Երբ տասն օր առաջ մի խումբ երիտասարդներ ինքնաբուխ կերպով հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում՝ դեմ արտահայտվելու էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացմանը, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նրանց բողոքի ակցիան բուռն արձագանքի կարժանանա ամբողջ աշխարհում:
Ի զարմանս բոլորի, փոքր հավաքը սնկի պես աճեց մի քանի հազար, հիմնականում երիտասարդների հավաքի, որոնք երթով շարժվեցին ու գրավեցին մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը՝ Մարշալ Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում են Նախագահի նստավայրը, Ազգային ժողովն ու Սահմանադրական դատարանը, և ամբողջ գիշեր նստացույց անցկացրեցին այնտեղ: Բողոքի ցույցերն արագորեն տարածվեցին ամբողջ Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներով:
Քանի որ ցուցարարներիը հրաժարվեցին ազատել պողոտան, ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրեց նրանց՝ վիրավորելով տասնյակ ցուցարարների և ձերբակալելով նրանցից 237-ին, որոնք նույն գիշեր ազատ արձակվեցին: Ոստիկանությունը բերման ենթարկեց նաև մի քանի լրագրողների՝ վնասելով կամ առգրավելով նրանց տեսախցիկներն ու ձայնագրիչները:
Քանի որ այս առճակատումը պատկերասփռվում էր սոցիալական լրատվամիջոցների և տարբեր կայքերի միջոցով, հաջորդ օրը մի քանի հազարից ավելի ցուցարարներ հայտնվեցին՝ գրեթե անհնարին դարձնելով ամբոխի վերահսկողությունը: Հունիսի 29-ի երեկոյան, երբ գրում էի այս հոդվածը, Բաղրամյան պողոտայի որոշ հատվածներ դեռևս գրավված էին ցուցարարների կողմից:
Ովքե՞ր են այս երիտասարդ տղաներն ու աղջիկները և ի՞նչ են ուզում: Նրանք կապ չունեն որևէ կուսակցության կամ արտաքին ուժերի հետ, հակառակ բոլոր անհիմն մեղադրանքներին, և իրենց օրակարգում այլ խնդիր չունեն, քան պահանջը Հայաստանի կառավարությունից չեղյալ համարելու օգոստոսի 1-ին ուժի մեջ մտնող էլեկտրաէներգիայի գնի 17 տոկոս բարձրացումը: Այս ակտիվիստները կարծում են, որ իրենց կողմից քաղաքի փողոցների փակումը օրինական և բարոյական տեսանկյունից արդարացված է, քանի որ բողոքի ակցիան խաղաղ բնույթ է կրում և ինքնաբուխ է: Նրանք իրենց շարժումն անվանել են «Ո՛չ թալանին»:
Իշխանությունները մի քանի անգամ փորձեցին համոզել երիտասարդներին դադարեցնելու բողոքի ցույցը: Երբ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց հանդիպել նրանց հետ, ցուցարարները մերժեցին այդ խնդրանքը՝ պահանջելով հանդիպման ուղիղ հեռարձակում հանրության համար: Կառավարության առաջարկը՝ էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց փոխհատուցում տալու 100 հազար անապահով ընտանիքներին, ևս մերժվեց: Վերջապես, Նախագահի որոշումը՝ սառեցնել սակագնի բարձրացումը մինչև միջազգային աուդիտորական ընկերության կողմից ռուսական էներգետիկ ընկերության «Հայաստանի էլեկտրական ցանցեր» դուստր ձեռնարկության ֆինանսական հաշվետվությունների ստուգումը՝ սակագնի բարձրացման հիմնավորված լինելու հանգամանքը պարզելու համար, ևս մերժվեց:
Լարված դիմակայության առաջին թուլացումը եղավ անցյալ կիրակի, երբ բողոքի ակցիայի կազմակերպիչներն ընդունեցին ոստիկանության առաջարկը և վերադարձան Ազատության հրապարակ՝ երկրորդ բախումից խուսափելու համար: Երկուշաբթի գիշերը նրանք հայտարարեցին, որ դադարեցնում են բողոքի ակցիան և շուտով կորոշեն իրենց հետագա անելիքները: Սակայն, ցուցարարների մեծ մասը հրաժարվեց հետևել նախաձեռնության ղեկավարներին՝ շարունակելով գիշերները անցկացնել Բաղրամյան պողոտայի մեջտեղում՝ վանկարկելով «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը:
Երիտասարդ տղաների ու աղջիկների այս նոր սերունդը խիստ հիասթափված է թե իշխանություններից, թե ընդդիմությունից: Սակայն, բողոքի ակցիայի կազմակերպիչները, հուսահատվելու և շատ շատերի նման երկիրը լքելու փոխարեն, դուրս են եկել փողոց պաշտպանելու ժողովրդի իրավունքները: Այս ակտիվիստները ցույց են տալիս, որ չնայած իրենք չունեն իշխանություն, հարստություն և պաշտոնական դիրքեր, սակայն ի զորու են անհրաժեշտության դեպքում ոտքի ելնել և իրենց շուրջը համախմբել զանգվածներին՝ ստիպելով իշխանություններին հաշվի նստել իրենց հետ… Կարելի է չհամաձայնվել ցուցարարների մարտավարությանը, սակայն հնարավոր չէ չհիանալ նրանց անկեղծության և հանձնառության վրա իրենց հայրենակիցների բարօրության հանդեպ…
Ահա այն երեք կարևոր դասերը, որ պետք է քաղել վերջին զարգացումներից.
1) Հայաստանի ապագան հուսալի ձեռքերում կլինի, քանի դեռ գալիք սերնդի մեջ կան երիտասարդներ, նման այն տղաներին ու աղջիկներին, որոնք անցյալ շաբաթ ինքնաբուխ կերպով դուրս եկան Երևանի փողոցներ.
2) Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները մոտ ապագայում իշխանության գալու շատ քիչ հնարավորություն ունեն, քանի դեռ լիովին չեն վերանայել իրենց քաղաքականությունը՝ իրենց շարքերը ներգրավելով խելացի, նվիրված և նախաձեռնող երիտասարդ տղաների ու աղջիկների, և թույլ տալով նրանց ղեկավար դիրքեր զբաղեցնել.
3) Հայաստանի ժողովրդի մոտ խոր հիասթափություն կա իրար հաջորդող կառավարությունների նկատմամբ, անկախացումից առաջ և հետո: Իշխանության ղեկավարների առջև շատ ավելի լուրջ խնդիրներ են ծառացած, քան էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը: Հայաստանի համար գոյատևման հրամայական է դարձել արդար և ժողովրդավարական հասարակարգի ստեղծումը, որտեղ քաղաքացիները կարող են ապրել արժանապատիվ, բարեկեցիկ և խաղաղ կյանքով: Հայ ժողովուրդը կարիք չի ունենա բողոքելու Երևանի փողոցներում, եթե գոյություն ունենան արդյունավետ և վստահելի մեխանիզմներ, որոնց միջոցով մարդիկ կկարողանան պաշտպանել իրենց հիմնական քաղաքացիական իրավունքները և ապահովել իրենց բարեկեցությունը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.