակասական են:

Գրեթե բոլորն ընդունում են կամավորականների մեծ ավանդն արցախյան պատերազմում: Եթե չլինեին այդ մի քանի հազար նվիրյալները, այսօր չէինք ունենա փաստացի անկախ Արցախ, Հայաստանի անվտանգ սահմաններ: Հայկական բանակը նույնպես կազմավորվեց երկրապահ ջոկատների հենքի վրա: ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանին հաջողվեց գտնել երկրապահների եւ Ռուսաստանից հայրենիք վերադարձած սովետական բանակի հայազգի սպաների ներդաշնակ գործունեության բանձեւը:

Այլ է հետպատերազմյան Երկրապահի հասարակական ընկալումը: Այստեղ արդեն բացակայում է միանշանակությունը, մեծարման խոսքերի կողքին կարող ենք լսել քննադատություն, արժեւորման հետ միասին՝ հանդիմանություն:

Այս հարցում, սակայն, ԵԿՄ-ին չէ, որ մեղադրում եմ, այլ, առաջին հերթին՝ իշխանությանը, որը պատերազմի ավարտից հետո՝ չկարողացավ արդյունավետ մեխանիզմներ գտնել՝ երկրապահներին հասարակական հարբերություններում ինտեգրելու համար: Փոխարենը, պետությունը գնաց իրավիճակային լուծման՝ ռազմաքաղաքական էլիտայի ստեղծման ճանապարհով: Սա հանգեցրեց նրան, որ ԵԿՄ ներսում առաջանա սոցիալական բեւառացում՝ էլիտայում հայտնված փոքրաթիվների եւ այդ շրջանակից դուրս գտնվող հազարների միջեւ: Այս հանգամանքն էապես անդրադառնում է երկրապահների միասնականության վրա՝ դժվարացնելով նրանց կողմից միասնական խնդիրների ձեւակերպումը:

Մյուս կողմից, ԵԿՄ վերնախավը՝ կազմակերպչական, ֆինանսական, վարչական ռեսուրսների միջոցով, կարողանում է վերահսկելի պահել հազարավոր երկրապահների վարքագիծը:

Վազգեն Սարգսյանի եղերական մահից հետո՝ ԵԿՄ-ի գործոնն ավելի թուլացավ: Երկրապահներն այդպես էլ չգտան Վազգենին փոխարինող խարիզմատիկ գործիչ, մի մարդու, ով կկարողանար պահել Երկրապահի ֆենոմենը՝ նրան հեռու պահելով քաղաքական ինտրիգներից: Արդյունքում, ԵԿՄ-ն կռվախնձոր դարձավ իշխանության եւ ընդդիմության համար, հատկապես՝ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Երկրապահի էլիտան վերջնականապես կորցրեց իր միասնականությունը. նրա մի մասը հավատարիմ մնաց իշխանությանը՝ պահպանելով դիրքերը բանակում, ընդդիմադիր հրամանատարները հայտնվեցին ճաղերի հետեւում, գեներալ Մանվելը գնաց թոշակի՝ կանխորոշելով ԵԿՄ այսօրվա պասիվությունը:

Բայց այսօր տոն է, եւ մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի համար նահատակված հազարավոր երկրապահների անմար հիշատակի առաջ:

Հազար փառք ու պատիվ սպարապետ Վազգեն Սարգսյանին, Երկրապահին, որ կերտեցին մեր ժողովրդի պատմության հերոսական էջը, Հաղթանակը դարձրին իրականություն, պետության կայացման եւ զարգացման գրավական:

Աշխարհը միայն նյութ չէ../Սուրեն Սուրենյանց/ Մայիս 07, 2011 | 21:24

«Մայիսի 6-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի «Սուրբ Սարգիս» անունը կրող մատուռում քրեակատարողական ծառայության հոգևոր տեսուչ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի ձեռամբ և ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արամ Սարգսյանի աջակցությամբ տեղի ունեցավ քրեակատարողական հիմնարկներում նախադեպը չունեցող արարողություն:
Դատապարտյալ Արսեն Համբարձումյանը վերին օրհնությամբ իր կյանքը կապեց Լիլիթ Իսրայելյանի հետ: Քանի որ նրանք մկրտված չէին, Աստծո ավազանում նախ օծվեցին սուրբ մկրտությամբ, ապա տեղի ունեցավ պսակադրության արարողությունը:
Պսակադրությանը մասնակցում էին նաև նորապսակների հարազատները, որոնք արարողությունից հետո, տոնական սեղանի շուրջ, իրենց բարեմաղթանքները հղեցին նորապսակներին: Սույն արարողությունը չէր կարող անտարբեր թողնել քրեակատարողական վարչության ղեկավարությանը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը նորապսակներին նույնպես աննախադեպ ընծա արեց. յոթ օր կարճաժամկետ մեկնում տրամադրվեց Արսենին` ըստ էության որպես հետ ամուսնական արձակուրդ»-ասված է ՔԿՀՎ մամլո հաղորդագրության մեջ:
Այսօր ԶԼՄ-ներով տարածված այս լուրն իրոք շատերին է հուզել, վերականգնել շատերի սասանված հավատը կյանքի հանդեպ:
Միայն կյանք վերադառնալու հավատը կարող էր Արսենին նման քայլի մղել:
Լիլիթը սիրում եւ հավատում է Արսենին, իրնց ապագային, այլապես վերջինի ազատազրկումը կարող էր բավարար լինել, որ աղջիկը մտածեր նոր կյանքի, նոր սիրո մասին:

Նման հաճելի առիթները ստիպում են մտածել, որ աշխարհը միայն նյութ չէ, որ կա նաեւ հոգեւորը, աշխարհը փրկող հավատը:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...