Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ   Մրտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Daily Archives: Փետրվար 8, 2012
Հայկական կողմը կպատասխանի միայն դիպուկ կրակոցներին Փետ 08, 2012 | 06:43

Հայկական զինված ուժերը 10 դեպքից միայն մեկում են պատասխան կրակ բացում հրադադարի ռեժիմի խախտումների ժամանակ: Այդ մասին, այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ընդ որում, հայկական կողմի կրակոցների մի մասն են դիպուկ կրակոցներ: Իմ կողմից տրված է հստակ ցուցում, որ պատասխանեն միայն այն կրակոցներին, որոնք դիպուկ կրակոցներ են, եւ դիպուկահարների կրակոցների արդյունքում մենք ունենում են կորուստներ կամ վիրավորներ»,- նշել է Սեյրան Օհանյանը եւ հավելել. «Մենք ամեն ինչ անում ենք, որ առաջին գծում ապահովենք անվտանգությունը»: Ըստ նախարարի, հայկական դիտակետերի հնարավորությունները բարձր են եւ պատրաստ թշնամու ձեռնարկած ցանկացած գործողություների հակահարված հասցնել:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից անընդհատ սպառազինություններ գնելու փաստին, Օհանյանը նշել է, թե Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի պահանջները եւ «գերտերությունները պետք է համապատասխան արձագանք տան»:

Ես նրանց համար գեյշա եմ Փետ 08, 2012 | 06:32

Էրիկը (Էռնա), նույնիսկ չգիտեմ, որը փակագծերի մեջ վերցնեմ, շատ համակրելի 19-ամյա երիտասարդ է, սովորում է ինստիտուտում, խոստացա չնշեմ կոնկրետ որ, բայց ասեմ, որ արվեստի բնագավառից է: Ընկերները նրան կոչում են Էռնա, սա նրա «տրանս» անունն է, ընտանիքում ու հասարակության ավելի քիչ հանդուրժողական շրջաններում գիտեն որպես Էրիկ: Նուրբ, պատանեկան, ես կասեի` աղջկական դիմագծեր ունի: Նրան նայելով ամաչում ես, որ կին ես, այնքան կանացի է: Նա տրանսվիստիտ է՝ տղամարդու մարմնով ու կանացի էությամբ: Շատ կիրթ, բանիմաց ու համակրելի երիտասարդ է: Խնդրեցի պատմել իր պատմությունը՝ չմերժեց:

- Սովորական բարեկեցիկ ընտանիքից եմ, մեծացել եմ` ինչպես բոլոր երեխաները: Շատ փոքր տարիքից տղաներ են դուրս եկել: Ես չէի հասկանում, ի՞նչն է պատճառը, որ ես տարբեր եմ բոլորից, լացում էի, անընդհատ էդ միտքը ինձ տանջում էր: Ցանկացած շրջապատում երեխաները զգում էին, որ ես ուրիշ եմ, իրենց նման չեմ: Ժամանակի ընթացքում սկսեցին ինձ ընկալել ոչ որպես տղա, այլ ավելի շատ որպես աղջիկ: Այդ փուլն ինձ համար ամենաերկար ու տանջալի փուլն էր, երբ ո’չ ես էի ինձնից գլուխ հանում, ո’չ տնեցիք, ո’չ շրջապատս: Երբ 12-13 տարեկան էի, ու արդեն գիտակցում էի, թե ես ինչով եմ «ուրիշ», փորձում էի արհեստականորեն ջնջել տարբերությունը՝ շարժուձևերովս, խոսակցականովս, հագուկապովս միշտ ձգտել եմ նմանվել մեծամասնությանը: Ամենաբարդը երեկոն էր, երբ առօրյա պատանեկան, դպրոցական կյանքից տանը փակվելով` փորձում էի վերլուծել ապրածս օրը: Պառկում էի, հիշում իմ հասցեին արված բոլոր արտահայտությունները: Օրինակ` շատ նեղվում էի, երբ ասում էին՝ «աղջկա գեղեցկություն ունես, լրիվ աղջիկ ես»: Ոչ ստացվում էր ուրախանալ, քանի որ ինքս ինձ դեռ չէի հասկանում, չգիտեի ո՞վ եմ ես, ոչ էլ տխրել, որովհետև զգում էի, որ ասվածը դուրս գալիս է: Մինչև 15 տարեկան միշտ մտածել եմ, թե ես միայնակ եմ աշխարհում, կամ հիվանդ, ու փնտրում էի ինձ նմաններին: 15 տարեկանում սիրահարվեցի իմ ամենամոտ ընկերուհու սիրած տղային, լսում էի նրա պատմությունները նրանց սիրո մասին, ու սիրահարվում… Զգում էի, որ էդ տղան ինձ ձգում է: Տարօրինակ էր, բայց աղջիկը ոչինչ չէր կասկածում ու դա ինձ ձեռնտու էր: Մտածում էի, որ եթե ես չեմ կարող նրա հետ լինել, ապա գոնե թող ինձ հարազատ ու մոտ մեկը լինի, գոնե տեղյակ կլինեմ նրանից: Համարյա միաժամանակ ես հայտնաբերեցի, որ միայնակ չեմ, էլի կան ինձ նման մարդիկ: Ու ինձ մոտ սկսվեց մի նոր փուլ: Ես հասկացա, որ դպրոցում, բակում չեմ կարող շփվել հասակակիցներիս հետ, , որովհետև մեր աշխարհները տարբեր են: Ինստիտուտի նախապատրաստական կուրսում գտա մի տղայի, ով ամեն ինչով նման էր ինձ ու ես էլ միայնակ չէի, կար մեկը, որն ինձ հասկանում էր: Նա իմ սիրած տղան չէր, այլ իմ այդքան սպասված ընկերը: Ու այդ օրվանից կյանքս փոխվեց…

- Դու քեզ համարում ես գե՞յ, թե՞ տրանսվիստիտ:

- Էդ ժամանակ ես չգիտեի ով եմ ես, միայն գիտեի, որ ինձ տղամարդիկ են դուր գալիս։ Հետո հասկացա, որ ես գեյ եմ, որը չի կարող սիրել գեյի, այլ միայն հետերոսեքսուալ` տարասեռական տղամարդու, ու հետևաբար տրանստվիստիտ եմ, չնայած էդ բառն դեռ ինձ անգամ ծանոթ չէր: Երբ ընդունվեցի ինստիտուտ, հայտնաբերեցի ինձ նման ևս մեկին, որի մուտքն իմ կյանք նման էր ռումբի պայթյունի: Արդեն քաղաքում երեքով միասին կողմնորոշվում էինք, երկուսով որոշեցինք միասին ապրել, ոչ որպես սիրեկաններ, որպես ընկերներ: Մենք տրանսվիսվտիտներ ենք, չենք կարող սիրեկաններ լինել: Ապրում էինք մեր երկու ընկերուհիների հետ: Երբ ապրում էինք նրանց հետ, զգացինք, որ մեզ դուր է գալիս հագնել աղջիկների շորերը, քսվել նրանց նման, նրանց բարձրակրունկներով շրջել տան մեջ: Մի օր էլ որոշեցինք այդ տեսքով դուրս գալ փողոց: Սպասեցինք մի լավ մթնի, մարդկանց անցուդարձը քչանա, ու… դուրս եկանք: Մեզ մոտեցավ մի ոստիկան, կարծելով, թե աղջիկներ ենք ուշ ժամի մնացել ենք փողոցում, օգնություն էր առաջարկում, հետո հակացավ, որ տղա ենք: Հարցրեց՝ բա ինչի՞ եք կանացի հագուստով, ասեցինք, որ գռազ ենք կրվել: Նա մեզ բաց թողեց:

- Քո շրջապատում, ընտանիքում, ինստիտուտում գիտե՞ն քո մասին: Դու բացահայտվե՞լ ես, այսպես ասած «coming out»-ի ո՞ր փուլում ես: («coming out»- կրճատ՝ անգլերեն «coming out of the closet»՝ դուրս գալ թաքստոցից, բացահայտում, ինքնաբացահայտում):

- Ոչ վերջին: Ընկերներս բոլորը գիտեն, ինստիտուտում էլ շատերը գիտեն: Ընտանիքս կասկածում է, ավելի շուտ գիտի, բայց չիմանալու է տալիս հույսեր փայփայելով, որ մի օր կամուսնանամ աղջկա հետ:

- Հասարակության, սոցիումի հետ ի՞նչ պրոբլեմներ ունես, չե՞ն նեղում, վիրավորում, թարս նայում:

- Ավելի շատ պրոբլեմներ ունեմ որպես գեյ, քան որպես տրանսվիստիտ: Երկորդ դեպքում չեն հասկանում, որ աղջիկ չեմ, որ ջոկում էլ են, արդեն հեռու եմ լինում:

- Իսկ քաղաքում լինո՞ւմ են դեպքեր, երբ «քյարթուները» նեղեն քեզ ու քո ընկերներին:

- «Քյարթուները», երբ նրանք խմբովի են, ահավոր հոմոֆոբ են, բայց երբ մենակ են ու տեսնող չկա, բոլորն էլ ուզում են մեզ: Հիմա ավելի շատ «գեղցիներն» են նեղում, նրանք մեզնից ընդհանրապես անտեղյակ են, միանգամից շոկի մեջ են ընկնում ու դառնում ագրեսիվ: Սեփական ագրեսիայի պատճառով էլ հետո տուժում են: Վրեջերս, ոչ էնքան վաղուց ես, ընկերս ու երկու աղջիկ քայլում էինք: Ռեպլիկ գցեցին՝ «Արա, չի ջոգվում սրանցից տղեն որն ա, աղջիկը որը»: Ու մինչ մտածում էին, թե մեզնից որն է տղա, որը աղջիկ, մենք զգացինք, որ նրանցից մեկը մեզ շատ մոտեցավ: Անհիմն ագրեսիան ալկոհոլի հետ կոկտեյլում նպաստեց նրան, որ կռիվ եղավ, ընկերոջս շրթունքը ճղեցին: Հիմա նրանք պրոբլեմներ ունեն օրենքի հետ, մենք դիմել ենք ոստիկանությւոն ու գործ է հարուցվել:

- Իսկ օրենքի մարդի՞կ: Նրանք ո՞նց են ձեզ վերաբերվում:

- Իսկ օրենքի մարդիկ առայժմ գործում են օրենքի սահմաններում, այլ կերպ հնարավոր էլ չէր: Շատ վկաներ կային: Ու ընդհանրապես, մեր քաղաքի ոստիկանները, ի տարբերություն հասարակությամ մեծ մասի, հոմոֆոբ չեն:

- Տրանսվիստիտները՝ «տրանսերը» հայտնի են որպես առևտրային սեքս-աշխատողներ: Ո՞նց ես նայում դու դրան, ի՞նչ կասես «տրասս» կանգնողների մասին: Ինչպես հասկանում եմ, դու դրանից չես: Ինքդ երբևիցե զբաղվե՞լ ես մարմնավաճառությամբ:

- Ինձ դուր են գալիս, ու դա փոխադարձ է, սոցիալապես ապահով 25-40 տարեկան տղամարդիկ: Նրանք ապրում են սովորական կյանքով, ունեն ընտանիք՝ կին, երեխաներ, բիզնես, որոնք այնքան կանայք են փոխել, որ հոգնել են, ու ես իրենց համար նոր, թարմ զգացողությունների աղբյուր եմ: Ես դա չեմ համարում մարմնավաճառություն, քանի որ ես չեմ վաճառվում, նրանք էլ ինձ չեն գնում, չեն վճարում մարմնական հաճույք ստանալու համար: Մենք ուղղակի միասին հաճելի ժամանակ ենք անցկացնում՝ շփվելով, զրուցելով: Նրանց համար ես գեյշա եմ, էկզոտիկ գեյշա, ես նրանց ոչ միայն մարմնական, այլ առաջին հերթին հոգևոր թեթևություն եմ պատճառում: Իսկ «Տրասս» կանգնողների աշխարհը ծայրահեղական, տեռորիզմի նման մի բան է ինձ համար՝ վտանգավոր ու հաճախ ոչ հաճելի անակնկալներով լի: Բայց ես նրանց չեմ քննադատում, քանի որ ամեն մարդ իր կյանքի, իր մարմնի տերն է, ու իրավունք ունի տնօրինել ինչպես ուզում է:

 

ՀԱԿ-ը դեմ է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծին Փետ 08, 2012 | 05:41

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն  Ազգային Ժողովում ներկայացրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծ: Օրինագծի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսը ունի իր ուրույն կարծիքը.

«Կեղծված նախագահական ընտրություններով, ռազմական հեղաշրջմամբ իշխանության եկած վարչախումբը որդեգրել է օրենսդրական մի քաղաքականություն, որի հիմնական նպատակն է հետին թվով սրբագրել նախընտրական ու հետմարտյան շրջանում վարչախմբի գործած ծանրագույն հանցանքներն ու կամայականությունները, ՀՀ Սահմանադրության ու օրենքների բացահայտ խախտումներն ու ոտնահարումները: Ցանկալի նպատակին վարչախումբը փորձում է հասնել երկու ճանապարհով.

ա) Վերացվում, ուժը կորցրած են ճանաչվում խախտված ու ոտնահարված օրենսդրական նորմերն ու դրույթները, որով, իրենց կարծիքով, վերանում են իրավախախտումն ու հանցանքը:

բ) Պաշտոնեական դիրքի չարաշահման, իշխանազանցության հատկանիշներ պարունակող կատարված գործողությունները նոր օրենքներում ամրագրվում են որպես դրանք կատարած պաշտոնատար անձանց օրինական լիազորություններ:

Հաճախ էլ այս երկու մեթոդները միաժամանակ զուգակցվում են նույն օրենսդրական ակտը փոփոխելիս ու լրացնելիս: Այս տրամաբանությամբ են լրամշակվել ու «բարեփոխվել» «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքները, «ՀՀ ընտրական օրենսգիրքը», «ՀՀ քրեական օրենսգրքի» 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխությունները եւ մի շարք այլ օրենսդրական ակտեր, որոնցից մի քանիսի իրավական վերլուծությանն ու գնահատականին մենք ժամանակին հանգամանալի անդրադարձել ենք:

Եթե ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելը, նույնիսկ նոր օրենքներ ընդունելը վարչախմբի համար դժվար չէ, խնդիրը բոլորովին այլ է խախտված ու անտեսված սահմանադրական ինստիտուտների ու նորմերի դեպքում: Սահմանադրական փոփոխությունների իրականացումը բարդ, ծախսատար, ժամանակ պահանջող ու նաեւ դժվար իրականանալի խնդիր է: Ուստի այս դեպքում վարչախմբի իրավական խորհրդատուները ստիպված են դիմել իրավական ու տեխնիկական առավել նուրբ աճպարարությունների, որոնց իրական բովանդակության բացահայտումը երբեմն տեսական-իրավական գիտելիքներ ու պրակտիկ փորձառություն է պահանջում:

ՀՀ Ազգային Ժողովի մեծ օրակարգում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը: Այդպիսի օրենք ունենալու անհրաժեշտությունը թելադրված է 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 3-րդ մասը պարտադրում է. «Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով»: Սահմանադրության «Եզրափակիչ ու անցումային դրույթներ» գլխի 117-րդ հոդվածի 6-րդ կետը պահպանում է արտակարգ դրության հայտարարման նախկին (1995թ.-ի խմբագրությամբ) ռեժիմը, մինչեւ վերջինիս սահմանումը օրենքով: Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին կետն էլ իր հերթին ԱԺ-ի համար երկու տարի ժամկետ է սահմանել ՀՀ օրենսդրությունը սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու համար: Հիշեցնենք, որ այդ ժամկետը լրացել է 2007թ.-ի նոյեմբերի 27-ին:

Ուստի, մինչ այդ ժամկետի ավարտը ԱԺ-ն պարտավոր էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենք ընդունել: Եթե ԱԺ-ն այդ հարցում թերանում ու հապաղում էր, Սահմանադրության 49-րդ հոդ. 2-րդ մասի ուժով այդ թերության շտկմանը պետք է ձեռնամուխ լիներ Քոչարյանը, քանի որ «Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: Փաստորեն ոչ ԱԺ-ն է հատկացված ժամկետում նման օրենք ընդունել իր նախաձեռնությամբ, ոչ էլ այն ժամանակ գործող նախագահն է դա նախաձեռնել, եւ քանի որ նախագահի հրամանագրերը չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին (Սահմանադրության 56-րդ հոդ.), ուստի 2008թ. Մարտի 1-ին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Քոչարյանի հրամանագիրը նաեւ զուտ իրավական, ֆորմալ առումով (բովանդակայինին՝ կանդրադառնանք ստորեւ) հակասում է գործող Սահմանադրության 55-րդ հոդ. 14-րդ կետի 3-րդ մասին, 117-րդ հոդ.-ի 1-ին կետին, 56-րդ հոդ.-ին, հետեւաբար’ հակասահմանադրական է իր ընդունման պահից, քանի որ Քոչարյանն իր հրամանագրով Արտակարգ դրության իրավական ռեժիմ է սահմանել, մինչդեռ, ինչպես ասվեց, Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 3-րդ մասով այդ իրավական ռեժիմը պետք է սահմանվեր օրենքով: Իսկ հրամանագրի ստորագրման պահին նման օրենք չկար:

Արտակարգ դրության օրենքի անհրաժեշտության մասին իշխանությունները հիշեցին, երբ փաստահավաք խումբը մարտի 1-2-ի իրադարձություններում բանակի ներգրավման վերաբերյալ զեկույցում սահմանադրական ու օրենսդրական մանրակրկիտ վերլուծության արդյունքում «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Քոչարյանի հրամանագիրը գնահատեց որպես հակասահմանադրական: Զրկված լինելով այդ հրամանագիրը Սահմանադրական դատարանում վիճարկելու իրեն հասու որեւէ լծակից, Կոնգրեսը այդ միջնորդությամբ երկու անգամ դիմեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Վերջինս էլ անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվեց հրամանագիրը վիճարկելու իր սահմանադրական լիազորության գործադրումից, մտավախություն ունենալով, որ նույնիսկ վարչախմբին հլու հնազանդ Սահմանադրական դատարանը անհաղթահարելի դժվարություններ կունենա հրամանագիրը սահմանադրական ճանաչելու հարցում: Դրանով, սակայն, մարտի 1-2-ի իրադարձություններում բանակի հակասահմանադրական ներգրավման խնդրի արծարծումը ոչ միայն չնվազեց ու չդադարեց, այլեւ դարձավ հասարակական-քաղաքական քննարկումներում ամենից հաճախ բարձրացվող հարցերից մեկը: Բացի այդ, արտակարգ դրության ապահովման նպատակով զինված ուժերի կիրառումը վարչախմբի ռազմական հեղաշրջում իրականացնելու մեղադրանքի հիմնավորվածության գլխավոր ու անառարկելի ապացույցն է:

Ահա թե ինչու, ներկայացված մեղադրանքները հերքելու այլ ելք չգտնելով, վարչախումբը փորձում է օրենքի ընդունման միջոցով «օրինականացնել» «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008թ. մարտի 1-ի հրամանագրով ՀՀ ԶՈՒ-ի ներգրավման անլուծելի դարձած թնջուկը: Ձեռքի հետ էլ նպատակադրվել է օրինականության շղարշով պատել հակասահմանադրական հրամանագրով իրականացրած այլ ապօրինություններ եւս:

Այժմ անդրադառնանք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետեւ՝ նախագիծ) ՀՀ Սահմանադրության հետ ունեցած մի քանի առանցքային հակասություններին, օրենսդրական թերություններին ու բացերին.

ա) Նախագծի 1-ին հոդվածից (որը վերնագրված է «Արտակարգ դրությունը եւ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացող հանգամանքները») այդպես էլ պարզ չէ, թե ինչ բնույթի ու ծագման հանգամանքներ, վտանգներ են, որ կարող են հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու համար: Սա ուղղակի կրկնում է Սահմանադրության 55-րդ հոդ.-ի 14-րդ կետի 1-ին մասի ընդհանուր ձեւակերպումը: Մինչդեռ հենց այս օրենքն է, որ պետք է բացեր ու մանրամասներ այն վտանգների ու իրադարձությունների շարքը (տարերային ու բնական աղետներ, զինված հանցավոր խմբերի անվերահսկելի գործունեություն, հասարակական լայն շրջանակների մասսայական անկարգություններ եւ այլն), որոնք ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ են ներկայացնում, ուստի եւ արտակարգ դրություն հայտարարելու հիմք են: Օրենսդրական նորմի ձեւակերպման այս անորոշությունը վարչախմբին հնարավորություն կտա սույնը մեկնաբանել կամայականորեն եւ իր համար քաղաքական յուրաքանչյուր աննպաստ իրավիճակում երկրում արտակարգ դրություն հայտարարել, ինչպես դա արվեց 2008թ.-ի մարտի 1-ին, երբ ընդդիմությունը խաղաղ ու օրինական բողոքի ակցիաներ էր իրականացնում, եւ սահմանադրական կարգին սպառնացող որեւէ վտանգ իրականության մեջ գոյություն չուներ:

բ) Բացի այդ, նախագծում արտակարգ դրության հիմքերի հատուկ նախատեսումն ու թվարկումը հիմնավոր ու պատճառաբանված կդարձնեին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» նախագահի հրամանագիրը. նախագծի 4-րդ հոդվածը, սահմանելով հրամանագրի բովանդակային ռեկվիզիտները, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերն ու անհրաժեշտությունը նախատեսում է որպես պարտադիր բաղկացուցիչներ:

գ) Պակաս կարեւոր չէ, որ իրավաբանորեն ու օրենսդրորեն հիմնավոր ու պատճառաբանված հրամանագրի առկայությունը կդյուրացնի ԱԺ-ի կողմնորոշման խնդիրը՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» նախագահի հրամանագրի սահմանադրականության հարցում եւ տարակարծություններ չի հարուցի:

դ) Սահմանադրության տեսանկյունից առավել խնդրահարույց է «Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները եւ ուժերը» նախատեսող 9-րդ հոդվածը, որի 1-ին մասը սահմանում է, որ այդ նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, պաշտպանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները: Ավելին, նախագծի 9-րդ հոդ.-ի 3-րդ մասը նախատեսում է, որ նույն հոդվածի 2-րդ մասում թվարկված խնդիրների (բացառությամբ’ զանգվածային միջոցառումների կանխում եւ արգելում) լուծման նպատակով կարող են ներգրավել նաեւ ՀՀ զինված ուժերը: Նախ’ տերմինաբանական մեկ ճշգրտում, հստակեցում. նախագծում օգտագործված «պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերն ու միջոցները» եզրը բովանդակային առումով նույն «բանակն է»: Պաշտպանության նախարարությունը, բացի բանակից, որեւէ այլ ուժի եւ միջոցի չի տիրապետում: ՀՀ զինված ուժերն էլ մեծ մասամբ բանակն է’ գումարած ԱԱԾ-ի սահմանապահ զորքերը եւ ՀՀ ոստիկանության ներքին զորքերը:

Այժմ դիտարկենք, թե ՀՀ Սահմանադրությունը ի՞նչ խնդիրներ է դնում ՀՀ զինված ուժերի առաջ եւ ո՞ր դեպքերում եւ ի՞նչ պայմաններում է թույլատրում օգտագործել զինված ուժերը:

Սահմանադրության 8.2-րդ հոդվածը հռչակում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Հաջորդ նորմը՝ 55-րդ հոդվածի 13-րդ կետն է, որի 1-ին մասը սահմանում է. «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարվում է ռազմական դրություն, եւ կարող է հայտարարվել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, եւ որոշում է ընդունվում զինված ուժերի օգտագործման մասին»:

ՀՀ զինված ուժերի օգտագործմանը վերաբերող որեւէ այլ նորմ ու դրույթ մեր Սահմանադրությունը չի պարունակում: Ընդ որում, ՀՀ ԶՈՒ խնդիրները սահմանող 8.2-րդ հոդ.-ը ավելացվել է 2005-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ, մինչ այդ’ այս նորմը ամբողջովին բացակայել է մեր Սահմանադրությունից:

Վերը վկայակոչված սահմանադրական նորմերի բովանդակային վերլուծությունից հետեւում է.

ա) ՀՀ ԶՈՒ խնդիրը միայն ՀՀ պաշտպանությունն է արտաքին ոտնձգությունից,

բ) ՀՀ ԶՈՒ օգտագործման համար Սահմանադրությունը նախատեսում է երեք դեպք՝ Հանրապետության վրա զինված հարձակում, դրա անմիջական վտանգի առկայություն կամ հայտարարված պատերազմ եւ մեկ պայման՝ ռազմական դրության հայտարարում:

Քանի որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով» եւ ՀՀ նախագահի’ սահմանադրության 55-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները սպառիչ են (ինչպես եւ սահմանադրական բոլոր մարմիններինը) եւ օրենքներով ՀՀ նախագահին սահմանադրությամբ տրված լիազորություններից զատ’ լիազորություն տալ հնարավոր չէ, ուստի ակնհայտ է, որ ՀՀ նախագահը ԶՈՒ օգտագործման իրավունք ունի միայն Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված դեպքերում ու պայմանով:

Հետեւաբար, նախագծի բոլոր այն հոդվածներն ու դրույթները, որոնք նախատեսում են ԶՈՒ օգտագործում արտակարգ դրության ժամանակ’ բացահայտ հակասահմանադրական են: Նախագծի հեղինակներն էլ, գիտակցելով այս հանգամանքը, փորձել են իրենց խելքով սահմանադրական արգելքը շրջանցելու միջոց գտնել եւ նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասում հավելագրել են. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններին, կարգին ու սահմաններին համապատասխան»:

Հարգելիներս, նախագծով ինչ էլ որ մոգոնեք, ինչ տեսքով էլ այս օրենքն ընդունեք, զրկված եք արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը ՀՀ ԶՈՒ ներգրավման իրավունքից, դա ՀՀ Սահմանադրության կոպիտ ու ճչացող խախտում է: Զրկված եք նաեւ 2008թ. մարտի 1-ին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի հակասահմանադրականությունը սույն օրենքի նախագծով քողարկելու, ծածկելու հնարավորությունից:

Ինչ խոսք, տարերային ու բնական աղետների՝ երկրաշարժի, ջրհեղեղի, երաշտի եւ այլ դեպքերում անհրաժեշտ է եւ կարող են օգտագործվել ԶՈՒ ավտոտեխնիկան, օդուժի միջոցները, ինչպես նաեւ զինծառայողների ֆիզիկական ուժը’ ժողովրդի տեղահանման, բեռների փոխադրման նպատակով, ինչպես նաեւ ծանր տեխնիկան’ որպես քարշակող ուժ: Բայց որպես ռազմական, զինական ուժ ու միավոր, ՀՀ Սահմանադրության համաձայն, կարող է օգտագործվել բացառապես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում, այն էլ’ ռազմական դրություն հայտարարելու պայմանով:

Նախագիծը ՀՀ նախագահին Սահմանադրությամբ չնախատեսված այլ լիազորություններով եւս օժտում է.

1. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, ի թիվս այլ պաշտոնատարների, նախատեսում է նաեւ ընտրովի պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց իրավասության ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում: Այս դրույթը հեշտությամբ կարող է տարածվել ԱԺ պատգամավորների վրա, ինչի հետեւանքով, արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում, հնարավոր է սահմանադրական ճգնաժամի առաջացում, քանի որ իրավունքի ուժով պետք է գումարվի ԱԺ արտահերթ նիստ:

2. Նույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը հրամանագրով նախատեսում է կուսակցությունների գործունեության կասեցում, որը չի կարող նախատեսվել ոչ օրենքով, ոչ էլ նախագահի հրամանագրով, քանի որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն’ նման լիազորությամբ օժտված է միայն Սահմանադրական դատարանը:

3. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ նախագահին իրավունք է վերապահում կասեցնել արտակարգ դրության ժամանակ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը: ՀՀ նախագահը Սահմանադրության 55-րդ հոդվածով նման լիազորությամբ օժտված չէ:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի նախագիծը լեցուն է բազմաթիվ այլ սխալներով, բացթողումներով ու հակասություններով, սակայն վկայակոչվածն էլ բավարար է եզրակացնելու, որ այս նախագիծը սահմանադրական լուրջ փորձաքննության ու իրավական լրամշակման կարիք ունի»:

Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնաժողով

80 վթարային շենք Երևանում Փետ 08, 2012 | 05:28

« Մայրաքաղաքում 80 վթարային բազմաբնակարան շենք կա և որ այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ են տարվելու։ Շենքերի սեյսմիկ անվտանգության ապահովման աշխատանքները սկսվելու են Երևանի բազմաբնակարան շենքերից», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

Ըստ նախարարի` Քաղաքաշինության ոլորտի 2012 թվականի գերակա ուղղությունները լինելու են. 1.Համաշխարհային խմբի «Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային  սանդղակում առնվազն հինգ քայլով Հայաստանի դիրքի բարձրացումը, 2. աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովումը 3. շենքերի անվտանգությանը, սեյսմակայունությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Իսկ կոնկրետ աղետի գոտում իրականացվող շինարարության ծրագրը  մեկնարկել է 2008 թվականին, և նախարարի համոզմամբ  ավարտին կհասցվի 2013 թվականին:

Այսուհետ` էթիկայով կանոներո՞վ Փետ 08, 2012 | 02:33

Այսօր  առաջին ընթերցմամբ` 84 կողմ 4 ձեռնպահ ձայնով ընդունվեցին «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրինագծերը:

Օրենքը հեղինակել են ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը,«Օրինաց Երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Վարդան Բոստանջյանը: 

Ազգային ժողովում քննարկումները շարունակվում են:

 

Իսկ Կոտայքի ու Սյունիքի գրողները ասելիք չունե՞ն Փետ 08, 2012 | 01:50

Ֆեյսբուքում լայն քննարկում է ծավալվել Առավոտի խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականի և դրան` ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի գրողների պատասխանի շուրջ.

Մոտ 340 տարի առաջ Մոլյերը գրել էր իր «Քաղքենին ազնվական» կատակերգությունը: Զավեշտալի իրավիճակների հիմքն այն էր, որ 17-րդ դարում, շուկայական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, ի հայտ եկան բազմաթիվ հարուստ մարդիկ, որոնք ունեցվածքով չէին զիջում, իսկ երբեմն նաեւ գերազանցում էին ազնվականներին, բայց իրենց մտավոր եւ մշակութային որակներով ոչ մի կերպ չէին համապատասխանում բարձր խավի չափանիշներին: Թվում է, թե այդ նորահայտ մեծահարուստները կարող են ապրել նաեւ առանց նման հավակնությունների: Բայց նրանք, ովքեր այդպես են մտածում, լավ չգիտեն մարդկային էությունը: Մարդը սովորաբար չի կարող սահմանափակվել իր ունեցած պալատներով եւ ոսկիներով, նա ցանկանում է ձեռք բերել, փողով գնել նաեւ «պատիվ-հարգանքը», որպեսզի նրան համարեն ոչ միայն հարուստ եւ բարեգործ, այլեւ կրթված, արդարամիտ եւ նույնիսկ իմաստասեր: Կամ, ինչպես կասեր աշխարհի հայերի առաջնորդ Արա Աբրահամյանը՝ «ֆիլոս»: Թվում է, թե ինչ է եղել՝ նստիր քո Մոսկվայում, վայելիր քո միլիոնները, եթե մտքովդ անցնում է՝ բարեգործություն արա, բայց ոչ՝ այդ գործարարն ուզում է նաեւ «ֆիլոս» լինել, տիեզերքի խնդիրների մասին գրքեր է գրում: Եթե մեկը հարցնի, թե ինչ է գրված այդ գրքերում, նա դժվար թե որեւէ լեզվով կարողանա դրանց բովանդակությունը վերաշարադրել: Իրեն պարզապես պետք է, որ գրքի վրա գրվի նրա անունը՝ դա շոյում է մեծահարուստի ինքնասիրությունը:

Պատգամավոր դառնալը եւ ընդհանրապես «քաղաքականությամբ» զբաղվելը մեր օլիգարխների համար նույնպես այդ երանգն ունի: Իհարկե, այստեղ կա նաեւ պրագմատիկ բաղադրիչը՝ պատգամավորական մանդատը նպաստում է նրանց բիզնեսի ստվերայնությանը: Բայց կա նաեւ «պատիվ-հարգանքի» պահանջը՝ պատգամավոր լինելը նրանց համար ինչ-որ «էլիտար» բան է, «գոլդ» համարի կամ Հյուսիսային պողոտայի անիմաստ բնակարանի նման:

Մեր պաշտոնյաները, բնականաբար, նույն մեծահարուստներն են՝ պաշտոնը, ինչպես հայտնի է, հարստության աղբյուր է: Եվ որքան նրանց վարկը եւ իմիջը անհամատեղելի են մտավորականի մասին պատկերացումների հետ, այնքան շատ են նրանք ձգտում ներկայանալ որպես մտավորական: Մի քանի տարի առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին դարձրել են ինչ-որ ակադեմիայի ակադեմիկոս: Հիմա էլ նա իր պատրաստակամությունն է հայտնում գնել Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տունը՝ հավանաբար, քաղաքապետի աշխատավարձի իր «հետ քցած» փողերով: Եթե Վարդանիկն է այդ տունը գնելու, ապա, կներեք՝ այդ տունն անձամբ ինձ պետք չէ:

Վերջերս էլ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է խորանալ գիտության մեջ: Ըստ երեւույթին, նա չի պատկերացնում հայ պատմագիտության հետագա զարգացումը առանց իր հզոր մտքի եւ բազմակողմանի գիտելիքների: Զուգահեռաբար փորձում է նաեւ փոքր-ինչ «սպիտակեցնել» իր իմիջը:

…Կոտայքի մարզպետ Կովալը, որքան գիտեմ, գիտական ոչ մի աստիճան չունի: Որպես այդ մարզի բնակիչ՝ ես պատրաստ եմ միանգամայն անշահախնդիր ձեւով օգնել նրան, որ նա թեկնածուական թեզ պաշտպանի երաժշտագիտությունից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
ՓԵՏՐՎԱՐ 3 aravot.am 


ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի գրողների նամակը «Առավոտ»-ին

ՓԵՏՐՎԱՐ 7 aravot.am 

«Առավոտի» փետրվարի 3-ի «Նորահայտ ֆիլոսներ» խմբագրականը սկզբում զայրույթ, ապա՝ հիասթափություն առաջացրեց: Հիասթափություն, որ իրեն խմբագիր ու մտավորական համարող մեկը արդեն խառնում է բանականության չափանիշները և ամբարտավան ոճով իրականությունը պատկերում իր հիվանդ երևակայությամբ: Եթե մութն ու լույսը հազիվ տարբերող մեկը Հովհաննես Թումանյանի տունը գնելու և որպես մշակութային հաստատություն հայությանը վերադարձնելու՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կատարած քայլի համար չուրախանար, երևի ներելի լիներ: Բայց երբ այդ փաստի շուրջ ակնհայտ ու լկտի չարախնդում է իրեն ազգասեր, մշակութագետ ու էլ չգիտես ինչ ձևացնող Արամ Աբրահամյանը, առնվազն տարօրինակ է:

Վարդան Ղուկասյանը նոր չէ, որ մշակույթ է զարգացնում ու մշակույթ պահում:

Ամենայն հայոց բանաստեղծի տունը գնելն ու այդ գանձը պահպանելը չէ, որ պետք է հավաստեն քաղաքապետի մշակութասեր մտավորական լինելը: Նա հազարավոր անգամներ, հազարավոր գործերով է ապացուցել իր հավատամքն ու ճշմարիտ հայ լինելը: Չնայած այս պահը հաշվետվությունների համար չէ, սակայն անհնար է չշեշտել, որ Գյումրու հետաղետյան մշակույթի վերաստեղծման ողջ գործընթացը բացառապես կապված է մեր քաղաքապետի գործունեության հետ: Մշակութային օջախների ստեղծման, միջոցառումների անցկացման և ոչ մի ոլորտ չկա, որին դիպած չլինի քաղաքապետի ձեռքը: Այդ նրա օրոք և նրա ջանքերով են վերաբացվել կամ ստեղծվել Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի հուշատուն թանգարանները, Ասլամազյան քույրերի պատկերասրահը:

Վարդան Ղուկասյանի ներդրումը մեծ է ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի (Ձիթողցյանների տան), Իսահակյանի տուն թանգարանի վերաբացման գործում: Մշակույթ հասկանալու և մշակույթի հարգն իմանալու արտահայտությունն են «Գյումրի» պատմահանրագիտարանային գրքի, «Շիրազ-Նամե» պոեմի տպագրությունը, տասնյակ այլ հրատարակություններ, որոնց ստեղծման ակունքներում քաղաքապետն է:

Գյումրին նրա ջանքերով ու ներդրումներով հարստացել ու շարունակում է հարստանալ մեր պատմական դեմքերի, գիտության, մշակույթի անվանի գործիչների արձաններով:

Վարդան Ղուկասյանը քաղաքի գրողների միության խնդիրների լուծման գործում ևս մեծ դեր ունի՝ որպես աջակից ու հովանավոր:

Իսկ ո՞վ եք Դուք, որ Ձեզ դրել եք անաչառ դատավորի տեղ ու ճգնում եք ապացուցել անապացուցելին:

Հայոց դժբախտությունների հայր ԼՏՊ-ի մամլո խոսնակ, ՀՀՇ-ի հավատավոր գործիչ, ապա հերթականությամբ՝ Հ 1-ի, Ա 1 +-ի, հիմա էլ՝ «Շանթի» մեկնաբան:

Արամ Աբրահամյանն արդեն 13 տարի, գրում և «գրեցնում է» Վարդան Ղուկասյանի դեմ՝ զանազան առիթներ ստեղծելով, առանց առիթների: Եվ ճիշտ են այն բազմաթիվ գյումրեցիները, որ ասում են՝ մեր քաղաքապետի վրա գրելով՝ Արամը տներ առավ: Իսկ Արամը, ով հասարակության մեջ հայտնի է «Փոդրադչիկ Արամիկ» մականունով, դատելով իր գործունեությունից, բանակցում է բոլոր ուժերի հետ ու, անկախ քաղաքական վերադասավորումներից, միշտ գտնում հարմար մի ասպարեզ: Ծծակը շուտ-շուտ փոխում է, կերակրատաշտից կերակրատաշտ անցնում, որ որովայնը միշտ կուշտ պահի: Աշխատում է իշխանական հեռուստաեթերներում, միաժամանակ, իրեն համարում ընդդիմադիր, իշխանությանը ռեժիմ անվանում: «Բանտիկը» կապած, պատկերասրահներից ճեմելով մշակութային հաղորդումներ է վարում՝ իրեն երևակայելով արվեստագետ ու մշակույթի շղարշի տակ փող սարքում: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ աշխատողներին ուղղում է պաշտոնյաների դեմ, որ նյութեր գրեն և ինքը փողեր աշխատի ու ծառայեցնի միայն իրեն: Նրա համար անըմբռնելի է, թե ինչպես Վարդան Ղուկասյանը կարող է սեփական գումարը ներդնել եկեղեցի ու ազգային մշակութային օջախ ստեղծելու գործում: Ինքն հաստատ չէր անի: Դե, թող ինքը մասնակցեր Ամենայն հայոց բանաստեղծի տան շուրջ ծագած խնդրի լուծմանը կամ, գոնե ամբարտավան կեցվածք չընդուներ այն մարդու հանդեպ, ով իրոք ազգանպաստ ու երիցս գնահատելի գործ է անում:

Երբ պաշտոնյան ձգտում է մշակութասեր և մշակույթին սատարող լինել, գովելի է ու բնական: Բայց անբարո է, եթե իրեն մտավորական ձևացնողն է մոռանում իր անցյալն ու, փետուրներ հագած, ուզում է իրեն դատավոր կարգել:

Թումանյանի սրբությունը մարդն է, Ձեր դավանանքը՝ սպիտակն ու լույսը սևացնելը:

Եվ երևի Դուք ճիշտ եք, որ Թումանյանի տունը Ձեզ պետք չէ, քանի որ այն գնել է քաղաքապետը: Սա բացեիբաց, թերթում հայտարարել կարող է միայն թուրքական ծագում ունեցողը:

Վերջում` խորհուրդներ: Համարձակվեք կլոր սեղանի շուրջ նստել Վարդան Ղուկասյանի հետ ու համոզվեք, թե իրականում ո՞ւմ ինչպես, ինչո՞վ ու ինչքանո՞վ են մարդիկ գնահատում: Տեսեք ու լավ իմացեք Ձեր չափը, կշիռը, տեղը:

Հիշեք աստվածաշնչյան պատգամը` «Նախ տես քո աչքի գերանը, ապա նոր` ուրիշի աչքի չոփը»:

…. Իսկ Վարդան Ղուկասյանի քարավանը, ինչպես կասեր ժողովուրդը, անսայթաք կընթանա:

ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի գրողներ
 

ՄԻՊ- ի հարցաշարը ՀՔԾ-ին Փետ 08, 2012 | 01:27

Մարդու իրավունքների պաշտպանը մի շատ հետաքրքիր հարցաշար է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ի թիվս այլ հարցերի կա մոտավորապես այսպիսի մի հարց. ՀՔԾ աշխատակիցների  աշխատավարձը կարծես այնքան էլ բարձր չէ, սակայն նրանք, կամ նրանցից ոմանք շրջում են շատ թանկարժեք մեքենաներով:

Հարկ եղած դեպքում «կրուտիտ» լինելը ՀՔԾ-ի փեշակն է, ուստի կարող է լինել շատ կոռեկտ պատասախան` մենք նման տվյալների չենք տիրապետում. Եթե դուք ունեք խնդրեմ ներկայացրեք, իսկ ՀՔԾ աշխատակիցների ազգականների զոքանչի կամ աներձագի սեփականության կամ բիզնեսի մասին տեղեկությունների չենք տիրապետում:

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է հանկարծ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին պետք եկել ՀՔԾ-ի վերաբերյալ հարցերի պատասխանները, ում իրավունքների պաշտապնությանն է ուղղվելու դրանց ամփոփումը:

Գոնե Ազգային ժողովի դիմաց մաքրեք Փետ 08, 2012 | 01:13

Ամբողջ օրը խոսվում է Երևանում ձյան մաքրման աշխատանքներից: Սակայն խոսքը դեռ  գործ չէ: Քաղաքը ձյունապատ է: Մայթերը սառցակալած ու վտանգավոր:  Քիչ առաջ Բաղրամայան պողոտայում Ազգային ժողովի մուտքի մոտ խայտառակ տեսարան էր: Ուղղակի հնարավոր չէր փողոցից անցնել մայթ: Իջնում ես մեքենայից ու շվարում, թե ոնց մտնես ձնակույտի մեջ, որ ոտքդ չկոտրես:  Իսկ ԱԺ-ում առաջին քառօրյան է մեկնարկել:

Հնարավոր է ժողովրդական ընդվզում լինի Փետ 08, 2012 | 12:59

Հրազդանում նախընտրական գործընթացը շարունակվում է մնալ ծայրաստիճան լարված։ Մարզի ու քաղաքի պաշտոնյաների մասշտաբով ճնշումները չեն դադարում: Սասուն Միքայելյանի կողմնակիցներին, որոնք աշխատում են պետական և մասնավոր հիմնարկներում, ազատում են աշատանքից։

Քաղաքում անհանգստացնող հոգեբանական իրավիճակ է, սակայն մարդիկ մարտական են տրամադրված: Մեր ունեցած տեղեկություններով, նույնիսկ ակնհայտ իշխանական ուժերը ձայն են ապահովելու Սասուն Միքաելյանի համար: Իսկ ժողովուրդը հոգնել է, ու շատ հնարավոր է Հրազդանի քաղաքապետի՝ փետրվարի 12–ին կայանալիք ընտրություններին անզիջում պայքարի ֆոնին ժողովրդական ընդվզում լինի, եթե գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը և մարզպետ Շահգալդյանը շարունակեն իրենց ներկայիս գործելաոճը:

 

 

Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Հայաստան Փետ 08, 2012 | 12:23

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Ըստ ԱԱԽ հաղորդագրության ` ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը, ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, ՌԴ Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոզիկը, «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը, այլ պաշտոնատար անձինք:

Նախատեսվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի առանձնազրույցը, տեղի կունենա հանդիպում Հայաստանում ՌԴ Սահմանապահ վարչությունում:

Նախատեսվում է նաև պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի արդյունքներով կստորագրվի այցի արդյունքների վերաբերյալ արձանագրություն:

Պատվիրակությանը կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...