Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
ՌՈւԶԱՆ ԱՎՈՅԱՆ
Beeline-ը ժամանակ ու նյարդեր է խլում Փետրվար 21, 2012 | 17:23 Ռուզան Ավոյան

Ուզում եմ միանգամից առանց նախաբանի անցնել նրան, որ արդեն երկու օր է Beeline-ի անորակ աշխատանքի շնորհիվ ես ստիպված եմ  նյարդեր և ժամանակ ծախսել:

Այս ընկերության հետ հարաբերվելիս պետք է շատ զգույշ լինել: Ես մի անգամ արդեն անզգույշ լինելու« թթուն խմել եմ» վստահելով ընկերությանը և  շալակելով չգիտես որտեղից գոյացած 83 հազար դրամի պարտք, սակայն այդ մասին հետո առանձին հրապարակմամաբ կպատմեմ:

Այժմ երեկվա մասին. երեկ ես մոտեցա Տիգրան մեծ փողոցում գտնվող  Beeline-ի  բաժանմունքի օպերատորին և խնդրեցի ստուգել հաշիվս: Նա ասաց որ պետք է հավաքեմ 106 թիվը, որը, ինչպես հետո պարզեցի բոլորովին այլ ծառայության համար էր: 5000 դրամով լիցքավորեցի հաշիվս քանի որ ըստ եկած հաղորդագրության դա հաշիվս 0 -էր :

Շտապում էի ու չսպասելով մինչև լիցքավոման մասին հաղորդագրություն գա, դուրս եկա բաժանմունքից: (Նախ ասեմ, որ այս բաժանմունքում, որպես կանոն, երբ մոտենում ես օպերատորին քեզ ասում է .«Ես արդեն վերջացրել եմ աշխատանքս, պետք է սպասեք», ու ինքը դուրս է գալիս. Ստիպված մարդիկ կրկին հերթ են կանգնում մյուսի մոտ): Մի խոսքով այնքան վատ է սպասարկումը, որ երբ վերջերս մտել էի Հյուսիսային պողոտայում գտնվող  Beeline-ի   բաժանմունք ինձ թվում էր, թե ուրիշ ընկերությունում եմ հայտնվել. ի տարբերություն Տիգրան Մեծի` էստեղ և սպասարկումն էր կարգին և մոտեցումը: Տպավորությունն այնպիսին էր, որ Արմենտելն իր լավագույն կադրերը կամ ուշադրությունը կենտրոնացրել է Հյուսիսային պողոտայում:

Սակայն անցնենք լիցքավորման պատմությանը. Անցավ մեկ ժամ հաղորդագրություն չկա, դե քանի որ սովորաբար  ավտոմատ sms –ը շատ արագ է տեղ հասնում, զանգեցի կենտրոն այնտեղից մի տղամարդ տեղեկացրեց, որ հաշիվը լիցքավորված չէ,բայց ոչինչ չեն կարող անել: Ասաց, որ պետք է գնալ նույն կետը, եթե իհարկե կտրոնը պահել եմ. Բարեբախտաբար պահել էի, բայց արդեն հաջորդ օրը այսինքն այսօր ժամը 12ին մոտ գնացի. Ինչպես միշտ աշխատակիցը տեղում չէր. հետո եկավ  վերցրեց կտրոնը պատճենահանեց ու ասաց մեկ ժամվա ընթացքում կլինի. Անցել է 4 ժամ, իսկ պատասխան sms –ը չկա: Կրկին զանգահարեցի, պարզվեց որ. ինչպես ասաց ընկերության մեկ այլ աշխատակից` ես հայտնվել էի ֆորսմաժորային իրավիճակում. քանի որ իմ հաշվին դեռ 3661 դրամ կար և ես կարող էի հանգիստ վճարում չկատարել սպասելով ամսի 1-ին ու կատարելով հերթական վճարումը ստանալ բոնուսային րոպեներս: Հիմա հարց է ծագում ինչո՞ւ պետք է հաճախորդը ինչ որ անգրագետ կամ անբարեխիղճ աշխատակցի պատճառով հայտնվի նման իրավիճակում, կորցնի 5000դրամ, ժամանակ ու նյարդեր:

Ո՞վ պետք է փոխհատուցի իմ կորցրած ժամանակի, նյարդերի, պատճառած վնասի կամ անհանգստության համար. Չկա նման պրակտիկա. Արմենտելը ամենաթանկ կապն է Հայաստանում, բառացիորեն «կլանում է» մեր րոպեները  և ոչ միայն չի արդարացնում իրեն այլև ստացվում է, որ աշխատանքի որակով էլ զիջում է մյուս օպերատորներին. լինելով և «Վիվա Սելի» և «Օրանժ»-ի բաժանորդ ես երբևէ նման խնդիրների չեմ բախվել:

 

ՆԱ/ՆԵ -ն Օսկարատիպ չստացվեց Փետրվար 10, 2012 | 21:07 Ռուզան Ավոյան

Այսօր Կինո Մոսկվայի ցուրտ ու կիսադատարակ դահլիճում անցկացվեց կազմակերպիչների իսկ բնորոշմամբ, «Oսկարատիպ» ՆԱ/ՆԵ մրցանակաբաշխությունը:

Նախ ասենք, որ այս հանդիսությունը համեմատել Օսկարի հետ նշանակում է ծաղրել այն: Դահլիճը շատ մեծ էր հավաքված հանրության համար, գուցե դա էր պատճառը, կամ ինչ որ բան այն չէր, բայց տոն որպես այդպիսին չստացվեց:

Թե հայկական օսկարակիրները, թե նրանց մրցանակ հանձնողները հագնված էին տնավարի, մի տեսակ առօրյա ու տաք հագուստներով էին: Չես մեղադրի` ցանկացած հյուրանոցի ֆոե այդ հանդիսությանը ջերմություն ու շուք կհաղորդեր, ինչը գուցև չէր անցել կազմակերպիչների մտքով:

Ինչևէ ստացվեց այն ինչ ստացվեց.գավառական շոու. Բեմում դրված ցուցանակի հետևից հաղորդավարները գրեթե չէին երևում. նրանք ակնհայտորեն մրսում էին և նյարդայնանում ու գուցև դրանից` անտարբեր էին, որ շնորհակալություն հայտնողների համար բարձրախոսը ոչ մի կերպ հարմար չէր գալիս. կամ չափից բարձր էր, կամ ցածր. ու դահլիճում նրանց չէին լսում:

Մրցանակ հանձնելու էին եկել ՍԴ-ից Արևիկ Պետրոսյանը, պատգամավոր Արծվիկ Մինասայնը, Աստղիկ Ավետիսյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Սոցապնախարությունից Լալա Ղազարյանը և իհարկե դոնոր ու հովանավոր կազմակերպության ներկայացուցիչներ:

Առավել հետաքրքիր էր Նարեկ Հարթունյանի և Լիլիթ Ասատրյանի ներկայությունը, որը մի տեսակ աշխուժություն բերեց դահլիճ: Առաջինի վերաբերյալ քրեական գործը կարծես երկրորդ փուլ է մտնում, իսկ երկրորդի`աշխուժացումը հավանաբար կապված է ամուսնու` Վազգեն Խաչիկյանի հայտնության հետ. Ի դեպ, Լիլիթը տևական դադարից հետո կրկին ասպարեզ է իջել ու վաղն ասուլիս է տալիս «Մարզերում կանաց մասնակցությունը լուրջ խնդիր» թեմայով:  Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Խաչիկյանին այլևս վտանգ չի սպառնում:

Իմ կողքին դատարկ շարքի մեջտեղում մի ծերունի էր ննջում  լիքը ցելոֆանե տոպրակը ոտքերի տակ դրված: Դատելով արտաքինից, նա գնալու տեղ չունեցող այն մարդկանցից էր, որոնք ցրտից պատսպարվելու համար գտնում են նման անվճար մուտքով միջոցառումներ, մի փոքր տաքանալու համար:

Սա իհարկե  «Օսկարատիպ» միջոցառման ամենալավ բնորոշողն է:

Չգիտեմ ինչն է պատճառը, սակայն մեզ մոտ շոուներ կազմակերպել մի տեսակ չի ստացվում: Նայում ես արտերկրացի հյուրերի ներողամիտ, հովանավորող քմծիծաղով դեմքերին  ու մտածում. ինչու նրանք պետք է մեզ, մեր երկիրը ընկալեն այս չափանիշներով. ցրտից կուչ եկած ու տխուր մարդիկ` շալերի մեջ փաթաթված կանայք, որոնք նույն հագուստով գնում են աշխատանքի կամ խանութ, նույն հագուստով բեմ բարձրանում: Տղամարդիկ, որոնք նման տեսքով կանաց կողքին չեն կարող ինքնագոհ լինել: Իսկ մրցանակները, որոնք տրվում են լրագրողներին, շոշափում են երկրի համար ցավոտ թեմաներ, որտեղ միևնույն է ոչինչ չի փոխվում :

 

Ո՞ւմն է ի վերջո անօթևանների խնդիրը Հունվար 26, 2012 | 12:42

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Ամանորի շեմին իրականացվեց մայրաքաղաքի փողոցներում, բակերում, կանգառասրահներում և այլ տարածքներում գիշերող, մշտական բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագիրը:

Քաղաքապետարանի ֆինանսավորմամբ և հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Վարդաշենում նրանց տրամադրվեց մի մասնաշենք, որտեղ ինչպես տեղեկացրեց կենտրոնի տնօրենը, տեղավորել են գիշերակաց 42 անօթևանի: Տնօրենը պատմեց, որ իրենք նոր չէ, որ զբաղվում են այդ գործով, սկզբում շրջել են փողոցներում, գտել անօթևաններին, փորձել նրանց օգնել, կամաց – կամաց խնդիրն այլ տեսք է ստացել, երբ գործի մեջ է մտել դանիական կազմակերպությունը, իսկ երևանում ցրտից անօթևաններ են մահացել:Այդ ժամանակ էլ սկսել են համագործակցել նաև նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ:

Նա պատմեց, որ իրենք աշխատել են քաղաքապետարանի հետ, սակայն  համագործակցել են նաև Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հետ:

Տնօրենն ի դեպ, ներկայացրեց, որ լուծվել է անօթևանների կացարանի, սննդի, հիգիենայի, խնամքի բուժզննության և առաջին անհրաժեշտության այլ միջոցառումների կազմակերպումը,սակայն խուսափեց նշել այն գումարի չափը որ, տրամադրել է քաղաքապետարանը, պատճառաբանելով, թե հեռախոսով չի կարող տվյալներ ասել:

Սա իհարկե հարցի մի կողմն է.Անկախ նրանից, մարդասիրական, թե` քաղաքի համար մտահոգ դրդումներով է քաղաքապետն իրականացրել ծրագիրը, գումար հատկացնելով մայրաքաղաքի բյուջեից, միևնույնն է դա ավելի շուտ սոցապնապարարության գործն է, որն այսօր կամ չի արվում, կամ թերի ու շատ վատ է կազմակերպվում:

Եթե չեմ սխալվում 2006-ին, անօթևանների կացարան բացվեց թիվ 1 տուն – ինտերնատի մասնաշենքերից մեկում և բյուջեից հատկացված գումարների հաշվին նախատեսվեց պատսպարել մոտ 60 հոգու, հետո մարդկանց հոսքը սկսեց աննախադեպ աճ գրանցել ու տնօրինությունը կանգնեց խնդրի առջև: Մի մասին տեղավորեցին տուն ինտերնատում, մի մասն էլ անվերջ վերադարձի մեջ է, (դուրս են գրվում, հետո կրկին հետ վերադառնում) քանի որ այնտեղ ըստ կարգի, 2 ամսից ավելի չեն պահում: Ու այս կիսատ պռատ մշակված ծրագիրը մնաց գործող ու այդպես էլ լիարժեք չմշակվեց:

Հիմա անցնենք բուն խնդրին. անօթևանների կենտրոնում պահվող մարդկանց մեծ մասը երևանի բնակիչ չէ: Գրեթե վստահ եմ, որ Վարդաշենում պահվողների մեծ մասը ևս մարզերից է:

 Անհասկանալի է, թե ինչու պետք է մայրաքաղաքի (որն առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունի) բյուջեից, հատկացում արվի մարզերից եկած անօթևանների խնդիրը լուծելու համար, այն դեպքում, երբ դա կարող է, և ի պաշտոնե պարտավոր է կազմակերպել սոցապնախարարությունը:Ու գործը ճիշտ կազմակերպելու դեպքում անօթևանը չի հասնի Երևան, մի կտոր հաց ճարելու ու քանդված շինություն գտնելու հույսով: Եւ ինչքանո՞վ է ճիշտ, առանց այդ էլ բնակչությամբ գերծանրաբեռնված ու մադկային հոսքի բեռի տակ կքած Երևանին լրացուցիչ ծախսի տակ գցելը:

Մինչդեռ մարզերում, սոցապնախարարության կողմից, բարեգործական հիմնադրամների օժանդակությամբ (թեկուզ երկու մարզում մեկ կենտրոն սկզբունքով) կենտրոն հիմնելը շատ ավելի նպատակահարմար կլիներ: Նշենք միայն մեկ խնդիր. մարդիկ այսօր, թե` անօթևանների կենտրոնում, թե` վստահ եմ, նորաբաց հավաքատեղիում իրենց փաստաթղթային հարցերը կարգավորելիս, ոչ քիչ գումարներ են ծախսում (ի դեպ պետության գրպանից), բնակության վայրեր հասնելու ու հարկ եղած հարցերը լուծելու համար: Քանի որ, ինչպես տեղեկացվում է` հաշվառումից և խնդիրների գույքագրումից հետո, նախատեսվում է լուծել նաև անօթևանների աշխատանքի տեղավորման եւ այլ հաստատություններ տեղափոխման հարցը: Իսկ միգուցե՞ այստեղ ևս գործում է ինչքան շատ գործ` այնքան շատ գումար, սկզբունքը:

Ի դեպ վերը նշված խնդիրը միայն մի փոքրիկ, մասն է, այն լաբիրինթոսի, որ ստեղծված է այս հարցի շուրջ:

Ռուզան Ավոյան

Երբ երկրի տերերը «բոմժերն ու համբալներ» են Հունվար 23, 2012 | 19:44

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Բակոնսկին հեռացվել է պաշտոնից, և միայն այն բանի համար, որ իր բլոգում ընդդիմադիներին անվանել է «անգործներ»: Նախարարը ծաղրել է նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականը պահանջող ընդդիմության կոչերը, նրանց անվանելով ապատեղեկատվությամբ զինված ու ատելության քարոզչություն իրականացնողներ», «անցյալի ուժեր», որոնք խոչընդոտում են «նոր Ռումինիայի նախագծի» ստեղծմանը:

Դրան հաջորդել է Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկի, ելույթը երկրում հակակառավարական բողոքի ակցիաներին նվիրված խորհրդարանի արտահերթ նիստում. «Ես որոշում եմ կայացրել Բակոնսկու հրաժարականի վերաբերյալ: Ցավում եմ իմ որոշ գործընկերների`  ցուցարարների հասցեին հնչեցրած անզգույշ խոսքերի համար և հրապարակային ներողություն խնդրում ռումինացիներից»,- ասել է Բոկը:

Օրերս կառավարության շենքի առջև, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ցուցարարներից մեկին` Արմեն Խալոյանին, հրապարակավ «բոմժ»  անվանեց:

8 տարի անտուն ապրող տղամարդն ընդամենը նախարարին դիմել է, իրեն տուն – ինտերնատում կացարան տալու հարցով, սակայն նախարար Գրիգորյանը բառացիորեն ասել է. «Ծերանոցները քո նմանների համար ա՞, որ տանեմ գցեմ ընդեղ բոմժանո՞ց է »:

Չնայծ դրան որևէ մեկը, նույնիսկ այն կուսակցության մակարդակով, որի քվոտայով նախարար է դարձել Գրիգորյանը, ներողություն չխնդրեց, ՀՀ քաղաքացուն բոմժ անվանելու ու վիրավորելու համար, ԲՀԿ-ն իր պատվից ցած համարեց ու չփորձեց իր նախարարի անտակտությունը ինչ որ ձևով մեղմացնել: Նույնիսկ չքնարկվեց նրա`հասարակական վայրում,  քաղաքացիների ներկայությամբ իրեն դրսևորել չկարողանալու հարցը:

Նույն կերպ վարվեց և ՀՀԿ –ն, երբ իր` արդեն նախկին աշխատակազմի ղեկավարը հրապարակավ մարդկանց համբալ անվանեց:

Այո, ստացվում է, որ մեր անցած ճանապարհը ոչինչ չի տվել և դեռ շատ բան ունենք սովորելու, թեկուզ ռումինացիներից: Ապագա չունի այն  երկիրը, որի քաղաքացին ու երկիր պահողը, իր տարրական իրավունքի համար պայքարելիս, բոմժի ու համբալի պիտակ է ստանում և մնում է անպաշտպան:

 

500 հազար դրամ մի գերեզմանի համար, կամ Կոտայքի մարզպետի առաջարկը Դեկտեմբեր 10, 2011 | 18:19 Ռուզան Ավոյան

Զովունի գյուղի գյուղապետը մի 85 ամյա ծերունու գերեզմանի տեղ հատկացնելու համար 500 հազար դրամ էր պահանջել, պատճառաբանելով թե`մահացածը  համայնքում գրանցում չունի ու դա նման  դեպքերում նախատեսված պետական վճար է:

Մարդը փաստացի ապրել է Զովունի համայնքում, իսկ իր ողջ կյանքի ընթացքում ապրել է մի հասցեում, որն այժմ գոյություն չունի` երևանի վթարային  շենքերից մեկում, որի համար բոլոր բնակիչներին ժամանակին  գումարի տեսքով փոխատուցում տվեցին, իսկ դա հազիվ բավականացրեց Զովունիում մի հողակտոր գնելու համար:

Ինչևէ, հիմա մայրաքաղաքի գրանցմամբ մարդը մահացել է, բայց չէ՞ որ նա ապրում էր  Զովունի համայնքում: Մահացողն իմ հորեղբայրն էր, սակայն հարցը սկսեց արդեն նեղ անձնականից դուրս հետաքրքրել ինձ: Քանի որ Զովունին գտնվում է Կոտայքի մարզում զանգահարեցի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, պարզելու թե կա արդյո՞ք նման մուծում և ո՞ր օրենքով է սահմանված 500 հազար դրամ վճարելը, ու խնդրելու նաև որ օրենքով սահմանված կարգով տեղ հատկացնեն  Զովունի գյուղում, ասացի նաև, որ մահացողը հորեղբայրս է:

Մարզպետը նախ իբր շատ զարմացավ, որ նման բան է եղել, հետո ասաց, որ նման վճար նախատեսված չէ, մերժումն էլ կարող էր պայմանավորված լինել նրանով, որ գերեզմանատունը փակ է, սակայն ինքն ինձ կզանգի:

Մի կես ժամից հետո իրոք զանգահարեց ու շատ հետաքրքիր գործարք առաջարկեց. Ասեք` կոնկրետ ով է ասել, որ նման գումար է պահանջվում մուծել, ու  դրա դիմաց ես  էլ ձեր հարցերը կլուծեմ:

Անկեղծ ասած նման պատասխան չէի սպասում. Նախ` եթե փակ է, ինչպես էր լուծելու բացելու հարցը: Չնայած այս շահավետ ու յուրօրինակ բիզնեսում փակ ու բաց գերեզմանատունը շատ հարաբերական հասկացողություն է:

Պարոն մարզպետի պատասխանը կարելի է վերծանել մի քանի վարկածով.

Նախ` մարզպետը շատ լավ տեղյակ էր գներից.ինձ էլ գործարք առաջարկելով մեղմ ասած ցրեց. Լավ հասկանալով որ դա անհնարին է.ասենք ո՞նց էր պատկերացնում Շահգալդյանը, մարդիկ իրենց հարազատի դին թողած, պիտի իր մոտ առերեսման գնան, որ ինքը բարեհաճի մի բուռ հող տա՞լ: Կարծում եմ մի գյուղապետարանում, ուր ընդամենը մի քանի հոգի են աշխատում դժվար չէ գտնել այն մարդուն, որ նման գումար է պահանջել:

Իսկ գուցե մյուս վարկածն է. մարզպետը  չի տիրապետում իր համայնքների իրավիճակին: Ու այնտեղ ամենաթողությունն այն աստիճանի է հասել, որ անգամ գյուղապետերն են անում ինչ ուզում են:

Կարելի է ենթադրել, որ կամ պարոն մարզպետն իր տեղում չէ, որ իր քթի տակ ծվարած համայնքում կոռուցիոն ռիսկեր են խաղացնում, կամ ինքն իր մասնաբաժինն ունի կատարվող գործարքներից: Ու եթե այս  հրապարակումից հետո գյուղապետը մնա իր տեղում, ուրեմն ինքը շատ էլ լավ հարում է կոռուցիային ու իզուր են տարատեսակ պայքարներն ու հավաստիացումները:

Իսկ վերջում ասեմ. ուրեմն պարոն Շահգալդյան, հորեղբորս արդեն հուղարկավորել են դե չէին կարող սպասել մինչև դուք առերեսում կազմակերպեիք. մարդիկ ոչ սիրտ, ոչ էլ ժամանակ ունեին ապացուցելու ձեզ մի բան որ դուք շատ լավ գիտեք : Ես ցավում եմ, որ դիմեցի ձեզ, դուք չէ, որ պիտի լուծեիք իր ողջ կյանքը էս երկրի համար աշխատած մարդկանց իրենց հողից մի բուռ հատկացնելու հարցը . Հայաստանը նրանց նմանների հայրենիքն է և իրենք են լուծելու ձեր հարցերը, ու վստահ եղեք  շատ շուտով:

Հ.Գ. Ի դեպ, այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է:

 

 

Անցումը շարունակում է փակ մնալ Նոյեմբեր 21, 2011 | 15:59 Ռուզան Ավոյան

Երեկ դարձյալ ավտովթար էր Արշակունյաց պողոտայի «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում: ԱՊՊԱ-ին սպասելիս խցանում էր առաջացել, որն  այստեղ արդեն  դարձել է սովորական երևույթ:

Ուղիղ մեկ ամիս  հյուր ունեի, որն ապրում էր նախկին «Հայրենիքի ունիվերմագի» կողքի շենքում, ու որին այցելում էի ամեն երեկո: Աշխատանքային ժամի ավարտից հետո, երբ մթության մեջ մարդիկ ու մեքենաները խառնվում էին իրար,  իրոք վտանգավոր ու տհաճ իրավիճակ էր ստեղծվում: Ու ամեն անգամ,  խաչմերուկն անցնելուց  հետո,  փառք էի տալիս Աստծուն, որ այդ օրն էլ ողջ մնացի:

Անցումը չի գործում անկախացումից ի վեր, երբ ցուրտ ու մութ տարիներին  այն վերածվեց հանրային զուգարանի և բոմժերի բնակատեղիի: Սակայն,  չգիտես ինչու,  տաս տարուց ավելի  չգործող «անհույս»  անցման պարագայում լուսացույցները դրված են միայն մեքենաների համար. կիսամաշ «զեբրերը»  ոչինչ չեն ասում որևէ մեկին: Ու հետիոտնը բացառապես վարորդների քմահաճույքով է հատում փողոցը:

Տարիներ շարունակ  Շենգավիթի թաղապետը չնկատեց  իր նստավայրից մի քանի մետր հեռու գտնվող խայտառակ վիճաը,  ու  սայլը տեղից չէր շարժվում: Եկող – գնացող Քաղաքապետերն էլ ոչինչ չարեցին,  ու վտանգավոր խաչմերուկը դուրս մնաց ուշադրությունից: Գագիկ Բեգլարյանի օրոք տասնյակ բակեր վերաբացվեցին շենգավիթ համայնքում, սակայն  գետնանցումը այդպես էլ մնաց փակ: Պատճառը թերևս մեկն էր. Այստեղ փողեր լվանալու հիմք չկար.մայրաքաղաքի այս  հատվածը` գործարանների փակվելուց հետո սակավամարդ է, անցումի տակ առևտուրը գուցե թե չարդարացնի իրեն, ծախսված գումարները անիմաստ են լինելու:

Ի վերջո  կարծես Բեգլարյանի օրոք անցումների բարեկարգման շրջանակներում ներգրավվեց նաև այս մեկը:

Արդեն մեկ ամիս է  հետևում եմ  իրավիճակին, սակայն շինարարները  այնքան անաղմուկ ու դանդաղ են  աշխատում, որ թվում է,  թե  շինաշխատանքների ավարտը յոթ սարի հետևում է: Փորձեցինք պարզել, ի՞նչ է կատարվում, ի՞նչ կարգի վերանորոգում է, ե՞րբ կբացվի անցումը: Ի պատասխան այս հարցերի  Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունից «Հայկական Վարկած» էլ.օրաթերթին տեղեկացրեցին.

«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված ձեր հարցման՝ աշխատակազմի շինբարեկարգման վարչությունը տեղեկացնում է, որ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկի գետնանցումում իրականացվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ. կատարվել են պատերի բազալտե սալերի, բազալտե թասակների վերանորոգման աշխատանքներ, փոխվել է  էլ. լուսավորությունը, կատարվել են  խճաքարե հատակի նորոգման աշխատանքներ։

Աշխատանքներն  ավարտվել են։

Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին՝ «Հիմնաքարեր»  ՍՊԸ -ի  կողմից»։

 

Հարգելի քաղաքապետ Մարգարյանին

Հ.Գ. Ի դեպ պատասխանի օրվանից անցել է  մոտ 5 օր, սակայն անցումը բացված չէ:

Շատ կցանկանայինք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուշադրություն դարձներ, որ իր ղեկավարած կառույցի`քաղաքապետարանի անունից չհնչեր այնպիսի պարզաբանում, որ չի համապատասխանում իրականությանը:

Հ.Գ.2  Շատ հաճախ է հարց հնչում, թե ինչո՞ւ չենք անդրադառնում կրկեսի հատվածի խաչմերուկի երթևեկության խայտառակ վիճակին: Այստեղ ևս չափազանց վտանգավոր է անցումը, թե հետիոտների,  թե  մեքենաների համար: Առաջարկ` եթե ոչ գետնանցում, ապա գոնե կամուրջ կառուցել բազմաֆունկցիոնալ շենքերի  շրջակայքում անհրաժեշտ է: Սա ընդունեք որպես առաջարկ Մամուլի տան և հարակից հրատարակչության աշխատակիցների կողմից:

 

 

 

 

 

Ձվի թանկացումը երկար սպասել չի տա Նոյեմբեր 08, 2011 | 15:50 Ռուզան Ավոյան

Այսօր` Ազգային Ժողովում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը  հայտարարեց, թե  Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ, ինչի հետեւանքով մի շարք տնտեսվարողներ զերծ են մնացել չհիմնավորված թանկացումներից. Նա օրինակ բերեց ձվի շուկան նշելով, որ գներն իրենք կարողանում են պահպանել:

Ըստ Ա. Շաբոյանի` դեռեւս ապրիլին, Զատկի տոներից առաջ ձու արտադրողները հանդես եկան հայտարարություններով, որ հանրապետությունում ձվի արտադրությունը չի բավարարում պահանջարկը: ՏՄՊՊՀ-ն այդ հայտարարություններից անմիջապես հետո տեղեկատվություն պահանջեց ձու արտադրողներից, սահմանեց խիստ հսկողություն: Արդյունքում, ըստ Ա. Շաբոյանի, ձուն չթանկացավ:

Մենք անդրադարձել ենք այս խնդրին, բավականին մանրամասնորեն վերլուծելով իրավիճակը. Այսօր էլ կարող ենք փաստել, որ դրսում ձուն արդեն թանկացրել են և ներկրված նոր խմբաքանակը կլինի բարձր գներով: Դրան զուգահեռ նաև տեղական արտադրողը շուկայի պահանջով ստիպված կլինի թանկացնել իր արտադրանքը:

Վերջերս դարձյալ մեծ քանակությամբ ձու է ներկրվել` կապույտ թե կանաչ կնիքով կնքված, որը սակայն չի հայտնվել խանութներում, այլ` մեր ունեցած տեղեկություններով, ուղարկվել է բանակ: Իսկ դա նշանակում է, որ սպասվում է նոր խմբաքանակի ներկրում. դիմացը նոր տարի է, ուստի պահանջարկը կա ու  սպասվում է նոր թանկացում ձվի շուկայում:  Եւ այսօրվա իրավիճակը բոլորովին էլ պայմանավորված չէ Շաբոյանի ասած կանխարգելիչ միջոցառումներով:

Ավելին` ներկայումս ձուն չէր էլ կարող թանկանալ, քանի հին գներով ներկրվածը դեռ սպառման խնդիր ունի (ժամկետանց է , թե ժամկետի մեջ դա այլ խոսակցության նյութ է), իսկ տեղական արտադրանքը չի ապահովում այն որակական հատկանիշները ինչ անհրաժեշտ է ձվին` կերի դեֆիցիտի պատճառով: Լուրջ է կերի խնդիրը, որը  տևական ժամանակ հանրապետություն չէր մտնում, քանի որ մաքսազերծումը ուշացնում էին, միտումնավոր թե՞ այլ պատճառներով, դա էլ այլ խոսակցության թեմա է: Սակայն փաստն այն է, որ  ձվի թանկացումը ըստ մեր տեղեկության, երկար սպասել չի տա:

 

Անապահովների հերթական խումբը` փողոցում Նոյեմբեր 07, 2011 | 17:47 Ռուզան Ավոյան

Այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրել է, որ 2012 թ. պետական բյուջեի նախագծում մանկատների շրջանավարտների բնակարանային ապահովման գծով, հատկացումներ չկան:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բոլոր հատկացված բնակարաններն են օգտագործվում ըստ նպատակի: Հետաքրքիր է, որ նախարարությունը իր ուսումնասիրությունների արդյունքում գտել է ամենահեշտ ելքը` այսինքն որոշել է մի անապահովին հանել, տեղը մեկ ուրիշին բերելու համար: Շատ տրամաբանական լուծում է, հատկապես որ մեր իշխանությունների ուժերը միայն վերջինների վրա է պատում, իսկ «Սոկոլ Գրուպ» կազմակերպությունից, որ տարիներ առաջ յուրացրեց որբերի բնակարանաշինության գումարներն ու անհետացավ, հետ վերադարձնելով դրանց մի չնչին մասը միայն, այդպես էլ փոխհատուցում պահանջող չեղավ. այն նյութական ու բարոյական վճարի չնչին տոկոսի չափով  իսկ, որ պատճառվել էր ՀՀ քաղաքացուն: Չունե՞ր կազմակերպությունը, կամ կառույցի ղեկավար Լյովա Աբրահամյանն  անշարժ գույք կամ դրամական միջոցներ:

Իսկ այսօր նախարարն ասում է` այդ 28 վիճահարույց բնակարանների հարցը կրկին ուսումնասիրվում է Հայ օգնության միության հետ համատեղ, ու դրանցից առնվազն 15-ը պետության կողմից հետ կվերցվի ու կտրվի այլ կարիքավորների: Ասում է` թվով 300 մանկատան շրջանավարտ հերթագրված է բնակարան ստանալու համար:

2003-2010թթ. այդ նպատակով մոտ 300 բնակարան է տրվել: Իսկ արդեն 2011-ին  միջոցներ չեն հատկացվել: «Առնվազն 28 բնակարաններ չեն ծառայում իրենց նպատակին` ուղղակի չեն բնակվում, կամ տրվել են վարձով, կամ աղջիկը ամուսնացել է ու բնակվում է այլ հասցեով, կամ Հայաստանից բացակայում են ու հատկացման օրից այդ բնակարանները փակ են»,- հայտարարել է Գրիգորյանը: Հրաշալի արդարացում է` վերցրեք, որ մարդիկ հետ` տուն չգան, վերցրեք, որ թշվառները էլ ավելի խրվեն թշվառության մեջ, իսկ սոկլգրուպները թող ազատ սավառնեն ու վայելեն միլիոնները:

Ի դեպ սա ՀՀ գլխավոր դատախազության կայքում զետեղված հաղորդագրությունն է.

Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանշներով՝ ծնողազուրկ երեխաներին տրամադրելու համար շուկայական գներից բարձր գներով բնակարան գնելու դեպքի առթիվ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 983-Ն որոշմամբ նախատեսված բնակարանները գնելու նպատակով` 2004թ. դեկտեմբերի 27-ին, 2005թ. դեկտեմբերի 27-ին և 2006թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջև ստորագրվել են գործակալության եռակողմ պայմանագրեր: Ըստ այդմ՝ «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերությունը պարտավորվել է պայմանագրերով նախատեսված ընդհանուր առմամբ 746.230.000 դրամ գումարով ձեռք բերել և նախարարությանն ու վարչությանը հանձնել 132 բնակարան:

Նշված պայմանագրերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից կնքել է նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանը, ով, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին: Այն է՝ խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անշարժ գույքի ձեռք բերման միջնորդական գործունեության լիցենզիա չունեցող «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերում չի սահմանել գնումների գործընթացի նկատմամբ հսկողության և գների ճշտման մեխանիզմներ, ձեռք բերվող բնակարանների գտնվելու կոնկրետ տարածքներ, ինչի հետևանքով «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Լյովա Աղաբաբյանը, առանց հատուկ թույլտվության, զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ:

Պայմանագրերով նախատեսված միայն 12 բնակարանների գնման գործարքների ստուգմամբ պարզվել է, որ դրանք ձեռք են բերվել շուկայական գներից շուրջ 53 մլն. դրամ ավել գներով, որի հետևանքով պետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հատկանիշներով:

Նախաքննությունն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Իսկ որպեսզի պարզ լինի պատկերը ավելացնենք, որ Լյովա Աղաբաբյանը, այդ ժամանակ ինչ որ գումար հետ վճարեց պետբյուջե, և մեր ունեցած տեղեկություններով, առանց պատասխանատվություն կրելու հեռացավ երկրից:

 

 

Ով է ծնել հրեշին Հոկտեմբեր 27, 2011 | 12:57 Ռուզան Ավոյան

Ստորև բերվող հոդվածը գրել եմ մոտ երկու տարի առաջ, երբ Հունանյանների հայրը ապաստանել  էր անօթևանների կացարանում.Այսօր նա գտնվում է թիվ 1 տուն ինտերնատում, որտեղ մեր երկիրը մի կտոր հաց ու տանիք է տվել ոճրագործի հորը.

 

ԱՊՐՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոկտեմբերի 27-ի հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հայրը գտնվում է թիվ 1 տուն-ինտերնատի մասնաշենքերից մեկում տեղակայված անօթեւանների կացարանում: Իր կյանքի վերջում 72-ամյա մարդը հայտնվել է այս կացարանում: Երեք զավակ ունեցող հայրը, իր ասելով, անհաջող կին ընտրելով, երբեք էլ ընտանեկան ջերմություն չի վայելել:

Անխնամ, հնամաշ հագուստով, պետության հոգածությանը հանձնված տարեց մարդը պատմում էր իր կյանքի պատմությունը՝ ամեն ինչում մեղադրելով կնոջը: Հրաչ Հունանյանը ծնունդով Նոր Բայազետից է, ամուսնացել է 26 տարեկանում. “Ի՞նչ սեր, Մարտունիի ամենագեշ գյուղից էր, 8-ամյա կրթություն ուներ, քույրս կանչեց, ասաց՝ պիտի ամուսնանաս, ես էլ մերոնց խաթրը չկոտրեցի”: Ի սկզբանե իր ընտրությանը լուրջ չվերաբերված ինտելիգենտ ու թուլակամ բանասեր Հրաչի ընտանիքում ջերմություն չի եղել: Սկզբում ընտանիքն ապրել է Նոր-Արեշ թաղամասում, հետո բարելավում են ստացել ու 2 սենյականոց բնակարանը փոխել “Բանգլադեշի” 4 սենյականոցի հետ:

Որդիների հանցագործությունից հետո ծնողների բարդ հարաբերություններն ավելի են բարդացել: Ի վերջո կինը Հրաչին տնից դուրս է վռնդել. “Էդ բացիլին ես չեմ ընդունի, նա տեղով վիրուս է”: Վերջերս Հայաստան է վերադարձել երկար տարիներ Ռուսաստանում ապրող երրորդ որդին՝ Արմենը, որը հավանաբար կապրի հոր բնակարանում, քանի որ մորը՝ 66-ամյա Նաթելային օրերս տեղափոխել են Ավանի հոգեբուժարան: Հրաչ Հունանյանը տնից վռնդվելուց հետո դիմել է դատարան՝ բնակարանից իր բաժինը ստանալու հույսով, սակայն դատարանը մերժել է՝ պահանջելով բնակարանի համասեփականատերեր Նաիրի եւ Կարեն Հունանյանների համաձայնությունը՝ բնակարանը երեքի միջեւ բաժանելու համար, որը չի ներկայացվել, իսկ կնոջը դատարանը բնակմակերես հատկացրել է, քանի որ տունը ձեռք է բերվել համատեղ կյանքի ընթացքում:

“Սկզբում Հրաչը մեզ մոտ ժամանակավոր էր եկել, մինչեւ կլուծեր իր տան հարցը, հիմա չի ուզում գնալ կացարանից: 2 ամսից ավելի է՝ այստեղ է: Փաստաթղթային հարցերն ենք լուծում, հնարավոր է, որ տեղափոխենք տուն-ինտերնատ՝ բնակության”,- ասում է անօթեւանների կենտրոնի տնօրեն Սամվել Թադեւոսյանը:

Հրաչ Հունանյանը պատմում է, որ երկար տարիներ աշխատել է մշակույթի նախարարությունում՝ սկզբում որպես տեսուչ, հետո՝ ավագ տեսուչ, ապա զբաղեցրել է այլ պաշտոններ, կազմել մի շարք ժողովածուներ: Փորձում էի արտաքուստ կիրթ, հանդարտ, ինքնամփոփ մարդուց կորզել, թե ինչ է մտածում ոճրագործ զավակների մասին: “Նաիրին խելոք էր, ինչ ասեմ, սովորում էր, ընդունակ էր, ես գրադարան էի ստեղծել, որ նստեր-սովորեր, ստեղծագործեր, ինձանից լավ ապրեր: Նա գրքերի մեջ մեծացավ, ինչը ես չեմ ունեցել: Պատանեկան տարիքում էլ մեջը չարություն կար. խարդախ, խաբեբա, չարագործ, անկարգապահ, վատ մարդկանց հանդեպ չարանում էր: Բայց նրա արարքը աներեւակայելի էր ինձ համար: Տղաները բոլորն էլ կիսատ են թողել ուսումը: Դրանց մայրն անընդհատ ճչում-գոռում էր, չէր թողնում, որ սովորեն: Նա հոգեկան հիվանդ չի եղել, բայց միշտ էլ տարօրինակություն ունեցել է”,-ասում էր հայրը: Տղաների մոտ հայրը շեղումներ չի նկատել: Տղաները նրա հետ մտերիմ չեն էլ եղել:

Ոճրագործի հայրը պատմում էր, որ Նաիրին լսող չէր, չար էր, եւ նրա ազդեցությունը տարածվում էր եղբայրների վրա: “Մոր հետ էլ առանձնապես մոտ չէին: Այդ կնոջ հետ հնարավոր չէր մոտ լինել, բայց դե, մայր էր”,- ասում էր Հրաչը: Նաիրին ավագն էր՝ 1965 թվին ծնված, Արմենը՝ 1969-ին, Կարենը՝ 1974-ին: Նաիրին ամուսնանալու մտադրություն չի ունեցել, թեեւ 1999-ին արդեն 34 տարեկան էր: Հայրը պատճառը չգիտեր. “Ի՞նչ իմանամ, գուցե հանձնարարություն էր ստացել, բայց ասում էր, որ չի ամուսնանալու: Կարենն էլ չհասցրեց, նա այդ ժամանակ 25 տարեկան էր: Նաիրին ընկերուհիներ ունեցել է, բայց սիրած աղջիկ` չեմ հիշում, ես էլ եմ ուզում իմանալ՝ նա սիրե՞լ է որեւէ մեկին: Որ Նաիրիին տեսնեք՝ հարցրեք…: Մեր տանը սեր չկար, հարգանք չկար, իրար լսել չկար: Նա այնպիսի մայր ուներ, որ… գիշատիչ կին, որ ասում են՝ նրա մասին է: Բայց դե, որ կին է, արդեն գիշատիչ է”:

Նա հիշում է, որ Նաիրին մտերիմ ընկեր չի ունեցել, այժմ էլ նրանց տուն ոչ ոք չի գալիս: Հունանյանների ընտանիքին ոչ ոք օգնություն չի առաջարկել. “Դե որ անեին, իրենց դեմքը ցույց կտային. չարագործի ընտանիքի հարազատ, էդպես չի՞”: Նրա երազանքի մասին հայրը չգիտեր, բայց ձգտում տղայի մեջ նկատել է, ասում է, թե Նաիրին անհանգիստ չէր, բայց արագաշարժ էր, ուզում էր ղեկավար դառնալ, ու եթե աշխատանք տային, պաշտոն տային, նա չէր գնա այդ քայլին: “Ինչ որ արեցին, նրանց խելքի բանը չէր, հանձնարարություն էր, պատվեր էր: Եթե ես իմանայի, կարգելեի, կխանգարեի, չէի թողնի: Վերջում Նաիրին չէր խոսում, բայց զգացվում էր, որ տարերքի մեջ է, նյարդային էր դարձել: Դե, ստեղծագործող էր: Չարիքն էլ է ստեղծագործություն պահանջում”: Հրաչն ասում է, թե Նաիրին դեպքից հետո էլ չէր խոսում իր արածի մասին: Կարող է մտքում ափսոսում էր, բայց բարձրաձայն չէր ասում: Հասկանում էր՝ բաներ կան, որ չեն ասվում, չի ասել՝ ինձ պադստավկա արեցին: Նրան արդարացնելու որեւէ բան չուներ հայրը. “Նաիրիին բարձր պաշտոն էին խոստացել, կարծեմ՝ վարչապետի, դա էլ կողքից եմ լսել, ինքը ոչինչ ինձ չի ասել”: Հրաչ Հունանյանը համաձայն չէ որդու հետ, թե նա ազգի փրկության ծրագիր էր իրագործում. “Ամեն ինչից զրկեց, ի՞նչը փրկեց, ինչ լավագույնն էր մեզ համար՝ զրկեց: Մարդկանց կյանքը խլեց: Երբ իմացա, վատ զգացի, բայց հանգիստ տարա, ի՞նչ անեի, ի՞նչը կփոխվեր”: Հրաչը չի ընդունում, որ տղաներն իր գենն են կրում, ու ինքը ինչ-որ չափով պատասխանատու է նրանց համար: “Նա ուրիշ միջավայրում է մեծացել, ես՝ ուրիշ: Ես ուրիշ մորից եմ ծնվել, նա՝ ուրիշ: Իմ մի կաթիլը տեսնում եք, նրա օվկիանոսը չե՞ք տեսնում”:

Ավելին՝ Հրաչը Կարեն Դեմիրճյանի երկրպագուներից է եղել, որդու ծնվելու տարին Կարեն Սերոբիչը նշանակվել է կենտկոմի առաջին քարտուղար, ինքն էլ տղային, ի պատիվ նրա, անվանել է Կարեն: Նա ասում էր, որ ինքը դժբախտ է, բայց տղաներին սիրում է հավասարաչափ ու ցույց տալիս մատները՝ “ո՞րը կտրեմ”: Արմենը Հայաստան գալիս-գնում է, նա շատ վաղուց է դրսերում, հիմա էլ ընտանիքով (մեկ տղա ու մեկ աղջիկ ունի) է եկել, կարծես արդեն մշտական:

Նաիրիին հայրը մոտ մեկ տարի է՝ չի տեսել. “Գնում ենք՝ չի գալիս, գուցե էլ չկա՞: Վերջին անգամ, երբ տեսա, ասում էր. “Էս շորերի մեջ էս մարմինը լավ չի զգում”: Դե, ստեղծագործող էր, վերջերս մի բանաստեղծություն տպագրեցի. շատ ունի, բայց վերցրել են՝ չեն տալիս: 3-4 ամիսը մեկ է տեսակցությունը, արդեն 4-րդ անգամն է՝ գնում եմ, չի գալիս: Կարենը գալիս է, բայց ինքը՝ չէ: Նրանց առանձին են պահում: Կարենն էլ ոչինչ չգիտի կամ չի ասում: Արմենն էլ, որ եկել է, գնացել է՝ Կարենին տեսել: Ասում էր՝ Նաիրին չի եկել տեսակցության”: Զգացմունքներ վաղուց չկան: Տղաները կարծես չեն էլ կարոտում հորը, նա էլ ծնող է, իր պարտքն է՝ գնում է տեսնելու, թե տղաները կան, չկան, ի՞նչ է պետք նրանց: “Դանդաղ մահ է: Նա էլ չէր ուզենա այդ վիճակում հայտնվել: Վերջին անգամ տեսա՝ սափրված չէր, ահագին աճել էին մազերը”: Ավագ որդու մասին հայրը դժվարությամբ էր խոսում, բայց խոսելիս հիմնականում նրան էր անդրադառնում. “Մայրը ավագ որդուն անընդհատ լարում էր իմ դեմ: Նաիրին ինքը ոգեւորվող էր, շատ էր կարդում”: Իսկ տղայի նախասիրությունները հայրը չի հիշում, նույնիսկ չմտաբերեց, թե նա ինչ ճաշատեսակ է սիրել: “Ճաշ եղե՞լ է, որ սիրեր, մայրը կռվով է կերակրել մեզ”:

Կնոջ աչքը դուրսն է եղել: Հրաչն ասում է, որ կոնկրետ չի բռնացրել, բայց իմացել է: Իսկ որ նա տան կին չի եղել, բոլորին է հայտնի: “Նրա վրա ո՞վ կարող էր. տղաներն էլ իրավունք չունեին բան ասելու՝ մայրն է նրանց պահել, թե ոնց՝ կարեւոր չէ: Մորից են ծնվում, մոր կաթն են ուտում”,- իր մեղքը ոչ մի կերպ չէր ընդունում հանցագործի հայրը, իսկ զրույցի վերջում նույնիսկ իր հայրությունը չէր ընդունում. “Հայրն ի՞նչ կապ ունի, ի՞նչ իմանաս ով է իրականում հայրը”:

 

 

Հանցագործությունը կոծկում են Հուլիս 28, 2011 | 15:32 Ռուզան Ավոյան

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը լրագրողներին հավաստիացրել է, որ իրենց ծառայությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստան ներմուծվի միայն անվտանգ սննդամթերք:Սա մի քիչ տարօրինակ է, քանի որ մի ամբողջ ծառայություն կոչված է հենց այդ գործին, և պետք չէ իբրև գործադրվող ջանք հանրությանը ներկայացնել մի բան, որի համար նշված հիմնարկը բյուջեից աշխատավարձ է ստանում:

Այսօր բավական հրատապ թեմա է մթերքների մեջ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների առկայությունը: Մկրտչյանն ասաց, որ Հայաստանում չկա որևէ իրավական ակտ, որով չի թույլատրվում նման բաղադրիչները ներմուծել ու արտահանել: «Պաշտոնական տվյալներով` ոչ մի գենետիկորեն աճեցված ապրանք ՀՀ-ում չկա: Սննդամթերքի անվտանգության մասին մեր օրենքով` եթե կա գենետիկորեն աճեցված ապրանք, ապա պետք է մակնշվի, իսկ մեկ այլ օրենքով` մանկական սննդի մեջ գենետիկական բաղադրիչ ընդհանրապես չպետք է լինի»,- ասաց նա:

Ամեն ինչ շատ լավ է` պետք է մակնշվի, պետք է չլինի, բայց չէ՞ որ կա՛ և մակնշված չէ: Ստացվում է, որ եթե մակնշված չէ, իրենք էլ չունեն ստուգելու իրավասություն, եթե ահազանգ չկա, հանգիստ կարելի է ներմուծել, թունավորել երկիրը և ջայլամի պես գլուխը ոտքերի արանքում պահելով` հայտարարել, թե նման ապրանք գրանցված չկա, ուրեմն վերջ` չկա: Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ չեն գրանցում որովհետև ԳՄՕ-ն մի քանի անգամ էժան է նորմալ սննդամթերքից, և գրանցելը ձեռնտու չէ: Իսկ այն կառույցները, որ աչք են փակում դրա վրա` կիսելով ստացված հսկայական գերշահույթները, մեղմ ասած` հանցագործություն են կատարում ազգաբնակչության հանդեպ, և նրանց ձեռքը այսօր բռնող չկա: Իսկ դրան կոչված կառույցը ըստ էության ոչ լիազորություն, ոչ էլ այդքան «դուխ» ունի դրա դեմն առնելու:

 

Վիդեո

Top լուրեր
Հարցում
  • ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը միասնակա՞ն ցուցակով կգնան ընտրությունների, թե՞ առանձին-առանձին:

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...