Լուրեր
Արխիվ

Հուլիս 2014
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
ՌՈւԶԱՆ ԱՎՈՅԱՆ
Եկեղեցին այժմ հույս դնելու չէ Հուլիս 03, 2014 | 14:31

Ցավով եմ ասում. մեր հոգևորականները վախկոտ են

Եկեղեցու խնդիրները պարբերաբար լուսաբանելը, հուսով ենք կօգնի ինչ-որ բան շտկել, և հայ մարդը, որն այսօր հույսը միայն Աստծո վրա կարող է դնել, եկեղեցում էլ փնտրի – գտնի իր հարցերի պատասխանը:

Մեր զրույցը կարգալույծ արված հոգևորականի ՝Ռուսաստանի և Նախիջևանի թեմի նախկին առաջնորդ Տիրան Կյուրեղյանի հետ, փորձում է գտնել մի շարք հարցերի պատասխաններ:

- Ինչպե՞ս են ապրում ձեր շրջապատի մոսկվաբնակ հայերը:

- Դե տարբեր են նրանք, լավ ապրողներ էլ կան, բայց մի բան պարզ է. պետք է պայքարել, ապրել, ավելի շատ իմանալ, որպեսզի հայրենիքը հզորանա: Ուրիշ ճանապարհ չկա: Ամեն ինչ կփոխվի, սևն ու չարը երկար չի մնա, ես հավատացած եմ: Առայժմ անհույս է, դժբախտաբար: Այստեղ ապրում են, աշխատում են Հայաստանում մնացած հարազատներին օգնում են, բայց ահավոր վիճակ է. 80 տոկոսը վարձով է մնում: Իրենց աշխատածի զգալի մասը տան վարձ են տալիս, ապրում են, մի փոքր էլ կարողանում են հայրենիք ուղարկել: Այդ մի փոքր ուղարկվածից այդ օլիգարխ կոչվածը կողոպտում է: Ուզած պահի բարձրացնում կամ իջեցնում են դրամի փոխհարաբերությունը.

- Եկեղեցու իշխանություններից դժգոհողների պակաս չկա, սակայն հոգևորականները չեն բարձրաձայնում իրենց ասելիքը՝ վախենալով վերինների ոխակալությունից, հիմնականում անզոր լինելով փոխելու իրենց կյանքը՝ տղամարդավարի հեռանալու գաղջից ու ճահճից: Քիչ թե շատ խոսում են կարգալույծ արված հոգևորականները, եթե հեռացվելուց հետո, դեռ հետաքրքրված են մնում եկեղեցու կյանքով:

- Շատ լավ հոգևորականներ էլ կան Հայաստանում, բայց կարևորը ղեկավարությունն է և իրենց օրենքները: Ցավալի է, և ցավալին այն է, որ մի խումբ եկեղեցականներ միացած են, նույն կողոպտիչ աշխատանքն են կատարում: Կան լավ հոգևորականներ, որոնք իրոք եկեղեցուն ծառայություն են մատուցում, բայց ոչ առաջնորդները:

Օրինակ՝ Վանաձորի սրբազանը՝ Սեպուհ Չուլջյանը, լավ հոգևորականի աշխատանք է կատարում: Երբ ես սարկավագ էի, Վազգեն կաթողիկոսի ժամանակ, վեհարանում էի ծառայում՝ նրա հայրը ընտանյոք հանդերձ ծնկաչոք եկավ (այն ժամանակ Ղարսի գիծը բաց էր) կաթողիկոսի առաջ, թե՝ ինձ թողեք Հայաստան, հետ չգնամ Թուրքիա: Այսպես իր ընտանիքը եկավ: Լավ հոգևորական է Աբրահամ սրբազանը՝ Սյունիքի առաջնորդը: Լավ հոգևորական է Միքայել Աջապահյանը՝ Շիրակի թեմի առաջնորդը, չնայած վերջերս Գարեգինն իրեն էլ ճնշեց, ուզում էր հանել, հիմա մի քիչ փոխվել է: Մինչև վերջերս էլ իրավիճակը լարված էր: Նրան էլ երևի իշխանության կողմից ճնշում եղավ, հիմա փոխվել է՝ գովում է Գարեգինին: Չնայած Մոսկվայում եմ ապրում, բայց տեղյակ եմ բոլոր հարցերից: Կոտայքի թեմի  առաջնորդ Առաքել սրբազանն էլ վատը չէ: Վարդապետների մեջ շատ լավ տղաներ կան, բայց ինքը (Գարեգին Բ-ն-խմբ.) ճնշում է նրանց:

-Ի՞նչ ասել է լավ հոգևորական. նրանք իրենց ապրած կյանքով պետք է ապացուցեն դա, իսկ շատերը… 

-Լավ հոգևորական ասելով հասկանում եմ, որ եկեղեցին է սիրում, գիտի եկեղեցու կարգուկանոնը, նյութապաշտ չէ և ծառայում է ժողովուրդին: Ցավով եմ ասում, որ մեր հոգևորականները վախկոտ են:

- Եկեղեցին թե ձեր ժամանակ, թե այսօր, յուրահատուկ «մաֆիոզ» կառույց է, վերևներում հսկայական գումարներ են պտտվում մինչդեռ ներքևում ընտանիք պահող քահանաները մի կերպ են ապրում:

- Այո, այսօր արտասահմանից բազմաթիվ պոլսահայեր, Թուրքիայի հարուստ հայեր ուզում են իրեն օգտակար լինել ու գումարներ են տալիս այսինչ- այնինչ եկեղեցուն, հիվանդանոցին, ծերանոցին օգնելու համար: Գարեգինն ասում է, թե ինձ պետք է տաս: Մոտս մի անձ էր եկել, Սիբիրից,  մի հարուստ մարդ, որ հողամաս էր գնել իր գումարներով, որ պիտի կազմեր 2 միլիոն դոլարի նախահաշիվ՝ եկեղեցի կառուցելու համար: Հայաստանի առաքելական եկեղեցու առաջնորդը պիտի հաստատի: Առաջնորդը Գարեգինի եղբայրն է: Երկու-երեք ժամ բանակցել  են: Պատմում էր, որ Եզրասն ասել է ՝ «Դու չպետք է կառուցես, քո 2 միլիոնը մեզ տուր, մենք կկառուցենք», նա էլ ասում է՝ «Եղբա′յր, քո գործը չէ, պրոեկտը երկու միլիոնի է, ես եմ ծախս անելու», ասում է՝ չէ, ու այդպես էլ չհաստատեց, մարդն էլ թուղթը ճղեց գնաց: Ահա այսպես կամաց-կամաց հեռացնում են եկեղեցուց:

Չի կարելի որևէ հայի Էջմիածնից կտրել. Էջմիածինը համայն հայության խորհուրդն է: Էջմիածնի հետ խաղ մի արեք. Էջմիածինը հզոր նեցուկ է, լծակ փրկության, հզորացրեք Էջմիածինը: Էջմիածինը քարաշեն կառույց չէ, այն խորհուրդ է համայն հայության: Գարեգին Առաջինին գերեզման մտցնողն այդ քարերը եղան, որովհետև փաստը ցույց է տալիս, որ նա պայքարեց սուրբ Էջմիածնի դեմ և աշխարհով մեկ բաժանեց հայությանը և այդ քարերը նրան պատժեցին:

Ցավում եմ,որ մեր հոգևորականները վախենում են, մենք լավ ժողովուրդ ունենք, լավ երիտասարդություն կա,և հույս ունեմ որ այս ծանր վիճակը կհաղթահարենք: 20թ, մոխրացած էր Հայաստանը: 89-ից մինչև 91-ը մենք Երևան ստեղծեցինք՝ իր համալսարանով, իր ակադեմիայով, իր բուհերով, գործարաններով: Մեզ չեն կարող շատ ճնշել: Եկեղեցու վրա, եթե ժողովուրդը հույս դնի, ամեն ինչ կփոխվի, սակայն այժմ հույս դնելու չի:

Շարունակելի…

Ռուզան Ավոյան

Կոռուպցիայի դեմ «պայքարի» նոր ձևեր ՊՆ-ում Հուլիս 27, 2013 | 13:58 Ռուզան Ավոյան

Մի քանի տարի առաջ Հայաստանի մամուլը հեղեղվեց Պաշտպանության նախարարությունում տեղ գտած հերթական գանձագողության և զենքի վաճառքի ահավոր փաստերը ներկայացնող հրապարակումներով. Կապի վարչության պետ գեներալ-մայոր Արմեն Բաբուրյանը մեղադրվում էր Կապի ժամանակակից միջոցների և կապի տեխնիկական միջոցների մաքսանենգ առուծախի ու հարյուր-հազարավոր դոլարների հանցավոր յուրացման մեջ:

Հարուցվեց քրեական գործ, Բաբուրյանը հեռացվեց պաշտոնից և, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նա կալանավորվեց:

Սակայն, ինչպես հաճախ է լինում մեր երկրում, պաշտոնյան վերականգնվեց Պաշտպանության նախարարությունում:  Իսկ  այսօր արդեն հանցագործ, դրամաշորթ համարվող Բաբուրյանն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդականն է:

Ըստ ոչ ստույգ տվյալների, այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժն են կրում մոտ 1000 սպաներ՝ լեյտենանտից մինչև գնդապետ, սակայն, գեներալները, որոնք հայոց բանակի փոքր բյուջեից միլիոնավոր դոլարներ են գողանում ոչ միայն չեն պատժվում, այլև նշանակվում են ավելի տաքուկ պաշտոնների:

Ստացվում է, որ մեր երկրում անկախ ամեն ինչից՝ գեներալական ուսադիրներն ունեն գերբնական ուժ, որի դեմ անզոր են անգամ ՀՀ օրենքները:

Շրջանառվում են խոսակցություններ, որ ոչ անհայտ Արշալույս Փայտյանը նույնպես կդառնա պաշտպանության նախարարի խորհրդական:

Ասել է, թե՝ գեներալներն ու բարձրաստիճանները կարող են անպատիժ թալանել մեր բանակի բյուջեն, իսկ զինվորներն ու սպաները, չնայած իրենց չլուծված բազում խնդիրների, պարտավոր են անտրտունջ ծառայել հայրենիքին: Իսկ որ ավելի վատ է, մեր ղեկավարության հենց նման վերաբերմունքն է բերում  բարոյալքության ու արտագաղթի:

Ռուզան Ավոյան

Օրանժը մի արհեստանոց բացելու հնարավորություն չունի՞ Փետրվար 06, 2013 | 11:52 Ռուզան Ավոյան

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Օրանժի ֆլեշի (Ինտերնետային կրիչ) հանդեպ իմ պարտավորությունները կատարելուց հետո, որոշեցի միառժամանակ դադարեցնել ինտերնետ ծառայությունը:

Նախ ասեմ, որ սա առաջին դեպքը չէր. ամռանը ևս, երկրում չլինելու հետ կապված, մեկ ամսով դադարեցրել էի, սակայն այն ժամանակ դեռ ֆլեշը իմը չէր, այսինքն՝ 1 տարի անընդմեջ օգտագործման ժամկետը չէր լրացել: Իսկ այժմ տարին լրանալուց հետո, պարզվեց, որ քարտը վառվում է: Սա շատ հետաքրքիր նորություն էր, որ Օրանժը մատուցեց մեզ. այն պարզվեց  ավելի ուշ, երբ փոխվեց իմ ծրագրերը, և ես որոշեցի կրկին  օգտվել ինտերնետ -ֆլեշից:

Պարզվեց նաև, որ ես պետք է վճարեի ևս 500 դրամ և նոր քարտ գնեի: Գնեցի, սակայն այս անգամ էլ  Տիգրան Մեծ փողոցում «Տաշիր» ԱԿ-ի հարևանությամբ, գտնվող Օրանժի բաժանմունքում ասացին, թե՝ ֆլեշը չի աշխատում:

Զուգադիպություն էր, թե ոչ. թողնենք Օրանժի խղճին:

Բայց այն, որ իրեն ժամանակակից պահանջներին համապատասխան ընկերություն ներկայացնող Օրանժում կարող են ֆլեշը տալ հաճախորդի ձեռքը ու ճամփել,անզորությամբ թոթվելով ուսերը, չէի պատկերացնում:

Մի՞թե հսկայական ընկերությունում մի հասարակ արհեստանոց չեն կարողանում պահել: Զավեշտ է, սակայն աշխատակիցները գլխավոր մենեջերի հետ միասին չգիտեին իրենց անելիքը. «Կամ նոր ֆլեշ պետք  է վերցնեք, կամ տարեք թող որևէ հեռախոսների նորոգման կետում սարքեն»,- խորհուրդ տվեց տնօրենը:

Ֆլեշը սարքվեց շատ պարզունակ  մի փորձից, բայց վերաբերմունքն Օրանժի նկատմամբ փոխվեց: Միթե՞ կարելի է բաժանորդի հետ նման կերպ վարվել, թե՞ դա ֆլեշ վաճառելու նոր ու խորամանկ մեթոդ է:

Ցավոք, մեր քաղաքացին անպաշտպան է նաև այս տիպի հարցերում, ու անգամ նման հսկայական գերշահույթներ ստացող ընկերությունները, ինչպիսիք են կապի օպերատորները՝ տվյալ դեպքում Օրանժը, պետք չունեն մտածելու իրենց վարկի մասին:

Ռուզան Ավոյան

Թող ներվի ասել. մենք աղբ ենք ուտում Դեկտեմբեր 11, 2012 | 19:05 Ռուզան Ավոյան

Այն, որ, թող ներվի ասել, մենք աղբ ենք ուտում թեկուզ հենց երշիկի անվան տակ, արձանագրեց նաև չափազանց զգույշ աշխատող ՏՄՏՊ հանձնաժողովը: Իհարկե, չի բացառվում, որ Շաբոյանը իր տարածած հաղորդագրությամբ ինչ-ինչ հարցեր է լուծում, քանի որ, մեր ունեցած տեղեկությամբ, այն ինչ պահանջում է Շաբոյանը, օրենքում հստակ ամրագրված չէ:

Ավելին, ուսումանսիրվել են փաստաթղթերը, որոնցից շատերի մեջ գոմեշի մսի կամ սոյայի գնման մասին տվյալներ չկան: Իսկ երշիկեղենը փորձաքննության չեն ուղարկել:    Սակայն, սա այլ քննարկման թեմա է:

Այստեղ խնդիրը, որի մասին ցանկանում եմ խոսել, առավել քան պետությանն է վերաբերվում՝ նրա դրսևորած հարգանքին և պետական մոտեցմանը իր քաղաքացու առողջությանը: Մի «բուռ» մարդ ունեցող երկրում, նրանց առողջության հաշվին, միլիոններ աշխատող տնտեսվարողներին  այլ բառով չես կարող կոչել, քան՝ անբարոյականներ: Մինչդեռ ոչ միայն գոմեշի միս, այլև, բառիս բուն իմաստով, աղբ է մատուցվում մի երկրում, որտեղ ճիշտ մոտեցման արդյունքում Հայաստանը կարող է իր տնտեսվարողներ միջոցներով ապահովել ողջ երկրի մսի պահանջարկը:

Ցավով ու նախանձով ես տեղեկանում Ռուսաստանի պես հզոր երկրի վերաբերմունքին ու կոշտ դիրքորոշմանը՝ իր քաղաքացիների շահերի պաշտպանության հետ կապված:

Լրատվամիջոցների հաղորդմամբ. «Մոսկվան արգելք է դրել ռակտոպամինով, (ասել է, թե սննդային հավելում ունեցող) սնուցված ամերիկյան արտադրության մսի ներմուծման, այսինքն՝ ԱՄՆ-ից Ռուսաստան ներկրվող ամբողջ մսի ծավալի վրա: Այդ առումով ԱՄՆ-ի և ՌԴ –ի միջև կարող է նոր առևտրական պատերազմ սկսվել «Մագնիտսկու ցուցակի» ընդունման վերաբերյալ:

ԱՄՆ-ը կարծում է, որ դա Համաշխարհային առևտրական կազմակերպության նորմերի խախտում է:

ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Կանադայից և Մեքսիկայից Ռուսաստան մսի ներկրման արգելքն, ինչ խոսք, վնասում է երկրների առևտրական փոխհարաբերությունները, սակայն  անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայության հսկողությունն արգելել էր ռակտոպամին սննդային հավելումով սնուցված մսի ներկրումը և այն ի կատար է ածվել:

ԱՄՆ-ի համար Ռուսաստանը հանդիսանում է մսի արտահանման շուկայում իր նշանակությամբ 6-րդ գործընկերը և ԱՄՆ-ը Ռուսաստան է արտահանում տարեկան 500 մլն դոլար արժողությամբ միս: Ռուսաստանը պնդում է, որ ինքը չի արգելում ամերիկյան արտադրության մսի ներկրումը, այլ միայն պահանջում է համապատասխան փաստաթուղթ, որը կվկայի, որ անասունները նման սննդային հավելում չեն ստացել: Սակայն ԱՄՆ-ում չկա համապատասխան լիցենզավորում, ուստի դա նշանակում է մսամթերքի մատակարարման դադարեցում:

Ռուսաստանի դրած արգելքը լրջորեն վնասում է ԱՄՆ-ի գյուղատնտեսությանը: Բարաք Օբաման նպատակ էր դրել 2015թ. արտահանման ծավալները կրկնապատկել»:

Ռուզան Ավոյան

 

Ո՞վ է ծնել հրեշին Հոկտեմբեր 27, 2012 | 12:57 Ռուզան Ավոյան

Ստորև բերվող հոդվածը գրել եմ մոտ երեք տարի առաջ, երբ Հունանյանների հայրը ապաստանել  էր անօթևանների կացարանում.Այսօր նա գտնվում է թիվ 1 տուն ինտերնատում, որտեղ մեր երկիրը մի կտոր հաց ու տանիք է տվել ոճրագործի հորը.

 

ԱՊՐՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոկտեմբերի 27-ի հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հայրը գտնվում է թիվ 1 տուն-ինտերնատի մասնաշենքերից մեկում տեղակայված անօթեւանների կացարանում: Իր կյանքի վերջում 72-ամյա մարդը հայտնվել է այս կացարանում: Երեք զավակ ունեցող հայրը, իր ասելով, անհաջող կին ընտրելով, երբեք էլ ընտանեկան ջերմություն չի վայելել:

Անխնամ, հնամաշ հագուստով, պետության հոգածությանը հանձնված տարեց մարդը պատմում էր իր կյանքի պատմությունը՝ ամեն ինչում մեղադրելով կնոջը: Հրաչ Հունանյանը ծնունդով Նոր Բայազետից է, ամուսնացել է 26 տարեկանում. “Ի՞նչ սեր, Մարտունիի ամենագեշ գյուղից էր, 8-ամյա կրթություն ուներ, քույրս կանչեց, ասաց՝ պիտի ամուսնանաս, ես էլ մերոնց խաթրը չկոտրեցի”: Ի սկզբանե իր ընտրությանը լուրջ չվերաբերված ինտելիգենտ ու թուլակամ բանասեր Հրաչի ընտանիքում ջերմություն չի եղել: Սկզբում ընտանիքն ապրել է Նոր-Արեշ թաղամասում, հետո բարելավում են ստացել ու 2 սենյականոց բնակարանը փոխել “Բանգլադեշի” 4 սենյականոցի հետ:

Որդիների հանցագործությունից հետո ծնողների բարդ հարաբերություններն ավելի են բարդացել: Ի վերջո կինը Հրաչին տնից դուրս է վռնդել. “Էդ բացիլին ես չեմ ընդունի, նա տեղով վիրուս է”: Վերջերս Հայաստան է վերադարձել երկար տարիներ Ռուսաստանում ապրող երրորդ որդին՝ Արմենը, որը հավանաբար կապրի հոր բնակարանում, քանի որ մորը՝ 66-ամյա Նաթելային օրերս տեղափոխել են Ավանի հոգեբուժարան: Հրաչ Հունանյանը տնից վռնդվելուց հետո դիմել է դատարան՝ բնակարանից իր բաժինը ստանալու հույսով, սակայն դատարանը մերժել է՝ պահանջելով բնակարանի համասեփականատերեր Նաիրի եւ Կարեն Հունանյանների համաձայնությունը՝ բնակարանը երեքի միջեւ բաժանելու համար, որը չի ներկայացվել, իսկ կնոջը դատարանը բնակմակերես հատկացրել է, քանի որ տունը ձեռք է բերվել համատեղ կյանքի ընթացքում:

“Սկզբում Հրաչը մեզ մոտ ժամանակավոր էր եկել, մինչեւ կլուծեր իր տան հարցը, հիմա չի ուզում գնալ կացարանից: 2 ամսից ավելի է՝ այստեղ է: Փաստաթղթային հարցերն ենք լուծում, հնարավոր է, որ տեղափոխենք տուն-ինտերնատ՝ բնակության”,- ասում է անօթեւանների կենտրոնի տնօրեն Սամվել Թադեւոսյանը:

Հրաչ Հունանյանը պատմում է, որ երկար տարիներ աշխատել է մշակույթի նախարարությունում՝ սկզբում որպես տեսուչ, հետո՝ ավագ տեսուչ, ապա զբաղեցրել է այլ պաշտոններ, կազմել մի շարք ժողովածուներ: Փորձում էի արտաքուստ կիրթ, հանդարտ, ինքնամփոփ մարդուց կորզել, թե ինչ է մտածում ոճրագործ զավակների մասին: “Նաիրին խելոք էր, ինչ ասեմ, սովորում էր, ընդունակ էր, ես գրադարան էի ստեղծել, որ նստեր-սովորեր, ստեղծագործեր, ինձանից լավ ապրեր: Նա գրքերի մեջ մեծացավ, ինչը ես չեմ ունեցել: Պատանեկան տարիքում էլ մեջը չարություն կար. խարդախ, խաբեբա, չարագործ, անկարգապահ, վատ մարդկանց հանդեպ չարանում էր: Բայց նրա արարքը աներեւակայելի էր ինձ համար: Տղաները բոլորն էլ կիսատ են թողել ուսումը: Դրանց մայրն անընդհատ ճչում-գոռում էր, չէր թողնում, որ սովորեն: Նա հոգեկան հիվանդ չի եղել, բայց միշտ էլ տարօրինակություն ունեցել է”,-ասում էր հայրը: Տղաների մոտ հայրը շեղումներ չի նկատել: Տղաները նրա հետ մտերիմ չեն էլ եղել:

Ոճրագործի հայրը պատմում էր, որ Նաիրին լսող չէր, չար էր, եւ նրա ազդեցությունը տարածվում էր եղբայրների վրա: “Մոր հետ էլ առանձնապես մոտ չէին: Այդ կնոջ հետ հնարավոր չէր մոտ լինել, բայց դե, մայր էր”,- ասում էր Հրաչը: Նաիրին ավագն էր՝ 1965 թվին ծնված, Արմենը՝ 1969-ին, Կարենը՝ 1974-ին: Նաիրին ամուսնանալու մտադրություն չի ունեցել, թեեւ 1999-ին արդեն 34 տարեկան էր: Հայրը պատճառը չգիտեր. “Ի՞նչ իմանամ, գուցե հանձնարարություն էր ստացել, բայց ասում էր, որ չի ամուսնանալու: Կարենն էլ չհասցրեց, նա այդ ժամանակ 25 տարեկան էր: Նաիրին ընկերուհիներ ունեցել է, բայց սիրած աղջիկ` չեմ հիշում, ես էլ եմ ուզում իմանալ՝ նա սիրե՞լ է որեւէ մեկին: Որ Նաիրիին տեսնեք՝ հարցրեք…: Մեր տանը սեր չկար, հարգանք չկար, իրար լսել չկար: Նա այնպիսի մայր ուներ, որ… գիշատիչ կին, որ ասում են՝ նրա մասին է: Բայց դե, որ կին է, արդեն գիշատիչ է”:

Նա հիշում է, որ Նաիրին մտերիմ ընկեր չի ունեցել, այժմ էլ նրանց տուն ոչ ոք չի գալիս: Հունանյանների ընտանիքին ոչ ոք օգնություն չի առաջարկել. “Դե որ անեին, իրենց դեմքը ցույց կտային. չարագործի ընտանիքի հարազատ, էդպես չի՞”: Նրա երազանքի մասին հայրը չգիտեր, բայց ձգտում տղայի մեջ նկատել է, ասում է, թե Նաիրին անհանգիստ չէր, բայց արագաշարժ էր, ուզում էր ղեկավար դառնալ, ու եթե աշխատանք տային, պաշտոն տային, նա չէր գնա այդ քայլին: “Ինչ որ արեցին, նրանց խելքի բանը չէր, հանձնարարություն էր, պատվեր էր: Եթե ես իմանայի, կարգելեի, կխանգարեի, չէի թողնի: Վերջում Նաիրին չէր խոսում, բայց զգացվում էր, որ տարերքի մեջ է, նյարդային էր դարձել: Դե, ստեղծագործող էր: Չարիքն էլ է ստեղծագործություն պահանջում”: Հրաչն ասում է, թե Նաիրին դեպքից հետո էլ չէր խոսում իր արածի մասին: Կարող է մտքում ափսոսում էր, բայց բարձրաձայն չէր ասում: Հասկանում էր՝ բաներ կան, որ չեն ասվում, չի ասել՝ ինձ պադստավկա արեցին: Նրան արդարացնելու որեւէ բան չուներ հայրը. “Նաիրիին բարձր պաշտոն էին խոստացել, կարծեմ՝ վարչապետի, դա էլ կողքից եմ լսել, ինքը ոչինչ ինձ չի ասել”: Հրաչ Հունանյանը համաձայն չէ որդու հետ, թե նա ազգի փրկության ծրագիր էր իրագործում. “Ամեն ինչից զրկեց, ի՞նչը փրկեց, ինչ լավագույնն էր մեզ համար՝ զրկեց: Մարդկանց կյանքը խլեց: Երբ իմացա, վատ զգացի, բայց հանգիստ տարա, ի՞նչ անեի, ի՞նչը կփոխվեր”: Հրաչը չի ընդունում, որ տղաներն իր գենն են կրում, ու ինքը ինչ-որ չափով պատասխանատու է նրանց համար: “Նա ուրիշ միջավայրում է մեծացել, ես՝ ուրիշ: Ես ուրիշ մորից եմ ծնվել, նա՝ ուրիշ: Իմ մի կաթիլը տեսնում եք, նրա օվկիանոսը չե՞ք տեսնում”:

Ավելին՝ Հրաչը Կարեն Դեմիրճյանի երկրպագուներից է եղել, որդու ծնվելու տարին Կարեն Սերոբիչը նշանակվել է կենտկոմի առաջին քարտուղար, ինքն էլ տղային, ի պատիվ նրա, անվանել է Կարեն: Նա ասում էր, որ ինքը դժբախտ է, բայց տղաներին սիրում է հավասարաչափ ու ցույց տալիս մատները՝ “ո՞րը կտրեմ”: Արմենը Հայաստան գալիս-գնում է, նա շատ վաղուց է դրսերում, հիմա էլ ընտանիքով (մեկ տղա ու մեկ աղջիկ ունի) է եկել, կարծես արդեն մշտական:

Նաիրիին հայրը մոտ մեկ տարի է՝ չի տեսել. “Գնում ենք՝ չի գալիս, գուցե էլ չկա՞: Վերջին անգամ, երբ տեսա, ասում էր. “Էս շորերի մեջ էս մարմինը լավ չի զգում”: Դե, ստեղծագործող էր, վերջերս մի բանաստեղծություն տպագրեցի. շատ ունի, բայց վերցրել են՝ չեն տալիս: 3-4 ամիսը մեկ է տեսակցությունը, արդեն 4-րդ անգամն է՝ գնում եմ, չի գալիս: Կարենը գալիս է, բայց ինքը՝ չէ: Նրանց առանձին են պահում: Կարենն էլ ոչինչ չգիտի կամ չի ասում: Արմենն էլ, որ եկել է, գնացել է՝ Կարենին տեսել: Ասում էր՝ Նաիրին չի եկել տեսակցության”: Զգացմունքներ վաղուց չկան: Տղաները կարծես չեն էլ կարոտում հորը, նա էլ ծնող է, իր պարտքն է՝ գնում է տեսնելու, թե տղաները կան, չկան, ի՞նչ է պետք նրանց: “Դանդաղ մահ է: Նա էլ չէր ուզենա այդ վիճակում հայտնվել: Վերջին անգամ տեսա՝ սափրված չէր, ահագին աճել էին մազերը”: Ավագ որդու մասին հայրը դժվարությամբ էր խոսում, բայց խոսելիս հիմնականում նրան էր անդրադառնում. “Մայրը ավագ որդուն անընդհատ լարում էր իմ դեմ: Նաիրին ինքը ոգեւորվող էր, շատ էր կարդում”: Իսկ տղայի նախասիրությունները հայրը չի հիշում, նույնիսկ չմտաբերեց, թե նա ինչ ճաշատեսակ է սիրել: “Ճաշ եղե՞լ է, որ սիրեր, մայրը կռվով է կերակրել մեզ”:

Կնոջ աչքը դուրսն է եղել: Հրաչն ասում է, որ կոնկրետ չի բռնացրել, բայց իմացել է: Իսկ որ նա տան կին չի եղել, բոլորին է հայտնի: “Նրա վրա ո՞վ կարող էր. տղաներն էլ իրավունք չունեին բան ասելու՝ մայրն է նրանց պահել, թե ոնց՝ կարեւոր չէ: Մորից են ծնվում, մոր կաթն են ուտում”,- իր մեղքը ոչ մի կերպ չէր ընդունում հանցագործի հայրը, իսկ զրույցի վերջում նույնիսկ իր հայրությունը չէր ընդունում. “Հայրն ի՞նչ կապ ունի, ի՞նչ իմանաս ով է իրականում հայրը”:

 

 

Շինխաղեր` մարդկանց կյանքի հաշվին Հոկտեմբեր 25, 2012 | 19:00

Խանջյան 20 հասցեում կիսակառույց, շինությունը փլուզվել է, քանի որ մեր ունեցած տեղեկություններով, անորակ է եղել կատարված շինաշխատանքը:
Սրա վերջնական պատասխանն, իհարկե, կտա փորձաքննությունը: Սակայն Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Panorama.am-ին հայտնել է, թե շինարարական աշխատանքներն ընթացել են առանց քաղաքապետարանի համապատասխան թույլտվության:
Ասել է թե՝ մայրաքաղաքի կենտրոնում շինարարությունն ընթանում է առանց վերահսկողության, ու եթե չփլվեր շինությունը, այս մասին ոչ ոք չէր իմանա:  Չէր իմանա նաև, որ քաղաքապետի որոշմամբ կառուցապատողը տուգանվել է 2 միլիոն դրամ և շարունակել է սարքել:
Շինության սեփականատերը Մհեր Ավետիսյանն է, որն, իրեն պատկանող «Ջոս» համալիրը վաճառելով Հարություն Փամբուկյանին, որոշել է  դրա հարևանությամբ նոր օբյեկտ կառուցել:
Հետաքրքիր է, որ տարիներ առաջ «Ջոս» -ը կառուցելիս նույն սեփականատերը, նույն խնդրի առջև էր կանգնած. նրան չէին տալիս շինթույլտվություն՝ կանաչ տարածքում այդքան մեծ չափերով հիմնական շինություն սարքելու համար:
Միակ քարե շինությունը ժամանակին մեծ անուն հանած «Հին Հռոմը» մեռնում էր և այգու ու Երևանի ճակատագրով մտահոգվողներն ակնկալիք ունեին, որ այն վերակառուցվելով ևս կփոխի իր պրոֆիլն ու կդառնա թեթև օբյեկտ, իսկ այգին կձերբազատվի կապիտալ շինություններից:
Սակայն եղավ ճիշտ հակառակը. այգում կառուցապատման թույլտվություն ստացավ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Սպորտ կոմպլեքը», որը հսկայական կանաչ տարածք խժռեց այգուց` իր չափերով ու կառույցներով ստվերում թողնելով «Ջոս» -ը:
Դրանից հետո արդեն «Ջոսի» խնդիրները ինքնաբերաբար լուծվեցին ու այն շատ արագ կառուցվեց, իսկ այգում կապիտալ շինարարությունը սկսեց ընդարձակվել: Դեպի ներքև տարածվելով` իր մեջ ներառեց նաև նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին պատկանող սրճարանը:
Քաղաքապետարանը թույլ է տվել, որ կառուցապատումը շարունակվի, բավարարվելով տուգանքով:

Բանն այն է, որ օրենքը ևս խրախուսում է այս գործընթացը. Ապօրինի կառույցն ավելի հեշտ է սեփականաշնորհելը, քան օրինական շինթույլտվություն ստանալը, թե,՛ գումարային, թե՛, փաստաթղթային առումով, սա գիտե յուրաքանչյուրը, ով առնչվել է շինարարության գործին, իսկ դրանից օգտվում է նա՝ ում թուրը կտրում է:
Ի վերջո, չի կարելի մարդկանց այս աստիճանի հիմարի տեղ դնել. Հանրային գերակա շահը չի կարող վերաբերվել միայն շարքային քաղաքացուն, իսկ մյուսներին ակնհայտ արտոնություն բերել:

Հենց այս է, որ հուսահատեցնում է: Մարդիկ չեն գտնում մեր երկրում օրենքի գերակայություն, որի առաջ բոլորը հավասար են և, որը փնտրում ու գտնում են օտար ափերում:

 

Ռուզան Ավոյան

Նախաքննություն` որպես այդպիսին, չի լինելու Հոկտեմբեր 17, 2012 | 15:01

Քրեական դատավարության նոր օրենսգրքում սպասվող փոփոխությունները

«Հայկական վարկածը» պարբերաբար հարցեր է ստանում դատապարտյալներից, նրանց հարազատներից, որոնք ցանկանում են առավել հանգամանալից տեղեկանալ  քրեական օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում սպասվող փոփոխությունների մասին:

Մենք զրուցեցինք  Քրական դատավարության   նոր օրենսգրքի աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի պետական համալսարանի  Իրավաբանության ֆակուլտետի դոցենտ Հրայր Ղուկասյանի հետ՝ փորձելով ներկայացնել քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիմնական փոփոխությունները:

Օրենսգրքի նոր նախագիծը որակական նոր փաստաթուղթ է: Իրավական ակտ, որը շատ լուրջ տարբերություններ ունի գործող օրենսգրքի հետ համեմատած:

Դեռևս 2010 թվականին  կառավարության կողմից ընդունվեց հայեցակարգ , որի հիման վրա պատրաստվում է օրենսգիրքը, ինքը արդեն որոշակի տեսք ունի,  պատրաստի վիճակ, կառավարության կողմից օգոստոսի 7-ին հաստատվել է  նախնական տարբերակը, հիմա օրենսգիրքը մտնելու է Ազգային ժողով, որտեղ քննարկման է դրվելու:

-Ի՞նչ հիմանական առանցքային  ուղղություններ կան այս փաստաթղթում:

-Ասեմ որ, փոխվելու է առաջին հերթին քրեական գործ հարուցելու  կարգը: Մեր գործող օրենսդրության համաձայն՝   այն բավականին ֆորմալիզացված  բարդ ընթացակարգ է.  հաղորդումը  ստանալուց հետո 10 օր նախաքննություն է ընթանում. ստուգում են հանցագործություն կա, թե՞ ոչ, հետո նոր որոշում՝ հարուցել  քրեական գործ կամ մերժել:

Նոր օրենսգիրքն  ահագին պարզեցրել է  այդ ընթացակարգը:

Փորձ է արվելու  այդ ֆորմալիզմից ազատվել:  Երբ օրենքով սահմանաված կարգով հաղորդում է ստացվում  հանցագործության մասին, միանգամից սկսվում է  վարույթը: Այսինքն՝  նախաքննությունը սկսվում է  վարույթ ընդունելու պահից:

Դա նշանակում է , որ գործն ի սկզբանե վարելու է մեկ անձ՝ գործը քննող քննիչը: Ներկայիս՝ հետաքննություն, հետաքննիչներ կամ այլ  անձինք, որոնք նախապատրաստում են գործը հետո տալիս քննիչին, չեն լինելու:

Դուրս են գալու ձևական պահերը, երբ սկզբից բացատրություն են վերցնում անձից, հետո քրեական գործ հարուցելուց հետո է նա ցուցմունք  տալիս և այլն, այդ ամենը հավասարվում է  մեկ մակարդակի : Սկսվեց գործի քննությունը, անձինք դառնում են վկաներ:

-Իսկ եթե գործը չի ունենում այդ հիմքը,  որով քրեական գործ հարուցվի: Ինչքանո՞վ է ճիշտ քննիչին զբաղեցնելը:

-Դրա համար նախագիծն ասում է. առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող:  Հետաքննության իմաստն է փոխվում այսինքն` դա կլինի  օպերատիվ հետախուզական  միջոցառումների համալիր  ծրագիր:

Հ.Գ. Ընթերցողին չծանրաբեռնելու  նկատառումով զրույցը ներկացնում ենք հատվածաբար.

Զրուցեց՝ Ռուզան Ավոյանը

Շարունակելի….

 

ՀՀԿ-ի «վհուկներն» արտոնյա՞լ են Հոկտեմբեր 10, 2012 | 11:59 Ռուզան Ավոյան

Վհուկների որսը շարունակվում է, սակայն հանրությունը գոհունակություն հայտնելու փոխարեն տարակուսած է, քանի որ այդպես էլ չի հասկանում, թե ինչ չափանիշներով են ընտրվում  վհուկները:

Հոգեկան հիվանդների խնդիրները, որոնց թիվը մեր երկրում գնալով ավելանում է, մնում են չլուծված: Շատ է խոսվում, որ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել, սակայն դա միայն պատկան մարմինների հաշվետվություններում: Հոգեբուժարանները բավականին լուրջ ֆինանսավորում ունեն, դրամաշնորհների առումով էլ առաջնային պլանում են, սակայն դա չի խանգարում, որ ոլորտում պարբերաբար  չարաշահումներ կատարվեն: Իսկ ակտակտների առումով այս ոլորտը չի զիջում  խոշորներին: Ավելին՝ ֆինանսավորման բարձրացմանը զուգահեռ հիվանդների վիճակը մնում է նույնը. նրանք ենթարկվում են թրաֆիկինգի, բռնության և այլ բազում խնդիրներ ունեն, որոնք հնարավոր չէ ներկայացնել մեկ նյութի շրջանակում:

Օրերս ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում միանգամից երկու քրեական գործ է հարուցվել. պարզվել է, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, 1958 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը նախ՝ ս/թ. ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս: Եվ երկրորդ՝ ինչպես նշված է պաշտոնական  հաղորդագրության մեջ, տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետևանքով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թ. մայիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային թերապիայի անվան ներքո, նրանց տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածք և ստիպել զբաղվել անասնապահությամբ՝ խնամելով տուն-ինտերնատի և իր բարեկամների խոշոր և մանր եղջերավոր անասուններին: Նվեր Հովհաննիսյանը ձերբակալված է:

Հոգեբուժարաններում միշտ էլ եղել են նման դեպքեր: Նույն հաջողությամբ տնօրենը կարող է արդարանալ թե՝ հիվանդները աշխատել են աշխատանքային թերապիայի շրջանակներում և այլն, բացի այդ աշխատել են ոչ միայն Վարդենիսի հոգեբուժարանում և ոչ միայն իր օրոք ու նա չի ստի:

Ի՞նչ ենք ուզում ապացուցել հանրությանը և ի՞նչու հենց այսօր. բոլորի համար պարզ է, որ քաղաքական ներկայիս իրավիճակը զոհեր է պահանջում:Վերլուծելով՝  թե ինչ ինտենսիվությամբ են վերջին շրջանում կատարվում բացահայտումները, կարելի է միանշանակ ասել՝ կիրառվում է «հավատում ենք, որ փոխվելու ենք» օպերացիան:

Սակայն ինչպե՞ս հավատալ, երբ նույն Վարդենիսում քաղաքապետ է վերընտրվում ՀՀկ-ական կառույցի ղեկավար Վալոդյա Խլոյանը, որը լինելով քաղաքապետ, երեք տարի շարունակ կանգնեցրել է իր էլեկտրականության հաշվիչը, պետությանը պատճառելով ոչ նվազ չափի ( 3միլիոն 600 հազար դրամի) վնաս: Վարդենիսի ՀՀԿական քաղաքապետը 3 տարի շարունակ կանգնեցրել է գազի հաշվիչը | Arm Version:

Սա ավելին է,  քան ասենք հոգեբուժարանի տնօրենի կատարած յուրացումը, բայց նա ոչ միայն չի ձերբակալվել, այլև ավելին՝ վերընտրվել քաղաքապետի պաշտոնում:

 

 

Մարդ, որը միշտ մարդ մնաց Օգոստոս 11, 2012 | 14:33

Անժամանակ կյանքից հեռացավ Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական գեներալ Մարսել Մաթևոսյանը:

Նշանիչը, այդպես էին նրան դիմում մտերիմները, յուրօրինակ ու շատ հետաքրքիր աձնավորություն էր, Երևանի կոլորիտային դեմքերից մեկը, որին շատերն էին ճանաչում ու հարգանքով բարևում գրեթե ամեն քայլափոխի Երևանի փողոցներում, ուր նա սիրում էր քայլել, հատկապես սրտի վիրահատությունից հետո:

27ամյա տղայի կորստի հետ նա այդպես էլ չհաշտվեց ու գրեթե ամեն օր գնում էր գյուղ՝ տղայի շիրմին այցի: Գնում էր իր Սահակի մոտ:Ու գնաց…Միշտ ասում էր՝ տեսնես Աստված ինչի ինձ չի խղճում, չի տանում Սահակիս մոտ: Նա հրաշալի ընտանիք ունի, բայց Սահակի հանդեպ ունեցած սերն աննկարագրելի էր:

Ֆենոմենալ հիշողության, մասնագիտական կարողությունների  և գիտելիքների տեր մարդ էր Մարսել Մաթևոսյանը, որն իր պաշտոնին հասել էր բացարձակապես իր ունակությունների շնորհիվ:

Նշանիչը սիրում էր կրկնել Չապլինի կարգախոսը՝ «Ես հրեշտակ չեմ եղել , բայց միշտ փորձել եմ մարդ մնալ»: Ինչը  նրա ոլորտում, իրոք, չափազանց դժվար է:

Ջերմ, պատրաստակամ դիմացինին օգնելու, նա ընկերներ ուներ ամենուր, իսկ նրա խորհրդի կարիքը շատերն էին ունենում, որ նա տալիս էր սիրով ու անշահախնդիր: Վստահ եմ, որ նրան ճանաչողների ու ընկերների համար այս կորուստը անդառնալի է:

Մաթևոսյանը հանկարծամահ է եղել իր աշխատասենյակում, ուր սիրում էր լինել գրեթե ողջ օրը և որտեղ իր դժվարին աշխատանքն էր կատարում երկար տարիներ ու մեծ նվիրումով:

Հուսանք, որ նրա անհանգիստ հոգին, որ ամեն կիրակի մխիթարություն էր փնտրում եկեղեցում, խաղաղություն կգտնի  ու թող լույս իջնի նրա շիրմին:

Ռուզան Ավոյան

 

Ո՞վ է կանգնած խորհրդավոր «ԲԻԼԴ» ՍՊԸ-ի հետևում Հուլիս 23, 2012 | 16:50

2003 –ից Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի կիսակառույց հյուրանոցը բաց ակնախոռոչի նման նայում է մայրաքաղաքին: 2011թ. սեպտեմբերին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել է. «Եթե կայարանամերձ հրապարակում կիսակառույց շենքի սեփականության իրավունքը վիճարկող կողմերը համաձայնության չգան, տարածքը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ: «Քաղաքը չի կարող տարիներով սպասել»»:

«Ցանկություն ունեմ (չգիտեմ` որքանով է այն իրական) վերականգնել «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը, որը խորհրդային տարիներին քանդվեց և դրա տեղում սկսվեց այդ հյուրանոցի շինարարությունը»,- ասել էր Երևանի գլխավոր ճարտարապետը:

Ինչը, կամ ո՞վ է խանգարում Նարեկ Սարգսյանին, որի հնարավորություններին ոչ ոք չի կասկածում, իրագործելու իր մեծ ցանկությունը:

Այս հարցն էր, որ հետաքրքրեց մեզ և ստիպեց մի փոքրիկ հետաքննություն անցկացնել, պարզելու, թե ո՞ւմ է վստահված տնօրինելու վերոնշյալ շինության ճակատագիրը և ինչու՞  է այն մինչ օրս անտեսված ու բացիթողի վիճակում:

Առաջին կառույցը, որ դիմեցինք Երևանի քաղաքապետարանն էր. ահա պատասխանն առանց կրճատման.

Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի իրավաբանական վարչությունից տեղեկացնում են, որ ºñ¨³ÝÇ ù³Õ³ù³å»ïÇ 03.10.2007Ã. Ñ.3960-² áñáßٳٵ áõÅÁ Ïáñóñ³Í ¿ ׳ݳãí»É ºñև³ÝÇ ù³Õ³ù³å»ïÇ 25.04.2003Ã. §§´Çɹ¦ êäÀ-ÇÝ å³ïϳÝáÕ Ï³Û³ñ³Ý³Ù»ñÓ Ññ³å³ñ³ÏÇ ÏÇë³Ï³éáõÛó ÑÛáõñ³ÝáóÇ ß»ÝùÇ ½µ³Õ»óñ³Í ÑáÕ³ï³ñ³ÍùÇ Ù³ëÇݦ Ñ.890-² áñáßáõÙÁ: Üßí³Í áñáßٳٵ í»ñ³Ï³Ý·Ýí»É ¿ ϳ۳ñ³Ý³Ù»ñÓ Ññ³å³ñ³ÏÇ ÏÇë³Ï³éáõÛó ÑÛáõñ³ÝáóÇ ß»ÝùÇ ½µ³Õ»óñ³Í ÑáÕ³Ù³ëÇ ÑáÕѳïϳóÙ³Ý ÑÇÙù»ñÁ, áñÝ ûñ»ÝùÇ áõÅáí, ë»÷³Ï³ÝáõÃÛ³Ý Çñ³íáõÝùáí ÷á˳Ýóí»É ¿ §´Çɹ¦ êäÀ-ÇÝ

§ê³ëáõÝóÇ ¸³íÇà ÐáɹÇÝ·¦ êä ÁÝÏ»ñáõÃÛáõÝÁ ѳÛó ¿ Ý»ñϳ۳óñ»É Áݹ¹»Ù ºñև³Ý ѳٳÛÝùÇ, »ññáñ¹ ³ÝÓ` §´Çɹ¦ êä ÁÝÏ»ñáõÃÛ³Ý` ºñև³ÝÇ ù³Õ³ù³å»ïÇ 03.10.2007Ã. Ñ.3960-² áñáßÙ³Ý ³é áãÇÝã ÉÇÝ»ÉÁ ѳëï³ï»ÉáõÝ ºñև³ÝÇ ù³Õ³ù³å»ïÇÝ å³ñï³íáñ»óÝ»Éáõ å³Ñ³ÝçÇ Ù³ëÇÝ: êáõÛÝ Ñ³Ûó³å³Ñ³ÝçÁ ·ïÝíáõÙ ¿ ÐÐ í³ñã³Ï³Ý ¹³ï³ñ³ÝÇ í³ñáõÛÃáõÙ, Ý»ñϳÛáõÙë ÁÝóÝáõÙ ¿ ¹³ï³ùÝÝáõÃÛáõÝ:

Թվում էր, թե թելի կծիկը բացվում է, սակայն, միանգամից ասեմ, որ մեր փորձերը գտնել «ԲԻԼԴ» ՍՊԸ-ն, արդյունք չտվեցին:

Քաղաքապետարանը «Բիլդ»ՍՊԸ –ի մասին վերոնշյալից ավել տեղեկություն չտրամադրեց:

Ինտերնետում մեր փնտրտուքը Սասունցի Դավիթ կայարանամերձ հյուրանոցի տարածքը կառուցապատողի մասին ևս որևէ արդյունք չտվեց: Պետական ռեգիստրում ևս: Բանն այն է, որ գրանցված ՍՊԸ-ներում կային մի շարք ընկերություններ՝ «ԲԻԼԴ Էյ Սի Սի», «Նաիրի ԲԻԼԴ », «Արթ ԲԻԼԴ» և այլն: Սակայն «ԲԻԼԴ» անվամբ ՍՊԸ չկար:

Դրանցից որևէ մեկի հետ կապվել չհաջողվեց, կամ լուծարված էին, կամ հեռախոսներն էին անջատված:

Պարզեցինք, որ միայն «Բիլդ Էյ Սի Սի» ՍՊԸ-ն  է մատուցում հաշվապահական ծառայություններ: Իսկ «Արթ ԲԻԼԴ» –ի  տնօրեն ներկայացած անձը, մեր հարցի շուրջ մի ամբողջ օր մտորելուց հետո, ասաց, որ իրենց ընկերությունը ոչ մի կապ չունի մեզ հետաքրքրող աշխատանքների հետ:

Պետական ռեգիստրում ևս կոնկրետ «ԲԻԼԴ» ընկերության մասին ոչ մի հավաստի տվյալ չկար, բացառությամբ ինչ-որ բնակարանի համարի, որ տրամադրվեց մեզ. Այստեղ էլ սխալ տեղեկության պատճառով, բնակիչների հետ խնդիրներ ունեցանք, ինչևէ:

Քանի որ վերոնշյալ խորհրդավոր ՍՊԸ-ն, քաղաքապետարանի տվյալներով, դատական գործընթացի մեջ է, փորձեցինք, տեղեկություն ստանալ նաև դատարանից: Դատական դեպարտամենտի հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, տեղեկացրեց, որ ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, գործը գտնվում է Վարչական դատարանի՝ դատավոր Ռուզաննա Հակոբյանի վարույթում, այն մուտք է արվել 2011-ի հոկտեմբերի 25-ին, իսկ վերջին նիստը եղել է 2012 –ի հունիսի 6-ին: Սակայն «Դատալեքս» –ում,նշված գործի շրջանակներում, «ԲԻԼԴ» ՍՊԸ –ի մասին առհասարակ տեղեկություն չկար, այստեղ  նշված էր միայն «Սասունցի Դավիթ» հոլդինգի և քաղաքապետարանի վեճի մասին: Ինչպես պարզվեց, ըստ «Դատալեքսի», մեկ այլ դատական գործով` հյուրանոցի վերականգնման հետ կապված, խորհրդավոր «ԲԻԼԴ»-ն ինքն  է դատի տվել պետգույքի վարչությանը:

Ի վերջո, համակարգելով փնտրտուքի արդյունքները, պարզեցինք, որ Պետռեգիստրում գրանցված Բիլդ-երից, որոնցից մի քանիսի գործունեությունը արդեն իսկ դադարեցված է,մյուսներն էլ այլ գործունեություն են ծավալում, միայն «ԱՐԹ ԲԻԼԴ»-ն է, որ կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ՝ տարիներ շարունակ կիսակառույց տեսքով շինություն թողնել, մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկում. Բացենք փակագծերը`

 

ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆ Հյուրանոցային համալիր  Հյուրանոցային ծառայություն, ԱՐԹ-ԲԻԼԴ ՍՊԸ

Ղեկավար:  Տիգրան Ավանյան, տնօրեն
Հասցե:  ք, Սևան, Ճամբարակի խճուղի
ՀԵՌ:  091288277   098288277
էլ-Փոստ:  info@bluesevan.com
Կայք:  www.bluesevan.com

Հյուրանոցներ
Հյուրանոցային ծառայություն, ԱՐԹ-ԲԻԼԴ ՍՊԸ 

 

Արդարացի լինելու համար նշենք, որ տեղեկությունների այս խայտառակ քաոսի մեջ, երբ դատարան է դիմել մի ՍՊԸը, որը գրանցված չէ պետռեգիստրում, երբ որևէ հավաստի տվյալ ստանալու համար մեկ շաբաթ ապարդյուն ծախսեցինք, մեզ մնում է միայն համադրել փաստերն ու ենթադրություն անել.

«Կապուտակ Սևան»-ը, որը  հավաստի տվյալներով պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, ներառում է հյուրանոցային բիզնեսով զբաղվող «ԱՐԹ ԲԻԼԴ» ՍՊԸ- ն, ուստի Սասունցի Դավթի հարևանությամբ կիսակառույց  շինության կառուցապատողը ևս Քոչարյաններն են:

 Ռուզան Ավոյան  

 

.

 

 

  • Top լուրեր
    Հարցում
    • Ի՞նչ կփոխի Մաքսային Միությունը

      Ցույց տալ արդյունքները

      Loading ... Loading ...