Գազի սակագնի բարձրացման հավանականությունը փոքր չէ․ այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գազի մատակարարման պայամանագիրն ավարտվել է, եւ Ռուսաստանը կարող է Հայաստանում գազն իրացնել այն գնով, ինչ իրացնում է Եվրոպայում, այսինքն՝ ավելի թանկ։ Եւ հնարավոր է՝ բանակցությունների արդյունքում այնպիսի գին առաջարկվի Հայասատանին, ինչպիսին կա միջազգային շուկայում, եւ Հայաստանի բնակչության համար սա շատ ծանր բան կլինի։ Ամեն դեպքում ամեն ինչ կպարզվի բանակցությունների արդյունքում, բայց հավանականությունը փոքր չէ գնի բարձրացման առումով»,– ասաց նա։
Տնտեսագետի կարծիքով՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր էր իջեցնել, եւ ինքը նման հարց տվել է Փաշինյանին, բայց այդ հարցն, ըստ էության, անպատասխան է մնացել. «Հիմա էլ մենք առնչվեցինք նման հարցի, որ գազի սակագինը կարող է բարձրանալ, ինչը ծանրություն է մեզ համար»։
Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ գազի ներկրումը այլ երկրներից, մասնավորապես Իրանից Հայաստանի համար շատ բարդ հարց է, քանի որ Հայաստանը գտնվում է իրարարմերժ շահեր հետապնդող երկրների կիզակետում, եւ Հայաստանի նման ոչ մեծ երկրների շահերը հրվում են հետին պլան։
«Նման պարագայում միակ ելքը չափազանց ճկուն եւ արդյունավետ արտաքին քաղաքականության վարումն է, որի պարագայում կկարողանանք գոյատեւել այս իրավիճակում»,– ասաց տնտեսագետը։