Ներկա դրությամբ հրադադարն Ադրբեջանին ձեռնտու է, 4 օրվա ընթացքում այդքան զոհ են տվել, նրանք խելքի չեն գա երկար ժամանակ:
Այս մասին«Հետքին» տված հարցազրույցում նշել էԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:
Պարոն գեներալ, ի՞նչ էր կատարվում ապրիլի 2-ին, Դուք որտե՞ղ էիք:
Գիշերվա ժամը 3.30-ի կողմերը, երբ շտաբի օպերատիվ հերթապահը զանգեց (դա երկրորդ զանգն էր), ես արդեն պատրաստվում էի դուրս գալ: Մեքենան սպասում էր: Ինձ մոտ զգացողություն կար, որ սա հերթական դիվերսիոն գործողությունը չէ: Մեքենայի մեջ, նոր տեղեկություններ ստանալուց հետո, հասկացա, որ պատերազմ է: Ներկայանալով բանակի հրամանատարին՝ իրավիճակի շուրջ որոշ պարզաբանումներ կատարելուց հետո առաջարկեցի մեկնել հյուսիս` Մարտակերտի ուղղությամբ, քանի որ այնտեղ լուրջ վտանգ կար: Երբ հասա Մարտակերտ եւ հրամանատարական կետը զբաղեցրի, տղաները կարծես թե չէին զգում, որ առջեւում լուրջ առճակատում է սպասվում… Այդ ընթացքում հակառակորդի հրետանին արդեն սկսեց աշխատել Մարտակերտի ուղղությամբ: 30 րոպե հետո զեկուցում են, որ հակառակորդը մտել է 116 եւ 118 դիրքեր: Զորամասի հրամանատարը, իր տրամադրության տակ եղած ուժերը վերցնելով, իսկույն մեկնում է գործողության վայր, իսկ հրետանու պետի առաջ խնդիր դնում կրակ բացել այդ դիրքերի վրա: Արդեն հայտնի էր, որ մենք այնտեղ զոհեր ունենք, տղաները հետ չեն քաշվել, կռվել են մինչեւ վերջ: Միայն մեկ հոգի էր կենդանի մնացել, որը վաշտի հրամանատարի հրամանով գնացել էր դիրքից 300 մ հեռավորության վրա գտնվող պահեստավայրից զինամթերք բերելու: Բայց երբ նա հետ է վերադարձել, դիրքերն արդեն հակառակորդի կողմից գրավված էին: Գալով հրամանատարական կետ՝ նա վերադասին զեկուցում է ստեղծված իրավիճակի մասին: Տեղում որոշում ենք կայացնում հրետանային կրակի օժանդակությամբ եւ տանկային վաշտի ներգրավմամբ անցնել հակագրոհի: Կես ժամվա ընթացքում դիրքերը հետ ենք վերցնում: Միայն այդ մարտում հակառակորդը, տալով մոտ 4 տասնյակ զոհ, որից 28-ը մնացել էր մեր հսկողության տակ գտնվող դիրքում, փախուստի է դիմում եւ թաքնվում մեր դիրքերից 250 մետր հեռավորությամբ գտնվող իրենց խրամատում: Զորամասը պահպանությունից անցնում է մարտական պաշտպանության: Դրանից հետո նրանք սկսում են հրետակոծել Մարտակերտը:
Հետո այդ հատվածում նրանք նորից հարձակում ծավալեցի՞ն:
Պարզ էր, որ նրանք նոր հարձակում են սկսելու այդ ուղղությամբ: Որոշ ժամանակ անց մերոնք զեկուցեցին, որ հակառակորդի տանկային գումարտակը շարժվում է 4-րդ եւ 5-րդ պաշտպանական շրջանների հատման հատվածի` Սեյսուլանի ուղղությամբ: Դրանց առաջխաղացումը կանգնեցնելու համար մեր հրետանին սկսեց աշխատել: Տեսնել էր պետք, թե ինչպես էին խոցվում հակառակորդի դիրքերն ու զրահատեխնիկան:
Պաշտպանական գործողությունները հաջող էին ընթանում նաեւ մարտագծի հյուսիսային ուղղությամբ: Չնայած Թալիշի հատվածում մերոնք սկսել էին հետ վերցնել կորցրած դիրքերը, բայց ադրբեջանցիները հայտարարում էին, որ Թալիշը, Մատաղիսը եւ Սեյսուլանը վերցված են: Որ Թալիշի եւ Սեյսուլանի ուղղությամբ, իրոք, մարտեր էին ընթանում, դա արդեն մեզ հայտնի էր: Բայց ահա Մատաղիսի մասին լսելով՝ մենք կռահեցինք, որ թշնամին մտադրություն ունի գրոհել նաեւ Մատաղիսը: Դրանից ելնելով՝ մենք զեկուցեցինք բանակի հրամանատարին, որը որոշում ընդունեց ուժեղացնել 5-րդ ՊՇ-ի ձախ թեւի դիրքերի պաշտպանությունը` այնտեղ տեղափոխելով հակատանկային միջոցներ: Այս քայլով ամբողջությամբ փակվեց հակառակորդի առաջխաղացման հնարավորությունը Մատաղիսի ուղղությամբ:
Ապրիլյան պատերազմը ի՞նչ դասեր տվեց մեզ:Շատ զոհեր ենք տվել, իհարկե,բայց այդ զոհերի գնով նաեւ դասեր ենք ստացել:
Հակառակորդը մեզանից ութ անգամ ավելի զոհ է տվել: Նվազագույնը 800-1000 կորուստ է ունեցել նա: Իսկ վիրավորների թիվն անհամեմատ շատ էր: Հակառակորդը շատ էր վստահ իր ուժերի վրա, կարծում էր՝ կմտնի, կմորթի եւ կանցնի առաջ: Բայց մեր երեխեքը մինչեւ վերջ կանգնել եւ պաշտպանել են իրենց դիրքերը, մենք գիտեինք, որ մեր զինվորներն այդպիսին են: Միշտ էլ ասել ենք, որ այս սերունդը մեզանից շատ է անելու: Այն, ինչ մենք 1992-94թթ. արել ենք, իրենք ապացուցեցին, որ կարող են իրենց սխրանքներով ու կատարածով մեզ գերազանցել, մեզնից ավելին անել…
Իսկ ինչո՞վ եք դա բացատրում:
Իրենց ծնողներից է գալիս, մեր երեխեքն են, չէ… Ոչ թե պապերից, այլ իրենց ծնողներից են լսել մեր երեկվա պատերազմի մասին: 1994-ից ընդամենը 22 տարի է անցել, իսկ այսօր առաջնագծում արդեն մեր երեխեքն են ծառայում: Նրանք ոչ թե ինչ-որ գիրք են կարդացել եւ դրանից իմացել մեր պատերազմի պատմությունը, այլ իրենց ծնողներից: Այդ տղաների մեջ իր ժողովրդին պաշտպանելու զգացումը կա, եւ դրանով ամեն ինչ ասված է:
Այս պատերազմը նաեւ մեր թերությունները բացեց, տեսանք, թե ինչպիսի բացթողումներ ունենք, եւ հիմա դրանք պետք է արագ վերացնենք: Կարելի է ասել, որ այդ չորս օրը մեզ համար լուրջ փորձաշրջան էր: Ճիշտ է՝ մեծ թվով զոհեր ենք տվել, բայց փրկել ենք բազում կյանքեր, ազգի կյանքն ենք փրկել: Այսօր պարտավոր ենք արագ ու նպատակասլաց աշխատել բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ:
Իսկ այդ թերությունները վերացնելու համար ինչ—որ բան արվո՞ւմ է հիմա:
Այո: Նշված բոլոր թերությունները գտնվում են նախագահի եւ բանակի հրամանատարի ուշադրության կենտրոնում, եւ դրանց վերացման ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Միեւնույն ժամանակ կուզեի նշել, որ այդ ամենով հանդերձ՝ դա ոչ միայն պաշտպանության բանակի խնդիրն է, այլ մեր պետության, մեր ազգի խնդիրն է…
Ո՞րն է, ըստ Ձեզ, հակառակորդին զսպելու ամենաարդյունավետ ձեւը:
Հակառակորդին միշտ պետք է ուժ ցույց տանք, եթե նա հետեւակի մարտական մեքենա է հանում, մենք պետք է տանկ հանենք, եթե նա հրանոթով է խփում, մենք «Գրադով» պիտի խփենք… Նախաձեռնությունը մենք միշտ պետք է մեր ձեռքերում պահենք…
Մեր սպառազինությունը, կարծես թե, քիչ է հակառակորդից, այո՞:
Իրականում շնորհիվ իր հնարավորությունների՝ հակառակորդն ունի ավելի շատ սպառազինություն, քան մենք: Սակայն, մարտի ելքը որոշողը միայն սպառազինությունը չէ… Ապացույցը ոչ միայն ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքն է, այլ նաեւ ապրիլին տեղի ունեցած առճակատումը, որի ընթացքն ընդհատվեց ադրբեջանական կողմի խնդրանքով: Շարունակվելու դեպքում մեկ անգամ եւս կհամոզվեինք, որ պատերազմի հաջող ելքը որոշում է լավ զինվորը… Իսկ մենք այդ առումով խնդիր չունենք:
Եթե համեմատելու լինենք, իրենց առավելությունը ո՞րն է, եւ մե՞րը որն է: Փորձենք համեմատել:
Իրենց մոտ առավելությունը զենքի տեսակներն են եղել: Բայց, ինչպես ասացի, ունենալ զենքի տեսակներ, դեռեւս չի նշանակում հաջողություն ունենալ: Ինչ վերաբերում է այս առճակատման ընթացքում ունեցած մեր առավելություններին, ապա, ըստ իս, դրանք երեքն էին` հայ զինվորը, լավ հրետանին եւ բանակի հրամանատարի ճիշտ ու ժամանակին կայացրած որոշումները:
Ըստ Ձեզ՝ ո՞րն էր ապրիլյան պատերազմում հայ զինվորին բնութագրող գլխավորհատկանիշը:
Ես այս պատերազմի ժամանակ գրեթե ամեն ինչ տեսել եմ, բայց առավել խորը մի բան է մնացել իմ հիշողության մեջ: Տեսել եմ, թե ինչպես զոհված զինվորին վազելով բերում են, դնում շտապօգնության մեքենայի մեջ, ընկերը գալիս է ճակատը համբուրում ու վազելով նորից հետ գնում դիրքը պահելու: Առաջին պատերազմում չեմ տեսել նման բան, բայց հիմա դա տեսել եմ: Դրանից այն կողմ էլ ոչ մի բան չկա: Երբ ընկերոջն են կորցրել, նրանք իրենց ընկերոջ տեղն էլ են կռվել:
Բայց մենք չենք կարողացել ժամանակին այդ տղաների մասին հոգալ,գնահատել, ինչ- որ բան տալ:
Երբ նրանց մասին նյութ ենք պատրաստում,պարզվում է՝ նրանց մեծ մասը աղքատ են, անտուն, ծնողները աշխատանք չունեն:
Ղարաբաղում պատերազմում զոհվածները, վիրավորների ընտանիքները պետության ուշադրության կենտրոնում են, բնակարանով հիմնականում ապահովված են: Չեմ ասում՝ ինչեր ենք արել, բայց նվազագույնն ապահովված է:
Երկու կողմի սխալների մասին խոսենք:
Իրենց սխալն այն է, որ մտածել են, որ իրենք ուժեղ են եւ կարող են մեզ ջարդել: Իրենց առաջին սխալը դա է եղել: Իրենք իրենց զենքերին նայելով, իրենց գումարներին նայելով՝ ասել են միանգամից, կարճ ժամանակում կարող ենք մեր հարցերը լուծել: Մեր սխալները մենք գիտենք եւ դրանք վերացնելու ենք:
Իսկ իրենց զինատեսակներից ամենաշատ վնասը ի՞նչն է տվել, անօդաչունե՞րը(կամիկաձեները):
Դրանք իրենք հիմնականում օգտագործել են ամսի 4-ին, երբ տեսել են, որ իրենց վիճակը լրջանում է: Սկսել են «կամիկաձե», «Սփայք» հրթիռներ օգտագործել, որոնք 2-ին, 3-ին չէին օգտագործել: Տեսել են, որ իրավիճակը փոխվում է, արդեն սկսել են դրանք օգտագործել: Առաջին անգամ պատերազմում կամիկաձե են օգտագործել, 20 հատ անօդաչու ենք խփել, 14-ը մեր ձեռքում է դրանցից, 6-ը չեզոք գոտում է ընկած:
Իսկ ի՞նչ եք կարծում՝ հակառակորդը կսկս՞ի ռազմական գործողություններ:
Ներկա դրությամբ չեմ կարծում: Հրադադարն իրենց ձեռնտու է: 4 օրվա ընթացքում այդքան զոհ են տվել, նրանք խելքի չեն գա երկար ժամանակ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.