Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ   Մրտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Daily Archives: Փետրվար 10, 2012
ՆԱ/ՆԵ -ն Օսկարատիպ չստացվեց Փետ 10, 2012 | 09:07

Այսօր Կինո Մոսկվայի ցուրտ ու կիսադատարակ դահլիճում անցկացվեց կազմակերպիչների իսկ բնորոշմամբ, «Oսկարատիպ» ՆԱ/ՆԵ մրցանակաբաշխությունը:

Նախ ասենք, որ այս հանդիսությունը համեմատել Օսկարի հետ նշանակում է ծաղրել այն: Դահլիճը շատ մեծ էր հավաքված հանրության համար, գուցե դա էր պատճառը, կամ ինչ որ բան այն չէր, բայց տոն որպես այդպիսին չստացվեց:

Թե հայկական օսկարակիրները, թե նրանց մրցանակ հանձնողները հագնված էին տնավարի, մի տեսակ առօրյա ու տաք հագուստներով էին: Չես մեղադրի` ցանկացած հյուրանոցի ֆոե այդ հանդիսությանը ջերմություն ու շուք կհաղորդեր, ինչը գուցև չէր անցել կազմակերպիչների մտքով:

Ինչևէ ստացվեց այն ինչ ստացվեց.գավառական շոու. Բեմում դրված ցուցանակի հետևից հաղորդավարները գրեթե չէին երևում. նրանք ակնհայտորեն մրսում էին և նյարդայնանում ու գուցև դրանից` անտարբեր էին, որ շնորհակալություն հայտնողների համար բարձրախոսը ոչ մի կերպ հարմար չէր գալիս. կամ չափից բարձր էր, կամ ցածր. ու դահլիճում նրանց չէին լսում:

Մրցանակ հանձնելու էին եկել ՍԴ-ից Արևիկ Պետրոսյանը, պատգամավոր Արծվիկ Մինասայնը, Աստղիկ Ավետիսյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Սոցապնախարությունից Լալա Ղազարյանը և իհարկե դոնոր ու հովանավոր կազմակերպության ներկայացուցիչներ:

Առավել հետաքրքիր էր Նարեկ Հարթունյանի և Լիլիթ Ասատրյանի ներկայությունը, որը մի տեսակ աշխուժություն բերեց դահլիճ: Առաջինի վերաբերյալ քրեական գործը կարծես երկրորդ փուլ է մտնում, իսկ երկրորդի`աշխուժացումը հավանաբար կապված է ամուսնու` Վազգեն Խաչիկյանի հայտնության հետ. Ի դեպ, Լիլիթը տևական դադարից հետո կրկին ասպարեզ է իջել ու վաղն ասուլիս է տալիս «Մարզերում կանաց մասնակցությունը լուրջ խնդիր» թեմայով:  Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Խաչիկյանին այլևս վտանգ չի սպառնում:

Իմ կողքին դատարկ շարքի մեջտեղում մի ծերունի էր ննջում  լիքը ցելոֆանե տոպրակը ոտքերի տակ դրված: Դատելով արտաքինից, նա գնալու տեղ չունեցող այն մարդկանցից էր, որոնք ցրտից պատսպարվելու համար գտնում են նման անվճար մուտքով միջոցառումներ, մի փոքր տաքանալու համար:

Սա իհարկե  «Օսկարատիպ» միջոցառման ամենալավ բնորոշողն է:

Չգիտեմ ինչն է պատճառը, սակայն մեզ մոտ շոուներ կազմակերպել մի տեսակ չի ստացվում: Նայում ես արտերկրացի հյուրերի ներողամիտ, հովանավորող քմծիծաղով դեմքերին  ու մտածում. ինչու նրանք պետք է մեզ, մեր երկիրը ընկալեն այս չափանիշներով. ցրտից կուչ եկած ու տխուր մարդիկ` շալերի մեջ փաթաթված կանայք, որոնք նույն հագուստով գնում են աշխատանքի կամ խանութ, նույն հագուստով բեմ բարձրանում: Տղամարդիկ, որոնք նման տեսքով կանաց կողքին չեն կարող ինքնագոհ լինել: Իսկ մրցանակները, որոնք տրվում են լրագրողներին, շոշափում են երկրի համար ցավոտ թեմաներ, որտեղ միևնույն է ոչինչ չի փոխվում :

 

Գագիկ Խաչատրյանը նոր տեղակալ ունի Փետ 10, 2012 | 07:25

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Գալոյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

Տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք որ, այդ պաշտոնը զբաղեցնող Արմեն Ալավերդյանն օրերս նշանակվեց ՊԵԿ-ի նախագահի 1-ին տեղակալ:

Ռոբերտ Գալոյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, քաղաք Երեւանում: 1981 թ.-ին ավարտել է Երեւանի թիվ 10 միջնակարգ դպրոցը: 1985 թ.-ին ավարտել է Երեւանի  ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկա եւ կազմակերպում ֆակուլտետը:

1985-1991 թթ.-ին աշխատել է Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես տնտեսագետ: 1991-2012 թթ.-ին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում, նախ որպես տեսուչ, այնուհետեւ 1997 թ.-ից եղել է Հարկային պետական տեսչության պետի աշխատակազմի ղեկավար, Սպանդարյանի հարկային տեսչության պետ, օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ: 2009 թ.-ին նշանակվել է օպերատիվ հետախուզության վարչության պետ: 2012 թ.-ի փետրվարի 10-ին նշանակվել է  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

Հարկային ծառայության գնդապետ է: Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

Հրանուշը և Հռոմի պապը Փետ 10, 2012 | 06:45

Փետրվարի 7-12-ն աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին Վատիկանում ընդունել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը:

Սփյուռքի նախարարությունը այդ առթիվ հաղորդագրություն է տարածել.

Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան) ուղեկցությամբ Հրանուշ Հակոբյանն այցելել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան, որտեղ հանդիպել է Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների, «Ռադիովատիկանի» հայերեն հաղորդումների անձնակազմի, ինչպես նաև հոգևորականների ու վարժարանի սաների հետ:

Ողջունելով ներկաներին` նախարար Հակոբյանն անդրադարձել է այցի օրակարգին` նշելով փետրվարի 10-11-ը Տրիեստում կազմակերպվելիք հայկական օրերի, թուրք, արաբ, ֆրանսիացի, հայ, իտալացի գիտնականների մասնակցությամբ փետրվարի 11-ին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսի, ինչպես նաև Տրիեստի գործարարների և Հայաստանից ժամանած գործարարների մասնակցությամբ կայանալիք հանդիպման մասին:

 

 

Զվարթնոցը վերսկսել է չվերթները Փետ 10, 2012 | 06:41

Այսօր ժամը 15:45-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքները վերականգնվել են և այժմ չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի, այս մասին  հայտնում են Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունից,  չբացառելով, որ   եղանակային պայմանների վատթարացման դեպքում, օդակայանի աշխատանքները նորից դադարեցվեն:

Արդեն տեղեկացրել ենք, որ   առատ ձյան հետևանքով այսօր առավոտյան 10.00-ից դադարեցված էին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքը:

Քաղավիացիայից հայտնում են որ  ուղևորները դժգոհության հետ կապված,  կարող են զանգահարել «Արմավիա» ընկերություն, քանի որ հետաձգված չվերթներից միայն 13–ը սպասարկել է Հայաստանի ազգային փոխադրողը:

«Արմավիա» ընկերությունից էլ հայտնում են, որ ընկերությունը հետաձգված չվերթների ուղևորների փոխհատուցումը իրականացրել է համաձայն Միջագային տրանսպորատային ասոցիայի կողմից սահմանված բոլոր չափորոշիչների` երեք ժամ հետաձգման դեպքում տրամադրվում են բուտերբրոդներ և կապի միջոցներ, իսկ երեք ժամ անց նաև՝ հյուրանոց:

Ադրբեջանը 63 միլիոն կծախսի «Եվրատեսիլ 2012»-ի համար Փետ 10, 2012 | 06:29

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը գրում է՝ Ադրբեջանն այս տարվա մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» միջազգային երաժշտական մրցույթի անցկացմանը հատկացնելու է 50 միլիոն մանաթ (63.3 միլիոն դոլար): Դա հաստատել է Նախարարների խորհուրդը: Այդ գումարը հատկացվելու է 2012 թվականի պետբյուջեից:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմությունը զանգվածային ակցիաներ է իրականացնելու «Եվրատեսիլ 2012»-ի նախաշեմին՝ համարելով, որ այդ ժամանակ Ադրբեջանը կգտնվի Եվրոպայի ուշադրության կենտրոնում:

«Կյանքի խոսքը» խորհրդարանո՞ւմ Փետ 10, 2012 | 06:04

Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը հայտարարել է, որ ԱԺ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների առիթով կրոնական կազմակերպությունները սկսել են ակտիվանալ, և չի բացառվում, որ ԱԺ-ում շուտով կտեսնենք «Կյանքի խոսք»- ի ներկայացուցիչներից ոմանց։

Փորձագետը նշել է նաև, որ բազում կրոնական կազմակերպությունների, այդ թվում՝ «Կյանքի Խոսքի» հովիվներ, իրենց անդամների ձայները վաճառում են կուսակցություններին։  Մեր ունեցած տեղեկություններով նրանքնպատակ ունեն  ԱԺ մտնել   «Ժառանգություն» կուսակցության ցուցակով: «Կյանքի խոսք»կազմակերպության ու նրա անդամի` Անժելա Սարգսյանի   մասին`  տեսանյութում:

“Պուտին” ակումբները, մասոնները և այլ անհայտ անձինք Փետ 10, 2012 | 04:19

Հայտնի բան է՝ Հայաստանում շատերը համարում են, որ երկրի անվտանգությանը սպառնում են այդպես կոչված “գրանտակերները”։ Հստակ ասել, թե ով է այդ վտանգավոր գրանտակերը այդքան էլ հեշտ չե, բայց մոտավորապես նկարագրենք:

Գրանտակերը, օրինակ, իրավապաշտպան է, հաճախ՝ բնապահպան, որին ֆինանսավորում են զանազան մութ ուժեր երկիրը քանդելու համար։ Բայց կարեւորը այն է, որ մութ ուժերը արեւմտյան են։ ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Վաշինգտոնը եւ այլ նմանատիպ դավադիր կառույցներ։ Եվ այս ամենը շատ մեծ, դրամատիկական, բարդ դավադրության մի մաս է կազմում։

Հիմա չանդրադառնանք նրան, թե որքանով է այս ամենը իրականության հետ կապված։ Կարեւորը այն է, որ հասարակության մի ստվար զանգված այս դավադրության թեմայով ապրում է։ Այսինքն, մեր հասարակության մի մասը ենթադրում է, որ Արեւմուտքում շատ լուրջ աշխատում են Հայաստանում (կամ Հայաստանի դեմ), որ օգտագործվում են բազմաթիվ մեթոդներ, ներառյալ` ազդեցության գործակալների ցանցեր ստեղծելը, դրանց այլ պատրվակներով ֆինանսավորելը, հասարակության մեջ տրամադրությունները փոխելը եւ բազմաթիվ այլ բարդ մեթոդներ։

Երկար գլուխ չցավեցնեմ։ Ասածս այն է, որ շատերը պատկերացնում են, որ Արեւմուտքը Հայաստանում, իր շահերից ելնելով, կիրառում է շատ բարդ սցենարներ, որոնց մի մասն են կազմում երկրում գործող կազմակերպությունները եւ անհատները (կրկնեմ` կարեւոր չի, թե ոնց ա իրականում, դա ուրիշ նյութի հարց է)։

