Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ   Մրտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Daily Archives: Փետրվար 4, 2012
Կսպասի դատարանի որոշմանը Փետ 04, 2012 | 08:09

Սերժ Սարգսյանը մինչ Հայկ Գևորգյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը դեպքի առնչությամբ կարծիք չի հայտնի, սակայն հուսով է, որ որոշումն արագ կլինի: Այսօր Ծաղկաձորում, ի պատասխան հանրապետական կանանց բարձրացրած խնդրի, այս մասին նշել է հանրապետության ղեկավարը:

Ծաղկաձորյան ֆորումին հրավիրված լրատվամիջոցներից մեկի`Panorama.am-ի  փոխանցմամբ` մինչ հանդիպման մեկնարկը կին հանրապետականները նախագահի հետ փորձել են քննարկել օրվա հրատապ թեմաներից մեկը:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը դիմել է երկրի ղեկավարին. «Պարո´ն Նախագահ, երեկ ստացանք լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության մասին տեղեկատվությունը, ինչի մասին ոստիկանությունը նաև համապատասխան մանրամասներ է հրապարակել:Մինչ այս հանդիպումը մենք` մի խումբ կին հանրապետականներով քննարկում էինք տեղի ունեցածը և որոշեցինք մեր տեսակետը հայտնել` այս պարագայում լրագրողին անազատության մեջ պահելու դեմ: Խնդրում ենք, որպեսզի համապատասխան իրավապահ կառույցները հաշվի առնեն նաև մեր կարծիքը այս հարցում, եթե հնարավոր է»:

Ի պատասխան, նախագահ Սարգսյանը նշել է. «Պետական մարմինները ամենօրյա որոշակի գործառույթներ են իրականացնում, այդ թվում` իրավախախտումների դեմ պայքարը և դրանք կատարած ենթադրյալ անձանց հայտնաբերումը: Այս գործունեությունն իր մեջ կարող է օբյեկտիվորեն պարունակել անձի իրավունքների սահմանափակումներ: Որպեսզի այդ սահմանափակումները չլինեն չհիմնավորված, գոյություն ունեն որոշակի վերահսկողական իրավական ընթացակարգեր, որոնց շրջանակներում մեկ մարմինը, տվյալ դեպքում` դատարանը, պետք է որոշի մյուսի` ոստիկանության գործողությունների, հիմնավորվածությունը: Նման խնդիրները ցանկացած իրավական պետությունում պետք է լուծվեն հենց այս ձևաչափով: Ինչ վերաբերում է կոնկրետ Հայկ Գևորգյանի դեպքին, ապա ես կարծիքս չեմ հրապարակի մինչ դատարանի կողմից որոշում կայացնելը, որը, հուսով եմ, հնարավորինս արագ կլինի»:

 

ՀԱԿ-ի հայտարարությունը. Հայկ Գևորգյան Փետ 04, 2012 | 07:29

«Հայ ազգային կոնգրեսը» հայտարարություն է տարածել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման կապաակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Փետրվարի 3-ին կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, ճանաչված լրագրող Հայկ Գևորգյանը:

«Ոստիկանության հիմնազուրկ բացատրություններն արդեն իսկ վկայում են, որ Հայկ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է: Իրականում նա ազատությունից զրկվել է բացառապես իր մասնագիտական գործունեության, այն է` իշխանությունների կատարած ապօրինությունները բացահայտելու և հանրության սեփականությունը դարձնելու պատճառով:

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը հերթական մարտահրավերն է նետել Հայաստանում խոսքի ազատությանը: Գիտակցելով սպասվող քաղաքական, հասարակական ակտիվ գործընթացների վտանգավոր բնույթն իր համար, ինչպես նաև առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության անխուսափելի պարտությունը` վարչախումբն արդեն իսկ լծվել է իր հակաժողովրդավար բնույթը մերկացնող քաղաքացիների, լրագրողների չեզոքացման օպերացիայի իրականացմանը: Մենք կոչ ենք անում Հայաստանի և միջազգային լրագրողական շրջանակներին` իրենց համախմբված բողոքը արտահայտել Հայկ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան»:

Հաղորդագրության մեջ նաև հայտնվում է, որ տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային գրասենյակների ղեկավարների խորհրդակցություն, որը վարել է Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև մեծամասնական համակարգով թեկնածուների առաջադրման հարցերը:

Խորապես մոլորության մեջ են Փետ 04, 2012 | 04:10

«Արմենպրեսի» նախկին տնօրեն, Հայաստանում ճանաչված լրագրող և այժմ կալանքի տակ գտնվող Տիգրան Հակոբյանի պաշտպանական կողմը «մեծածավալ փաստաթուղթ» է ներկայացրել նախաքննական մարմին, որտեղ ներկայացված է` երբ, ինչի համար և ինչպես է ծախսվել գումարը, որը վատնելու համար էլ նա մեղադրվում է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է Տիգրան Հակոբյանի փաստաբան Հայկ Ալումյանը.

«Փաստաթղթում նշված է, թե գումարը երբ և ինչպես է ծախսվել: Այդ փաստաթուղթը մենք ներկայացրել ենք: Իմ պատշտպանյալը մանրակրկիտ ցուցմունքներ է տալիս ամեն լումայի վերաբերյալ, և մենք վստահ ենք, որ այդ հարցն ամբողջությամբ կսպառվի», -հավելեց փաստաբանը:

Նշենք, որ Տիգրան Հակոբյանը հասարակայնության հետ կապերի կառավարման ոլորտի ճանաչված մասնագետներից է, նախկինում զբաղեցրել է «Հայք» թերթի գլխավոր խմբագրի, Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի նախագահի, Արմենպրեսի տնօրենի պաշտոնները: Նա մեղադրվում է ավելի քան 184 մլն դրամ հափշտակելու, յուրացնելու մեջ, նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը» հատկանիշներով: Տիգրան Հակոբյանի հետ միասին նույն մեղադրանքն է առաջադրվել նաև Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդի մամլո խոսնակ Արման Մուսինյանի եղբորը՝ Վահան Մուսինյանին, որը այժմ հետախուզման մեջ է:

Տիգրան Հակոբյանը 2009-ի մարտից մինչև 2010թ. մայիսը աշխատել է «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությունում որպես տնօրեն: Վահան Մուսինյանն այնուհետև Տիգրան Հակոբյանի կողմից սեփականատերերին ներկայացվել է որպես գյուղատնտեսության ոլորտի բանիմաց մասնագետ և կարող է նպաստել, որպեսզի ընկերությունն առավել արդյունավետ կազմակերպի իր գործունեությունը: Դրանից հետո Վ. Մուսինյանը սկսել է գործարքների վերաբերյալ որոշակի գործունեություն իրականացնել, սակայն այդ գործարքներից ստացված ոչ բոլոր գումարներն են մուտք եղել ընկերության դրամարկղ:

Մասնավորապես 2009-ին մարտ-հունիս ամիսներին անասուների, դրանց մսի, կաթի վաճառքից ստացված գումարից 39 մլն դրամը ընկերության դրամարկղ մուտք չի եղել: Նախնական տեղեկություններով, գումարը յուրացրել են երկուսով: Բացի այդ, նույն տարվա ընթացքում սեփականատերերը 160 մլն դրամ կանխիկ գումար են տրամադրել համապատասխան ներդրումներ կատարելու համար, սակայն ընկերությունում մուտքագրվել է շուրջ 15 մլն դրամի ընդհանուր արժողությամբ գույք, այսինքն 145 մլն դրամը հափշտակվել է: Գործի քննությունը վարում է ոստիկանությունը:

«Ամբողջ գումարը, որ այսօր քրեական գործով մեղսագրում են Տիգրանին, մանրակրկիտ ձևով, ամենավերջին լուման նույնիսկ ներկայացրել ենք: Ընդ որում, դա նոր չէ, որ ներկայացնում ենք, այդ գումարը ամենայն մանրամասնությամբ ներկայացված է եղել գումարը փոխանցողներին: Հիմա ոչ մի բաց հարց չի կարող մնալ: Ամեն լումա հիմնավորված է», -փոխանցեց փաստաբան Ալումյանը:

Մեր հարցին, թե այս ամենի մեջ ինչ-որ ենթատեքստ տեսնո՞ւմ է պաշտպանական կողմը, ինչո՞ւ է Հակոբյանին նման մեղադրանք առաջադրվել, պաշտպանը պատասխանեց. «Ինչ-որ մարդիկ խորապես մոլորության մեջ են, և ես կուզեի մտածել, որ սա բարեխիղճ մոլորություն է: Հիմա Տիգրանը ցուցմունքներ է տալիս, եթե այդքանից հետո էլ կշարունակեն պնդել մեղադրանքը, ուրեմն այդտեղ ենթատեքստ կա, որովհետև այդ փաստաթղթին ծանոթանալուց հետո ոչ մի խնդիր մնալ չի կարող»:

Ավելի վաղ Panorama.am- ի  խմբագրություն է զանգահարել Տիգրան Հակոբյանի քրոջ ամուսինը` Արմեն Աբրահամյանը և ասել էր, որ Հակոբյանի «գործը շինծու է»: Նա կալանքի մեջ գտնվող Հակոբյանին ներկայացրել էր որպես լավ կառավարիչ: «Տիգրան Հակոբյանին նստացրել են, որովհետև Տիգրան Հակոբյանը մարդկանց լավ չի ճանաչում, մանավանդ իր ընկերներին, դասարանցիներին», -ասել էր նա:

Ինչ վերաբերում է Վահան Մուսինյանի` գործին առնչության մասին, ապա Ալումյանն ասաց, որ կան փաստաբանական էթիկայի կանոններ, որ «պաշտպանյալին պաշտպանելուց չենք կարող ուրիշին խորտակել»: «Ես չեմ կարող Մուսինյանի գործը մեկնաբանել, նրա գործը թող իր պաշտպանները մեկնաբանեն: Իսկ ինչ վերաբերում է Տիգրանին, ապա ամեն մի լուման մենք պատրաստ ենք մեկնաբանել», փոխանցեց պաշտպանը:

Panorama.am-ը գրում է, որ այսօր և նախկինում արված բազմաթիվ փորձերը կապվել Վահան Մուսինյանի եղբոր` Արման Մուսինյանի հետ, անհաջող են անցել, և նրանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: ՀԱԿ-ից մշտապես ասում էին. «Մուսինյանը դեռ չի եկել, որ գա կփոխանցենք զանգել եք» կամ «փորձեք մի փոքր ուշ, ինքը հաստատ գալու է»:

Շպրտենք բեռը մեր ուսերից, ազատ ապրենք, սովորենք պարզ շփվել Փետ 04, 2012 | 04:00

«Մենք արժեհամակարգի խնդիր ունենք: Ժամանակը շատ է առաջ վազել, բայց մենք նոր-նոր ողնաշար ենք շտկում», -ասում է Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը, հավատալով, որ մեր հերոսը դեռ պետք է գա :

- Ինչո՞վ է դա պայմանավորված Տեր Հայր:

- Միտքը մարդու մեջ դրված մի հզոր դատավոր է, որը ստիպում է մարդուն քննելով ընտրել չարն ու բարին: Մտավորականը անպայման բարին ընտրողն է, որովհետև իր միտքը ուղղում է էնպիսի երևույթների վրա, որոնք հետաքրքրում են հասարակությանը և ինքն էլ դառնում է այդ ժողովրդի, այդ ազգի խիղճը: Դարեր շարունակ մեր մտավորականը եղել է քահանան, վարդապետը: Խրիմյան հայրիկը իր ժամանակի խղճի արտահայտողն էր նաև Ներսես Աշտարակեցին, Նարեկացին: Այսօր մենք ունենք աշխարհիկ մտավորականներ, որոնք , ցավոք, իրենց կերպարը ուղղել են ոչ թէ հոգևորի ծաղկմանը, մտքի ու հոգու աշխատանքին, այլ իրենց ես -ին, անհատի մատուցմանը: Արդյո՞ք դա պետք է մեր ազգին, սա է խնդիրը: Ու դրա համար մեր սերունդները մեզ կօրհնե՞ն , թե՞ կանիծեն: Օրինակ` ին՞չ արեց Խորհրդային միությունը մեր մտավորականության հետ` փչացրեց: Որովհետև, երբ դու չէիր գովերգում Լենին կամ ՍՄԿԿ , չէիր կարող որևէ արտոնություն ունենալ: Իսկ ով փորձում էր ողնաշարը ուղղել, նրան արտաքսում էին: Ցավոք, այդ մտածումը և այդպիսի մտավորականներ դեռ ունենք: Այսինքն` կերպը չի փոխվել: Այսօրվա մտավորականը չի բռնում ազգի զարկերակը, նստել ու սպասում է, որ ժողովուրդը բարեհաճի մոտենալ իրեն: Այսպիսին է իմ տպավորությունը: Թեև կարծում եմ, որ բոլորը չէ, որ էդպես են մտածում: Հավատում եմ, որ կան անհատներ, որոնք հավանական է` ճառագում են, բայց այսօր չենք տեսնում, և կան հոգիներ, որ դեռ խմորվում են ու վաղը պիտի գան::

- Կարո՞ղ է մարդը լինի հոգևոր և չլինի մտավորական:

-Եթե բացենք Ագաթանգեղոսի ՙՊատմություն Հայոց՚-ը, այնտեղ մի հրաշալի պատմություն կա. Գրիգոր Լուսավորիչը առաջին կրոնավորներին ձեռնադրում է հենց քրմերի զավակներից: Նա ընտրում էր կիրթ մարդուն, որովհետև հենց կիրթ մարդը պիտի լիներ մտավորական մարդը, առաջնորդը:

-Գուցե դա աստվածատուր կոչու՞մ է: Մտավորականը տարիքային սահմանափակում ունի՞:

-Եթե սահմանափակում լիներ, Ներսես Շնորհալուց երբեք Շնորհալի չէր ծնվի, որովհետև նա մանուկ հասակից արդեն ճառագում էր և բոլորը հրճվալից տեսնում էին, թե ինչպես է աճում: Շատ երիտասարդ տարիքում նա կաթողիկոս դարձավ: Դա յուրահատուկ պարգև է, որովհետև մտավոր մարդը խորհելու, ընտրելու, կռվելու առիթ ունի իր ներսում, ցավ ունի, որն ուղղում է դեպի այն հավիտենական արժեքները, որին ինքը ձգտում է հասնել, և դա անպայման ունի իր Գողգոթան, իր Փշեպսակը, իր Գեղարդը: Նա պիտի անցնի այդ ճանապարհով:

- Իսկ այժմյան պատկերն ինչպիսի՞ն է

- Մենք ունենք հրաշալի ձայներ, հայ երգիչ, երգչուհիներ, որոնք արտասահմանում են: Մեր երաժշտանոցն ավարտած մարդիկ գնում և աստղեր են դառնում Եվրոպայում: Ունենք գույնի հրաշալի զգացողություն ունեցող նկարիչներ, որոնք գնում, փայլուն դեմքեր են դառնում դրսում, ունենք սպորտսմեններ, որոնք օտար դրոշների տակ են հաղթանակներ ունենում, իսկ Հայաստանում տեղ չունեն:

- Ինչու՞ է այդպես

- Ինչուն քաղաքական է, սոցիալական է, գու՞ցե Խորհրդային շրջանի, պարսկական 400 տարվա լծի, Օսմանայան կայսրության տիրապետության հետևանքն է: Չգիտեմ ինչի՞ հետևանքն է, բայց մենք չենք կարողանում այդ բեռը շպրտել մեր ուսերից, ազատ ապրել, շնչել, պարզ շփվել մեկս մյուսի հետ:

- Ին՞չը կարող է մեր մտավորականներին միավորել

- Միայն հավատքը. մի կոնցեպցիա, որը հազարամյակների ընթացքում մշակել են մեր հոգևոր հայրերը: Ուղղակի վերադառնալ ակունքներին, ինչպես ձուկը, որ ծնվում է, գնում է դեպի օվկիանոս, հետո երբ պետք է ձվադրի, գալիս , վերադառնում է նույն տեղը: Ես հրավիրում եմ մտավորականներին.ՙ Եկեք Ձեր փարախը՚:

- Իսկ ին՞չն է տարանջատում

- Եսականությունը, հպարտությունը, նախանձը, ագահությունը, այսինքն` յոթ մահացու մեղքերը:

- Այսօր հասարակական ին՞չ պահանջ է դրված մտավորականի առջև:

- Ես պիտի խնդրեմ, որ մտավորականը գոնե չծախվի։ Հայերիս համար մեծ ինստիտուտ է ընտանիքը, որն առաջին սնման աղբյուրն է` կրթության առումով: Ճիշտ է, մեր տատիկ-պապիկները սովետական տատիկներ պապիկներ են, որոնք շատ լավ հատկություններ կորցրել են, բայց իրենք ավանդաբար բերում են բարոյական որոշ կատեգորիաներ, որոնք համընկնում են արդեն իրենց տատիկ-պապիկների ավանդական մտածողությանը: Հավանական է, որ սրանից հետո դժվար պիտի լինի, եթե մենք չվերադառնանք այն արժեքներին, որի պահանջն այսօր կա: Մի զուգահեռ անցկացնենք Ռումինիայի կամ Ռուսաստանի հետ, որտեղ մարդիկ վերադարձան իրենց հավատքին, խմբվեցին իրենց տաճարի շուրջը, զորացավ եկեղեցին և երկիրը գնալով սկսեց ծաղկել: Մենք պիտի մտածենք այդ մասին, որպեսզի Աստծո քաղցր սիրտը մեր հանդեպ փափկանա, դառնա աղբյուր, որ մենք սկսենք սնվել: Մենք ինքներս պիտի քայլ անենք դեպի Աստծված: ՙԹակեք դուռը և կբացվի՚: Այդ թակողների կարիքը մենք շատ ունենք:

- Ինչպե՞ս կվերաբերվեր Մաշտոցը այսօրվա կրթական համակարգին

- Մաշտոցի գերխնդիրն այն էր, որ Սուրբ Գիրքը դառնար հայերեն և լիներ մատչելի իր ժողովրդին: Արդյո՞ք այսօր մեր կրթական համակարգում Սուրբ Գիրքը դասավանդվում է: Ոչ: Լավ կլինի արժեհամակարգը վերանայվի:

- Տեր Շահե, ովքե՞ր են ստեղծել մեր ավանդույթները, արդյո՞ք դրանք համահունչ են մեր ժամանակին և որքանո՞վ են այսօր արժեքավոր

- Պատասխանը գտնվում է Թեսաղոնիկեցիներին ուղղված երկրորդ թղթում.ՙԱմուր պահեք այն ավանդությունները, որ սովորեցիք մեզանից, թե’ խոսքով, թե’ թղթով՚: Երկու տեսակի ավանդույթ է եղել` բանավոր և գրավոր: Գրավորը ամբողջ մարդկությունը ունի, դա Սուրբ Գիրքն է, իսկ բանավոր ավանդույթը` եկեղեցին : Աստվածաշունչը առանց եկեղեցու կիսատ է, եկեղեցին առանց Աստվածաշնչի եկեղեցի չէ: Երկնքի ու երկրի միջև կապը տեղի է ունենում, երբ այդ երկու ավանդույթները միանում են: Փառք Աստծո, մենք գոնե այն ազգն ենք, որ 30000 ձեռագիր է արտաշնչել: Ոչ մի ազգ միջնադարում այդքան ձեռագիր չի արտաշնչել` ոչ լատինը, ոչ հույնը, ոչ ասորին և ոչ էլ որևե մեկը: Էլ չեմ ասում, թե Մոնղոլական արշավանքների ժամանակ ինչքան գերևարության տարվեց, կոմունիստական շրջանում մեր վանքերի ինչքան ձեռագրեր այրվեցին: Փառք Աստծո, որ այսքան էլ մնացել ենք:

- Իսկ չե՞ք կարծում, որ մեր ժամանակաշրջանը նոր ավանդույթների կարիք ունի

- Որպեսզի նորը գա, կարիք կա, որ նախ հինը լավ ներշնչենք: Ավանդույթը ներսում մերը չի դառնա , եթե մենք նախ արտաքին պատկերների, նշանների խորհրդաբանությունը չհասկանանք: Օրինակ` խաչի պատկերը, որ կրում են կրոնավորները, իր բովանդակությամբ քրիստոնյայի պարծանքն է, իր խորհրդաբանությամբ կենաց ծառի խաչանման պատկերն է դրախտում, սակայն այն կրում են նաև կիսամերկ երգչուհիները: Նախ գիտակցական ընկալումը պիտի լինի, որ հետո այն ծլարձակի մեր սրտում ու պտղաբեր լինի: Մեր մտավորականները պիտի Նարեկացու,Օձնեցու, Մաշտոցի շարականները մեզ հետ ժամերգությամբ արտաշնչեն: Ինչպես Մարկեսը հին ավանդույթները կուտակեց-կուտակեց ու արտաշնչեց իր ՙՀարյուր տարվա մենությունը՚: Մենք այսօր գործ ունենք անելու:

- Տեր Շահե, մենք իրոք հրաշալի ժառանգություն ունենք, բայց կարծում եմ մատուցման խնդիր ունենք, ինչպես հարկն է չենք մատուցում մեր ժողովրդին: Համաձայն չե՞ք ինձ հետ

- Մենք արժեհամակարգի խնդիր ունենք: Ժամանակը շատ առաջ է վազել, բայց մենք նոր-նոր ողնաշար ենք շտկում: Փառք Աստծո, հիմա հրաշալի հոգևոր գրականություն է տպվում: Թեև արդեն ընթերցողը քիչ է, այնուամենայնիվ մեր կաթողիկոսը չի նայում ընթերցող կա՞, թե՞ չկա, տպագրվում է և մատուցվում: Մեր ժողովրդին ոչ թե սերիալներ, այլ հոգևոր զրույց է պետք: Պետք է մեր հերոսը արթնանա: Բայց հերոսի համար միջավայր է պետք ստեղծել, որ մանուկ հասակից սնվի այդ արժեքներով, և վերջում գա արդյունքը:

- Եկեղեցու ծեսերն ու ավանդույթները ի զորու՞ են փոխելու մեր ժողովրդի արժեհամակարգը

- Նայենք մի քանի կայսրությունների ծեսերին: Նույնիսկ ֆաշիզմը ուներ իր ծիսական կարգը, Խորհրդային միությունը ուներ իր ծիսակարգը, որն ազդում էր հասարակության վրա: Ծեսն անհրաժեշտ է հասարակությանը: Բայց կա Աստվածային երկխոսության տեսակ, որը կոչվում է արարողություն կամ ծիսակատարություն եկեղեցում: Այդ խորհուրդը ինքը` Քրիստոսն է: Մկրտության պահին մարդը զգեստավորվում է ի Քրիստոս և ճաշակում նրա մարմինն ու արյունը: Թեև պահի գիտակցումը շատ խորն է և անբացատրելի, բայց մարդու ներքինը փոխվում է: Այն ծեսերի մեջ, որտեղ չկա փրկության խնդիր, ժամանակավրեպ են, սակայն կան հավիտենական արժեքներ, որոնք կմնան կայուն, մինջև Տիրոջ գալուստը:

- Ինչպե՞ս եք վերաբերվում օտար դավանանքներին

- Մենք երբեք թույլ չենք տվել ձեռնոց նետել որևէ այլ ազգի կամ կրոնի, ընդհակառակը, մենք ընդամենը պաշտպանվել ենք, ինչպես Ավետարանն է ասում. ՙՀավը իր ձագերին հավաքում է թևերի տակ….՚ այդպես էլ մեր եկեղեցին հավաքել, պահպանել է, որ գոնե մեր լեզուն, մեր մշակույթը, մեր հավատը չկորչի: – Այսօր կարելի՞ է մեր ժողովրդին է քրիստոնյա անվանել

- Գիտես, եթե նույնիսկ չմկրտված հայ մարդուն ասես.ՙ դու քրիստոնյա չես՚, կարող է կռիվ անել: Բայց ինքը իրականում հեթանոս է: Սա մտածելու լուրջ առիթ է, որովհետև այն մարդը, որը լրջորեն Քրիստոսին իր սրտի մեջ չի ընդունել, չի ապրում այդ արժեքներով, նույնիսկ ՙ Հայր մեր՚-ը չգիտի, ինչպե՞ս կարող է քրիստոնյա համարվել: Շատերն են այսօր Աստվածաշունչը թևերի տակ գալիս, իբր Քրիստոս են բերում մեր ազգին, բայց իրականում գալիս են իրենց թագավորությունը հիմնելու, տոտալիտար ձևերով խեղելու մեր ժողովրդին: Ես ցավում եմ այս երևույթների համար:

- Կա՞ մի բան, որ դուք չասել չեք կարող

- Ես շատ եմ սիրում իմ պետականությունը, իմ եկեղեցին և բացերի մասին չեմ կարող լռել: Եթե իմ երեխային սիրում եմ, նրա բացերի վրա չեմ կարող աչք փակել, պիտի դաստիարակեմ : Չեմ կարող չասել, որ կարիք ունենք կրթվելու, հոգևոր խորհուրդները ուսումնասիրելու, չինովնիկների տեսակը փոխելու, կաշառակերությունը վերացնելու և, վերջապես, սերը հաստատելու մեր մեջ:

- Ձեր խոսքը` ուղղված հայ մտավորականին

- Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: Միշտ քաղցն ու ծարավն ունենաք ավելի մեծ արժեքների: Այսօր շատ կան ալյա-ֆրանկա մտածող գրողներ, որոնք փորձում են իրենց պոեզիան նմանեցնել հաջողակ ֆրանսիացի գրողներին: Ես չեմ հասկանում այդ արվեստը: Կուզեյի, որ մեր մտավորականները իրենց խարիսխները դնեին հենց ազգային հիմքի վրա, իրենց խոյակները զարդարեին մեր մանրանկարների խորանների նման և իրենց գույները որդան կարմիր դառնար:

- Ձեր խոսքը այսօրվա մտածող երիտասարդին

- Ընթերցիր, ով երիտասարդ: Դա արժեք է, որովհետև այն ինչ կատարվում է դպրոցում կամ համալսարաններում ողբերգություն է: Մարդիկ չեն ընթերցում: Աստծո խոսքը իր մարգարեների, ավետարանիչների միջոցով, գրավոր ձևով Աստված ավանդել է մեզ: Այն մի հրաշալի միջոց է, որ մարդը ճանաչի ինքն իրեն, ճանաչի Աստծուն, տիեզերքը: Եթե երիտասարդը ընթեցող է, ես իր կողքին եմ, իր համար աղոթող եմ, Աստծո օրհնությունը պիտի գա իր վրա և պտղաբեր դարձնի: Անգրագիտությունը թշնամի է հասարակությանը: Հիսուսը եկավ` վերականգնելու մարդուն, խոսեց Աստծո խոսքը, որն այժմ ամփոփված է Սուրբ Գրքում:

- Ին՞չ եք երազում մեր ժողովրդի համար:

- Վերադարձել եմ Կիլիկյան Հայաստանից, եղա ողջ Մեծ Հայքում, Կապադովկիայում, Անտիոքում: Այն արժեքները, որ մենք թողել ենք, միայն հողային տարածքներ չեն, դա նաև սուրբ վայրեր են, 3 հազար վանքեր, որոնք լքյալ են: Էլ չեմ ասում ինչքան խաչքարեր, եկեղեցիներ, ձեռագրեր են կորսվել, գնացել Վենետիկ, Ֆրանսիա, Լոնդոնի ազգային գրադարաններ, Երուսաղեմ և այլն: Հորդորում եմ մեր երիտաարդին, որ նա ամպայման անրադառնա այդ արժեքներին, բայց դա միայն ընթերցելու շնորհիվ է լինում: Ընթեցանությունը արթնացնում է մարդու ներքին զգայարանները և կապում ավելի մնայուն արժեքների հետ, եթե այն վերաբերվում է նաև հոգևոր գրականությանը:

-Դուք անձնական երազանքներ ունե՞ք

- Ես իմ կյանքը հանձնել եմ Աստծուն: Պետք է գործել, արարել, Աստծո խոսքը մատուցել, ժամերգություններին զանգակները քաշել, աղոթել հիվանդների համար: Ամենառեալը դա է: Միթե՞ Հիսուսը երազանք ուներ: Աստված մարմնացել էր և ճշմարտություններ էր հաղորդում: Եթե մենք գոնե մի փոքր դառնանք Հիսուսի լեզուն, խոսքը փոխանցողը, կիմանանք, որ մեր երազանքները կատարվել են: Մեզ համար գերխնդիրը թող Քրիստոսը մնա:

- Հավատու՞մ եք մեր ժողովրդի ապագային

- Ապագան մեր ձեռքում է: Այն ժառանգությունը, որ մեզ փոխանցել են մեր հայրերը, ապագայում շատ է փայլատակելու: Մենք դեռ շատ պիտի հպարտանանք մեր հայրերով, բայց նաև հին արժեքների հիման վրա նոր արժեքներ է պետք ստեղծել: Հարկավոր է գոնե հավասարվել մեր պապերի արժեքներին, որ կարողանանք արտաշնչել նորը:

Կարինե Ջանջուղազյան

Խոշոր խաղը` հակամարտության կամ հովվերգության հեռանկարո՞վ Փետ 04, 2012 | 12:10

Ամբողջ լրագրողական հանրությունը քննարկում է «Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան, հայտնի ֆոտոլրագրող Հայկ Գևորգյանի կալանավորումը: «ՀԺ»-ի վարկածով`դա ոստիկանապետի անձնական վրեժն է սուր քննադատության համար, ոստիկանության վարկածով`նա վրաերթ է կատարել և թաքնվել քննությունից:

Ոստիկանությունը հայտարարում է, որ մի քաղաքացու պատահականորեն միջին ծանրության վնասվածք հասցնելուց հետո լրագրողը խուսափել է ներկայանալ քննության, նրա նկատմամբ հունվարի 23-ից հայտարարվել է հետախուզում ու խափանման միջոցն ընտրվել է կալանքը, «ՀԺ»-ն պնդում է, որ վրաերթի փաստ չի եղել, եղել է «սարքոցի», Հայկ Գևորգյանը օրենքով  սահմանված կարգով` պատշաճ գրավոր չի ծանուցվել հարցաքննության կանչվելու վերաբերյալ, բայց ամեն օր նույն ավտոմեքենայով գալիս էր աշխատանքի, գնում ասուլիսների, կատարում իր սովորական գործը:

Մի կողմ դնելով իրավական հարցադրումներն ու լրագրողական գործունեության հետ կապված հարցերը, ընդամենը մեկ հարցի անդրադառնանք. անկախ նրանից, ոստիկանության գործողություններն իրավաչափ էին, թե ոչ, ինչո՞ւ հենց փետրվարի 3-ին ի կատար ածվեց կալանավորման որոշումը, երբ պարզ էր, որ լրագրողին հայտնաբերելու խնդիր գոյություն չուներ: Այսինքն` խնդիրն արժի դիտարկել նախընտրական զարգացումների խորապատկերի վրա:

Ընտրություններից առաջ լրագրողների աչքը վախեցնելու վարկածը աշխատող չէ, քանի որ վախեցողը առանց այդ էլ կվախենա, իսկ չվախեցողի վրա դա որևէ կերպ չի ազդի: «ՀԺ»-ի գործունեությանն էլ դա չի խոչընդոտի, ընդհակառակը, կթեժացնի այդ թերթի նկատմամբ հանրային հետաքրքրասիրությունը և ինքնաբերաբար կբարձրացնի Նիկոլ Փաշինյանի քաղաքական կշիռը հենց ՀԱԿ-ի կողմից հանրահավաքային սեզոնը սկսելուց առաջ: Գումարած դրան, հենց փետրվարի 3-ին լրացավ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի 14 տարին, և դա հարցին, անշուշտ, լրացուցիչ ինտրիգ կհաղորդի…

Ի դեպ, հենց նույն օրը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իր ասուլիսին հայտարարեց, որ ՀԱԿ-ը խորհրդարանում տեղեր կունենա, բայց բացառեց ՀԱԿ-ի մուտքը իշխող կոալիցիա: ՀԱԿ-ի`ԱԺ-ում հայտնվելու վերաբերյալ արտահայտվել են և այլ հանրապետականներ: Ստացվում է, որ իշխող կուսակցությունը իր կարևոր գործիչների շուրթերով կասկածի տակ չի դնում ՀԱԿ-ի խորհրդարանական հեռանկարը, ու միաժամանակ տեղի է ունենում աղմկալի ձերբակալություն, որը օբյեկտիվորեն նպաստում է ՀԱԿ-ի վարկանիշին: Միգուցե ՀԱԿ-ի առաջ կանաչ լույս է վառվում, բայց նաև նույն ՀԱԿ-ին զգուշացման մեսի՞ջ է ուղարկվում, որ ոստիկանությունը հարկ եղած դեպքում կոշտ է գործելու…

Ի վերջո, իր գործողություններին ընդդիմադիր երանգներ հաղորդող և համամասնական – մեծամասնականի հարցով ՀՀԿ-ին ցուցադրաբար հակառակվող ԲՀԿ-ն էլ ահագին ոստիկանական մեսիջներ ստացավ, այդ թվում և Բանգլադեշի Համոյի ճակատագրի տեսքով: Ավելորդ չէ նշել և Գագիկ Մելիքյանը պնդումը Վարդան Բոստանջյանի այն հայտարարության վերաբերյալ, թե ԲՀԿ-ն հավատարիմ է կոալիցիոն հուշագրին և 2013-ին սատարելու է Սերժ Սարգսյանին` Մելիքյանը պնդեց, որ հենց Բոստանջյանն է արտահայտել ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը, իսկ մյուս ԲՀԿ-ականները, այդ թվում` խոսնակներ Խաչիկ Գալստյանն ու Բաղդասար Մհերյանն արտահայտել են իրենց անձնական կարծիքները, քանզի ԲՀԿ-ն չի տարածել պաշտոնական հայտարարություն կոալիցիոն հուշագրից հրաժարվելու վերաբերյալ:

Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ի առջև դրվել է պահանջ`արագ հստակեցնել սեփական դիրքորոշումն և, կամ  մինչև ՀՀԿ համագումարը հայտարարել իր նվիրվածությունը հուշագրին, կամ նույն ժամկետում պաշտոնապես «ապահարզանի» դիմել և հրաժեշտ տալ կոալիցիային: Մինչդեռ ԲՀԿ-ին ձեռնտու է անորոշ վիճակը պահպանել և մարտի 10-ից հետո ու հնարավորություն ունենալ հարկ եղած դեպքում, կտրուկ քայլ անել ընտրություններից մի քանի օր առաջ, երբ արդեն օգտագործած կլինի և սեփական վարչական լծակները: Արդյունքում` «կիսաընդդիմադիր» ակնարկների ու կեցվածքների շնորհիվ լրացուցիչ վարկանիշ ձեռք բերած կլինի:

Ահա այդպիսի դրամատիկ իրավիճակ: Փաստորեն ստացվում է, որ որոշակի բավականին չոր ակնարկներ են հղվում և Լևոն Տեր-Պետրոսյանին, և ըստ էության ԲՀԿ-ի թիկունքում երևացող Ռոբերտ Քոչարյանին: Ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի` դեռ անցյալ տարի ԲՀԿ-ին հղած «քաղաքագիտական վերլուծությանն» էլ է առնչվում, զի ինչքան էլ ՀԱԿ-ը հայհոյի Ռոբերտ Քոչարյանին, ՀԱԿ-ի առաջնորդը բավականաչափ օգտապաշտ և ցինիկ գործիչ է, որպեսզի իսպառ չբացառի ընտրություններում ՀՀ առաջին և երկրորդ նախագահների բացահայտ կամ ստվերային համագործակցությունը:

Այսինքն` ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն ՀՀԿ-ին հղել են մեկը` բացահայտ, մյուսը` քողարկված վերջնագրեր, ու թերևս հիմա ստանում են հետադարձ վերջնագրերը` բումերանգի էֆեկտով: Հետաքրքիր է, քանի՞ պտույտ դեռ կկատարի այդ «բումերանգը» հետ ու առաջ… Բայց կարող են լինել և համաձայնությունների տարբերակներ. ասենք, Ռոբերտ Քոչարյանը հայտնվում է ՀՀԿ – ԲՀԿ միասնական ցուցակում (հետագա առավել կարևոր դերակատարման հեռանկարով), ՀԱԿ-ին էլ վերապահվում է հիմնական խորհրդարանական ընդդիմության դերը: Դե, դաշնակները կմնան իրենց տեղում ու կշարունակեն «Ստամուլն արյան ծով» դարձնելու մասին բարձրաձայնել ԱԺ ամբիոնից, ՀԱԿ-ը կհնչեցնի նույն ամբիոնից «ազատական» գաղափարներ… Բոլորը կլինեն գոհ ու շնորհակալ, ընտրությունները` եվրոպական չափանիշներով, ու կողբան միայն դուրսգրված ավելորդները` վարկաբեկված ՕԵԿ-ը և իր ուժերը իրացնել փորձող «Ժառանգությունը»` նորածին «Ազատ դեմոկրատներով» հանդերձ: Կատարյալ հովվերգություն:

 Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ

Հոգեբուժարանը` որպես ուղիղ ճանապարհ Փետ 04, 2012 | 11:35

Սեպտեմբերի 23-ին Մեծ աղմուկով վնասազերծված զինված բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանին կալանավորելուց հետո նրա եղբայրը և կինը` Մարինա Գեորգաձեն ևս կալանավորվեցին:

Ով է Մարինան և ինչ դերակատարություն ունի այս գործում:

Վրացուհի Մարինա Գեորգաձեն Արտուշ Հակոբյանի 2-րդ կինն է: Նախկինում Մարինան ամուսնացած է եղել ազգությամբ վրացի քրեական հեղինակության հետ: Ավելին` Արտուշի հայրը Գառնու լավաշ արտադրության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը երկար ժամանակ չի համակերպվել Մարինային իր հարսը համարելու մտքի հետ, դեմ լինելով նրա և որդու միությանը: Նա բոլորովին վերջերս է համակերպվել այդ իրողության հետ: Մարինան և Արտուշը այժմ դուստր ունեն, որը գտնվում է Վրաստանում Մարինայի մոր մոտ:

Մարինա Գեորգաձեն հասարակ կին չէ, նրան խարդախության մեղադրանքով Վրաստանի դատարանը մեղավոր է ճանաչել և նա մինչև այս ձերբակալությունը հետախուզման մեջ էր գտնվում նաև Վրաստանի իրավապահների կողմից:

Որոշ տեղեկություներով հենց նա է բանդայի իրական պարագլուխը. Հանցաշխարհի լեգենդ Կալինայի հայաստանյան հետևորդին` Մարինային, պահանջում են վրաց իրավապահները:

Բոլորովին վերջերս լրատվամիջոցներից մեկը, մի ծավալուն հրապարակում էր տպագրել Մարինայի հոգեկան օրհասական վիճակի մասին, նրան համարել  հոգեբուժարանի կոնտիգենտ, փաստաբանի նկարագրությունից ելնելով, եզրահանգել, որ Մարինային չպետք է հանձնեն վրացիներին: Ձեռքի հետ ուրվագծելով նաև հաջորդ քայլը` կալանավայրի փոխարեն Մարինային տեղավորել հոգեբուժարանում:

Ի պատասխան մեր հարցման, ՔԿՀ վարչությունից պատասխանեցին, որ Մարինայի մոտ ամեն ինչ նորմալ է և հոգեկան շեղման նշաններ նկատելի չեն, ինչպես որ ներկայացրել էր փաստաբանը: Իսկ Աբովյան ՔԿՀ-ի բժիշկը նման ախտորոշում չի տվել:

Տեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ հոգեբուժարանից  փախչելը կամ այն որպես միջոց օգտագործելը Հակոբյան ամուսինների համար նոր ճանապարհ չէ: Թե’ Արտուշը, թե’  Մարինան այդ ուղղին լավ գիտեն. Մարինան մեկ անգամ էլ Սևանի հոգեբուժարանում պառկելու անհրաժեշտություն է ունեցել: Իսկ  Արտուշը իր հերթական փախուստներից մեկի ժամանակ  հոգեբուժարանի  ողջ անձնակազմին քնացրել է քյաբաբի մեջ քնաբեր խառնելով ու հյուրասիրելով նրանց: Իհարկե, սա արտաքին կողմը պահելու, իրեն օգնողներին չմատնելու ժեստ էր ընդամենը, բայցևայնպես:

Առհասարակ այս հաստատությունները նման են մութ լաբիրինթոսի, որտեղ ամեն ինչ, ու բոլոր պահերին կարելի է գտնել: Այստեղ մեծ գումարներ են շրջանառվում: Արդյո՞ք ամենաթողություն է. հոգեբուժարանները իրենց մութ գործունեությունը ծավալում են կարծես անարգել. Համենայն դեպս մինչև վերջերս այդքան աղմկահարույց փաստերի բացահայտումից հետո էլ, ոչ ոք պատասխանատվություն չկրեց:

Բազմաթիվ պատմություններ կան կապված կոնկրետ հոգեբուժարանների հետ, իսկ դրանց ցուցակը գլխավորում է “Նուբարաշենը”: Այստեղ ծնվում ու մեռցվում են սահմռկեցուցիչ հանցագործություններ: Բանակ են զորակոչվում ու բանակից ազատվում հիվանդներն ու առողջները. Սակայն սա այլ խոսակցության թեմա է:

Այսօր էլ Մարինայի գործով հանրության մոտ կարծիք ձևավորելով հարցը տանելով դեպի հոգեբուժարան, փորձ է արվում խնդիր լուծել: Վրաստանն անդրդվելի է.  Հնարավոր չէ,  համեմատության եզրեր գտնել վրաց ու հայ իրավապահ համակարգի միջև, ուր մի քանի անգամ փախուստի մեջ եղած հանցագործը, որի գլխավորած բանդան այդ պահին աշխատում է, կարող է զենքը վրան գնալ դատախազի ծննդյան տարեդարձի:

 

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...