Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց «Զիբիլիքսի» գործով դատական քննությունը:
Այս գործով ամբաստանյալները 11-ն են՝ 10 տղամարդ և 1 կին, բոլորի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Ամբաստանյալներից երկուսին՝ Հրայր Անտոնյանին ու Ստեփան Սահակյանին մեղադրանք է առաջադրված 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում նախնական համաձայնությամբ և իրենց համախոհների օժանդակությամբ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 2-րդ մասով: Մնացած 9 ամբաստանյալներին՝ Արմեն Ազոյանին, Երվանդ Բեգլարյանին, Աշոտ Գևորգյանին, Հովհաննես Գալստյանին, Մինաս Շահինյանին, Ալեքսան Խաչատրյանին, Տարոն Սարգսյանին, Սեյրան Հակոբյանին, Հեղինե Փոգրարյանին մեղադրանք է առաջադրված Հրայր Անտոնյանին ու Ստեփան Սահակյանին ընտրակաշառք բաժանելու հարցում օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով:
Հրայր Անտոնյանը ժամանակին եղել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը, 2016 թվականից նա Տարոն Մարգարյանի հրամանով աշխատանքի է անցել Երևանի քաղաքապետարանում՝ որպես կոմունալ տնտեսության համայնքային ծառայության վարչության պետ: Ավագանու ընտրությունների ժամանակ Հրայր Անտոնյանը եղել է ՀՀԿ-ի՝ Կոմիտասի պողոտայում տեղակայված նախընտրական շտաբի պետը, նա ինքը առաջադրված է եղել որպես ավագանու թեկնածու:
Ստեփան Սահակյանը «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենն էր:
Դատական նիստի սկզբում դատարանը քննության առավ ամբաստանյալ Ստեփան Սահակյանի դիմում-միջնորդությունը. ամբաստանյալը դատարանի թույլտվությունն էր խնդրում, որպեսզի 2018 թվականի դեկտեմբերի 17-ին մեկնի ԱՄՆ՝ Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաք ու այնտեղ գտնվի մինչև 2019 թվականի հունվարի15-ը, քանզի այնտեղ է գտնվում ամբաստանյալի կինը: Վերջինս, ըստ համապատասխան բժշկական փաստաթղթերի, 2018 թվականի դեկտեմբերի 20-ից 30-ը պետք է ծննդաբերի: Ընդ որում՝ Ստեփան Սահակյանը նախաքննական մարմնի թույլտվությամբ մեկ անգամ արդեն գործի նախաքննության փուլում կարճաժամկետ մեկնել է Ֆրեզնո՝ հղի կնոջ մոտ, այնտեղ է եղել 2018 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 12-ը ու վերադարձել է՝ առանց տրված ժամկետը խախտելու: Ներկայումս էլ ամբաստանյալը դատարանին խոստացավ, որ նույն բարեխղճությունը հանդես կբերի ու ճիշտ ժամանակին կվերադառնա Հայաստան:
Ամբաստանյալի Ստեփան Սահակյանի շահերի պաշտպանը, միանալով իր պաշտպանյալի խնդրանքին, նախագահող դատավորին դիմեց նաև որպես կնոջ՝ խնդրելով անպայման թույլատրել Ստեփան Սահակյանին, որ նա ծննդաբերության ժամանակ գտնվի կնոջ կողքին ու հոգ տանի նրան, առաջիկա տոնական օրերին էլ գտնվի ընտանիքի հետ: Պաշտպանը նշեց, թե ինքն էլ է երաշխավորում, որ իր պաշտպանյալը ճիշտ ժամանակին կվերադառնա:
Մյուս ամբաստանյալներն ու պաշտպանները միացան այս դիրքորոշմանը:
Մեղադրող դատախազը հարցի լուծումը թողեց դատարանի հայեցողությանը՝ միաժամանակ նշելով, թե, այնուամենայնիվ, լավ կլինի, եթե գործուն երաշխիքներ լինեն՝ ամբաստանյալի նկատմամբ գրավ կիրառվի կամ՝ անձնական երաշխավորություն:
Դատարանը կես ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հրապարակեց որոշումը՝ Ստեփան Սահակյանին թույլատրվեց դիմումի մեջ նշված ժամկետում մեկնել ԱՄՆ՝ ծննդաբերության պատրաստվող կնոջ մոտ՝ այդ ժամանակահատվածում կդադարեցվի Սահակյանի սահմանահատումների վրա դրված արգելքը:
Այս դիմումի բավարարումից հետո ամբաստանյալ Հրայր Անտոնյանը, ապա և մյուս տասը ամբաստանյալները հայտարարեցին, թե միջնորդելու են դատական գործը արագացված ընթացակարգով քննելու վերաբերյալ:
Մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հրայր Անտոնյանը խմբային շահերից ելնելով, իր կուսակցության՝ ՀՀԿ-ի համար Երևանի ավագանու ընտրություններում առավելագույն թվով ձայներ ապահովելու նպատակով, յուրաքանչյուր քվեի դիմաց՝ 10 հազար դրամ սկզբունքով՝ իր համախոհների օժանդակությամբ ընտրակաշառք է բաժանել ընտրողներին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ինքը՝ Հրայր Անտոնյանը այս գործում ներդրել է 48 միլիոն 417 դրամին համարժեք 100 հազար դոլար, իսկ նրա ընկեր, «ՍԱՍ Գրուպի» տնօրեն Ստեփան Սահակյանը ներդրել է 15 միլիոն դրամ:
Անձամբ Հրայր Անտոնյանն ու Ստեփան Սահակյանը ընտրակաշառքը չեն բաժանել, ընտրակաշառքը վերցնողները նրանց չեն տեսել ու նրանց հետ գործ չեն ունեցել: Ընտրակաշառքի խմբաքանակները բաշխվել են ենթատարածքների ու ենթատեղամասերի՝ այսպես կոչված՝ ղեկավարներին, նրանք էլ ցուցակներով՝ յուրաքանչյուր քվեի դիմաց ՝ 10 հազար դրամ սկզբունքով բաժանել են կաշառքը:
Հրայր Անտոնյանի ու Ստեփան Սահակյանի հետ ներկայումս ամբաստանյալի աթոռը «կիսող» ինը ամբաստանյալները հենց ընտրակաշառքի բաժանման օժանդակողներն են: Նրանցից յուրաքանչյուրին որոշակի խոշոր գումար է տրամադրվել՝ որոշակի քանակությամբ «կողմ» ձայներ ապահովելու համար, օրինակ՝ Արմեն Ազոյանին, ով ավագանու ընտրությունների ժամանակ հանձնաժողովի նախագահ է եղել, տրամադրվել է 5 միլիոն դրամ, Հովհաննես Գալստյանին, Մինաս Շահինյանին՝յուրաքանչյուրին՝ 6 միլիոն 250 հազար դրամ, մյուսներին էլ՝ այդ կարգի գումարներ: Միայն ամբաստանյալ Հեղինե Փոգրարյանը, ըստ մեղադրանքի, գումար չի բաժանել, նա կոնկրետ անձանց տվել է գումար հատկացնելու խոստումներ՝ յուրաքանչյուր քվեի արժեքը՝ 10 հազար դրամ սկզբունքով:
Քանի որ բոլոր ամբաստանյալները միջնորդեցին գործը քննել արագացված ընթացակարգով, մեղադրող դատախազն էլ, բոլորին լսելով, փոխեց դիրքորոշումը և չառարկեց գործն արագացված ընթացակարգով քննելու դեմ, դատարանը որոշեց գործի քննությունն անցկացնել արագացված ընթացակարգով:
Նախագահողը հրապարակեց ամբաստանյալներին բնութագրող փաստաթղթերը:
Նրանց մեծ մասը բնութագրվում էր խիստ դրական, նույնիսկ նշված էր, թե «ընդօրինակելի են» նրանց բնավորության դրական կողմերը:
Հրայր Անտոնյանը բազում շնորհակալագրեր, պատվոգրեր ուներ՝ «նշանակալի ավանդի» ու «օրինակելի աշխատանքի» համար: 2016 թվականին նա Տարոն Մարգարյանի կողմից պարգևատրվել է Քաղաքապետի ոսկե մեդալով, նաև՝ ԱԺ հուշամեդալով, Արցախի նախագահի կողմից՝ Երախտագիտության մեդալով, ՊՆ պատվոգրերով: Հրայր Անտոնյանը վատառողջ է, նրա խնամքին են 15-ամյա որդին ու 2 տարեկան դուստրը:
Ստեփան Սահակյանի խնամքին առայժմ մեկ մանկահասակ երեխա կա, երկրորդը պատրաստվում է ծնվել:
Ամբաստանյալ Աշոտ Գևորգյանը Ազատամարտի վետերանների միության կողմից դրական էր բնութագրվել, նա ունի բազմաթիվ մեդալներ՝ մասնակցել է Արցախյան պատերազմին: 2018 թվականի մարտին նրա սիրտը ստենդավորվել է:
Մյուս ամբաստանյալները ևս ունեին դրական բնութագրեր, խնամքին՝ երեխաներ, ոմանք՝ թոռներ, մեծ մասամբ վատառողջ են:
Ամբաստանյալներից մի քանիսի վերաբերյալ բժշկական նոր հետազոտությունների փաստաթղթերը կներկայացվեն հաջորդ դատական նիստին:
Մեղադրող դատախազը ժամանակ խնդրեց՝ մեղադրական ճառին պատրաստվելու համար:
Դատարանը հաշվի առավ նաև այն ժամանակը, որը հատկացվել էր ամբաստանյալ Ստեփան Սահակյանին՝ ԱՄՆ մեկնելու և վերադառնալու համար և դատական նիստը հետաձգեց մինչև 2019 թվականի հունվարի 17-ը:
Հիշեցնենք, որ այս գործը հնչեղ «Զիբիլիքս» անունն է ստացել այն բանի համար, որ Երևանի ավագանու՝ 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը «Ելք» դաշինքը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել իրավապահներին՝ ներկայացնելով Կոմիտասի պողոտայում ՀՀԿ նախընտրական շտաբի մերձակայքում գտնվող աղբամաններից հայտնաբերված 30 էջանոց ցուցակների ու հրահանգների տրցակը: Այդ «մատնիչ» թղթերը անփութորեն աղբաման էր նետել շտաբի աշխատակիցը: Ցուցակներն ու հրահանգները վկայում էին, որ հանրապետական կուսակցությունը ընտրակաշառք է բաժանել ընտրողներին, և այդ բաժանումը կրել է համակարգված ու կենտրոնացված բնույթ: Ցուցակներում ընտրակաշառքը վերցնողների անուն-ազգանուններն են, նրանց ընտանիքի չափահաս անդամների թվաքանակը, իսկ հրահանգներում հրահանգավորված էր՝ ինչպես պետք է բաժանվեր ընտրակաշառքը, մասնավորապես՝ կաշառք բաժանողը պետք է հարցներ՝ ո՞վ է տան ակտիվիստը, նրա հետ պետք է առանձնանար բաղնիքում կամ ննջարանում՝ «զապիսից խուսափելու համար», գումարը պետք է տար «մոտ տարածությունից, առանց որևէ բառ խոսելու»…
Այս գործի վարույթը հանրապետականների իշխանության օրոք՝ 2017 թվականի հուլիսին կարճվել էր: «Ելք»-ը բողոքարկել էր կարճման որոշումը: Ի վերջո՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա դատախազը որոշում էր կայացրել գործի վարույթը վերսկսկելու մասին: Մայր գործով նախաքննությունը դեռ շարունակվում է…
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.