Հիմա եկեք տեսանկյունը փոխենք, անդրադառնանք արեւմուտքից դեպի հյուսիս։ Այո, դուք ճիշտ եք. հիմա խոսենք Անդրանիկ Նիկողոսյանի եւ “Պուտին” ակումբների մասին։ Սա այն դեպքն ա, որ անթաքույց է ամեն ինչ արվում։ Ի՞նչ դավադրություն, ի՞նչ ազատ, անկախ քարտաշների միություն։ Ռուսաստանի դեսպանատունը բացահայտ հովանավորում է մի մարդու, որը զբաղված է Հայաստանում ակնհայտ բաներով։ Ամեն ինչ թափանցիկ եւ անթաքույց (Չեմ ասում, թե ինչ անգրագետ եւ սահմռկեցուցիչ են Ա. Նիկողոսյանի կողմից կառավարվող լրատվամիջոցները, որոնք աներեւակայելի ռուսերենով գովաբանում են վերոհիշյալ անձի անցուդարձը, նիստուկացը եւ այլ շարժումները):

Եվ այստեղ հարցեր են ծագում.

●     Մեզ ինչի՞ տեղ են դնում Ռուսաստանի դեսպանությունը եւ Կրեմլում նստած Նիկողոսյանի հովանավորը։ Արեւմտյան մութ ուժերը գոնե փորձում են ամեն ինչ խճճել, ֆռռացնել, ուշադրությունը շեղել։ Մեզ գոնե լուրջ մարդու տեղ են դնում։ Իսկ ի՞նչ երկար ականջներով արարածի տեղ են դնում մեզ հյուսիսում։

●     Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանի դեսպանատունը այս քայլով։ Սույն հարցը տրվում է այն համատեքստում, որ ՀՀ հասարակությունը ոչ միայն տեղյակ չի դեսպանատան այլ տիպի մշակութային գործունեությունների մասին, այլ նաեւ այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնության դեսպանի անունը եւ դեմքը կկարողանա հիշել սույն հոդվածը կարդացողների 0,01%-ը։

Եվ վերջին հարցը, որ երեւի թե կկրկնի առաջին հարցը՝ ինչքան ժամանակ են մեզ էշի տեղ դնելու։

Սամվել Մարտիրոսյան

ejournal.am

Հայաստանում նոր ցնցումներ են գրանցվել Փետ 10, 2012 | 03:50

Այսօր, ժամը 08.13-ին ՀՀ տարածքում` Ապարան քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Գլխավոր դատախազի խնամին պատգամավո՞ր Փետ 10, 2012 | 03:27

Գարեգին Նուշիկյանը կառաջադրվի Երևանի Կենտրոն համայնքի ընտրատարածքներից մեկում

Մամուլում լուրեր են շրջանառվում որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Երևանի կենտրոն համայնքի ընտրատարածքներից մեկում իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել «Նուշիկյան ասոցիացիա»-ի նախագահ Գարեգին Նուշիկյանը:

Նուշիկյանը Հայաստանի այն եզակի գործարարներից է որոնց շուրջ աղմուկ գրեթե չկա, իսկ եղածն էլ արագ դադարում է: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի նախագահության անդամը նաև տնտեսագիտության թեկնածու է:  

Նուշիկյանի դուստրը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի երեք զավակներից մեկի կինն է:

Ավազակային հարձակումը բացահայտվել է Փետ 10, 2012 | 03:02
Փետրվարի 9-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 19 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Աշոտ Վերմիշյանին, 1984 թ. ծնված Ռուբիկ Աբգարյանին, 1982 թ. ծնված Արամ Մնացականյանին և 1987 թ. ծնված Հրանտ Հովհաննիսյանին:
Նրանք խոստովանել են, որ 2011 թ. մայիսին մուտքի դուռը լինգով կոտրելով՝ մուտք են գործել Մ. Խորենացու փողոցի տներից մեկը և դանակի ու լինգի սպառնալիքով 80-ամյա տանտիրոջից հափշտակել են գումար:
Կատարվում է քննություն:
Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...