22.02.2012 | 18:53
22.02.2012 | 18:48
22.02.2012 | 17:17
22.02.2012 | 17:08
22.02.2012 | 16:04
22.02.2012 | 14:23
22.02.2012 | 14:16
22.02.2012 | 14:04
22.02.2012 | 12:45
22.02.2012 | 12:37
22.02.2012 | 12:32
22.02.2012 | 12:26
22.02.2012 | 12:13
22.02.2012 | 11:53
22.02.2012 | 11:47
Այսօր այսպես կոչված համառուսաստանյան հանրահավաքն է: Նույնիսկ մեր թունդ ժողովրդավարներից մի քանի նմուշ պատրաստվում են Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույց անցկացնել «ընդդեմ ըտրակեղծիքների, և գողերի ու ժուլիկների կուսակցության»: Խոշոր հաշվով` դա ռուսների ներքին գործն է: Միայն մեկ փոքրիկ դետալ` հակապուտինյան հանրահավաքին ելույթի համար հերթագրվել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը: Ճշմարտության պահն է` ռուս պետականության թշնամիները միավորվում են պանթուրքիզմի գաղափարախոսների հետ…
Մի այլընտրանքային հանրահավաք պետականամետների համար կազմակերպում է մեր հայրենակից Սերգեյ Կուրղինյանը, որ տեսագրված ուղերձով դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին: Այսինքն` լինելու են պետականամետ և հակապետական ուժերի զուգահեռ հանրահավաքներ: Իրար հետ դժվար թե անմիջապես բախվեն, սակայն երկու մտածողությունների հակամարտությունն ակնհայտ է: Մեկն արտացոլում է նրանց մոտեցումը, ովքեր պատրաստ են ամեն ինչի, միայն թե արտահայտեն իրենց դժգոհությունը, մյուսները մտադիր չեն ոտնատակ անել պետականությունը, թեև դժգոհ են Պուտինից: Եթե զուգահեռներ անցկացնենք մեր երկրի հետ, ապա առաջինների տեսակը մեզանում առատորեն ներկայացված էր 2008-ին, հատկապես մարտիմեկյան խժդժություններին, սակայն այժմ ցիրուցան վիճակում է շնորհիվ ժամանակի գործոնի և իշխանություն-ընդդիմություն «գյալաջիների»:
Այսօր «կրակոտ հեղափոխականները» մեզանում հիմնականում վնասազերծված են, ու ցնցումներ չեն լինի, եթե ամբողջատիրական աղանդների ներկայացուցիչները իրենց հոգևոր չոբանների հրամանով դուրս չգան հրապարակներ: Բայց բոլոր դեպքերում մեռելային կայունությունն էլ խաբուսիկ է, իշխանություն – ընդդիմություն կռիվներին փոխարինելու են եկել ներիշխանական կռիվները: Սակայն նույն ռուսների մոտ քաղաքական նոր գաղափարներ ենք հայտնաբերում:
Պարզվում է, դեռ ամառվանից Ռուսաստանում ստեղծվել է շարժում հանուն էվոլյուցիոն աստիճանական փոփոխությունների: Մինչ խորհդարանական ընտրարշավում անիմաստ ու բութ կրքեր էին եռում, մարդիկ հռչակել էին կարգախոս. «Այո` փոփոխություններին, ոչ` իշխանափոխությանը»: Եվ մտադիր են մինչև նախագահական ընտրությունները կազմակերպել 100 հազարանոց երթ` հօգուտ վերնախավի քաղաքական կուրսի փոփոխության: Հիմնական գաղափարը բավականին պարզ է` իշխանափոխություն առանց Ռուսաստանի կազմաքանդիչ ուժերի խրախճանքի անհնարին է, բոլոր պայքարները «հանուն արդար ընտրությունների» հանգում են նույն կազմաքանդմանը, ուստի` ավելի լավ է չթողնել կազմաքանդիչներին նախաձեռնել Ռուսաստանի գերեզմանափոր «Պերեստրոյկա-2»-ը, առավել ևս, որ «արդար ընտռրություններ» պահանջողների մեջ է նաև ԽՍՀՄ-ը կործանած «Պերեստրոյկա-1»-ի հեղինակ Միխայիլ Գորբաչովը, և փորձել ճնշումների միջոցով պարտադրել Պուտինի վարչախմբին կուրսի աստիճանական շրջադարձ` դեպի Ռուսաստանի ազգային շահը…
Թերևս դա այն օրինակն է, որը իմաստ ունի ընդօրինակել ռուսներից: Իշխանափոխության անհնարինությունը մեր երկրում այժմ ապացուցման կարիք չունի, բոլոր հնարավոր տեսական տարբերակներն էլ հանգում են արտաքին բացահայտ ընդարձակ միջամտությանը, որը չավարտված պատերազմում գտնվող երկրի համար կործանարար է: Ներիշխանական խմբավորումների պայքարին, մանդատների և պորտֆելների համար ՀՀԿ-ԲՀԿ - ՕԵԿ գզվռտոցին էլ ժողովրդին մասնակից դարձնելը անիմաստ և անօգուտ գործընթաց է:
Ավելի լավ է հանրությունը ձեռնպահ մնա այդ տխմարությանը մասնակցելուց` թող իրենք իրենցով վերաբաշխեն այդ քվոթաները, քանզի մեկը մյուսից ոչնչով լավը չէ: Իսկ հանրությունն ավելի լավ է կենտրոնանա ոչ թե այն հարցի վրա, թե ով քանի խորհրդարանական մանդատ կունենա, այլ ինչ է ակնկալում և պահանջում իշխանությունից: Թող բոլոր նորմալ ուժերը` առանձին-առանձին, կամ ավելի լավ է` համախմբված, ձևավորեն այդ պահանջները, և մենք իրոք 100 հազարանոց երթ անենք կոնկրետ և առարկայական փոփոխությունների պահանջով: Թող ներկայիս էլիտան իշխանության գլուխ մնա թեկուզ 10, 20, 50 տարի, միևնույն է`«ազատ ընտրությունների» և «ժողովրդի իշխանության» գաղափարներն ընդամենը գեղեցիկ պատրանք են… Չմոռանանք, որ նույն իշխանությունը պատրաստ էր ՀԱԿ-ի հետ «երկխոսել» ցանկացած հարցի շուրջ, բացի իշխանություն հանձնելուց… Դե ուրեմն եկեք իշխանությունից պահանջենք ու ստանանք ցանկացած բան, բացի իշխանություն փոխելուց: Եվ պահանջենք այնքան համախմբված ու հուժկու, որ ՀԱԿ-ի ամենահզոր հանրահավաքներն ու երթերը դրա համեմատ մանկական խաղ թվան: Ի վերջո մեզ հետաքրքիր է ոչ թե այն, թե ով է իշխանություն, այլ այն, որ իշխանությունը մարդավարի կատարի ժողովրդի ծառայի իր գործառույթը: Սովետական բանակում լավ կարգախոս կար. «Не хочешь-заставим, не можешь-научим», և հենց այդ սկզբունքով պետք է վարվենք իշխանության հետ: Հենց վաղվանից սկսած…
Իսկ սկսել կարելի է, օրինակ, թեկուզ Լիսկայի պես անհաջող կադրին անհապաղ չվաստակած հանգստի ուղարկելու պահանջից:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Չմեռանք` դա էլ տեսանք. Նեմեց Ռուբոն` բողոքի ցույցի մասնակից: Բողոքի ցույցն էլ ընդդեմ մեկ այլ օլիգարխի է` Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշի), որը մտադիր է «Հրազդան» տոնավաճառի տարածքում` հենց մարզադաշտի կողքին, 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոն կառուցել:
Ահա ինչ է ասում ինքը` Ռուբեն Հայրապետյանը. «Նման կառույցի կործանումը չի ներվի սերունդների կողմից: Ես ամեն ինչ անելու եմ` ընդհուպ էքսկավատորի տակ պառկելը: Այս պահին միջազգային որեւէ խաղ չենք կարող անցկացնել: Շատ կարեւոր է մարդկանց տարհանումը, որին կարող է խոչընդոտել առեւտրի կենտրոնը: Բացի այդ խոտածածկը պետք է փոխվի: Գալիք մրցափուլում Մալթային եւ Բուլղարիային հյուրընկալվելիս 6 միավոր վաստակելուց հետո` հայ ֆուտբոլասերներին հնարավոր չի լինի զսպել, քանի որ հաջորդ խաղը Երեւանում է լինելու Իտալիայի հետ»:
Պատկերացնո՞ւմ եք`մի օլիգարխը կարող է պառկել մեկ այլ օլիգարխի էքսկավատորի տակ: Մեր կյանքը ռեա՞լ է, թե՞ ապրում ենք հայտնի ֆիլմի «մատրիցայի» ներսում:
Մեկ ուրիշ հետաքրքիր դրվագ. ԱԱԾ-ն, բերման է ենթարկել պոռնոսկանդալի հերոսուհի Անժելա Սարգսյանի նախկին (կամ իբր նախկին) ամուսնուն` ԵՊՀ փիլիսոփայության դասախոս Ղազար Ավետիսյանին, և նա հարցաքննվել է ԱԱԾ-ում` կեղծ վկայականներ տրամադրելու գործի շրջանակներում: Առայժմ ազատ են արձակել: Դե ԱԱԾ-ն ժամանակին այլոց էլ էր ազատ արձակում հարցաքննություններից հետո, բայց դա որոշ դեպքերում 15 տարվա ազատազրկման դատավճռով… Կհետևենք, տեսնենք, թե սա ինչքան ջուր կքաշի:
Հա, քանի որ հիշեցինք Անժելին, չենք կարող չհիշել և ռուսական ժողովրդավարության մերկաստինք պաշտպաններին` ուկրաինական «Ֆեմեն» կազմակերպությունից: Այդ նպատակով Մոսկվա ժամանած երեք աղջիկներին չի կանգնեցրել նույնիսկ դեկտեմբերյան ցուրտը: Նրանք մերկացել են Սուրբ Փրկչի եկեղեցու մոտ, կոնքերին փաթաթել Ռուսաստանի դրոշի տեսքով պարկերի կտորներ: Բոլոր աղջիկների մարմիններին նկարված է եղել ուղղափառ խաչ: Բացի այդ, նրանցից մեկի ձեռքին եղել է մտրակ: Աղջիկների ձեռքին եղել են պաստառներ, որոնց վրա անգլերեն եւ ռուսերեն գրված է եղել: «Աստված, քշիր թագավորին»: Աչքիս, սրանք էլ ինչ-որ աղանդի հետ կապ ունեցող են, այլապես…
Սակայն մեր քաղաքական դաշտն էլ առանձնապես չի տարբերվում այդ մերկ աղջիկներից: Հանուն քաղաքական իրավիճակի վրա ազդելու ինչի ասես կգնան մեր քաղաքական այրերը: Ճիշտ է, ՀԱԿ-ի ակտիվիստուհիները «հանուն ավազակապետության կազմաքանդման» դեռևս «ֆեմինիստուհիների» պես հրապարակավ չեն մերկանում, սակայն նրաց առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի`հրապարակ նետած ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի գաղափարն, արդեն երկու շաբաթ է, ինչ ալեկոծում է ամբողջ քաղաքական դաշտը: Լուրջ-լուրջ խոսում են դրա մասին, նաև քաղաքագետ կոչված մարդիկ են դա «վերլուծում» որպես հնարավոր տարբերակ: Այդ վիրտուալ բլեֆը այնքան է տարել ոմանց, որ էլ դու սուս… Բայց անգամ իշխանության ներսում է այդ բլեֆը ազդեցություն թողնում:
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն այդպես էլ հրապարակավ չեն հայտարարում, որ դա կատարյալ էշություն է: Իբր թե չհայտարարելով կարող են վախեցնել ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, թե եթե հանկարծ իրենց հատկացվելիք տեղերից դժգոհ մնացին, մեկ էլ տեսար ՀԱԿ-ի հետ ընկերություն կանեն: Մեկ էլ նույն ձևով ոչ հաստատում են, ոչ հերքում այն լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է գլխավորել ԲՀԿ ցուցակը: Բայց չէ՞ որ, ինչպես նկատեց Բառադի Համո մականունով հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը, «Քոչարյանը թիմ չունի, էդ մարդը իրենց տանը նստած է»: Բայց հանրապետականներն էլ պակաս չեն` այն բանի համար, որ ԲՀԿ-ն հրապարակավ չի ասում, որ ՀԱԿ-ի հետ դաշինք հնարավոր չի, Ռոբերտ Քոչարյանն էլ իրենց ցուցակում չի լինի առաջին տեղում, ԲՀԿ-ում ինչքան «պլանքաշ» կա` բոլորի վրա գործ հարուցեցին: Դե ձեր սեփական «պլանքաշներին» էլ հավաքեք…
Ստացվեց աբսուդային խաղ. «Ասա»-«Չեմ ասի», «Չէ, կասես»-«Չեմ ասի»: Գրողը տանի, իշխող կոալիցիայի լուրջ կուսակցություննե՞ր եք, թե՞ «կազակի-ռազբոյնիկի» խաղացող 10-12 տարեկան մանչուկներ: Կարճ ասած, ընկղմվում ենք մի վիրտուալ «Մատրիցայի» մեջ, ուր հասարակ ողջամտությունն ու առողջ տրամաբանությունը հեչ հագի չեն:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Սահակաշվիլին քաշվեց ու քաշվեց: Ոչ միայն ռուսների, այլև հրեաների ձեռամբ: Նա հրեա գործարարներ Ռոնի Ֆուքսին եւ Զեեւ Ֆրենկելին ներում շնորհելու փոխարեն 70 միլիոն դոլար է ստացել: Այս մասին հայտարարել է վրացի փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին, գրում է վրացական «Մեդիայնուզ» գործակալությունը:
Փորձագետը գործակալությանը տված հարցազրույցում հռետորական հարց է հնչեցրել. «Ի՞նչ տարբերություն գործարարները կառավարությանը գումարը կտային կաշառելո՞ւ, թե՞ բանտից ազատվելու համար: Գործարարներին դեռ ծուղակը գցեցին, ապօրինաբար ձերբակալեցին, բանտում ստեղծեցին անհանդուրժելի պայմաններ, իսկ հետո ներում շնորհելու փոխարեն պահանջեցին 70 միլիոն դոլար: Դա չի կոչվում ներում շնորհել, դա կոչվում է նրանց վաճառել ազատությունը»:
Ինչպես ասում են` այ էդ բանը չպիտի անեիր… Մանավանդ, որ այս կիրակի Ռուսաստանում գրանցվելու է Սահակաշվիլու համար նույնիսկ հասարակ բարևն ափսոսող Վլադիմիր Պուտինի հաղթանակը: Սեփական թշնամիների քանակն ավելացնելը, մեղմ ասած, խելամիտ չէ: Լավ է գոնե մեր նախագահի այցի ժամանակ ֆահմել է որևէ բանի «ոչ» չասելու: Ճիշտ է, այլ հարց է` արդյո՞ք մերոնք նրանից պոկել են հնարավոր ամեն ինչ, բայց դե փաստ է` պատրաստ է սահմանել այնպիսի ռեժիմ, որ Վրաստան մուտք գործող ՀՀ քաղաքացին ընդամենն ավտոմեքենայի լուսամուտից փաստաթուղթ ցույց տա սահմանապահին: Այսինքն` անցյալ են դառնալու այն խայտառակությունները, երբ Ջավախք եկողից առգրավում էին անգամ հայերեն ցանկացած գիրք ու հետ ուղարկում: Քանի Միշիկոյին լրիվ չեն կերել` պիտի շտապենք երկկողմանի փաստաթղթերով այդ կարգն ամրագրել:
Սակայն անդրադառնանք մեր ներքին նախընտրական կրքերին: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ առաջարկեց ԲՀԿ-ին համագործակցել «ընդդեմ ավազակապետության», դա միանգամից դարձավ թիվ 1 ներքաղաքական ինտրիգը: Ոմանք Ռոբերտ Քոչարյանի շրջապատում միանգամից որդեգրեցին այն գիծը, որ ԲՀԿ – ՀԱԿ դաշինքը միակ շանսն է, և ով բացահայտ կամ անուղղակի դեմ է դրան` ոչնչով չի տարբերվում «դատարկ դհոլ» Արտաշես Գեղամյանից: Ու այդ հիմքով արդեն «Սերժի հաճախորդ» հռչակեցին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին: Բայց հարց է ծագում` այդ կրքերի իմա՞ստը որն է: Վաղը, եթե Լևոն Հակոբիչն էլ մի կողմ դրեց այդ գաղափարը, նրա՞ն էլ կհռչակեն «դհոլ» և «հաճախորդ»:
Իշխանության ռեակցիան էլ է հետաքրքիր: Պարզ է, որ ԲՀԿ-ն չի շտապում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը հռչակել անհնարին, ընդամենը մեկ պատճառով` որպեսզի ընտրություններին ընդառաջ ընդամենը սեփական գինը բարձրացնի, մեկ-երկու պատգամավորական մանդատ կամ նախարար-փոխնախարարական պորտվել ավել կորզի: Ուրեմն մի՞թե այդ քվոթաներն այնքան կարևոր են, որ հանուն դրա ոստիկանությունը բերման ենթարկեց ԲՀԿ-ում ու դրա շուրջ եղած բոլոր պլանքաշներին, ոստիկանապետն էլ հայտարարեց, որ պլանքաշաց դասի կուսակցական պատկանելիությամբ չի հետաքրքրվում:
Ախր պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտ չի գնալու: Ձերբալալվածներն էլ քաղբանտարկյալ չեն հռչակվելու: Կա խաղ, կան խաղի կանոններ, շեղվողների աչքի առաջ էլ կա Գռզոյի ու Լեդի Հակոբի ճակատագիրը, դրա կրկնության հեռանկարով խանդավառ «կամավորներ» չկան ու չեն կարող լինել: ԲՀԿ-ի` ՀՀԿ-ից որևէ բանով տարբեր լինելն էլ կատարյալ բլեֆ է: ԲՀԿ-ի պատգամավորները որևէ հարցով երբևէ քվեարկե՞լ են այլ կերպ, քան ՀՀԿ-ականները: ԲՀԿ-ի նախարարները ՀՀԿ-ի նախարարներին հակառակ որևէ դիրքորոշում հայտնե՞լ են: Քանի որ պատասխանը բացասական է, ուրեմն կռիվը պրծավ: Այդ դեպքում ինչո՞ւ կոալիցիայից տարբեր կերպ քվեարկող դաշնակին որակում են կեղծ ընդդիմադիր, իսկ կեսքայլ աջուձախ չշեղվող ԲՀԿ-ն հանկարձ դարձավ ապագա «իշխանափոխիչ», ընդդիմության հույս ու հավատ…
Այլ հարց է, որ ՀՀ նախագահն այնքան է լուծել իշխանության կենտրոնացման խնդիրը, որ արդեն օլիգարխներից կարող է պահանջել հրապարակավ խոստովանել սեփական հնազանդությունը: Ու խոստովանելու են, դիմադրելու ռեսուրս ԱՐԴԵՆ չունեն: Եթե 2 ամիս առաջ նույնիսկ վատ երազում չէին կարող նման բան թողնել, զի իշխանության հույսն ու հենարանն էին, այսօր նրանց կարգավիճակն իջեցվել է: Ճիշտ է, դեռ կան մեկ-երկուսը, որ իրենց «թռփոշ» են զգում, բայց դա էլ է ժամանակավոր: Եթե այսօր «պլանքաշների հաշվառման» ոստիկանական օպերացիաներ են իրագործվում, վաղը կարող է հանկարծ ավելի լուրջ բաներ սկսեն հաշվառել: Իսկ դրա տակից դուրս գալ չեն կարող, նամանավանդ ներկայիս ոստիկանապետը «կոմպլեքսներ» չունի, և ի տարբերություն բոլոր նախորդների, նրա «ձեռը կգնա» ցանկացածի վրա… Դե, Աղվան Գառնիկիչին էլ միայն առիթ է պետք, որ այդ «ձեռը գնացածների» մեղադրական եզրակացությունները հաստատելով, իր հետագայի հարցերը լուծի:
Բայց բոլոր դեպքերում, դեռ ահագին ժամանակ քաղաքական ֆանտաստիկայի ժանրով ժողովրդին կերակրողների պակաս չի լինի: Ժողովրդին էլ ի՞նչ է պետք` հաց և զվարճալիք: Զվարճալիք մատուցողների պակաս հիմա էլ չկա, բայց եթե մայիսից հետո էլ հացը ուշացնեն… Աստված մի արասցե…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Առաջին առատ ձյունն էլ եկավ ու հալվեց: Այն չհասցրեց էլ սպիտակ դարձնել երկիրը, զի ներքաղաքական կյանքը Հայաստանում անտանելիության աստիճանի հագեցած է մրով: Օրինակ` վարչապետի և Հարություն Առաքելյանի պատմությունը: Չգրանցված կուսակցապետ, որը հրապարակավ դիմում է վարչապետին` եթե ինձ պաշտոնապես չգրանցեք կուսակցապետ, ապա կբացահայտեմ, թե ինչպես են վարչապետը, յուր եղբայրը և այլոք կերել 31 միլիոն դոլար:
Եթե իրոք կերել են, ապա ի՞նչ կապ ունի կուսակցապետության պաշտոնական գրանցումը: Այդպիսի հանցագործությունը ենթակա է պատժի` ում կողմից էլ այն կատարված լինի: Այսինքն, եթե գրանցվեց, կարելի է անցնել ծանր հանցագործության պարագայում իմանալ-չհայտնելո՞ւն… Նույն վարչապետի պարագայում էլ է անհասկանալի` ի՞նչ է նշանակում հրապարակավ հայտարարել, թե տեղի ունեցածը շանտաժ է, սակայն շանտաժի համար պատասխանատվության ենթարկելու պահանջ մենք չտեսանք: Այսինքն` ստացվում է զարհուրելի մի բան. Վարչապետն ու կուսակցական գործիչը հրապարակավ խոսում են ծանր հանցագործության մասին, սակայն այդ ծանր հանցագործությունն ընդամենը «բազարի» առարկա է: Հանրությանն էլ համարել են այնքան կեղտոտված, որ մտածում են, թե նույն այդ հանրության աչքի առաջ կարելի է «բազար» անել ծանր հանցագործության շուրջ…
Չնայած այդ հանրության մաս են կազմում նաև այն 300 հազար հոգին, որ 5000 դրամի դիմաց անգամ Ալիևին քվե կտա, բայց մի՞թե դա ամբողջ հանրությունն է: Չէ՞ որ 3 միլիոն մարդ է ապրում Հայաստանում: Չէ՞ որ կան նրանք, ում քվեի հարցը փողով չի լուծվում, ովքեր կամ դեմ են քվեարկում իշխանությանը` ելնելով սեփական ճիշտ կամ սխալ համոզմունքից, կամ կողմ, ու պատրաստ են պահանջներ ներկայացնել իրենց ընտրած իշխանությանը…
Կամ Լիսկա – Սիլվա Համբարձումյան հակամարտությունը: Դա էլ դարձավ հրապարակային «բազարի» առարկա: Մինչդեռ ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանը պիտի նստի բանտում մինչև իր վերջին օրը, իսկ գործարարուհին այնպիսի քանակի ստվերային խաղերի մեջ է, որ դա առնվազն հետաքննության կարիք ունի:
Ու այդպես շարունակ: Նաև տեղի ունեցած ցուցերի պարագայում: ՀԱԿ-ի հանրահավաքին, ոստիկանության տվյալներով, 2700 հոգի է մասնակցում. Թամաշա անողների զգալի մասը ցրտին հրապարակ գալու հավես չունի: Ու ի՞նչ է ասվում այդ եկածներին` որ իհարկե ամեն ինչի պատրաստ են ՀՀ նախագահի հրաժարականի համար` գնացեք մասնակցեք հերթական ընտրություններին: Էլ ի՞նչ իմփիչմենթ, ի՞նչ բան, ո՞ւմ եք էշի տեղ դրել… Բայց արի ու տես, որ Գագիկ Ծառուկյանին ու այլ օլիգարխներին նաև հրապարակավ «բազար» են առաջարկում, թե որ դեպքում նրանց կհամարեն «պուպուշ» օլիգարխ: Օլիգարխի «պուպուշը» ո՞րն է. կամ քանդում ենք գրողի ծոցն ուղարկում օլիգարխիկ համակարգը, կամ պահպանում: Նույն օլիգարխների թեմայով Լևոն Հայրապետյանի «սենսացիոն» հայտարարությունը նույնպես ազնիվ չէ: Առաջարկում է «արտագաղթեցնել» մի շարք «արհեստական» օլիգարխների: Ինչ է նշանակում պարտադրել, որ արտագաղթեն. եթե հանցագործ են` պետք է բանտ նստեն, իսկ եթե օրինավոր են, ապա ո՞վ և ի՞նչ իրավունքով նրանց պետք է վռնդի հայրենիքից: Համ էլ ինչպե՞ս եղավ, որ Լևոն Հայրապետյանի նկարագրած «արհեստական օլիգարխի» բնութագրիչները ճիշտ ու ճիշտ համընկնում են Գագիկ Ծառուկյանի կերպարի հետ: Դա ի՞նչ խաղեր են, և հանուն ինչի՞: Մի՞ թե հանրությունը էշ – էշ պիտի հավատա, որ եթե Ծառուկյանին հալածի, ապա երկրում ամեն ինչ կշտկվի: Եթե Ծառուկյանն այդքան վատն է` թող կալանավորեն ու քննություն անցկացնեն, ԲՀԿ-ն էլ սահմանադրական դատարանի որոշմամբ փակեն, իսկ եթե ոչ` քանի՞ կոպեկ արժե այդ սենսացիան իր հեղինակով հանդերձ…
Այլ ցույցեր էլ եղան: Զորօրինակ` «Միասին» երիտասարդական շարժումը պահանջագիր հանձնեց վարչապետին` հայոց լեզվի պահպանման միջոցառումների մասին, հետո էլ երիտասարդները Հյուսիսային պողոտայի բոլոր` օտարալեզու ցուցանակ ունեցող խանութների մոտ կանգ առան ու վանկարկեցին «Ամոթ»: Ու անմիջապես հայնվեցին նրանք, ովքեր հարցադրում են` այդ ինչո՞ւ ՀՀԿ-ի «կոմսոմոլը» որոշեց պաշտպանել հայոց լեզուն, ի՞նչ կա դրա տակ: Հիմա ինչ` վա՞տ բան են արել, որ պաշտպանել են: Թե՞ պաշտպանելը լավ բան կլիներ միայն այն դեպքում, եթե պաշտպանողները ընդդիմադիր լինեին: Կամ էլ ֆեմինիստուհիների ցույցը: Մի աղջկա թիկունքին գրված էր. «Ես 14 տարեկան եմ, և ինձ բռնաբարել է իմ հայրը»: Եթե դա ընդամենը ցուցապաստառ է, մեկը հարցնող լինի. աղջիկ ջան, իսկ ո՞ւր է քո իրական հայրը, և ինչպե՞ս եղավ, որ քեզ թույլ տվեց այդպիսի գրառումով փողոց դուրս գալ: Բա որ մի ասող լինի` ես քո հոր… որ քեզ բռնաբարել է:
Ամբողջ քաղաքական դաշտը լեցուն է հրապարակային կեղտոտ սակարկություններով` հանրության աչքի առաջ: Հանրության, որին մեխի գլխի կամ անլեզու հայվանի տեղ են դրել թե իշխանամետները, թե ընդդիմադիրները: Լավ, բա որ հանրությունն այնպես կատաղի, որ մարտի մեկը ձեզ մանկական խաղ կթվա՞… Կամ էլ ընդհանրապես թքի ձեր վրա ու չգա ընտրատեղամասեր, ու ստիպված լինեք 300 հազար` քվե ծախող թերմացքների շրջանակում մրցակցել, թե ով ավելի շատ կվճարի: Բայց չէ՞ որ այդ ծախուները ձեզանից և ոչ մեկի համար հենարան չեն դառնալու, դրա մասին մտածե՞լ եք… Չնայած` չկա չարիք առանց բարիքի, թող ժողովուդը հասու լինի այն ճշմարտությանը, որ քաղաքական դաշտը գրեթե չի տարբերվում անասնաֆերմայից: Եվ վերջապես սովորի դատել ըստ ռեալ գործերի, այլ ոչ թե դատարկ խոսքերի:
… Եվ, տեղացած առաջին առատ ձյունը չհասցրեց ասֆալտը պատել թեկուզ բարակ սպիտակ շերտով: Դեռ օդում, այնքան մուր ներծծեց, որ ամբողջովին սևացավ: Միգուցե ասֆալտի մրջուրն իր հետ քաղաքային կոյուղի տանի նաև մթնոլորտում կուտակված անբարո խաղերի թունավոր լիցքե՞րը: Պարզապես չեմ ուզում հավատալ, որ մեր հանրությանն է վերաբերում Եզնիկ Կողբացու խոսքը. «Խոզի համար կոյաջուրը բաղնիք է»:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում: Նախընտրական մթնոլորտը այնքան է ազդել ոմանց վրա, որ անհավասարակշիռ ու անիմաստ բաներ են անում: Այսպես, ՀՌԱԿ ատենապետի անունից հայրենի կառավարությունը ֆաքս է ստացել, որ եթե իրեն չճանաչեն ՀՌԱԿ ատենապետ, ապա վարչապետի ստվերային տնտեսական խաղերի մասին շատ բան կպատմի: Մի ողջ մարզի ղեկավար մարդկանց աչքի առջև քացով կին է ծեծում ու դեռ պաշտոնավարում է: Մի վարորդ էլ հաջողացնում է ավտոմեքենայով հարվածել ՀՀ նախագահի նստավայրի դարպասին, ու ոմանք էլ ուզում են դրան քաղաքական աստառ տալ…. Կարճ ասած` մեր հայրենակիցների մի մասը մտել է հոգեկան շեղման գործընթացի մեջ:
Դե մթնոլորտն է այդպիսին: Ոչ մի պաշտոնյա չգիտի` վաղը պաշտոնավարելո՞ւ է, թե՞ ոչ: Ոչ մի օլիգարխ չգիտի` կմնա՞ որպես այդպիսին, թե՞ բոմժի կվերածվի: Ոչ մի քաղաքական գործիչ չգիտի` կհայտնվի՞ համամասնական ընտրացուցակի անցողիկ մասում. և դա վերաբերում է ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմադիրներին: Հա, հենց ընդդիմադիրներին: ՀԱԿ-ը կարծես սսկվել է ու հավանաբար կբավարարվի մանդատների այն քանակով, որը համապատասխանում է 7 տոկոսանոց մինիմումին, եթե իհարկե դա էլ շատ չհամարեն: Այսինքն` ՀԱԿ-ի 18 կուսակցությունների մեծ մասի քաղաքական ապագան զերոյացվում է…
Բայց խորհրդարանական ընդդիմության վիճակն էլ լավ չէ: Դաշնակներն ու «Ժառանգությունը» կարծես թե ուզում են միավորվել, սակայն առաջինները կողմ են Եվրասիական միություն մտնելուն, իսկ երկրորդերը` դեմ: Սակայն Հայաստանի` Եվրասիական միություն մտնելու հեռանկարը ավելի ստույգ փաստ է, քան անգամ Գալուստ Սահակյանի ապագա պատգամավորությունը: Ու այդ գծով ջրբաժան առաջացավ նաև կոալիցիայում:
Այսպես, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դրան միանշանակ կողմ են, իսկ ՕԵԿ-ը փորձում է դեմ գնալու խաղեր տալ: Դե եթե հիշենք, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը գլխավոր ախքիկին անգլիական շպիոն էր հանել, ապա պարզ է դառնում, թե ինչու է դա տեղի ունենում: Հո նախկին ստվերային կապերը չեն անհետացել կոալիցիայի մեջ լինելու և բարձր պաշտոն զբաղեցնելու զորությամբ…
Այնպես որ նախընտրական դասավորումը կարող է նոր և անսպասելի ելևէջներ ունենալ: Ու եթե հանկարծ «Ժառանգությունը» ոչ թե դաշնակների, այլ ՕԵԿ-ի հետ դաշինք կազմի, այնքան էլ զարմանալի չի լինի: Ի վերջո աշխարհաքաղաքական տրամաբանությունը զորավոր բան է: Իսկ դաշնակների` Եվրասիական միությունը սիրելը բխում է թերևս Տիգրան Սարգսյանի ասած «չկոտրած տաշտակի» հարցից: Սակայն Եվրասիական միության տրամաբանության բերումով «կոտրած տաշտակի» թեկնածու կարող է դառնալ և վարչապետը: Հո պատահական չէ՞ր, որ նրա «ձայնային խոտանով» և փաթ ընկած լեզվով տեսագրությունն այդքան լայն տարածում գտավ: Պատահական չէ նաև Հարություն Առաքելյանի ոչ այնքան ադեկվատ ֆաքսը… Ի վերջո, Տիգրան Սարգսյանը Արևմուտքի մարդ է համարվում, և միգուցե նրան պարզապես չհաջողվի «եվրասիական կրոն» ընդունել: Չէ՞ որ «Ժառանգության» պատգամավորների մեծ մասը հաստատ կուզենային այդ «կրոնի» շվաքի տակ իրենց մի կտոր մանդատի հարցը լուծել, սակայն հենց Աղվան Գառնիկիչի հայրենակից Արմեն Մարտիրոսյանին ստիպեցին ասել, որ Եվրասիական միությունը «քըխ» է, զի դա գալիս է Րաֆֆի Հովհաննիսյանեն և Ամերիկայեն…
Մյուս ստույգ փաստն այն է, որ Լիսկայի երգը երգված է: Նրանից արդեն երկրից չբացակայելու ստորագրություն են վերցրել, այսինքն` ՀՔԾ-ն խափանման միջոց է կիրառել, այլապես նա չէր սկսի հերքել իր` Ֆրանսիա մեկնելու ցանկությունը այդքան ջանադրաբար, որ երդում տար, թե Հայաստանից երբևէ հեռանալու ցանկություն չի ունեցել ու ահավոր հայրենասեր է: Աղվեսի` այսինքն Լիսկայի դունչը խաղողին (Ֆրանսիային) չի հասնում, դրանի՞ց է խակ: Ու, եթե արտակարգ իրավիճակային հոտառություն ունեցող Հմայակ Հովհաննիսյանը հայտարարում է, որ պետք է դատել ոչ միան մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, այլև այն պատգամավորներին, որ ծեծը տեսել են ու հրապարակավ սուտ են վկայել, ուրեմն իրոք մի բան կա… Գումարած դրան` Լիսկայի համար շատ վատ նշան է, որ ՀՀԿ վերջին «աշխատանքային նիստին» նրան ոչ թե առաջարկել են դիմում գրել, այլ որոշել են սպասել «նախաքննության արդյունքին» և «չմիջամտել» իրավապահների գործերին:
Ի դեպ, սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանի` Եվրասիական միության մեջ մտնելու հեռանկարն ուղղակի կապ ունի Լիսկայի գործի հետ: Պարզապես Լիսկայի նման տեղական ֆեոդալները ոչ մի կերպ չեն տեղավորվում ապագա միության ձևաչափի և վարչական կարգի մեջ, ուստի… Դե, մյուսների հերթն էլ է հասնելու, սկիզբն է միշտ զոռ: Ի վերջո, այդ խորամանկ սյունեցուն քեֆը լավացնելուց հետո անպայման «Մարիոտ» հասցնելը հո պատահականություն չէր…
Ինչևէ, որոշ արտաքին գործոններ էլ են վկայում հօգուտ Եվրասիական միության անխուսափելիության: Հո հենց այնպես չէ, որ «պարիտետի սիրահար» բրիտանական շպիոն Թոմաս դե Վաալը, որի մուտքը Ռուսաստան արգելված է, հանկարծ հայտարարում է, որ Ադրբեջանը Արցախի ու հարակից տարածքների երես երբեք չի տեսնի, ինչքան էլ միլիարդավոր դոլարներ ծախսի սպառազինության վրա: Եվ դեռ ինչքան «ոսկե սարերով» Արևմուտքը կփորձի գայթակղել Հայաստանին, միայն թե գոնե ուշացնենք մեր մուտքը Եվրասիական միություն, զի չմտնելու տարբերակները այլևս ֆանտաստիկայի ոլորտից են:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է դատարկ խնդրով` ով է հաջորդ պաշտոնանկը: Բոլորը դրանով են զբաղված, ու խոշոր հաշվով, բոլորի զահլան դրանից գնացել է: Բայց խոշոր հաշվով, դրանից բան չի փոխվելու: Բոլորս գիտնք, որ բոլոր դեպքերում ՀՀԿ-ն իր դիրքերը չի զիջելու անկախ ընտրական բոլոր ելքերից: Դա, ինչպես ասում են, մշտական միավոր է: Սակայն իրական հետաքրքիր գործընթացները գտնվում են իշխանական և ընդդիմադիր դաշտերից դուրս: Հետաքրքիր բան է կատարվում հարևան պետությունում` Թուրքիայում, ուր անկանխատեսելի ձևով տեղի է ունենում հայ ազգային ինքնության զարթոնքը:
Եվ այսպես` շարքային մի հարցազրույց: Հարցազրույց տվողը «Ակոս» թերթի համախմբագիր Բագրատ Էստուկյանն է: Մարդ, ով շատ լավ գիտի «թուրքական հասարակություն» կոչեցյալին ինտեգրվելու ձևերը:
Եվ ահա նա «Դելովոյ էքսպրես» թերթին տված հարցազրույցում անդրադառնում է այսպես կոչված «թաքուն հայերի» խնդրին` մեր այն հայրենակիցներին, որ հարկադրված են եղել իսլամ ընդունել, որպեսզի ողջ մնան:
Ըստ գլխավոր խմբագրի` դա մարտահրավեր է, որին դեռևս պատրաստ չենք: «Շատերը կամենում են վերադառնալ իրենց ակունքներին, սակայն մենք դեռևս պատրաստ չենք կողմնորոշվելու` ինչպես վերաբերվենք այդ մարդկանց»,- գրում է Բագրատ Էստուկյանը: Թաքուն հայերը գիտեն, որ իրենց նախնիները հայ են եղել, սակայն չեն տիրապետում հայոց լեզվին և քրիստոնյա չեն: Նրանք հիմնականում ապրում են արևելյան շրջաններում, բայց առավելապես հայտնի են Համշենի և Դերսիմի հայերը: Այդ երկու տարածաշրջաններում հայերը պահպանել են հայկական ինքնագիտակցությունը: Համշենցիները պահպանել են իրենց խոսակցական լեզուն, որ համապատասխանում է 300-400 տարի առաջ եղած խոսակցականին: Իսկ Դերսիմի հայերը կորցրել են լեզուն, սակայն պահպանել են ինքնությունը: Ենթադրելի է, որ թաքուն հայերը հարյուր հազարներ են կազմում: Բավականին հաճախ Ստամբուլի պատրիարքարան են դիմում թաքուն հայերը` կնքվելու խնդրանքով: Բայց ինչքան ես գիտեմ, պատրիարքարանը դրան պատրաստ չէ, կա մտածողության խնդիր: Մարդը գալիս և ասում է. «Իմ անունն Ահմեդ է, բայց պապս Կարապետ էր, իսկ տատս` Մարիամ: Ես կամենում եմ հայ դառնալ»: Ի պատասխան դրա առաջարկում են վերցնել քրիստոնեական գրականություն, կարդալ, հետո քննություն հանձնել և այլն: Ոչ ամեն ոք, առավել ևս գյուղացի, կգնա այդպիսի քայլի»,-նշում է Էստուկյանը:
Այսինքն` ծագումով հայ մարդիկ համարձակվում են մերժել իսլամը (այդ կրոնը ճանաչողները կվկայեն, թե ինչքան դժվար է հրաժարվել դրանից և ինչքան արիություն է պահանջում այդ), գավառական բնակավայրից հասնում են Պոլիս, ու իրենց առաջարկվում է աստվածաբանական քննություն հանձնել, նոր միայն միանալ Հայ առաքելական եկեղեցուն:
Ասա խնդրեմ, Առաքելական եկեղեցու հետևորդ ընթերցող. իսկ դու կարո՞ղ ես այդպիսի քննություն հանձնել: Ապա ինչո՞ւ են այդպիսի քննություն պահանջում քո եղբայրներից Պոլսո պատրիարքարանում: Աստվածաբաննե՞ր են ընդունում, թե՞ հասարակ հայ քրիստոնյաներ:
Հայ մարդուն խանգարում են Հայ առաքելական եկեղեցու հետևորդ դառնալ: Ամեն օր` բազում հայորդիների, ովքեր հստակ որոշել են, որ հայ են, ու ուզում են գրողի ծոցն ուղարկել իսլամը և դավաբանորեն նույնանալ հայ եկեղեցու հետ, ուզում են դառնալ հայ քրիստոնյա: Սակայն նրանց մերժում են, պայմաններ առաջադրում: Ինչո՞ւ: Մի՞թե այնքան եք վախենում թուրք իշխանությունից, որ պատրաստ եք ցանկացած կերպով խոչընդոտել վերահայացող մեր հայրենակիցներին …
Ձեզ, պարզապես ասելու բան չունեմ: Երևի ձեր նման սևազգեստների մասին էր ասում Ֆրիդրիխ Նիցշեն, որ դուք կյանքի ու ցանկացած առաջադիմության թշնամի եք: Հայերը գալիս են ձեզ մոտ հայ կնքվելու, իսկ դուք պատրվակ բերելով քրիստոնեական գրքերը, մերժում եք: Մարդիկ իսլամը մերժելու հոգեբանական սխրանքն են գործում, իսկ դուք զլանում եք նրանց ճանաչել Հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Ինչ ասեմ ձեզ` անիծյալ լինեք ձեր ստրկամտության մեջ, հանուն որի պատրաստ եք ապավինել ամենախավարամիտ կղերական գաղափարին: Դուք պատրաստ եք գերազանցել Եվրոպայի ինկվիզիտորներին, միայն թե համամիտ լինեք ձեր թուրք ստրկատերերի հետ:
Բայց գիտցեք` նա, ով հասել է Պոլսո ձեր դուռը, և ստացել է ձեր կեղծավոր մերժումը, միևնույն է, եկել է, որպես իր հայ լինելը գիտակցող հայ: Ու ձեր կեղծավոր մերժումով նրա հայությունը չեք կասեցնի. Նա այլևս հայ է մեկընդեմիշտ: Միգուցե համառի և հասնի Էջմիածին, միգուցե գերադասի նախնյաց հեթանոս հավատքը: Բայց նա այլևս հայ է` մեկընդմիշտ, ի տարբերություն ձեզ`թուրքահաճո թերմարդուն… Եթե իհարկե գիտակցում եք, որ ապրում եք թերմարդու կարգավիճակում:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ավստրալիայի Կանբերա քաղաքում գտնվող պաշտպանության ուժերի ակադեմիայում կադետ աղջիկների 70%-ը սեռական ոտնձգության են ենթարկվել: Նման եզրահանգում է արվում զեկույցում, որը պատրաստվել է Ավստրիալիայի զինված ուժերում կանանց նկատմամբ խտրականության դեպքերի հետ կապված սկանդալային դեպքերի հետաքննության արդյունքներով: Սակայն կանանց մեծ մասը, ինչպես նշվում է պաշտպանության նախարարի զեկույցում, դրական է արտահայտվել հաստատության մասին:
Այսինքն` Ավստրալիայի պես խաղաղ երկրի բանակում անգամ չի հաջողվել մտցնել «սեռերի հավասարության» արհեստական տեսական մոտեցումը: Նույնիսկ պատերազմից անչափ հեռու երկրի բանակում չաշխատեց «գենդերային հավասարություն» կոչեցյալը: Այդ երկրի բանակում թեև փորձ արվեց ներմուծել «տոլերանտության և հավասարության» սկզբունքը, սակայն բան չստացվեց, չնայած պաշտպանության նախարարը ձգտում էր ցուցադրաբար այդ սկզբունքները հաստատել: Ռազմական ակադեմիայի աղջիկները գոհ են մնացել, որ նույն հաստատության տղաները իրենց պահել են տղայի, այլ ոչ թե անսեռ միավորի պես: Այսինքն` անգամ Ավստրալիայի պես երկրում բանակը իրեն դրսևորեց որպես պահպանողական ավանդապահ միավոր: Բնականաբար, առավել ևս պատերազմը վերջերս ավարտած Հայաստանում բանակը պահպանողականության բուն է:
Եվ այդ պահպանողականությունը գալիս է մեր երկրի կյանքի բոլոր ոլորտները: Աղմկալի ամենօրյա պաշտոնափոխությունների շարանում մեր հանրությունը բավականին քիչ ուշադրություն է դարձրել նոր ոստիկանապետի անձի վրա, մինչդեռ դա արտացոլում է Հայաստանի զարգացման հիմնական վեկտորը:
Նոր ոստիկանապետը եկել է բանակից: Մինչ գլխավոր ռազմական ոստիկան լինելը նա ունեցել է պրոֆեսիոնալ «միլիցայի» կենսագրություն, սակայն դրանով ավարտվում են Վովա Գասպարյանի ռեալ առնչությունները ոստիկանական համակարգի հետ: Նա ուղնուծուծով բանակի ներկայացուցիչ է, քանզի իր կենսագրության մեծ մասը գրանցվել է ՊՆ-ում: Եվ հարց է ծագում` ինչո՞ւ ՀՀ նախագահը երկրի ոստիկանական համակարգը վստահեց հենց բանակայինի: Դա պատահականությո՞ւն է, թե՞…
Եթե դիտարկենք մեր պետական համակարգն ամբողջությամբ, ապա առավելագույնս կայացածը բանակն է: Դա բնական է, զի պատերազմող երկրում այլ կերպ չէր կարող լինել: Եվ Հայաստանում, բնականաբար, հանրության ամենաառողջ և պետականամետ խավը հենց սպաները պետք է լինեն: Եվ հենց սպայական ներկայացուցիչն է ուղնուծուծով մեր նոր ոստիկանապետը:
Տեղի է ունեցել որակական առումով եզակի երևույթ` ոստիկանապետ է դարձել մեկը, ով կապ չունի քաղաքացիական կյանքի կանոնների հետ: Վովա Գասպարյանն այն ոստիկանապետն է, որը առանց քաշվելու կձերբակալի ցանկացածին, այդ թվում` ցանկացած օլիգարխի: Այդ նշանակումով ՀՀ նախագահը կատարել է կարևորագույն քայլ` վերացրել է օլիգարխիկ խավի անձեռնմխելիությունը: Նախորդ ոստիկանապետերից և ոչ մեկը երբեք չէր համարձակվի ձերբակալել որևէ օլիգարխի, անգամ օլիգարխի թիկնապահի շանը դիպչելը դժվարագույն հոգեբանական խնդիր էր: Սակայն նոր ոստիկանապետն ունի բանակայինի ընկալումներ, ում համար քաղաքացիական կյանքի խաղի կանոնները ոչինչ են:
Այժմ արժի դիտարկել. դա եզակի՞ նշանակում է, թե՞ օրինաչափության սկիզբ է ազդարարում: Ուշագրավ է, որ Երևանում կատարված կադրային փոփոխություններին զուգահեռ կադրային փոփոխություններ տեղի ունեցան Ստեփանակերտում: Այդտեղի ազգանունների և պաշտոնների անունները ոչինչ չեն ասի ՀՀ քաղաքացուն, եթե նա արցախցի չէ, ուստի կբավարարվենք ընդամենը օրինաչափության մատնանշումով` բոլոր նոր չինովնիկները նշանակվել են ուժային կառույցների ներկայացուցիչներից: Այսինքն` բոլոր նորանշանակները սպայական խավի ներկայացուցիչներ են:
Կարծում ենք, որ Ստեփանակերտում պարզապես փորձարկվում է այն, ինչն այնուհետ համատարած կկիրառվի ամբողջ երկրում: 1998-ից ի վեր, երբ Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց ՀՀ նախագահ, Ստեփանակերտում փորձարկված կառավարման մեթոդները տեղափոխվում են Երևան: Իսկ ընտրություններին ընդառաջ այդ միտումն էլ ավելի կշեշտվի:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը խոստացել է եվրոպական կառույցներին անցկացնել լրիվ անթերի ընտրություններ: Բայց միաժամանակ անհրաժեշտություն կա ունենալ այդ ընտրությունների կանխորոշված արդյունքներ: Այդ երկու իրարամերժ պահանջների միաժամանակյա բավարարման հարուստ փորձ է կուտակվել Արցախում, ուր հազար աչքի առկայությունը երբեք չի արձանագրել ընտրությունների որևէ թերություն, բայց միաժամանակ ընտրությունների ելքը միշտ կանխորոշված է եղել: Այսինքն` վարչական ռեսուրսը կիրառվել է շատ հստակ, բայց միաժամանակ` շատ հմուտ: Հիմա էլ հրամայական է առաջացել` նույն փորձը կրկնել ամբողջ Հայաստանի մասշտաբով:
Այդ տրամաբանության շրջանակում միանգամայն հասկանալի են դառնում Հովիկ Աբրահամյանի և Միքայել Մինասյանի հրաժարականները: Երկուսն էլ կենտրոնանալու են բացառապես ընտրությունների վրա` որպես ՀՀԿ նախընտրական շտաբի առաջին և երկրորդ դեմք: Երկուսն էլ, թեև համարվելու են պաշտոն չունեցող, բայց ունենալու են փաստացի նույն լծակները, ինչ ունեին մինչ այդ: Հովիկ Աբրահամյանի ունեցած լծակներն ընդհանրապես կապ չունեն ԱԺ խոսնակի պաշտոնի հետ, դե իսկ Միքայել Մինասյանի իրական պաշտոնը ոչ թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնն է, այլ ՀՀ նախագահի փեսա լինելու հանգամանքը: Հիմա, երբ նա այլևս աշխատակազմի ղեկավարի տեղակալ չէ, իսկ Հովիկ Աբրահամյանը ամսի 20-ից վայր է դնելու պաշտոնական լիազորությունները, այլևս ոչ ոք չի կարողանալու ասել, թե ՀՀԿ նախընտրական շտաբը պետական լծակներ է կիրառում ընտրություններում հաղթելու համար, թեև և մեկը, և մյուսը չեն կորցնելու իրական իշխանության գեթ մեկ տոկոս:
Եվ դա էապես կնպաստի Սերժ Սարգսյանի առջև ծառացած խնդրի լուծմանը` 2012-ի մայիսին ՀՀԿ-ին ապահովել 2 անգամ ավել քվե, քան կստանա ԲՀԿ-ն, որին այժմ ՀՀ նախագահի դեմ դուրս գալու «գունավոր կտեր» են տալիս և ՀԱԿ-ը, և «Ժառանգությունը», և ՀՅԴ-ն: Նշյալ ուժերը փորձում են չափազանց ճարպիկ դուրս գալ` ուրիշների ձեռքերով և ուրիշների զոհողությունների գնով կռիվ անել իշխանության դեմ և, այդ ուժի բաժին թողնելով բոլոր պատիժները, այդ ուժի հաշվին դիվիդենտներ շահել: Սակայն ԲՀԿ առաջնորդը, չնայած մականունին, հակված չէ այդ «կտերը» ուտելու…
Ինչևէ, վերադառնանք Վովա Գասպարյանի հարցին: Նա թերևս ռազմական էլիտայի առաջին, բայց հաստատ ոչ վերջին ներկայացուցիչն է, ով ստանձնելու է առանցքային քաղաքացիական պաշտոն: Սերժ Սարգսյանը և մինչև ընտրությունները, և հատկապես ընտրություններից հետո էլի զինվորագրելու է զինվորականության վերնախավի ներկայացուցիչների: Զի միմիայն ռազմական էլիտայի ներկայացուցիչներն են, որ կարող են տրորելով անցնել օլիգարխիկ խաղի կանոնները, իսկ առանց դրա ոչ մի էական բարեփոխում երկրում հնարավոր չէ:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Անգլոսաքսոնական աշխարհը հոկտեմբերի վերջին տոնում է այսպես կոչված «Հելլոուինը», կամ «բոլոր սրբերի օրը»: Տոնում է սատանայական, վհուկային կամ այլ դժոխային հանդերձներով, զի հավատալիք կա, որ այդ օրը անդրաշխարն ու այսաշխարհը խառնվում են իրար և, ի դեպ, տոնի անունը ծագում է Hell բառից, որը նշանակում է դժոխք: Ու թեև մեր երկրում Հելլոուին տոնում են հիմնականում ամերիկյան բարքեր ընդօրինակած որոշ երիտասարդներ, և տոնը որպես այդպիսին մեր հանրությունը չի ընդունում, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցան իրադարձություններ, որոնցում հաստատ «սատանայի մատը» խառն է…
Շատերն իրենց հարց են տալիս` էս քաղաքապետը ինչո՞ւ հրաժարական տվեց: Հրաժարականից առաջ էլ քաղաքապետարանի դիմաց դրած մեծ երկնագույն փղի նկարը հայտնվեց Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում… տեսնես այդ ո՞ւմ էր նուրբ ակնարկով «գալուբոյ» անվանում: Ու թեև հետո շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, որ երկնագույն փիղը խորհրդանշում է երկնագույն վառելիքը` այսինք գազը, որի հետ «Գազի Կարենը» առնչվել է ամբողջ կյանքում ու հիմա էլ է շարունակելու առնչվել, զի 300 հազար դրամ քաղաքապետական աշխատավարձը փոխարինելու է 150 հազարանոց աշխատավարձով, բայց դոլարով` «Գազպրոմի» վերնախավում, այնուամենայնիվ, մի բան էն չի: Մանավանդ, որ ինքը` արդեն նախկին քաղաքապետը, նշեց, որ դժվարությամբ է ընդունել հրաժարականի որոշումը, և դա ոչ միանշանակ ընկալվեց և իր ընտանիքի կողմից…
Բավականին ակտիվ խոսակցություններ կային, որ նա ինչ-ինչ շփումներ էր սկսել Ռոբերտ Քոչարյանի ճամբարի հետ, և այդ պատճառով էլ գերադասելի համարվեց գոնե առայժմ նրան փոխարինել ուղնուծուծով հանրապետական Տարոն Մարգարյանով, որպեսզի մայրաքաղաքում ընտրությունների ժամանակ տհաճ անակնկալներ չլինեն: Ճիշտ է, Կարապետյանը միշտ էլ մտերիմ է եղել Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն երևի սովորական մտերմությունից առավել ինչ-ինչ բաներ եղել էին: Իսկ դրանց ծագումնաբանությունը մեկն է`ՀՀԿ – ԲՀԿ հարաբերությունների վերջնական հստակության բացակայությունը, գումարած Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցի հանգամանքը:
Հարկ է նշել, որ ըստ հանրապետականների, Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա գերազանցել է բոլոր սպասելիքները: Մինչ այդ Սանկտ-Պետերբուգում վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ այնուհետ Մոսկվայում` Սերժ Սարգսյանը հաստատել են, որ Հայաստանը մտադիր է մտնել Վլադիմիր Պուտինի առաջարկած Եվրասիական միություն: Ու հենց Եվրասիական միության հանգամանքն է քաղաքական հետնաբեմում ինդիկատոր համարվել` արդյո՞ք Ռուսաստանի փաստացի տիրակալ և ապագա նախագահ Պուտինը անվերապահ աջակցելու է ՀՀ նախագահին և ՀՀԿ-ին, թե՞ առավել «ռուսամետ» կհամարվի ԲՀԿ-ի թիմը և նրա թիկունքում ուրվագծվող Ռոբերտ Քոչարյանը…
Կարծես թե ամեն ինչ նաև այդ տրամաբանության շրջանակում ակնհայտ էր մոսկովյան այցից հետո. իհարկե, ՀՀ նախագահը, և իհարկե ՀՀԿ-ն…
Այսինքն` ամեն ինչ գնում էր նրան, որ ԲՀԿ-ն ինքնուրույն խաղի մեջ չի մտնում, ու ամեն ինչ մնում է կոալիցիոն հուշագրի շրջանակներում: Բայց հանկարծ վարչապետը հայտարարում է երկու բան` որ ով ՀՀԿ-ի հետ չլինի, կարժանանա «կոտրած տաշտակի», ու որ Հայաստանը թերևս մտադիր չէ ընդգրկվել Մաքսային միությունում, քանզի Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի: Մինչդեռ հենց Մաքսային միությունն է Եվրասիական միության առանցքային բաղադրիչը… Ստացվում է, որ մի կողմից «կոտրած տաշտակի» մասին խոսքը կոալիցիոն գործընկերներին հղած ուղերձ էր` անհապաղ «ներկայանալ կզարան», մյուս կողմից` ռուսներին հղած ակնարկ, թե` միգուցե Եվրասիական միություն մտնելու հարցով փոշմանենք:
Պարզ է, որ ԲՀԿ-ն պիտի զայրանար: Այսպես, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է. «Հարգարժան վարչապետի ասածին կարելի է արձագանքել աստվածաշնչյան խոսքերով` «զի քո է արքայություն եւ զորություն, եւ փառք հավիտյանս հավիտենից. ամեն»:
Նաիրա Զոհրաբյանն էլ ԱԺ ճեպազրույցին հայտարարեց, որ մտադիր էր պատասխանել վարչապետին, սակայն բավարարվում է վարչապետի խոսնակ Արամ Անանյանի հայտարարության հրապարակումով: Իսկ վարչապետի խոսնակի ասածի իմաստն այն էր, որ Տիգրան Սարգսյանը նկատի չուներ ԲՀԿ-ին և անգամ ԱԽՔ-ի կուսակցությանը:
Հարց է ծագում, թե ո՞ւմ էր հղած «կոտրած տաշտակը», ովքե՞ր պիտի աղերսեին` զտաշտակ մեր հանապազոր տուր մեզ արդյոք… Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, դաշնակնե՞րը, Րաֆֆի՞ն: Բայց նրանք առանց այդ էլ կարծես գլխանց «կոտրած տաշտակի» ասպետ են:
Ու ամենահետաքրքիրը` «իմաստնագույն» Գալուստ Գրիգորիչի հայտարարությունը. «Դա կուսակցության հայտարարություն չէ, դա կարծիք է, որը բխում է կուսակցության գաղափարախոսությունից, կուսակցության տեսակետը հայտնում են կուսակցության նախագահն ու նրա տեղակալները»,-ասել է նա ու ընդգծել, որ համաձայն չի, որ վարչապետը նկատի է ունեցել այն, ինչը խոսակցությունների տեղիք է տվել: Եթե դրան գումարենք նաև այն, որ ԲՀԿ առաջնորդը և ԱԺ նախագանը ՀՀ նախագահի հետ քննարկել են «բացառապես տնտեսական հարցեր», ապա տրամաբանորեն ստացվում է, որ իրականում կանխվել է ներկոալիցիոն պայթյունը, որի համար թեև ռեալ հիմքեր չկային, բայց դրան «մազ էր մնում»: Ի դեպ, Գալուստ Սահակյանի պնդումը, որ « կուսակցության տեսակետը հայտնում են կուսակցության նախագահն ու նրա տեղակալները», հաստատ վերաբերում է նաև Մաքսային միության վերաբերյալ վարչապետական տեսակետին…
Դե ինչ, դա կամ լավ եփած ինտրիգ էր, կամ էլ «տրամադրությունները շոշափելու» ինչ-ինչ գործողություն: Այսինքն` Հելլոուինին լրիվ սազական «սատանայական բան»: Քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ փաստորեն դրա «անիվի» տակ ընկավ, ու «մուֆթա տեղը քոթակ կերանք խնամիս ու ես»:
Հա, քիչ էր մնում մոռանայի ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը: Բոլոր հռետորները ժողովրդին ասում էին, որ սկսում են «ազատամարտ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների դեմ», Նիկոլն իր ձայնը գրեթե խզեց «Սերժիկ, հեռացի՛ր» վանկարկումներով, բայց վերջում եկավ Լևոնը ու հայտարարեց, որ եթե Սերժը հրաժարական չտա, պիտի պատրաստվեն ԱԺ հերթական ընտրություններին, որպեսզի ԱԺ մեծամասնություն վերցնեն և Սերժ Սարգսյանին իմպիչմենթ անեն: Երևի Հելլոուինն է մեղավոր:
ՇաբաթվաՎարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մինչ թիվ 1 համաշխարհային լուրին` գնդապետ Քադաֆիի մահվանն անցնելը, ավելորդ չենք համարում ներիշխանական թեմային` ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանն անդրադառնալը: Թեման իրականում ոչ ևս է` երկու կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ այդպիսի հարց չի քննարկվել ու չի քննարկվելու: Եթե ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հաստատել էր, որ կոալիցիայի հետագա ճակատագիրը ՀՀԿ գործադիր մարմնի քննարկման առարկա է, որը պիտի շարունակվեր այս հինգշաբթի, ապա հետո սկսեցին հերքել քննարկման փաստն իսկ:
Ի՞նչ է դա նշանակում` շատ հասարակ փաստ: Որ ԲՀԿ-ն որոշել է չհակադրվել ՀՀԿ-ին, և համատեղ որոշել են ասել, որ հակադրություն երբևէ չի էլ եղել: Որ ամեն ինչ կոալիցիոն հուշագրի շրջանակում է և դրանից դուրս երբեք չի էլ եղել: Դե հետո ինչ, որ երիտասարդ պատգամավոր Սահակյանը ինչ որ բաներ է ասել. նրան տևական ժամանակ չեն գտնի, հետո էլ կմոռացվի: Թե շատ համը դուրս գա` թատերականացված ձևով կզոհաբերեն, միաժամանակ ապահովելով անաղմուկ շահեկան առաջխաղացում գործադիր որևէ օղակում, ուր հրապարակավ երևալը քիչ է, իսկ ռեալ օգուտ ստանալը` շատ… Խոշոր հաշվով, այդպես էլ պիտի լիներ:
Եթե սկզբում աշխարհաքաղաքական հաշվարկն այն էր, որ Մոսկվայում ԲՀԿ-ի իրական տիրոջը` Ռոբերտ Քոչարյանին, կհամարեն ռուսամետ, իսկ Սերժ Սարգսյանին` չեզոք, ապա դա տապալվեց, հենց որ արևմտամետ համարվող Տիգրան Սարգսյանի շուրթերով «այո» ասվեց Պուտինի առաջարկած Եվրասիական միությանը: Հետագայում էլ կանխատեսելի է, որ «ամենառուսամետ» հայտարարությունները կհանձնարարվեն «Արևմուտքի մարդ» համարվող Վիգեն Սարգսյանին. ՀՀ նախագահը ի ցույց է հանում, որ համակարգի ներսում զրո դեր ունեն ազդեցիկ պաշտոնյաների քաղաքական ճաշակները: Դե բնական է, որ եթե համակարգային առումով որոշումներն ընդունվում են հայ-ռուսական անխախտ դաշինքի շրջանակներում, ապա Մոսկվան, իշխանության ամենավերին օղակները թողած, փնտրելիք չունի այլ օղակներում, լինեն դրանք իշխանամետ, թե ընդդիմադիր:
Նույնը տեղի է ունենում նաև Փարիզի և Վաշինգտոնի պարագայում: Ֆրանսիական կողմնորոշման խորհրդանիշ ԱԽՔ-ը վաղուց է քաղաքական զրո ամբողջի վերածված, Ռոբերտ Քոչարյանի ճամբարում էլ այդ ուղղության մասին հիշել չեն կարող, քանզի կենտրոնացել էին փակուղի մտած մոսկովյան ուղղության վրա: Ինչ վերաբերում է ամերիկյանին, ապա Վաշինգտոնի հիմնական «5-րդ շարասյունից», վաղուց են մնացել միայն կոտոշներն ու սմբակները, Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց իր չափազանց ցածր արդյունավետությունը և որպես ապագա նախագահացու, և որպես կուսակցապետ, իսկ «Ազատ դեմոկրատներին» դեռ մի քանի տարի ժամանակ և մի քանի պարկ փող է պետք` գործոն դառնալու համար:
Իսկ հիմա անցնենք Լիբիայի 42 տարվա առաջնորդ գնդապետ Քադաֆիի մահվանը: Մինչև վերջ զինվորականի, առաջնորդի և հայրենասերի պարտքը կատարած և մարտական իրավիճակում զենքը ձեռքին զոհված, հիրավի մեծ հարգանքի արժանի այդ գործիչը կարողացավ հսկայական դերակատարում ունենալ ինչպես «Մեծ Մերձավոր Արևելք» կոչվող տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Նա կարողացավ հիմնովին արգելակել «արաբական գարուն» անունը ստացած գունավոր հեղափոխությունների շարանը, և մեկ տարի դիմադրելով ամբողջ ՆԱՏՕ-ին` հետաձգեց անկարգությունների հրդեհի մոտենալը մեր երկրի սահմաններին: Դրա համար տրամաբանական է ասել` շնորհակալություն, գնդապետ… Նրա դիմադրության շնորհիվ մինչև հիմա կանգուն է Բաշար Ասադի ռեժիմը Սիրիայում, որը նաև դիմադրության դաս ստացավ, գումարած դրան` այդ ընթացքում ռուսները խելքի եկան, և ի տարբերություն Լիբիայի, էլ չեն հանձնի Սիրիայում առկա սեփական ռազմավարական շահերը: Քանզի Սիրիայում է բազավորված Միջերկրական ծովի նրանց վերջին ռազմածովային հենակետը:
Ռուս-ամերիկյան «պերեզագրուզկա» կոչվող աբսուրդին վերջ տալը նշանակում է նաև, որ նրանք չեն հանձնի և Կովկասի իրենց վերջին ռազմական հենարանը: Ավելին, կգնան բազում քաղաքական և տնտեսական քայլերի, միայն թե պահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում: Ու էլ խոսք չի կարող գնալ այն մասին, որ Արցախի հարցում մեր շահերի հաշվին առևտրով վտանգեն Կովկասում իրենց ներկայությունը որպես այդպիսին: Այնպես որ, կրկին գնդապետի արածը օբյեկտիվորեն մեզ օգուտ բերեց:
Համացանցի շնորհիվ նաև փչացվեց «ժողովրդավարության հաղթանակի» պատկեր մատուցելը «տեղեկատվական մատրիցայի» վիրտուալ իրականությանը սովոր արևմտյան սպառողական հանրույթին. այն տեսարանները, թե ինչպես են բորենիների պես հոշոտում Քադաֆիի մարմինը, մեղմ ասած, պիտանի չէր «դեմոկրատիայի բարձր իդեալների հաղթանակի» պատկեր ձևավորելուն: Գնդապետի «հարամ ալեյկում» բացականչությունները («սալամ ալեյկում»-ի ճշգրիտ հակապատկերը) լավ էլ հարամեցին ՆԱՏՕ-ի «գեղեցիկ հաղթանակը» անգամ անասնացած «քաղաքացիական հասարակությունների» աչքում: Ու նաև ակնհայտ է, որ նույն Լիբիայում կռիվները էլ ավելի սարսափելի քաղաքացիական բախումների տեսքով դեռ երկար են շարունակվելու ու պրոբլեմ ստեղծելու բոլորի համար: Անշուշտ, ՆԱՏՕ-ի օպերացիաների դադարեցումը` տեղեկատվական վակումի ուղեկցությամբ, նաև կնշանակեն նորանոր «դեմոկրատիայի պաշտպանության» գործողությունների ծավալում այլ երկրներում, ու այդ հրդեհն արդեն ավելի կմոտենա Հայաստանի սահմաններին, սակայն մեր երկրում, բարեբախտաբար, «արաբական գարուն» սարքելն այլևս ուշ է:
Որո՞նք են գնդապետ Քադաֆիի դասերը: Ինչպե՞ս նրան, ի տարբերություն այլ ավտորիտար առաջնորդների, հաջողվեց մեկ տարի դիմադրել միաժամանակ «գունավոր» տեխնոլոգիաներին և ՆԱՏՕ-ին: Այդ հարցերի պատասխանները կարևոր են նաև մեր երկրի համար:
Նախ` ֆեյսբուքային հեղափոխական ցանցային քարոզչությունը պակաս արդյունավետ եղավ, զի հսկայական նավթային պաշարներ և քիչ բնակչություն ունեցող Լիբիայում շատ բարձր կենսամակարդակ էր: 42 տարում ոչինչ չունեցող անապատականները սկսեցին ապրել բարեկեցության այնպիսի ստանդարտներով, որ միգուցե ամերիկացիներն էլ նախանձեին: Բայց միաժամանակ բարձր կենսամակարդակի առաջնայնությունը չար կատակ խաղաց Քադաֆիի գլխին. սպառազինության վրա քիչ փող ծախսելը խոցելի դարձրեց Լիբիան ՆԱՏՕ-ի հարվածների նկատմամբ: Դա հատկապես վերաբերում է հակաօդային պաշտպանության համակարգին: Բարեբախտաբար, Հայաստանը ոչինչ չի խնայում բանակի համար, և այդ դրվածքն անփոփոխ է 1992-ից ի վեր…
ԻՆչ վերաբերում է ցանցային հակապետական քարոզչությանը, ապա մերոնք հաջողությամբ կիրառեցին Իրանի փորձը: Հիշեցնեմ, որ 2009-ին սկզբում Իրանը փորձում էր պայքարել «գունավոր» քարոզչության դեմ, սահմանափակելով ինտերնետ հասանելիությունը: Բայց երբ ամերիկացիները տեխնիկապես հաղթահարեցին դա, Իրանի հատուկ ծառայություններն անցան հեղափոխական քարոզչությանը հակառակ տեղեկատվական հոսքով «խորտակելու» գործելակերպին, և դա տվեց փայլուն արդյունք: Իրանի փորձի ընդօրինակումը մեր երկրում 2010 թվականին և 2011-ի սկզբներին բերեց նրան, որ համացանցի հայկական հատվածում 80-85 տոկոսով գերիշխում է պետականամետությունը:
Սակայն սկսվեց երկխոսություն կոչեցյալը, կամ ավելի ճիշտ` սակարկությունների, «գյալաջիների» շրջանը: Դա այն աստիճանի հիասթափեցրեց և վանեց ՀԱԿ-ի` հեղափոխականորեն տրամադրված հանրային հենարանին, որ «գյալաջիի» ամեն հաջորդ փուլին իշխանությունը կարող էր ավելի ու ավելի քիչ բան առաջարկել ՀԱԿ-ին: Ու եթե Լևոն Տեր-Պետրոսյանի 350 հազարանոց հեղափոխական ընտրազանգվածը ՀԱԿ-ից լիովին հիասթափեցնելու համար պահանջվեց շուրջ 9 ամիս, ապա բանակում տեղի ունեցածի շուրջ բանակցողներին հիասթափեցնելու համար մեկ ամսվա «գյալաջիներն» էլ բավարար են: Իսկ հ/կ-ներին «երկխոսություններից» հրաժարվելը ավելի դժվար է, քան ՀԱԿ-ին. չէ՞ որ երկխոսությունը վիրտուալ «արևմտյան ժողովրդավարության» անկյունաքարն է…
Իսկ թե ինչու Հայաստանում չաշխատեց «Վիկիլիքսի» բացահայտումների գործիքը, որը բազում երկրներ ցնցեց` այդ մասին մի ուրիշ անգամ, կամ ինչպես կասեր Գագիկ Ծառուկյանը` «հաջորդ դասին»:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Համայն հայության ուշադրության կենտրոնում Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղն էր: Եվ հաղթանակը` 4:1 հաշվով, այն էլ այն պայմաններում, երբ Էրդողանը խոստացել էր խոշոր պարգև ցանկացած թիմին, որը կհաղթի Հայաստանի մարզիկներին, եկավ փաստելու, որ մեր ազգը իր եռանդի բարձրակետին մոտ է: Դրա ավելի վաղ վկայությունն էր սեպտեմբերի 21-ի զորահանդեսը, որից հետո ակնթարթորեն սսկվեցին բոլոր նրանք, ովքեր զբաղված էին մեր բանակը վատաբանելով:
Բանակի հարցով ճշմարտության պահը եկավ զորահանդեսին, և ակնթարթորեն զրոյացվեց ամբողջ մշակված, բոլոր տեղեկատվական տեխնոլոգիաների կանոններով անցկացված հմուտ հակաբանակային արշավը: Կարիք չեղավ ժողովրդին երկար-բարակ բացատրելու, որ մեր բանակը Հարավային Կովկասի լավագույն բանակն է ու հակառակորդ Ադրբեջանի հսկայական ռազմական ծախսերի արդյունավետությունը չափազանց ցածր է, կարիք չեղավ բացատրելու, որ մեր բանակում հանցագործությունների մակարդակը ավելի ցածր է, քան միջինը երկրում, մինչդեռ սովորաբար պատկերը հակառակն է լինում… Բոլոր փաստարկներն ու հակափաստարկները ավելորդ դարձան, զի ժողովուդը պարզապես տեսավ և ԶԳԱՑ իր ծոցից ելած և իր զավակներով համալրված բանակի իրական զորությունը, և միանգամից պարզ դարձավ, որ խաղաղությունն ավելի հուսալի է պաշտպանված, քան կարելի էր պատկերացնել մինչ այդ: Խոսքերը պարզապես ավելորդ դարձան` ճշմարտությունը հասկանալու համար:
Ճշմարտության պահը գալիս է և մյուս հարցերով: Զորօրինակ` ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի: Զորահանդեսից հետո մեկ վայրկյանում հասկացան, որ բանակը սևացնելը իրենց ոչ թե դիվիդենտներ կբերի, այլ կվարկաբեկի, ու անցան բանակի փառաբանմանը: Այս հինգշաբթի էլ հասկացան, որ Մակեդոնիայի հետ ֆուտբոլային խաղը ժողովրդի համար ավելի կարևոր է, քան իրենց բոլոր հանրահավաքները` միասին վերցրած: Բայց մի հարցում շատ դաժան սխալվեցին` Վանուշ Խանամիրյանին հրաժեշտ տալու արարողության: Երբ մեծամտաբար մերժեցին Վանուշ Խանամիրյանի հոգեհանգստի օրը երեք ժամով հրապարակից վրանները հանելու խնդրանքը, դրանով կնքեցին սեփական քաղաքական և բարոյական մահկանացուն: Արարողության տեղափոխումը Ֆիլհարմոնիայի դահլիճ դարձավ նրանց պյուրոսյան հաղթանակը, զի ապացուցեցին, որ չունեն ոչ միայն բարոյականություն (ինչի բացակայությունը քաղաքական դաշտում հույժ տարածված է), այլ նաև խելք (այ դա արդեն քաղաքականությունում դաժանաբար է պատժվում): Եթե համաձայնվեին 3 ժամով վրանները հանելուն, ապա կշահեին ցանկացած տարբերակում. եթե 3 ժամ հետո վրանները նորից տեղադրվում են, ապա հանրությունը հարգանքով է լցվում ՀԱԿ-ի նկատմամբ, իսկ եթե ոստիկանությունը այլևս թույլ չի տալիս վրանները նորից տեղադրել` այդ հարգանքին գումարվում է նաև իշխանության նենգությունը պնդելու մասին իրավունքը` դրա բոլոր դիվիդենտներով հանդերձ: Անշուշտ, չի կարելի ասել, որ ՀԱԿ-ում դա չհասկացան: Հասկացան, բայց այլևս ուշ էր. նախաֆուտբոլային «մինի հանրահավաքի» ժամանակ կառավարական հանձնաժողովի և ոստիկանության հետ այդ հարցով բանակցած Արամ Մանուկյանը կմկմալով հայտարարեց, թե ինչքան մեծ է հարգանքը Վանուշ Խանամիրյանի հիշատակի նկատմամբ: Բայց այլևս ուշ էր, այլևս գործողության մեջ էր «էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու» սկզբունքը: Ու այլևս ՀԱԿ-ի երեսին չեն ուզում նայել անգամ հակաիշխանական տրամադրվածություն ունեցող ազատական հայացքների տեր երիտասարդները…
Սակայն չի խանգարի անդրադառնալ և ՀԱԿ-ի «աչքի գրող» Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվացման հարցին: Պատահական չէ, որ բոլոր իշխանությունների օրոք կոնյուկտուրային պատվերներ սպասարկած Ահարոն Ադիբեկյանը հանկարծ «դուխով» հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն իր վարկանիշով զիջում է անգամ բեղերը սափրած Րաֆֆուն: Այդ ծեր աղվեսը պարզապես իր հոտառությամբ զգաց, որ Քոչարյանը իշխանության եկող չի, հետևաբար` իր այդ «բլթոցները» անպատիժ կմնան: Սակայն Ադիբեկյանը հանրությանը չասաց Ռոբերտ Քոչարյանի` թափով չվերադառնալու բուն պատճառը, որը բավականին պարզունակ է: Երկրորդ նախագահի հիմնական քաղաքական հենարանը ԲՀԿ-ն է, և բավականին քիչ վաստակ ունեցող մարդիկ կան, ովքեր կցանկանան անցնել ԲՀԿ առաջնորդի թրի տակով: Որովհետև զուտ անձի տեսակետից այլևս իրենք իրենց չեն հարգի: Այսինքն` ռեալ ԲՀԿ-ի շուրջ կարող են հավաքվել հիմնականում նրանք, ովքեր գնալու ուրիշ տեղ չունեն: Միգուցե դաշնակները (որոնք Եսայի քահանայի շնորհիվ վերջերս «վառվեցին» անգամ «Կյանքի խոսքի» հետ շփումներից չխորշելու գործի վրա), միգուցե ԱԽՔ-ի կուսակցությունը, որից ձգտում են ձերբազատվել հանրապետանները, գումարած այլ մարած քաղաքական օբլիգացիաները… Ու հենց դա շուտով կդառնա ճշմարտության պահը Քոչարյանի ճամբարի վերաբերյալ:
Իսկ ՀՀԿ-ին վերաբերող ճշմարտության պահը այն է լինելու, որ այդ կուսակցությունը շարունակելու է մնալ ուժեղագույնը, ինչքան էլ Ազատության հրապարակում կիլոներով ՀՀԿ անդամատոմսեր ցուցադրեն: Եվ շատերը անակնկալի են գալու` բացահայտելով, որ «փափուկ վարվող», ինքն իրեն Քոչարյանի պես «ուժեղ նախագահ» և «միակ տղամարդ» չհռչակող, փոխզիջումների մշտապես հակված Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ թիվ 1 ֆիգուրը, որն արդարացնում է շախմատի ֆեդերացիայի նախագահի իր կոչումը…
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Վիդեո