Հոգեկիր հռետորն ու աստվածաշնորհ բանասացը.
2003-ին պատրաստւում են նշելու Սուրբ Գրիգոր Նարեկացու մահուան 1000 տարին։ Թւում է, թէ յոբելեանը գոնէ լաւագոյն առիթը կը լինի Նարեկայ վանքի Սուրբին մաքրելու մարքս-լենինեան կրօնի պահանջներին հարմարեցուած նրա կեանքի ու գործի նկատմամբ տասնամեակներ շարունակ տարփողուող «գաղափարական» մեկնաբանութիւններից։ Մեր օրերի պատմութեան ընթացքից դժուար չէ կռահել, որ սովետական գրականագէտներն ու պատմաբանները բնաւ չեն փորձելու հայ հաւատացեալ ժողովրդին վերադարձնել Սուրբ Գրիգոր Նարեկացուն և նրա Աղօթագիրքը։ Ճիշտ այնպէս, ինչպէս հայ արքունիքի քրիստոնէական դարձի 1700-ամեակի առիթով կազմակերպուած տօնախմբութիւնները մնացին որպէս անիմաստ ու կռապաշտական մի ցուցք։
Մեզ մնում է միայն ափսոսալ։ Բայց նաև լինել աւելի վճռական սովետական բանասիրութեան լիակատար սնանկութիւնը բացահայտելիս։
Բառեզրերի իմաստները բոլշևիկեան կառավարութեան քիմքին համաձայն փոփոխելով՝ սովետական բանասէրները մեր նիւթի պարագային շարականը յայտարարում են պոէզիա, որպէսզի յաջորդ քայլն էլ անելով խնդիրն այնպէս ներկայացնեն, թէ «Մինչ շարականների հեղինակները պոէզիայի նիւթ էին դարձնում Աստծուն, Քրիստոսին և այլն, Նարեկացին նրանցից միանգամայն տարբերուելով՝ ուշադրութիւն դարձրեց մարդուն։ Սա նշանաւոր նորույթ էր»։
Աւելի նշանաւոր նորութիւններ էլ են «յայտնագործել» մեր շառլատան բանասէրները։ Նրանք, օրինակ, միանգամայն անհաղորդ աղօթքի խորհուրդին, որ քրիստոնեայի հոգևոր կեանքն է, և անտեղեակ՝ աղօթքի հետ խոնարհ խոստովանութեանը, աղերսին ու փառաբանութեանը, Հայի սերունդներին ներշնչել են, թէ Սուրբ Գրիգորը զբաղուած է ընդամէնը ինքն իրեն խարազանելով։ Այսինքն մոլեռանդ մի գործողութիւն, որ շիա մահմեդականների շահսէյ-վախսէյն է։ և այդ շահսէյ-վախսէյի ընթացքին «անխնայ մերկացնում է ֆեոդալական հասարակական պայմաններում առաջացած մարդկային բոլոր թերութիւնները և արատները»։
«Բանասիրական» այսօրինակ խեղաթիւրութեամբ է սովետական ընթերցողին մատուցուած Քրիստոնէական Եկեղեցու Սուրբը։ և որքան աւելի ենք խորանում, այնքան մեր դիմաց բացայայտւում են բանասիրութեան տիտղոսաւորների մտքի խեղճութիւնը, գիտելիքի ո՛չ թէ պակասը, այլ բացակայութիւնը և, անշուշտ, ինքնահաւան կեցուածքը, որ բնորոշ է ընդհանրապէս կուսակցական-պետական պատուեր կատարող սովետական գիտնականին։
Եթէ կամենում ենք նորէն մօտենալ Նարեկին, իսկ Նարեկին մօտենալը անհրաժեշտ է հոգևոր արժէքներն ու բարոյական կողմնորոշումները վերագտնելու համար, ապա հարկ է ազատագրուել սովետական բոլոր այն մեկնողներից, ովքեր Սուրբ Հօրը հետևողականօրէն փորձել են կտրել ու հեռացնել քրիստոնէական հաւատից և կամայականօրէն նրան վերագրել մատերիալիստական, առաւել ևս աթեիզմի ըմբռնումներ։
Պոէզիա կամ պոէմ յորջորջուող Նարեկի ընդհանուր խորագրի մէջ թուարկուած են հաւատուսոյցի խրատները (որոնք, ինչպէս արդէն ասացի, մերժուել են սովետական բոլոր հրատարակութիւնների մէջ այն պատճառաբանութեամբ, թէ կապ չունեն (2) Գրիգոր Նարեկացու Աղօթագրքի հետ) և աղօթքների բոլոր շարժառիթները, որպիսիք կարող է ունենալ մարդը՝ մեղքի խոստովանութիւն, անբուժելի վէրքերի զօրաւոր սպեղանիներ, ցաւերի բալասաններ, յոյսի ակնկալութիւն, զղջում և ապաշխարութիւն, աղաչանք ու պաղատանք և ողբ՝ անուղղելի սխալի համար։
Սուրբ Օգոստինոսը սովորեցնում է. «Ով խոստովանում է մեղքերը, արդէն իսկ համագործակցում է Աստծոյ հետ։ Աստուած մերկացնում է քո մեղքերը։ Եթէ դու ևս քո մեղքերը չես թաքցնում, ուրեմն, միանում ես Աստծուն։ Մարդը և մեղանչածը իրենցից ներկայացնում են, այսպէս ասած՝ երկու իրականութիւն։ Երբ խօսում ես մարդու մասին, ապա նրան ստեղծել է Աստուած։ Երբ մեղաւորի մասին ես խօսում, ապա նրան ստեղծել է մարդը։ Ոչնչացրո՛ւ քո արածը, որպեսզի Աստուած կարողանայ փրկել Իր ստեղծածը։ Երբ սկսում ես չհանդուրժել այն, ինչ արել ես, այդ ժամանակ էլ սկիզբ են առնում բարի գործերդ, քանի որ ինքդ ես մերկացնում յոռի արարմունքդ։ Բարի գործերի սկիզբը յոռի արարմունքների խոստովանութիւնն է։ Դու արդարութիւն ես հաստատում և քայլում ես դէպ ի Լոյս»։
Աղօթքը գալիս է «սրտի խորքերից»։ Այս է պատճառը, որ Գրիգոր վարդապետ Նարեկացին Աղօթագրքի դրուագները նշելով՝ անպայման կրկնում է «Ի խորոց սրտի՝ խօսք Աստծոյ հետ», այսինքն՝ «Սրտի խորքերից բխող զրոյց Աստծոյ հետ» կամ «Աստծոյ հետ սրտաբաց զրոյց»։
Ոչ թէ բանիմաց ընթերցողին, այլ նոյն այդ սովետական «գիտուններին» անհրաժեշտ եմ համարում յիշեցնել, որ այստեղ սիրտը կազմախօսական առումով ընկալելը լաւագոյն դէպք՝ ցաւալի միամտութիւն է։
Սիրտը այն օթևանն է, որտեղ պատսպարւում է մարդը։ Սիրտը մեր Ես-ի թաքստոցն է, որ անհասանելի է ուրիշներին։ Բայց նաև անհասանալի է նաև մեր բանականութեանը։
«Սիրտս ցաւում է», «Սիրտս վկայում է» և նմանօրինակ բազմաթիւ այլ արտահայտութիւններ ոչ թէ գեղեցիկ փոխաբերութիւններ են սոսկ, այլ ենթագիտակցութեան խորքերից եկող ճշմարտութիւններ։
Սիրտը նաև վճիռներ կայացնելու տեղ է։ Կեանքի ու մահուան միջև մեր ընտրութիւնը կատարում ենք սրտով։ և սիրտը Աստծոյ հետ մեր հանդիպումի վայրն է։ Վերջապէս, միայն Աստծոյ Հոգին կարող է ներթափանցել և ճանաչել մեր սիրտը։
Աղոթում է մեր սիրտը։ և եթէ սիրտը հեռու է Աստծուց, ապա մեր աղօթքն ի զուր է, ապարդիւն։ Իսկ լաւագոյն դէպքում կարող է հետապնդել միայն ցուցադրական նպատակ։
Աստծուն ուղղուած խօսքը պէտք է գեղեցիկ լինի, քանի որ Աստծու արարչագործած աշխարհը ինքնին Գեղեցիկն է։ Սուրբ Օգոստինոսն ասում է. «Հարցում արա երկրի գեղեցկութեանը, հարցում արա ծովի գեղեցկութեանը, հարցում արա դիւրասահ և համասփիւռ օդի գեղեցկութեանը, հարցում արա ամենայնին, որ գոյութիւն ունի։ Քեզ կը պատասխանեն. ”Նայի՛ր, մենք գեղեցիկ ենք”։ Համապարփակ այդ գեղեցկութիւնը դաւանութիւն է։ Ո՞վ է ստեղծել փոփոխութիւնների ենթակայ այդ գեղեցկութիւնը, եթէ ոչ Գեղեցիկը, որ չի ենթարկւում ոչ մի փոփոխութեան»։
Հուսկ, ուրեմն, աղօթելիս ջանում ենք գեղեցիկ խօսել, բայց չգեղեցկախօսել, խօսել կիրթ լեզուով, լինել քաղաքավար, ինչպէս սովորաբար խօսում ենք մեզնից աւագ ու յարգելի մարդկանց հետ։ Ամէն ոք չէ, որ խօսել ու մտքերը յստակ արտահայտել գիտէ։ Որովհետև կենցաղային լեզուով հաղորդակցուելը դեռ չի նշանակում լեզու գիտենալ, ինչպէս և սոսկ այբուբենի գրերը ճանաչելով դեռ հեռու ես ընթերցող լինելուց։
Աստծոյ հետ մարդն առաւել ևս ընտիր լեզուով է փորձում խօսել։ և, ուրեմն, հասկանալի է, թէ ինչո՛ւ Նարեկայ վանքի վանականները Սուրբ Գրիգորին խնդրեցին աղոթքներ գրել, անշուշտ, նկատի ունենալով, որ նա հռետորական արուեստի աստուածատուր շնորհներով է օժտուած։ Խօսք կամ բան արարելը դասական մեր լեզուով կոչւում է բանաստեղծ։ և պարզապէս մտքի ծուլութեան հետևանք է, երբ սրտի խորքից բխող առ Աստուած ստեղծուող խօսքը կարծում են չափաբերական քերթուած և աղօթողին էլ բանաստեղծ՝ ժամանակակից ըմբռնումով։ Մտքի այսօրինակ ծուլութեամբ մարքսիստ գրականագէտները Գրիգոր
վարդապետ Նարեկացուն «բանաստեղծ» յայտարարելով՝ նրան ներկայացնում են ընդամէնը բանաստեղծի, և այն էլ սովետական բանաստեղծի բոլոր յատկանիշներով։ Մինչև իսկ նրան ներկայացրել են ընդհանրապէս Հաւատի ու Եկեղեցու հետ որևէ կապ չունեցող մէկը (յիշեցնեմ՝ «Նարեկացին առաջինն է մեր բանաստեղծներից, որ ստեղծեց եկեղեցական կախումից ազատ լիրիկա», հետևաբար «հայ գրականութեան մէջ նոր էջ բացեց», քանզի «միանգամայն տարբերւում է շարականների հեղինակներից, որոնց նիւթը Աստուած է ու Քրիստոսը», ևն)։
Աստծուն և Սուրբ Գիրքը մերժող, աստուածաբանութիւնից և Աստուածաշնչից բոլորովին անգէտ ու անտեղեակ շառլատանները, այսինքն կեղծ գիտութիւն ծախողները որտեղի՞ց իմանան, թէ որպիսի՛ հարստութիւն ունի աղօթքի բառամթերքը և որպիսի՛ նրբերանգներ՝ խնդրանք ու պահանջ, թախանձանք ու աղաչանք, աղաղակ ու օգնութիւն հայցող կանչ…
Քրիստոնեայի աղաչանքը Պօղոս առաքեալը անուանում է հառաչանք, որ էակների երկունքի հառաչանքն է (Հռ. Ը 22)։ Մեր հառաչանքն է «մեր մարմնի փրկութեան» սպասումի մէջ, քանի որ «մենք յոյսով ենք փրկուած» (Հռ. Ը 23-24)։ Վերջապէս, Իր իսկ՝ Սուրբ Հոգու հառաչանքն է, Որ «զօրաւիգ է տկարներիս, քանի որ, թէ ինչի՛ մասին աղօթել՝ ըստ արժանւոյն մենք չգիտենք։ Բայց Հոգին ինքն է բարեխօս լինում մեզ՝ անմռունչ հառաչանքով» (Հռ. Ը 26)։
«Քանի որ, թէ ինչի՛ մասին աղօթել՝ ըստ արժանւոյն մենք չգիտենք» ― ահաւասիկ ևս մէկ շարժառիթ, որ Նարեկայ վանականներին ստիպել էր իրենց Սուրբին յորդորել աղօթքներ գրելու։ Աղօթքներ և ոչ թէ բանաստեղծութիւններ ժամանակակից ոտանաւորի իմաստով։
Աղօթքների գլուխ-գործոցներ են Սաղմոսները, որոնք յարմար են բոլոր ժամանակների և վիճակների մէջ ապրող մարդկանց, քանի որ Սաղմոսների աղօթքը կատարւում է Քրիստոսով։ Նոյնպիսի բացառիկ արժէք ունի Սուրբ Գրիգոր Նարեկացու Աղօթագիրքը։ Աստուածային շնորհն ու գեղեցիկ խօսքը բացառիկ ներգործութիւն ունեն մարդու վրայ, ինչպէս հոգևոր երգասացութիւնն ու մեղեդիները, ինչպէս Բախը, Հայդնը կամ Մենդելսոնը, որոնք մարդուն մոտեցնում են Աստծուն…
Մեր ժամանակներին աշխարհաբարով լոյս են տեսել նաև Վարդապետի Տաղերը՝ «բանք աստուածական», որոնք օրհներգութիւններ և փառաբանութիւններ են։ «Նա, ով երգում է՝ կրկնակի է աղօթում»,― ասում է Սուրբ Օգոստինոսը։ Սուրբ Գրիգոր Նարեկացու Տաղերը այդ «կրկնակի աղօթքներն» են, որոնք, երանի՜ թէ մտնէին մեր առօրեայի մէջ, ինչպէս էի՛ն ոչ հեռաւոր անցեալին… Երանի՜ թէ կարողանայինք յաղթահարել այն ամէն մարքսիստականը, որ մեր ականջը լցրել են աստուածամերժ մարդիկ, զոր օրինակ, գրելով, թէ «…հոգևորականութիւնը այդ գեղարուեստական մեծ պոէմը աշխատել է ներկայացնել իբրև հիւանդներ բուժող հրաշագործ աղօթագիրք և շահագօրծել մարդկանց մէջ եղած սնահաւատութիւնը», միանգամայն անտեղեակ, սակայն, որ քրիստոնէական հաւատն ու սնահաւատութիւնը անհամատեղելի են։
Լինի Հայաստանի մէջ, թէ այլուր՝ մարքսիստական աշխարհաւեր սոցիալիզմի ու կոմունիզմի «ուսմունքով» վարակուած, այսինքն իր մարդկային տեսակի, մարդկային իր էութեան նկատմամբ պատուախնդրութիւն և պատասխանատւութիւն կորցրած և, ուրեմն, Աստծուց հեռացած Հայը խոստովանելու, հոգեպէս թեթևանալու, զղջումի սրբացնող անդորրն ունենալու համար դիմում է հոգեվերլուծողին՝ շատ լաւ գիտենալով, որ նա ոչ ապաքինող է և ոչ էլ մխիթարող։ Այդ ինքը՝ սփոփանք որոնողն է իր ներշնչուածութեամբ ընդառաջում հոգեվերլուծողին։ Ներշնչուածութեամբ կամ եթէ կ’ուզէք՝ առօրեական հաւատով։
Բայց եթէ դեռ չենք կորցրել մեր հաւատի ուժը, ապա էլ ինչո՞ւ ենք ինքներս մեզ զրկել քրիստոնէական հաւատից, ինչո՞ւ ենք այսքան անաստուած և ինչո՞ւ թոյլ տուեցինք, որ մեզ
զրկեն Նարեկից՝ Աղօթքի ու քրիստոնէական դաւանութեան ուսուցումի գիրքը յայտարարելով սոսկ «գեղարուեստական պոէմ»։
Կարեն Ա. Սիմոնյան
Շարունակելի…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.