Կառավարության վերջին նիստում հաստատվել է բավականին ուշագրավ մի օրինագիծ: Փոփոխություն է կատարվում ՀՀ հողային օրենսգրքում: Ըստ այդ փոփոխության` ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը, որը քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացնելու, պարտավորվելու է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում 1 տարվա ընթացքում օտարել իր սեփականությունը համարվող հողը:
Հակառակ դեպքում, երբ սեփականատերը նշված ժամկետում հողը չի օտարում, պետական մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով կատարվում է հարկադիր վաճառք, ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է հողի արժեքը:
Օրինագծի մասնագետները սա բացատրում են 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով, համաձայն 60-րդ հոդվածի, որով օտարկերկրյա քաղաքացիները չեն կարող դառնալ ՀՀ-ում սեփականատեր:
Փաստաբան Նորայր Նորիկյանի դիտարկմամբ` հողային օրենսգրքում կատարվող փոփոխությունները բավականին վիճահարույց են, դրանք էական հակասության մեջ են գտնվում ՀՀ մայր օրենքի, ինչպես նաև Քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի` սեփականության իրավունքի հետ: Նրա խոսքով` օրինագծի հեղինակի բերած հիմանավորումներն իրավական հարթության մեջ չեն տեղավորվում:
Հողային օրենսգրքի նոր փոփոխությունը ոտնահարում է սեփականության իրավունքը, քանի որ հողի սեփականատերը զրկվում է իր սեփական գույքը հայեցողությամբ տիրապետելու և տնօրինելու իրավունքից: «Դա իրավունքների կոպտագույն խախտում է: Հեղինակները փորձել են լավ բան անել, բայց ստացվել է, ինչպես միշտ»,- նկատեց փաստաբանը:
Բացի իրավունքների խախտումից, փաստաբանն այլ խնդիրներ է նկատում օրենսգրքի փոփոխությամբ: Օրենքի ուժով քաղաքացին սեփական գյուղնշանակության հողից կզրկվի. այստեղ կրկին օլիգարխի բախտը կբերի: Օլիգարխները կամ պետությունը գրոշներով քաղաքացուց հողը կգնեն, և ըստ փաստաբանի՝ Հայաստանում կստեղծվի դասական ֆեոդալիզմ:«Գումար ունեցողներն են այդ հողերը գնելու, և կգա մի ժամանակ, որ հողերի խոշորացման անվան տակ ունենալու ենք մի քանի ֆեոդալներ, որոնք տիրապետելու են մեր երկրի հողային ռեսուրսի մեծ մասը: Խնդիր ունենք գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման հետ, բայց դա բոլորովին այլ հարթության վրա պետք է տեղավորվի՝ ոչ ի վնաս սեփականատիրոջ»,- ընդգծեց Նորայր Նորիկյանը:
Հողային օրենքի փոփոխությունը բերելու է քաոսային իրավիճակի, երբ քաղաքացիները, մեր երկրում չկարողանալով հաց վաստակել, արտագաղթել են երկրից, կկորցնեն նաև հայրենիքում ունեցած վերջին հողակտորը: Սա, ըստ մասնագետի, լրջագույն խնդիրներ է առաջացնելու սեփականության իրավունքի հարգման տեսանկյունից:
Նյութի աղբյուրը` Newsbook.am