Արտգործնախարը  Վիեննայում մի շարք հանդիպումներ է ունեցել
Արտգործնախարը Վիեննայում մի շարք հանդիպումներ է ունեցել Փետրվար 17, 2012 | 11:57

Փետրվարի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան Վիեննայում մասնակցել է Աֆղանստանից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված Փարիզյան պակտի նախարարական երրորդ համաժողովին, որին ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, շուրջ հինգ տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ավստրիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Ալեն Ժյուպեի և Միխայել Շպինդելեգերի նախագահությամբ տեղի ունեցած նիստին ելույթ է ունեցել նաև Էդվարդ Նալբանդյանը:
Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ միջազգային հանրության պայքարում Հայաստանի ներդրումը և վերահաստատել ՀՀ վճռականությունը շարունակելու ակտիվորեն աջակցել միջազգային ջանքերին, ներառյալ Փարիզի պակտին և այլ միջազգային նախաձեռնություններին, որոնց նպատակն է նվազեցնել և արմատախիլ անել թմրամիջոցների ապօրինի արտադրությունը, առևտուրն ու թրաֆիքինգը:
Վիեննայում Էդվարդ Նալբանդյանի օրակարգը հագեցած է եղել նաև երկկողմ հանդիպումներով:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության պահպանման կապակցությամբ և կարևորել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձել են նաև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաև իր ռուսաստանցի գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:
Նախարարների հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ օրակարգի հարցերին, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանն առնչվող հարցեր: Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է Ռուսաստանի իր գործընկերոջն ուղղված Երևան այցելելու հրավերը:

Վիեննայում հանդիպում է կայացել նաև ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ դեսպան Իոն Օ’լիին:
Նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու դեսպան Օ’լին անդրադարձել են Իռլանդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իէմոն Գիլմորի` Հայաստան նախատեսվող այցին:
Հանդիպման օրակարգում էր նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս առնչությամբ դեսպան Օ’լին վերահաստատեց ԵԱՀԿ նախագահության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի փոխվարչապետ, Եվրոպական և արտաքին գործերի նախարար Միխայիլ Շպինդելեգերի հետ:
Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են այս տարի նախատեսվող Ավստրիայի Նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:
Նախարարներ Նալբանդյանն ու Շպինդելեգերը բովանդակալից զրույց են ունեցել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Հայաստանի ԱԳ նախարարի հաջորդ հանդիպումը Չերնոգորիայի արտգործնախարար Միլան Ռոչենի հետ է եղել:
Հանդիպման օրակարգում են եղել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական փոխգործակցության զարգացման, ապակենտրոնացված համագործակցության, Չերնոգորիայի ԱԳ նախարարի Երևան կատարելիք այցին առնչվող հարցեր:
Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել Ավստրիայի առաջատար Der Standart թերթին:
Նույն օրը, ավարտելով այցելությունը, Էդվարդ Նալբանդյանը վերադարձել է Երևան:

8

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր