«Հարգելի պարոն նախագահ,
ես ունեմ միայն մեկ հարց. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:
Հնարավոր է՝ Դուք գիտեք այս մեջբերումը: Դա հաճախ է որպես օրինակ բերվում պատմաբանների կողմից: Այս խոսքերը ասել է Ադոլֆ Հիտլերը՝ ի պաշտպանություն իր՝ հրեաների ոչնչացման պլանի: Հիտլերը հղում էր կատարում Հայոց ցեղասպանությանը:
Ինչպես դուք գիտեք, Օսմանյան թուրքերը հայերի բնաջնջման իրենց պլանները սկսեցին իրագործել 1915-ի ապրլի 24-ին մտավորականներին հավաքելով ու սպանելով:
Դրանից հետո սկսվեցին զանգվածային սպանությունները: Տղամարդիկ սպանվեցին, կանայք իրենց երեխաների հետ քշվեցին անապատները, բռնաբարվեցին, մինչ կմեռնեին սովից և արևի ու քամու տակ մնալուց: Դա շարունակական, լավ կազմակերպված փորձ էր, որի միակ նպատակն էր հայերի բնաջնջումը: Եվ դա մեծ մասամբ հաջողվեց՝ 1,5 մլն հայ ոչնչացվեց:
Սա է ճշմարտությունը: Ոչ մի պատմաբան չի կարող չհամաձայնել դրան: Դուք նույնպես: Դուք դա ասել եք 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ:
«Երկու տարի առաջ ես քննադատեցի ԱՄՆ պետդեպին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին 1915թ. Թուրքիայի կողմից հայ ժողովրդի ջարդերը Ցեղասպանություն որակելու պատճառով հեռացնելու համար: Ես պետդեպի ղեկավար Ռայսի հետ կիսվեցի իմ հստակ համոզմունքով, որ Հայոց ցեղասպանությունը պարզապես հայտարարություն, անձնական կարծիք կամ տեսակ չէ, այլ փաստաթղթերով ապացուցված փաստ՝ պատմական ապացույցների ճնշող առկայությամբ: Փաստերն անհերքելի են: Այն քաղաքականությունը, որը դիվանագետներին կոչ է անում խեղաթյուրել փաստերը, անկայուն քաղաքականություն է: Որպես սենատոր՝ ես ամուր կերպով աջակցում եմ Հայոց ցեղասպանության բանաձևին և որպես նախագահ՝ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:
Այս խոսքերը ամբողջ աշխարհի հայերին հույս ներշնչեցին: Դուք ավելի քան 6 տարի է, ինչ նախագահ եք: Այնինչ Ձեր ընտրությունից հետո Դուք երբեք չեք խոսել Հայոց ցեղասպանության մասին: Ինչի՞ն եք սպասում: Ո՞ւր է ճանաչումը: Ձեր պարզ մտադրությունը արդյոք ձայներ հավաքե՞լն էր: Եթե այո, ապա դա աշխատեց: Ամերիկայի հայ քաղաքացիները շռայլորեն գումար նվիրաբերեցին նախագահական ընտրարշավի համար և մեծամասնությամբ քվեարկեցին ձեր օգտին: Նրանք հիասթափվել են:
Դուք նշանակեցիք Սամանտա Փաուերին որպես ՄԱԿ-ում դեսպան: Դա հայերին ավելի շատ հույս ներշնչեց: Միսիս Փաուերը Պուլիցտերյան մրցանակակիր հեղինակ է, որը մեծապես կենտրոնացած է Հայոց ցեղասպանության վրա: Հենց որ նա գրավեց իր տեղը Անվտանգության խորհրդում, նա նույնպես կորցրեց իր ձայնը Հայոց ցեղասպանության հարցով: Արդյոք ձեր վարչակազմը կորցրե՞լ է իր բարոյական կողմնացույցը: Մի՛ գնացեք Հիտլերի ճանապարհով. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:
Հռոմի պապը խոսեց հայերի ոչնչացման մասին: Վերջերս Ֆրանցիսկոս պապը Հռոմում պատարագ մատուցեց՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա գիտեր նախապես, թե դա ինչպես կվշտացներ Թուրքիային: Նա չամաչեց խոսել դրա մասին, նույնպես և Դո՛ւք չպետք է ամաչեք:
Պապը միայնակ չէ: Հայոց ցեղասպանությունը փաստացի ճանաչող երկրների թիվն աճում է: Այն ներառում է Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Ռուսաստանը և 20 այլ երկրներ: Այս երկրներից շատերը խորապես ծանոթ են փաստերին, որովհետև նրանք ընդունել են Հայոց ցեղասպանությունից փրկվածներին ու նրանց ապաստան են տրամադրել:
Այդ նույն ժամանակ Միացյալ Նահանգները նույնպես ընդունում էր հայ փախստականներին: Իրականում, Հենրի Մորգենթաուն՝ Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, քաջատեղյակ էր հայերին բնաջնջելու Թուրքիայի պաշտոնական փաստաթղթերին:
Փաստերը չեն ստում: Պարո՛ն նախագահ, Դուք շատ քիչ ժամանակ ունեք հեռանալու Ձեր պաշտոնից: Շատ քիչ ժամանակ՝ իրագործելու Ձեր խոստումները: Խնդրում եմ, մի՛ հիասթափեցրեք հայերին: Ժամանակն է Ցեղասպանությունը անվանելու իր իսկական անունով: Սա ձեզ համար խոսելու ժամանակ է. խոսե՛ք հայերի ոչնչացման մասին»: