22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05
Ստորև բերվող հոդվածը գրել եմ մոտ երկու տարի առաջ, երբ Հունանյանների հայրը ապաստանել էր անօթևանների կացարանում.Այսօր նա գտնվում է թիվ 1 տուն ինտերնատում, որտեղ մեր երկիրը մի կտոր հաց ու տանիք է տվել ոճրագործի հորը.
| ԱՊՐՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ |
Հոկտեմբերի 27-ի հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հայրը գտնվում է թիվ 1 տուն-ինտերնատի մասնաշենքերից մեկում տեղակայված անօթեւանների կացարանում: Իր կյանքի վերջում 72-ամյա մարդը հայտնվել է այս կացարանում: Երեք զավակ ունեցող հայրը, իր ասելով, անհաջող կին ընտրելով, երբեք էլ ընտանեկան ջերմություն չի վայելել:
Անխնամ, հնամաշ հագուստով, պետության հոգածությանը հանձնված տարեց մարդը պատմում էր իր կյանքի պատմությունը՝ ամեն ինչում մեղադրելով կնոջը: Հրաչ Հունանյանը ծնունդով Նոր Բայազետից է, ամուսնացել է 26 տարեկանում. “Ի՞նչ սեր, Մարտունիի ամենագեշ գյուղից էր, 8-ամյա կրթություն ուներ, քույրս կանչեց, ասաց՝ պիտի ամուսնանաս, ես էլ մերոնց խաթրը չկոտրեցի”: Ի սկզբանե իր ընտրությանը լուրջ չվերաբերված ինտելիգենտ ու թուլակամ բանասեր Հրաչի ընտանիքում ջերմություն չի եղել: Սկզբում ընտանիքն ապրել է Նոր-Արեշ թաղամասում, հետո բարելավում են ստացել ու 2 սենյականոց բնակարանը փոխել “Բանգլադեշի” 4 սենյականոցի հետ:
Որդիների հանցագործությունից հետո ծնողների բարդ հարաբերություններն ավելի են բարդացել: Ի վերջո կինը Հրաչին տնից դուրս է վռնդել. “Էդ բացիլին ես չեմ ընդունի, նա տեղով վիրուս է”: Վերջերս Հայաստան է վերադարձել երկար տարիներ Ռուսաստանում ապրող երրորդ որդին՝ Արմենը, որը հավանաբար կապրի հոր բնակարանում, քանի որ մորը՝ 66-ամյա Նաթելային օրերս տեղափոխել են Ավանի հոգեբուժարան: Հրաչ Հունանյանը տնից վռնդվելուց հետո դիմել է դատարան՝ բնակարանից իր բաժինը ստանալու հույսով, սակայն դատարանը մերժել է՝ պահանջելով բնակարանի համասեփականատերեր Նաիրի եւ Կարեն Հունանյանների համաձայնությունը՝ բնակարանը երեքի միջեւ բաժանելու համար, որը չի ներկայացվել, իսկ կնոջը դատարանը բնակմակերես հատկացրել է, քանի որ տունը ձեռք է բերվել համատեղ կյանքի ընթացքում:
“Սկզբում Հրաչը մեզ մոտ ժամանակավոր էր եկել, մինչեւ կլուծեր իր տան հարցը, հիմա չի ուզում գնալ կացարանից: 2 ամսից ավելի է՝ այստեղ է: Փաստաթղթային հարցերն ենք լուծում, հնարավոր է, որ տեղափոխենք տուն-ինտերնատ՝ բնակության”,- ասում է անօթեւանների կենտրոնի տնօրեն Սամվել Թադեւոսյանը:
Հրաչ Հունանյանը պատմում է, որ երկար տարիներ աշխատել է մշակույթի նախարարությունում՝ սկզբում որպես տեսուչ, հետո՝ ավագ տեսուչ, ապա զբաղեցրել է այլ պաշտոններ, կազմել մի շարք ժողովածուներ: Փորձում էի արտաքուստ կիրթ, հանդարտ, ինքնամփոփ մարդուց կորզել, թե ինչ է մտածում ոճրագործ զավակների մասին: “Նաիրին խելոք էր, ինչ ասեմ, սովորում էր, ընդունակ էր, ես գրադարան էի ստեղծել, որ նստեր-սովորեր, ստեղծագործեր, ինձանից լավ ապրեր: Նա գրքերի մեջ մեծացավ, ինչը ես չեմ ունեցել: Պատանեկան տարիքում էլ մեջը չարություն կար. խարդախ, խաբեբա, չարագործ, անկարգապահ, վատ մարդկանց հանդեպ չարանում էր: Բայց նրա արարքը աներեւակայելի էր ինձ համար: Տղաները բոլորն էլ կիսատ են թողել ուսումը: Դրանց մայրն անընդհատ ճչում-գոռում էր, չէր թողնում, որ սովորեն: Նա հոգեկան հիվանդ չի եղել, բայց միշտ էլ տարօրինակություն ունեցել է”,-ասում էր հայրը: Տղաների մոտ հայրը շեղումներ չի նկատել: Տղաները նրա հետ մտերիմ չեն էլ եղել:
Ոճրագործի հայրը պատմում էր, որ Նաիրին լսող չէր, չար էր, եւ նրա ազդեցությունը տարածվում էր եղբայրների վրա: “Մոր հետ էլ առանձնապես մոտ չէին: Այդ կնոջ հետ հնարավոր չէր մոտ լինել, բայց դե, մայր էր”,- ասում էր Հրաչը: Նաիրին ավագն էր՝ 1965 թվին ծնված, Արմենը՝ 1969-ին, Կարենը՝ 1974-ին: Նաիրին ամուսնանալու մտադրություն չի ունեցել, թեեւ 1999-ին արդեն 34 տարեկան էր: Հայրը պատճառը չգիտեր. “Ի՞նչ իմանամ, գուցե հանձնարարություն էր ստացել, բայց ասում էր, որ չի ամուսնանալու: Կարենն էլ չհասցրեց, նա այդ ժամանակ 25 տարեկան էր: Նաիրին ընկերուհիներ ունեցել է, բայց սիրած աղջիկ` չեմ հիշում, ես էլ եմ ուզում իմանալ՝ նա սիրե՞լ է որեւէ մեկին: Որ Նաիրիին տեսնեք՝ հարցրեք…: Մեր տանը սեր չկար, հարգանք չկար, իրար լսել չկար: Նա այնպիսի մայր ուներ, որ… գիշատիչ կին, որ ասում են՝ նրա մասին է: Բայց դե, որ կին է, արդեն գիշատիչ է”:
Նա հիշում է, որ Նաիրին մտերիմ ընկեր չի ունեցել, այժմ էլ նրանց տուն ոչ ոք չի գալիս: Հունանյանների ընտանիքին ոչ ոք օգնություն չի առաջարկել. “Դե որ անեին, իրենց դեմքը ցույց կտային. չարագործի ընտանիքի հարազատ, էդպես չի՞”: Նրա երազանքի մասին հայրը չգիտեր, բայց ձգտում տղայի մեջ նկատել է, ասում է, թե Նաիրին անհանգիստ չէր, բայց արագաշարժ էր, ուզում էր ղեկավար դառնալ, ու եթե աշխատանք տային, պաշտոն տային, նա չէր գնա այդ քայլին: “Ինչ որ արեցին, նրանց խելքի բանը չէր, հանձնարարություն էր, պատվեր էր: Եթե ես իմանայի, կարգելեի, կխանգարեի, չէի թողնի: Վերջում Նաիրին չէր խոսում, բայց զգացվում էր, որ տարերքի մեջ է, նյարդային էր դարձել: Դե, ստեղծագործող էր: Չարիքն էլ է ստեղծագործություն պահանջում”: Հրաչն ասում է, թե Նաիրին դեպքից հետո էլ չէր խոսում իր արածի մասին: Կարող է մտքում ափսոսում էր, բայց բարձրաձայն չէր ասում: Հասկանում էր՝ բաներ կան, որ չեն ասվում, չի ասել՝ ինձ պադստավկա արեցին: Նրան արդարացնելու որեւէ բան չուներ հայրը. “Նաիրիին բարձր պաշտոն էին խոստացել, կարծեմ՝ վարչապետի, դա էլ կողքից եմ լսել, ինքը ոչինչ ինձ չի ասել”: Հրաչ Հունանյանը համաձայն չէ որդու հետ, թե նա ազգի փրկության ծրագիր էր իրագործում. “Ամեն ինչից զրկեց, ի՞նչը փրկեց, ինչ լավագույնն էր մեզ համար՝ զրկեց: Մարդկանց կյանքը խլեց: Երբ իմացա, վատ զգացի, բայց հանգիստ տարա, ի՞նչ անեի, ի՞նչը կփոխվեր”: Հրաչը չի ընդունում, որ տղաներն իր գենն են կրում, ու ինքը ինչ-որ չափով պատասխանատու է նրանց համար: “Նա ուրիշ միջավայրում է մեծացել, ես՝ ուրիշ: Ես ուրիշ մորից եմ ծնվել, նա՝ ուրիշ: Իմ մի կաթիլը տեսնում եք, նրա օվկիանոսը չե՞ք տեսնում”:
Ավելին՝ Հրաչը Կարեն Դեմիրճյանի երկրպագուներից է եղել, որդու ծնվելու տարին Կարեն Սերոբիչը նշանակվել է կենտկոմի առաջին քարտուղար, ինքն էլ տղային, ի պատիվ նրա, անվանել է Կարեն: Նա ասում էր, որ ինքը դժբախտ է, բայց տղաներին սիրում է հավասարաչափ ու ցույց տալիս մատները՝ “ո՞րը կտրեմ”: Արմենը Հայաստան գալիս-գնում է, նա շատ վաղուց է դրսերում, հիմա էլ ընտանիքով (մեկ տղա ու մեկ աղջիկ ունի) է եկել, կարծես արդեն մշտական:
Նաիրիին հայրը մոտ մեկ տարի է՝ չի տեսել. “Գնում ենք՝ չի գալիս, գուցե էլ չկա՞: Վերջին անգամ, երբ տեսա, ասում էր. “Էս շորերի մեջ էս մարմինը լավ չի զգում”: Դե, ստեղծագործող էր, վերջերս մի բանաստեղծություն տպագրեցի. շատ ունի, բայց վերցրել են՝ չեն տալիս: 3-4 ամիսը մեկ է տեսակցությունը, արդեն 4-րդ անգամն է՝ գնում եմ, չի գալիս: Կարենը գալիս է, բայց ինքը՝ չէ: Նրանց առանձին են պահում: Կարենն էլ ոչինչ չգիտի կամ չի ասում: Արմենն էլ, որ եկել է, գնացել է՝ Կարենին տեսել: Ասում էր՝ Նաիրին չի եկել տեսակցության”: Զգացմունքներ վաղուց չկան: Տղաները կարծես չեն էլ կարոտում հորը, նա էլ ծնող է, իր պարտքն է՝ գնում է տեսնելու, թե տղաները կան, չկան, ի՞նչ է պետք նրանց: “Դանդաղ մահ է: Նա էլ չէր ուզենա այդ վիճակում հայտնվել: Վերջին անգամ տեսա՝ սափրված չէր, ահագին աճել էին մազերը”: Ավագ որդու մասին հայրը դժվարությամբ էր խոսում, բայց խոսելիս հիմնականում նրան էր անդրադառնում. “Մայրը ավագ որդուն անընդհատ լարում էր իմ դեմ: Նաիրին ինքը ոգեւորվող էր, շատ էր կարդում”: Իսկ տղայի նախասիրությունները հայրը չի հիշում, նույնիսկ չմտաբերեց, թե նա ինչ ճաշատեսակ է սիրել: “Ճաշ եղե՞լ է, որ սիրեր, մայրը կռվով է կերակրել մեզ”:
Կնոջ աչքը դուրսն է եղել: Հրաչն ասում է, որ կոնկրետ չի բռնացրել, բայց իմացել է: Իսկ որ նա տան կին չի եղել, բոլորին է հայտնի: “Նրա վրա ո՞վ կարող էր. տղաներն էլ իրավունք չունեին բան ասելու՝ մայրն է նրանց պահել, թե ոնց՝ կարեւոր չէ: Մորից են ծնվում, մոր կաթն են ուտում”,- իր մեղքը ոչ մի կերպ չէր ընդունում հանցագործի հայրը, իսկ զրույցի վերջում նույնիսկ իր հայրությունը չէր ընդունում. “Հայրն ի՞նչ կապ ունի, ի՞նչ իմանաս ով է իրականում հայրը”:
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը լրագրողներին հավաստիացրել է, որ իրենց ծառայությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստան ներմուծվի միայն անվտանգ սննդամթերք:Սա մի քիչ տարօրինակ է, քանի որ մի ամբողջ ծառայություն կոչված է հենց այդ գործին, և պետք չէ իբրև գործադրվող ջանք հանրությանը ներկայացնել մի բան, որի համար նշված հիմնարկը բյուջեից աշխատավարձ է ստանում:
Այսօր բավական հրատապ թեմա է մթերքների մեջ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների առկայությունը: Մկրտչյանն ասաց, որ Հայաստանում չկա որևէ իրավական ակտ, որով չի թույլատրվում նման բաղադրիչները ներմուծել ու արտահանել: «Պաշտոնական տվյալներով` ոչ մի գենետիկորեն աճեցված ապրանք ՀՀ-ում չկա: Սննդամթերքի անվտանգության մասին մեր օրենքով` եթե կա գենետիկորեն աճեցված ապրանք, ապա պետք է մակնշվի, իսկ մեկ այլ օրենքով` մանկական սննդի մեջ գենետիկական բաղադրիչ ընդհանրապես չպետք է լինի»,- ասաց նա:
Ամեն ինչ շատ լավ է` պետք է մակնշվի, պետք է չլինի, բայց չէ՞ որ կա՛ և մակնշված չէ: Ստացվում է, որ եթե մակնշված չէ, իրենք էլ չունեն ստուգելու իրավասություն, եթե ահազանգ չկա, հանգիստ կարելի է ներմուծել, թունավորել երկիրը և ջայլամի պես գլուխը ոտքերի արանքում պահելով` հայտարարել, թե նման ապրանք գրանցված չկա, ուրեմն վերջ` չկա: Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ չեն գրանցում որովհետև ԳՄՕ-ն մի քանի անգամ էժան է նորմալ սննդամթերքից, և գրանցելը ձեռնտու չէ: Իսկ այն կառույցները, որ աչք են փակում դրա վրա` կիսելով ստացված հսկայական գերշահույթները, մեղմ ասած` հանցագործություն են կատարում ազգաբնակչության հանդեպ, և նրանց ձեռքը այսօր բռնող չկա: Իսկ դրան կոչված կառույցը ըստ էության ոչ լիազորություն, ոչ էլ այդքան «դուխ» ունի դրա դեմն առնելու:
Հուլիսի 15-ին կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի կինը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Դոնարա Մկրտչյանը:
Դոնարա Մկրտչյանը մահացավ Սևանի հոգեբուժական հիվանդանոցում, 70 տարեկան հասակում, լքված մերձավորներից ու անտեսված Մայր թատրոնի ղեկավարության ու թատերական գործիչների կողմից:
Երկար տարիներ Դոնարան գտնվում էր հոգեբուժարանում. մեկ-երկու գործընկերներից բացի, որոնց թվում էր Ժենյա Ներսիսյանը, ոչ ոք չէր այցելում նրան: Դժբախտ կինը, ամուսնուց հետո կորցրեց նաև զավակներին` որդուն և դստերը, մնացել էր թոռնուհին, որն արտասահմանից վերջերս էր եկել տատիկին այցելության ու չգիտեր անելիքը: Դոնարան անօգնական էր, անխնամ: Դեղերից ու սարսափելի կյանքից քայքայված կինը հազիվ էր հիշեցնում երբեմնի հետաքրքիր կյանքով լի դերասանուհուն, որի անուրանալի ձիրքը հոգեկան խանգարման պատճառով փակվեց հոգեբուժարանի պատերի ներքո:
Նա լքված էր բառիս բուն իմաստով, չգիտեմ սկզբնական շրջանում ինչպես, բայց վերջին 7-8 տարվա ընթացքում մի քանի անգամ տեսել եմ նրան: Դոնարան այցելուներ չուներ, լքված էր թատերական համքարության կողմից, որոնք ոչ միայն չէին այցելում, այլև գոնե առիթից առիթ ծանրոց չէին ուղարկում իրենց հիվանդ գործընկերոջը: Լքված էր Մկրտչյան ընտանիքի կողմից, որոնց ազգանունն էր կրում, ու որոնք իրենց եղբոր հիշատակը գոնե հարգելով` կարող էին մեկ- մեկ հիշել նրա դժբախտ այրուն, որը սիգարետ էր խնդրում պատահական մարդկանցից… Ի վերջո, Մհեր Մկրտչյանի անունը քիչ բան չի տվել նրա ազգականներին:
Դոնարա Մկրտչյանը չհասցրեց շատ դերեր խաղալ, բայց նրա մի քանի դերն արդեն իսկ շատ բան են ասում շնորհալի դերասանու մասին: Գյումրեցու համ ու հոտ, արվեստի անուրանալի զգացողություն կար նրա «Աշխարհն այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ»,«Պաղտասար աղբար» ներկայացումներում և ֆիլմերում խաղացած` «Շրթներկ N4», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին» և այլ կերպարներում:
Հ.Գ. Դոնարա Մկրտչյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է խումբ: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը տեղեկացրել է, որ այսօր` հուլիսի 18-ին, ժամը 14-ին ի հիշատակ դերասանուհու Սևանի եկեղեցիներից մեկում կմատուցվի պատարագ, ինչից հետո տեղի կունենա նրա հուղարկավորության արարողությունը:
Գյուղատնտեսության նախարարությունը լայն փակած աչքերով է կատարում իր առջև դրված հերթական պարտականությունները:
Գեղարքունիքի մարզում վերջերս 70 դրամով 460 տոննա գարի է բաժանվել բնակչությանը: Նպատակը գարու ցանքսի կազմակերպումն է: Սակայն սոցիալական պայմանները մարդկանց ստիպել է ոչ ցանել, ոչ էլ` վարել: Նրանք գտել են ավելի հեշտ տարբերակ. միանգամից վաճառում են գարին 200 դրամով: Այս շահավետ բիզնեսին արդեն տերեր են հայտնվել, նրանք գյուղացիներից միանգամից հավաքում են գարին ու «բիրիքով» հանձնում: Հետաքրքիր է, որ սրա մասին չէր կարող չիմանալ գյուղնախարարության վերահսկող կառույցը, սակայն տեսչության աշխատակիցներին հետաքրքրում է միայն փաստաթղթային մասը, նրանք գերադասում են աչք փակել. գալիս ստուգում են, որ մարդիկ ստացել են գարին, ստորագրել են, ու հասկանալի է` որոշակի վերաբերմունքի դիմաց աչք են փակում: Պատմում են գյուղացիները. «70 ստանում ենք, 70 հանձնում, իսկ վերավաճառողը գարին հանձնում է 200 դրամով»:
Ինչ է ստացվում: Պետությունը «գալոչկան» դնում է, որ գործ է արել, մարդիկ գերադասում են թեկուզ քիչ, բայց` «նաղդ» փողը, քանի որ ապրելու խնդիր ունեն, չհաշված ցանքսի հետ կապված չարչարանքն ու մնացյալը, գյուղնախարարության տեսուչներն էլ գրում են այն, ինչ պիտի գրեին: Ու ոչ մեկի մտքով չի անցնում գնալ տեղում ստուգել, թե ինչ եղավ գարին` ցանեցի՞ն, ծախեցի՞ն:
Այսօրվա ասուլիսում Գալուստ Սահակյանը ՀԱԿ-ին հրավիրել է Սևանի հանրային լողափ` բանակցելու. «Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք երկխոսել թեկուզ այս ակումբում, եթե իրենց լավ պահեն՝ «Օջախ» ռեստորանում կամ՝ Սևանում հանրային լողափեր են բացվել, բայց մենք երկխոսելու ենք, ոչ թե բանակցելու»:
Հետաքրքիր է, ՀՀԿ պատգամավորն ինքը եղե՞լ է հանրային լողափում, որ էդպես անվարան այնտեղ հանդիպում է նշանակում.
