Ես Հայն եմ:
Ես այն Հայն եմ, որն ունի հազարամեակների կենսագրութիւն, եւ որն այդ կենսագրութեան մէջ ունի ճակատագրական յաղթանակներ ու արժանապատիւ պարտութիւններ: Հայը, որ հաւասարակշռութեան մէջ է ապրել աշխարհի հետ: Եւ եթէ նրան չի յաջողուել այս երկնքի տակ հաստատել Բարին, ապա գոնէ կարողացել է զսպել Չարիքի անսանձ հանդէսը՝ մի՛շտ բացայայտ եւ մի՛շտ դէմ դիմաց… Հա՛յը, որի համար Յիսուսից յետոյ 20-րդ դարն սկսուեց արիւն-աւերով: Իր պատմութեան մէջ առաջին անգամ նրան զարկեցին ոչ թէ ռազմադաշտի վրայ եւ աչքերի մէջ նայելով, այլ մորթեցին որպէս գերու, որ անզէն էր ու տնաւեր: Այդ իսկ պատճառով Ֆիզիքական ջարդն ու Բարոյական նուաստացումը դարձան համազօր եւ այս ըմբռնելու համար ոչ թէ անպայման Հայ, այլ պէտք է գոնէ մի քիչ Մարդ լինել…
Հայի իմ այդ նուաստացումները շահատակել են մանր ու խոշոր տէրութիւնները եւ օգտագործել են քաղաքական ու դիւանագիտական մեծ ու փոքր խաղերի մէջ: Հայի իմ այդ նուաստացումը եղել է զօրաւոր առիթ՝ ներշնչելու համար, թէ շարունակուող գերութիւնս եւ բռնադատուած կեանքս իմ փրկութեան միակ տարբերակն է: Եւ ներշնչել են այնքա՛ն հիմնաւոր, որ «ազատ աշխարհ» ու «մայր հայրենիք հայութեան» էինք յանկերգում, երբ Տեր Զորն էր շարունակւում Սիբիրի ու Ալթայի երկրամասերի կամ Սումգայիթի մէջ: Ներշնչել էին այնքան հիմնաւոր, որ հայրենիքի բռնադատւած մի ծուենի վրա թաղամասերը անուանում էին Մարաշ ու Այգեստան կամ Արաբկիր ու Զէյթուն, շէները անուանում էին Այնթապ ու Բալու կամ Հաճն ու Մալաթիա, եւ մենք անսահման երջանիկ էինք, որ «հայրենիքը հառնում է փլատակներից»… Ներշնչել էին այնքան հիմնաւոր, որ ջարդերից մազապուրծ եւ նուաստացած հայերն ու նրանց սերունդները տրոհուեցին, ճեղքուեցին, բաժանուեցին երկու հատուածի, եւ մենք չուզեցինք հասկանալ, որ այդ հատուածները «հայաստանցի» կամ «սփիւռքահայ» կոչելը կեղծիքի շարունակութիւնն է, քանի որ իրականութեան մէջ, եթէ յիրաւի, ինչ որ մի բաժանում կար, ապա ոչ թէ աշխարհագրական, այլ հոգեւոր ոլորտի մէջ: Եթէ այդ հոգեւոր ոլորտի մէջ մի հատուածը՝ միեւնոյն է՝ Հայաստանի կամ Տարաշխարհի մէջ, պատրաստակամօրէն եւ կոյր զկոյրան խաբկանքի տրուող սովետասէրներն էին եւ է՛ն, ապա միւս հատուածն էլ նոյն ոլորտի մէջ իրատեսութիւնը չկորցրած ազգասէրներն էին եւ է՛ն: Ներշնչումները այնքան սաստիկ էին ու խորունկ, որ ազատութեան նպատակի շուրջ միաբանուելու փոխարէն, իրար հակառակուեցինք եւ մեր եռանդը ծախսում ենք հաւատարմութիւն ապացուցելու համար անցողիկի ու անբարոյականի եւ ոչ թէ մշտնջենաւորի ու առաքինութեան նկատմամբ:
Տասնամեակներ են անցել եւ ուր-որ է հարիւրամեակը կը բոլորի եղերական օրերից մինչեւ հիմա, եւ պետական հայրենասէրներն ու պաշտօնական մտաւորականները այն Հային, որ ես եմ, իրենց քարոզչութեան բոլոր նրբագեղ միջեցներով ստիպել ու շարունակում են ստիպել, որպէսզի ապրուած ու իւրաքանչիւր անցնող տարուայ ու տասնամեակի հետ ծանրացող նուաստացումս եւ ազատութեան աստուածային իմ պահանջն ու արժանապատուութեան իմ բարոյականութիւնը խոնարհաբար թոյլ տամ, որ խեղդեն աժան զգացմունքայնութեան թաւիշէ ձեռնոցներով… Որ յանկարծ չդառնամ սթափ բանականութիւն…
Եւ ես, որ Հայն եմ, հետ զհետէ ինքս էլ կարծես դառնում եմ անգլիացի գրողի անողօք ապտակի թիրախը. «Այո՛, իմ բարեկամներ, յիշէ՛ք, թէ որպիսի զայրոյթով էիք դուք պարուրւած, երբ թուրքերը աւելի շատ հայ մորթեցին, քան սովորաբար մորթում էին, եւ որքա՛ն երախտապարտ էիք Աստծուն, որ ապրում էք յառաջադիմական մի երկրի մէջ, որտեղ նման բան պարզապէս չի կարող լինել, քանզի այդ երկրի մէջ տղամարդիկ լայնեզր գլխարկ են դնում եւ ամէն օր ծառայութեան են մեկնում ութն անց քսաներեքի գնացքով» (Օլդոս Հաքսլի, «Կապիկ եւ Էութիւն»):
Բայց իմ կրծքին դեռեւս բաբախում է աճիւնը:
…Վարդուհի մեծ մայրս, որն անցել էր Տեր Զորի դժոխային բոլոր պարունակներով, ինձ սովորեցնում էր լսել այդ բաբախիւնը, որ չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրուել իմ հայրերի երկիրն ու Հայը:
Յիշո՞ւմ էք այն զարմանալի կենսունակ, սրամիտ, կայտառ ֆլամանդացուն, որի կրծքին կախուած էր խարոյկի վրայ այրուած հօր մոխրացած աճիւնի փոքրիկ տոպրակը: Այդ աճիւնը ազգային կեանքի ճակատագրական պահերին միշտ բաբախում էր, յիշեցնելով, որ ոչ թէ «վրէժ պէտք է առնել ապրելով», ինչպէս ինձ, որ Հայն եմ, թելադրել են տասնամեակներ շարունակ ստրկութեան շղթաները է՛լ աւելի կռելու նպատակով, այլ միշտ սթափ պահելով իմ բանականութիւնը, որպէսզի ոգեղենութեամբ ապաքինեմ իմ նուաստացումը եւ բոլորով՝ ես, որ Հայն եմ եւ դո՛ւ, որ նոյն Հայն ես, հասու դառնանք մի ճշմարտութեան, թէ մի՛շտ էլ տղամարդիկ լայնեզր գլխարկ դնելով՝ ամէն օր ծառայութեան են մեկնելու ութն անց քսաներեքի գնացքով, թէեւ զայրոյթով են պարուրւած եղել եւ դեռ երեւի շարունակելու են ընդամէնը զայրանալ, որ թուրքերը աւելի շատ հայ մորթեցին, քան սովորաբար մորթում էին:
Հասու դառնանք այն ճշմարտութեան, որ ընձիւղւում է քրիստոնէական մեր էութեան խորքերից, թէ ողջակէզ մեր Հօր աճիւնը կը հանգստանայ այն դէպքում միայն, երբ Հայի ծնուելու եւ ապրելու, նորէն ծնուելու եւ ապրելու, շարունակ ծնուելու եւ ապրելու աստուածային կամքը բնաւ չկարծենք հետամնաց կամ զարգացած սոցիալիզմի բարեշնորհներ եւ այն էլ վրիժառութեան խաբկանքով: Եւ մեր բանականութիւնը թմրեցնող այդ խաբկանքի Չարը խափանելու ճամբայ ելնենք օտարի ու սեփական բռնատիրութիւնից ազատուելով, որպէսզի ազատագրուենք նաեւ ինքներս՝ ես եւ Դու, որ Հայն ենք:
…Մենք այն Հայն ենք, որ միշտ հաւասարակշռութեան մէջ է ապրել աշխարհի հետ… Եթէ նոյնիսկ չի կարողացել այս երկնքի տակ հաստատել Բարին, ապա գոնէ նրան յաջողուել է զսպել մոլեգնող Չարիքի անզուսպ հանդէսը: Եւ միշտ հաւատարիմ է եղել պատմական, ազատ եւ արժանապատիւ ժողովուրդ լինելու քրիստոնէական իր առաքելութեան:
Բայց անցնող ամէն տարուայ հետ մեր նուաստացումը աւելի ու աւելի է խտանում: Լայնեզր գլխարկ դրած եւ ամէն օր ութն անց քսաներեքի գնացքով ծառայութեան մեկնող տղամարդկանց տեսնելով, որոնք շատ լաւ գիտեն, թէ թուրքերը աւելի շատ հայ մորթեցին, քան սովորաբար մորթում էին, մենք, որ Հայն ենք, աւելի ու աւելի ենք բիւրեղացնելու մեր արժանապատւութիւնը:
Քանի դեռ մեր կրծքի տակ բաբախում է աճիւնը:
Քանի դեռ գերութեան մէջ է հայրերի Երկիրը:
Քանի դեռ չի ազատագրուել Հայը:
© ԿԱՐԷՆ Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Ապրիլ, 2003, Փարիզ
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.