«Հարսնաքարում» տեղի ունեցածը հասարակության պատվի հարցն է
«Հարսնաքարում» տեղի ունեցածը հասարակության պատվի հարցն է Հուլիս 03, 2012 | 13:21

«Ժամանակ» օրաթերթն անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծին, որի հետեւանքով երեկ մահացել է Վահե Ավետյանը:

Թերթը գրում է. «Երեկ զինվորական հոսպիտալում մահացել է Վահե Ավետյանը: Նրան հունիսի 17-ին դաժանաբար ծեծի էր ենթարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: Դեպքը տեղի էր ունեցել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, ուր Վահե Ավետյանը այցելել էր իր մի քանի ընկերների հետ խնջույք անելու նպատակով: Վահե Ավետյանը հայկական բանակի սպա էր, մայոր, ռազմական բժիշկ: Բժիշկներ էին նաեւ նրա ընկերները, որոնք նույնպես դաժան ծեծի էին ենթարկվել, բայց, բարեբախտաբար, ողջ են մնացել: Իսկ Վահեն ուղեղի ծանրագույն վնասվածքներ էր ստացել եւ հայտնվել կոմայի մեջ, որից նա այդպես էլ դուրս չեկավ:

Սա հերթական ողբերգությունն է, որ ապրում է մեր հասարակությունը քրեաօլիգարխիկ համակարգի հետեւանքով: Վահե Ավետյանը հերթականն է ծեծվածների, սպանվածների, ինքնասպանության հասցվածների, նվաստացվածների, խաբվածների, իրավազրկվածների մեջ: Իսկ այդ շարքին արդեն ոչ սկիզբ կա ու թվում է` ոչ էլ վերջ: Վերջ չի լինի, քանի դեռ հասարակությունը չի որոշի, որ այդ ամենին պետք է վերջ դնել, քանի որ այլեւս չկա որեւէ հույս, որ ինչ-որ մեկի շնորհիվ հնարավոր է անել դա: Երբ Վահե Ավետյանի հետ այդ ողբերգական դեպքը պատահեց, շատերը բարձրաձայնում էին, որ այստեղ բանակի, սպայի պատվի խնդիրն է, ու Պաշտպանության նախարարությունը պետք է հետամուտ լինի այդ ամենին, մեղավորների բացահայտմանը: Իրականում, սակայն, սա հասարակության պատվի հարցն է, սա հասարակության գոյության հարցն է, եւ այստեղ հասարակությունն է, որ պետք է հետամուտ լինի մեղավորների պատասխանատվությանը: Բայց խոսքը միայն իրավական պատասխանատվության մասին չէ, քանի որ կան նաեւ բարոյական պատասխանատուներ՝ նրանք, ովքեր այս համակարգն են ձեւավորել, հաստատել, ամրացրել, ինստիտուցիոնալացրել, իսկ հիմա էլ վայելում են եւ ցինիկ կերպով հայտարարում, որ նման ողբերգությունների համար «բոլորս ենք պատասխանատու»:

Մյուս կողմից, այո, բոլորս ենք պատասխանատու նման ողբերգությունների համար, որովհետեւ թույլ ենք տվել, որպեսզի տականքը նվաճի երկիրը մոլախոտի նման, որպեսզի ստորությունն ու ցինիզմը ծածկի ամեն ինչ, մարսի ամեն ինչ: Եվ այսօր հասարակության պատվի հարցն է դրված սեղանին: Միեւնույն ժամանակ, մենք բոլորս հասկանում ենք նաեւ, որ հասարակությունը շատ բազմաշերտ է եւ այստեղ ոչինչ միանշանակ չէ, առավել եւս, որ մենք գիտենք, թե ինչ բազմատեսակ միջոցներով է Հայաստանի հասարակությունը դեգրադացվել, ինչպես են հետեւողականորեն տարբեր «էլիտաներ» ոչնչացրել հասարակության պատիվը, հասարակությանը թերարժեքության, պոտենցիալ զոհի բարդույթ ներշնչել, եւ այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Եվ այսօր մենք ունենք այդ ամենի հերթական զոհը, մենք ունենք հերթական վիշտը, հերթական ողբերգությունը: Եվ չունենք էլ ասելու բառեր»:

Ժամանակ


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Լուրեր