Ուրեմն` նախ ասենք, որ հանրային երկու լողափերի`Քաղաքայինի և Ֆլամինգոյի համար բյուջեից հատկացվել է 68 միլիոն դրամ, 42 միլիոնն էլ հայթայթել են ու ցույց տվել, թե` 110 միլիոն են ծախսել: Սակայն միայն կույրը կարող է չտեսնել, որ մի քանի «տափչանից» և մի- մի հանրային զուգարանից բացի` հանրային կոչվող լողափում բան չի փոխվել: Հա՛, մեկ էլ ԱԻՆ-ն է մի-մի փրկարարական կետ ու մի քանի աշխատակիցներ հատկացրել: Նրանցից մեկը, որ իր ոսկյա շղթայով թևնոցով ու մատանիով բոլորովին փրկարարի տպավորություն չէր թողնում, մեզ ասաց` հերթափոխով են աշխատում ու վարձատրվում են ԱԻՆ-ի կողմից, ի տարբերություն մասնավոր լողափերի, որտեղ վարձակալներն են վճարում իրենց:
Լողափերում Գրանդ քենդիի ու Վիվասելի «զոնտիկներով» մի երկու նոր` վճարովի սրճարան է ավելացել, որոնցից ոչ հանրայինում էլ կային ու դրանցից էլ լավը, մեկ էլ` ափին մի քիչ ավազ են լցրել: Իսկ քաղաքացիները ոնց որ միշտ պառկում էին ավազափոշու մեջ, այնպես էլ` պառկած էին նաև այսօր: Դա էլ առանձնակի ծախս չի, եթե հաշվի առնենք, թե ինչպես են Սևանի փոքր ու մեծ չինովնիկները ծախում ավազը ու գերշահույթներ ստանում. չէր խանգարի, որ բյուջեից հատկացումներ անելու փոխարեն` նրանց հանձնարարվեր մի քանի մեքենա ավազ էլ «հանրայինի» համար բերել, չէ՞ որ այդ ավազը հանրության սեփականությունն է: Միակ փոփոխությունն այն է, որ հիմա նրանց գիտակցությանը հասել է` իրենք լողափ ունեն: Բայց կարծեմ մինչ այդ էլ ունեին. Սևանի ցանկացած ափում ՀՀ քաղաքացիները կարող են լողալ անվճար, ուղղակի շատերը չգիտեն դրա մասին:
Այնպես որ, Գրիգորիչը լավ կանի` հանրային լողափի մասով լռի. չի՞ մտածում, որ ՀԱԿ-ի բերանը լեզու է դնում:
Երեկ քաղաքապետարանը տարածել էր մի հաղորդագրություն, ըստ որի` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նույն օրը աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում, և շրջայցը սկսվել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնից:
«Երևանի քաղաքապետարանի ծրագրով պանթեոնն ամբողջությամբ բարեկարգվում է: Թարմացվում են քայքայված սալահատակները, վերակառուցվում են ճեմուղիները, բարեկարգվում են նաև խարխլված որոշ արձաններ և պատվանդաններ:
Ծանոթանալով ծրագրի ընթացքին, Կարեն Կարապետյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել նաև պանթեոնի կանաչ գոտիների խնամքին և ոռոգմանը»:
Սա հետաքրքիր ծանուցում է. ընդամենը մի քանի ամիս առաջ այս զբոսայգուն առնչվող նույն հանձնարարականը տվել էր նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որի հատուկ հոգածության կենտրոնում էին հայտնվել թե՛ պանթեոնը, թե՛ դելֆինարիումը: Հանձնարարականն ուղղակի ցուցում չէ, որոշակի գումար է, որ վճարում ենք մենք` հարկատուներս: Եթե Գագիկ Բեգլարյանի օրոք ծախսված գումարը չի ծառայել նպատակին, ուրեմն թող բացատրեն – ներկայացնեն հանրությանը` ի՞նչ անուն են դնում նույն գործը երկու անգամ անելիս: Եթե ասելիք չկա, ապա դա Կարապետյանի հերթական փիառն է, որը մեկ-մեկ պարզապես անցնում է թույլատրելիության սահմանը:
Նույն պատկերն է բակերի բարեկարգման դեպքում: «Մայիսի 9/51, Չեխովի 10/1 և Չեխովի 8/1 շենքերի միացյալ բակը վերջերս է բարեկարգվել: Նախկին «բոստանային» տարածքների փոխարեն այսօր արդեն հարմարավետ նստարաններ են, զրուցարաններ, երեխաների համար ժամանակակից մանկական խաղեր ու մարզասարքեր:
Հաջորդ բակում, ուր այցելեց Կարեն Կարապետյանը, արդեն մեկնարկել էին բարեկարգման աշխատանքները: Շուտով Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագրով այստեղ ևս փոքրիկների համար կտեղադրվեն ժամանակակից մանկական խաղեր ու տարբեր մարզաձևերի համար նախատեսված մարզագույք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ասյ գործում ևս նախկին քաղաքապետն առաջընթաց էր գրանցել. ճիշտ է, պաշտոնական ներկայացված հաշվարկներով` մեկ բակի բարեկարգումը քաղաքային բյուջեի վրա նստել է մոտ 60 հազար դոլար (Բեգլարյանի օրոք վաթսունից ավելի բակ էր բարեկարգվել): Եվ այս առումով սա շատ շահավետ բիզնես է, հիմնական բարեկարգումը արվում է բնակիչների կողմից, և ասֆալտապատումն ու մեկ-երկու ատրակցիոնը, որոնք մի 1000- 2000 դոլար կարժենան լավագույն դեպքում, ամբողջացնում են պատկերը, դրանց մի մասը նվերներ են լինում տարբեր ՀԿ –ներից կամ գործարարներից, ու արդյունքում ստացվում է, որ դուրս գրված գումարի մեծ մասը մնում է ստվերում:
Մեկ ուրիշ հարց, որին բազմիցս անդրադարձել ենք. Կարապետյանը, ըստ իր լրատվական ծառայության, ծանոթանալով ստորգետնյա անցումների պայմաններին, վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է գետնանցումներում առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին պարտադրել, որ կատարեն շրջակա տարածքը մաքուր և բարեկարգ պահելու իրենց իսկ պայմանագրային պարտավորությունները:
Հետաքրքիր է, քաղաքապետը համարձակվե՞լ է մտնել «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկի անցումը:
Հ.Գ. Քաղաքապետարանի լրատվականի ղեկավար Արթուր Գևորգյանը պարզաբանեց, թե Կարապետյանը ծանոթանալով Կոմիտասի անվան պանթեոնում տարվող աշխատանքների ծրագրին, հստակ նշել է որ ուշադրության կենտրոնում պետք է լինեն հատկապես կանաչապատ տարածքները և ոռոգման խնդիրը: Այսինքն եղել է խնամքի հետ կապված հանձնարարական: Որևէ նոր սկզբի մասին խոսք չկա: Շարունակվում է այն` ինչ արդեն սկսվել է:
Սակայն այդպես չէ, երևի թե մեկ անգամ էլ կարելի է նայել տեքստը: խնդիրն այն է, որ պատասխանատուները հարկ է, որ ավելի ուշադիր լինեն` իրականացվող պիառի շրջանակներում, քաղաքապետարանի հաղորդագրություններում հաճախ ուշադրություն չեն էլ դարձնում, որ տգեղ է, երբ Բեգլարյանի արածը միշտ էլ կարծես միտումնավոր շրջանցվում է:
Այսօր Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները անդրադարձան անչափահաս տղաների՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում գիշերային ժամերին մարմնավաճառությամբ զբաղվելու խնդրին՝ նշելով, որ հանրությունը լրջորեն մտահոգված է: Նելլի Դուրյանը ասել է. «Հրապարակումից հետո այդ մասում լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում: Ինչպես՝ մեր ստորաբաժանումը, այնպես էլ՝ ոստիկանության 6-րդ վարչության համապատասխան վարչությունը: Վերջնական արդյունքների մասին ձեզ անպայման տեղյակ կպահենք: Ներկա պահին ուսումնասիրություններն ընթացքի մեջ են»: Նախ՝ ինչպես է պատահում, որ ոստիկանությունը բացառապես իրեն ամրագրված գործառույթների մասին տեղեկանում է լրատվամիջոցներից: Երկրորդ՝ անչափահաս տղա մարմնավաճառների մասին մի քանի տարի առաջ հրապարակում է եղել, որտեղ տողերիս հեղինակը մանրամասնել է նույնիսկ, թե ովքեր էին վերահսկում տղաների խումբը, նշել նրանց կեղծանունները, թե որտեղից էին գալիս այդ տղաները, նրանցից ով՝ ինչ ընտանեկան, սոցիալական պայմաններ ուներ: Թե ինչպես էին նրանք հավաքվում կինո «Ռոսիայի» հետնամասում, որտեղից ավտոբուսներ են մեկնում մարզեր: 14-15-ամյա տղաներից մեկը նույնիսկ հիվանդ պապ ուներ, որը տեղյակ էր, թե իրեն ինչ գնով է դեղ ու հաց հասցնում իր թոռը: Այն ժամանակ էլ ոստիկանությունը խոստացավ զբաղվել այդ հարցով…
Այսօր ոստիկանության աշխատակիցը ասել է, թե խնդրին պետք է շատ նուրբ մոտենալ, որովհետեւ այդ տարածքում երեխաներ կան, որոնք նորմալ ընտանիքից են: Ո՞վ է խանգարում նուրբ մոտենալ կամ առհասարակ մոտենալ մարմնավաճառության խնդրին: Դեռ տարիներ առաջ ոստիկանության աշխատակից իմ ծանոթներից մեկն ասաց, թե համակարգում բոլորն էլ քաջ գիտեն ամեն բան: Գրեթե նույն տարածքում են կանգնում, այսպես կոչված, առևտրի տան գույնզգույն էժանագին մարմնավաճառները, որոնց ոստիկանությունը հաստատ հայտնաբերելու խնդիր չունի: Նրանք աշխատում են բաց ու թափանցիկ, սակայն սա այլ խոսակցության թեմա է:
Քանի դեռ մեր երկրում «ծառայության» այս ոլորտը «դուրս է մնացել» ուշադրությունից, այս թեման միշտ էլ ակտուալ է լինելու:
Իր 14-ամյա դստեր հղիությունը ընդհատելու նպատակով մայրը որոշել է նրան Գորիսից տեղափոխել Երևան, իսկ ոստիկանությունն սկսել է վերապահումով մոտենալ աղջկա մոր այն հայտարարությանը, թե աղջիկը հղի է հարազատ հորից:
Մենք արդեն գրել ենք, որ Գորիսում ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացի Վ.-ին, որը մեղադրվում է իր 14-ամյա դստերը բռնաբարելու համար: Այդ մասին աղջկա մայրն իմացել է հիվանդանոցում, երբ որովայնի շրջանում ցավի պատճառով երեխային տարել էր բուժզննության, որտեղ և պարզվել է, որ աղջիկը հղի է: Մայրն էլ անմիջապես հայտնել է ոստիկանությանը:
Գորիսեցիները պատմում են, որ աղջիկը հաճախ է տանը բռնության ենթարկվել և փողոց դուրս եկել կապտուկներով: Երկու անգամ ծնողները փոխել են աղջկա դպրոցը: Արդեն 7 ամիս է, ինչ աղջիկը դպրոց չի հաճախում: Այդ ընթացքում ծնողները մի քանի օր նրան պահել են Կապանի նյարդաբուժական հիվանդանոցում: Նրան ճանաչողները մինչև անցյալ ամառ աղջկա վարքագծում արտասովոր ոչինչ չեն նկատել:
Մենք մանրամասներ էինք պարզել այս զարհուրելի դեպքի վերաբերյալ: Գորիսի հիվանդանոցի գինեկոլոգ Մամիկոն Հարությունյանը հաստատեց տեղեկությունը: 14-ամյա աղջիկն իրոք մոտ 3 շաբաթական հղի է: Մամիկոն Հարությունյանը մի քանի օր առաջ ասաց, որ սպասում են բաժնի ղեկավարին, որը կորոշի, իհարկե՝ իրավապահների թույլտվությամբ, թե որտեղ ընդհատեն անցանկալի հղիությունը՝ իրենց մո՞տ, թե՞ Երևանում: Հորը ոստիկանությունն ազատ է արձակել մինչև հղիության ընդհատումը, որից հետո միայն գենետիկ հետազոտությամբ կպարզվի՝ երեխան հորի՞ց է, թե ոչ…
Մեր ունեցած տեղեկություններով, ընտանիքը սոցիալական խնդիրներ ունեցողներից է, նրանք վարձով են ապրում: Հայրն ու մայրն ուրիշների տներում գործ անելով են վաստակում օրվա հացը: Աղջիկը տան միակ երեխան չէ: Մայրն արդարանում է, թե ինքը չի իմացել, որ աղջիկը հղի է, բայց դժվար է հավատալ, թե չէր նկատել, որ նրա հետ քնում է հարազատ հայրը: Աղջիկն արդեն կես տարի է, ինչ հոգեկան շեղումներ է ձեռք բերել, մինչդեռ նախկինում նրա մոտ նման բան չի նկատվել: «Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ նման բան կարող է լինել, սոսկալի է»,- ասաց բժիշկը, որը հեռվից, բայց ճանաչում էր այդ ընտանիքին: Ի դեպ, մեզ ասացին նաև, որ հայրն էլ հոգեկան որոշակի շեղումներ ունի:
Մի քանի օրից, հավանաբար, պարզ կդառնա այս զարհուրելի դեպքի մանրամասները:
Այսօր թերթերից մեկին տված հարցազրույցում երգչուհի Սոֆի Մխեյանն ասել է` շատ ավելի լավ է լսել, որ հայրդ է քեզ աջակցում, քան` սիրեկանդ:
Սա ինձ մի պատմություն հիշեցրեց: Երգչուհու հայրը` OԵԿ խմբակցությունից Գագիկ Մխեյանը, Ազգային ժողովի պատգամավոր էր, երբ Սոֆին սկսեց առաջին քայլերն անել շոու բիզնեսում: Մարդիկ սկսեցին խոսել, թե հայրն է աջակցել աղջկա բեմելին: Ավելի ուշ Սոֆիի անունը կապվեց Գագիկ Բեգլարյանի հետ, թե իբր՝ երգչուհուն բնակարան է նվիրել: Դե, քանի որ մեզանում մարդասիրական նպատակներով նման բաներ չեն արվում, հանրությունը սկսեց քննարկել այդպիսի դեպքերում հնարավոր միակ վարկածը:
Մի առիթով խոսք բացվեց, ու այն ժամանակ դեռևս թաղապետ Գագիկ Բեգլարյանը բացառեց իր ու Սոֆիի միջև ընկերական կամ այլ բնույթի որևէ կապ, ու պատմեց հետևյալը. «Որ բնակարան եմ տվել՝ ճիշտ է, բայց միայն այդքանը: Էդ աղջկան կյանքումս մի քանի անգամ եմ տեսել: Այն ժամանակ, երբ հայրը պատգամավոր էր, մի օր ասեց՝ մեր հարևանությամբ մի ծեր կին է ապրում, ոչ ոք չունի, մենք ենք խնամում, որ մահանա՝ կարո՞ղ ենք բնակարանը սեփականաշնորհել: Ես էլ ասեցի. «Եթե փաստաթղթերը նորմալ են, խնդիր չկա»: Որոշ ժամանակ անց, երբ Մելիքյանն այլևս պատգամավոր չէր, գնում է թաղապետ Բեգլարյանի մոտ. «Եկավ ասեց՝ հիմա էլ պատգամավոր չեմ, կարող ա՞ էլ խոսքս չանցնի, ես էլ ասեցի` էդ խոսքն իմ բերանից ա դուրս եկել, ես իմ խոսքի տերն եմ, փաստաթղթերը բերեք՝ ձևակերպենք: Ու էդ ժամանակ ինքը բերեց աղջկա` Սոֆիի փաստաթղթերը, որ ձևակերպենք իրա անունով: Իրան ես առաջին անգամ էդ ժամանակ տեսա իմ աշխատասենյակում: Էս ա ամբողջ պատմությունը: Տունը տվել ենք, բայց ոչ տենց՝ ոնց որ շահարկում են, տենց բան չկա, ու չէր էլ կարող լինել»:
Երևանի թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննությունների հանձնման երկրորդ փուլը, որը մի յուրահատուկ փորձություն է դարձել գործող տնօրենների համար, գումարվելով բարեփոխումների առաջացրած քաոսին։
