Պապս ասում էր…
Պապս ասում էր… Հունվար 31, 2012 | 16:59

Իմ պապը երբեք ինդուլգենցիա չի եղել, երբ ես սխալվել եմ: Ամենակարեւորը՝ չի խրախուսել սուտը: Պապս ասում էր՝ բալես, օղին տեխնիկական խնդիր է առաջացնում միայն մի դեպքում՝ երբ տեխնիկական սպիրտ է: Նա ասում էր՝ երբեք սուտ մի խոսիր, սուտը շփացած մարդկանց զբաղմունքն է: «Սուտը քո ընտրությունն է, բալես, բայց քեզնից առաջ մենք ենք եղել ու չենք ստել»,-ասում էր նա: Ու ի՞նչ էր նշանակում սա: Նա ասում էր՝ սուտը քար է, որ ընկնում է ինչ-որ մեկի ճամփին. «Դու կարո՞ղ ես քեզ քար զգալ. քանի ջահել ես՝ չես զգա, բայց միշտ հիշիր, որ ստելով ոչ միայն ինքդ ես ծանրանում, այլեւ ծանրանում ես ուրիշների վրա»: Եվ մի արա այնպես, որ ցանկանան ազատվել քեզանից, բալես,- շշնջում էր պապս: «Սուտը որբացնում է, տղաս»,-ասում էր նա: Այս վերջին մտքի շուրջ նա այդպես էլ չծավալվեց: Բայց մի անգամ մի կերպ բառերով ասաց՝ ստում են նրանք, ովքեր ճիշտն ասելու երեւակայություն չունեն: Նա նաեւ ասում էր՝ բալես, հիմնարկի ղեկավար չդառնաս, քանի որ բոլորը քո մասին կասեն ամենալավ բաները: Դրանից հետո դու ինքդ կուզես լսել դրանք՝ պահանջելով ավելի ու ավելի ուժեղացնել լավի դոզան: «Ածականները վատ խորհրդատու են»,-ասում էր նա: Ըստ նրա, մարդը մի բան է, որին պետք է խնայել: Այսինքն, երբ դու կարող ես ինչ-որ բան տալ մարդկանց, մի թույլ տուր, որ նրանք այն վերցնեն դիֆերամբներով: «Խնայիր նրանց, քանի որ կարող են կարմրել իրենց երեխաներին համբուրելիս»,-ասում էր պապս: Պապս մարդուն տեսնում էր մենակության մեջ, ինքն իր հետ, իսկ մենակության մեջ նույնիսկ Աստված լինելն իմաստ չունի: Էդ դեպքում, ըստ նրա, ի՞նչ կարիք կա մարդուն ասել, որ Աստված է: Նա վստահեցնում էր, որ ղեկավար լինելու մեջ վատ բան չկա, էդ ղեկավարն էլ մեկ ուրիշի ենթական է, բայց երբ նրա գովքն ես կարդում, նրան սովորեցնում ես իրենից ազդեցիկ պաշտոնյայի գովքը կարդալ: «Գովասանքը վիրուս է, բալես»,-ասում էր պապս: Նա ինձ խորհուրդ էր տալիս ապրել էնպիսի տան մեջ, որ պատուհանից կարողանամ ճնճղուկներին կերակրել: «Թող հացը երբեք չլինի քո ամենաքնձռոտ կերակուրը, այլապես դու կմտածես հացը թափելու եւ ոչ թե բաշխելու մասին»,-ասում էր նա: Պապս, որ խելոք մարդ էր, ասում էր՝ էստեղ-էնդեղ խելոք-մելոք չխոսես, ոչ ոք պարտավոր չէ քո ներկայությամբ գլխի ընկնել թե ինչքան քիչ բան գիտի: Եվ հետո,-ավելացնում էր նա,-երբեք վստահ չլինես, որ քո խոսքերի կարիքն ունեն միայն էն պատճառով, որ դու ես ասում: Ուրիշի նույն բառերն, ըստ նրա, կարող են մարդկանց ավելի շատ օգնել: Ի՞նչը նկատի ուներ պապս: Գլխի եմ ընկել, երբ պապս արդեն չկար: Նա ուզում էր ասել՝ ապրիր այնպես, որ քեզ օղին չխոսեցնի, որ ստելու կարիք չլինի, որ ղեկավար չլինես եւ որ պատուհանիդ ճնճղուկներ մոտենան: Այսինքն, կյանքն այն է, երբ մարդիկ քո մեջ են, ոչ թե շուրջդ՝ դու կուզեի՞ր ստել քո միջի մարդուն, լինել նրա ղեկավարը, լսել նրա գովաբանական ածականները ու մի ճնճղուկի հայացքին չարժանանայիր:

Մհեր Արշակյան

Ejournal

 

81

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր