Փորձեք  ու ձեր փորձով համոզվեք
Փորձեք ու ձեր փորձով համոզվեք Դեկտեմբեր 26, 2011 | 13:46

Այսօր լրագրողների հետ հանդիպել էր Սննդի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Բաբկեն Պիպոյանը, տեղեկացնելու, որ կատարված  ուսումնասիրությունների արդյունքում, Երևանի Կոմիտասի և Գումի շուկաներում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում` սատկած խոշոր եղջերավոր անասունների և ձիու մսի վաճառք:

Իհարկե, տուգանվել են. ըստ Պիպոյանի` առաջինի դեպքում 400 հազար դրամով, երկրորդ դեպքում` 300 հազարով, սակայն դրանից պատկերը չի փոխվում:  Ծառայությունը տեղեկացնում է, որ խախտումների համար ընդհանուր տուգանքի չափը գերազանցում է 2 մլն դրամը:

Գյումրեցիները Երևանցիների համեմատ առավել շահեկան վիճակում են. Այնտեղ, ըստ Պիպոյանի ձիու միս չի եղել.
«Տեղական շուկայում ուսումնասիրվել է սառեցված միսը, որն ունեցել է սերտիֆիկատ: Կենդանական ծագման ապրանքները մինչև ՀՀ մտնելը ստուգվում են` ապահովելու համար անվտանգությունը: Սառեցված ապրանքն ունի մեկ տարի պահպանման ժամկետ: Խնդիրն այն է, թե դա արդյո՞ք ժամկետի մեջ է, թե՞ ժամկետանց: Ավելի շատ խախտումներ են արձանագրվում այն դեպքերում, երբ սառեցված միսը փորձում են վաճառել որպես թարմ»,- ասել է Պիպոյանը:

Սառեցրած մսի ժամկետները պետք է ստուգել փաստաթղթերով, սակայն տեսչությունը չի կարող անցնել իր լիազորությունների սահմանը:

Ընդամենը կարող է բավարարվել խորհուրդ տալով` մսի թարմությունը ստուգեք միսը սեղմելով. «Որքան արագ է վերականգնվում միսը, այնքան թարմ է»:

Պիպոյանը կարևորում է քաղաքացու վերաբերմունքը. եթե նա չցանկանա, որ իրեն միս վաճառեն` խախտելով պահպանման կանոնները, ապա դա չի վաճառվի: Շատ տրամաբանական մոտեցում.

Նա անդրադարձավ նաև Նոր տարվա հետ կապված զեղչերին, ըստ բանախոսի դա պայմանավորված  է Ամանորի համար նախատեսված ներկրվող մեծ ծավալի ապրանքներով, որոնք չսպառվելով  դեկտեմբերին, հունվարին կարող են կուտակվելու խնդիր ունենալ ու որպեսզի ապրանքը չփչանա, կատարում են զեղչեր:

Ամանորյա ամենալայն սպառման ապրանքի` օղիների մասին Պիպոյանը մեղմ արտահայտվեց. Այս շուկայում ծառայությունը շուրջ վեց ամիս առաջ է ուսումնասիրություն կատարել, սակայն խնդիրը հայտնի է` Հայաստանում կան օղիներ, որոնք արտաքուստ միմյանց շատ նման են: ՏՄՊՊՀ-ն տուգանքի է ենթարկել Սամվել Ալեքսանյանի ընկերությանը: Սակայն չասաց, որ շարունակվում է  700 և 3000 դրամանոց նույնատիպ օղիների արտադրությունը: Տարբերակումը թողնելով  խմելուց հետո եղած ինքնազգացողությանը` որն անվտանգության տեսչության աշխատակցի համոզմամբ պետք է, որ տարբեր լինի:

 

3

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր