Հայկական աշխարհը նախապատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 99-ամյակը եւ աշխատանքային ժամացույցի սլաքները լարելու 100-ամյակի ուղղությամբ: Պահանջատիրության բովանդակային եւ եղանակային խնդիրներ, շեշտադրումներ, պետություն-սփյուռք թե՛ հռետորաբանության եւ թե՜ համակարգման մեքենականությունների ճշտման հարցեր, իրավական ուղիների որոնումներ եւ հակառակորդի ձեռնարկած ու մշակած ծրագրերի գաղտնազերծման փորձեր:
Այս վերջին կետն է, որը դրսեւորման նորագույն օրինակներով դիտարժան հանգամանք է ստանում եւ առնվազն նախապատրաստվելու առումով հիշելի նախադրյալներ է փոխանցում:
Նախ հիշենք Դավութօղլուի տեսությունը: Հայկական սփյուռքը «մե՛ր Սփյուռք»-ն է: Բոլորը հրավիրվում են վերադառնալու իրենց պապերի երկիրը, վերատիրանալու օսմանյան Թուրքիայի այսօրվա ժառանգորդ քեմալական հանրապետության քաղաքացիությանը եւ համապատասխան դիմումներ լրացնելով վերստին ձեռք բերելու անհատական ունեցվածքները` իբրեւ ժառանգորդները նախ ցավալի պատահարների պատճառով հեռացածների, հետո Առաջին աշխարհամարտի ընթացքում ապահով վայրեր փոխադրվողների եւ վերջապես անմարդկային տեղահանության ենթարկվածների: Այստեղ անշուշտ ավարտվում է թուրքական «հյուրընկալության» եւ «բարյացակամության» սահմանափակ գործողությունը:
Մինչ, թուրքական սպառնալիքները ամեն անգամ, որ Միացյալ Նահանգների օրենսդիր մեկ հասատատության հանձնախումբն ու ենթահանձնախումբը ցեղասպանության ճանաչման բանաձեւ են որդեգրում` հղելու համար իրենց գերադաս ժողովին, թվում է, որ զուտ հայտարարողական մակարդակի վրա են. խորքում ցեղասպանության ճանաչման ուղիների մեջ մնալու այս ընթացքը քաղաքականապես առնվազն չի անհանգստացնում Անկարային, որը բողոքի այսպիսի բեմադրություններ է ցուցադրում նման առիթներով:
Միջանկյալ այս կարծրացումը սակայն չի խանգարում, որ սփյուռքահայության նկատմամբ պաշտոնական Անկարան շարունակի ցուցադրել խաղաղասիրական իր դեմքը: Դավութօղլուի տեսաբանության մանրանկարը կրկնվեց Քեսաբի դեպքում, երբ տասնյակ տարեցներ Քեսաբի դատարկվելու ընթացքում ապաստան գտան Կիլիկիայի Վաքըֆ գյուղում: Թուրքական խոշորացույցների եւ լուսարձակների առատությունը ակներեւ էր` անօթեւան մնացած տարեց քեսաբցիների երեւույթը քարոզչական պետական շահարկումների ենթարկելու իմաստով: «Հրամմեցեք»-ի այս գործողությունը միայն քեսաբահայությանը չէր վերաբերվում անշուշտ: Սիրիայի տագնապի ընթացքում թուրքական լրատվամիջոցներն անպաշտոն ձեւով տարածեցին պաշտոնական լրահոս այն մասին, որ Անկարան քննարկում է Հայաստանի Հանրապետության հետ իր փակած սահմանի ժամանակավոր բացման հնարավորությունը Սիրիայից խույս տված հայերին Թուրքիայի վրայով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ համապատասխան դյուրություններ ընծայելու համար: Մարդասիրական նպատակների համար այս չկայացած զիջումները դարձյալ ընդհանուր մեծ ծրագրի մաս են կազմում:
Բայց տեսնենք, թե միաժամանակ գետնի վրա ի՞նչ է տեղի ունենում իբրեւ թե սփյուռքահայության կարեւոր կառույցների պատասխանատուների հետ երկխոսության մտած Անկարայի կողմից:
Բոլոր նախադրյալները հուշում էին, որ 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները կարեւոր տեղ էին վերապահել Դեր Զորին միջազգային հնչեղություն ապահովելու ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը Դեր Զորում հայտարարելուց հետո, որ հայությունը դեռեվս սպասում է իր Նյուրենբերգին, Օսվենցիմը համեմատեց Դեր Զորի հետ` Օսվենցիմի նման Դեր Զորին միջազգային ընկալում ապահովելու ուղղությամբ աշխատանքների նախապատրաստության որոշ կետեր փոխանցելով հանրությանը: Այս բոլորը, երբ դեռեվս Դամասկոս-Անկարա մերձեցման աննախադեպ հանգրվաններ էին արձանագրվում: Դեր Զորը կարեւոր կետ էր Թուրքիայից օժանդակություն ստացած զինյալների համար: Դեր Զորի հայկական կառույցների քանդումը այս պահի առաջնահերթ խնդիրը չէր խաղաղասիրական դիմակ հագած Թուրքիայի համար. բավական էր դրա քաղաքական գործոն դառնալու ընթացքի կասեցումը:
Հայկական Սփյուռքի ժամանակակից պատմության կարեւոր միջավայրեր են նաեւ Քեսաբն ու Հալեպը: Անկարան, ֆինասավորելով զինյալ ծայրահեղականներին եւ տարանցիկ ճամփա տրամադրելով դրանց, մի կողմից պատճառ կդառնա հազարավոր հայերի իրենց բնօրրանից հեռացման, մյուս կողմից` թուրքական իշխանություններին հանձնված տասնյակ տարեցների հոգատարության արարներ է բեմադրում միջազգային հանրային կարծիքին: Մինչ կառավարական ուժերի հակադարձ գործողությունների բացակայությունը հուշում է աշխարհաքաղաքական մակարդակների վրա տարածաշրջանային նոր սահմանագծումների փուլ առ փուլ իրականացման գործընթացի մասին:
Այդ օրակարգը կարող է վերաբերվել նաեւ Հալեպին: Դեպքերի թեժացման կշռույթը մտածել է տալիս, որ Անկարայից ներշնչում ստացող զինյալները նմանատիպ պատկերացումներ ունեին նաեւ հայաշատ Հալեպի մասին` վերասահմանագծումներ իրականացնելու նպատակով:
Փաստը այն է, որ Դեր Զորից Հալեպ, անցնելով Քեսաբից ստացված արդյունքները կարող են տեղավորվել Անկարայի ծրագրած 100-ամյակի նախապատրաստության պարունակում: Թեկուզ որ դեպքերի բուն շարժառիթները աշխարհաքաղաքական տարողություն ունեն եւ ուղղակի հայկական գործոնի նկատմամբ ծրագրեր չեն ընդգծում: Արդյունքն է, որ շատ հանգիստ տեղավորվում է հյուրընկալ հռետորաբանությամբ Դեր Զոր, Քեսաբ եւ Հալեպ ստացող Անկարայի ծրագրերի շրջանակներում:
100-ամյակի շեմին սփյուռքյան հայաթափվող շրջանների ազդեցիկ պատասխանը Հայաստանի Հանրապետության հզորացումը կարող է լինել միայն։ 100-ամյակի, եւ դրանից այն կողմ, բովանդակային եւ գաղափարական օրակարգ է սա հայկական կողմի համար:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.