Բաց նամակ. մի խեղաթյուրեք Երևանը
Բաց նամակ. մի խեղաթյուրեք Երևանը Փետրվար 11, 2012 | 12:52

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Այնտեղ նրանք իրենց մտահոգությունն ու բողոքն են հայտնում Գլխավոր պողոտայի պուրակի տարածքում ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ.

«Երեւան քաղաքի կենտրոնում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում տասնամյակներ շարունակ տեղակայված է Գլխավոր պողոտան: Այն իրենից ներկայացնում է ուղղաձիգ եւ լայն, կանաչապատ հետիոտնային զբոսայգի, որն, ըստ Ալեքսանդր Թամանյանի մտահղացման, պետք է տարածվեր ներկայիս Սարյան փողոցից մինչեւ Խանջյան փողոց:  Թեեւ պողոտայի գաղափարի իրագործումը մնաց անավարտ, սակայն Արմեն Զարյանի կողմից նախագծված եւ 70-ական թվականներին ստեղծված կանաչ գոտին միշտ աչքի է ընկել իր կանաչապատ տարածքներով եւ բազմաթիվ շատրվաններով, հանդիսանալով երեւանցիների կողմից սիրված զբոսավայրերից մեկը:

Գլխավոր պողոտայի զբոսայգին, շնորհիվ իր բացառիկ ինժեներական լուծումների եւ տարածաճարտարապետական պլանավորման,  ուներ նաեւ իր ուրույն ոճը, որը բնորոշ է Եվրոպական լավագույն մայրաքաղաքների զբոսայգիներին: Բացի այդ, պողոտան, որպես ջրային մակերեսների եւ կանաչապատ զանգվածների տարածք քաղաքի անմիջապես կենտրոնում, ուներ մեծ ռեկրեացիոն նշանակություն` մաքրելով եւ մեղմացնելով օդը:

Երեւանցիների մի քանի սերնունդներ այստեղ՝ սոսիների շուքի եւ շատրվանների զովության ներքո անցկացնում էին իրենց հանգիստն ու ժամանցը:

Թեեւ այս ամենին, Անկախության նվաճումից ի վեր, Պողոտան, փաստիցս, մատնված է եղել անուշադրության՝ շատրվանները երկու տասնյակ տարի է, ինչ չեն գործում, տարածքը չի մաքրվում, ջրամատակարարման համակարգը չի գործում, կանաչապատ տարածքում կառուցվել են սրճարաններ, ծառերի մի մասը հատվել է կամ խնամքից զուրկ չորացել:

Տարիներ շարունակ դեռ հույս կար, որ մայրաքաղաքի տնտեսական վիճակի բարելավումից հետո քաղաքային իշխանությունները վերջապես ուշադրություն կդարձնեն այգու պահպանման հիմնախնդրի վրա, սակայն վերջին ամիսների իրողությունը ստիպում է համոզվել, որ Գլխավոր պողոտայի զբոսայգուն սպառնում է վերջնական ոչնչացման վտանգը:

Վերջին ժամանակներին Մաշտոցի պողոտա – Սարյան փողոցի միջեւ ընկած հատվածում՝ Արամի փողոցին հարող խոտածածկույթի եւ շատրվանների տարածքում կառուցվել է երթեւեկելի ճանապարհ, Մաշտոցի 15 շենքի դիմաց, շատրվանի փոխարեն՝ ավտոկայանատեղի:

Վերջապես, վերջին ամիսների ընթացքում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա – Եզնիկ Կողբացի փողոց հատվածում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այդ տարածքում արդեն ոչնչացվել են մի քանի շատրվաններ եւ նախկինում կանաչապատ հատվածում կառուցվում են առեւտրական կրպակներ:

Քաղաքապետարանի կայքում տեղակայվածբախագծի լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ, համաձայն նախագծի հեղինակների, այդ  հատվածում շատրվանները ընդհանրապես կոչնչացվեն, իսկ կանաչ գոտու տարածքը ավելի քան կրկնակիորեն կնվազի, իր տեղը զիջելով ճանապարհներին, ավտոկայանատեղիներին եւ կրպակներին:

Ելնելով վերը նշված դիտողություններից եւ փաստերից, մենք՝ ստորեւ ստորագրած անձինք եւ կազմակերպությունները՝

1. Արտահայտում ենք մեր վրդովմունքը եւ անհամաձայնությունը Գլխավոր պողոտայի բարեկարգման ցուցանակի տակ իրականացվող պուրակի փաստացի ավերման դեմ:

2. Խնդրում ենք Ձեզ միջամտել ստեղծված իրավիճակին՝ զբոսայգու ավերումը դադարեցնելու համար:

3. Խնդրում ենք ստեղծել մասնագիտական հանձնաժողով եւ վերանայել Գլխավոր պողոտայի տարածքում կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքների նախագիծը, որի ներկայիս տարբերակի հետագա իրագործումը անվերականգնելի վնաս է հասցնում Երեւան քաղաքի կենտրոնի կանաչ դիմագծին:

4. ՀՀ գործող օրենսդությամբ սահմանված կարգի համաձայն, հարկ ենք համարում պահանջել Գլխավոր պողոտայի բոլոր վերակառուցման աշխատանքների վերաբերյալ պարտադիր հանրային լսումների անցկացումը:

5. Մինչեւ հարցի լուծումը, անհրաժեշտ ենք գտնում պահանջել դադարեցնել բոլոր շինարարական աշխատանքները զբոսայգու տարածքում, իսկ վերակառուցման նոր ծրագրում նախատեսել ոչնչացված կանաչ տարածքների եւ շատրվանների վերականգնումը:

6. Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Հին Երեւան» նախագծի շրջանակներում մշակված պատմամշակութային արժեք ներկայացնող քանդված շինությունների՝ Արամի-Կողբացու-Բյուզանդ-Աբովյան հատվածում տեղակայելու նախագիծը վերջնականապես անիրագործելի կդարձնի Ալ. Թամանյանի կողմից նախատեսված Գլխավոր պողոտայի պուրակի հետագա շարունակությունը՝ մինչեւ Աբովյան փողոց: Դրական գնահատելով «Հին Երեւան» նախագծի գաղափարը, այնուամենայնիվ, ակնհայտ ենք համարում, որ այդ նախագծի իրագործումը վերոնշյալ տարածքում խեղաթյուրում է Ալ. Թամանյանի հատակագիծը եւ Գլխավոր պողոտայի գաղափարը, ուստի այդ տարածքում կապիտալ շինարարություն իրականացնելու հարցը նույնպես անթույլատրելի է լուծել առանց լայնածավալ մասնագիտական եւ հանրային քննարկումների»:

35

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր