23 տարի առաջ` 1989-ի դեկտեմբերի 1-ին, Խորհրդային Հայաստանի իշխանությունն ընդունեց իր 70-ամյա գոյության ընթացքում թերևս ամենահանդուգն որոշումը` Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Դրա հետ որոշ չափով համեմատելի է միայն Ալեքսանդր Մյասնիկյանի 1921-ի վճիռը` Գարեգին Նժդեհի պահած Զանգեզուրը Հայաստանի կազմ մտցնելու:
«Ժամանակի մեքենայով» վերադառնալով 23 տարի առաջ` տեսնում ենք Համագումարների պալատի (ներկայիս Ամերիկյան համալսարանի) մոտ, ուր տեղի էր ունենում Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի համատեղ նիստը, մի հսկայական բազմություն, որ գրավել է Բաղրամյան և Պռոշյան փողոցների պատկառելի հատվածներ: Ամբիոնի մոտ կոմունիստական նոմենկլատուրայի կարկառուն ներկայացուցիչ, 71-ամյա պատգամավոր Ալեքսան Կիրակոսյանը ներկայացնում է բուն որոշման նախագիծը: Այդ որոշումը պիտի կայացվեր, դրան արդեն համաձայնություն են տվել և կոմունիստները, և ՀՀՇ-ն, սակայն տեղի է ունենում այն, ինչը նախատեսված չէր…
Ծերունազարդ պատգամավորը ներկայացնում է լրացուցիչ նախագծեր` Արցախում պիտի կազմավորվեն ընտրատարածքներ Հայաստանի Գերագույն խորհրդի 1990թ. ընտրությունների համար, և ստեղծվի հանձնաժողով, որը լիազորություն ունի ինտեգրացնել Հայաստանի և Արցախի ձեռնարկությունները և բոլոր ենթակառուցվածքները: Կենտկոմի վերնախավի և ՀՀՇ-ի մի քանի պատգամավորների մեջ խուլ ընդվզման ալիք է անցնում, բայց արդեն ուշ է: Մթնոլորտն այնպիսին է, որ այլ տարբերակ չի մնում, բացի միաձայն կողմ քվեարկելուց:
Դահլիճում գտնվողների մեջ այդ պատրաստվող անակնկալը հայտնի էր միայն Կիրակոսյանին: Դահլիճից դուրս դա հայտնի էր մի խումբ ազգայնական կուսակցությունների ներկայացուցիչներին, ովքեր պատրաստել էին այդ փաստաթղթերի փաթեթը, և թոշակի անցած միջազգայնագետ Ռազմիկ Նավասարդյանին: Իսկ պատմական որոշման նախապատմությունը հետևյալն է:
Օգոստոսի 1-ին մի շարք կառույցների կողմից հավանության է արժանանում ԱԻՄ-ի առաջարկությունը` ստեղծել Հայոց ազգային նախախորհրդարան, ընդունվում է հռչակագիրը: Նախախորհրդարանի նախագահ ընտրվում է դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Սաֆարյանը, իսկ նիստերին մշտապես մասնակցում են Իգոր Մուրադյանի «Միացում» կազմակերպության ներկայացուցիչներ Հրայր Կարապետյանը (հետագայում` ականավոր դաշնակցական գործիչ) և Մանվել Սարգսյանը (այժմ` քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար), ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը ու այդ կուսակցության այլ երիտասարդ գործիչներ, լուսահոգի Մովսես Գորգիսյանը, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը, ՀԱԱԿ կուսակցության նախագահ (այժմ` գործարար) Մեխակ Գաբրիելյանը, «Ազատ Հայք»-ի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը, ՀԱԲ-ի կոմիսար Վարդան Վարդանյանը, տարբեր հայրենակցական միությունների ներկայացուցիչներ… Ու Նախախորհրդարանը առաջ է քաշում Արցախի հարցի արմատական լուծման առաջարկը` Գերագույն խորհրդի մակարդակով ընդունել վերամիավորման որոշում: Այդ ժամանակ դրան դեմ էին ինչպես կոմունիստները` Սուրեն Հարությունյանի գլխավորությամբ, որոնք չէին ուզում Մոսկվայի հետ պրոբլեմներ ունենալ, դեռևս նոր իր հիմնադիր համագումարին պատրաստվող ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որ ձգտում էր մինչ իշխանության հասնելը պրծնել Արցախի գլխացավանքից: Բայց Նախախորհրդարանում միավորված ուժերը, որ տասնապատիկ քիչ ռեսուրս ունեին, քան այսօրվա ընդդիմությունը, մտադիր էին համառորեն հասնել իրենց նպատակին, և հասան:
Գաղափարի հեղինակ ազգայնական կազմակերպությունների մի խումբ` հիմնականում երիտասարդ ներկայացուցիչներ, կազմակերպեցին ցույցերի և հանրահավաքների շարք: Իգոր Մուրադյանն էլ նրանց ծանոթացրեց Ալեքսան Կիրակոսյանի հետ, որը սերտորեն տարիներ շարունակ համագործակցում էր դեռ 1980-ականների կեսից Արցախի հարցը բարձրացնող նույն Իգոր Մուրադյանի, Բագրատ Ուլուբաբյանի, Սիլվա Կապուտիկյանի և այլոց հետ, ովքեր և 1988-ի փետրվարի 20-ից սկսել էին զանգվածային ցույցերը Արցախի հարցով: Հենց այդ համագործակցության պատճառով էր, որ Ալեքսան Կիրակոսյանը զրկվեց Խորհրդային Հայաստանի փոխվարչապետի պաշտոնից, իսկ 1986-ից դարձավ անհատական թոշակառու, միաժամանակ նաև դուրս բերվելով ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի կազմից:
Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանը ծնվել է 1918թ. օգոստոսի 18-ին Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղում: 1936թ ավարտել է Լենինականի մանակավարժական ուսումնարանը, 1952-ին` Երևանի հեռական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը: Մասնակցել է ֆիննական և Հայրենական պատերազմներին` ղեկավարելով տարբեր զինվորական ստորաբաժանումներ, հիմնականում` օդադեսանտային, 1946-1988թթ զբաղեցրել է մի շարք կուսակցական ու պետական պաշտոններ`ՀԿԿ Ղուկասյանի և Հոկտեմբերյանի շրջկոմների առաջին քարտուղարն էր, ՀԽՍՀ կաթի և մսի արդյունաբերության մինիստր, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ապա` առաջին տեղակալ, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր վարչության պետ: 1986թ միութենական նշանակության անհատական թոշակառու էր, պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, Երևանի պատվավոր քաղաքացի էր, վախճանվել է 2007թ հունվարի 9-ին:
Ահա այդպիսի կենսագրություն և Հայաստանի կոմունիստական վերնախավի վրա վիթխարի ազդեցություն ունեցող գործչի հետ ակտիվորեն գործում էին ազգայնականները 1989-ի աշնանը: Նրանք հրապարակավ իրականացնում էին բողոքի և պահանջատիրության գործողություններ, իսկ Մատվեիչը (այդպես էին Ա. Կիրակոսյանին կոչում մտերիմները) հուշում էր, թե հատկապես որ պահերին է հարմար փողոցային ճնշում գործադրել կոմունիստական իշխանության վրա, միաժամանակ բուռն ստվերային լոբբինգ անցկացնելով այդ նույն կոմունիստական վերնախավի շրջանում:
