Այսօր Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ մամլո ասուլիսով հանդես եկան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Նրանք ներկայացրեցին Միացյալ Թագավորության իրականացրած ծրագրերը Հայաստանում և իրենց առաջիկա միջոցառումները:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը կարևորեց այն փաստը, որ Բրիտանական խորհուրդն ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն առանձին կազմակերպություններ են, սակայն փոխլրացնող գործունեություն են ծավալում: «Բրիտանական խորհուրդն անկախ կազմակերպություն է, որը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի մշակույթի դեսպաններին, և նրանք մեծ ազդեցություն ունեն նպաստելու քաղաքական գործիչների անվանած «փափուկ» իշխանություն ձևավորելու վրա»,- ասաց նա:
Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունության տասներորդ տարին նշանավորվելու է նրանով, որ փետրվարին մեկնարկելու է մշակութային և կրթական միջոցառումների շարք, որը շարունակվելու է ողջ տարվա ընթացքում: Տասնամյա հոբելյանի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Նորաձևության ճանապարհ» ցուցահանդեսը` ներկայացնելով հայ և եւրոպացի տասը նկարիչ-մոդելավորողների համատեղ աշխատանքները: «Հավաքածուն մի ծրագրի աշխատանքի արդյունքն է, որի շրջանակներում Հայաստանից հինգ դիզայներներ էին ընտրվել, նրանց հնարավորություն էր տրվել այցելել եվրոպական հետեւյալ երկրներից մեկը` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Դանիա, Ռումինիա կամ Չեխիա, և տվյալ երկրի գործընկերոջ հետ չորսական գործ ստեղծել: Այսպիսով, ցուցահանդեսին կներկայացվեն 20 աշխատանքներ»,- ասաց ԲԽ հայկական գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը, ներկայացնելով ցուցահանդեսը:
Հոբելյանական միջոցառումների ընթացքում նաև Չարլզ Դիքենսի երկու հարյուրամյակին նվիրված միջոցառումներ կլինեն, միջին մասնագիտական կրթության ոլորտում կամփոփվի «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը:
Հոբելյանի շրջանակում կկազմակերպվի նաեւ Բրիտանական ֆիլմերի տասներորդ փառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն 2012-ի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին և մարդու իրավունքներին նվիրված ֆիլմեր: Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև վարպետության դասընթաց` հայ ֆոտոլրագրողների համար:
Իր տասնամյա գործունեության ընթացքում Բրիտանական խորհուրդն աշխատել է անգլերենի տարածման, արվեստի, կրթության և հասարակության բնագավառներում, որոնցից դեսպան Լիչը առանձնացրել է անգլերեն լեզվի ուսուցումն ու դրա տարածումը. «Մենք կարևորում ենք անգլերենի իմացության մակարդակի բարձրացման հարցը: Այս տարի իրականացվելիք մեր մի ծրագրի շրջանակներում հայաստանցի անգլերենի ուսուցիչները հնարավորություն կունենան մրցակցել, կիսել իրենց փորձն աշխարհի մի շարք երկրների անգլերենի մասնագետների հետ»:
Բրիտանական խորհուրդը համակարգում է նաև միջազգային ճանաչում ունեցող անգլերենի քննություններ` նախատեսված տարբեր մասնագիտությունների և անգլերենի տիրապետման տարբեր որակավորում ունեցող անձանց համար: Ողջ աշխարհում ճանաչելի IELTS քննության հանձնումը հնարավորություն է տալիս ուսանել արտերկրի լավագույն համալսարաններում: Միայն նախորդ տարի IELTS և այլ քննություններ են հանձնել ավելի քան 900 մարդ:
Արվեստի բնագավառում Բրիտանական խորհուրդը համագործակցում է «Ոսկե Ծիրան», «ՀայՖեստ», «Ռեանիմանիա» փառատոնների հետ, կազմակերպվում են ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, մշակույթի առաջնորդների վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ:
«Կառույցը արվեստի մեծ ջատագով է: Այսօր Բրիտանական խորհուրդը Հայաստանում լուրջ գործունեություն է ծավալում: Մենք փորձում ենք մարդկանց միջև ստեղծել կապեր, մոտեցնել նրանց` առավելապես մշակույթի ճանապարհով: Բացի այդ, Բրիտանական խորհուրդը գործունեություն է ծավալում գենդերային հավասարության, հաշմանդամների հիմնախնդիրների ոլորտներում: Հույս ունեմ, որ Հայաստանում Բրիտանական խորհրդի հետագա գործունեությունը առավել արդյունավետ կլինի»,- ասաց Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Կրթության և հասարակության բնագավառում իրականացրած WoMen in Politics, EU skills և Active Citizens ծրագրերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ:
«Աշխատանքային տարիների ընթացքում Բրիտանական Խորհուրդը մի շարք դասընթացներ, սեմինարներ, վերապատրաստման պարապմունքներ է անցկացրել ողջ Հայաստանի ավելի քան 600 ուսուցիչների և 1500 շահառուների հետ: Մենք փորձում էինք համաշխարհային միտումներին և կրթության ոլորտում նորամուծություններին համապատասխան հայ ուսուցիչների վերապատրաստում անցկացնել». – նշեց Արևիկ Սարիբեկյանը, պատմելով ԲԽ գործունեության մասին:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Քեթրին Լիչն ասաց. «Հայաստանի` Եվրոպային մերձենալու հարցը Եվրամիության և Բրիտանական խորհրդի համար կարևոր հարց է. դրա վկայությունն է Արևելյան գործընկերության ծրագիրը, որով Եվրամիության ու տարածաշրջանային երկրների միջև համագործակցությանը մեծ ուշադրություն է դարձվում»:
Լրագրողի հարցին, թե` չի՞ կարծում, որ Եվրամիության անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դեսպանը պատասխանեց. «Միացյալ Թագավորությունը երկար ժամանակ աջակցել է Թուրքիային, որպեսզի վերջինս դառնա Եվրամիության անդամ: Բայց, ինչպես հայտնի է, Եվրամիության անդամության համար տվյալ երկիրը պետք է բարեկամական հարաբերություն ունենա իր հարևանների հետ: Այդ է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջ հարաբերությունների կարգավորումը մեզ համար առանցքային հարց է: Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնության, որն իրար կմոտեցնի երկու երկրները: Դա լավագույն պատասխանն է, որ կարող էի տալ»:
ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ` հղում կատարելով Միացյալ Թագավորության պաշտոնական տեսակետին տիկին Լիչն ասաց. «Մենք ողջունում ենք երկրում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ու դիրքորոշումը:
Ընտրությունները կդառնան կարևոր փուլ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում: Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես խոստացել է պետության նախագահը, ապա դա կդառնա ևս մեկ քայլ երկրի և հասարակության ժողովրդավարացման ճանապարհին: Հուսով ենք, որ այս տարի ևս նախկինի պես հանրապետության նախագահը կհրավիրի մեզ և այլ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին մասնակցելու ընտրություններին՝ որպես դիտորդներ: Դեսպանատունն էլ ամեն կերպ կաջակցի ու կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը», – եզրափակեց դեսպանը:
66
- 16:43Վարկած ակումբը վերսկսում է իր աշխատանքը
- 15:30Գալուստ Սահակյանը վրաերթի է ենթարկվել
- 12:02Հրդեհ գարեջրի գործարանում
- 16:54ՏաԹևեր ճոպանուղու աշխատանքը վերականգնված է
- 12:45Խորհրդավոր ու երկար գիշեր
- 12:07Լիբերալ կուսակցությունում անհամաձայնություն կա ՀԱԿ-ը լքելու հարցում
- 15:34«Հանրապետությունը» դուրս եկավ ՀԱԿ – ից
- 15:14Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի տնօրենը ինքնասպան է եղել
- 13:26Սոչի ուղևորվելիս վթարի են ենթարկվել չորս հայ դեռահասներ. 2 զոհ, 2 վիրավոր
- 10:54Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Սամվել Ալեքսանյանի` խնջույքի հրավերին
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
