Երևանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով.Տարոն Մարգարյան
Երևանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով.Տարոն Մարգարյան Փետրվար 22, 2012 | 12:13

«Սիրելի՛ երևանցիներ,

Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանրութեթև անելու և հասարակական փոխըմբռնման հասնելու համար:

Որպես ՀՀ ամենամեծ համայնքի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որևէ զարգացում, հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում: Սեփականությունը հանրային կարևորագույն գործառույթ է իրականացնում՝ ձևավորելով ցանկացած գործունեության նյութական հիմքը: Այն համայնքը, որը ժխտում է այս ճշմարտությունը, ապագա չունի:

Վերոնշյալ տարածքում իրականացվող ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքների նախապատմությանը վերաբերող փաստերին ծանոթանալ ցանկացող յուրաքանչյուր ոք, կարծում եմ, առկա փաստերի հիման վրա ի վիճակի կլինի կատարել անաչառ եզրահանգումներ: Իսկ փաստերը հետևյալն են.

Երևանի Աբովյան փողոցում՝ առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա սեփականության իրավունքով պատկանող հիմնական շինությունները Երևանի քաղաքապետարանի գործադրած ջանքերի շնորհիվ ապամոնտաժվել են: Շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում առաջարկվել են այլ տարածքներ, որոնց թվում նաև Մաշտոցի պողոտա – Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ, անբարեկարգ և անխնամ տարածքը: Վերջինը կառուցապատման իրավունքով գրանցված է Երևանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի անվամբ:

Սահմանված կարգով հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան՝ ներկայում «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից այգում տեղադրվում են տաղավարներ՝ Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար: Ընդ որում, դրանք տրամադրվելու են ժամանակավոր՝ մինչև «Հին Երևան» ծրագրի իրականացման ավարտի ժամկետով:

Սեփականության հետ կապված կարևոր և բարդ հիմնախնդիրները չի կարելի լուծել առանձին քաղաքացիների՝ արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա:

Չնայած հնչած բացասական և ժխտողական գնահատականներին, այդուհանդերձ ես ուրախ եմ, որ մեր համաքաղաքացիները այդքան նախանձախնդիր են մեր սիրելի Երևանի հիմնախնդիրներով ու ապագայով: Ու չնայած նրան, որ այս դեպքում ամեն ինչ օրինական է և փաստաթղթերով հիմնավորված, այդուհանդերձ համարում եմ, որ ցանկացած կարևոր որոշում, որքան էլ այն հիմանվորված լինի, կարիք ունի հավելյալ լեգիտիմության, ինչին հասնելու լավագույն միջոցը հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածությունն է:

Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ նշված գործընթացի արդյունքում ամբողջությամբ բարեկարգվելու և կանաչապատվելու են Աբովյան փողոցի ապամոնտաժված շինությունների զբաղեցրած հատվածները: Իսկ զբոսայգու բուն տարածքում իրականացվելու են հետևյալ աշխատանքները.
- հենապատերի և եզրաքարերի վերանորոգում և վերականգնում,
- կանաչ գոտու վերականգնում և ավելացում, ծաղկապատում,
- ոռոգման ցանցի վերականգնում,
- սալիկների վերականգնում,
- նստարանների և աղբամանների տեղադրում,
- արտաքին լուսավորության ապահովում:

Վստահ եմ, որ Երևանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով, փոխըմբռնման մթնոլորտում և ի շահ մեր քաղաքի»:

10

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր