(2014 թ. ՀՀ պետբյուջեի նախագծի առթիվ)
Ես ծնվել ու մեծացել եմ ո՛չ գիտնականի ընտանիքում։ Ավելին` իմ առաջին «ծանոթությունը» գիտնականի հետ եղել է բավական ուշ` դպրոցում, երբ, հիմնականում բնագիտական առարկաներից, անցնում էինք հայտնի գիտնականների կյանքն ու գործունեությունը։ Իհարկե, ես մտածել եմ, որ նրանք հարգանքի արժանի մարդիկ են, որ արարել են, որպես կանոն, դժվարին պայմաններում, բայց միտքս առանձնապես կանգ չի առել այդ հարցի վրա։ Հետագայում նրանց «հանդիպել եմ» նաև թերթերի ու ամսագրերի` «բրիտանացի գիտնականները հայտնաբերել են» «խորագրի» տակ, ինչը ևս, գիտեք, որ լուրջ չէ։
Ի՞նչ խոսք, գիտնականին ու գիտությանը նվիրված գիտահանրամատչելի հաղորդումների ես չեմ հանդիպել հայկական և ոչ մի հեռուստաալիքով, քանի որ ես 22 տարեկան եմ, այսինքն` ճի՛շտ անկախության տարիքին, այսինքն` ծնվել եմ ճի՛շտ այն ժամանակ, երբ փաստորեն սկիզբ է դրվել գիտության անտեսմանը։
Անտարբեր հարգանքս գիտնականի բնույթի հանդեպ վերածվեց «մտերմության» ու լուրջ սիրո, երբ առաջին անգամ կարդացի Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենությունը»։ Մելկիադեսը… կիսաիրական-կիսամտացածին այդ մարդը նորարարական մտքին իր նվիրումով բացահայտեց ինձ համար մարդկային նոր տեսակ, ճգնավորի մի այլ տիպ, որի «ճգնումը» ոչ թե պարզապես խոսքերն են` հղվող առ Աստված, այլ արարելու, բացահայտելու, ստեղծելու իր ներսում գտնվող շարժիչին տուրք տալը։ Այսինքն` առաջընթաց ապահովելը պարզապես նրա կենսակերպն է։
Եվ գուցե գիտնականներն այդպես էլ վերացական կամ գրական հերոսներ մնային ինձ համար, եթե երկու տարի առաջ Ծաղկաձորում սկիզբ չդրվեր նրանց հետ իրական ծանոթության, ինչն էլ գնալով վերածվեց նրանց հանդեպ հետաքրքրության և խորը հարգանքի։
Գիտություն արարողն ընդհանրապես արժանի է հարգանքի, բայց հասկանալի դարձավ, որ մեր երկրի գիտնականը հերոս է։ Այստեղ էր, որ, հայաստանցի գիտնականի մասին բացահայտեցի ինձ համար շատ կարևոր նորություններ, որոնք կամ չէի լսել, կամ պարզապես որոնցով չէի հետաքրքրել։ Եվ, ավաղ, Ծաղկաձորում նրանց հետ իմ առաջին ծանոթությունը զուգահեռաբար ինձ ծանոթացրեց նաև նրանց այսօրվա գերխնդրին` ֆինանսավորման ամոթալի ցածրությանը, քանի որ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության շուրջ համախմբված գիտնակնները հավաքվել էին` քննարկելու ֆինանսավորման խնդիրները։ Ես իմացա առաջին հերթին անհավատալի և անհավանական մի բան` Հայաստանի գիտնականն ստանում է երկրում ամենացածր աշխատավարձը, նաև` նրա նկատմամբ հարգանքը գտնվում է ո՛չ պատշաճ մակարդակի վրա. ինչպես իրենք են ասում` ընկել է երկրում գիտնականի վարկը։ Պարզվեց նաև, որ մեր գիտնականներն այս մակոնդոյական պայմաններում էլ աշխատում են ու ցուցանիշներով հետ չեն մնում աշխարհի զարգացած երկրներից։
Ի՞նչ խոսք. բոլո՛ր ժամանակներում գիտությունը նվիրում է պահանջել։ Բայց վաղուց արդեն աշխարհն ապրում է զարգացման այն աստիճանի վրա, որ գիտնականն իր նվիրումի դիմաց վարձատրվում է` ըստ արժանվույն։ Վաղո՜ւց արդեն չկան մելկիադեսներ, որոնք գնչուների թափառախմբի հետ երկրե-երկիր էին անցնում, նորություններ բացահայտում, նյութեր գնում, փորձարկումներ անում, արդյունքները վաճառում, որ էլի թափառախմբով չվեն` նորանոր բացահայտումների կանչով…
Եվ ավաղ, հայ գիտնականի հետ հանդիպել-ծանոթանալս ու խորը հարգանքով լցվելս այսօր համընկնում է նրան կորցնելու անհանգստությանս հետ, քանի որ, ինչպես իրենք էին ասում` վիրավորված ու դառնացած, Հայաստանի գիտնականը, ընկած օրվա հացի խնդրի հետևից, պիտի ընտրի երեք ճանապարհներից մեկը` հեռանալ գիտությունից, հեռանալ երկրից կամ աշխատել հետևյալ կարգախոսով` ստեղծիր ու արարիր ինչպես և ինչով կարող ես, պետության համար դու ամենաանտեսված ու ամենաչերևացող խավն ես։ Ստացվում է, որ Հայաստանում անկախացումը բերել է մակոնդոյական միջավայր, իսկ գիտնականները վերածվել են մելկիադեսների։
Թեև ծաղկաձորյան հանդիպումը պատճառ եղավ` գիտության թեմայով հետաքրքրվելուս, սակայնս գրելուս համար առիթը մի միջադեպ եղավ. երիտասարդ գիտնական ընկերուհիս սկսել է ընկերություն անել մի տղայի հետ, որը նույնպես երիտասարդ գիտնական է։ Ընկերուհիս պատմեց, որ երբ իրենք հանդիպում են, զրուցում են այգու նստարանին նստած, իսկ երբեմն եթե հանկարծ, զանազանության համար, մեկ-մեկ որոշում են սրճարան գնալ, ինքն ընկերոջ` «ի՞նչ կուզես» հարցին պատասխանում է` «միայն սև սուրճ»։ Ընկերուհիս հումորով պատմում է` «Ես նույնիսկ ասել եմ, որ պաղպաղակ չեմ սիրում, եթե այդ պահին լիներ անկեղծությունն ստուգող դետեկտոր, անմիջապես լույսը կվառվեր, քանի որ, հակառակի պես, պաղպաղակ շա՜տ եմ սիրում։ Գիտե՞ս երբ կարող եմ այս կամ նման հարցերով անկեղծանալ փեսացուիս մոտ, երբ բարձրացնեն գիտության ֆինանսավորումը»։
Իսկ ծաղկաձորյան հանդիպման ժամանակ` 2011-ին, որոշ կոմսոմոլների կողմից ազդարարվում էր, որ ՀՀ կառավարությունը 2010 թ. ընդունել է «ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը» 2011-2020 թվականների համար, ըստ որի` «2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը գիտալիքահենք տնտեսություն ունեցող, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ու մշակումների մակարդակով Եվրոպական գիտատեխնիկական տարածքում մրցունակ երկիր է» և մինչև 2020 թիվը, երկրում գիտության ֆինանսավորումը պիտի «մոտենա միջին եվրոպական չափանիշներին», այսինքն` ՀՆԱ-ի 0.24 տոկոսից հասցվի մոտ 2 տոկոսի։ Կարելի է ասել` 3 տարի անց (քանի որ այսօր քննարկվում է 2014-ի բյուջեն, ու այդ բյուջեով ևս ոչ մի լավ բան չի նախատեսվում, հազիվ` գների սղաճի կոմպենսացում) ոչ մի ավելացում իրականում չի գրանցվել (նույնիսկ նվազագույն աշխատավարձն է արդեն սկսում «հասնել եւ անցնել գիտնականների աշխատավարձերին»)։ Ավելին, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն գիտության ֆինանսավորումը աննշան չափով է ավելանալու նաև 2015 թվականին:
Իսկ 2020-ը սարերի հետևում չէ։ Նշանակում է` կամ 2016-ից պիտի սկսեն թռիչքային` մի քանի անգամյա ավելացումներ, որպեսզի լրացնեն նաև անցած տարիների չարվածը, կամ, ելնելով մեր ղեկավարների` իրենց ընդունած որոշումների հանդեպ ունեցած «պատասխանատվության» չափից, ընկերուհիս դեռ երկա՜ր տարիներ պիտի շարունակի «պաղպաղակ չսիրել»… և ո՛չ միայն պաղպաղակ, գուցե կարիք զգացվի «չսիրելու» նաև սուրճ… Հարգելի՛ կառավարություն և պարո՛ն վարչապետ. դուք գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունն ինչի՞ համար եք ընդունել` մարդկանց աչքերին թոզ փչելո՞ւ։
Նարե Խուդոյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.