Մի քանի օր է՝ ակտիվորեն շրջանառվում է այն տեղեկությունը, որ Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը: Նշենք նաև, որ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն այս առիթով հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր, որ Ֆրանսիայի և Արցախի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերի դեմ դատական գործերը չեն ազդի այն բարեկամության վրա, որ երկու ժողովուրդները տածում են միմյանց նկատմամբ և որը արտահայտվում է հռչակագրերի տեքստերով:
Արդյոք Ֆրանսիայի տարբեր քաղաքների այս օրինակը կարող է շղթայական ռեակցիա ունենալ նաև ԵՄ անդամ մյուս երկրների համար։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ այդ եզրակացության համար պետք է նախ հասկանալ, թե այս գործընթացն ինչի հետևանք է. «Որոշումները կայացվել են Ֆրանսիայի դատական համակարգում, և այստեղ Ֆրանսիայի դատական համակարգի անկախության խնդիր է. ինչու՞ է այդ համակարգը որոշել անդրադառնալ այդ հարցին, ի՞նչ նախաձեռնությամբ է այդ պրոցեսը սկսվել, և ինչքանով է դատական համակարգն անկախ ու ենթակա որևէ քաղաքական ազդեցության»։
Բադալյանը մեջբերում է Վալանսի քաղաքապետի հայտարարությունը և նշում. «Նա խոսում է այն մասին, որ սա ակնհայտորեն արտերկրից թելադրված որոշում է։ Սա շատ պատասխանատու հայտարարություն է և հարց է առաջանում, թե որ արտերկրից է այս որոշումը թելադրված, արդյոք խոսքը Եվրոպայում մեզ քաջ հայտնի խավիարային դիվանագիտության մասին է և այն հասել է նաև ֆրանսիական դատարան։ Այս բոլոր հարցերը մենք պետք է հասկանանք՝ պատկերացնելու, թե ինչպիսի քաղաքական հետևանք կարող է սա ունենալ, և արդյոք շղթայական ռեակցիա կլինի եվրոպական այլ երկրներում»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մեր դիվանագիտական գերատեսչությունը, դիվանագիտական խողովակները այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տանեն. «Ես շատ կարևոր եմ համարում շեշտել, որ սա հարված է հենց Ֆրանսիային, Ֆրանսիայի այն մեծ քաղաքական առաքելությանը, որ ունի այդ երկիրը ոչ միայն որպես Մինսկի խմբի համանախագահ, այլ ընդհանրապես որպես աշխարհի առաջատար պետություններից մեկը։ Ի վերջո, հարցը պետք է դիտարկել ոչ միայն Արցախի խնդրի համատեքստում, այլ հայկական հարցի տեսանկյունից առհասարակ, և այդ իմաստով Ֆրանսիան առաջամարտիկի դեր է ստանձնել։ Հասկանալի է, որ այստեղ շարժառիթները քաղաքական են, բխում են Ֆրանսիայի շահերից, այդ շահերը լիովին համընկնում են հայկական պետականության, հայ ժողովրդի շահերին… բայց ուզում եմ հիշեցնել Ֆրանսիայի նախագահի մի հայտարարություն, որ նա արել էր փետրվարին՝ հիշատակի օր հռչակելով ապրիլի 24-ը, ասել էր, որ Ֆրանսիայի նախագահի ամբողջական պատասխանատվությունն է Թուրքիայի նախագահին բերել երկխոսության։ Այս կարևորագույն հայտարարությամբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը շրջագծել էր այն մեծ առաքելությունը, որ հայկական հարցի համատեքստում ունի Ֆրանսիան»։
Դատարանի այս որոշումն, ըստ Բադալյանի, ուղղվում է նաև Ֆրանսիայի վերը նշված առաքելությանը. «Արցախի հարցն առանձին հարց չէ, հայկական հարցի կարևորագույն բաղադրիչներից մեկն է»։
Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք այս հարցը շատ մեծ կարևորություն ունի մեզ համար, և Ֆրանսիայի դատարանի այս որոշումից պետք է մեծ «ողբերգություն» սարքել, Հակոբ Բադալյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ սա ողբերգական կամ վախճանաբանական, ճակատագրական նշանակություն ունի Արցախի համար, բայց սա ադրբեջանական ագրեսիվությունը խթանող գործընթաց է ՝ անկախ նրանից, թե ինչ շարժառիթներով է սա տեղի ունենում։ Չեմ պատկերացնում, թե ում է խանգարում Ֆրանսիայի քաղաքների որոշումը Արցախի քաղաքների հետ քույր կամ եղբայր լինելու, բարեկամ լինելու հարցում, ո՞ւմ է դա խանգարում, ինչո՞վ է հակասում Ֆրանսիայի շահերին։ Եթե այս պարզ ու մաքուր բարեկամությունը հայտնվում է հարվածի տակ՝ սա սնուցում է Արցախի ուղղությամբ ագրեսիվ տրամադրված բոլոր կողմերին, և առաջինն այստեղ Ադրբեջանն է։
Իհարկե, սրա ազդեցությունը ճակատագրական և վճռորոշ չէ, բայց, որպես գործոն, այն ագրեսիա խթանող գործոն է՝ ուղղակի կամ անուղղակի։ Իսկ ագրեսիա խթանող ցանկացած գործոն պետք է դատապարտվի»։
Մեր զրուցակիցը եզրափակեց. «Հարցը ուսումնասիրելու և դիվանագիտական խողովակներով կանխարգելելու խնդիր ունի թե՛ Հայաստանը և թե՛ Ֆրանսիան, և ես արդեն նշեցի, թե Ֆրանսիան ինչ կարևոր դերակատարություն ունի թե՛ արցախյան հարցում և թե՛ առհասարակ միջազգային հարաբերություններում»։