Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Հեղինակներ
Beeline-ը ժամանակ ու նյարդեր է խլում Փետրվար 21, 2012 | 17:23 Ռուզան Ավոյան

Ուզում եմ միանգամից առանց նախաբանի անցնել նրան, որ արդեն երկու օր է Beeline-ի անորակ աշխատանքի շնորհիվ ես ստիպված եմ  նյարդեր և ժամանակ ծախսել:

Այս ընկերության հետ հարաբերվելիս պետք է շատ զգույշ լինել: Ես մի անգամ արդեն անզգույշ լինելու« թթուն խմել եմ» վստահելով ընկերությանը և  շալակելով չգիտես որտեղից գոյացած 83 հազար դրամի պարտք, սակայն այդ մասին հետո առանձին հրապարակմամաբ կպատմեմ:

Այժմ երեկվա մասին. երեկ ես մոտեցա Տիգրան մեծ փողոցում գտնվող  Beeline-ի  բաժանմունքի օպերատորին և խնդրեցի ստուգել հաշիվս: Նա ասաց որ պետք է հավաքեմ 106 թիվը, որը, ինչպես հետո պարզեցի բոլորովին այլ ծառայության համար էր: 5000 դրամով լիցքավորեցի հաշիվս քանի որ ըստ եկած հաղորդագրության դա հաշիվս 0 -էր :

Շտապում էի ու չսպասելով մինչև լիցքավոման մասին հաղորդագրություն գա, դուրս եկա բաժանմունքից: (Նախ ասեմ, որ այս բաժանմունքում, որպես կանոն, երբ մոտենում ես օպերատորին քեզ ասում է .«Ես արդեն վերջացրել եմ աշխատանքս, պետք է սպասեք», ու ինքը դուրս է գալիս. Ստիպված մարդիկ կրկին հերթ են կանգնում մյուսի մոտ): Մի խոսքով այնքան վատ է սպասարկումը, որ երբ վերջերս մտել էի Հյուսիսային պողոտայում գտնվող  Beeline-ի   բաժանմունք ինձ թվում էր, թե ուրիշ ընկերությունում եմ հայտնվել. ի տարբերություն Տիգրան Մեծի` էստեղ և սպասարկումն էր կարգին և մոտեցումը: Տպավորությունն այնպիսին էր, որ Արմենտելն իր լավագույն կադրերը կամ ուշադրությունը կենտրոնացրել է Հյուսիսային պողոտայում:

Սակայն անցնենք լիցքավորման պատմությանը. Անցավ մեկ ժամ հաղորդագրություն չկա, դե քանի որ սովորաբար  ավտոմատ sms –ը շատ արագ է տեղ հասնում, զանգեցի կենտրոն այնտեղից մի տղամարդ տեղեկացրեց, որ հաշիվը լիցքավորված չէ,բայց ոչինչ չեն կարող անել: Ասաց, որ պետք է գնալ նույն կետը, եթե իհարկե կտրոնը պահել եմ. Բարեբախտաբար պահել էի, բայց արդեն հաջորդ օրը այսինքն այսօր ժամը 12ին մոտ գնացի. Ինչպես միշտ աշխատակիցը տեղում չէր. հետո եկավ  վերցրեց կտրոնը պատճենահանեց ու ասաց մեկ ժամվա ընթացքում կլինի. Անցել է 4 ժամ, իսկ պատասխան sms –ը չկա: Կրկին զանգահարեցի, պարզվեց որ. ինչպես ասաց ընկերության մեկ այլ աշխատակից` ես հայտնվել էի ֆորսմաժորային իրավիճակում. քանի որ իմ հաշվին դեռ 3661 դրամ կար և ես կարող էի հանգիստ վճարում չկատարել սպասելով ամսի 1-ին ու կատարելով հերթական վճարումը ստանալ բոնուսային րոպեներս: Հիմա հարց է ծագում ինչո՞ւ պետք է հաճախորդը ինչ որ անգրագետ կամ անբարեխիղճ աշխատակցի պատճառով հայտնվի նման իրավիճակում, կորցնի 5000դրամ, ժամանակ ու նյարդեր:

Ո՞վ պետք է փոխհատուցի իմ կորցրած ժամանակի, նյարդերի, պատճառած վնասի կամ անհանգստության համար. Չկա նման պրակտիկա. Արմենտելը ամենաթանկ կապն է Հայաստանում, բառացիորեն «կլանում է» մեր րոպեները  և ոչ միայն չի արդարացնում իրեն այլև ստացվում է, որ աշխատանքի որակով էլ զիջում է մյուս օպերատորներին. լինելով և «Վիվա Սելի» և «Օրանժ»-ի բաժանորդ ես երբևէ նման խնդիրների չեմ բախվել:

 

Ընտրությունների «ապրոբացիա» Հրազդանում Փետրվար 14, 2012 | 18:46 Սյուզան Սիմոնյան

Իշխանությունները Հրազդանում չցանկացան ակնհայտ կեղծիքների գնալ` լցոնումների, բռնությունների և այլ ապօրինությունների, որոնց ականատես ենք եղել նախկինում, քանի որ չէին ցանկանում համապետական ընտրություններից առաջ մեծ լարում առաջացնել:

Սա «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքն է: Նա փետրվարի 12-ին տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է որպես դիտորդ: «Հրազդանում վերջնական ապրոբացիա արվեց գալիք համապետական ընտրությունների մեխանիզմը:

Դա հետևյալն է, թե վարչական ռեսուրսը և ընտրակաշառքը տոկոսային առումով որքան ձայն կարող են ապահովել: Ըստ դրա, եթե իշխանությունները վստահ լինեն, որ այդ մեխանիզմի, գումարած մեծամասնական պատգամավորների շնորհիվ կկարողանան ապահովել մեծամասնություն, ապա նրանք կփորձեն ավելի մեղմ տարբերակով ընտրություններն անցկացնել: Իրենք որոշակի տվյալներ կարող են ստանալ, թե հասարակության որ մասը ընտրակաշառքը կվերցնի, և այդ վերցրած ընտրակաշառքի որ մասը կաշխատի»: Պատգամավորի կարծիքով, արդար և ազատ ընտրություններ տեղի չունեցան. «Վարչական ռեսուրսի օգտագործումը և ընտրակաշառքի կիրառումը, որը չի կասեցվում իրավապահ կառույցների կողմից, միանշանակ ապացուցում են, որ արդար ազատ ընտրություններ անցկացնելու կամք իշխանությունները չունեն»:

ՆԱ/ՆԵ -ն Օսկարատիպ չստացվեց Փետրվար 10, 2012 | 21:07 Ռուզան Ավոյան

Այսօր Կինո Մոսկվայի ցուրտ ու կիսադատարակ դահլիճում անցկացվեց կազմակերպիչների իսկ բնորոշմամբ, «Oսկարատիպ» ՆԱ/ՆԵ մրցանակաբաշխությունը:

Նախ ասենք, որ այս հանդիսությունը համեմատել Օսկարի հետ նշանակում է ծաղրել այն: Դահլիճը շատ մեծ էր հավաքված հանրության համար, գուցե դա էր պատճառը, կամ ինչ որ բան այն չէր, բայց տոն որպես այդպիսին չստացվեց:

Թե հայկական օսկարակիրները, թե նրանց մրցանակ հանձնողները հագնված էին տնավարի, մի տեսակ առօրյա ու տաք հագուստներով էին: Չես մեղադրի` ցանկացած հյուրանոցի ֆոե այդ հանդիսությանը ջերմություն ու շուք կհաղորդեր, ինչը գուցև չէր անցել կազմակերպիչների մտքով:

Ինչևէ ստացվեց այն ինչ ստացվեց.գավառական շոու. Բեմում դրված ցուցանակի հետևից հաղորդավարները գրեթե չէին երևում. նրանք ակնհայտորեն մրսում էին և նյարդայնանում ու գուցև դրանից` անտարբեր էին, որ շնորհակալություն հայտնողների համար բարձրախոսը ոչ մի կերպ հարմար չէր գալիս. կամ չափից բարձր էր, կամ ցածր. ու դահլիճում նրանց չէին լսում:

Մրցանակ հանձնելու էին եկել ՍԴ-ից Արևիկ Պետրոսյանը, պատգամավոր Արծվիկ Մինասայնը, Աստղիկ Ավետիսյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Սոցապնախարությունից Լալա Ղազարյանը և իհարկե դոնոր ու հովանավոր կազմակերպության ներկայացուցիչներ:

Առավել հետաքրքիր էր Նարեկ Հարթունյանի և Լիլիթ Ասատրյանի ներկայությունը, որը մի տեսակ աշխուժություն բերեց դահլիճ: Առաջինի վերաբերյալ քրեական գործը կարծես երկրորդ փուլ է մտնում, իսկ երկրորդի`աշխուժացումը հավանաբար կապված է ամուսնու` Վազգեն Խաչիկյանի հայտնության հետ. Ի դեպ, Լիլիթը տևական դադարից հետո կրկին ասպարեզ է իջել ու վաղն ասուլիս է տալիս «Մարզերում կանաց մասնակցությունը լուրջ խնդիր» թեմայով:  Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Խաչիկյանին այլևս վտանգ չի սպառնում:

Իմ կողքին դատարկ շարքի մեջտեղում մի ծերունի էր ննջում  լիքը ցելոֆանե տոպրակը ոտքերի տակ դրված: Դատելով արտաքինից, նա գնալու տեղ չունեցող այն մարդկանցից էր, որոնք ցրտից պատսպարվելու համար գտնում են նման անվճար մուտքով միջոցառումներ, մի փոքր տաքանալու համար:

Սա իհարկե  «Օսկարատիպ» միջոցառման ամենալավ բնորոշողն է:

Չգիտեմ ինչն է պատճառը, սակայն մեզ մոտ շոուներ կազմակերպել մի տեսակ չի ստացվում: Նայում ես արտերկրացի հյուրերի ներողամիտ, հովանավորող քմծիծաղով դեմքերին  ու մտածում. ինչու նրանք պետք է մեզ, մեր երկիրը ընկալեն այս չափանիշներով. ցրտից կուչ եկած ու տխուր մարդիկ` շալերի մեջ փաթաթված կանայք, որոնք նույն հագուստով գնում են աշխատանքի կամ խանութ, նույն հագուստով բեմ բարձրանում: Տղամարդիկ, որոնք նման տեսքով կանաց կողքին չեն կարող ինքնագոհ լինել: Իսկ մրցանակները, որոնք տրվում են լրագրողներին, շոշափում են երկրի համար ցավոտ թեմաներ, որտեղ միևնույն է ոչինչ չի փոխվում :

 

Ocean-ի Ճակատային մերկությունը Փետրվար 09, 2012 | 19:58 Լուսինե Վայաչյան

Հայրն աղջկան անվանեց Սվետլանա, բայց բնավ՝ ոչ այդ անվան մեջ եղած լույսը տեսնելու համար, այլ, որովհետև անհաջող սիրո անունն էր: Կինը գիտեր այդ մասին, ու երեխային տարօրինակ էր վերաբերվում: Սիրում էր, իհարկե, բայց ամեն անգամ «Սվետա» կանչելով ամուսնու սիրած ռուս աղջկան էր հիշում, ու հոգին տակնուվրա էր լինում: Փոքրիկ աղջիկն այդ մասին չգիտեր, ու կարծում էր, որ մայրն իրեն չի սիրում… Նա օտարված է եղել մորից, ու գրեթե չի կիսվել նրա հետ, երբ յոթ տարեկանում սիրահարվել է, ու ինչ- որ անհանգստություն է զգացել, ու չի հասկացել իր հետ ինչ է կատարվում, վախեցել է պատմել այդ մասին մորը: Բայց մայր ու աղջիկ սիրում էին իրար, սիրում էին քնել իրար փաթաթված…

Մինչև, օրերից մի օր, երբ նոր էր սկսվել պատերազմը, 19 տարի առաջ հենց այս օրը Սվետայի մաման Մեղրուց գնաց Երևան ու էլ հետ չվերադարձավ… Նրան, ընկերուհուն ու ընկերուհու ամուսնուն, ով Կամազի ղեկին էր, ադրբեջանցի ավազակախումբը գերի վերցրեց Երևան-Մեղրի ճանապարհից:

Սվետան մորն այլևս չտեսավ:

Քույրերը՝ փոքրը վեց տարեկան, Սվետան՝ ութ, տեղափոխվեցին ապրելու տատիկի մոտ:

- Ես ընկել էի ազատության գիրկը, քանի որ տատս ու պապս աշխատում էին, ժամանակ չունեին մեզանով զբաղվելու, ու էդ ազատությունն ինձ տալիս էր հնարավորություն իմ ներսի ցավը մեղմելու, մտքերը ցրելու ու պատնեշ դնելու իմ ու անցյալի միջև: Խաղերն ինձ օգնում էին ցրվելու, բայց երբեմն հարցեր էին առաջանում, ու երբ ինձ նեղացնում էին, էդ ժամանակ ես զգում էի, թե որքան մենակ եմ, սկսում էի մտածել կյանքիս մասին, իմ մեջ վերլուծել:

Ու էդ տարիքում նա մերժեց Աստծուն։ Աղջնակը նեղացել էր Աստծուց ու պարփակվել իր մեջ: Հույսը դրել էր միայն իր վրա, իսկ երբեմն – երբեմն նույնիսկ ինքնասպանության փորձերի էր դիմում: Բայց ինչքան էլ դժվար լիներ էդ ժամանակահատվածը, նա միևնույն է՝ միշտ սիրել է կյանքը, ու միշտ մտածել, որ մարդը հենց էնպես չի ծնվում`յուրաքանչյուրը ծնվել է ինչ-որ նպատակի համար:

«Ես իմ դառը փորձից հասկացել եմ, որ էդ ամեն ինչը իզուր չէր, որ դրանք փորձություններ են, ու պետք է հաղթահարվեն, որ ամեն ինչ իրականում չարի ու բարու կռիվն է: Որոշել եմ գտնել իմ առաքելությունն այս կյանքում: Ու քանի որ դա հեռավոր երազի նման է եղել, որոշել եմ համբերատար սպասել, հարմարվել պայմաններին», -պատմում է Սվետան:

Հենց պատանեկության տարիներին էլ առաջին անգամ լուրջ զգացմունք է ծագել աղջկա նկատմամբ: Ու նա հասկացել է, որ փոքր ժամանակ էն տարօրինակ զգացումը, որ իրեն անհանգստացրել է, սիրահարվածություն է եղել, մի տարբերությամբ, որ ոչ թե տղաների է սիրահարվում ինքը, այլ՝ աղջիկների:

«Ես ապրում էի գավառում ու միշտ էլ մտածել եմ, որ իմ նման մարդիկ հիվանդ են: Ես ինձ հիվանդ էի զգում, ուրիշ, օտարացած թե օտարացված հասարակությունից, միևնույնն է: Ինձ թվում էր, ես երբեք չեմ կարող ընդունվել հասարակության կողմից. Եթե մնամ էնպիսին, ոնց կամ, ոնց ստեղծել ա ինձ Աստված, թե բնությունը, որ չեմ կարող բացահայտ սիրել, քանի որ ուզում եմ սիրել աղջկա, երջանիկ լինել, ի վերջո՝ ընտանիք ունենալ: Չէի հավատում»,- պատմում է աղջիկը:

20 տարեկանում Սվետլանան տեղափոխվեց Երևան, քույրն ընդունվել էր համալսարան: Կամաց-կամաց Երևանում սկսեց հարմարվել, ինտերնետի միջոցով գտավ իր նմաններին, ու անլիարժեքության բարդույթը ժամանակի ընթացքում վերացավ: Այդ նույն ինտերնետից էլ նրա ընտրած Ocean մականունը տեղափոխվեց իրական կյանք: Գուցե ճի՞շտ են ասում, որ անունը, դրա ընտրությունը, մեծ դեր է խաղում կյանքում: Ocean անունը այլ շունչ բերեց աղջկան, նրա համար մի նոր կյանք բացվեց, նոր հնարավորություններ, հայտնվեցին նոր մարդիկ… Այդ մարդկանցից շատերն արվեստագետներ էին: Ինքն իրեն զգաց ինչպես ձուկը ջրում, ոգևորվեց, ու քանի որ արվեստը նրան միշտ ձգել է, միշտ մի բան արարելու պահանջ է ունեցել, սկսեց ակտիվորեն ինքնաարտահայտվել: Հիմնականում լուսանկարչության միջոցով:

Բավականին արագ, մի քանի ամսվա ընթացքում Ocean-ին նկատեցին, հիմնականում ինտերնետից, Ֆեյսբուքից, ու սկսեցին հրավիրել ցուցահանդեսների: 2010թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին նա մասնակցել է չորս տարբեր ցուցահանդեսների: «Հայկական ռապսոդիա» նախագծի շրջանակներում ցուցադրվել է Բելգիայում։ Վերջերս էլ «Հոգմապար» շարքով մասնակցեց Նկարիչների միությունում հյուրընկալված «Մարմին. Նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսին:

Ցուցահանդեսը ներկայացնում են հինգ համադրողներ, ովքեր նաև արվեստագետներ են՝ Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արևիկ Արևշատյանը, Արման Գրիգորյանը և Դավիթ Կարեյանը:

Ցուցահանդեսը կազմված է 4 նախագծերից ու ընդգրկում է բավականին լայն ժամանակային դիապազոն` Սուրենյանցից մինչև Սվետլանա Անտոնյան(Ocean):

Նախագծերն ու նրանց մոտեցումները, հեղինակների ու գործերի ընտրության սկզբունքները տարբեր էին, բայց ինձ համար կոնկրետ, նրանք միավորված էին մի՝ «ՄԱՐՄԻՆԸ `ՈՐՊԵՍ» գաղափարով:

Արևիկ Արևշատյանն իր ֆեմինիստական – տրանսֆորմացիոն(իմ ընկալմամբ) «Մարմինը որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ» նախագծով փորձել է հետևել կանանց ինքնաարտահայտման տրանսֆորմացիաներին:

Դավիթ Կարեյանը «Մարմնի ճշմարտությունը» մարմնականի ու հոգևորի հավասարության կոնցեպտով ցանկացել է ընդգծել, որ մարմինը նույնպես ունի կարիքներ, և նրանք պակաս կաևոր չեն:

«Կերպարային տեսություն» նախագծում (համադրողներ՝ Ա. Սարգսյան, Ս. Համալբաշյան) ներկայացվել են անցյալի վարպետները՝ Իսաբեկյան, Հակոբյան… Հակոբ Հակոբյանը հատուկ այս ցուցահանդեսի համար է գործերն արել: Ինձ համար մի քիչ տարօրինակ էր այդ երկուսին կողք- կողքի վիզուալ ընկալելը, կամ գուցե մտահղացումն էր այդպիսին: Արման Գրիգորյանը «Ճակատային մերկություն» նախագծի հեղինակներին մերկության սկզբունքով է ընտրել: Այդ էր պատճառը, որ նա նկատեց Ocean-ին, որի մասին ասում է. «Եթե չեմ սխալվում, երևի հինգ տարի առաջ ավստրիացի կուրատոր Հեդվիգ Սաքսենհյուբերի հետ,զրուցում էինք հայկական ժամանակակից արվեստի մեջ պրոֆեսիոնալ լուսանկարիչների ներգրավվածության մասին: Հեդվիգը դեռ 1999 թվականից հետաքրքրվում էր հայ լուսանկարիչների աշխատանքներով, շատերի գործերի հետ էր ծանոթացել ու դժգոհ էր մնացել, ուզում էր, որ իրեն նոր մարդկանց հետ ծանոթացնեմ, ես էլ ասում էի, որ Հայաստանի պրոֆեսիոնալ լուսանկարիչներով առանձնապես հետաքրքրված չեմ, որ ինձ ավելի հետաքրքրում են Ժամանակակից արվեստագետները`պոպ-արտիստները, կոնցեպտուալիստները և այլն, հետո հարցրի, թե ի՞նչը չի բավարարում նրան մեր լուսանկարիչների մոտ, պատասխանը շատ տպավորիչ էր, նա ասաց. «Գիտես, Ձեր բոլոր լուսանկարիչները կարծես ամսագրերի համար են նկարում, բայց նույնիսկ «գլամուրն» է շատ վատ ստացվում…

Հեդվիգի հետ զրույցից հետո սկսեցի ավելի ուշադիր լինել «գլամուրիստ» լուսանկարիչների հանդեպ, ինչպիսին է, օրինակ,Րաֆֆի Դավթյանը, մի խոսքով՝ առանձնապես հետաքրքիր ոչ մի բան չէր հաջողվում գտնել: Բայց մի օր Facebook-ում տեսա Ocean-ի լուսանկարները ու շատ տպավորվեցի, հիշում եմ՝ նայեցի Սվետլաննայի «ֆրենդների» մեջ, տեսա Տիգրան Խաչատրյանին, հետաքրքրվեցի, թե ինչ գիտի Ocean-ի մասին: Հիշում եմ, որ Տիգրանին համոզված ասում էի, որ երևի Ocean-ը Մոսկվայում կամ Պետերբուրգում է ապրել ու սովորել: Տիգրանն էլ էր հավանել լուսանկարները, բայց տեղեկություններ չուներ իրանից: Պատմում էր, որ հանդիպել է միայն մեծ ընկերական միջավայրերում ու ոչ մի բան չգիտի իր մասին և ընդամենը մի բան կարող է ասել, որ շատ համեստ մարդ է, լուռ, ինքնամփոփ, նստում, ոչինչ չի խոսում:

Ինձ հատկապես դուր էին եկել Ocean-ի ինքնադիմանկարները ու մեջքից նկարված քնած կինը: Այդ ընթացքում արդեն սկսել էինք աշխատանքները «Մարմին. Նոր Պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսի վրա ու ես որոշել էի անպայման ցուցադրել «Քնած կնոջ դիմանկարը», «Հոգմապար»-ը դեռ չէի տեսել, դրանք էլ որ տեսա Facebook-ում ավելի հավանեցի:

Երբ իմացա, որ Ocean-ը ոչ ապրել, ոչ էլ սովորել է Մոսկվայում կամ Պետերբուրգում, ու որ ընդամենը Ֆոտոապարատ է ճարել ու ինքն իր համար սկսել է ֆոտոներ անել ու, որ հերոսը հենց ինքն է, լրիվ հիացա. կարծես հանդիպած լինեի մաքուր արվեստի ֆենոմենի: Արվեստ, որը մաքուր ինքնաճանաչողություն է ու հաղորդակցություն, ոչ մի ավելորդություն, սրբագրում կամ գնահատված լինելու ակնկալիք: Ocean-ի արվեստը լավագույն վկայությունն է նրա, որ արվեստը դեռ ի վիճակի է լինել դիմադրող մարդկանց արտահայտչամիջոցը, որով նրանք պաշտպանում են իրենց և ուրիշների «ապրող կյանք»-ը»:

Ocean-ը գտավ իր առաքելությունն այս կյանքում: Չնայած դեռ աշխատանք չունի, բարդ է գտնելը, քանի որ աշխատատուները նրան տարօրինակ են համարում: Այնուամենայնիվ, նա իրեն պիտանի մարդ է զգում ու հասարակության լիիրավ անդամ: Ընկերներն օգնում են նրան: Բոլորը գիտեն նրա կողմնորոշման մասին, բայց արվեստի դաշտում դա էական չէ: – Լավ կլիներ, որ ամեն տեղ այդպես լիներ՝ առաջին հերթին մարդն ու նրա արած գործը:

Լուսինե Վայաչյան

Հ.Գ. Ի դեպ այս հրապարակումը, ի թիվս Լուսինե Վայաչյանի այլ հոդվածների  ներկայացված է վաղը` փետրվարի 10-ին կայանալիք ՆԱ/ՆԵ մրցանակաբաշխությանը:

Ես նրանց համար գեյշա եմ Փետրվար 08, 2012 | 18:32 Լուսինե Վայաչյան

Էրիկը (Էռնա), նույնիսկ չգիտեմ, որը փակագծերի մեջ վերցնեմ, շատ համակրելի 19-ամյա երիտասարդ է, սովորում է ինստիտուտում, խոստացա չնշեմ կոնկրետ որ, բայց ասեմ, որ արվեստի բնագավառից է: Ընկերները նրան կոչում են Էռնա, սա նրա «տրանս» անունն է, ընտանիքում ու հասարակության ավելի քիչ հանդուրժողական շրջաններում գիտեն որպես Էրիկ: Նուրբ, պատանեկան, ես կասեի` աղջկական դիմագծեր ունի: Նրան նայելով ամաչում ես, որ կին ես, այնքան կանացի է: Նա տրանսվիստիտ է՝ տղամարդու մարմնով ու կանացի էությամբ: Շատ կիրթ, բանիմաց ու համակրելի երիտասարդ է: Խնդրեցի պատմել իր պատմությունը՝ չմերժեց:

- Սովորական բարեկեցիկ ընտանիքից եմ, մեծացել եմ` ինչպես բոլոր երեխաները: Շատ փոքր տարիքից տղաներ են դուրս եկել: Ես չէի հասկանում, ի՞նչն է պատճառը, որ ես տարբեր եմ բոլորից, լացում էի, անընդհատ էդ միտքը ինձ տանջում էր: Ցանկացած շրջապատում երեխաները զգում էին, որ ես ուրիշ եմ, իրենց նման չեմ: Ժամանակի ընթացքում սկսեցին ինձ ընկալել ոչ որպես տղա, այլ ավելի շատ որպես աղջիկ: Այդ փուլն ինձ համար ամենաերկար ու տանջալի փուլն էր, երբ ո’չ ես էի ինձնից գլուխ հանում, ո’չ տնեցիք, ո’չ շրջապատս: Երբ 12-13 տարեկան էի, ու արդեն գիտակցում էի, թե ես ինչով եմ «ուրիշ», փորձում էի արհեստականորեն ջնջել տարբերությունը՝ շարժուձևերովս, խոսակցականովս, հագուկապովս միշտ ձգտել եմ նմանվել մեծամասնությանը: Ամենաբարդը երեկոն էր, երբ առօրյա պատանեկան, դպրոցական կյանքից տանը փակվելով` փորձում էի վերլուծել ապրածս օրը: Պառկում էի, հիշում իմ հասցեին արված բոլոր արտահայտությունները: Օրինակ` շատ նեղվում էի, երբ ասում էին՝ «աղջկա գեղեցկություն ունես, լրիվ աղջիկ ես»: Ոչ ստացվում էր ուրախանալ, քանի որ ինքս ինձ դեռ չէի հասկանում, չգիտեի ո՞վ եմ ես, ոչ էլ տխրել, որովհետև զգում էի, որ ասվածը դուրս գալիս է: Մինչև 15 տարեկան միշտ մտածել եմ, թե ես միայնակ եմ աշխարհում, կամ հիվանդ, ու փնտրում էի ինձ նմաններին: 15 տարեկանում սիրահարվեցի իմ ամենամոտ ընկերուհու սիրած տղային, լսում էի նրա պատմությունները նրանց սիրո մասին, ու սիրահարվում… Զգում էի, որ էդ տղան ինձ ձգում է: Տարօրինակ էր, բայց աղջիկը ոչինչ չէր կասկածում ու դա ինձ ձեռնտու էր: Մտածում էի, որ եթե ես չեմ կարող նրա հետ լինել, ապա գոնե թող ինձ հարազատ ու մոտ մեկը լինի, գոնե տեղյակ կլինեմ նրանից: Համարյա միաժամանակ ես հայտնաբերեցի, որ միայնակ չեմ, էլի կան ինձ նման մարդիկ: Ու ինձ մոտ սկսվեց մի նոր փուլ: Ես հասկացա, որ դպրոցում, բակում չեմ կարող շփվել հասակակիցներիս հետ, , որովհետև մեր աշխարհները տարբեր են: Ինստիտուտի նախապատրաստական կուրսում գտա մի տղայի, ով ամեն ինչով նման էր ինձ ու ես էլ միայնակ չէի, կար մեկը, որն ինձ հասկանում էր: Նա իմ սիրած տղան չէր, այլ իմ այդքան սպասված ընկերը: Ու այդ օրվանից կյանքս փոխվեց…

- Դու քեզ համարում ես գե՞յ, թե՞ տրանսվիստիտ:

- Էդ ժամանակ ես չգիտեի ով եմ ես, միայն գիտեի, որ ինձ տղամարդիկ են դուր գալիս։ Հետո հասկացա, որ ես գեյ եմ, որը չի կարող սիրել գեյի, այլ միայն հետերոսեքսուալ` տարասեռական տղամարդու, ու հետևաբար տրանստվիստիտ եմ, չնայած էդ բառն դեռ ինձ անգամ ծանոթ չէր: Երբ ընդունվեցի ինստիտուտ, հայտնաբերեցի ինձ նման ևս մեկին, որի մուտքն իմ կյանք նման էր ռումբի պայթյունի: Արդեն քաղաքում երեքով միասին կողմնորոշվում էինք, երկուսով որոշեցինք միասին ապրել, ոչ որպես սիրեկաններ, որպես ընկերներ: Մենք տրանսվիսվտիտներ ենք, չենք կարող սիրեկաններ լինել: Ապրում էինք մեր երկու ընկերուհիների հետ: Երբ ապրում էինք նրանց հետ, զգացինք, որ մեզ դուր է գալիս հագնել աղջիկների շորերը, քսվել նրանց նման, նրանց բարձրակրունկներով շրջել տան մեջ: Մի օր էլ որոշեցինք այդ տեսքով դուրս գալ փողոց: Սպասեցինք մի լավ մթնի, մարդկանց անցուդարձը քչանա, ու… դուրս եկանք: Մեզ մոտեցավ մի ոստիկան, կարծելով, թե աղջիկներ ենք ուշ ժամի մնացել ենք փողոցում, օգնություն էր առաջարկում, հետո հակացավ, որ տղա ենք: Հարցրեց՝ բա ինչի՞ եք կանացի հագուստով, ասեցինք, որ գռազ ենք կրվել: Նա մեզ բաց թողեց:

- Քո շրջապատում, ընտանիքում, ինստիտուտում գիտե՞ն քո մասին: Դու բացահայտվե՞լ ես, այսպես ասած «coming out»-ի ո՞ր փուլում ես: («coming out»- կրճատ՝ անգլերեն «coming out of the closet»՝ դուրս գալ թաքստոցից, բացահայտում, ինքնաբացահայտում):

- Ոչ վերջին: Ընկերներս բոլորը գիտեն, ինստիտուտում էլ շատերը գիտեն: Ընտանիքս կասկածում է, ավելի շուտ գիտի, բայց չիմանալու է տալիս հույսեր փայփայելով, որ մի օր կամուսնանամ աղջկա հետ:

- Հասարակության, սոցիումի հետ ի՞նչ պրոբլեմներ ունես, չե՞ն նեղում, վիրավորում, թարս նայում:

- Ավելի շատ պրոբլեմներ ունեմ որպես գեյ, քան որպես տրանսվիստիտ: Երկորդ դեպքում չեն հասկանում, որ աղջիկ չեմ, որ ջոկում էլ են, արդեն հեռու եմ լինում:

- Իսկ քաղաքում լինո՞ւմ են դեպքեր, երբ «քյարթուները» նեղեն քեզ ու քո ընկերներին:

- «Քյարթուները», երբ նրանք խմբովի են, ահավոր հոմոֆոբ են, բայց երբ մենակ են ու տեսնող չկա, բոլորն էլ ուզում են մեզ: Հիմա ավելի շատ «գեղցիներն» են նեղում, նրանք մեզնից ընդհանրապես անտեղյակ են, միանգամից շոկի մեջ են ընկնում ու դառնում ագրեսիվ: Սեփական ագրեսիայի պատճառով էլ հետո տուժում են: Վրեջերս, ոչ էնքան վաղուց ես, ընկերս ու երկու աղջիկ քայլում էինք: Ռեպլիկ գցեցին՝ «Արա, չի ջոգվում սրանցից տղեն որն ա, աղջիկը որը»: Ու մինչ մտածում էին, թե մեզնից որն է տղա, որը աղջիկ, մենք զգացինք, որ նրանցից մեկը մեզ շատ մոտեցավ: Անհիմն ագրեսիան ալկոհոլի հետ կոկտեյլում նպաստեց նրան, որ կռիվ եղավ, ընկերոջս շրթունքը ճղեցին: Հիմա նրանք պրոբլեմներ ունեն օրենքի հետ, մենք դիմել ենք ոստիկանությւոն ու գործ է հարուցվել:

- Իսկ օրենքի մարդի՞կ: Նրանք ո՞նց են ձեզ վերաբերվում:

- Իսկ օրենքի մարդիկ առայժմ գործում են օրենքի սահմաններում, այլ կերպ հնարավոր էլ չէր: Շատ վկաներ կային: Ու ընդհանրապես, մեր քաղաքի ոստիկանները, ի տարբերություն հասարակությամ մեծ մասի, հոմոֆոբ չեն:

- Տրանսվիստիտները՝ «տրանսերը» հայտնի են որպես առևտրային սեքս-աշխատողներ: Ո՞նց ես նայում դու դրան, ի՞նչ կասես «տրասս» կանգնողների մասին: Ինչպես հասկանում եմ, դու դրանից չես: Ինքդ երբևիցե զբաղվե՞լ ես մարմնավաճառությամբ:

- Ինձ դուր են գալիս, ու դա փոխադարձ է, սոցիալապես ապահով 25-40 տարեկան տղամարդիկ: Նրանք ապրում են սովորական կյանքով, ունեն ընտանիք՝ կին, երեխաներ, բիզնես, որոնք այնքան կանայք են փոխել, որ հոգնել են, ու ես իրենց համար նոր, թարմ զգացողությունների աղբյուր եմ: Ես դա չեմ համարում մարմնավաճառություն, քանի որ ես չեմ վաճառվում, նրանք էլ ինձ չեն գնում, չեն վճարում մարմնական հաճույք ստանալու համար: Մենք ուղղակի միասին հաճելի ժամանակ ենք անցկացնում՝ շփվելով, զրուցելով: Նրանց համար ես գեյշա եմ, էկզոտիկ գեյշա, ես նրանց ոչ միայն մարմնական, այլ առաջին հերթին հոգևոր թեթևություն եմ պատճառում: Իսկ «Տրասս» կանգնողների աշխարհը ծայրահեղական, տեռորիզմի նման մի բան է ինձ համար՝ վտանգավոր ու հաճախ ոչ հաճելի անակնկալներով լի: Բայց ես նրանց չեմ քննադատում, քանի որ ամեն մարդ իր կյանքի, իր մարմնի տերն է, ու իրավունք ունի տնօրինել ինչպես ուզում է:

 

Բրիտանական խորհուրդ. 10 արդյունավետ տարի Հայաստանում Հունվար 30, 2012 | 19:14 Լուսինե Վայաչյան

Այսօր Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ մամլո ասուլիսով հանդես եկան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Նրանք ներկայացրեցին Միացյալ Թագավորության իրականացրած ծրագրերը Հայաստանում և իրենց առաջիկա միջոցառումները:

 Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը կարևորեց  այն փաստը, որ Բրիտանական խորհուրդն ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն առանձին կազմակերպություններ են, սակայն փոխլրացնող գործունեություն են ծավալում: «Բրիտանական խորհուրդն անկախ կազմակերպություն է, որը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի մշակույթի դեսպաններին, և նրանք մեծ ազդեցություն ունեն նպաստելու քաղաքական գործիչների անվանած «փափուկ» իշխանություն ձևավորելու վրա»,- ասաց նա:

Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունության տասներորդ տարին նշանավորվելու է նրանով, որ փետրվարին մեկնարկելու է մշակութային և կրթական միջոցառումների շարք, որը շարունակվելու է  ողջ տարվա ընթացքում: Տասնամյա հոբելյանի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Նորաձևության ճանապարհ» ցուցահանդեսը` ներկայացնելով հայ և եւրոպացի տասը նկարիչ-մոդելավորողների համատեղ աշխատանքները: «Հավաքածուն մի ծրագրի աշխատանքի արդյունքն է, որի շրջանակներում Հայաստանից հինգ դիզայներներ էին ընտրվել, նրանց հնարավորություն էր տրվել այցելել  եվրոպական հետեւյալ երկրներից մեկը` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Դանիա, Ռումինիա կամ Չեխիա, և տվյալ երկրի գործընկերոջ հետ չորսական գործ ստեղծել: Այսպիսով, ցուցահանդեսին կներկայացվեն 20 աշխատանքներ»,- ասաց ԲԽ հայկական գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը, ներկայացնելով ցուցահանդեսը:

Հոբելյանական միջոցառումների ընթացքում նաև Չարլզ Դիքենսի երկու հարյուրամյակին նվիրված միջոցառումներ կլինեն, միջին մասնագիտական կրթության ոլորտում կամփոփվի «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը:

Հոբելյանի շրջանակում կկազմակերպվի  նաեւ Բրիտանական ֆիլմերի տասներորդ փառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն 2012-ի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին և մարդու իրավունքներին նվիրված ֆիլմեր: Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև վարպետության դասընթաց` հայ ֆոտոլրագրողների համար:

Իր տասնամյա գործունեության ընթացքում Բրիտանական խորհուրդն աշխատել է անգլերենի տարածման, արվեստի, կրթության և հասարակության բնագավառներում, որոնցից դեսպան Լիչը առանձնացրել է անգլերեն լեզվի ուսուցումն ու դրա տարածումը. «Մենք կարևորում ենք անգլերենի իմացության մակարդակի բարձրացման հարցը: Այս տարի իրականացվելիք մեր մի ծրագրի շրջանակներում հայաստանցի անգլերենի ուսուցիչները հնարավորություն կունենան մրցակցել, կիսել իրենց փորձն աշխարհի մի շարք երկրների անգլերենի մասնագետների հետ»:

Բրիտանական խորհուրդը համակարգում է նաև միջազգային ճանաչում ունեցող անգլերենի քննություններ` նախատեսված տարբեր մասնագիտությունների և անգլերենի տիրապետման տարբեր որակավորում ունեցող անձանց համար: Ողջ աշխարհում ճանաչելի IELTS քննության հանձնումը հնարավորություն է տալիս ուսանել արտերկրի լավագույն համալսարաններում:  Միայն նախորդ տարի IELTS և այլ քննություններ են հանձնել ավելի քան 900 մարդ:

Արվեստի բնագավառում Բրիտանական խորհուրդը համագործակցում է «Ոսկե Ծիրան», «ՀայՖեստ», «Ռեանիմանիա» փառատոնների հետ, կազմակերպվում են ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, մշակույթի առաջնորդների վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ:

«Կառույցը արվեստի մեծ ջատագով է: Այսօր Բրիտանական խորհուրդը Հայաստանում լուրջ գործունեություն է ծավալում: Մենք փորձում ենք մարդկանց միջև ստեղծել կապեր, մոտեցնել նրանց` առավելապես մշակույթի ճանապարհով: Բացի այդ, Բրիտանական խորհուրդը գործունեություն է ծավալում գենդերային հավասարության, հաշմանդամների հիմնախնդիրների ոլորտներում: Հույս ունեմ, որ Հայաստանում Բրիտանական խորհրդի հետագա գործունեությունը առավել արդյունավետ կլինի»,- ասաց Մեծ Բրիտանիայի դեսպանը:

Կրթության և հասարակության բնագավառում իրականացրած WoMen in Politics, EU skills և Active Citizens ծրագրերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ:

«Աշխատանքային տարիների ընթացքում Բրիտանական Խորհուրդը մի շարք դասընթացներ, սեմինարներ, վերապատրաստման պարապմունքներ է անցկացրել ողջ Հայաստանի ավելի քան 600 ուսուցիչների և 1500 շահառուների հետ: Մենք փորձում էինք համաշխարհային միտումներին և կրթության ոլորտում նորամուծություններին համապատասխան հայ ուսուցիչների վերապատրաստում անցկացնել». – նշեց  Արևիկ Սարիբեկյանը, պատմելով ԲԽ գործունեության մասին:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Քեթրին Լիչն ասաց. «Հայաստանի` Եվրոպային մերձենալու հարցը Եվրամիության և Բրիտանական խորհրդի համար կարևոր հարց է. դրա վկայությունն է Արևելյան գործընկերության ծրագիրը, որով Եվրամիության ու տարածաշրջանային երկրների միջև համագործակցությանը մեծ ուշադրություն է դարձվում»:

Լրագրողի հարցին, թե` չի՞ կարծում, որ Եվրամիության անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դեսպանը պատասխանեց. «Միացյալ Թագավորությունը երկար ժամանակ աջակցել է Թուրքիային, որպեսզի վերջինս դառնա Եվրամիության անդամ: Բայց, ինչպես հայտնի է, Եվրամիության անդամության համար տվյալ երկիրը պետք է բարեկամական հարաբերություն ունենա իր հարևանների հետ: Այդ է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջ հարաբերությունների կարգավորումը մեզ համար առանցքային հարց է: Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնության, որն իրար կմոտեցնի երկու երկրները: Դա լավագույն պատասխանն է, որ կարող էի տալ»:

ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ` հղում կատարելով  Միացյալ Թագավորության պաշտոնական տեսակետին տիկին Լիչն ասաց. «Մենք ողջունում ենք երկրում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ու դիրքորոշումը:

Ընտրությունները կդառնան կարևոր փուլ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում: Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես խոստացել է պետության նախագահը, ապա դա կդառնա ևս մեկ քայլ երկրի և հասարակության ժողովրդավարացման ճանապարհին: Հուսով ենք, որ այս տարի ևս նախկինի պես հանրապետության նախագահը կհրավիրի մեզ և այլ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին մասնակցելու ընտրություններին՝ որպես դիտորդներ: Դեսպանատունն էլ ամեն կերպ կաջակցի ու կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը», – եզրափակեց դեսպանը:

 

 


Տոնդ շնորհավո՛ր, Հայկական բանակ Հունվար 27, 2012 | 16:07 Լուսինե Վայաչյան

Տոնդ շնորհավոր հայ զինվոր

1992-ին, երբ անակնկալ անկախացած Հայաստանը հայտնվեց պատերազմի ու շրջափակման մեջ, ոչ ոք չէր նախապատրաստել մեզ նրան, որ կարիք կունենանք սեփական բանակի, ու որ ինքներս մեզ պիտի պաշտպանենք արդեն, առանց «մեծ ախպոր»։ Ու երբ լքվեցին մի շարք բնակավայրեր, հասկացանք, որ էդպես կկորցնեն Ղարաբաղը. չկա կանոնավոր բանակ, չկա զենք բռնել իմացող համապատասխան կոնտինգենտ, բայց պաշտպանվել պետք էր, ու բանակը ստեղծվեց՝ ինքնաբուխ ու տարերային, սկզբում ինքնապաշտպանական ջոկատներ՝ որսորդական հրացաններով ու ինչ-ինչ մնացած հին զենքերով, հետո կամաց-կամաց թափ առավ ու աճեց, ու դառավ մարտունակ, ու հետո ճանաչվեց ամենամարտունակը տարածաշրջանում…

Արդեն անցել է 20 տարի, այսինքն հիմա, հենց հիմա էդ բանակում ծառայում է էդ տարիներին ծնված տղան, որը ծնվել է ցրտի, մթի, սովի ու այն տարիների ողջ զրկանքների փնջի օրոք։ Մայրը չէր կարողանում ջուր տաքացնել, որ փոքրիկին լողացնի, լույս չկար։ Քաղաքային բնակարանի մի անկյունում տեղադրված վառարանի վրա մի կերպ ճարված ցախով ջուր էր տաքացնում, լողացնում երեխային, լվանում նրա շորերը ու էդպես մի կերպ էլ չորացնում վառարանի շուրջը։ Երեխան հաճախ էր հիվանդանում, դե, ի՞նչ պայմաններում էր մեծանում, որ չհիվանդանար, ու թերսնված էր, քանի որ մայրն էլ մի կարգին սնունդ չէր ստանում, որ նրա կաթով բավարարվեր։ Ու էդպես կյանքի առաջին տարիներն անտանելի էին, հաց էլ չկար, առաջին անհրաժեշտության սնունդ էլ….

Բայց հաղթեցինք, էդ զրկանքների գնով հաղթեցինք, երեխաներ էլ ունեցանք, ու նրանք արդեն զինծառայողներ են։ Բայց այսօր հենց անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ Բանակն իր ներկա կառուցվածքով ու անփույթ ղեկավաման, կոռուպցիոն թողտվությունների շնորհիվ  դարձել է երկգլխանի հրեշանվստահություն սերմանելով հասարակության մեջ իր նկատմամբ։ Մեր հասարակությունը անկախության տարիներին ուժեղանալու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու փոխարեն, էնպիսի բարոյական անկում ապրեց, որ այդ ամենը բանակում խտացած ձևով ներկայացավ, իր ողջ անառողջությամբ: Մարդու կյանքը դարձավ ոչինչ, նյութական ամենափոքր շահը ստիպեց հաբռգած հրամանատարներին խաղաղ պայմաններում զինվոր սպանել, ասենք մի 50 դոլարի համար, կամ էնպես ծեծել ու ստորացնել, որ բանակից հաշմված տղաներ վերադառնան։

Երկար ժամանակ բանակի թեման դասվում էր սրբությունների շարքին, որի մասին չի կարելի խոսել, քանի որ արտաքին թշնամի ունենք, արատների մասին չի կարելի բարձրաձայնել, որ ջուր չլցնենք թշնամու ջրաղացին, բայց իր գոյության 18–րդ տարում համբերության բաժակը լցվեց։ Առաջ էլ են եղել սպանություններ, գուցե ավելի շատ,  որ բանակի առողջացման ջատագովների «աչքն են կոխում»: Բայց կարեւոր չի երբ սկսել, կարեւորը` արդյունք ստանալ:

Իհարկե մեծ դերակատարում ունեցավ իրար հաջորդած մի քանի հրեշավոր դեպքերի` որոնց թվում մեր լրագրող ընկերուհու եղբոր՝ Արտակ Նազարյանի սպանությունը, որից ցնցվեց լրագրողական աշխարհը, ողջ համացանցը էդ օրերին Ծովիկ հետ էր, Արտակ Նազարյանը մեր բոլորի, ամենքիս եղբայրն էր, ու կա, ու մենք «պայթեցինք»՝ անմիջականորեն զգալով էդ կառույցի հրեշավոր լինելու ու սահմաններ չճանաչելու ողջ բիրտությունը, անպատժելիությունը, «դեդովշինայի» արդարացումներ հնչեցին նույնիսկ ոմանց կողմից, ովքեր փորձում էին ամենաթողության մեղքը բարդել ում վրա ասես, բայց ոչ թերի ու կոռումպացված, քյարթու ու գողական «պանյատկեքով» կառուցված բանակային հիերարխիայի, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր այսօրվա հասարակության մոդելը փակ համակարգի մեջ, որտեղ ավելի վառ են երևում հասարակության արատները։

Արատավոր հասարակությունը, արատավոր իշխանության օրոք չի կարող այլևս ունենալ կարգին ու մարտունակ բանակ: Մեր բանակի մեծամեծներն իրենք են գցել մարտական ոգին մեր որդիների, նրանք են իրենց ամենաթողությամբ անպատժելիության մթնոլորտ ստեղծելով նպաստել նրան, որ բանակը դարձել է բերդի պես մի տեղ, ուր գոյատևում է ամենաուժեղը, ուր թույլին ստորացնելն ու ծեծելը չի պատժվում հավուր պատշաճի, ուր չծխողը ծխող է դառնում, չխմողը խմող, ուր տղաներից ստանում են ստրկամիտ ու ղեկավարելի քաղաքացիներ…

Ակամա մտածում ես, գուցե դա ռազմավարությո՞ւն է, թե չէ ինչպես՞ կարող է հասուն գիտակից մարդ ու ղեկավար լինելով հանդերձ, այսպիսի փնթի բանակային համակարգ ունենալով, չփորձել գոնե մի քիչ մաքրել, կարգուկանոն հաստատել, դա ախր բնազդի մակարդակի բան է…

Սպա բարեկամս ծառայում է լավ զորամասում, ուր լավ «նաչշտաբ» ու «զամպալիտ» են, ու դրա համար էլ «չաստում» կարգուկանոն կա, դրա համար էլ իմ բարեկամ սպան զինվորի ընկերն ու մեծ եղբայր է… Պարոն Օհանյան, խնդրում եմ ձեզ բոլոր մայրերի անունի., գտեք բոլոր զորամասերի համար լավ «նաչշտաբ» ու «զամպալիտ» էլի…

Հիմա մենք բանակի ստեղծման 20–րդ տեդարձին դեպի հետ նայելով ասում ենք. սրա համա՞ր ենք էդքան զրկանք կրել, որ մեր երեխաներին ստորացնեն, ծեծեն , սպանեն խաղաղ պայմաններու՞մ…

Չէ, հայկական բանակը մեր երազած բանակը չդարձավ, ու որքան էլ պաշտոնյաներն ասեն, թե ցանկացած պահին պատերազմի վերսկսման պայմաններում մենք կարող ենք հակահարված տալ թշնամուն, մեկ է, հասարակության մեջ էնպիսի բարոյահոգեբանական ճգնաժամ է, որ անվստահություն է առաջացնում հաղթանակի նկատմամբ։

Իսկ բանակի հիմնական շարժիչ ուժը դա մարտական ոգին է, որը ապրում է հավատով՝ վաղվա օրվա նկատմամբ, ու սնվում արժանապատիվ ծառայությամբ Հայրենիքին…

Շնորհավորում ենք բոլորիս Հայկական Բանակի օրվա առիթով, շնորհավորում ենք զինծառայողներին՝ մեծուփոքր, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, նաև` Գերագույն Հրամանատար Սերժ Սարգսյանին: Հուսով եմ կկարողանան կարգուկանոն հաստատել իրենց վստահված բանակում, որը ՄԵՐՆ Է, որպեսզի մենք էլ էդ բանակին հանգիստ վստահենք մեր երեխաներին, ու համոզված լինենք, որ կռվի դաշտից դուրս նրանց վտանգ չի սպառնում….

Առանձնահատուկ շնորհավորում ու համբերություն ենք ցանկանում բոլոր նորակոչիկներին, որովհետև նրանք դեռ իրենց կես տարին չեն ծառայել ու ամենախոցելին են այսօրվա բանակում, նաև նրանց հարազատներին, ընկերներին ու սիրած աղջիկներին:

Բայց ե՞րբ է գալու, ո՞ր տարվա հունվարի 28-ին ենք մենք, մայրերս կարողանալու լիաթոք ասել՝ ԿԵՑՑԵ´ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ, ազնիվ լինելով ինքերս մեզ հետ ու չխեղդվելով մեր կոկորդներում կանգնած Փոքր Մհերի էդքան սպասված տեսլականից, որ ստիպում է հայ մորն ասել ՉԵ:Մ ՏԱ ԶԱՎԱԿԻՍ ԲԱՆԱԿ…

Ո՞վ գիտի…

Զարուհի Հովհաննիսյան

Լուսինե Վայաչյան

 

(մայրեր, քույրեր, քաղաքացիներ)

Ո՞ւմն է ի վերջո անօթևանների խնդիրը Հունվար 26, 2012 | 12:42

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Ամանորի շեմին իրականացվեց մայրաքաղաքի փողոցներում, բակերում, կանգառասրահներում և այլ տարածքներում գիշերող, մշտական բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագիրը:

Քաղաքապետարանի ֆինանսավորմամբ և հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Վարդաշենում նրանց տրամադրվեց մի մասնաշենք, որտեղ ինչպես տեղեկացրեց կենտրոնի տնօրենը, տեղավորել են գիշերակաց 42 անօթևանի: Տնօրենը պատմեց, որ իրենք նոր չէ, որ զբաղվում են այդ գործով, սկզբում շրջել են փողոցներում, գտել անօթևաններին, փորձել նրանց օգնել, կամաց – կամաց խնդիրն այլ տեսք է ստացել, երբ գործի մեջ է մտել դանիական կազմակերպությունը, իսկ երևանում ցրտից անօթևաններ են մահացել:Այդ ժամանակ էլ սկսել են համագործակցել նաև նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ:

Նա պատմեց, որ իրենք աշխատել են քաղաքապետարանի հետ, սակայն  համագործակցել են նաև Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հետ:

Տնօրենն ի դեպ, ներկայացրեց, որ լուծվել է անօթևանների կացարանի, սննդի, հիգիենայի, խնամքի բուժզննության և առաջին անհրաժեշտության այլ միջոցառումների կազմակերպումը,սակայն խուսափեց նշել այն գումարի չափը որ, տրամադրել է քաղաքապետարանը, պատճառաբանելով, թե հեռախոսով չի կարող տվյալներ ասել:

Սա իհարկե հարցի մի կողմն է.Անկախ նրանից, մարդասիրական, թե` քաղաքի համար մտահոգ դրդումներով է քաղաքապետն իրականացրել ծրագիրը, գումար հատկացնելով մայրաքաղաքի բյուջեից, միևնույնն է դա ավելի շուտ սոցապնապարարության գործն է, որն այսօր կամ չի արվում, կամ թերի ու շատ վատ է կազմակերպվում:

Եթե չեմ սխալվում 2006-ին, անօթևանների կացարան բացվեց թիվ 1 տուն – ինտերնատի մասնաշենքերից մեկում և բյուջեից հատկացված գումարների հաշվին նախատեսվեց պատսպարել մոտ 60 հոգու, հետո մարդկանց հոսքը սկսեց աննախադեպ աճ գրանցել ու տնօրինությունը կանգնեց խնդրի առջև: Մի մասին տեղավորեցին տուն ինտերնատում, մի մասն էլ անվերջ վերադարձի մեջ է, (դուրս են գրվում, հետո կրկին հետ վերադառնում) քանի որ այնտեղ ըստ կարգի, 2 ամսից ավելի չեն պահում: Ու այս կիսատ պռատ մշակված ծրագիրը մնաց գործող ու այդպես էլ լիարժեք չմշակվեց:

Հիմա անցնենք բուն խնդրին. անօթևանների կենտրոնում պահվող մարդկանց մեծ մասը երևանի բնակիչ չէ: Գրեթե վստահ եմ, որ Վարդաշենում պահվողների մեծ մասը ևս մարզերից է:

 Անհասկանալի է, թե ինչու պետք է մայրաքաղաքի (որն առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունի) բյուջեից, հատկացում արվի մարզերից եկած անօթևանների խնդիրը լուծելու համար, այն դեպքում, երբ դա կարող է, և ի պաշտոնե պարտավոր է կազմակերպել սոցապնախարարությունը:Ու գործը ճիշտ կազմակերպելու դեպքում անօթևանը չի հասնի Երևան, մի կտոր հաց ճարելու ու քանդված շինություն գտնելու հույսով: Եւ ինչքանո՞վ է ճիշտ, առանց այդ էլ բնակչությամբ գերծանրաբեռնված ու մադկային հոսքի բեռի տակ կքած Երևանին լրացուցիչ ծախսի տակ գցելը:

Մինչդեռ մարզերում, սոցապնախարարության կողմից, բարեգործական հիմնադրամների օժանդակությամբ (թեկուզ երկու մարզում մեկ կենտրոն սկզբունքով) կենտրոն հիմնելը շատ ավելի նպատակահարմար կլիներ: Նշենք միայն մեկ խնդիր. մարդիկ այսօր, թե` անօթևանների կենտրոնում, թե` վստահ եմ, նորաբաց հավաքատեղիում իրենց փաստաթղթային հարցերը կարգավորելիս, ոչ քիչ գումարներ են ծախսում (ի դեպ պետության գրպանից), բնակության վայրեր հասնելու ու հարկ եղած հարցերը լուծելու համար: Քանի որ, ինչպես տեղեկացվում է` հաշվառումից և խնդիրների գույքագրումից հետո, նախատեսվում է լուծել նաև անօթևանների աշխատանքի տեղավորման եւ այլ հաստատություններ տեղափոխման հարցը: Իսկ միգուցե՞ այստեղ ևս գործում է ինչքան շատ գործ` այնքան շատ գումար, սկզբունքը:

Ի դեպ վերը նշված խնդիրը միայն մի փոքրիկ, մասն է, այն լաբիրինթոսի, որ ստեղծված է այս հարցի շուրջ:

Ռուզան Ավոյան

Նվիրեք մեզ ներողություններ ծաղիկների փոխարեն Հունվար 25, 2012 | 17:30 Լուսինե Վայաչյան

Ես ցավ ունեմ, այլ բանի մասին չեմ կարող ոչ մտածել, ոչ էլ գրել: Մանկությանս ընկերուհին, ինձ շատ հարազատ մի մարդ, լինելով իր գործին նվիրված ու լավատեղյակ, մնացել է առանց ապրուստի միջոցի մի տղամարդու քմահաճույքի պատճառով:

Մի փոքրիկ, խղճուկ տղամարդուկի, որն ունի սիրո և ուշադրության կարիք, չի կարող ստանալ տանը և փնտրում է իրեն վստահված շատ մեծ մի սուպերմարկետի կին աշխատողների մեջ:

Նայած ինչ հաջողություններ է ունենում օրվա ընթացքում, ըստ այդմ փոփոխվում է նրա տրամադրությունը, և ամբողջ կոլեկտիվը կախված է  լինում դրանից` ուշ կամ շուտ են տուն գնում, գոռգոռում է` նվաստացնելով ու ստորացնելով, աշխատանքից հեռացնելու սպառնալիքով կամ` անպարկեշտ կոմպլիմենտներ անում… Սովորական բեսպրեդել…  Բայց նա միայնակ չի իր այդ ոճի մեջ, համատարած երևույթ է, ինչպես պարզեցի:

Այս պատրիարխալ հասարակության մեջ մենք` կանայք, ամեն ինչով կախված ենք տղամարդկանցից: Մեր աշխատանքը  կախված  է հիմնականում նրանցից, որովհետև նրանք ավելի հաջողակ են բիզնեսում և դառնում են մենեջերներ, տնօրեններ, շեֆեր ու օլիգարխներ: Նրանք են որոշում, թե մենք մեր արտաքինով, տարիքով ու գիտելիքներով հարմա՞ր ենք զարդարելու իրենց օֆիսները, լինելու նրանց օպերատորները, մենեջերները, մատուցողները, օգնականները, լրագրողները, բժիշկներն ու բուժքույրերը, տոմսավաճառներն ու դիզայներները և էլի շատ ու շատ բաներ…

Մի անգամ աչքովս ընկավ անհեթեթ մի հայտարարություն.  պահանջվում է բարետես արտաքինով և բարձրագույն կրթությամբ, ցանկալի է, ռուսերենի իմացությամբ հավաքարար…

Նրանք մեջ առջև պահանջներ են դնում` գեղեցիկ լինելու, համեստ ու քչախոս լինելու, համարյա ստիպում են հարսնություն անել աշխատանքի վայրում, այլապես մեզ դուրս կվռնդեն, ցանկացողներ շատ կան այս տձև աշխատանքի շուկայում, որտեղ առաջարկը, մանավանդ կանացի ձեռքերի և ուղեղների, շատ անգամ գերազանցում է պահանջարկը: Ոչինչ չի պաշտպանում կնոջը, եթե չկա աշխատանքային պայմանագիր, իսկ մեր լեն ու բոլ օրերում ու անօրեն երկրում, որտեղ համատարած խուսափում են իրական հաշվապահությունից ու հարկային վճարումներից, ի՞նչ պայմանագրային աշխատանք, ի՞նչ բան…

Նրանք էլ ինչ ուզում անում են, սկսած կադրերով զբաղվող մանկլավիկներից, միջին օղակի մենեջերներից ու իբրև թե տնօրենի պարտականությունները կատարող, բայց իրականում միայն գանձապահություն անող ու ներքին անցուդարձը հսկող, զանազան բարդույթներով տառապողներից և մեծ ու մանր հոգեկան ցնցումներով տառապող տղամարդ կոչվողներից:

Կնոջը, աղջկան, օրիորդին նայում են որպես ապրանք, այլ ոչ  նույնիսկ գործիք, աշխատանքի ընդունելու պահից սկսած. Սիրո՞ւն է, ջահե՞լ է, եթե տարիքով է, գոնե մատչելի՞ է, եթե մատչելի չէ, գոնե շուստրի՞ է, եթե շուստրի չէ, գոնե կարո՞ղ է լավ սուրճ եփել, եթե ինչ-որ մեկի ծանոթն է, գոնե  Խաթաբալա է՞, փակբերա՞ն է, եթե շատ պետք է գործի համար, բանիմաց է, ապա գոնե հնազա՞նդ է: Բարդ է:

Լավ, ընդունեցին աշխատանքի: Ինչ նկատառումներով, համարյա ամենասկզբից էլ հայտնի է լինում թե’ ընդունվողին, թե’ ընդունողին: Դե, մտածում են շատ կանայք, կտեսնեն էդպիսիններից չենք, բայց լավ ենք աշխատում, կպահեն, հո իրենց բիզնեսի թշնամին չեն ի վերջո: Սկսվում են սեքսուալ հետապնդումները, սրճարան հրավիրելուց մինչև ուղիղ ու անպարկեշտ արված առաջարկությունները:

Բայց կինն ընդունվել է աշխատանքի, և այսօրվա աշխատող կանանցից ոչ ոք միայն զբաղվածության պրոբլեմը լուծելու համար չի գնում աշխատելու: Օրվա հացի խնդիր են լուծում, երեխա են մեծացնում, շատերն առանց ամուսինների և որևէ այլ կողմնակի օգնության: Աշխատավայրը վեր է ածվում մարտի դաշտի, մարտի ավարտն էլ տարբեր է լինում. Ոմանք տեղիք են տալիս` դառնալով ֆավորիտ մինչև շեֆը նոր արյուն չուզի, ոմանք չեմուչում են անում` խաղով ձգելով իրենց երկարակեցությունն աշխատավայրում, ոմանք էլ չեն դիմանում ու հեռանում են, կամ էլ վռնդում են նրանց: Ծանոթով ընդունվածների վիճակն ավելի լավ է, բայց սրանք էլ ունեն մեկ այլ խնդիր, միջին օղակի շեֆերի հետ, անցանկալի են նրանց աշխատանքային հարեմում, որովհետև ունեն աչքեր ու ականջներ և ցանկացած պահի կարող են գործի դնել:

Դեռ ոչինչ, եթե հեզ ու խոնարհ են և գործից այդքան էլ գլուխ չեն հանում: Նրանք այդքան էլ վտանգավոր չեն: Այ նրանք են վտանգավոր, ովքեր համ գլուխ են հանում, համ էլ հասկանում են, թե բիզնեսը կազմակերպելու համար հրավիրված միջին օղակի շեֆը ինչի է վեր ածել իրեն վստահված սրճարանը, խանութը, խմբագրությունը կամ հիվանդանոցը, թե այդ հավաբնում աքլոր լինելով ինչպես է անտեսում գործը, թույլ տալիս այնպիսի սխալներ, որոնք ահռելի վնասներ են պատճառում բիզնեսի իրական տերերին: Այսպիսիների հետ  անընդհատ հրահրվում են մտացածին կոնֆլիկտներ և ի վերջո, հիմնականում անհեթեթ պատճառաբանություններով նրանք հետ են վերադարձվում ծանոթին:

Ինչպես հասկացաք, այս վերջին ցավն էլ հենց իմն է: Չնայած ես սեփական ուժերով ապրել փորձող շատ քիչ կանանց գիտեմ, որոնց շրջանցած լինի սեքսուալ հետապնդումը աշխատանք ունենալու  որևէ փուլում: Բայց հիմա նա է, այսօր, այստեղ և հիմա,  և ես հրաժարվում եմ լռել և գրել այլ բանի մասին:

Երբ տեսնում եմ ընկերուհուս աղջնակի հայացքը` հավատով ու հույսով դեպի մորը նայող, բացում եմ նրա դատարկ սառնարանը, ինձ անուժ ու անօգնական եմ զգում  բժշկի ընդունարանում, որն ասում է նրան շտապ վիրահատության անհրաժեշտության մասին և նա հրաժարվում է, որովհետև փող չունի, ու պարտք էլ չի կարող անել, որովհետև աշխատանք չունի, ես անիծում եմ տղամարդկանց աշխարհը: Ես անիծում եմ բոլոր այն տղամարդկանց, որոնց համար կանայք մարդահաշիվ չեն, որոնք թողնում են իրենց երեխաներին բախտի քնահաճույքին և տրվում զանազան արատների, որոնք բիզնես են դնում ու չեն հետևում իրենց կադրերին, որոնք մարտի ութին ծաղիկ են նվիրում, իսկ ապրիլի յոթին չհասած հացն են կտրում, որոնք մոռացել են, որ նման մի կին էլ իրենց մայրն է, և օգտագործում են կնոջ ծանր վիճակը կամ աղջիկների տհասությունը  հեշտ, հանգիստ ու ձրի սեքս ստանալու համար…

Արհամարհում եմ բոլոր նրանց, ովքեր աչք են փակում նման բաների վրա, խոսում են բարձր արժեքներից և կանանց իրավունքներից ու չեն տեսնում մեկ կնոջ ցավը: Աշխարհը փրկել ու հեղափոխություն անել միշտ էլ կհասցնենք, բայց մեկին փրկել ու վաղվա օրվա նկատմամբ հույս ու հավատ ներշնչել նրա երեխային կարող ենք ու պարտավոր ենք այսօր:

Սիրելիներս, իմ ուժեղ ու թույլ տղամարդիկ, դուք մեզ շատ-շատ պետք եք, հարուստ ու աղքատ, խելոք ու հիմար, առանց ձեզ մենք երեխա չենք կարող ունենալ, չենք կարող ապրել: Սա ձեր աշխարհն է, բայց մեզ էլ մի քիչ տեղ տվեք, թույլ տվեք արժանապատիվ ապրել ու հնարավորություն ունենալ  մեծացնել մեր երեխաներին, եթե ինքներդ բրախել եք: Թույլ տվեք ձեզ օգնել բազմապատկելու ձեր հարստություններն ու մեզ օգտակար զգալ: Թույլ տվեք չտղամարդանալ, մեզ չշրջապատել միայն մեր նման կանանցով, որպեսզի  կարողանանք ձեզ տեսնել և սիրել… Թույլ տվեք գրել այն, ինչ ինքներս` չկայացած կանայք,  կցանկանայինք կարդալ: Մենք ուզում ենք խոսել մեր պրոբլեմների մասին, մենք ուզում ենք օգնել մեզ նմաններին…

Իսկ ես ուզում եմ, որ իմ ընկերուհին աշխատանք ունենա, նրա սառնարանը լիքը լինի, իսկ արժանապատվությունն ու առողջությունը վերականգնվեն ու ապահով լինեն: Եթե ցանկացողներ լինեն` միացեք:

Նվիրեք մեզ ներողություններ  ծաղիկների փոխարեն…

 

Երբ երկրի տերերը «բոմժերն ու համբալներ» են Հունվար 23, 2012 | 19:44

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Բակոնսկին հեռացվել է պաշտոնից, և միայն այն բանի համար, որ իր բլոգում ընդդիմադիներին անվանել է «անգործներ»: Նախարարը ծաղրել է նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականը պահանջող ընդդիմության կոչերը, նրանց անվանելով ապատեղեկատվությամբ զինված ու ատելության քարոզչություն իրականացնողներ», «անցյալի ուժեր», որոնք խոչընդոտում են «նոր Ռումինիայի նախագծի» ստեղծմանը:

Դրան հաջորդել է Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկի, ելույթը երկրում հակակառավարական բողոքի ակցիաներին նվիրված խորհրդարանի արտահերթ նիստում. «Ես որոշում եմ կայացրել Բակոնսկու հրաժարականի վերաբերյալ: Ցավում եմ իմ որոշ գործընկերների`  ցուցարարների հասցեին հնչեցրած անզգույշ խոսքերի համար և հրապարակային ներողություն խնդրում ռումինացիներից»,- ասել է Բոկը:

Օրերս կառավարության շենքի առջև, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ցուցարարներից մեկին` Արմեն Խալոյանին, հրապարակավ «բոմժ»  անվանեց:

8 տարի անտուն ապրող տղամարդն ընդամենը նախարարին դիմել է, իրեն տուն – ինտերնատում կացարան տալու հարցով, սակայն նախարար Գրիգորյանը բառացիորեն ասել է. «Ծերանոցները քո նմանների համար ա՞, որ տանեմ գցեմ ընդեղ բոմժանո՞ց է »:

Չնայծ դրան որևէ մեկը, նույնիսկ այն կուսակցության մակարդակով, որի քվոտայով նախարար է դարձել Գրիգորյանը, ներողություն չխնդրեց, ՀՀ քաղաքացուն բոմժ անվանելու ու վիրավորելու համար, ԲՀԿ-ն իր պատվից ցած համարեց ու չփորձեց իր նախարարի անտակտությունը ինչ որ ձևով մեղմացնել: Նույնիսկ չքնարկվեց նրա`հասարակական վայրում,  քաղաքացիների ներկայությամբ իրեն դրսևորել չկարողանալու հարցը:

Նույն կերպ վարվեց և ՀՀԿ –ն, երբ իր` արդեն նախկին աշխատակազմի ղեկավարը հրապարակավ մարդկանց համբալ անվանեց:

Այո, ստացվում է, որ մեր անցած ճանապարհը ոչինչ չի տվել և դեռ շատ բան ունենք սովորելու, թեկուզ ռումինացիներից: Ապագա չունի այն  երկիրը, որի քաղաքացին ու երկիր պահողը, իր տարրական իրավունքի համար պայքարելիս, բոմժի ու համբալի պիտակ է ստանում և մնում է անպաշտպան:

 

Վիդեո

Top լուրեր
Հարցում
  • ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը միասնակա՞ն ցուցակով կգնան ընտրությունների, թե՞ առանձին-առանձին:

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...