22.02.2012 | 18:53
22.02.2012 | 18:48
22.02.2012 | 17:17
22.02.2012 | 17:08
22.02.2012 | 16:04
22.02.2012 | 14:23
22.02.2012 | 14:16
22.02.2012 | 14:04
22.02.2012 | 12:45
22.02.2012 | 12:37
22.02.2012 | 12:32
22.02.2012 | 12:26
22.02.2012 | 12:13
22.02.2012 | 11:53
22.02.2012 | 11:47
ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այսօր չի հերքել, որ իրենց կուսակցության շարքերն է համալրել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):
Ավելի վաղ Արթուր Բաղդասարայանի կուսակիցն էր դաձել, ու ՕԵԿ-ում ազդեցիկ դերակատարություն ստանձնել կապի նախկին նախարար Էդվարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո):
Փաստորեն ՕԵԿ-ում էլ են գիտակցել, որ կուսակցությունն ապագա խորհրդարանում հայտնվելու շանս գրեթե չունի եւ ակնհայտորեն փորձում են հենվել կրիմինալի վրա:
Սա հին ձեռագիր է, որից տարբեր ժամանակներում օգտվել են իշխանությանը մաս կազմող կուսակցությունները:
Ժամանակները փոխվել են եւ այն, ինչն աշխատում էր երեկ` այսօր կարող է չաշխատել:
Եթե իշխանություն – ՀԱԿ երկխոսությունը դրական արդյունքներ տա` անդրադառնալու է ընտրությունների որակի վրա:
Քիչ թե շատ նորմալ ընտրությունների պարագայում` ադմինիստրատիվ ռեսուրսի եւ «թաղային հեղինակության» գործոնների ազդեցությունը սահմանափակվելու է:
Երկխոսության կայացման պարագայում` ՕԵԿ-ին այլ բան չի մնա, քան` մի քանի մանդատ մուրալ ՀՀԿ համամասնական ցուցակում` վերջնականապես կորցնելով ինքնուրույն կուսակցության դիմագիծը:
«Եթե երկխոսությամբ արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորությունը համարվի սպառված, ապա, բնականաբար, Հայ ազգային կոնգրեսն այդ բանակցություններում անելու բան չի ունենա. անելու բան կունենա Ազատության հրապարակում»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Առհասարակ, նրա ասուլիսում հնչել են իշխանությանը հասցեագրված կոշտ գնահատականներ` տպավորություն ձևավորելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում կամ առնվազն` նրա մի հատվածում, այնքան էլ լավատես չեն երկխոսության դրական ընթացքի վերաբերյալ:
«Չեմ կարծում, որ մեր երկրում առկա է իրավիճակ, որի տրամաբանական լուծումը կարող են դառնալ արտահերթ ընտրությունները»,- մեկ այլ մամուլի ակումբում էլ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, երկխոսության նպատակով ձևավորված կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը:
Եթե պատկերավոր ձևակերպենք, ՀԱԿ-ն ուզում է արագ գալ իշխանության, իշխանությունը չի պատրաստվում հանձնել իր ունեցածը:
Ընտրությունների ժամկետի հարցում կողմերն ունեն տրամագծորեն հակառակ մոտեցումներ, և գոնե այս պահին դժվար է պատկերացնել, որ այս հարցում կձևավորվի ընդհանուր հայտարար:
Առհասարակ, կարծում եմ` սխալ է ընթացող երկխոսության համար հիմք ընդունել «համաձայնություն կա, երբ համաձայնեցվում են բոլոր հարցերը» բանաձևը: Նման մոտեցումը երկխոսության գործընթացը կտանի փակուղի:
Թերևս հարկ կա, որ կողմերը նախ քննարկեն այն հարցերը, որոնց շուրջ կարող են համաձայնությունների գալ: Օրինակ, վերացնեն օրենսդրական և այլ կարգի խոչընդոտները, որոնք խանգարում են օրինական ընտրությունների անցկացմանը: Եթե մեկ-երկու նման քայլ լինի, գուցե հասարակությունը հավատա երկխոսության ռացիոնալ ընթացքին, երկխոսության կողմերը վստահեն միմյանց, վերանա անտագոնիզմը, օրինական ընտրություններ անցկացնելու հիմքեր ստեղծվեն:
Այս պարագայում, գուցե ընտրությունների ժամկետի հարցը կորցնի իր սրությունը, և կողմերն ավելի շուտ կարողանան գալ կոմպրոմիսային լուծումների:
Մեր տարածաշրջանի երկրների ղեկավարներին բնորոշ է կոնյուկտուրային տուրք տալու, պոպուլիստական հայտարարություններով հանդես գալու վարքագիծը: Հատկապես արտաքին քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցերում նրանք շատ հաճախ տեղի են տալիս հասարակական տրամադրություններին` ժողովուրդներին ոչ ստանդարտ լուծումների նախապատրաստելու փոխարեն:
ԼՂ կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես հաճախ է փոխում մոտեցումները` խաղաղության կողմնակցից մինչև կարծր դիրքորոշման տիրույթում:
Ծաղկաձորում հուլիսի 23-ին Սերժ Սարգսյանը պատասխանել էր Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Մասնակիցներից մեկը նախագահին ուղղեց հետևյալ հարցը. «…Մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ»:
Ըստ իս, Սերժ Սարգսյանը այդ հարցին տվեց հնարավորինս չքաղաքականացված, զուսպ պատասխան: «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Ըստ այդմ, Սարգսյանն այս պատասխանով երկու շեշտադրում է կատարել.
- շեշտել է, որ իր սերունդը հաղթանակ է տարել մեզ պարտադրված ղարաբաղյան պատերազմում,
- «Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին» նախադասությամբ ձևակերպել է ուժեղ պետության իր պատկերացումը` ակնարկելով, որ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի Թուրքիայի հանդեպ: Գոնե նման խնդիր ձևակերպված չէ մեր արտաքին քաղաքականության օրակարգում:
Ըստ այդմ, բավականին զարմանալի էր այս ելույթի առթիվ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած բավականին կոշտ հայտարարությունը: «Պետական գործիչների հիմնական գործը պետք է լինի այն, որ նրանք իրենց հանրության և հատկապես երիտասարդ սերնդի համար պատրաստեն խաղաղությամբ և բարօրությամբ լեցուն ապագա: Սակայն դրան բոլորովին հակառակ մոտեցմամբ ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն սերմանելու ձևով երիտասարդներին և ապագա սերունդներին խորհուրդներ տալը ծայրաստիճան անպատասխանատու գործելաոճ է»,- նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Հայտարարությունում նշվում է նաև, թե այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված փնտրտուքները թափ են հավաքում, Սերժ Սարգսյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա խաղաղության համար աշխատելու նպատակ չունի:
Այնպիսի տպավորություն է, որ Անկարան շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ և առիթի էր սպասում` պատասխանատվությունը հայակական կողմի վրա գցելու համար: Համենայնդեպս, թուրքերի արձագանքը բացարձակապես ադեկվատ չէր նախագահ Սարգսյանի ելութի տոնայնությանը:
ՀԱԿ եւ կոալիցիոն պատվիրակությունների երկրորդ հանդիպմանն անակնկալներ չգրանցվեցին: Յուրաքանչյուրն եկել էր իր մարտավարությամբ եւ օրակարգով:
Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ երկրում պետք է հաստատվի քաղաքակիրթ մրցակցություն, ՀԱԿ-ը պնդում է արտահերթ ընտրությունների անհարաժեշտությունը: Իշխանությունն երկխոսության շուրջ հատուկ աղմուկ չի բարձարացնում, ՀԱԿ-ը յուրաքանչյուր հանդիպմանը նախորդում է իր հայտարարությամբ:
Այսօր զույգ պատվիրակությունները հանդիպեցին եւ հաստատեցին իրենց առաջիկա հանդիպումների օրակարգը:
Կոնգրեսի և ՀԱԿ-ի աշխատանքային խմբի միջև քննարկման ավարտից հետո կոալիցիոն խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ ձևավորվել է երկխոսության օրակարգ, որում տեղ են գտել երկու հարց։
1. Կոնգրեսի առաջարկ` Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտ ձևավորման նպատակով արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում, դրանց ազատ և օրինական ապահովման անհրաժեշտություն:
2. Կոալիցիայի առաջարկ`ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքական մրցակցության ապահովման կանոնների ձևավորում:
Հաստատված օրակարգն այս կամ այն կողմի մարտավարական հաջողության մասին չի խոսում, այլ ընդամենը բացահայտում է երկխոսողներից յուրաքնչյուրի առաջնահերթությունը:
«Մեր հիմնական առաջարկությունն այն է, որ քաղաքակիրթ մրցակցության կանոններ պետք է ձեւավորվեն: Քաղաքական կյանքի բոլոր մասնակիցները պետք է հնարավորություն ունենան ստորագրել այդ կանոնների տակ: Հաջորդ հանդիպումը կլինի օգոստոսի 4-ին, եւ կարծում եմ, որ այդ հանդիպման ընթացքում կլինեն աշխատանքային ընթացակարգերի քննարկումներ»,- հանդիպումից հետո հայտարարել է կոալիցիոն աշխատանքային խմբի համակարգող Դավիթ Հարությունյանը` չմոռանալով նշել, որ այս պահին արտահերթ ընտրությունների հիմքեր չի տեսնում:
Հայ Ազգային կոնգրեսի եւ կոալիցիայի այսօրվա հանդիպումից հետո ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրության հարցում կողմնորոշման համար վերջնաժամկետը պահպանվում է:
Կողմերից յուրաքանչյուրն այսպիսով մնում իր դիրքերում եւ նաեւ մանեւրելու հնարավորություն է ստանում:
Կոնգրեսը կարող է իր ակտիվում գրանցել այն փաստը, որ իշխանությունը համաձայնել է քննարկել արտահերթ ընտրությունների հնարավորության հարցը: Իշխանությունը կարող է ասել, որ ինքը զիջումների հակված չէ ու կվկայակոչի այն հանգամանքը, որ այսօր մերժել է ընդդիմության` երկխոսության ընթացքը ուղիղ եթերով հեռարձակելու կամ էլ` յուրաքանչյուր հանդիպումից հետո ՀԱԿ-ին Հանրայինով առնվազն 30 րոպե ուղիղ եթեր տրամադրելու առաջարկները:
Այս ձեւաչափով հաջորդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 4-ին: Հենց այդ օրն էլ հրապարակ կգան երկխոսողների հակասությունները, որվհետեւ մեկնարկելու են բովանդակային քննարկումները:
Այսօր ուշադիր կարդում էի ՀԱԿ ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանի, Արամ Մանուկյանի հարցազրույցները, ինչպես նաև` Լյուդմիլա Հարությունյանի և Սմբատ Այվազյանի ասուլիսների մասին պատմող նյութերը:
Նրանց բոլորի ասածի իմաստը նույնն է և հանգում է մի ձևակերպման` եթե մինչև սեպտեմբեր իշխանությունը չհամաձայնի արտահերթ ընտրություններ անցկացնել, երկխոսության պատուհանը կփակվի, ու փողոցը կթելադրի իր կամքը:
Բնական հարցադրում է առաջանում` ինքանո՞վ է այս պահին ադեկվատ արտահերթ ընտրության պահանջը:
Այս հարցադրումը չի նշանակում, որ ես կամ ինչ որ մեկը փոխել ենք մեր կարծիքը 2007-ի խորհրդարանական կամ 2008-ի նախագահական ընտրությունների մասին: Բնավ` ոչ: Նմանապես, այնպես չէ, թե հիացած ենք իշխանության քաղաքականությունից և վստահ ենք, որ նրա բոլոր քայլերն են ադեկվատ ճգնաժամի հաղթահարման հրամայականին:
Պարզապես կան ռեալ իրողություններ, որոնք կամ պարտադիր են դարձնում արտահերթ ընտրությունների անցկացումը կամ դրանք դարձնում են ինքնանպատակ:
Օրինակ, արտահերթ ընտրությունն այլընտրանք չի ունենում, երբ իշխանությունը կազմալուծված է լինում և փողոցն է դառնում կաննոններ թելադրողը: Հայաստանում ակնհայտորեն այդ վիճակը չէ, ավելին` իշխանությունն էական քայլեր է արել, գոնե` վերջին ամիսներին, քաղաքական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
Մեր փողոցն էլ ակնհայտորեն այս պահին չունի հեղափոխական տրամադրություններ:
Սակայն կա նաև այլ` ավելի լուրջ հանգամանք, որն այս պահին կասկածի տակ է դնում արտահերթ ընտրության նպատակահարմարությունը:
Սկսված երկխոսությունն, անշուշտ, դրական երևույթ է և իր քաղաքական նշանակությամբ եզակի է անգամ հետսովետական տարածքի համար, էլ չասած` մեր իրականության մասին:
Սակայն այդ երկխոսությունը նոր-նոր մեկնարկել է և առայժմ չի տվել իր արդյունքները, չի ստեղծել այն միջավայրը, որը թույլ կտար որակյալ ընտրություններ կազմակերպել:
Մինչև անտագոնիստական համակարգն իր տեղը չզիջի մրցակցայինին, երկրում չանցկացվեն իրական բարեփոխումներ` ոչ մի արտահերթ ընտրություն որակապես վիճակ չի փոխելու: Հիշենք, որ, օրինակ, 1998-ի նախագահական արտահերթ ընտրությունն ավելի խորացրեց իշխանության ճգնաժամն` այն հաղթահարելու փոխարեն:
Երկխոսությունը, պրոդուկտիվ երկխոսությունը կստեղծի այն հիմքերը, որը թույլ կտա առաջիկա ընտրություններն անցկացնել ավելի բարձր մակարդակով: Միան թե` երկխոսության կողմերը պետք է կարողանան ձերբազատվել կարգախոսային հռետորաբանությունից ու իրական օրակարգ ձևակերպեն:
Այսօրվա ասուլիսում ՀՀԿ խմբակցության անդամ, երկխոսության նպատակով ստեղծված կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը հիշեցրել է Մարտի 1-ը և ընդգծել, որ եթե այդ օրերին մենք ունենայինք երկխոսելու այս հարթակը, չէինք կանգնի ծանր հետևանքների առջև՝ որ ունեցանք:
Միանգամայն ճիշտ դիտարկում է, սակայն երեք տարվա հեռվից հեշտ է գնահատականներ տալ իրադարձություններին:
Մարտի 1-ը հետևանք էր կոնկրետ հանգամանքների, որոնցից կառանձնացնեի հատկապես երկուսը:
Առաջին, այն օրերի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում ստեղծել էր անտագոնիստական համակարգ, որը երաշխավորում էր նրա իշխանության պահպանումն ու վերարտադրությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը ևս քաղաքականություն վերադարձավ արմատական կարգախոսներով: Երբ ողջ ընտրարշավն ուղեկցվում է «ավազակապետություն» և «քիրվայություն» փոխադարձ որակումներով, դժվար է ռացիոնալ արդյունք ակնկալել:
Երկրորդ` կարևոր է ընտրությունների որակը. երբ տեղի են ունենում բռնություններ, լցոնումներ, քաղաքացու քվեի կեղծում, հասարակությանն այլ բան չի մնում, քան` իր իրավունքին տեր կանգնել հրապարակներում, փողոցներում: Իշխանությունն էլ այս պարագայում կանգնում է երկընտրանքի առաջ` տեղի տալ հասարակական ճնշմանը կամ կրակել:
Իշխանություն-ՀԱԿ այսօրվա երկխոսությունը չի կարող սրբագրել պատմությունը, չենք կարող հետ բերել 10 անմեղ զոհերին, վերացնել այլ հազարների ապրած տառապանքը:
Բայց երկխոսությունը կարող է կանխել նոր Մարտի 1-եր, եթե.
- ստեղծվի նոր քաղաքական մշակույթ, որի բնութագրիչը ոչ թե հակադրությունն ու առճակատումն են, այլ` մրցակցությունն ու կոմպրոմիսը,
- հիմք դնի համակարգային բարեփոխումների` ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսության իրական պաշտպանվածության մեխանիզմների ստեղծման,
- ընտրական ինստիտուտները հասցվեն այն որակին, որ քաղաքացու քվեն արժեվորված լինի, ընտրական գործընթացի ավարտին ունենանք փոքրամասնությանը հարգող մեծամասնություն և մեծամասնությանը շնորհավորող ընդդիմություն, և որ ամենակարևորն է` ընտրության արդյունքներն ընդունող հասարակություն:
Եթե ընթացիկ երկխոսությունն այս խնդիրները լուծի, ուրեմն` միանշանակ հաջողել ենք: Ու այս համատեքստում` բացարձակապես անկարևոր է, թե երբ կանցկացվեն ընտրությունները` ժամկետից շո՞ւտ, թե՞ իրենց ժամկետին:
Ռացիոնալ երկխոսությունը Մարտի 1-երից խուսափելու միջոց է:
Այսօր Երեւան է ժամանել ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցող Ակսել Ֆիշերը: Մյուս համազեկուցողը` բրիտանացի Ջոն Պրեսկոտը, բացակայում է տեխնիկական պատճառներով:
Ֆիշերն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել կոալիցիայի եւ ՀԱԿ ներկայացուցիչների հետ, նախատեսված են այլ հանդիպումներ եւս, այդ թվում` հանրապետության նախագահի հետ:
Այս հանդիպումների արդյունքում կազմվելու է զեկույց, որը ներկայացվելու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը լավատես է եւ կարծում է, որ այդ զեկույցը դրական շեշտադրումներ է ունենալու: «Բոլոր նախադրյալները կան` գրեթե վստահաբար պնդելու, որ բավականին պոզիտիվ, դրական շեշտադրումներով զեկույց է լինելու: Կարծում եմ, այս երկխոսությունը բավականին դրական տպավորություն կթողնի համազեկուցողների վրա եւ շատ կարեւոր ազդակ կլինի նաեւ Եվրոպայի խորհրդի համար»,- ասել է նա:
Թերեւ հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ իշխանությունը հատկապես հուլիսի 18-ին նշանակեց առաջին հանդիպումը ՀԱԿ պատվիրակության հետ: Անհրաժեշտ էր դրական ֆոն ստեղծել համազեկուցողների այցի նախօրեին:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է, թե համզեկուցողների հետ քննարկելու են արտահերթ ընտրություններին եւ Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանն առնչվող հարցեր:
Քիչ հավանական է, որ արտահերթ ընտրությունների պահանջը դրական ընկալման արժանանա համազեկուցողների կողմից, հատկապես` սկսված երկխոսության եւ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի ֆոնին:
Այլ է Մատի 1-ի գործի բացահայտաման եւ հատկապես` 10 սպանությունների մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու հանգամանքը: ԵԽԽՎ համազեկուցողները միշտ կարեւորել են այս թեման եւ այս հարցում նրանց մոտեցումներն ավելի մոտ են ՀԱԿ դիրքորոշմանը:
Անշուշտ, Մարտի 1-ի գործը կներառվի նրանց աշնանային զեկույցում` բացասկան շեշտադրումներով. Այս հարցում իշխանությունը, միտումնավոր կամ այլ պատճառներով, թերացել է:
Մնացած առումներով` համազեկուցողների զեկույցն, ըստ էության, դրական է լինելու` հանրահավաքների արտոնման, քաղկալանավորների ազատ արձակման եւ մեկնարկած երկխոսության ֆոնին:
ՀԱԿ-ը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ հստակեցնելով իշխանության հետ երկխոսության հեռանկարի իր մոտեցումը: Հայտարարությունը բաղկացած է հինգ կետից, ըստ այդմ՝ նպատակահարմար է դրանց անդրադառնալ ըստ հերթականության:
«Ի գիտություն ընդունելով Հայ Ազգային Կոնգրես-իշխանություն բանակցություններում իշխանության պատվիրակության համակարգող Դավիթ Հարությունյանի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ իր ղեկավարած պատվիրակությունը, լինելով քաղաքական կոալիցիայի որոշմամբ ստեղծված մարմին, ներկայացնում է Գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը և անձամբ Սերժ Սարգսյանին, Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ երկխոսությունը կարելի է շարունակել այս ձևաչափով և պատրաստ է նոր հանդիպման»,- ասված է այս հայտարարության մեջ։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ երկխոսության հարցում իշխանության և ՀԱԿ-ի միջև առկա ձևաչափային հակասությունները վերացված են, ըստ այդմ՝ որևէ խնդիր չկա հուլիսի 18-ին մեկնարկած գործընթացը շարունակելու համար:
«Ինչպես նշել էինք մեր նախորդ հայտարարության մեջ, հետագա հանդիպումները պետք է կայանան չեզոք վայրում»,- իր նախորդ հայտարությունն է հիշեցնում ՀԱԿ-ը:
Հանդիպման վայրն, ըստ իս, այնքան էլ էական չէ, սակայն Հանրային խորհուրդն իսկապես դրական ասոցիացիաներ չի առաջացնում, և հանդիպումները կարելի է կազմակերպել այլ վայրում:
«Հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ` կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի՝ իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար»,- նոր պահանջ է ձևակերպում ՀԱԿ-ը։
Հանդիպումների կամ բանակցությունների ուղիղ եթերով հեռարձակելու պահանջն անհեթեթություն է մի քանի պատճառով:
Նախ, պահանջի հեղինակներին զուր է թվում, թե այս իրադարձությունը հասարակության այդքան լայն շերտերի հետաքրքրում է: Երկրորդ, այս հանդիպումների ուղիղ հեռարձակմամբ՝ Հանրայինը կխախտի օրենսդրությունը՝ զբաղվելով կոալիցիայի անդամ կուսակցությունների և ՀԱԿ-ի քարոզչությամբ, ինչն օրենքի խախտում է, մանավանդ՝ մոտենում են Ազգային ժողովի ընտրությունները:
ՀԱԿ-ը կարող էր պահանջել, որպեսզի, օրինակ, հանդիպումների մասին ԶԼՄ-ներին տրամադրվի երկուստեք համաձայնեցված հաղորդագրություն՝ միակողմանի լուսաբանումը բացառելու համար:
Յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ ոչ թե Հանրայինով, այլ՝ մասնավոր հեռուստաընկերություններով կարող է ունենալ երեսուն րոպե կամ ավելի շատ եթերաժամ՝ կոմերցիոն հիմունքներով: Նույնը վերաբերում է ՀԱԿ հայտարարության չորրորդ կետին. պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ և մյուս հեռուստաալիքներով Հայ Ազգային Կոնգրեսի և մյուս քաղաքական ուժերի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։
«Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային և այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը»,- հայտարարության վերջում պահանջում է ՀԱԿ-ը։
Վերջին հանրահավաքների պարագայում, կարծես թե, այս խոչընդոտները վերացվել են, հետևաբար՝ այնքան էլ ադեկվատ չէ այս կետի ներառումը հայտարարության տեքստում:
Ներքաղաքական անցուդարձը, ՀԱԿ-իշխանություն երկխոսության շուրջ բորբոքվող կրքերը մի պահ մեր ուշադրությունից դուրս թողեցին ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը:
Այս հարցում նույնպես տեղի են ունենում հետաքրքիր իրադարձություններ, որոնք միտված են նրան, որ մինչև տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության գան կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցյալ շաբաթավերջին ԱՄՆ ղեկավար շրջանակների հետ քննարկում էր ԼՂ հարցն` իր վաշինգտոնյան հանդիպումների ընթացքում: ԼՂ հարցը չի շրջանցվել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի `Թուրքիայում ունեցած հանդիպումների ժամանակ:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն առաջարկեց մի կողմ թողնել Հիմնարար սկզբունքների շուրջ առկա հակասությունները և միանգամից ձեռնամուխ լինել խաղաղության պայմանագրի քննարկմանը: Այս մոտեցումը, սակայն, հավանության չարժանացավ ոչ միայն Երևանում, այլ նաև` միջնորդների կողմից:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հուլիսի 18-19-ը այցելեց Մոսկվա և իր նախագահի պատասխանը փոխանցեց Դմիտրի Մեդվեդևի ուղերձին: Երևանը խոստացավ Կրեմլի առաջարկներին պատասխանել մի քանի օրվա ընթացքում:
Երեկ ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան:
Երևանում կայացած ճեպազրույցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասկացրեցին, որ բոլոր ջանքերը գործադրելու են հաջողության հասնելու համար: «Ուստի, ներկայում շատ ակտիվ փուլ է, և ես կարծում եմ, որ մենք պետք է զգույշ լինենք հապշտապ եզրակացություններ չանելու կամ արագորեն գնահատականներ չտալու` այս դիվանագիտության արդյունքների վերաբերյալ: Առաջիկա շաբաթներին մենք կտեսնենք գործադրվող ջանքերի արդյունքները»,- ասել է ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հերթական այցն ամփոփել են հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Բաքվում և Երևանում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ հանդիպումներում համանախագահները վերահաստատել են Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու անհրաժեշտությունը` որպես վերջնական կարգավորման բանակցությունների շրջանակ: Նրանք շեշտել են, որ եկել է տևական խաղաղության, անվտանգության և տարածաշրջանի ժողովուրդների հաշտեցման հասնելուն անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորելու ժամանակը: Նախագահները հանձնառել են առաջիկայում ներկայացնել իրենց արձագանքները առաջարկված շրջանակային փաստաթղթի վերջին ձևակերպումներին և շարունակել աշխատանքը համանախագահների և համանախագահող երկրների կառավարությունների հետ` խաղաղ կարգավորման որոնման գործընթացում»:
Այս լակոնիկ հայտարարութան մեջ աչքի է զարնում «առաջարկված շրջանակային փաստաթղթի վերջին ձևակերպումներ» արտահայտությունը:
Արդյո՞ք համանախագահները ներկայացրել են կարգավորման նոր սկզբունքներ: Եթե` այո, արդյո՞ք այդ սկզբունքներում ներառված են Ադրբեջանի նոր 10 առաջարկները, որոնք հնչեցվել են Կազանում:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կստանանք առաջիկա շաբաթներին, մանավանդ որ` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը, կարծես թե, սարերի հետևում չէ:
ՀԱԿ- իշխանություն երկխոսության պաշտոնական մեկնարկը
Այսօր առաջին հանդիպումն է ունեցել կոալիցիայի կողմից ձեւավորված աշխատանքային խումբը եւ ՀԱԿ-ը ներկայացնող պատվիրակությունը: Հանդիպումը տեւեել է երկու ժամ, անցկացվել է դռնփակ:
Հանդիպումն արդեն տվել է իր առարկայական առաջին արդյունքը:
Կոալիցիայի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հանդիպման սկզբին տեղեկացրել է, որ իրենք ներկայացնում են թե խորհրդարանական մեծամասնությանը, թե գործադիր իշխանությանը եւ թե երկրի նախագահին: Այսպիսով, կարծես թե, սրբագրվել են ՀԱԿ երեկվա հայտարարությամբ արված վերապահումները` կապված իշխանության պատվիրակության անորոշ կարգավիճակի, ոչ համարժեք մանդատի մասին: Ի դեպ, Հարությունյանի պարզաբանումները միանգամայն բավարարել էն ընդդիմությանը եւ, դատելով երկուստեք հայատարարություններից, նման ձեւաչափով երկխոսությունը հեռանակար ունի:
Բովանդակային հարցեր, կարծես թե, չեն քննարկվել: ՀԱԿ պատվիրակությունն, իհարկե, առաջարկել է իր դեղատոմսը` արտահերթ ընտրությունների անցկացման պահանջ: «Մենք որևէ սահմանափակում չունենք որևէ հարց չքննարկելու հետ կապված»,- ասել է Դավիթ Հարությունյանը: ՀԱԿ ներկայացուցիչներն էլ ըմբռնումով են մոտեցել կոալիցիայի` իր օրակարգը հաջորդ հանդիպմանը ներկայացնելու առաջարկին: Ըստ ամենայնի, երկխոսության օրակարգում կարող է քննարկվել ցանկացած հարց, բայց որեւէ պահանջ չի կարող իմպերատիվ լինել:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողվի նախագահը լրագրողների հետ զրույցում որոշակիորեն բացահայտել է իշխանության մտադրությունները:
«Բանն այն է, որ մեզ համար այս երկխոսությունը նոր քաղաքական մշակույթի ձևավորման հիմքն է: Մենք համարում ենք, որ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում անհրաժեշտ է, որպեսզի լինի հարթակ, երբ իշխանությունը և ընդդիմությունը քննարկում են իրար հետ: Նման հարթակներ իհարկե կան, այդ թվում և խորհրդարանում, բայց այս հարթակը, երբ մենք քննարկում ենք ՀԱԿ-ի հետ՝ նման հարթակներից մեկն է: Հիմնական նպատակը հետևյալն է՝ անցնել բացարձակ հակամարտությունից դեպի ավելի համագործակցային աշխատանք, ինչն ամենևին չի նշանակում, որ քաղաքական տարաձայնությունները մեր միջև հարթվելու են: Բայց նման հարթակը հնարավորություն կտա, որպեսզի մենք լսենք միմյանց կարծիքը, խորհրդակցություններ անցկացնենք միասին և արտահայտենք յուրաքանչյուրի դիրքորոշումը և գնահատականը մյուսի դիրքորոշմանը»,- ասել է նա:
Առայժմ շուտ է հետեւություններ անել, մանավանդ որ` տակավին հստակեցված չէ մյուս հանդիպման ժամկետը: Այնուամենայնիվ, եթե երկխոսությունը կայանա, կողմերը կարող են մի շարք հարցերում ընդհանուր հայտարարի գալ: Իշխանությունը մերժում է արտահերթ ընտրության պահանջը, ՀԱԿ-ը չի ուզում մտնել օրենսդրական բարեփոխումների դաշտ: Սակայն երկու կողմերը կարող են պայմանավորվել խորհրդարանական եւ նախագահական առաջիկա ընտրությունների որակի, համակարգային բարեփոխումների անհրաժեշտության շուրջ: Ի վերջո, ավելի կարեւոր է ընտրությունների որակի եւ ոչ թե` դրանց հերթական կամ արտահերթ լինելու հարցը:
Վիդեո