Այս անգամ քննություններին մասնակցության հայտ են ներկայացրել 1066 հավակնորդ: Հավակնորդները քննությունները կհանձնեն երկու օրում՝ նախ գրավոր, ապա հաջորդ օրը՝ բանավոր:
Մեկնարկի առաջին օրը քննության էին ներկայացել 94 հավակնորդ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ – ից:
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, իր հերթին, յուրօրինակ մեսիջ է ուղղարկել, հասկացնելով, թե բողոքներ չեն ընդունվում. «Գործընթացը ներդնելիս որոշ շրջանակներ փորձում էին քննադատել և վարկաբեկել նախարարությանը, սակայն հավաստագրերի հանձնման ժամանակ բոլորը միանշանակ փաստել են, որ քննություններն անցել են օբյեկտիվ ու արդար: Այս անգամ ևս կարող եմ տեղեկացնել, որ նախարարությունը երաշխավորում է արդար, օբյեկտիվ քննություններ, գործընթացի օրինականություն»: Նա մի մեսիջ էլ միջնորդներին է հասցեագրել, «որոնք կփորձեն ուսուցիչներին և տնօրեններին այլազան ծառայություններ առաջարկել, հայտնվելու են անհարմար իրավիճակներում», սպառնացել է նախարարը:
Աշոտյանը հավաստիացրել է, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումներն անկասելի են և յուրաքանչյուր փոփոխություն, չնայած որ դժվար է ընկալվում, բերում է դրական արդյունքների: Այդ առումով նախարարը թերևս ճիշտ է, բարեփոխումներն այնպիսի խառնաշփոթ են առաջացրել համակարգում, որից սատանան անգամ գլուխ չի հանի, իսկ դրանք ոչ միայն անկասելի, այլև անշրջելի են:
«Այս գործընթացով փորձում ենք հայկական դպրոցում տնօրենի նոր նշաձող ձևավորել, կառավարման որակը դարձնել ընկալելի և ընդունելի այսօրվա պայմաններին, կոտրել այն կարծրատիպերն ու կաղապարները, որ մեր դպրոցում կարող են աշխատել նաև տգետ մարդիկ»,-նշել է նախարարը: Թե ինչ է տալու քննություններում հավաստագիր ձեռ բերած տնօրենները դպրոցին, այնքան էլ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ մեր դպրոցներում կրթության որակը այս ողջ բարեփոխումների արդյունքում ոչ միայն չի լավացել, այլև ընդհակառակը.Իսկ գործող տնօրենին տգետ անվանելուց առաջ, պարոն նախարարը լավ կաներ մի քիչ երկար մտածել. արդյո՞ք 60 հարց անգիր արած մեկի մուտքը դպրոց դրա կայացման երաշխիք է: Իսկ որ ամենակարևորն է, տնօրեններին օրենքներ սովորել պարտադրելուց առաջ, հարկ է ապահովել այնպիսի համակարգ, որտեղ նույն տնօրենները ստիպված չլինեն այդ օրենքները խախտել:
Ատեստավորման գործընթացը շարունակում է վախի մեջ պահել այն դպրոցների տնօրեններին, ովքեր դեռ չեն անցել այս թրի տակով:
«Հայկական Վարկածը» փորձեց լսել մի քանի դպրոցների տնօրենների:
Հարցի վերաբերյալ Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանն ասաց. «Մեր ձեռը ի՞նչ կա: Հիմա կառավարության որոշումն է, պետք է կատարենք: Ես դեռ չեմ մասնակացել, բայց արդեն պատրաստվում եմ: Ուղղակի գիտեք ինչն ա վատ, որ տարիքով կանանց քաշքշուկի մեջ են պահում սթրեսների ենթարկում: Կարճ ասած` նրանք մի շարք հիվանդություններ են ձեռք բերում: Միայն մեռնելը կփրկի»: Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանն այն բախտավորներից է, ով հաղթահարել է այս փորձությունը. «Ես մարտին եմ մասնակցել քննություններին: Կարծում եմ , որ անհրաժեշտ գործառույթ է, մի օղակ , որը պետք է հաղթահարես: Ես շատ գոհ եմ հանձնաժողովից օբյեկտիվ քննության համար: Ընդհանուր նախատեսված 60 հարցից 90 տոկոսը ճիշտ եմ պատասխանել:Մյուս կողմից ինձ օգնեց այն հանգամանքը, որ ես գործող տնօրեն էի և ամեն օր շփում ունեի օրենքների հետ: Չնայած մինչ քննությունը մասնակցել էի մի շարք դասընթացների, որոնք նույնպես ինձ օգնեցին»:
Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցից մեզ ասեցին, որ տնօրենը այս քանի օրը շատ լարված է և մենք չենք կարող զրուցել նրա հետ, իսկ երբ իմացան, թե ինչի համար ենք հարցնում Գայանե Մարտիրոսյանին, ասացին, որ այսօր էլ հենց քննության է գնացել:
Հ.Գ. ԿԳ Նախարարությունից տեղեկացրեցին, որ քննությանը մասնակցած 94 տնօրենից երկուսն այսօր կտրվել են գրավոր քննությունից:
Ռուզան Ավոյան
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
20 C
-
EUR 511.93 USD 12.87 USD 401.07
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ










