22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05
Սեքսուալ բնույթի գործողություններ 14 տարին չլրացած անչափահասի նկատմամբ, մարդկանց վաճառք. այս սարսափելի հանցագործությունները մեղսագրվում են 18-րդ հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Սմբատ Ուռումյանին։ Բայց հանրությունը մի տեսակ պասիվ արձագանքեց այս գործին։ Չատեց և չանիծեց Սմբատ Ուռումյանին, ինչպես անիծում էր 11-րդ հատուկ դպրոցի հայտնի մանկապիղծին, հանցագործ տնօրենին և սադիստ- ուսուցիչներին։ Պատճառն այն է, որ Ուռումյանի գործում երեք տարվա քննությունից հետո կրկին հակասություններ և մութ կետեր կան։ Ահա երեք դրվագ, որոնք ներկայացնում են գործով անցնող վկաները՝ 11-րդ դպրոցի նախկին սաներ Մերաբ Բժանիան, Արշակ Ժամկոչյանը, որին, իբր, բռնաբարելու փորձ էր արել Ուռումյանը, և Լևոն Աթարբեկյանը։
Մերաբ Բժանիա. Երբ Սմբատ Ուռումյանի դեմ գործ հարուցվեց, և նա կալանավորվեց, ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասված էր. «18 հատուկ դպրոցի փոխտնօրեն, 55-ամյա Սմբատ Ուռումյանը դրդել է նույն դպրոցի սաներ, 14 և 17 տարեկան Լևոն Ա.-ին և Մեհրաբ Բ.-ին՝ զբաղվել մուրացկանությամբ և հավաքված գումարը տալ իրեն: Հակառակ դեպքում՝ սպառնացել է ծեծի ենթարկել նրանց»: «Սուտ ա,- մեկնաբանում է Մերաբը:- Ես սուտ եմ ասել: Ուռումյանը լավ մարդ ա, իմ հետ լավ էր: Ասել եմ իրան, որ Վրաստանից եմ, զեմլյակ ենք, վրացերեն եմ խոսել, էդ օրվանից հետս լավ էր: Եղել ա դեպք, որ ջղայնացել ա, ծեծել ա, բայց ես շատ էի փախնում: Ինքը գիշերներով գալիս էր, ինձ գտնում, դպրոց էր տանում: Համ էլ խի՞ պիտի իրան փող տայի, ես էի ծախսում»: Հերթական փախուստից հետո Մերաբը վերադարձել է դպրոց ու իմացել է, որ Ուռումյանին «գաղութ» են տարել: «Էդ լրիվ տնօրենն էր սարքել՝ Ծովինարը: Ես որ փախնելուց հետո եկա դպրոց, իմ ընկեր Լևոնն ասեց, որ քաղմասը ինձ ա ման գալիս, որ ցուցմունք տամ: Ասեց. «Ընկեր ջան, ախպերական կասես, որ հավաքում էինք փողը, տալիս էինք Ուռումյանին, ու իբր ինքը խփել ա մեզ»: Ասեց. «Դատվելու եմ, եթե տենց չասես: Ծովինարն ա ասել, որ դատվելու եմ: Ասեց՝ դու էլ կդատվես, եթե տենց չասես»: Մերաբը պատմում է, որ թիվ 18 հատուկ դպրոց հաճախ էին ոստիկաններ գալիս, որոնք ծեծում էին իրենց, թե իբր իր ընկեր Լևոնին Ծովինար Գևորգյանը վախեցրել է և ստիպել Սմբատ Ուռումյանի դեմ սուտ ցուցմունք տալ: Ինքն էլ, հերթական անգամ ծեծվելուց հետո, ասել է Էրեբունու ոստիկաններին այն, ինչ ուզում էր ընկերը: «Ասում էին՝ դու փող ես հավաքում, բերում Ուռումյանի՞ն, ասում էի՝ հա-հա, որովհետև Ծովինարն էր ասել, հենց քննիչի ներկայությամբ ինձ դուրս հանեց ու համոզում էր. «Ճիշտը ասա, ոնց որ Լևոնն ա ասել»: Ի վերջո, Մերաբը նկարել է իր ստորագրությունն այն թղթի վրա, որը գրել են ոստիկանները: Ինքը գրել չէր կարող, հայերեն տառերը չգիտի, թեև այն ժամանակ` 2008 թվականի նոյեմբերին, դեռ սովորում էր 7-րդ դասարանում:
Արշակ ժամկոչյան. Մի օր Արշակի մորը՝ Սրբուհի Ժ.-ին զանգում են Էրեբունու ոստիկանությունից և հայտնում, որ դպրոցի ուսուցիչ, նախկին փոխտնօրեն Սմբատ Ուռումյանը բռնաբարել է իր տղային: «Ո՞նց կլինես, – ասում է մայրը,- որ էդ մարդուց կյանքում վատ բան չես տեսել: Էս երեխեն իրան ճղում ա, ասում ա՝ տենց բան չկա»: Դպրոցի աշակերտ Լևոն Ա.-ն էր իբր տեսել և պատմել ոստիկաններին, թե Սմբատ Ուռումյանը բռնաբարել է Արշակին: «Ինձ տարան բժշկի՝ ստուգեցին-տեսան, որ տենց բան չի եղել,- մորն ընդհատում է Արշակը,- բայց Լևոնն ասում է, որ Ուռումյանն իրա շալվարը ու քո շալվարը իջացրել ա, ես տեսել եմ: Ասում եմ՝ տենց բան չի եղել»: Իսկ ես պատկերացնում եմ այդ նվաստացնող փորձաքննությունը, որ 13 տարեկան տղան երևի թե իր ողջ կյանքում է հիշելու, ու մտածում եմ՝ տեսնես քանի՞ աղջիկ-տղա է հատուկ դպրոցների տնօրենների թեթև ձեռքով նման փորձաքննությունների ենթարկվել: Արշակը թիվ 18 հատուկ դպրոց է եկել Գավառի մանկատնից: Նա ասում է, որ առաջին օրվանից չի սիրել այս դպրոցը, և շատ ուրախ է, որ մայրը վերջապես հանեց նրան այստեղից: Ամենաշատը չարացած է մեծ տղաների վրա, որոնք ճնշում էին փոքրերին: «Արսենն ու Արմենը ասեցին ինձ՝ սրանց հետ չշփվեք, գառլախվել են,- ու բացատրում է:- Երեխեքի վրա թքում էին ու շռում: Էն ա նշանակում, որ բերանին են…: Ամոթ ա ասեմ Ձեզ»,- բայց ասում է։ «Համ էլ, որ դահլիճում էինք քնում, ինձ դնում էին զուգարանի հավաքարար, որ զուգարանը մաքրեի. եթե չանեի, Ա.-ն ուժեղ ծեծում էր ինձ: Ինքը կարատե գիտի, ինձ կանգնացնում էր, վազում-խփում էր, սեղանի մոտից մինչև պատը թռնում էի: Իսկ դաստիարակ Դավիթը, որ չարություն էինք անում, տանում էր վերև ու քաչալացնում էր»: Ես փորձում եմ բացատրել, որ տնօրենը գուցեև չի իմացել, որ իրենց հետ այդպիսի բաներ են արել, բայց տղան չի համոզվում. «Տո՛, ինձ ընկեր Գևորգյանը 10 հազար դրամ փող տվեց, ասեց՝ ասա, որ Ուռումյանը քեզ բռնաբարել ա: Ինձ Կարենը տարել էր կատելնի, ծեծել էր, Ջոնին էլ էր տարել ծեծել, թուղթ էր կերցրել: Ասում էր՝ կգնաս, միլիցեքին կասես, որ քեզ Ուռումյանը ծեծել ա, մենք չենք ուզում, որ ինքը էս դպրոցում աշխատի: Ես էլ վախենում էի ընկեր Կարենից: Ինքը իրա բոքսի պերչատկով խփել ա ուսիս»: Ի դեպ, և՛ Մերաբը, և՛ Արշակը դատարանում հետ չկանգնեցին այս ցուցմունքներից։ Իսկ երիտասարդ և խոստումնալից դատախազ Արթուր Ղամբարյանը, այս քննությանը զուգահեռ և, հավանաբար, ճնշում գործադրելու նպատակով, քրեական գործեր հարուցեց Մերաբի և գործով անցնող մեկ այլ վկայի՝ Նվեր Վոնի դեմ։
Լևոն Աթարբեկյան. Մեր հետաքննության ընթացքում այս երեխան, որ հիմնական վկան էր, խոստովանեց, որ ստել է դատարանին, այլ կերպ ասած՝ սուտ ցուցմունք է տվել, որովհետև տնօրեն Գևորգյանն իրեն «շանտաժատիպի բանի» է ենթարկել. «Ասավ՝ Ուռումյանը շատ վատ բաներ է արել դպրոցում: Լավ կանես, որ իրա դեմ գործ բաց անես, ու որ իրան հեռացնեն գործից ու… ասավ ձևերը»: «Իսկ բռնաբարությունը եղե՞լ է», – հարցրի: «Չգիտեմ»: «Դու տեսե՞լ ես»: «Չէ, էդ Մերաբի միտքն էր»: «Բայց դու՛ ես գրել»: «Մերաբի միտքն էր, ես եմ գրել»: «Հիմա ընդունու՞մ ես, որ քեզ ու Մերաբին Ուռումյանը մուրացկանության չի ուղարկել»: «Չի ուղարկել»: «Ձեզանից փող վերցրե՞լ է, թե՞ չէ»: «Փող չի վերցրել»: Լևոն Ա.-ն խոստովանեց նաև, թե չգիտեր, որ իր գրածի պատճառով մարդ կնստի, որ վախ ունի դատարանից և չգիտի՝ կասի՞, թե՞ չէ ճշմարտությունը, եթե դատավորն իրեն մի անգամ էլ կանչի:
Այս փաստերից և ոչ մեկը չի ուսումնասիրել Վերաքննիչ դատարանը, որը երիտասարդ դատախազ Արթուր Ղամբարյանի պահանջով ավելացրեց Ուռումյանի ազատազրկման ժամկետը՝ 9-ից դարձնելով 10 տարի, մեղավոր ճանաչելով նրան սեռական բնույթի բռնի գործողությունների համար՝ մեղադրանք, որն ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված չհամարեց։ Այսպիսով, հրեշավոր ուսուցչի մասին պատմություն չստացվեց։ Ուռումյանի հարազատները վստահեցնում են, որ գնալու են մինչև եվրոպական ատյան։ Իսկ մեզ մնում է հիշեցնել, որ այս գործը Վերաքննիչ մտավ մոտավորապես այն օրերին, երբ ԱՄՆ-ն դժգոհություն հայտնեց Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ գործերի ընթացքից, իսկ WikiLeaks-ը բացահայտում կատարեց «ՀՀ կառավարության կողմից հովանավորվող սեքսուալ թրաֆիքինգի մասին» հաղորդմամբ, որտեղ փաստեր էին հրապարակվում Հայաստանի վերաբերյալ, և որին հետևեց ՀՀ գլխավոր դատախազության կրքոտ արձագանքը։
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի «Մաքրենք քաղաքն աղքատներից» օպերացիայի հետևանքով մանր առևտրականները մետամորֆոզ ապրեցին և հարմարվեցին նոր, էքստրեմալ պայմաններին։ Նրանց մի մասը փոխակերպվեց մուտքային առևտրականների։ Նժդեհի փողոցում, համանուն հրապարակին հարող «ստալինկաների» մուտքերում այժմ կարելի է տեսնել լոլիկի, թարմ կանաչու և մրգի խնամքով դարսած կույտեր, իսկ շենքի բնակիչները հնարավորություն ունեն այս ամենը գնելու անմիջապես սեփական դռան շեմից՝ առանց փողոց դուրս գալու կամ շուկա հասնելու։
Առևտրականների մյուս մասը՝ առավել անապահովները, անցան շրջիկ ռեժիմի։ Նրանք ավելի փոքր տոպրակներ և պայուսակներ են վերցրել, որ հեշտ տեղաշարժվեն և հենց ոստիկան տեսնեն՝փախչեն կամ ձևացնեն, թե տրանսպորտի են սպասում։ Արդեն իսկ ակնհայտ է, որ սա Կարեն Կարապետյանի ամենամեծ պարտությունն է, որովհետև հնամաշ շոր-կոշիկով այս մարդիկ իրենց նույնքան հնամաշ տոպրակներով կրկին ներկա են մեր մայթերին՝կանգնած, թե շարժվող։ Այս կանանցից ու տղամարդկանցից ոմանք կարողացել են լեզու գտնել «էժան գներ» առևտրի սրահների տերերի հետ, և դրանք, ինչպես, օրինակ, այս լուսանկարում պատկերվածը, նման չեն մայրաքաղաք Երևանի առևտրային կետերին, այլ վերածվել են «գյուղական» խանութի, որտեղ «կալգոտկին» ու սխտորը կողք կողքի են վաճառվումև ,ի դեպ, համարյա նույն գնով։ Բայց առևտրականներից առավել «շուստրիները» հաջողացրել են ոչ թե խանութների տերերի, այլ թաղային ոստիկանների, հեղինակությունների և այլ «ռեկետչիկների» տանիքի տակ մտնել։ Օրինակ՝ Էրեբունու ոստիկանության, որը հնագույն ժամանակներից կայարանի հրապարակում առևտուր անողներից «նալոգ» է հավաքում։
Առաջին օրերին, երբ Կարեն Կարապետյանն սկսեց իր անկոտրում պայքարը, բոլորին թվաց, թե Սասունցի Դավթի արձանի մերձակայքը գրեթե տեսքի եկավ, բաայց չանցավ երկու ամիս, և կայարանամերձ հրապարակը նույն գավառային «բազառի» տեսքըվերագտավ։ Առևտրականներն իրենց սեղանիկները միացրեցին և դրանցից մի երկար սեղան ստացան։ Թե ինչու են առանձին-առանձին դրված սեղանիկները փողոցային առևտուր համարվում, իսկ ընդհանուր ծածկով և իրար կպցրածները՝ ոչ, կռահել դժվար է։ Փաստ է, որ դրանք այժմ ավելի մեծ տարածք են զբաղեցնում՝ վայելելով և՛քաղաքապետարանի,և՛ Էրեբունու ոստիկանության բարեհաճությունը։
Սյուզան Սիմոնյան
Անցյալ շաբաթ Արտաշատի մարզադպրոցի հրապարակի նորոգման ժամանակ հատված ծառերից մեկի բնի վրա խաչ էր հայտնաբերվել, որի մասին գրվեց մամուլում, և հեռուստատեսային ռեպորտաժներ պատրաստվեցին: Արդեն մի քանի օր է աժիոտաժը խաչի շուրջ չի դադարում: Այստեղ են գալիս հրաշքի կարոտ մարդիկ: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, որին «գեներալ», նաև «Լոնդիկ» են անվանում, Մեծ հաղթանակի օրն իր շքախմբի` մարզպետարանի մանր ու միջին պաշտոնյաների հետ նույնպես այցելեց Արտաշատի մարզադպրոց, բայց ոչ թե խաչը տեսնելու, այլ Արարատ-Արտաշատ երիտասարդական ֆուտբոլային թիմերի հանդիպումը դիտելու: Օգտվելով առիթից՝ հարցրեցինք, թե ինչ կարծիքի է այդ «հրաշքի» մասին: Պատասխանեց, թե այդ նշանն իր համար առայժմ անհասկանալի է, և, հավանաբար, պետք է հարցնել հոգեւորականներին: «Իսկ ձեր կարծիքով՝ ինչու՞ էր պետք, որ հենց Արարատի մարզի բնակիչները տեսնեին այդ սուրբ նշանը»,- հարցրեցինք գեներալին: «Սա նախազգուշացում է մարդկանց, որովհետև ավելացել են հանցագործությունները»,- մեջ ընկավ լրատվության բաժնի պատասխանատուն: «Էս ի՞նչ ես ասում, Քրիստինե,- վրդովվեց մարզպետը,- էս լրագրողներն էլ կմտածեն, որ մեր մարզում են հանցագործություններ կատարվում: Դու աշխարհի, Բեն Լադենի հանցանքները թողած, Արարատից ե՞ս խոսում»:
Քանի որ օրվա թեման ոչ թե խաչն էր, այլ ֆուտբոլային հանդիպումը, Բարսեղյանին հարցրեցինք, թե ո՞ր թիմի երեխաներին է երկրպագում` Արարատի՞, թե Արտաշատի: «Ինձ համար մեկ է՝ ով ում գոլ կխփի: Ես կապանցի եմ»,- պատասխանեց մարզպետը:
Ի դեպ, արտաշատցիները նկատել էին, որ գեներալն այս անգամ կրում էր իր բոլոր մեդալներն ու շքանշանները, և ասում էին՝ հեռվից հայրենական մեծ պատերազմի սովորական վետերանի է նման:
Քրեական գործ է հարուցված «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ: Սա պաշտոնապես հաստատված միակ տեղեկությունն է մայիսի 4-ին տեղի ունեցած այս միջադեպի մասին:
«Սպայկա» ընկերության անունը վաղուց ի վեր կապվում է Քոչարյանների որդու` Սեդրակ Քոչարյանի անվան հետ: Թե ինչ հանցանքի մեջ են կասկածում Ղազարյանին, Պետեկամուտների կոմիտեն չի հայտնում: Լուրեր են տարածվում, որ խոսքը փաստաթղթերի կեղծման մասին է: Ձեռնարկությանը մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ պատճառը խոշոր մաքսային խախտումներն են, որոնք հնարավոր չի եղել պարտակել: Ըստ դրանց, երեկ Դավիթ Ղազարյանը ձերբակալված է եղել կարճ ժամանակով, իսկ այսօր արդեն գլխավոր տնօրենին բաց են թողել:
Ձեռնարկությունում, որը հիմնվել է 2001 թվականին և ի սկզբանե պատկանել է այդ նույն Դավիթ Ղազարյանին, չեն կասկածում, որ տնօրենը ջրից չոր է դուրս գալու, և ոչ անհիմն: Բանն այն է, որ այս նույն Դավիթ Ղազարյանը, որը «Սպայկայի» նախկին տերն էր, 2007թվականին բռնվել էր ապօրինի ճանապարհով Հայաստան 2 – 3 տոննա մոլիբդենի փոշի ներկրելու գործում: Այն ժամանակ Ղազարյանը կարողացավ խուսափել պատժից: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Դավիթ Ղազարյանին այս կերպ փորձում էին դուրս մղել մոլիբդենի շուկայից այդտեղ վերահսկողություն իրականացնող Քոչարյանները: Վերջիններիս փայատեր դարձնելու արդյունքում Ղազարյանին հաջողվեց ոչ միայն պահպանել, այլեւ ծաղկացնել իր բիզնեսը, իսկ ճաղավանդակների հետևում հայտնվեց նրա աշխատողը`մոլիբդենի փոշի տեղափոխող բեռնատարի վարորդը:
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
20 C
-
EUR 511.93 USD 12.87 USD 401.07
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ










