Արցախի նախագահն անդրադարձել է վերջերս ավելի ակտիվ դարձած քննարկումներին` կապված հողերը հանձնելու հետ` նշելով, թե դրանք բացարձակապես անհիմն են: «Ես տեղյակ եմ այդ քննարկումների ու մեկնաբանությունների մասին և կցանականայի, որ մենք դադարեցնենք այդ անհիմն քննարկումները: Դրանք չեն նպաստում մեր առաջադրանքի կատարմանը: Անհրաժեշտություն կա կտրուկ դադարեցնել այդ գնահատականները, քանի որ դրանք չեն նպաստում մեր աշխատանքին: Այս տարիներին մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ վերադարձ անցյալին չի լինելու, այդ թվում և հողերի հետ կապված: Մենք նաև  հնարավորություն ենք ունեցել մեր տեսակետը ներկայացնելու քաղաքացիներին` նշելով, որ ներկայիս վիճակի, հողերի հետ կապված լիազորությունները վերապահված են միայն ու միայն ժողովրդին:

Անհրաժեշտ է դադարեցնել հակասություններ փնտրել Հայաստանի և Արցախի տեսակետների միջև, որովհետ նման բան չի կարող լինել: Մենք գործ ունենք համազգային նշանակության խնդրի հետ, և մենք չենք կարող ունենալ հակասություններ: Մենք իրականացնում ենք հետևողական աշխատանք և դեռևս այս պահի դրությամբ չենք ստացել Ադրբեջանի կողմից առաջին և հիմնական պատասխանը` ընդունում են նրանք մեր ա նկախությունը, թե ոչ: Եթե ոչ, ապա այն, ինչ քննարկվում և խոսվում է, դրանք առ ոչինչ են: Ցանկանում եմ, որ այս իրողությունից և ճշմարտությունից կառուցված լինի թե՛ մեր ռազմավարությունը, թե՛ մեր քաղաքականությունը»,- ընդգծել է Արցախի նախագահը։