Ամերիկյան հատուկ ծառայությունների ճակատագրական սխալը
Ամերիկյան հատուկ ծառայությունների ճակատագրական սխալը Հունիս 15, 2012 | 21:43

Նոր կառավարության կազմի ինտրիգը պրծավ: Այն արդեն հայտնի է, և մնացել է միակ ինտրիգային դետալը` սպորտի նախարարի հարցը: Շրջանառված անունը` Հրաչյա Ռոստոմյան, սերտորեն առնչվում է ՀՀԿ – ԲՀԿ հարաբերություններին: Օլիմպիական կոմիտեի քարտուղարն է, ԲՀԿ-ին նոր-նոր ֆորմալ առումով հրաժեշտ տված քաղխորհրդի անդամ, որի մասին շատ հարգալից է արտահայտվում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Այսինքն` փաստացի դա ԲՀԿ-ից ֆորմալ հրաժարված ԲՀԿ-ական միակ նախարարացուն է, որը միաժամանակ կամուրջ է` ԲՀԿ-ի հնարավոր վերադարձը կոալիցիայի գիրկ ապահովելու համար:

Իսկ ամենաթեժ կրքերը եռում են Վարդան Օսկանյանի, մորմոնների առաջնորդ Ջոն Հանթսմանի և Ռոբերտ Քոչարյանի` նրա հետ սերտ կապեր ունենալու շուրջ: Թեև Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհակալություն է հայտնում հանրային աջակցության համար, սակայն փաստն այն է, որ հանրային աջակցությունը որպես այդպիսին բացակայում է: Լռում են ամերիկյան հարկատուի հաշվին ապրող շուրջ 2000 հ/կ-ները, լռում է «ֆեյսբուքահայությունը», լռում է ընդդիմադիր դաշտը: ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի առանձին գործիչներն ընդամենը զգուշավոր կերպով չեն բացառում, որ Օսկանյանի նկատմամբ իրագործվում է քաղաքական հետապնդում, սակայն այդ նույն ընդդիմադիր ուժերի որոշ գործիչներ էլ ուրախությամբ մասնակցում են Օսկանյանին «սկացնելու» գործընթացին, վկայակոչելով մարտի 1-ը:

Իսկ ովքե՞ր են պաշտպանում` մի շարք արևմտյան դեսպաններ, հատկապես ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, որը բացեիբաց «Սիվիլիթասը» անվանում է «կարևոր գործընկեր» և մտահոգիչ համարում «քաղաքական այս ժամանակը»: Շատ նման է Ջորջ Բուշ ավագի` «Սոմոսան շանորդի է, բայց մեր շանորդին» բանաձևի:

Իսկ քարոզչական առումով Օսկանյանին սատարում են «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքները (վերջինս` բավականին զգուշավոր), գումարած մի շարք կայքեր: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանի լրատվական ռեսուրսը: Ի՞նչ է ստացվում` հանրային աջակցություն «Սիվիլիթաս» նախագիծը չունի, այլ ունի Արևմուտքի, առավելապես` ԱՄՆ-ի բացահայտ և Ռոբերտ Քոչարյանի ստվերային աջակցությունը: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի և խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ոչ շատ սուր հայտարարությունները նույնպես հարկե դիտարկել Քոչարյանի ստվերային աջակցության տիրույթում, և ի դեպ Գագիկ Ծառուկյանն էլ այս հարցում դեռ ստվերում է:

Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ և՛ հանրությունը, և՛ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը, և՛ անգամ «հասարակական սեկտորի» հազարավոր մարդիկ, որ ամերիկյան հարկատուի հաշվին են իրենց հացը վաստակում, Պիղատոսի պես լվացել են ձեռքերը: Ինչքան էլ տարօրինակ լինի, սակայն դրա ակունքները հասնում են DIY ակումբի հրկիզման և ձախողված «բազմազանության շքերթի» սկանդալային պատմության` ստվերում մնացած որոշ դրվագներին:

Այդ ամբողջ պատմությունը պարունակում է առաջին հայացքից լրիվ իռացիոնալ թվացող դրվագներ: Ինչպե՞ս եղավ, որ հրդեհից հետո սկզբում կես ժամ երկու հոգի «Սիվիլնեթ»-ի համացանցային հեռուստաեթերով ամբողջ հանրությանը պիտակեցին «ֆաշիստ» և ձեռի հետ էլ գլուխ գովացին, որ մասնակցել են Ստամբուլի գեյ-շքերթին, իսկ հետո էլ «Կենտրոնի» եթերում ամբողջ ժողովուրդը անվանվեց «հիվանդ», չէ՞ որ դա հաստատ հակազդեցության ալիք պիտի առաջացներ ինչպես «ֆեյսբուքահայության», այնպես էլ` ռեալ հանրության մոտ: Եվ կարելի՞ է ենթադրել, որ այդ ամենը հենց հանրային զայրույթ առաջացնելու նպատակ ուներ ի սկզբանե… Չէ՞ որ եթե որոշ կոնկրետ մարդիկ էմոցիոնալ առումով աֆեկտի վիճակում էին, ապա նրանց եթեր տրամադրելու որոշում ընդունողները միանգամայն սթափ և սառը դատող և կոնկրետ շահեր ներկայացնող մարդիկ են:

Արցախցի քաղաքագետ, անվտանգության համակարգերի մասնագետ Հրաչյա Արզումանյանը, ում անունը քիչ բան է ասում հանրությանը, բայց շատ բան` հատուկ ծառայություններն ու անվտանգության համակարգերն ուսումնասիրող միջազգային փորձագիտական հանրույթին, իր բլոգում վստահություն էր հայտնել, որ դա ամերիկյան հատուկ ծառայությունների օպերացիա էր, որի նպատակն էր`իրականացնել մոնիթորինգ, թե ինչքանով է հայ հանրությունը պատրաստ ընդունել կամ մերժել «բազմամշակութային»  հանդուրժողականության չափանիշները, և միաժամանակ բացահայտել ամենաակտիվ դիմադրողներին`համապատասխան դոսիեներում նրանց տվյալները գրանցելու համար: Առավելևս, որ «բազմազանության» սկանդալային ակցիաներ զուգահեռաբար անցկացվեցին Վրաստանում և Ադրբեջանում: Դե պարզ է, ելնելով աշխարհաքաղաքական սուր մրցակցությունից, ինչի համար էր պետք ԱՄՆ-ին այդպիսի «մոնիթորինգը» Կովկասի կարևորագույն տարածաշրջանում:

Եվ ի՞նչ ի ցույց հանեց այդ «թեսթը»` զրո հանդուրժողականություն: Որ առնվազն 50 տարով պետք է մոռանալ Հայաստանում «մշակութային բազմազանություն» հաստատելու ամերիկյան երազանքը: Իսկ ՆԱՏՕ-ի ռմբակոծիչների միջոցով Հայաստանը «դեմոկրատացնելու» տեխնոլոգիան էլ անիրագործելի է տարածաշրջանի լավագույն հակաօդային պաշտպանության համակարգի և ռուսական ռազմական ներկայության պատճառով:

«Հանդուրժողականության» թեսթը տապալվեց: Դրան հունիսի 4-ին` Քլինթոնի այցի օրը, հետևեց պատերազմից վախենալու թեսթը` ադրբեջանական դիվերսիաների տեսքով: Դա էլ ոչ միայն տապալվեց, այլև հայության մոտ արթնացրեց հայության միասնության և վճռականության բնազդը:

Ու արդյունքում անորակ շպարի պես «հանդուրժողականության» և «արևմտյան արժեքների» բարակ շերտը, որ այդքան խնամքով ու այդքան ծախսով աճեցվել էր 20 տարի շարունակ, անհետացավ փաստորեն մեկ ակնթարթում: Արդեն նույնիսկ «Ֆեյսբուքում» գրեթե ոչ ոք չի ուզում «ազատական արժեքների կրող» ձևանալ, և հայն ստացավ իր այն կերպարը, որ նկարագրված է դիցաբանությունում և էպոսում: Փաստորեն ամերիկացիները կոպիտ, ճակատագրական սխալ գործեցին` անտեսելով այն կոդերը, որ առկա են «Սասնա ծռեր»-ում, և «ստանդարտ»  փորձարարության արդյունքում արթնացրին Ագռավաքարում ննջող Փոքր Մհերին…

Ու երբ ՀՀ իշխանությունը ԱԱԾ-ի հարվածն ուղղեց ընդդեմ ամերիկյան ամենառեալ հենարանի` օսկանյանական «Սիվիլիթասի», պարզվեց, որ Հայաստանում Օսկանյանի ամերիկյան հիմնարկը պաշտպանող չկա: Նույնիսկ ամերիկյան աշխատավարձ ստացող հայերը չեն ուզում պաշտպանել ԱՄՆ-ի այդ, Ջոն Հեֆֆերնի ասած, «կարևոր գործընկերոջը»:

Արդյո՞ք ԱՄՆ-ի և Եվրոպայի դիվանագիտական ճնշումը կստիպի ՀՀ նախագահին և ՀՀԿ-ին դադարեցնել «Սիվիլիթասի» քրեական (կամ քաղաքական` ըստ ճաշակի) հետապնդումը: Վստահաբար` ոչ: Արդեն գնացքը գնացել է: Ու «քաշվավ» նաև Ռոբերտ Քոչարյանը, ում համար Օսկանյանը և ԲՀԿ-ի «արմատական» թևը միջոց էին` ճնշում գործադրելու ՀՀԿ-ի վրա և սահուն կերպով իշխանության վերադառնալու: Իսկ հիմա այդ ամենը գնում է կա՛մ դեպի «սպիտակ դրոշ» բարձրացնելը, կա՛մ հրապարակային կոշտ հակամարտությունն իշխանության հետ: Իսկ պետական մեքենայի հետ կռվողն անխուսափելիորեն պարտվում է, անգամ եթե նա գերհզոր ռեսուրսներ ունի:

Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ

 


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Լուրեր