Փետրվար 02, 2012 | 14:30

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը բաց նամակ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որտեղ առաջարկում է նրա երևանյան տուն-թանգարանը փոխանցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարիքների համար.

Պատվարժան մաեստրո

Օրերս Ֆրանսիայի Սենատի կողմից օրինականացված Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացումը ոչ միայն արդարության ու քաղաքակրթության հաղթանակ է, այլեւ հայկական կազմակերպությունների ու անհատների տեւական պայքարի արդյունք, որի մեջ անգնահատելի է նաեւ Ձեր ներդրումը։ Սակայն այդ նույն քաղաքակրթական արժեքները՝ խոսքի ու հավաքների ազատությունները, որոնք հնարավոր են դարձնում  արդարության հաստատումն ընդհանրապես, ցայսօր Հայաստանում մնում են բանտարկված:

Հայաստանում իշխանության եկած հակաժողովրդական ռեժիմը այսօր ձգտում է կեղծիքների եւ ճնշումների միջոցով հերթական անգամ բեմադրել «ընտրություններ» կոչվող կատակերգությունը,  ապահովելով իր վերարտադրությունը, ինչի հետեւանքով երկիրը կքվելու է ավելի մեծ արտաքին պարտքի տակ, կտրուկ մեծանալու է արտագաղթը, եւ Հայաստանին սպառնում է էկոգաղութացման բնապահպանական մեծ աղետ։

Քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի, նախաձեռնությունների, դիմադրական շարժումների եւ խմբերի բոլոր փորձերը որոշակի ձեւով շտկելու ստեղծված իրավիճակը, ժողովրդին իրազեկելու գոյություն ունեցող վտանգների մասին, անցկացնելով հանրային քննարկումներ, հավաքներ, բախվում են իշխանությունների կողմից ստեղծված անվերջ խոչընդոտների, դահլիճներ չտրամադրելու միջոցով,  ինչպես նաեւ իշխանության հետ սերտաճած օլիգարխներին պատկանող լրատվամիջոցների ու հեռուստատեսությունների միջոցով իրականացվում է տեղեկատվական շրջափակում: Նշված արգելքները ուղղված են հատկապես «Սարդարապատ» նախաձեռնության դեմ։

Առկա պայմաններում  դիմում եմ Ձեզ խնդրանքով եւ առաջարկությամբ` իշխանությունների կողմից հատկացված Ձեր անվան տուն-թանգարանը փոխանցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարիքների համար, ապահովելով այնտեղ խոսքի եւ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքները ու վերածելով այն իրական ազատ խոսք հնչելու տարածքի, ինչպես հարիր է Ձեր անվանն ու համաշխարհային համբավին»:

1

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր