Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ   Մրտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Daily Archives: Փետրվար 9, 2012
Ocean-ի Ճակատային մերկությունը Փետ 09, 2012 | 07:58

Հայրն աղջկան անվանեց Սվետլանա, բայց բնավ՝ ոչ այդ անվան մեջ եղած լույսը տեսնելու համար, այլ, որովհետև անհաջող սիրո անունն էր: Կինը գիտեր այդ մասին, ու երեխային տարօրինակ էր վերաբերվում: Սիրում էր, իհարկե, բայց ամեն անգամ «Սվետա» կանչելով ամուսնու սիրած ռուս աղջկան էր հիշում, ու հոգին տակնուվրա էր լինում: Փոքրիկ աղջիկն այդ մասին չգիտեր, ու կարծում էր, որ մայրն իրեն չի սիրում… Նա օտարված է եղել մորից, ու գրեթե չի կիսվել նրա հետ, երբ յոթ տարեկանում սիրահարվել է, ու ինչ- որ անհանգստություն է զգացել, ու չի հասկացել իր հետ ինչ է կատարվում, վախեցել է պատմել այդ մասին մորը: Բայց մայր ու աղջիկ սիրում էին իրար, սիրում էին քնել իրար փաթաթված…

Մինչև, օրերից մի օր, երբ նոր էր սկսվել պատերազմը, 19 տարի առաջ հենց այս օրը Սվետայի մաման Մեղրուց գնաց Երևան ու էլ հետ չվերադարձավ… Նրան, ընկերուհուն ու ընկերուհու ամուսնուն, ով Կամազի ղեկին էր, ադրբեջանցի ավազակախումբը գերի վերցրեց Երևան-Մեղրի ճանապարհից:

Սվետան մորն այլևս չտեսավ:

Քույրերը՝ փոքրը վեց տարեկան, Սվետան՝ ութ, տեղափոխվեցին ապրելու տատիկի մոտ:

- Ես ընկել էի ազատության գիրկը, քանի որ տատս ու պապս աշխատում էին, ժամանակ չունեին մեզանով զբաղվելու, ու էդ ազատությունն ինձ տալիս էր հնարավորություն իմ ներսի ցավը մեղմելու, մտքերը ցրելու ու պատնեշ դնելու իմ ու անցյալի միջև: Խաղերն ինձ օգնում էին ցրվելու, բայց երբեմն հարցեր էին առաջանում, ու երբ ինձ նեղացնում էին, էդ ժամանակ ես զգում էի, թե որքան մենակ եմ, սկսում էի մտածել կյանքիս մասին, իմ մեջ վերլուծել:

Ու էդ տարիքում նա մերժեց Աստծուն։ Աղջնակը նեղացել էր Աստծուց ու պարփակվել իր մեջ: Հույսը դրել էր միայն իր վրա, իսկ երբեմն – երբեմն նույնիսկ ինքնասպանության փորձերի էր դիմում: Բայց ինչքան էլ դժվար լիներ էդ ժամանակահատվածը, նա միևնույն է՝ միշտ սիրել է կյանքը, ու միշտ մտածել, որ մարդը հենց էնպես չի ծնվում`յուրաքանչյուրը ծնվել է ինչ-որ նպատակի համար:

«Ես իմ դառը փորձից հասկացել եմ, որ էդ ամեն ինչը իզուր չէր, որ դրանք փորձություններ են, ու պետք է հաղթահարվեն, որ ամեն ինչ իրականում չարի ու բարու կռիվն է: Որոշել եմ գտնել իմ առաքելությունն այս կյանքում: Ու քանի որ դա հեռավոր երազի նման է եղել, որոշել եմ համբերատար սպասել, հարմարվել պայմաններին», -պատմում է Սվետան:

Հենց պատանեկության տարիներին էլ առաջին անգամ լուրջ զգացմունք է ծագել աղջկա նկատմամբ: Ու նա հասկացել է, որ փոքր ժամանակ էն տարօրինակ զգացումը, որ իրեն անհանգստացրել է, սիրահարվածություն է եղել, մի տարբերությամբ, որ ոչ թե տղաների է սիրահարվում ինքը, այլ՝ աղջիկների:

«Ես ապրում էի գավառում ու միշտ էլ մտածել եմ, որ իմ նման մարդիկ հիվանդ են: Ես ինձ հիվանդ էի զգում, ուրիշ, օտարացած թե օտարացված հասարակությունից, միևնույնն է: Ինձ թվում էր, ես երբեք չեմ կարող ընդունվել հասարակության կողմից. Եթե մնամ էնպիսին, ոնց կամ, ոնց ստեղծել ա ինձ Աստված, թե բնությունը, որ չեմ կարող բացահայտ սիրել, քանի որ ուզում եմ սիրել աղջկա, երջանիկ լինել, ի վերջո՝ ընտանիք ունենալ: Չէի հավատում»,- պատմում է աղջիկը:

20 տարեկանում Սվետլանան տեղափոխվեց Երևան, քույրն ընդունվել էր համալսարան: Կամաց-կամաց Երևանում սկսեց հարմարվել, ինտերնետի միջոցով գտավ իր նմաններին, ու անլիարժեքության բարդույթը ժամանակի ընթացքում վերացավ: Այդ նույն ինտերնետից էլ նրա ընտրած Ocean մականունը տեղափոխվեց իրական կյանք: Գուցե ճի՞շտ են ասում, որ անունը, դրա ընտրությունը, մեծ դեր է խաղում կյանքում: Ocean անունը այլ շունչ բերեց աղջկան, նրա համար մի նոր կյանք բացվեց, նոր հնարավորություններ, հայտնվեցին նոր մարդիկ… Այդ մարդկանցից շատերն արվեստագետներ էին: Ինքն իրեն զգաց ինչպես ձուկը ջրում, ոգևորվեց, ու քանի որ արվեստը նրան միշտ ձգել է, միշտ մի բան արարելու պահանջ է ունեցել, սկսեց ակտիվորեն ինքնաարտահայտվել: Հիմնականում լուսանկարչության միջոցով:

Բավականին արագ, մի քանի ամսվա ընթացքում Ocean-ին նկատեցին, հիմնականում ինտերնետից, Ֆեյսբուքից, ու սկսեցին հրավիրել ցուցահանդեսների: 2010թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին նա մասնակցել է չորս տարբեր ցուցահանդեսների: «Հայկական ռապսոդիա» նախագծի շրջանակներում ցուցադրվել է Բելգիայում։ Վերջերս էլ «Հոգմապար» շարքով մասնակցեց Նկարիչների միությունում հյուրընկալված «Մարմին. Նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսին:

Ցուցահանդեսը ներկայացնում են հինգ համադրողներ, ովքեր նաև արվեստագետներ են՝ Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արևիկ Արևշատյանը, Արման Գրիգորյանը և Դավիթ Կարեյանը:

Ցուցահանդեսը կազմված է 4 նախագծերից ու ընդգրկում է բավականին լայն ժամանակային դիապազոն` Սուրենյանցից մինչև Սվետլանա Անտոնյան(Ocean):

Նախագծերն ու նրանց մոտեցումները, հեղինակների ու գործերի ընտրության սկզբունքները տարբեր էին, բայց ինձ համար կոնկրետ, նրանք միավորված էին մի՝ «ՄԱՐՄԻՆԸ `ՈՐՊԵՍ» գաղափարով:

Արևիկ Արևշատյանն իր ֆեմինիստական – տրանսֆորմացիոն(իմ ընկալմամբ) «Մարմինը որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ» նախագծով փորձել է հետևել կանանց ինքնաարտահայտման տրանսֆորմացիաներին:

Դավիթ Կարեյանը «Մարմնի ճշմարտությունը» մարմնականի ու հոգևորի հավասարության կոնցեպտով ցանկացել է ընդգծել, որ մարմինը նույնպես ունի կարիքներ, և նրանք պակաս կաևոր չեն:

«Կերպարային տեսություն» նախագծում (համադրողներ՝ Ա. Սարգսյան, Ս. Համալբաշյան) ներկայացվել են անցյալի վարպետները՝ Իսաբեկյան, Հակոբյան… Հակոբ Հակոբյանը հատուկ այս ցուցահանդեսի համար է գործերն արել: Ինձ համար մի քիչ տարօրինակ էր այդ երկուսին կողք- կողքի վիզուալ ընկալելը, կամ գուցե մտահղացումն էր այդպիսին: Արման Գրիգորյանը «Ճակատային մերկություն» նախագծի հեղինակներին մերկության սկզբունքով է ընտրել: Այդ էր պատճառը, որ նա նկատեց Ocean-ին, որի մասին ասում է. «Եթե չեմ սխալվում, երևի հինգ տարի առաջ ավստրիացի կուրատոր Հեդվիգ Սաքսենհյուբերի հետ,զրուցում էինք հայկական ժամանակակից արվեստի մեջ պրոֆեսիոնալ լուսանկարիչների ներգրավվածության մասին: Հեդվիգը դեռ 1999 թվականից հետաքրքրվում էր հայ լուսանկարիչների աշխատանքներով, շատերի գործերի հետ էր ծանոթացել ու դժգոհ էր մնացել, ուզում էր, որ իրեն նոր մարդկանց հետ ծանոթացնեմ, ես էլ ասում էի, որ Հայաստանի պրոֆեսիոնալ լուսանկարիչներով առանձնապես հետաքրքրված չեմ, որ ինձ ավելի հետաքրքրում են Ժամանակակից արվեստագետները`պոպ-արտիստները, կոնցեպտուալիստները և այլն, հետո հարցրի, թե ի՞նչը չի բավարարում նրան մեր լուսանկարիչների մոտ, պատասխանը շատ տպավորիչ էր, նա ասաց. «Գիտես, Ձեր բոլոր լուսանկարիչները կարծես ամսագրերի համար են նկարում, բայց նույնիսկ «գլամուրն» է շատ վատ ստացվում…

Հեդվիգի հետ զրույցից հետո սկսեցի ավելի ուշադիր լինել «գլամուրիստ» լուսանկարիչների հանդեպ, ինչպիսին է, օրինակ,Րաֆֆի Դավթյանը, մի խոսքով՝ առանձնապես հետաքրքիր ոչ մի բան չէր հաջողվում գտնել: Բայց մի օր Facebook-ում տեսա Ocean-ի լուսանկարները ու շատ տպավորվեցի, հիշում եմ՝ նայեցի Սվետլաննայի «ֆրենդների» մեջ, տեսա Տիգրան Խաչատրյանին, հետաքրքրվեցի, թե ինչ գիտի Ocean-ի մասին: Հիշում եմ, որ Տիգրանին համոզված ասում էի, որ երևի Ocean-ը Մոսկվայում կամ Պետերբուրգում է ապրել ու սովորել: Տիգրանն էլ էր հավանել լուսանկարները, բայց տեղեկություններ չուներ իրանից: Պատմում էր, որ հանդիպել է միայն մեծ ընկերական միջավայրերում ու ոչ մի բան չգիտի իր մասին և ընդամենը մի բան կարող է ասել, որ շատ համեստ մարդ է, լուռ, ինքնամփոփ, նստում, ոչինչ չի խոսում:

Ինձ հատկապես դուր էին եկել Ocean-ի ինքնադիմանկարները ու մեջքից նկարված քնած կինը: Այդ ընթացքում արդեն սկսել էինք աշխատանքները «Մարմին. Նոր Պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսի վրա ու ես որոշել էի անպայման ցուցադրել «Քնած կնոջ դիմանկարը», «Հոգմապար»-ը դեռ չէի տեսել, դրանք էլ որ տեսա Facebook-ում ավելի հավանեցի:

Երբ իմացա, որ Ocean-ը ոչ ապրել, ոչ էլ սովորել է Մոսկվայում կամ Պետերբուրգում, ու որ ընդամենը Ֆոտոապարատ է ճարել ու ինքն իր համար սկսել է ֆոտոներ անել ու, որ հերոսը հենց ինքն է, լրիվ հիացա. կարծես հանդիպած լինեի մաքուր արվեստի ֆենոմենի: Արվեստ, որը մաքուր ինքնաճանաչողություն է ու հաղորդակցություն, ոչ մի ավելորդություն, սրբագրում կամ գնահատված լինելու ակնկալիք: Ocean-ի արվեստը լավագույն վկայությունն է նրա, որ արվեստը դեռ ի վիճակի է լինել դիմադրող մարդկանց արտահայտչամիջոցը, որով նրանք պաշտպանում են իրենց և ուրիշների «ապրող կյանք»-ը»:

Ocean-ը գտավ իր առաքելությունն այս կյանքում: Չնայած դեռ աշխատանք չունի, բարդ է գտնելը, քանի որ աշխատատուները նրան տարօրինակ են համարում: Այնուամենայնիվ, նա իրեն պիտանի մարդ է զգում ու հասարակության լիիրավ անդամ: Ընկերներն օգնում են նրան: Բոլորը գիտեն նրա կողմնորոշման մասին, բայց արվեստի դաշտում դա էական չէ: – Լավ կլիներ, որ ամեն տեղ այդպես լիներ՝ առաջին հերթին մարդն ու նրա արած գործը:

Լուսինե Վայաչյան

Հ.Գ. Ի դեպ այս հրապարակումը, ի թիվս Լուսինե Վայաչյանի այլ հոդվածների  ներկայացված է վաղը` փետրվարի 10-ին կայանալիք ՆԱ/ՆԵ մրցանակաբաշխությանը:

Արմեն Ալավերդյանը դարձել է թիվ 1-ը Փետ 09, 2012 | 06:37

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

Ձերբակալվել է «Գորիս» ՔԿՀ-ի բաժնի պետը Փետ 09, 2012 | 06:34

Այսօր կաշառք պահանջելու և ստանալու համար ձերբակալվել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկի հաշվառման բաժնի պետ, արդարադատության մայոր Մարեկ Հարությունյանը:

Այսօր՝ փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության աշխատակիցները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, քաղաքացի Հայաստան Սահակյանից 4000 ԱՄՆ դոլար պահանջելու և ստանալու պահին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն են բերման ենթարկել  «Գորիս» ՔԿՀ –ի պետի տեղակալ, արդարադատության մայոր, Գորիսի բնակիչ, 34-ամյա Մարեկ Հարությունյանին:

Բանտի պետի տեղակալը Սահակյանից այդ գումարը պահանջել և ստացել է այն բանի համար, որպեսզի «Գորիս»ՔԿՀ-ում իր պատիժը կրող նրա ամուսնուն, ձևակերպի որպես հիվանդ, հետագայում   «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու նպատակով։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 311 հոդվածի (կաշառք ստանալը) հատկանիշներով։ Մ. Հարությունյանը ձերբակալվել է։ Ստեղծված նյութերը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ուղարկվել են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։

Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Հ.Գ. Մեր ունեցած տեղեկությամբ Հարությունյանն իրավապահների թիրախ է դարձել իր ընտանիքի հետ կապված և  քաղաքական դրդապատճառներով:

 

Նախագահը ընդունել է Նիկոլայ Պատրուշևին Փետ 09, 2012 | 05:28

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Ուրախ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկորեն են զարգանում: Մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ապրանքաշրջանառության մշտապես աճող ծավալները, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությունն ամրապնդում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի այցը ևս կնպաստի երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Նիկոլայ Պատրուշևը Հայաստան կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումներն ու բանակցությունները համարել է օգտակար և արդյունավետ:

«Հանդիպման ժամանակ մենք խոսել ենք մեր ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության մասին, ինչպես նաև հումանիտար ոլորտում, բնական աղետների հետևանքների վերացման ուղղությամբ փոխգործակցության և մի շարք այլ հարցերի մասին:

Պարո՛ն Նախագահ, Ձեր հաճախակի շփումները Ռուսաստանի ղեկավարության՝ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, մշտապես դրական ազդակներ են հաղորդում և օժանդակում հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը՝ նպաստելով նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Կարծում եմ, որ մեր խորհրդատվությունները, որոնք նույնպես պարբերական բնույթ են կրում, նպաստում են մեր պետությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը»,-ասել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Օլիգարխ +երեք թիկնապահ. Օրինագիծը ընդունվեց Փետ 09, 2012 | 04:31

Հայաստանի խորհրդարանն, այսօր` փետրվարի 9-ին կայացած նիստում, երրորդ ընթերցմամբ ընդունել է «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրինագիծը: Օրինագծին կողմ են քվեարկել 69 պատգամավորներ, դեմ` ոչ մեկը: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախաձեռնած օրինագծին կողմ են քվեարկել խորհրդարանական բոլոր ուժերը` նաեւ ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը»:

«Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի նախագիծը հեղինակել էին Գալուստ Սահակյանն ու Հովհաննես Սահակյանը:

Օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2013թ. հունվարի 1-ից, սահմանում է, որ թիկնապահների թիվը պետք է սահմանափակվի 3-ով, իսկ ուղեկցող մեքենաների թիվը` մեկով:

Քննարկման արդյունքում նախագծին միացել էին նաեւ դաշնակցական պատգամավորները:

Ի դեպ, մտավախություն կար, որ հատկապես օլիգարխ պատգամավորները դեմ կքվեարկեն օրինագծին, քանի որ հենց նրանք են օգտվում թիկնապահների ծառայություններից եւ սիրում են շրջել մեծ թիկնազորով, սակայն, ինչպես տեսնում եք, դեմ արտահայտվողներ չեն եղել:

Մենք համընդանուր խնդիր ենք առաջ տարել Փետ 09, 2012 | 03:37

Nouvelles d’Armenie պարբերականը հարցազրույց է ունեցել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի հետ:

Nouvelles d’Armenie: Ինչը՞ ձեզ ամենաշատը զարմացրեց այս ամենից:

Վալերի Բուայե: Մենք այստեղ ենք մի համընդհանուր խնդիր առաջ տանելու համար: Ավելի քան 10 տարի է,մենք խոսում ենք այս թեմայով և ես անակնկալի եկա, երբ այս հարցը բողոքարկվեց Սահնանադրական խորհրդում: Օրինակ, իմ կարծիքով օտարերկրացիների ընտրության իրավունքը շատ ավելի վրդովեցուցիչ հարց է քան այս մեկը: Այսինքն մենք քաղաքացիների տարբեր դասակարգումներ ունե՞նք: Այստեղ խոսքը վերաբերում է պետության ազգային արժեքների հաստատմանը: Ազատության, եղբայրության և հավասարության համար ենք մենք քվեարկել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին: Ես չեմ հասկանում, փաստորեն մենք հավասարության սկզբունքի շղարշի տակ արգելափակվել ենք ցեղասպանության զոհերի նկատմամբ անհավասար վերաբերմունքով: Հույս ունեմ, որ չնայած ամեն ինչի, Սահմանադրական խորհուրդը կհաստատի մեր այս մոտեցումը:

Nouvelles d’Armenie: Ձեր կարծիքով ի՞նչ տեղի կունենար, եթե օրենքը չընդունվեր:

Վալերի Բուայե: Այդ դեպքում մենք նորից կսկսեինք:

Nouvelles d’Armenie: Արդյո՞ք օրենքի ընդունումից հետո կարողացել եք խոսել Նիկոլա Սարկոզիի հետ:

Վալերի Բուայե: Անձամբ ոչ, բայց ես կարծում եմ, որ այսօր գլխավոր քարտուղարությունը սպասում է Սահամնադրական խորհրդի որոշմանը: Կարծում եմ խորհրդի դատավորներն այնպիսի մարդիկ են, ովքեր ճիշտ տեսանկյունից կմոտենան հարցին, այլ ոչ թե հիշատակի հարգանքի կեղծ բանավեճի տեսանկյունից, ինչը տեղի ունեցավ Ազգային ժողովում: Այսօր առավոտյան ես նույնիսկ մասնակցել եմ ալժիրցիների սպանդի հիշատակը հարգելու մասին օրինագծի քվեարկությանը և անակնկալի եկա, երբ տեսա իմ այն գործընկերներին, ովքեր բողոքարկել էին ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Մեզ մնում է հետևել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց մտավախություն ունեմ, որ Սահմանադրական խորհրդի վրա մեծ ճնշում կգործադրվի:

Nouvelles d’Armenie: Ի՞նչ կասեք այն հարցի շուրջ, որ միայն 2001 և 2012 թթ-ի օրենքները ուժը կորցրած ճանաչվեն:

Վալերի Բուայե: Այդ դեպքում անհավասարություն կլինի և մենք կդիմենք Եվրոպական արդարադատության դատարան:

«Բանգլադեշցի» Համոյի խափանման միջոցը փոխվել է Փետ 09, 2012 | 03:09

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ փոփոխվել է Աշոտ Ավետիսյանի խափանման միջոց կալանքը, կիրառվել է քաղաքից չհեռանալու ստորագրությունը:

Պատճառը` գործով տուժածի դատաբժշկական փորձաքննության հիման վրա Ավետիսյանին առաջադրված` քր.օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով) մեղադրանքի վերաորակումն է նույն հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) եւ 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նշված հոդվածներով Ավետիսյանին սպառնում էր մինչեւ 7 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին, ոստիկանության ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Երեւանի Արծրունիի փողոցից Արաբկիրի բաժին բերման էին ենթարկել 48-ամյա Աշոտ Ավետիսյանին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ին, 1981 թ. ծնված Գարիկ Նազարյանը Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է առջեւում կայանված «ԲՄՎ X-6» մակնիշի 08 ՕՍ 888 համարանիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է «Բանգլադեշցի Համոն»: Նա իջնելով մեքենայից` սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գարիկ Նազարյանին, ծեծի ենթարկել նրան ու պատճառել է վնասվածքներ:

Մամուլում շրջանառվող տեղեկությունները թե «Բանգլադեշցի Համոն» Գագիկ Ծառուկյանի մտերիմն է, ԲՀԿ-ն հերքեց, սակայն դրա անհերքելի ապացույցները ևս հայտնվեցին մամուլում:

 

 

Ի վերջո սիրում ենք, թե չենք սիրում Փետ 09, 2012 | 02:56

«Եթե իշխանությունները գնան պարզ, թափանցիկ ընտրությունների, կկորցնեն իրենց քաղաքական մեծամասնությունը և իշխանություն»-։ Այս մասին այսօր՝  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով՝  եթե իշխանությունները նորից փորձեն կեղծել ընտրությունները, ապա հասարակությունը կընդվզի։

Հովհաննիսյանը չի հավատում թափանցիկ ընտրությունների անցկացմանը, քանի որ, ըստ նրա, իշխանությունը դա անելու ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունի.«Մայիսի խորհրդարանական ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի ապագայի համար։ Ի վերջո, պետք է Հայաստանում գոնե մեկ անգամ քիչ թե շատ թափանցիկ ընտրություն լինի։  Պարզ է, որ այսպես հնարավոր չէ շարունակել, մինչեւ անգամ իշխանություններն են սկսել ընկալել, որ այսպես շարունակել չի լինի»,- ասաց նա։

Ասուլիսին ներկա էր նաև ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավորց Հակոբ Հակոբյանը: Նա համոզված է, որ ճիշտ է մենք ընտրական համակարգի, ընտրության կազմակերպման թերություններ ունենք, բայց մյուս կողմից իշխանությունը ժողովուրդն է, եւ ժողովուրդն է կարողանում իր քվեների միջոցով ձեւավորել իշխանություն։ «Իշխանությունները չունեն երկընտրանքի խնդիր, նրանք արդեն ընտրել են եւ ընտրությունները պետք է լինեն արդար ու թափանցիկ։

Հովհաննիսյանի ռեպլիկին թե` «Չի կարող ասել, որ ընտրություններին Հանրապետականը ձայն չունի, բայց այդ կուսակցությունը վաղուց կորցրել է քաղաքական մեծամասնություն դառնալու հնարավորությունը։ Դուք չեք կարող հավերժ լինել իշխանության։ Ժողովուրդը ձեզ չի սիրում», Հակոբ Հակոբյանը հակադարձեց, թե ժողովուրդը իրենց սիրում է:

«Պարոն Հակոբյան, շատ սիրուն եք, գիտեմ, բայց չի կարող որեւէ քաղաքական կուսակցություն հավերժ մնա իշխանության: Հետո էլ ձեր տղաներին եք բերում»,-  ասաց ՀԱԿ անդամը:

 

«Հայկական Վարկածը» Նա/նե -ում Փետ 09, 2012 | 02:42

Վաղը `փետրվարի 10-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա «Նա/Նե» մրցանակաբաշխության արարողությունը:

«Նա/Նե» մեկնարկել է 2008 թվականից: Չորրորդ ամենամյա մրցույթին կներկայացվի 136 հեղինակի ավելի քան 240 աշխատանք 24-ն այս տարի արժանացել են մրցանակների ավանդական և հատուկ անվանակարգերում:Այս տարի ավանդական վեց` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց եւ բլոգի հոդված, ֆոտո ռեպորտաժ, սոցիալական եւ առեւտրային գովազդ անվանակարգերին զուգահեռ սահմանվել է ևս յոթ հատուկ մրցանակ: Հաղթողները կարժանան «Նա/Նե» արծաթե արձանիկի եւ դրամական պարգեւի:

Առաջին անգամ մրցույթին ներկայացված պատմություններն առցանց ընթերցելու, քվեարկելու եւ իրենց մրցանակակրին ընտրելու հնարավորություն ունեն նաեւ հանրության ներկայացուցիչները: Հենց այդ նպատակով ստեղծվել էր «Նա/Նե» բլոգը, ուր տեղադրվում էին բոլոր նյութերը:

Անգամ մրցանակաբաշխության ընթացքում այցելելով «Նա/Նե» բլոգ` կարող են քվեարկել  նախընտրած նյութի օգտին` սեղմելով Facebook-ի Like նշանը: Մրցանակաբաշխության ավարտին հայտնի կդառնա «Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակի հաղթողը:

«Հայկական Վարկածը» ևս  մասնակցում է մրցույթին, ներկայացնելով Լուսինե Վայաչյանի նյութերը «Առցանաց կամ բլոգային հոդված» եւ «Գենդերային նույնականացման եւ ինքնարտահայտման թեմայով լավագույն նյութ»  անվանակարգերում, ինչպես նաեւ ֆոտոթղթաից Սվետլանա Անտոնյանի  ֆոտոռեպորտաժը:

Տեղեկացնենք, որ Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակում հատուկ մրցանակ կշնորհի մոր եւ մանկան առողջության հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին, իսկ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը սահմանել է երկու մրցանակ «Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը» թեմայով: Ուսանողական աշխատանքներն ուսումնասիրել են  Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչները` լավագույնին արժանացնելով հատուկ մրցանակի: Իսկ Eritasard.am երիտասարդական առցանց պարբերականը լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին կտրամադրի մեկամսյա պրակտիկայի հնարավորություն Eritasard.am պարբերականում: «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ն հատուկ մրցանակ կշնորհի գենդերային նույնականացման եւ ինքնարտահայտման թեմայով լավագույն նյութի հեղինակին: ՀՀ աշխատանքի եւ սոցիական հարցերի նախարարությունը շնորհակալագիր կհանձնի այն լրատվամիջոցին, որը տարվա ընթացքում լավագույնս է լուսաբանել գենդերային հարցերը:

«Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:

 

 

 

 

 

 

 

ՊՆ նախարարը մոռացե՞լ է իր խոստումը Փետ 09, 2012 | 01:47

Մինչ կանայք ելք են որոնում բանակի ներսում առկա լարվածությունը թուլացնելու, անգամ առաջարկում իրենց ծառայությունը բանակին, պետական բարձրագույն կրթական մարմինը`այս դեպքում Մանկավարժական համալսարանը, որը կրթական ծրագիր է իրականացնում պատրաստելով ռազմական հոգեբաններ,  իր շրջանվարտներին չի կարողանում հիմնավոր պատասխան տալ, թե ինչի համար է հոգեբանության ֆակուլտետի նշված բաժինը, ինչ նպատակի է ծառայում, եթե շրջանավարտները իրենց մասնագիտությամբ աշխատանք փնտրելիս հանդիպում են զարմանքախառն մերժման:

Նախ ասենք, որ Մանկավարժական համալսարանի Ռազմական հոգեբանություն կոչվող բաժնի առաջին  շրջանավարտները մեծ մասամբ աղջիկներ, դիմել են մեզ խնդելով բարձրացնել իրենց հուզող խնդիրը.«Երբ մենք ընդունվեցինք առաջին կուրս մեզ հետ հանդիպեց ՊՆ նախարար Սերյան Օհանյանը և մեզ հանդիսավոր խոստում տվեց հավատացնելով թե` մենք շատ ճիշտ ընտրություն ենք կատարել, որ մեր գործն արդեն ապահովված է: Ի թիվս շնորհավորանքների նա ասաց, որ շատ կարևոր մասնագիտություն ենք ընտրել և բանակը մեր կարիքը շատ ունի: Մենք ոգևորվեցինք: Իսկ երբ ավարտեցինք, ու քանի որ աշխատանքի համակարգված առաջարկ չեղավ, որոշեցինք ինքներս դիմել զորամասեր: Աղջիկներից մեկի հայրը պատմում է, մի քանի զորամաս է դիմել.« Այ ախպեր ջան նման բան չկա, ինչի՞ մասին է խոսքը.մենք ոչ նման հաստիք ունենք, ոչ էլ հրագանգ: Ավարտել են լավ են արել հիմա ով չի ավարտում», – պատասխանել են զորամասերում:

Ամենահետաքրքիրն այն է, որ նախարար Օհանյանն այդ ամբողջ ժամանակ  չի էլ հետաքրքրվել ու հավանաբար մոռացել է իր տված հանդիսավոր խոսքը.Մինչդեռ բանակում հոգեբանի, հատկապես, կին հոգեբանի կարիք իսկապես կա:

 

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...