Երբ երկրի տերերը  «բոմժերն ու համբալներ» են
Երբ երկրի տերերը «բոմժերն ու համբալներ» են Հունվար 23, 2012 | 19:44

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Բակոնսկին հեռացվել է պաշտոնից, և միայն այն բանի համար, որ իր բլոգում ընդդիմադիներին անվանել է «անգործներ»: Նախարարը ծաղրել է նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականը պահանջող ընդդիմության կոչերը, նրանց անվանելով ապատեղեկատվությամբ զինված ու ատելության քարոզչություն իրականացնողներ», «անցյալի ուժեր», որոնք խոչընդոտում են «նոր Ռումինիայի նախագծի» ստեղծմանը:

Դրան հաջորդել է Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկի, ելույթը երկրում հակակառավարական բողոքի ակցիաներին նվիրված խորհրդարանի արտահերթ նիստում. «Ես որոշում եմ կայացրել Բակոնսկու հրաժարականի վերաբերյալ: Ցավում եմ իմ որոշ գործընկերների`  ցուցարարների հասցեին հնչեցրած անզգույշ խոսքերի համար և հրապարակային ներողություն խնդրում ռումինացիներից»,- ասել է Բոկը:

Օրերս կառավարության շենքի առջև, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ցուցարարներից մեկին` Արմեն Խալոյանին, հրապարակավ «բոմժ»  անվանեց:

8 տարի անտուն ապրող տղամարդն ընդամենը նախարարին դիմել է, իրեն տուն – ինտերնատում կացարան տալու հարցով, սակայն նախարար Գրիգորյանը բառացիորեն ասել է. «Ծերանոցները քո նմանների համար ա՞, որ տանեմ գցեմ ընդեղ բոմժանո՞ց է »:

Չնայծ դրան որևէ մեկը, նույնիսկ այն կուսակցության մակարդակով, որի քվոտայով նախարար է դարձել Գրիգորյանը, ներողություն չխնդրեց, ՀՀ քաղաքացուն բոմժ անվանելու ու վիրավորելու համար, ԲՀԿ-ն իր պատվից ցած համարեց ու չփորձեց իր նախարարի անտակտությունը ինչ որ ձևով մեղմացնել: Նույնիսկ չքնարկվեց նրա`հասարակական վայրում,  քաղաքացիների ներկայությամբ իրեն դրսևորել չկարողանալու հարցը:

Նույն կերպ վարվեց և ՀՀԿ –ն, երբ իր` արդեն նախկին աշխատակազմի ղեկավարը հրապարակավ մարդկանց համբալ անվանեց:

Այո, ստացվում է, որ մեր անցած ճանապարհը ոչինչ չի տվել և դեռ շատ բան ունենք սովորելու, թեկուզ ռումինացիներից: Ապագա չունի այն  երկիրը, որի քաղաքացին ու երկիր պահողը, իր տարրական իրավունքի համար պայքարելիս, բոմժի ու համբալի պիտակ է ստանում և մնում է անպաշտպան:

 

39

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր