Հաստ շուրթեր ունենալու համար ամենեւին էլ պարտադիր չէ ներարկումներ անել։Ինչ է շուրթերի կոնտուրինգը եւ ինչպես այն կիրառել առօրյա դիմահարդարման մեջ. Wnews.am-ի հրապարակումն այդ մասին է։
Շատ աղջիկներ են երազում հաստ շուրթեր ունենալու մասին, «Ջոլիի շուրթեր» սինդրոմը վաղուց հանգիստ չի տալիս շատերին։ Մինչեւ վերջերս շուրթերը հաստացնելու միակ միջոցը համարվում էին ներարկումները, սակայն բյութի բլոգեր եւ դիմահարդար Խուդա Կատանն այդ հիվանդագին եւ ոչ միշտ հաջող պրոցեդուրայի փոխարեն առաջարկում է շուրթերի կոնտուրինգը։ Այն արվում է մատիտի միջոցով եւ ճիշտ տեխնիկային տիրապետելու դեպքում իսկապես թույլ է տալիս մեծացնել շուրթերը։ Իհարկե, դա զուտ տեսողական խաբկանք է, սակայն Կատտանի կարծիքով, ով բազմիցս շուրթերի ներարկումներ է արել, մատիտ օգտագործելն ավելի հարմար է։
Խուդա Կատտանը թողարկել է կոնտուրինգի համար սեփական ապրանքանիշը եւ արդեն մարտին այն հնարավոր կլինի գնել համացանցում։
Կոնտուրինգի տարբերակները մի քանիսն են։ Ներկայացնում ենք կոնտուրինգի ամենահեշտ երկու տարբերակները։
Տարբերակ առաջին.
Ձեզ պետք է տոնային կրեմ, շրթներկ, շրթներկից մուգ մատիտ, շուրթերի սպիտակ մատիտ, շուրթերի փայլ։
Դեմքին տոնային կրեմ քսելիս քսեք նաեւ շուրթերին. շուրթերն ամբողջությամբ պետք է պատվեն տոնային կրեմով։
Այնուհետեւ շուրթերը ընդգծեք մատիտով։ Եթե նպատակ ունեք դրանք լայնացնելու, ապա կարող եք փոքր ինչ անցնել սահմանը եւ մատիտը քսել սահմանից դուրս, այնուհետեւ նույն մատիտը քսեք վերին եւ ներքեւի շուրթերի հատման գծերին։ Հենց սա էլ կոնտուրինգի հիմքն է։
Այնուհետեւ շրթներկ քսեք. այն պետք է լինի ավելի բաց երանգի, քան մատիտը։ Վերջում արդեն ավելացրեք փայլը, որը շուրթերը տեսողականորեն մեծացնում է։
Տարբերակ երկրորդ.
Առաջին քայլը նույնն է, ինչ նախորդի դեպքում. շուրթերին ամբողջությամբ տոնային կրեմ քսեք, այնուհետեւ վերցրեք փափուկ սպիտակ մատիտը եւ ներկեք շուրթերի կենտրոնական հատվածը։ Հաջորդ քայլը. ընդգծեք շուրթերը մատիտով, որը համընկնում է շրթներկի գույնին։ Շուրթերի սպիտակ մատիտը կոկիկ այնպես տարածեք, որ շատ նկատելի չլինի եւ միեւնույն ժամանակ դրանց փարթամություն հաղորդի։Այնուհետեւ շուրթերը ներկեք վարդագույն շրթներկով կամ փայլով։
Պետք է ընդգծել, որ եթե ցանկանում եք շուրթերի կորեկցիայի փուլերը չերեւան անգամ մոտիկից, անհրաժեշտ է օգտվել որակյալ կոսմետիկայից, որոնք ունեն մարմնագույն տեքստուրա։ Բացի այդ, կորեկցիայի ժամանակ շուրթերը պետք է իդեալական վիճակում լինեն։ Մի մոռացեք դրանք փափկեցնել բալզամների միջոցով։
Աղբյուրը wnews.am