Սեպտեմբերի 15-ին Նախախորհրդարանը Ազատության հրապարակում անց է կացնում հուժկու 100 հազարանոց հանրահավաք, որից հետո ցույցերը և երթերը դառնում են գրեթե ամենօրյա: Նույնիսկ կոնֆլիկտներ են լինում ՀՀՇ-ի հետ, թե ով երբ պետք է զբաղեցնի հրապարակը: Սակայն ՀՀՇ առաջնորդները հրապարակավ վախենում էին խոստովանել, որ դեմ են վերամիավորմանը, քանզի ժողովուրդը նրանցից երես կթեքեր, ու միայն կոմունիստ ղեկավարների հետ շփումների ժամանակ էին արտահայտում իրենց մոտեցումները:
Ինչևէ, երևանյան ցույցերից ոգևորված, Ստեփանակերտում հոկտեմբերի 19-ին որոշում ընդունեցին` պաշտոնապես դիմել Հայաստանի Գերագույն խորհրդին վերամիավորման խնդրանքով, և կոմունիստական իշխանության «կոտրվելը» դարձավ ընդամենը:
Փաստորեն Ալեքսան Կիրակոսյանն ավելի արդյունավետ լոբբիստ դուրս եկավ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, և նոյեմբերի 28-ին ՀԿԿ Կենտկոմը արդեն ընդունել էր որոշում գումարել Գերագույն խորհրդի նստաշրջան և բավարարել Ստեփանակերտի դիմումը: Եվ ՀՀՇ-ին այլ բան չի մնում, քան նոյեմբերի 29-ին հանրահավաքին հայտարարել, որ իրենք պահանջում են ընդունել Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշում:
Եվ ստացվեց այնպես, որ դեկտեմբերի 1-ին Համագումարների պալատի մոտ էին և ՀՀՇ-ի, և ազգայնական կազմակերպությունների մոբիլիզացված զանգվածները, որ հետևում էին նիստի ուղիղ հեռարձակմանը և շատ զգայուն արձագանքում ամեն մի ելույթի: Եվ Ալեքսան Կիրակոսյանը կարող էր հանգիստ ամբիոնից հնչեցնել ցանկացած, նույնիսկ ամենաարմատական նախագիծ: Եթե նա ներկայացներ Հայաստանի անկախությունը հռչակող տեքստ, ապա նույնիսկ դա կքվեարկվեր միաձայն: Հետադարձ հայացք նետելով, կարող ենք ասել, որ եթե այսօրվա ընդդիմությունն ունենար Ալեքսան Մատվեիչի պես փայլուն քաղտոխնոլոգ, ապա իշխանափոխությունը կդառնար տեխնիկական խնդիր…
Բայց, անշուշտ, Ալեքսան Կիրակոսյանի դերը չի սահմանափակվել այդ պատմական որոշումով: Պարզապես 1989-ին նա ամբողջովին դրսևորեց իր ներուժը: Իսկ ազգայնական և հայրենասիրական ուժերի թիկունքում նա եղել է միշտ, և 1960-ական թվականերից սկսած պետական-կուսակցական գործիչ դարձած նախկին բազմափորձ օդադեսանտային սպան արդեն կիրառում է իր ազդեցությունը: 1965-ին, երբ Ցեղասպանության 50-ամյակին Երևանում տեղի են ունենում երիտասարդական ցույցերը, հին կոմունիստական գործիչների վկայությամբ, Կիրակոսյանի ստվերային աշխատանքը նպաստում է նրան, որ այդ հրաշալի սերունդը չընկնի խորհրդային պատժիչ մսաղացի մեջ: Նույն 1960-ականներին և դրանից հետո նա նաև սերտորեն առնչվում է հայրենադարձների խնդրին և հայրենադարձների պաշտպան ու հովանավոր է դառնում: Անձամբ ինքը, երբ 1968-ին մեկնում է Իրան` 8000 հայրենադարձներ բերելու, Սպահանում հավաքում է սփյուռքի մտավորական սերուցքը, դա դարձնում է Հայրենիք-սփյուռք միասնության յուրահատուկ ցույցի և նաև արժանանում Իրանի շահի շքեղ ընդունելության: Այնուհետ նաև կոնֆլիկտներ է ունենում ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ` հայրենադարձների խնդրով: Ահա մի հատված նրա հուշերից. «Մի արտառոց դեպք եմ հիշելու, որն ինձ խորապես ցնցել էր, անգամ՝ ափերից հանել։ Մեր տուն էին եկել եւ ինձ հասցեագրված նամակ թողել աբովյանցի մի խումբ հայրենադարձներ։ Նամակից պարզվեց, որ դպրոցներից մեկի բարձր դասարանների աշակերտներրին էքսկուրսիա են տանում քաղաքի ձեռնարկություններից մեկը։ Մուտքի առջեւ հայրենադարձների երեխաներին առանձնացրել եւ թույլ չեն տվել գործարան մտնել՝ պատճառաբանելով, որ այդ ձեռնարկությունը ռազմարդյունաբերական համալիրի մեջ է մտնում։ Հաջորդ օրը գնացի գործարան։ Գործարանի տնօրեն Էդվարդ Պետրոսյանից, ում խորին հարգանքով էի վերաբերվում, պահանջեցի բացատրություն։ Հուզված տնօրենը՝ նշելով, որ ինքն էլ է զայրացած այդ միջադեպից, ասաց, որ հատուկ հրահանգ կա։
Նամակի առնչությամբ ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանին հարցրի, թե ո՞վ է այդ հրահանգի հեղինակը, որով հայրենադարձները երկրորդ կարգի քաղաքացիներ են համարվում, իսկ նրանց երեխաների հոգիները թունավորվում է այն մտքից, որ հայրենիքն իրենցը չէ, եւ իրենք ընդամենը խորթ զավակներ են։ Մ. Յուզբաշյանն ասաց, որ դա միութենական հրահանգ է։ Մոսկվայում ես ու Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Սարկիսովն այդ հարցով դիմեցինք Չեբրիկովին (ԽՍՀՄ ՊԱԿ ղեկավարին-Ա. Վ.)։ Նա էլ պակաս չզարմացավ ու զանգեց տեղակալներից մեկին՝ Բաբկովին, հարցրեց այդ հրահանգի գոյության մասին։ Վերջինս պատասխանեց, որ այն քնննարկվել ու ընդունվել է կոլեգիայի նիստում։ Հետագայում նրանք բեկանեցիին այդ որոշումը, բայց արդեն ուշ էր, փաստաթուղթն իր սեւ գործն արել էր հիմնավորապես»։
Այդ նույն Բաբկովը հետո, հիմնվելով մատնագրերի վրա, ճակատագրական դեր է խաղում Ա. Կիրակոսյանի կյանքում` հասնելով նրա պաշտոնանկությանը փոխվարչապետի պաշտոնից` «անբարեհույս ազգայնական» լինելու համար: Իսկ արդեն պաշտոնական լայն լիազորություններից զրկված Ա. Կիրակոսյանի հետ Մոսկվայում 6 ժամանոց հանդիպում ունենալուց հետո, Բաբկովը իր գրքում մատնանշում է Խորհրդային Հայաստանի երեք խոշոր ազգայնականների անուններ` Ալեքսան Կիրակոսյան, Սիլվա Կապուտիկյան, Զորի Բալայան:
Ի դեպ, վերջինիս հուշերով, 1980-ականների սկզբին, Հեյդար Ալիևը` որպես ԽՍՀՄ կապի և տրանսպորտի ոլորտի կուսակցական պատասխանատու, աշխատանքներ էր տանում Նախիջևանը Մեղրիի վրայով Ադրբեջանի հետ կապող բարվոք ճանապարհ կառուցելու ուղղությամբ, ինչպես նաև առաջ էր տանում (Գոբլի ծրագրից 10 տարի առաջ) Մեղրիի շրջանը Խորհրդային Ադրբեջանին փոխանցելու ծրագիրը: Եվ, Բալայանի վկայությամբ, հենց Ալեքսան Կիրակոսյանը և Խորհրդային Հայաստանի արտգործնախարար Ջոն Կիրակոսյանը կազմակերպում են մտավորականության զանգվածային նամակագրություններ ԽՍՀՄ իրավասու մարմիններին, որ դրանով փաստացի առաջ են տարվում ՆԱՏՕ-ի նպատակները: Ու այդ հարցում, ի պատիվ իրեն, ամենայն աջակցություն է ցուցաբերում երկու Կիրակոսյանների հետ բարդ հարաբերություններ ունեցող Կարեն Դեմիրճյանը:
Իսկ որպես խորհրդային շրջանի ամփոփում, հավելենք միայն ՀԿԿ կենտկոմի նախկին քարտուղար Կարլեն Դալլաքյանի վկայությունը, թե ինչպես էր Ալեքսան Կիրակոսյանը հովանավորում ազգային մտավորականությանը. «Ալեքսան Կիրակոսյանը մտավորականության պահապան հրեշտակն էր: Բազմիցս տեսել եմ նրան գրողներով շրջապատված: Իր մոտ բարեկամներն էին Համո Սահյանը, Վահագն Դավթյանը: Թերեւս միայն Կիրակոսյանն էր կարողանում լուծել մեր մտավորականության կեցության հետ կապված կարեւորագույն հարցերը, ինչպես, օրինակ, բնակարան հատկացնելու հարցը: Ես, որ բարձրագույն կուսակցական դիրքերից մեկն էի գրավում, ինքս լուծել այդպիսի խնդիր չէի կարող, անհրաժեշտության պարագայում դիմում էի Կիրակոսյանին»:
Սակայն Հայաստանի անկախացումից հետո էլ ակտիվ դերակատարությունից անմասն չմնաց էներգիայով լեցուն Ալեքսան Կիրակոսյանը:
Տեղյակ մարդիկ ասում են, որ նա էր 1997-ին Վազգեն Սարգսյանին գլխի գցել, որ Ռոբերտ Քոչարյանին բերի որպես վարչապետ, իսկ այնուհետ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պարտադրի: Իսկ Վազգեն Սարգսյանի զոհվելուց հետո նա հաճախ էր շփվում Սերժ Սարգսյանի հետ, ում ճանաչում էր դեռ այն ժամանակներից, երբ ՀՀ ներկայիս նախագահը խորհրդային տարիներն Ստեփանակերտում կոմկուսի ֆունկցիոներ էր, փաստացի նրա ոչ պաշտոնական խորհրդականն էր մինչև իր մահը: Երևի թե Սերժ Սարգսյանը լավ էր յուրացրել այդ փայլուն քաղտեխնոլոգի դասերը, որ 1997-ի ԱԺ ընտրություններին ապահովեց ՀՀԿ հաղթանակը, և թույլ չտվեց, որ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ով մեծամասնություն վերցնի և իրավահաջորդ նշանակի Վարդան Օսկանյանին, իսկ հետո էլ վնասազերծի հսկայական հեղափոխական ներուժով օժտված Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը…
Ահա այդպիսին է Հայաստանի Առաջին, Երկրորդ և Երրորդ Հանրապետությունները տեսած այդ եզակի գործիչը, որ դարձել էր հայ ազգայնականների ստվերային կոորդինատոր դեռևս 1960-ականներից ի վեր:
Ճակատագրի նախախնամությունն էր, որ նա ողջ մնաց 1920-ին, երբ թուրքերը սպանեցին նրա մորը` Վարվառեին, ում գրկում գտնվում էր այդ պահին, որ ողջ մնաց նաև 1921-ի ահավոր համաճարակի ժամանակ, երբ արհեստավոր Մաթևոս Կիրակոսյանի մազերը միանգամից սպիտակեցին, քանի որ մեկ օրում մահացան նրա երեք զավակները: Նրան նախասահմանված էր ապրել, զի առաքելություն ուներ ընդհուպ մինչև 21-րդ դար, որը և փայլուն կատարեց:
Ննջես փառքով ու խաղաղությամբ, Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյան, Արցախի ազատությունը և Հայաստանի անկախությունն այլևս անշրջելի են:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.