Մինչ այսօր համակա՞րգն էր մեղավոր
Մինչ այսօր համակա՞րգն էր մեղավոր Դեկտեմբեր 14, 2011 | 13:20

Այսօր հրավիրված ասուլիսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, թե` 2011թ.-ի ընթացքում նպաստից զրկվել է 18000 ընտանիք:

Այժմ նախարարությունը  նպատակ ունի ներդրել  նոր տեղեկատվական համակարգ, որի առավելությունների մասին էլ խոսեց Գրիգորյանը։

Ըստ նրա նոր համակարգի նպատակն է բացառել այն դեպքերը, երբ ընտանեկան նպաստ է տրվում մարդկանց, ովքեր դրա համար օրենքով նախատեսված չափորոշիչներին չեն համապատասխանում:«Եթե ինչ-որ մեկը նպաստ է ստանում` խաբելով իր սոցիալական վիճակի մասին, ապա այժմ դա անհնար կլինի անել: Նոր համակարգը թույլ է տալիս հայտնաբերել այդ մարդկանց, քանի որ տալիս է նպաստ ստացողների ընդհանուր սոցիալական պատկերը` աշխատում են, թե ոչ, ինչ եկամուտ ունեն, ինչ սեփականություն ունեն: Նոր տեղեկատվական համակարգը ունի բոլոր լծակները հայտնաբերելու նման խարխադությունների դիմած մարդկանց և զրկել նրանց նպաստից»,- տեղեկացրեց Գրիգորյանը:

Իսկ  համակարգը հնարավորություն ունի  հայտնաբերելու թե արդյո՞ք համապատասխան կառույցի ղեկավարը, քաջ տեղյակ լինելով, որ մարդն անապահով չէ, նրանից ինչքան կաշառք է վերցնում, կամ ո՞վ ասաց, որ մինչ այսօր համակարգն էր մեղավոր, որ ոլորտում խայտառակ վիճակ է:Այս հարցերի մասին նախարարը չի խոսել:

Անարդարությունը զգալի է հատկապես մարզերում, որտեղ մարդիկ շատ ավելի պարզ են տեսնում իրավիճակը, երբ բաժնի պետերը պոտենցիալ  նպաստառուի առջև պայման են դնում, իրենց թողնել մեկ –երկու ամսվա նպաստը: Այստեղ ոչ մի համակարգ էլ չի օգնի, ավելի շուտ մշակել է պետք մարդկանց հոգեբանությունը փոխող համակարգ, թե չէ ցանկացած համակարգ կարելի է օգտագործել ի շահ չինովնիկի:

Ինչևէ, նախարարը տեղեկացրեց, որ 2012թ.-ից հանրապետության բոլոր սոցիալական տարածքային բաժիններում կգործի նոր տեղեկատվական համակարգը, որը միայն սոցիալական քարտի տվյալներով ցույց կտա օպերատորին տվյալ անձի սոցիալական վիճակի ընդհանուր բնութագիր, քանի որ համակարգը կապված է պետական այլ գերատեսչությունների 15 տեղակատվական շտեմարանների հետ:

Նոր համակարգի առավելությունը նախարարի համոզմամբ նաև այն է, որ քաղաքացուն ազատում է թղթաբանական քաշքշուկներից, որոնք նախկինում պարտադիր էին:

«Մենք չենք ուզում որևէ մեկին նպաստից զրկել, այլ ուզում ենք, որ նպաստ ստանան մարդիկ, ովքեր իրոք դրա կարիքն ունեն»,- ասաց Գիրգորյանը:

 

2

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր